ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2010 թվականի N 861-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԹԱՐԻ ԿԱՄ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՎԹԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «գ», 5-րդ հոդվածի «դ», «ե» և 14-րդ հոդվածի «բ» ենթակետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը` համաձայն N 1 հավելվածի.
2) քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունները` համաձայն N 2 հավելվածի.
3) հաստատել քիմիական զենքում օգտագործվող քիմիական նյութերի դասակարգումը՝ համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 23.10.13 N 1179-Ն)
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետով նախատեսված հավելվածները և գործողությունների պլան-ժամանակացույցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հուլիսի 19 Երևան |
|
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի N 861-Ն որոշման |
Պ Լ Ա Ն
ՔԻՄԻԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԹԱՐԻ ԿԱՄ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պլանով սահմանվում է քիմիական օբյեկտների վթարի դեպքում արտանետված վթարաքիմիական վտանգավոր նյութերի վնասակար ազդեցությունից բնակչության պաշտպանության, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման կարգը։
2. Սույն պլանում օգտագործված հասկացություններն են`
1) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտի (այսուհետ` ՆՊՄԻ գոտի)` վթարված քիմիական օբյեկտին հարակից 1 կմ («Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի համար` 5 կմ) տարածք, ուր բնակչության պաշտպանության միջոցառումներն իրականացվում են օբյեկտից անմիջականորեն ստացված ահազանգի հիման վրա` մինչև վտանգավոր քիմիական նյութերի արտանետումը կամ արտանետման սկզբնական փուլում` անհապաղ.
2) քիմիապես վտանգավոր օբյեկտ (այսուհետ` ՔՎՕ)` օբյեկտ, որտեղ պահվում, արտադրվում, վերամշակվում, օգտագործվում կամ փոխադրվում են վտանգավոր քիմիական նյութեր, որի վթարը կամ նրա ավերումը կարող է առաջացնել մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի կորուստ կամ քիմիական վարակում, ինչպես նաև շրջակա միջավայրի քիմիական վարակում.
3) վտանգավոր քիմիական նյութ (այսուհետ` ՎՔՆ)` քիմիական նյութ, որի ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը մարդու վրա կարող է առաջացնել սուր և քրոնիկ հիվանդություններ կամ մահ.
4) վթարաքիմիական վտանգավոր նյութ (այսուհետ` ՎՔՎՆ)` վտանգավոր քիմիական նյութ, որն օգտագործվում է արդյունաբերությունում կամ գյուղատնտեսությունում, որի վթարային արտանետման (արտահոսքի) ժամանակ կարող է տեղի ունենալ շրջակա միջավայրի վարակում, մարդկանց և կենդանական աշխարհի խոցում.
5) քիմիական վթար` վթար քիմիապես վտանգավոր օբյեկտում, որն ուղեկցվում է ՎՔՆ-ի արտահոսքով կամ արտանետումով և ընդունակ է հանգեցնել մարդկանց, պարենամթերքի, սննդահումքի ու կերերի, կենդանիների և բույսերի կորստի կամ քիմիական վարակման կամ շրջակա միջավայրի քիմիական վարակման.
6) քիմիական վարակ` շրջակա միջավայրում քիմիական վտանգավոր նյութերի տարածում այնպիսի խտություններով կամ քանակներով, որոնք որոշակի ժամանակի ընթացքում ստեղծում են սպառնալիք մարդկանց, կենդանիների և բույսերի, շրջակա միջավայրի և շինությունների համար.
7) քիմիական վտանգավոր նյութերի արտանետում` տեխնոլոգիական կայանքներից, պահման կամ տեղափոխման տարողություններից ապահերմետիկացման հետևանքով վտանգավոր քիմիական նյութերի արտահոսքն այնպիսի քանակներով, որոնք կարող են առաջացնել քիմիական վթար.
8) քիմիական զենք` ամբողջությամբ կամ առանձին վերցրած` նշանակում է`
ա. թունավոր քիմիկատներ և դրանց պրեկուրսորներ՝ բացառությամբ «Քիմիական զենքի մշակումը, արտադրումը, կուտակումը և կիրառումն արգելելու և այն վերացնելու մասին» կոնվենցիայով չարգելված նպատակներով նախատեսվածների, պայմանով, որ դրանց տեսակները և քանակությունը համապատասխանում են այդպիսի նպատակներին,
բ. ռազմամթերք և սարքավորումներ, որոնք նախատեսված են թունավոր քիմիկատների թունավոր հատկությունների հաշվին հատուկ մահացու խոցման կամ այլ վնասի պատճառման համար, որոնք անջատվում են նման ռազմամթերքի և սարքավորումների կիրառման արդյունքում,
գ. հատուկ ռազմամթերքի և սարքի անմիջական կիրառման համար նախատեսված ցանկացած սարքավորում.
9) թունավոր քիմիկատը ցանկացած քիմիկատ է, որը կենսագործունեության վրա իր քիմիական ազդեցության հետևանքով կարող է առաջացնել մահ, աշխատունակության ժամանակավոր կորուստ կամ մարդկանց և կենդանիներին պատճառել մշտական վնաս: Այն վերաբերում է բոլոր այդպիսի քիմիկատներին` անկախ նրանց ծագումից կամ արտադրության ձևից և անկախ նրանից, թե արտադրվել են նրանք օբյեկտներում, ռազմամթերքում կամ որևէ այլ տեղում.
10) պրեկուրսորը ցանկացած քիմիական նյութ է, որն այս կամ այն ձևով մասնակցում է թունավոր քիմիական նյութի արտադրության ցանկացած փուլին: Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի (կոնվենցիա) իրականացման համար ստուգման ենթակա պրեկուրսորների քանակը թվարկված է կոնվենցիայի քիմիկատների հավելվածներում.
11) «Քիմիական զենքի մշակումը, արտադրումը, կուտակումը և կիրառումն արգելելու և այն վերացնելու մասին» կոնվենցիայով չարգելված նպատակներ՝
ա. արդյունաբերական, գյուղատնտեսական, հետազոտական, բժշկական, դեղագործական կամ խաղաղ այլ նպատակներ,
բ. պաշտպանական նպատակներ, մասնավորապես, այն նպատակները, որոնք անմիջականորեն կապված են թունավոր քիմիկատներից և քիմիական զենքից պաշտպանվելու հետ,
գ. ռազմական նպատակներ, որոնք կապված չեն, որպես պատերազմի վարման մեթոդներ, քիմիական զենքի օգտագործման հետ և կախված չեն քիմիկատների թունավոր հատկությունների օգտագործումից,
դ. իրավապահ նպատակներ՝ ներառյալ հասարակական կարգի պահպանման նպատակները։
(2-րդ կետը լրաց. 23.10.13 N 1179-Ն, 08.09.21 N 1464-Ն
) 3. Պլանում ներգրավվում են`1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը.
2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.
4) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը.
5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
6) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.
7) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.
8) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
9) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը.
10) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը.
11) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.
12) «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը.
13) «Հայաստանի հանրային ռադիո» փակ բաժնետիրական ընկերությունը.
14) վթարված քիմիական օբյեկտի գտնվելու վայրի և վարակի գոտում հայտնված պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները.
15) վթարված քիմիական օբյեկտի (կազմակերպության) կառավարող մարմինն անկախ սեփականության ձևից:
4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից, որպես սույն պլանից բխող հավելվածներ, կազմվում են`
1) քիմիական օբյեկտների վթարի դեպքում հասարակական կարգի պահպանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմի պաշտպանության պլանը.
2) քիմիական օբյեկտների վթարի դեպքում բժշկական ապահովման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը.
3) քիմիական օբյեկտների վթարի դեպքում կապի և տրանսպորտային միջոցներով ապահովման ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը.
4) քիմիական օբյեկտների վթարի դեպքում հակահրդեհային ապահովման և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության անձնակազմի պաշտպանության պլանը.
5) քիմիական օբյեկտների վթարի դեպքում անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների իրականացման և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը.
6) քիմիական օբյեկտների վթարի դեպքում պաշտպանական կառույցների, նկուղային հարկերի հարմարեցման ու օգտագործման և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը.
7) քիմիական օբյեկտների վթարի դեպքում մարդկանց սանիտարական մշակման ու տեխնիկայի գազազերծման կազմակերպման և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը.
8) քիմիական օբյեկտների վթարի դեպքում էներգետիկ խնդիրների կարգավորման և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը.
9) քիմիական օբյեկտների վթարի դեպքում տարահանված բնակչության և փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող ուժերի համակողմանի ապահովման և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը։
(4-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
II. ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
5. Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր են քիմիական օբյեկտների հետևյալ վթարներն ու վթարների սպառնալիքները`
1) քիմիական օբյեկտի արտանախագծային վթար.
2) քիմիական օբյեկտի արտանախագծային վթարի սպառնալիք (պատճառը` տեխնոլոգիական խափանում կամ անձնակազմի սխալ գործողություն).
3) քիմիական օբյեկտի արտանախագծային վթարի սպառնալիք (պատճառը` արտաքին ազդեցություն կամ ղեկավարման վահանակի անձնակազմի գործելու անհնարինություն).
4) քիմիական օբյեկտի նախագծային վթար.
5) քիմիական օբյեկտի նախագծային վթարի սպառնալիք (պատճառը` տեխնոլոգիական խափանում կամ անձնակազմի սխալ գործողություն).
6) քիմիական օբյեկտի նախագծային վթարի սպառնալիք (պատճառը` արտաքին ազդեցություն կամ ղեկավարման վահանակի անձնակազմի գործելու անհնարինություն).
7) տեխնոլոգիական գործընթացին սպառնացող ոչ տեխնոլոգիական միջադեպ (հրդեհ, պայթյուն և այլն) կամ քիմիական օբյեկտի վրա վտանգավոր արտաքին ազդեցության սպառնալիք.
8) ՎՔՎՆ-ի փոխադրման ժամանակ տարողության վնասում.
9) փոխադրման իրական սպառնալիք (ճանապարհային վթար, հրդեհ և այլն)` աշխատած միջուկային վառելիքի փոխադրման ժամանակ:
6. Քիմիական օբյեկտի վթարների դեպքում բնակչության պաշտպանության բնագավառում`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`
ա. վտանգավոր քիմիական վարակման գոտուց բնակչության տարահանման, տուժածների և հիվանդների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ապահովումը,
բ. վթարի դեպքում բնակչության և կառավարման մարմինների ազդարարման իրականացմանն աջակցությունը,
գ. բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացքում կապի ապահովումը,
դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`
ա. պետական կառավարման մարմինների ղեկավարների և բնակչության ազդարարման կազմակերպումը,
բ. փրկարարական աշխատանքների ղեկավարումը,
գ. բնակչության պաշտպանությանը վերաբերող որոշումների նախագծերի նախապատրաստումը,
դ. բնակչության պաշտպանության միջոցառումների համակարգումը,
ե. հակահրդեհային անվտանգության ապահովումը,
զ. վթարային իրավիճակի քիմիական մոնիթորինգի կազմակերպումը և իրականացումը,
է. որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը,
ը. փաստացի և կանխատեսվող եղանակային պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը,
թ. երթուղային դիտարկումների իրականացումը և տեղեկատվության տրամադրումը.
3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`
ա. աջակցությունը մարզպետարաններին և տեղական ինքնակառավարման մարմիններին` քիմիապես աղտոտված գոտուց գյուղատնտեսական կենդանիների և գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման կազմակերպման գործում,
բ. աջակցությունը գյուղատնտեսական մթերքների, անասնակերի քիմիական աղտոտվածության աստիճանի և դրանց օգտագործման պիտանիության որոշման գործում,
գ. քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի շրջանակներում գործառույթների իրականացումը,
դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`
ա. համայնքի ղեկավարի և մարզային փրկարարական վարչությունների հետ համատեղ` մասնակցությունը բնակչության պատսպարման համար պիտանի պաշտպանական կառույցների, նկուղային հարկերի հարմարեցմանը, դրանց պատրաստ վիճակի ապահովմանը,
բ. մարզպետարանների և մարզային փրկարարական վարչությունների հետ համատեղ` մասնակցությունը պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրմանը,
գ. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովմանը,
դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.
5) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`
ա. շրջակա միջավայրի քիմիական մոնիթորինգի իրականացումը,
բ. նախարարության և ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.
6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`
ա. տուժած բնակչության բժշկական ապահովման կազմակերպումը,
բ. տուժածներին և հիվանդներին աղտոտված գոտուց տարահանելու աշխատանքների համակարգումը,
գ. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովմանը,
դ. տարահանման բժշկական ապահովումը,
ե. քիմիական վարակման գոտուց տուժածների սանիտարական մաքրման կազմակերպումը,
զ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.
7) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գործառույթներն են`
ա. քիմիական մոնիթորինգի իրականացումը,
բ. փրկարարական աշխատանքների իրականացման համար ուժերի և միջոցների տրամադրումը,
գ. սանիտարական և հատուկ մշակման կետերի ծավալումը,
դ. նախարարության և ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվում են օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված գործառույթները.
9) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվող գործառույթներն են`
ա. մասնակցությունը բնակչության ազդարարմանը և իրազեկմանը,
բ. քիմիական աղտոտված գոտում գտնվող բնակավայրերի գույքի և նյութական արժեքների պահպանման կազմակերպումը,
գ. բնակավայրերում, կազմակերպություններում, բնակչության տարահանման հավաքակետերում ու տրանսպորտային երթուղիներում հասարակական կարգի պահպանումը,
դ. անցագրային ռեժիմի կազմակերպումը և իրականացումը,
ե. պարետային ծառայության կազմակերպումը,
զ. ոստիկանության անձնակազմի պաշտպանության կազմակերպումը.
10) ՆՊՄԻ-ի և վարակման գոտիներում գտնվող համայնքների ղեկավարների կողմից իրականացվող գործառույթն իրենց լիազորությունների սահմաններում համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու դրանց ղեկավարումն է.
11) ՆՊՄԻ-ի և վարակման գոտիներում գտնվող կազմակերպությունների ղեկավարների կողմից իրականացվող գործառույթն իրենց լիազորությունների սահմաններում անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու դրանց ղեկավարումն է.
12) «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործառույթը բնակչության իրազեկումն է.
13) «Հայաստանի հանրային ռադիո» փակ բաժնետիրական ընկերության գործառույթը բնակչության իրազեկումն է:
7. Բնակչության պաշտպանության համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները ՆՊՄԻ-ի գոտիներում գտնվող բնակավայրերի բնակչությանը բաշխվում են նախօրոք և պահպանվում նրանց մոտ, ինչպես նաև տրվում կազմակերպությունների ղեկավարներին` ըստ աշխատողների թվի։
8. Բնակչության պատսպարման համար ՆՊՄԻ գոտիներում օգտագործվում են ապաստարաններ, թաքստոցներ և պարզագույն պաշտպանական կառույցներ, ինչպես նաև մարդկանց տներն ու բնակարանները, բնակելի շենքերի առաջին և նկուղային հարկերը, որոնք պետք է նախօրոք և վտանգի առաջացման դեպքում անմիջապես հարմարեցվեն այդ նպատակին։
9. Վթարային արձագանքող ստորաբաժանումները նախապես ապահովվում են անհատական պաշտպանական միջոցներով, քիմիական հետախուզման սարքավորումներով` մոնիթորինգ անցկացնելու համար, և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ անցնում են ուսուցում:
10. Բնակչության պաշտպանության միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով ՆՊՄԻ-ի գոտում գտնվող համայնքների բնակչությունը վթարի մասին ազդարարվում է «Քիմիական վտանգ» ազդանշանի միջոցով։ Բնակչության համար այս ազդանշանը անհատական պաշտպանական միջոցների կիրառման և վտանգավոր տարածքներից տարահանելու հրահանգ է:
11. Քիմիական վարակված գոտում գործելակերպի կանոնների մասին տեղեկատվությունը բնակչությանը հասցվում է հեռուստատեսության, ռադիոյի և շարժական բարձրախոս սարքավորումների միջոցով:
12. Քիմիական վարակված գոտում հայտնված համայնքներից բնակչության տարահանումը կազմակերպվում է` ինչպես տրամադրված տրանսպորտային միջոցներով, այնպես էլ սեփական տրանսպորտով ու հետիոտն։
13. ՆՊՄՊ-ի գոտու սահմանագծերում ծավալվում են մարդկանց սանիտարական մշակման (սանթողարան), տեխնիկայի հատուկ մշակման, հսկիչ-անցագրային, բժշկական և աշխատանքների համակարգման կետեր (Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ՀՀ ԱԻՆ) Փրկարար ծառայության (այսուհետ` ՓԾ) ուժերով ծավալվում է համակարգման 8 կետ), որոնց թիվը կարող է փոփոխվել մոնիթորինգի տվյալների արդյունքում և տեղափոխվել մինչև փաստացի քիմիական աղտոտվածության տարածքի սահմանագիծը։
(13-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
14. Ծավալված բժշկական կետերում քիմիական ազդեցության ենթարկված և այլ ախտորոշումներով բնակչությանը ցուցաբերվում է առաջին բժշկական օգնություն, և նրանք տարահանվում են մասնագիտացված բուժհիմնարկներ։
15. Ժամանակավոր վերաբնակեցման վայրերում ծավալվում են ընդունման հավաքակայաններ, որտեղ և տարահանված բնակչությունն ապահովվում է ժամանակավոր կացարաններով, սննդով և առաջին անհրաժեշտության այլ միջոցներով։
16. Բնակչության պաշտպանության միջոցառումների ընթացքում կապը կազմակերպվում է գերկարճալիք ու կարճալիք ռադիոցանցով` ՀՀ ԱԻՆ-ի Փրկարար ծառայության կողմից: Բջջային, քաղաքային և ուղիղ հեռախոսակապի միջոցներով` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից։
(16-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
17. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև կապը կազմակերպվում է հեռախոսակապի և N 3 գերկարճալիք ռադիոցանցի միջոցով, որն ընդգրկում է ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։
(17-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
18. ՆՊՄՊ-ի գոտու սահմանագծերում իրականացվող միջոցառումների կառավարման նպատակով ստեղծվում է գերկարճալիք ռադիոցանց, որն ընդգրկում է ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնը, ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի տվյալ տարածքի տարածքային ստորաբաժանման օպերատիվ հերթապահությունը և մարդկանց սանիտարական մշակման, տեխնիկայի հատուկ մշակման, հսկիչ-անցագրային, բժշկական և աշխատանքների համակարգման կետերը։
(18-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
19. Քիմիական օբյեկտների ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների համար ՆՊՄԻ-ի գոտում ներգրավվում են հետևյալ ուժերը և միջոցները`
1) վթարային քիմիական մոնիթորինգի համար` ՀՀ ԱԻՆ ՓԾ, Հայաստանի Հանրապետության զինված ուժեր.
2) մարդկանց սանիտարական մշակման, տարածքների և տեխնիկայի հատուկ մշակման համար` ՀՀ ԱԻՆ ՓԾ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքեր, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.
3) առաջին բժշկական օգնության և տուժածների տեղափոխման համար` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության քաղաքային հիվանդանոցի մասնագիտացված բժշկական բրիգադներ (առնվազն 4 բժիշկ).
4) հակահրդեհային գործողությունների ապահովման համար` ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի տարածքային ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 համահավաք հրշեջ-փրկարարական ջոկատը (առնվազն 66 մարդ)` 10 միավոր ԱԲ-40 տեխնիկայով.
5) հնարավոր տարահանման գոտու շրջափակման համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները.
6) տարահանման միջոցառումների տրանսպորտային ապահովման համար` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` տարահանման գործում ներգրավում է անհրաժեշտ քանակի միկրոավտոբուս և մարդատար վագոն.
7) բնակչության ազդարարման և տեղեկատվական ապահովման համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:
(19-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
20. Վթարային արձագանքող ստորաբաժանումները նախապես ապահովվում են անհատական պաշտպանության միջոցներով, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության կողմից` համապատասխան պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարների ներկայացրած հայտերի հիման վրա։
21. Հայաստանի Հանրապետության նախարարությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների կողմից ներգրավված ուժերի և միջոցների համակողմանի ապահովումն իրականացնում է տվյալ պետական կառավարման մարմինը։
22. ՆՊՄԻ-ի գոտիներում գտնվող համայնքների բնակչությանն անհատական պաշտպանության միջոցների բաշխումը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք անհրաժեշտ քանակությամբ անհատական պաշտպանության միջոցներն ստանում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությունից` ըստ ներկայացված հայտի։
23. Համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հայտի` ՆՊՄԻ-ի գոտում գտնվող համայնքների բնակչությանն անհրաժեշտ դեղորայքի քանակությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ստանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից և տրամադրում ՆՊՄԻ-ի գոտում գտնվող բուժհիմնարկներին, որոնք էլ իրենց հերթին բաշխում են ՆՊՄԻ-ի գոտում գտնվող համայնքների բնակչությանը։
24. Քիմիական օբյեկտի վթարների դեպքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, ըստ իր կողմից ներկայացված հայտերի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից ստանում է վառելիքաքսուքային նյութեր` տարահանման միջոցառումների իրականացման նպատակով անհրաժեշտ տրանսպորտային միջոցներն ապահովելու համար։
25. Օգնության ժամանած փրկարարական կամ այլ հատուկ ուժերի խնդրադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։
III. ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱԿԱԶԴՈՒՄԸ
26. Քիմիական օբյեկտի դիսպետչերից քիմիական օբյեկտում տեղի ունեցած քիմիական վթարի մասին հաղորդագրությունը ծածկագրի ձևով փոխանցվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման կենտրոն և մարզային փրկարարական վարչության օպերատիվ հերթապահություն։
(26-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
27. Տեղեկատվությունը ճշգրտելու նպատակով ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ ուժերի ղեկավարը կապ է հաստատում քիմիական օբյեկտի դիսպետչերի հետ (ուղիղ կապ, հեռախոսային կապ և այլն)։ Հաղորդագրությունն ստանալու դեպքում ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնից ազդանշանը փոխանցվում է սույն պլանի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարներին կամ նրանց փոխարինող անձանց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հերթապահներին։
(27-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
28. ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնից ազդարարվում են մոնիթորինգի խմբերի ղեկավարները և ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի տարածքային ստորաբաժանումների օպերատիվ հերթապահները։
(28-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
29. ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի կողմից կազմակերպվում է ՆՊՄԻ-ի գոտիների մոնիթորինգը։
(29-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
30. Պետական կառավարման մարմինների ղեկավարներն իրենց հերթին կազմակերպում են արձագանքող վթարային խմբերի անձնակազմի ազդարարումը և հավաքը` մշտական աշխատավայրերում (ծառայության վայրերում), կազմակերպում նախարարությունների (գերատեսչությունների) օպերատիվ խմբերի աշխատանքը։
31. Զուգահեռ ազդանշանները քիմիական օբյեկտի դիսպետչերից փոխանցվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետ։ ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի մարզային փրկարարական վարչության օպերատիվ հերթապահը կազմակերպում է մարզային արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի և տարահանման հանձնաժողովի անդամների ազդարարումը։
(31-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
32. ՆՊՄԻ-ի գոտու համայնքների բնակչության ազդարարումն իրականացվում է քիմիական օբյեկտից «Քիմիական վտանգ» ազդանշանը հնչեցնելու միջոցով։
33. Ազդանշանը տրվում է շչակների միջոցով, 3 րոպե անընդմեջ տևողությամբ, բնակչության հետագա գործողությունների վերաբերյալ հաղորդագրությունները տրվում են հեռուստատեսությամբ և ռադիոյով։
34. Անհրաժեշտության դեպքում ազդարարման գործընթացին մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շարժական ուժերն ու միջոցները։
35. Քիմիական օբյեկտի վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների մասին որոշումներն ընդունում է արտակարգ իրավիճակների հանձնաժողովը` արտահերթ նիստի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում են քիմիական օբյեկտի գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները կամ նրանց տեղակալները։
36. Քիմիական օբյեկտի վթարի դեպքում տարահանման միջոցառումները ղեկավարում է արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ բնակչության տարահանման հանրապետական հանձնաժողովը։
37. Բնակչության պաշտպանության միջոցառումները համայնքներում և կազմակերպություններում իրականացնում են արտակարգ իրավիճակների հանձնաժողովները։
38. Հանձնաժողովները կառավարումն իրականացնում են հիմնական կառավարման կետերից և իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում անցնում պահեստային կառավարման կետեր։
39. Երևան քաղաքում քիմիական իրավիճակի կտրուկ վատացման դեպքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը տեղափոխվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման կենտրոն։
(39-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
40. Հայաստանի Հանրապետության նախարարները և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ու այլ պետական մարմինների ղեկավարները կարող են փոխել մշտական աշխատավայրերը` միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո։
41. Օպերատիվ կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմիններն ու պետական մարմիններն ստեղծում են օպերատիվ խմբեր, որոնց կազմից մեկական լիազորված անձ գործուղվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման կենտրոն։
(41-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
42. «Աղետի գոտի» հայտարարելու, աղետի գոտու տարածքը սահմանելու և արտակարգ իրավիճակի հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը նախապատրաստում և հաստատման է ներկայացնում ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի տնօրենը։
(42-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
43. ՆՊՄԻ-ի գոտու համայնքների բնակչության ազդարարումն իրականացվում է, երբ քիմիական օբյեկտում տեղի ունեցած պատահարը որակավորվում է որպես ընդհանուր վթար։
44. Ընդհանուր վթարի արձագանքման միջոցառումներն իրականացվում են հետևյալ ժամանակացույցով`
1) ելնելով վթարի դասակարգումից` անհետաձգելի պաշտպանական միջոցառումների անցկացման վերաբերյալ առաջարկություններ` 30 րոպեի ընթացքում.
2) անհետաձգելի պաշտպանական միջոցառումների անցկացման մասին որոշումների ընդունում` 30 րոպեի ընթացքում.
3) ՆՊՄԻ-ի գոտու մոնիթորինգի անցկացում` 4 ժամվա ընթացքում։
45. Քիմիական օբյեկտում քիմիական վթարի առաջացման դեպքում անհատական պաշտպանական միջոցներով ապահովվում են քիմիական օբյեկտի անձնակազմը, անհրաժեշտության դեպքում ՆՊՄԻ-ի գոտիներում գտնվող բնակավայրերի բնակչությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ մարզերից և Երևան քաղաքից փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար քիմիական վարակված գոտի ուղարկվող կազմավորումների անձնակազմերը։
46. Քիմիական օբյեկտի ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության հիմնական ձևերից մեկը քիմիական վարակված տարածքից բնակչության տարահանումն ու նրանց ժամանակավոր վերաբնակեցումն է անվտանգ տարածքի բնակավայրերում։
47. Քիմիական օբյեկտի վթարի դեպքում ՆՊՄԻ-ի գոտում գտնվող համայնքների բնակչության տարահանումը կազմակերպվում է ավտոտրանսպորտով կամ հետիոտն։
48. Տարահանվող բնակչությունը ժամանակավորապես վերաբնակեցվում է ՆՊՄԻ-ի գոտիների սահմանից դուրս գտնվող` Հայաստանի Հանրապետության բնակավայրերում։ Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կհայտնեն ժամանակավորապես հանգրվանել իրենց բարեկամների կամ հարազատների մոտ (ՆՊՄԻ-ի գոտուց դուրս), կարող են դա անել` պայմանով, որ տվյալ քաղաքացին ժամանակավորապես կգրանցվի այդ համայնքի ոստիկանության բաժանմունքում և բուժսպասարկման հիմնարկում։
49. Քիմիական վարակման գոտուց տարահանումը կազմակերպելու նպատակով ստեղծվում են տարահանման հավաքակայաններ։
50. Բնակչության տարահանումն իրականացվում է համակցված` տրանսպորտային միջոցներով և հետիոտն (մինչև 3.5 կմ)` մոնիթորինգի արդյունքների հիման վրա։
51. Բնակչության տարահանման տրանսպորտային ապահովման աշխատանքներում առաջին հերթին ներգրավվում են ՆՊՄԻ-ի և գոտիներում առկա ու տեխնիկապես սարքին վիճակում գտնվող տրանսպորտային միջոցները (անկախ սեփականության ձևից)։ Դրանց անբավարար թվի դեպքում, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ բնակչության տարահանման հանրապետական հանձնաժողովի որոշմամբ, տարահանման միջոցառումների իրականացման գործում կարող են ներգրավվել նաև նշված գոտիներից դուրս առկա տրանսպորտային միջոցները։
52. Քիմիական վարակված ավտոտրանսպորտի անցումը մաքուր տարածք չի թույլատրվում, անհրաժեշտության դեպքում թույլատրվում է միայն հատուկ մշակման ենթարկվելուց հետո։
53. Տարահանման ժամկետները (սկիզբը և ավարտը) սահմանվում են արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ բնակչության տարահանման հանրապետական հանձնաժողովի ու մարզային (վթարված քիմիական օբյեկտի հարակից տարածքի) տարահանման հանձնաժողովների կողմից։
54. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը զանգվածային լրատվության միջոցներին տալիս է վթարի մասին օպերատիվ հաղորդագրություններ։
55. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում կազմակերպվում է մամուլի ասուլիս` շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվում են ստեղծված իրավիճակը, հնարավոր հետագա զարգացումները, իրականացվող միջոցառումները, ինչպես նաև բնակչության անհրաժեշտ վարքի կանոնները։
56. Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով «Հատուկ թողարկում» խորագրով պարբերաբար հեռարձակվում է ստեղծված իրավիճակի հետագա հնարավոր զարգացումների և իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվություն։
57. Բժշկական հակազդման հիմնական խնդիրներն են`
1) տուժած մարդկանց հայտնաբերումը.
2) հայտնաբերված տուժածների դասակարգում` ըստ նախնական ախտորոշման.
3) տեղում համապատասխան բժշկական առաջին օգնության ցուցաբերումը.
4) մասնագիտացված բժշկական հիմնարկներ տուժած մարդկանց փոխադրումը և պետպատվերի շրջանակներում բուժսպասարկման իրականացումը։
58. Բնակչության բժշկական հակազդումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովման ծառայության քիմիական օբյեկտի ընդհանուր վթարի դեպքում բժշկական ապահովման պլաններին համապատասխան։
59. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պատասխանատվություն է կրում տարածքային բժշկական մարմինների կողմից բուժման կազմակերպման պլանների մշակման, մոնիթորինգի և խորհրդատվական օգնության համար` ինչպես ամբողջ բնակչությանը։
60. Քիմիական օբյեկտի վթարից հետո մինչև քիմիական իրավիճակի ճշտումը և քիմիական օբյեկտի անձնակազմի ու հարակից տարածքի բնակչության դուրսբերումը` տուժածներին առաջին բուժօգնությունը ցույց է տրվում ՆՊՄԻ-ի գոտում գտնվող բնակավայրերի բժշկական անձնակազմերի, ինչպես նաև քիմիական օբյեկտի բժշկական ստորաբաժանման ու չտուժած անձնակազմի կողմից, հետագայում բժշկական կազմավորումների (հրատապ նախաբժշկական և բժշկական օգնության, Հայաստանի Հանրապետության մարզային շտապ օգնության կայանների ֆելդշերական ու բժշկական բրիգադներ) ուժերով։
61. ՆՊՄԻ-ի գոտիներում գտնվող բժշկական կազմակերպությունների (հիմնարկների) անձնակազմերը տարահանվում են այդ գոտու բնակչության տարահանման հետ համատեղ։ Տարահանված և անվտանգ գոտու բնակավայրերում ժամանակավորապես բնակեցված բժշկական անձնակազմը ներգրավվում է այդ բնակավայրերի բժշկական կազմակերպությունների (հիմնարկների) աշխատանքներում։ ՆՊՄԻ-ի գոտիների բնակչության տարահանման հավաքակայաններում ծավալվող բժշկական կետերում շուրջօրյա աշխատանքի ապահովման համար Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի բժշկական կազմակերպություններից (հիմնարկներից) տրամադրվում են բժշկական բրիգադներ (բժշկական անձնակազմի աշխատանքի անհնարինության դեպքում կարող է բժշկական անձնակազմ ներգրավվել Հայաստանի Հանրապետության այլ մարզերի բուժհիմնարկներից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով)` կազմված բժիշկ-թերապևտից (կամ աշխատանքային բավարար փորձ ունեցող ֆելդշերից) և բուժքրոջից։ Բնակչության տարահանման յուրաքանչյուր հավաքակայանի բուժկետին հատկացվում է 3 բրիգադ` աշխատանքը երեք հերթափոխով կազմակերպելու համար։
62. Ընդհանուր վթարի դեպքում ՆՊՄԻ-ի գոտիներում գտնվող բնակավայրերում հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի և միջոցների հիմնական համահավաք ջոկատների հենակետեր (հենակետերի տեղակայումը կարող է փոփոխվել` ելնելով ստեղծված իրավիճակից)։
63. Քիմիական օբյեկտի հրշեջ-փրկարարական ջոկատը վթարի դեպքում իր տեղակայման վայրից չի տեղափոխվում։
64. Քիմիական վարակված գոտում հակահրդեհային միջոցառումները ղեկավարվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի փրկարարական ուժերի վարչության ռադիոցանցի միջոցով։
(64-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
65. Ընդհանուր վթարի դեպքում ՆՊՄԻ-ի գոտիներում գտնվող բնակավայրերում հասարակական կարգի պահպանման, հատուկ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանման և երթևեկության կարգավորման ապահովման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուժերի կողմից։
66. Հակազդման գործողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուժերի հիմնական խնդիրներն են`
1) ՆՊՄԻ-ի գոտիների շրջափակումը.
2) տարահանման միջանկյալ կետերում հասարակական կարգի պահպանման հսկիչ-անցագրային կետերի հիմնումը.
3) տարահանման երթուղիներում երթևեկության կարգավորման ապահովումը.
4) տարահանումից հետո բնակչության ունեցվածքի պահպանումը.
5) տարաբնակեցման վայրերում հասարակական կարգի պահպանումը.
6) վերաբնակեցման վայրերում տարահանված բնակչության գրանցման կազմակերպումը.
7) տարահանումից հետո կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանումը։
67. Քիմիական օբյեկտի ընդհանուր վթարի սկզբնական և միջին փուլերում քիմիական վարակի հսկողության նպատակը ՇՊՄՊ-ի գոտիներում`
1) քիմիական ամպի տարածման ուղղության ճշտումն է` պարբերական քիմիական հետախուզմամբ.
2) շրջակա միջավայրի օբյեկտների արտաքին աղտոտվածության ճշտումն է։
68. Քիմիական օբյեկտի ընդհանուր վթարի վերջնական փուլում քիմիական հսկողության նպատակը ՆՊՄԻ-ի գոտիներում`
1) քիմիական վարակման ենթարկված տարածքների և մակերեսային քիմիական վարակման որակական և քանակական ցուցանիշների ճշտումն է.
2) շրջակա միջավայրի օբյեկտների (օդ, հող, բուսականություն, ջրային ավազաններ ու գետեր) քիմիական վարակման որակական և քանակական ցուցանիշների ճշտումն է։
69. Քիմիական վարակման ենթարկված տարածքների և մակերեսային քիմիական վարակվածության որակական և քանակական ցուցանիշների ճշտումն իրականացվում է`
1) քիմիական վարակվածության տարածքների ճշտում` մակերեսային աղտոտվածության չափումների միջոցով, որն իրականացնում են ՆՊՄԻ-ի գոտում` ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի քիմիական մոնիթորինգի և արձագանքման խմբերը (5 հիմնական խումբ` յուրաքանչյուրում 3 մարդ, և 10 պահեստային խումբ` յուրաքանչյուրում 3 մարդ), որոնք աշխատում են հերթափոխային կարգով` օգտագործելով միևնույն սարքերի հնգական լրակազմերը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերը.
2) քիմիական վարակվածության տարածքներից որակական անալիզի համար փորձանմուշներ վերցնում են ՆՊՄԻ-ի գոտում ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի քիմիական մոնիթորինգի և արձագանքման խմբերը (5 հիմնական խումբ` յուրաքանչյուրում 3 մարդ, և 10 պահեստային խումբ` յուրաքանչյուրում 3 մարդ) ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերը.
3) քիմիական վարակվածության տարածքներից որակական անալիզի համար վերցված փորձանմուշների լաբորատոր հետազոտումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը սահմանելու մասին» N 1064-Ն որոշմամբ նախատեսված կարգի։
(69-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
70. Շրջակա միջավայրի օբյեկտների (օդ, հող, բուսականություն, ջրային բաց ավազաններ ու գետեր, խմելու ջուր, տեղական սննդամթերք) քիմիական վարակվածության որակական և քանակական ցուցանիշները որոշվում են`
1) տեղում օդի ասպիրացիոն հետազոտումն իրականացվում է ՆՊՄԻ գոտիներում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը սահմանելու մասին» N 1064-Ն որոշմամբ նախատեսված կարգի.
2) որակական անալիզի համար հողի, բուսականության, ջրային ավազանների ու գետերի, տեղական սննդամթերքի փորձանմուշները վերցնում են ՆՊՄԻ-ի գոտիներում` ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի քիմիական մոնիթորինգի և արձագանքման խմբերը (3 հիմնական խումբ` յուրաքանչյուրում 3 մարդ, և 5 պահեստային խումբ` յուրաքանչյուրում 3 մարդ), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերը.
3) որակական անալիզի համար վերցված հողի, բուսականության, ջրային ավազանների ու գետերի, տեղական սննդամթերքի փորձանմուշների լաբորատոր հետազոտումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը սահմանելու մասին» N 1064-Ն որոշմամբ նախատեսված կարգով։
(70-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
71. Քիմիական օբյեկտի ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման գործում ներգրավված անձնակազմն ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով։ Անձնակազմն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու համար պատասխանատու են համապատասխան կառավարման մարմինների ու կազմակերպությունների ղեկավարները։
72. Քիմիական օբյեկտի վթարների ժամանակ քիմիական հսկողության տվյալները փոխանցվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման կենտրոն` պաշտպանական միջոցառումներում ներգրավված ուժերի գործողությունների ճշտման մասին որոշումների ընդունման նպատակով:
(72-րդ կետը փոփ. 23.10.13 N 1179-Ն)
73. Քիմիական պաշտպանությունն ընդգրկում է հետևյալ միջոցառումները`
1) բնակչության և վթարի դեպքում արձագանքող կազմավորումների անձնակազմերի անհատական պաշտպանության միջոցներով ապահովում.
2) քիմիական հետախուզության ու դոզաչափական հսկողության սարքերի հատկացում.
3) բնակչության քիմիական պաշտպանության միջոցառումների կիրառում.
4) բնակչության սանիտարական մշակում, հագուստի վնասազերծում, տրանսպորտային միջոցների, շինությունների ու տեղանքի գազազերծում և կենդանիների սանիտարական մշակում։
74. Հակազդող կազմավորումների անձնակազմն անհատական պաշտպանության միջոցներ ստանում է կազմակերպությունների պաշարներից։ Պակասող քիմիական պաշտպանության ու դոզաչափական սարքերը տրվում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների պետական պահուստից։
75. ՆՊՄՊ-ի գոտու բնակչության քիմիական պաշտպանության միջոցառումներն իրականացվում են մոնիթորինգի տվյալների հիման վրա։
76. Բաց տեղանքում գտնվելուց, ինչպես նաև տարահանման միջոցառումների իրականացման ընթացքում կատարվում է բնակչության մասնակի և լրիվ սանիտարական մշակում` օգտագործելով բաղնիքներն ու ցնցուղները։
77. Հատուկ անցակետերում ստեղծվում են քիմիական դիտակետեր` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի ուժերով։
78. Քիմիական դիտարկման խմբերն իրականացնում են հատուկ անցակետերով անցնող յուրաքանչյուր անձի, ինչպես նաև տեխնիկայի քիմիական մոնիթորինգ։ Մոնիթորինգի տվյալները հաշվառվում և զեկուցվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը։
79. Գազազերծման լիակատարությունը որոշվում է հետևյալ կարգով`
1) հատուկ մշակում անցած անձանց սանթողարանում գազազերծման լիակատարության որոշման ստուգումների անցկացում.
2) քիմիական դիտարկման արդյունքների թույլատրելի նորմաների գերազանցման դեպքում իրականացվում է գազազերծման կրկնում` մինչև թույլատրելի նորմերը, որից հետո միայն սանթողարանից ելքի արտոնում.
3) բոլոր աշխատանքների կատարում` անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ.
4) գազազերծման լիակատարության որոշման արդյունքների մասին համապատասխան վերադասին զեկուցում.
5) աշխատանքի վերջում գազազերծման լիակատարության որոշման խմբի ամբողջ անձնակազմի լիակատար սանիտարական մշակում բաղնիքում։
(հավելվածը փոփ., լրաց. 23.10.13 N 1179-Ն, լրաց. 08.09.21 N 1464-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի N 861-Ն որոշման |
ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՎԹԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ակտով կանոնակարգվում են քիմիական վտանգավոր օբյեկտներում (այսուհետ` ՔՎՕ) վթարի դեպքում արտանետված վթարային քիմիական վտանգավոր նյութի (այսուհետ` ՎՔՎՆ) չեզոքացման (վարակազերծման) ձևերը և գործողությունները:
2. Քիմիապես վտանգավոր օբյեկտներ են`
1) քիմիական արդյունաբերության բնագավառի կազմակերպությունները, ինչպես նաև առանձին արտադրամասերը, որտեղ պահպանվում, օգտագործվում և արտադրվում են վտանգավոր քիմիական նյութեր (այսուհետ` ՎՔՆ).
2) գազանավթային հումքի վերամշակման գործարանները (համալիրները).
3) արդյունաբերական այլ բնագավառի արտադրամասեր, որտեղ օգտագործվում են քիմիական վտանգավոր նյութեր (տեքստիլ, թղթի, մետալուրգիական, սննդի և այլն).
4) երկաթգծի կայանները, տերմինալները, քիմիական վտանգավոր նյութերի տեղափոխման վերջին կամ միջանկյալ կանգառների պահեստները.
5) ՎՔՆ-ն տեղափոխող տրանսպորտային միջոցները (կոնտեյներներ, երկաթուղային ցիստեռններ, ավտոցիստեռններ, խողովակաշարեր և այլն)։
3. Վտանգավոր քիմիական նյութերը կարող են լինել ինչպես սկզբնական հումք, այնպես էլ միջանկյալ կամ վերջնական նյութ, որն ստացվել է արդյունաբերական արտադրության ժամանակ։ ՎՔՆ-ն կարող է գտնվել արտադրամասերում տեխնոլոգիական գծերում, բազային պահեստներում (քիմիական վտանգավոր օբյեկտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՎՔՆ-ի հիմնական քանակը պահպանվում է սկզբնական հումքի տեսքով կամ արդյունաբերական արտադրանքի տեսքով)։
4. ՎՔՆ-ի ֆիզիկական և քիմիական հատկություններից, օգտագործման, պահպանման, տեղափոխման պայմաններից ելնելով, ՔՎՕ-ում ՎՔՎՆ-ի արտանետմամբ (արտահոսքի) վթարի դեպքում ՎՔՎՆ-ի տարածման ձևերը բաժանվում են 4 տիպի`
1) առաջին տիպ` ՎՔՎՆ-ի տարածում միայն առաջնային ամպի ձևով.
2) երկրորդ տիպ` ՎՔՎՆ-ի տարածում առաջնային և երկրորդային ամպերի առաջացում, արտահոսքի առաջացում.
3) երրորդ տիպ` ՎՔՎՆ-ի միայն երկրորդային ամպի և արտահոսքի առաջացում.
4) չորրորդ տիպ` վթարաքիմիական վտանգավոր թույլ ցնդող նյութերի ազդեցությունից վարակված տարածքների առկայություն:
5. Առաջնային տիպի տակ հասկացվում է վտանգավոր նյութի ամպը, որն առաջանում է տարողության ավերման արդյունքում, նրա պարունակության գազային մասի ակնթարթային (1-3 րոպեի ընթացքում) մթնոլորտ անցման հետևանքով, իսկ երկրորդային ամպի տակ` ամպը, որը գոյանում է գետնին թափված նյութի գոլորշիացման հետևանքով:
6. Առաջին տիպը կարող է առաջանալ տարողությունների, տեխնոլոգիական սարքավորումների (որտեղ պահվում են գազային կամ գերտաքացված հեղուկ ՎՔՎՆ) պայթյունի կամ ապահերմետիկացման հետևանքով, որն էլ իր հերթին առաջացնում է առաջնային ՎՔՎՆ-ի գազագոլորշային թունավոր կոնցենտրացիաներով ամպ։ Որպես կանոն այս դեպքում հեղուկ ֆազի արտահոսք տեղի չի ունենում կամ էլ արտահոսած նյութը շատ արագ (մի քանի րոպեում) ցնդում է շրջակա միջավայրի ջերմության հաշվին։ ՎՔՎՆ-ի ամպը, կախված եղանակից, տարածվում է վթարային օբյեկտի շուրջ գտնվող տարածքում, ինչը կարող է հանգեցնել այնտեղ բնակվող բնակչության թունավորման կամ մահվան։ Առաջին տիպն ամենավտանգավորն է։ Այն պայմանավորված է խոցող գործոնի ազդեցության ինտենսիվությամբ և տարածման արագությամբ։ Այս գործոնները զգալիորեն նվազեցնում են փրկարար ծառայության ուժերի գործողությունների արդյունավետությունը։
7. Երկրորդ տիպն առաջանում է քիմիական վտանգավոր օբյեկտներում, որտեղ օգտագործվում, պահվում, տեղափոխում են հեղուկացված թունավոր գազեր (ամոնիակ, քլոր և այլն), գերտաքացած ցնդող թունավոր հեղուկներ, որոնց եռման աստիճանը ցածր է շրջակա միջավայրի ջերմաստիճանից (էթիլենի օքսիդ, ֆոսգեն, ազոտի օքսիդ, ծծմբի անհիդրիդ, կապտաթթու և այլն) և վթարային քիմիական վտանգավոր նյութերի արտահոսքի դեպքում։ Տարողություններում և տեխնոլոգիական սարքավորումներում գտնվող նշված ՎՔՎՆ-ի մի մասը (սովորաբար 10% ոչ ավելի) վայրկյանական ցնդում է և կազմում մահացու կոնցենտրացիայով առաջնային ամպ, իսկ մի մասը լցվում է թմբապատ կամ տակդիրով մակերեսին և դանդաղ ցնդում է շրջակա միջավայրի ջերմության հաշվին` կազմելով խոցող կոնցենտրացիայով երկրորդային ամպ։ Կախված տարվա եղանակից, օդերևութաբանական պայմաններից, հոսքի երկրաբանական չափերից և բնութագրից` ցնդման ժամանակը կարող է կազմել տասնյակ րոպեներից մինչև մի քանի օր։ Այս տիպը բնութագրվում է ՎՔՎՆ-ի առաջնային ամպի ինգալյացիոն խոցող գոլորշու մահացու կոնցենտրացիայի և ավելի երկարաժամկետ (ժամեր, օրեր) երկրորդային ամպի գոլորշու վտանգավոր խոցող կոնցենտրացիայի ազդեցությամբ։ Բացի դրանից, հոսած հեղուկը կարող է վարակել գրունտը և ջուրը։ Նշված տիպը նույնպես վտանգավոր է բնակչության համար, բայց ի տարբերություն առաջին տիպի, թույլ է տալիս ժամանակի առումով ավելի արդյունավետ կազմակերպել փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքները։
8. Երրորդ տիպն առաջանում է քիմիական վտանգավոր օբյեկտներում մեծ քանակությամբ հեղուկացված (իզոթերմիկ) ՎՔՎՆ-ի (որոնց եռման աստիճանը ցածր է կամ մոտ շրջակա միջավայրի ջերմությանը) արտանետման դեպքում։ Դա տեղի է ունենում հետևյալ կերպ` առաջանում է նյութի հոսք դեպի տական կամ տակդիրով մակերես և սկսվում է հոսած նյութի ցնդման էտապը, որն առաջացնում է միայն թունավոր նյութերի գոլորշիով երկրորդային ամպ խոցող կոնցենտրացիաների պարունակությամբ և որը բարենպաստ օդերևութաբանական պայմանների ժամանակ կարող է տարածվել վթարի վայրից բավականին մեծ տարածության վրա։ Նշված այս տիպը կարող է առաջանալ, օրինակ, ֆոսգենի վթարային հոսքի կամ հրթիռային վառելանյութի բաղադրությունից։ Այս տիպն ընդգրկում է նաև այրվող նիտրոֆոսֆատի կամ ծծմբի միացությունների մեծ մասշտաբի վթարի դեպքերը, որոնք առաջ են բերում այրվող թունավոր նյութերով երկրորդային ամպ։
9. Երրորդ տիպը քիչ վտանգավոր է բնակչության համար, քան առաջին երկու տիպերը, քանի որ թույլ է տալիս ժամանակի առումով ձեռնարկել արդյունավետ միջոցներ` բնակչության պաշտպանության և վթարի հետևանքների վերացման համար։ Նշված ԱԻ-ում հիմնական գործոն են հանդիսանում հոսքի տարածումը, գրունտի ու ջրի վարակումը և երկրորդային ամպի ազդեցությունը։ ՎՔՎՆ-ի ֆիզիկական հատկություններից, հոսքի չափերից և բնութագրից, օդերևութաբանական պայմաններից, տեղայնացման արդյունավետ աշխատանքներից և ՎՔՎՆ-ի հոսքի կասեցումից է կախված նյութի ցնդման ժամանակը, որը կարող է կազմել մի քանի ժամից մինչև մի քանի օր, հետևաբար կառավարման մարմինները և փրկարար ծառայության ուժերը կունենան բավականին ժամանակ բնակչության պաշտպանության և փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ (այնուհետև`ՓԱՎԱ) արդյունավետ կատարելու համար։
10. Չորրորդ տիպն առաջանում է քիմիական վտանգավոր օբյեկտում բավականին մեծ քանակությամբ դանդաղ ցնդող ՎՔՎՆ-ի (հեղուկ կամ պինդ նյութեր, որոնց եռման աստիճանը զգալիորեն բարձր է շրջակա միջավայրի ջերմությունից) վթարային հոսքի հետևանքով, որը կարող է առաջացնել կենդանի օրգանիզմների և բույսերի համար վնասակար տեղանքի վարակում (գրունտը, ջուրը)։ Այս դեպքում խոցող կոնցենտրացիայով երկրորդային ամպ չի առաջանում, բայց առանց անհատական պաշտպանիչ միջոցների երկարաժամկետ գտնվելը վարակված տարածքում կարող է հանգեցնել ինգալյացիոն թունավորման։ Նշված ԱԻ-ում խոցող գործոնը կայանում է շնչառական ուղիներով թունավորման և մաշկային վարակման մեջ։ Չորրորդ տիպի դասին են պատկանում նաև ասիմետրիկ դիմեթիլ հիդրոզինը, ֆենոլը, ծծմբաածխածինը, ացետոնիտրիլը, դիոկսինը, մետաղական սնդիկը, կապտաթթվի աղերը և մի շարք մարտական թունավոր նյութեր։ Որպես կանոն, չորրորդ տեսակի վարակման գոտին մեծ չէ և եթե ժամանակին կատարվեն վթարի հետևանքները լիկվիդացվող և տեղայնացման աշխատանքները, ապա բնակչության վարակման վտանգը կարելի է հանգեցնել նվազագույնի։ Այս դեպքում առավելագույն վտանգը ներկայացնում է գետերի և ջրամբարների ՎՔՎՆ-ով վարակումը:
II. ՔՎՕ-Ի ՎԹԱՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՎԹԱՐԱՅԻՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԳԱԶԱԳՈԼՈՐՇԱՅԻՆ ԱՄՊԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԵՎ ԳԱԶԱԶԵՐԾՈՒՄԸ
11. ՎՔՎՆ-ի առաջնային և երկրորդային ամպերի վերացումը և գազազերծումն իրականացվում է դեպի կարևոր տնտեսական օբյեկտների և մարդկանց բնակության վայրերի ուղղությամբ` ՎՔՎՆ-ի տարածումը կանխելու, ինչպես նաև ՎՔՎՆ-ի խտությունն ամպում հնարավորինս նվազեցնելու նպատակով։ Ջրային և չեզոքացնող լուծույթների վարագույրների տեղադրմամբ ՎՔՎՆ-ի ամպի վերացումն իրականացվում են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության և հրշեջ ստորաբաժանումների կողմից։ Ջրային վարագույրի տեղադրմամբ ամպի վերացումն իրականացվում է ջրում լավ լուծվող ՎՔՎՆ-ի արտանետման դեպքում (ամոնիակ և այլն)։
12. Թթվային բնույթի ՎՔՎՆ-ի արտանետման (թափվելու) դեպքում վարագույրը տեղադրվում է օգտագործելով ամոնիակի ջրային լուծույթը (ամոնիակաջուրը), ամռանը` 10-12%, ձմռանը` 20-25% ամոնիակի պարունակությամբ։ Այս դեպքում իրականացվում է նաև ՎՔՎՆ-ի ամպի չեզոքացում (գազազերծում)։ Չեզոքացնող լուծույթներով ջրային վարագույրի տեղադրմամբ գազազերծումն իրականացվում է հաշվի առնելով ՎՔՎՆ-ի տեսակը։
13. Ջրային վարագույրի տեղադրման հրաման ստացած ստորաբաժանման հրամանատարն իրականացնում է աշխատանքային տարածքի տեղազննում, ճշտում վարագույրի տեղադրման սահմանագիծը, մեքենաների և բրանդսպոյտների տեղակայման վայրերը, մեքենաների չեզոքացնող լուծույթներով վերալիցքավորման և ջրի լիցքավորման կետերը, ապահովում ջրային վարագույրի անընդհատությունը (որոշում մեքենաների շարասյունների քանակը)։
14. ՎՔՎՆ-ի ամպի գազազերծում կատարելու ժամանակ ճշտվում է չեզոքացնող լուծույթի տեսակը և ծախսի քանակը, չեզոքացնող լուծույթների պատրաստման կետի կազմակերպման և ծավալման վայրը։ Ջրային վարագույրի տեղադրման առաջին սահմանագիծը նշանակվում է վթարային օբյեկտի տարածքում, երկրորդ սահմանագիծը` սանիտարապաշտպանական գոտու արտաքին սահմանի վրա: Մեքենաները տեղակայվում են ամպի սահմանից 20-30մ հեռավորության վրա, մեկ հաշվարկը գործում է մինչև 50մ ճակատով:
15. Ջրային վարագույրի տեղադրման համար իրականացնում են հետևյալ գործողությունները`
1) վարագույրի տեղադրման սահմանագծի ընտրություն.
2) ընտրված սահմանագծերում փողակների դասավորում.
3) ավտոլցավորող մեքենաների (ԱՌՍ) և հրշեջ մեքենաների տեղակայում, աշխատանքի նախապատրաստում.
4) տրված ժամին ջրային վարագույրի տեղադրում.
5) ջուրը (չեզոքացնող լուծույթը) սպառած մեքենաների փոխարինում` ջրային վարագույրի անընդհատության ապահովման նպատակով.
6) ջրով (չեզոքացնող լուծույթով) մեքենաների վերալիցքավորում:
16. Հրշեջ փողակները կամ փոշիացնող գլխիկները տեղադրվում են ամպի շարժման ուղղությանն ընդառաջ, ամպի ամբողջ լայնությամբ, իրարից ոչ ավելի, քան 30 մ հեռավորության վրա։ Յուրաքանչյուր սահմանագծում ջրային վարագույրի լայնությունն ամպի լայնությունից պետք է լինի 5-10% ավելի, իսկ բարձրությունը պետք է լինի 10 մ-ից ոչ պակաս։
17. ՎՔՎՆ-ի արդյունավետ չեզոքացման (վարակազերծման) համար ջրային վարագույրը պետք է տրված ժամանակի ընթացքում գործի անընդհատ։ Դա իրականացվում է մեքենաների հերթափոխերով։ Հերթափոխերի քանակը որոշվում է հաշվի առնելով լիցքավորման կետի հեռավորությունը, վերալիցքավորման ժամանակը, մեքենաների ծավալումն ու հավաքումը։ Ավտոլցավորվող (ԱՌՍ տիպի և հրշեջ) մեքենաների համար ծավալումը կազմում է 5-6 րոպե, աշխատանքային ցիկլը` 10-12 րոպե, իսկ հավաքվելու համար` 12-15 րոպե, մեխանիկական պոմպով լիցքավորումը` 8-12 րոպե։
18. Ջրային վարագույրի տեղադրումն իրականացվում է ՌՔԿ-ի պաշտպանության կամ հրշեջ ստորաբաժանումների կողմից։ Չեզոքացնող լուծույթներով վարագույրի տեղադրումն իրականացվում է ՌՔԿ-ի պաշտպանության ստորաբաժանումների կողմից։
19. Ջրային վարագույրի տեղադրման ժամանակ ջրի ծախսը որոշվում է կախված ամպում ՎՔՎՆ-ի խտությունից` 200-250 լ/րոպ յուրաքանչյուր փողի համար։ Չեզոքացնող լուծույթով ջրային վարագույրի ծախսը որոշվում է տվյալ լուծույթի համար նախատեսված նորմատիվային չափաբաժնով։
20. Հրդեհապայթյունավտանգ ՎՔՎՆ-ի չեզոքացումը և գազազերծումը կարող են իրականացվել (ժամանակի և հնարավորությունների առկայության դեպքում) ամպի շարժման ուղղության վրա արգելափակող հրդեհների առաջացման միջոցով, ինտենսիվությունը և ժամանակահատվածը պետք է բավարար լինի ամպի չեզոքացման և վարակազերծման համար։
21. Ջերմային հոսքի աղբյուրները (խարույկներ, նավթամթերքով լցված փոսեր կամ խրամատներ) տեղադրվում են ամպի շարժման ուղղության վրա` միմյանցից 20-25 մետր հեռավորությամբ։ Ջերմային հոսքի անընդհատության համար կարող են ստեղծվել այրման մի քանի սահմանագծեր, նրանք կգործեն միաժամանակ կամ հերթականությամբ:
III. ԹԱՓՎԱԾ ՎՔՎՆ-Ի ՉԵԶՈՔԱՑՈՒՄԸ` ԹՄԲԱՊԱՏՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ
22. Թմբապատման միջոցով թափված ՎՔՎՆ-ի տեղայնացումն իրականանում է երկրորդ, երրորդ և չորրորդ տիպի քիմիական իրադրության դեպքում` տակդիրային մակերեսից վթարային արտանետման (թափվելու) կամ օբյեկտում և հարակից տարածքներում ՎՔՎՆ-ի արտահոսքի ժամանակ: Թմբապատման նպատակը ՎՔՎՆ-ի հետագա տարածումը կանխելն է, գոլորշիացման մակերեսը նվազեցնելն է, ՎՔՎՆ-ի երկրորդային ամպի պարամետրերը կրճատելն է:
23. Թմբապատման իրականացման աշխատանքները կատարվում են ինժեներական ստորաբաժանումների կողմից: Հիմնական ջանքերը կենտրոնացվում են ՎՔՎՆ-ի տարածման ամենաինտենսիվ ուղղության վրա, ինչպես նաև դեպի ջրամբարներ (ջրաղբյուրներ) տանող հատվածներում:
24. Թմբապատման իրականացման տեխնոլոգիան որոշվում է ելնելով թափված նյութի քանակից և աշխատանքների կատարման պայմաններից, մոտակայքում թմբապատման համար անհրաժեշտ գրունտի վերցման հնարավորությունից, եղանակային պայմաններից (տարվա եղանակից):
25. Թափման վայրի անմիջական մոտակայքից գրունտ վերցնելու հնարավորության դեպքում թմբապատման իրականացման տեխնոլոգիան ներառում է հետևյալ գործողությունները`
1) թմբապատման ուղղության և պարամետրերի ընտրում.
2) թմբապատման ճակատի նշում.
3) աշխատանքային տեղամասում տեխնիկայի տեղաբաշխում.
4) թմբապատում.
5) գրունտի ամրացում։
26. Իրավիճակից կախված` թմբապատումն իրականացվում է արտահոսքի ամբողջ երկայնքով կամ միայն տականի ճեղքված մասի ուղղությամբ։ Ստեղծվում է գրունտային լցոն այնպիսի բարձրությամբ, որը բավարար կլինի ՎՔՎՆ-ի տարածումն արգելափակելու համար։
27. Արտահոսքի անմիջական հարևանությամբ գրունտ վերցնելու անհնարինության դեպքում տրվում են անհրաժեշտ քանակի մեքենաներ (ինքնաթափեր)` վերցման վայրից գրունտի տեղափոխման համար, և էքսկավատոր` գրունտի բարձման համար։
28. Աշխատանքներն իրականացվում են տվյալ ՎՔՎՆ-ին համապատասխան անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ։
IV. ՎՔՎՆ-Ի ՀԵՂՈՒԿ ՖԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ` ԿԼԱՆՈՂ ՓՈՍԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
29. Կլանող փոսերում ՎՔՎՆԻ-ի հեղուկ ֆազի հավաքումն իրականացվում է երկրորդ, երրորդ և չորրորդ տիպի քիմիական իրադրության դեպքում, արտահոսքի կանխման, վարակման մակերեսի կրճատման և գոլորշիացման ինտենսիվությունը կրճատելու նպատակով։ Այդ աշխատանքները կատարվում են ինժեներական ստորաբաժանումների կողմից։
30. Աշխատանքային վայրում տեղազննման իրականացման ժամանակ վթարային օբյեկտի ներկայացուցիչների հետ ստորաբաժանումների հրամանատարները ճշտում են ՎՔՎՆ-ի արտահոսքի վայրը և հոսքի ուղղությունը, աշխատանքների իրականացման պայմանները, աշխատավայրին մոտենալու ուղիները, կլանող փոսերի ծավալը, անվտանգության միջոցառումները։
31. Կլանող փոսերի պատրաստման համար տեխնոլոգիական պրոցեսը ներառում է հետևյալ գործողությունները`
1) կլանող փոսերի փորման վայրի ընտրություն.
2) կլանող փոսերի տեղանշում.
3) մեքենաների տեղակայում.
4) կլանող փոսերի փորում.
5) հաղորդակից ակոսների փորում։
32. Կլանող փոսերի փորումն իրականացվում է էքսկավատորով կամ մղանով, արտահոսքի վայրից ինժեներական տեխնիկայի օգտագործման համար անվտանգ հեռավորության վրա։ Կլանող փոսերի ծավալը պետք է 5-10% գերազանցի արտահոսող ՎՔՎՆ-ի ծավալը, ՎՔՎՆ-ի գոլորշիացման մակերեսի կրճատման նպատակով կլանող փոսերի հորիզոնական կտրվածքը տվյալ ծավալի համար պետք է լինի նվազագույնը։
33. Սկզբում փորվում է կլանող փոսը, հետո արտահոսող նյութի հետ միացման ակոսները։ Կլանող փոսի փորման վայրի ընտրությունը կատարվում է այնպես, որ ապահովվի ՎՔՎՆ-ի ինքնահոս հոսքը դեպի կլանող փոսը։
V. ՀՈՍՈՒՆ ՍՈՐԲԵՆՏՆԵՐՈՎ ՎՔՎՆ-Ի ԱՐՏԱՀՈՍՔԻ ԾԱԾԿՈՒՄԸ
34. Հոսուն սորբենտներով ՎՔՎՆ-ի արտահոսքի ծածկումն իրականացվում է երկրորդ, երրորդ և չորրորդ տիպի քիմիական իրադրության դեպքում` ՎՔՎՆ-ի գոլորշիացման ինտենսիվության նվազեցման նպատակով: Արտահոսած ՎՔՎՆ-Ն ծածկելու (կլանելու) համար օգտագործվում է ավազ, ծակոտկեն գրունտ, շլակ, կերամզիտ։ Աշխատանքներն իրականացվում են ինժեներական և տրանսպորտային ծառայությունների ուժերով։ Սորբենտի տեղափոխման նպատակով առանձնացվում են մեքենաներ և էքսկավատոր` մեքենաները բարձելու համար։
35. Ծածկման աշխատանքներն իրականացվում են վերգետնյա քամու ուղղությամբ, արտահոսքի կողմնամասերից դեպի կենտրոն։
36. Արտահոսքի հայելու մակերեսի վրա ծածկող շերտի հաստությունը պետք է կազմի 15սմ-ից ոչ պակաս, որը հավասար է ՎՔՎՆ-ի 1 տոննային` 3-4 տոննա սորբենտի ծախսի:
37. Արտահոսքի անմիջական հարևանությամբ աշխատող մեքենաների հաշվարկներն ապահովվում են մեկուսացնող տիպի անհատական պաշտպանության միջոցներով։
38. Ագրեսիվ ՎՔՎՆ-ի ծածկման ժամանակ իրականացվում են արտահոսքի վրայով անիվային մեքենաների երթի կանխարգելման գործողություններ` մեքենաների ռեզինե անվադողերի քայքայումը կանխարգելելու նպատակով։ Դրա համար տեղադրվում են տակդիրներ կամ սորբենտն արտահոսքի վրա տրվում է փոխադրիչի միջոցով։
VI. ԱՐՏԱՀՈՍԱԾ ՎՔՎՆ-Ի ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ ՓՐՓՈՒՐԻ ՇԵՐՏՈՎ, ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԹԱՂԱՆԹՆԵՐԻ ԵՎ ԼՈՂԱՑՈՂ ԷԿՐԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
39. Փրփուրի շերտով, պոլիէթիլենային թաղանթներով և լողացող էկրաններով ՎՔՎՆ-ի արտահոսքի ծածկումը կատարվում է երկրորդ և երրորդ տիպի քիմիական իրադրությունների ժամանակ` տակդիրից կամ թմբապատից հրդեհապայթյունավտանգ կամ ագրեսիվ ՎՔՎՆ-ի արտահոսքի դեպքում, գոլորշիացման ինտենսիվության նվազեցման նպատակով:
40. Փրփրապատման միջոցով արտահոսքի տեղայնացումն իրականացվում է հրշեջ ստորաբաժանումների կողմից` վթարային օբյեկտի մասնագետների հետ համատեղ։
41. Փրփրապատմամբ արտահոսքի տեղայնացման տեխնոլոգիան ներառում է`
1) փրփրագեներատոր մեքենաների տեղակայման հարթակի ընտրությունը և նախապատրաստումը.
2) փրփրագեներատոր մեքենաների նախապատրաստումն աշխատանքի.
3) արտահոսքի փրփրապատումը։
42. Փրփրագեներատորները տեղակայվում են քամու ուղղությամբ, արտահոսքի սահմանից 10-20մ հեռավորության վրա: Փրփուրը տրվում է արտահոսքի անմիջական դիմացը գտնվող հարթակի վրա և անդրադարձմամբ ծածկում է արտահոսքի մակերեսը կամ արտահոսքի հետնամասում տեղադրված անդրադարձիչի վրա, որի վրայից հոսելով ծածկում է արտահոսքի հայելին:
43. Փրփուրի հաստությունը պետք է լինի 15սմ-ից ոչ պակաս։ Անհրաժեշտության դեպքում տրվում է փրփուրի երկրորդ շերտը։ Փրփրագոյացնող նյութը պետք է լինի ՎՔՎՆ-ի նկատմամբ չեզոք։ Փրփրապատումն իրականացվում է 5/մվրկ-ից ոչ ավելի քամու արագության դեպքում։
44. Փոքր չափերի արտահոսքի կամ կլանիչ փոսերի մեջ հեղուկ ֆազի հավաքվելու դեպքում տեղայնացումը կարող է իրականացվել արտահոսքի հայելին պոլիէթիլենային թաղանթի 1-2 շերտով ծածկելու միջոցով։ Թաղանթի չափերը պետք է 10-15% գերազանցեն արտահոսքի մակերեսը։ Թաղանթի ծայրերը պետք է կիպ ծածկեն ՎՔՎՆ-ի հեղուկ ֆազի հայելին։ Թաղանթի ծայրերն ամուր ամրացվում են:
45. Այս գործողություններն իրականացնում են ՌՔԿ-ի պաշտպանության ստորաբաժանումները։
46. Մակերեսի արտահոսքի էկրանավորումը կարող է իրականացվել տվյալ ՎՔՎՆ-ի համար չեզոք նյութերով (թեփեր, տաշեղներ, պոլիմերային հատիկներ)։ Շերտի հաստությունը պետք է լինի այնքան, որքան հոսող սորբենտներով ծածկելու ժամանակ։
VII. ՎՔՎՆ-Ի ԱՐՏԱՀՈՍՔԻ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ` ՉԵԶՈՔԱՑՆՈՂ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐՈՎ ԵՎ ՋՐՈՒՄ ԼՈՒԾԵԼՈՎ
47. Ջրում արտահոսքի լուծումն իրականացվում է երկրորդ, երրորդ և չորրորդ տիպի քիմիական իրադրության արտակարգ իրավիճակների դեպքում` ջրում լավ լուծվող ՎՔՎՆ-ի (հեղուկ ամոնիակ, էթիլենի օքսիդ, քլորաջրածին և այլն) արտահոսքի ժամանակ: Ջրում լուծվող ՎՔՎՆ-ի արտահոսքը չեզոքացվում է համապատասխան չեզոքացնող լուծիչների միջոցով: Այս ձևը կիրառվում է ՎՔՎՆ-ի դեպի թմբապատ կամ տական արտահոսքի ժամանակ, երբ ՎՔՎՆ-ի ծավալի ավելացման դեպքում նրա դուրս հոսելը (թափվելը) բացառվում է:
48. Տականի (թմբապատի) ոչ բավարար տարողության դեպքում իրականացվում է լրացուցիչ թմբապատում։
49. Այս գործողություններն իրականացնում են ՌՔԿ-ի պաշտպանության ստորաբաժանումները:
50. Հրշեջ և ավտոլցավորող մեքենաները տեղակայվում են քամու ուղղությամբ։ Ջուրը (չեզոքացնող լուծույթը) տրվում է ՎՔՎՆ-ի կողմնամասերից դեպի կենտրոն։ Տալու ինտենսիվությունը պետք է բացառի ՎՔՎՆ-ի հեղուկ ֆազի բուռն եռումը և ցայտումը։
51. Ցածր եռման ջերմաստիճան ունեցող ՎՔՎՆ-ի լուծման պրոցեսում ինտենսիվ գոլորշիացման սպառնալիքի դեպքում ամպի դիմաց դրվում է լրացուցիչ ջրային վարագույր։
VIII. ՉԵԶՈՔԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐՈՎ ԵՎ ՋՐՈՎ ՎՔՎՆ-Ի ԱՐՏԱՀՈՍՔԻ ԳԱԶԱԶԵՐԾՈՒՄԸ (ՉԵԶՈՔԱՑՈՒՄԸ)
52. Այս գործողություններն իրականացնում են ՌՔԿ-ի պաշտպանության ստորաբաժանումները։
53. Չեզոքացնող նյութերով և ջրով ցածր եռման ջերմաստիճան ունեցող ՎՔՎՆ-ի արտահոսքի գազազերծումը (չեզոքացումը) իրականացվում է երկրորդ և երրորդ աստիճանի քիմիական իրադրության արտակարգ իրավիճակների դեպքում։
54. Գազազերծումն իրականացվում է ՌՔԿ-ի պաշտպանության ստորաբաժանումների ուժերով։ Լրացուցիչ թմբապատման անհրաժեշտության դեպքում ներգրավվում են ինժեներական և տրանսպորտային ստորաբաժանումները։ Աշխատանքները կատարվում են վթարային օբյեկտի մասնագետների և հատուկ ստորաբաժանումների հետ համագործակցության միջոցով։
55. Քիմիական մեքենաների քանակը և դրանց հերթափոխումը, էշելոնացումը պետք է ապահովի արտահոսքի ամբողջ մակերեսի չեզոքացման պրոցեսի անընդհատությունը։ Լուծույթի պատրաստման համար անհրաժեշտ մեքենաների քանակի հաշվարկն իրականացնելիս` հաշվի են առնվում չեզոքացնող նյութի տեսակը և լուծույթի պատրաստման համար անհրաժեշտ ժամանակը։
56. Վարակազերծման տեխնոլոգիան որոշվում է ելնելով ՎՔՎՆ-ի տեսակից։ Հեղուկ քլորի արտահոսքի գազազերծումն իրականացվում է կոմպլեքս ձևով` կատարվում է արտահոսքի կողմնամասերից դեպի կենտրոն հեղուկ քլորի ջրով լուծում, միաժամանակ իրականացվում է արտահոսքի մակերեսի ոռոգումը կծու նատրոնի 10% լուծույթով։ Արտահոսքից քամու հակառակ ուղղության վրա տեղադրվում է 10-25% ամոնիակաջրի ջրային վարագույր։ Պայթյունավտանգ նյութի (եռաքլոր ազոտի) առաջացումը կանխելու նպատակով վարագույրը տեղադրվում է այնպես, որ բացառվի ամոնիակաջրի և հեղուկ քլորի խառնվելը։ Հեղուկ քլորի չեզոքացման համար ամոնիակաջրի օգտագործումը թույլատրվում է միայն քլորի ջրում լուծվելուց հետո, երբ դադարում է արտահոսքի մակերեսից գազ քլորի անջատումը։
57. Հեղուկ ամոնիակի արտահոսքի չեզոքացումը նույնպես իրականացվում է համալիր կերպով` արտահոսքը ջրի շիթով լուծելուց հետ միաժամանակ իրականացվում է փոշիացված ջրով մակերեսի հայելու ոռոգում և քամու հակառակ ուղղության վրա տեղադրվում է ջրային վարագույր։ Ջրային վարագույրի տեղադրման համար կարող են օգտագործվել նաև ծծմբական, շավելային (թրթնջաթթու) թթուների կամ քացախաթթվի 5-10% ջրային լուծույթներ։
IX. ՎՔՎՆ-Ի ԱՐՏԱՀՈՍՔԻ ԳԱԶԱԶԵՐԾՈՒՄԸ (ՉԵԶՈՔԱՑՈՒՄԸ)` ՊԻՆԴ ՀՈՍՈՒՆ ՉԵԶՈՔԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ
58. Պինդ հոսուն նյութերի օգտագործմամբ ՎՔՎՆ-ի արտահոսքի գազազերծումը (չեզոքացումը) իրականացվում է երկրորդ, երրորդ և չորրորդ տիպի քիմիական իրադրության արտակարգ իրավիճակների ժամանակ։ Այս ձևը կիրառվում է քամու հանդիպակաց ուղղությամբ ջրային կամ ջրային վարագույրերի տեղադրման և արտահոսքի ջրով լուծման գործողությունների հետ համատեղ։
59. Որպես հոսուն չեզոքացնող նյութեր կարող են օգտագործվել կալցինացված սոդան, կրաքարը, դոլոմիտը, արտադրական հիմնային թափոնները, ԴՏՍ-ԳԿ-ն։
60. Աշխատանքներն իրականացնում են ՌՔԿ պաշտպանության ստորաբաժանումները, ինժեներական և տրանսպորտային ծառայությունները։
61. Չեզոքացնող նյութերով ծածկումն իրականացվում է չափաբաժիններով, քամու ուղղությամբ, օգտագործելով ինքնաթափեր, կովշային էքսկավատորներ կամ լենտային փոխադրիչներ։ Ագրեսիվ ՎՔՎՆ-ի ծածկման ժամանակ անիվային մեքենաների երթևեկությունն արտահոսքի վրա արգելվում է։ Չեզոքացնող նյութի թափման համար պատրաստվում են հարթակներ։
62. Կախված ՎՔՎՆ-ի տեսակից, արտահոսքի չափերից և տեղանքից` չեզոքացնող նյութերով արտահոսքի ծածկումը տեղի է ունենում ջրում լուծելուց հետո կամ միաժամանակ։
63. Թթվային բնույթի ՎՔՎՆ-ի արտահոսքի վարակազերծման լիարժեքությունը որոշում են շարժական քիմիական լաբորատորիան կամ համապատասխան սարքերով հագեցված քիմիական հետախուզման խմբերը։
X. ՎՔՎՆ-Ի ԱՐՏԱՀՈՍՔԻ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ (ԳԱԶԱԶԵՐԾՈՒՄԸ)` ՀԵՂՈՒԿ ՖԱԶԻ ՊՆԴԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ
64. Շրջակա միջավայրի ջերմաստիճանին մոտ կամ ցածր եռման ջերմաստիճան ունեցող ՎՔՎՆ-ի արտահոսքի տեղայնացումը և գազազերծումը հեղուկ ֆազայի պնդացման միջոցով իրականացվում է երկրորդ և երրորդ տիպի քիմիական իրադրության արտակարգ իրավիճակների ժամանակ` ՎՔՎՆ-ի եռման և գոլորշիացման ինտենսիվությունը կանխելու նպատակով։ Աշխատանքներն իրականացնում են ՌՔԿ-ի պաշտպանության ստորաբաժանումները:
65. ՎՔՎՆ-ի հնարավոր ամպի չեզոքացման և վարակազերծման նպատակով արտահոսքի պնդացումն իրականացվում է քամու ուղղությամբ` ջրային վարագույրի տեղադրման հետ միաժամանակ:
66. Որպես պնդացնող նյութեր օգտագործվում են`
1) ազոտ պարունակող ՎՔՎՆ-ի (հիդրազին և նրա ածանցյալները) պնդացման համար օգտագործվում է «Նավոդիտ» պրեպարատի լուծույթը (465 լ ջուր, 163 կգ մագնիումի քլորիդ, 372 կգ ցինկի քլորիդ).
2) հալոգենաածխաջրածնային և ծծմբաածխաջրածնային ՎՔՎՆ-ի արտահոսքի պնդացման համար օգտագործվում են լիթիումի կամ կալիումի ալկիլոսիբորատ։
67. Լուծույթը տրվում է արտահոսքի կողմնամասից դեպի կենտրոն, մեկ ծավալ արտահոսքին 2-2.5 ծավալ պնդացնող նյութի հաշվարկով: Պնդացումից հետո իրականացվում է վարակազերծող լուծույթով մշակման միջոցով արտահոսքի չեզոքացում:
68. Վարակազերծման (չեզոքացման) արդյունքում ստացված նյութերը հավաքվում են կամ մղվում են հատուկ տարողությունները և տեղափոխվում ուտիլիզացման վայր:
XI. ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՎԹԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
69. Քիմիական հետախուզական խմբի գործողությունները`
1) վթարի օջախի և քիմիական վարակման գոտու հետախուզումն իրականացվում են ՌՔԿ-ի պաշտպանության ստորաբաժանումների, փրկարարական ուժերի և քաղաքացիական պաշտպանության հետախուզական խմբերի կողմից.
2) քիմիական հետախուզական խումբը (ՔՀԽ) քիմիական վթարների դեպքում կարող է իրականացնել հետախուզում` վթարի օջախում (շրջանում), քիմիական վարակվածության մեկ ուղղության (երթուղու) վրա, քիմիական վարակվածության տիրույթում և սահմանագծում, մեկ օրվա ընթացքում մինչև 100 կմ2 վարակված տարածքում։ Բացի դրանից, հետախուզական խումբը կարող է իրականացնել տարածքի, ճանապարհների, շինությունների, անձնակազմի, բնակչության, տեխնիկայի, նյութական արժեքների վարակվածության աստիճանի ստուգում և հսկողություն.
3) խմբի գործողությունները ներառում են`
ա. քիմիական հետախուզական մեքենայի նախապատրաստումն աշխատանքի,
բ. երթևեկությունը դեպի հետախուզության ելակետային վայր,
գ. քիմիական վարակվածության օջախում և ուղղությունում հետախուզության իրականացում,
դ. քիմիական վարակվածության առկայության և սահմանների հայտնաբերում, նշագծում,
ե. ՎՔՎՆ-ի տեսակի պարզաբանում և նմուշառում,
զ. աշխատանքային քարտեզի վրա հետախուզության տվյալների անցկացում,
է. վերադասին տվյալների փոխանցում,
ը. հավաքակայան ժամանում,
թ. մասնակի (լրիվ) սանիտարական մշակման իրականացում։
70. Վթարի օջախում քիմիական հետախուզության իրականացումը`
1) վթարի օջախում քիմիական հետախուզության իրականացումը ներառում է ՎՔՎՆ-ի առկայության, օդում ՎՔՎՆ-ի կոնցենտրացիայի, տարբեր մակերևույթների վարակվածության խտության որոշումը, արտահոսքից և վարակված մակերեսներից նմուշառումը։ Այդ աշխատանքների իրականացման համար քիմիական հետախուզման խումբը վթարի օջախում, որպես կանոն, գործում է հետիոտն և պետք է ապահովված լինի մեկուսացնող անհատական պաշտպանության միջոցներով, ինչպես նաև քիմիական հետախուզման սարքերով (ՊՊԽՌ, ՎՊԽՌ) կամ օդի և ՎՔՎՆ-ի արտահոսքի նմուշառման համար միջոցներով, անհրաժեշտ քանակի ինդիկատորային խողովակներով ապահովված գազասիգնալիզատորներով (ՈՒԳ-1, ՈՒԳ-2).
2) վթարի օջախում քիմիական հետախուզություն իրականացնող խումբը ոչ մեծ շինություններում ՎՔՎՆ-ի առկայությունը որոշում է յուրաքանչյուր 20-30 մետր, իսկ մեծ շինություններում յուրաքանչյուր 10-15 մետր հեռավորության վրա։ Ուշադրություն է դարձվում ՎՔՎՆ-ի հնարավոր կուտակման վայրերի վրա (նկուղային հարկեր, վատ օդափոխվող տարածքներ)։ Օդի նմուշառումն իրականացվում է ՈԻՆԹՆ-ի առկայության որոշման վայրում, ՎՔՎՆ-ի նմուշը վերցվում է արտահոսքի վայրից։ Կատարվում է սարքավորումների մակերեսներից, պատերից և հատակից լվացող հոսքի նմուշառում։ Վթարային օբյեկտի տարածքում իրականացվում է գրունտի նմուշառում.
3) քիմիական վթարի օջախի հետախուզման ժամանակ, ՎՔՎՆ-ի մեծ մասի հրդեհապայթյունավտանգ լինելու պատճառով, շրջափակման հաստիքային նշանները (ԿԶՕ) որպես կանոն չեն օգտագործվում։ Քիմիական վթարի օջախում քիմիական վարակման գոտիների նշման համար օգտագործվում են ձեռքի տակ եղած հնարավորությունները (կավիճով նշումներ, պաստառների տեղադրում և այլն).
4) վերցված նմուշների մշակումն իրականացվում է քիմիական վարակման գոտուց դուրս, քիմիական լաբորատորիաներում.
5) քիմիական հետախուզման ժամանակ հետախուզական խմբի հրամանատարը (պետը) ղեկավարում է քիմիկ-հետախույզների գործողությունները, հետևում անվտանգության կանոնների պահպանմանը, մշտական կապ պահպանում վերադասի հետ, զեկուցում հետախուզության տվյալները.
6) հետախուզություն կարող է իրականացվել նաև մեքենայացված տեխնիկական միջոցներով (ճառագայթային և քիմիական հետախուզման զրահափոխադրիչներ, մեքենաներ և այլն)։ Քիմիական վարակվածության դեպքում ուղղության (երթուղու) հետախուզումն իրականացվում է մինչև 12 կմ/ժ արագությամբ.
7) քիմիական վարակվածության գոտու հետախուզման ժամանակ հետախուզական մեքենայով շարժվող խումբը հետախուզում է տրված ուղղությունը (երթուղին)` որոշելով ՎՔՎՆ-ի առկայությունը, իրականացնելով չափումներ` յուրաքանչյուր 200-500 մ մեկ, կետերում, որոնք ունեն բնորոշ օրենտիրներ.
8) շրջափակման նշանները տեղադրվում են ՎՔՎՆ-ի տարածման սահմանների վրա` նշելով ՎՔՎՆ-ի տեսակը։ Քիմիական վարակման սահմանները նշելուց շրջափակման նշանները տեղադրվում են ՎՔՎՆ-ի հայտնաբերման կետից դեպի դուրս, 250-300 մ հեռավորության վրա.
9) հետախուզման իրականացման ընթացքում խմբի հրամանատարը քարտեզի (սխեմայի) վրա նշում է քիմիական վարակման հայտնաբերման կետերը և ՎՔՎՆ-ի տեսակը.
10) շրջանի հետախուզման ժամանակ խումբը շարժվում է տրված ուղղությամբ (երթուղով)։ Հետախուզական մեքենայի համար դժվարանցանելի տարածքների հետախուզումն իրականացվում է հետիոտն։ Այդ դեպքում հրամանատարը գործում է հետիոտն խմբի կազմում, մեքենայում գտնվող վարորդը հետևում է հրամանատարի ազդանշաններին և կապ պաշտպանում վերադասի հետ.
11) քիմիական դիտարկման համար առանձնացված քիմիական հետախուզական խումբը կազմում է քիմիական դիտարկման կետ.
12) որպես քիմիական դիտարկման կետ հետախուզական խումբն իրականացնում է հետևյալ գործողությունները`
ա. ժամանում դիտարկման վայր,
բ. քիմիական դիտարկման կետի կահավորում (անհրաժեշտության դեպքում),
գ. ճառագայթային, քիմիական և օդերևութաբանական դիտարկման իրականացում,
դ. քիմիական վարակման վերաբերյալ ուժերի և բնակչության ազդարարում,
ե. վարակման սահմանների նշում,
զ. օդի ՎՔՎՆ-ով վարակվածության աստիճանի ստուգում,
է. օդի, ջրի, հողի, բուսականության նմուշառում և տեղափոխում լաբորատորիա.
13) քիմիական դիտարկում իրականացնող հետախույզը, հանձնարարություն ստանալուց հետո մեկնում է դիտակետ, տրված շրջանի նկատմամբ իրականացնում անընդհատ դիտարկում, նշված ժամանակին միացնում սարքերը և հետևում ցուցմունքներին, իրականացնում օդերևութաբանական դիտարկում.
14) քիմիական սպառնալիքի կամ վարակվածության հայտնաբերման ժամանակ հետախուզական խմբի հրամանատարը (դիտորդը) տալիս է «քիմիական տագնապ» ազդանշանը և զեկուցում է վերադասին.
15) ազդարարումից հետո դիտորդն անհատական պաշտպանության միջոցները բերում է աշխատանքային վիճակի (հագնում է), որոշում է ՎՔՎՆ-ի տեսակը և զեկուցում հրամանատարին։ Օդերևութաբանական վիճակի կտրուկ փոփոխության դեպքում իրականացնում է արտահերթ օդերևութաբանական դիտարկում.
16) փոխարինողին տեղեկացնում է դիտարկման արդյունքների մասին, նշում է, թե ինչին պետք է առավել ուշադրություն դարձնել, հանձնում քիմիական հետախուզման սարքերը.
17) քիմիական դիտարկման կետի տեղափոխությունն իրականացվում է վերադասի կողմից։ Դեպի նոր շրջան տեղափոխվելիս` հետախուզական խումբն իրականացնում է երթուղու քիմիական դիտարկում։ Նշված վայր ժամանումից անմիջապես հետո խմբի հրամանատարը ճշտում է քիմիական դիտարկման կետի գտնվելու վայրը և կազմակերպում դիտարկումը:
XII. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ, ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
71. Քիմիական վթարների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած փրկարարական, վթարավերականգնողական ուժերի անձնակազմը, տեխնիկան և քիմիական վարակման ենթարկված բնակչությունը վարակման գոտուց դուրս գալուց անմիջապես հետո ենթարկվում են հատուկ մշակման, որն իրականացվում է տեխնիկայի, սարքավորումների և անհատական պաշտպանության միջոցների քիմիական վարակվածության վերացման կամ վարակվածության խտությունը մինչև անվտանգ չափերի հասցնելու նպատակով: Հատուկ մշակումն իրականացվում է վթարի հետևանքների վերացման աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումների կողմից: Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև անձնակազմի և բնակչության սանիտարական մշակում:
72. Ստորաբաժանումների հատուկ մշակման և անձնակազմի ու բնակչության սանիտարական մշակման իրականացման համար ծավալվում է հատուկ մշակման շրջան, որը որպես կանոն ծավալվում է չվարակված տարածքում, ստորաբաժանումների վարակման գոտուց դուրս գալու երթուղիների վրա, ինչպես նաև բնակչության տարահանման երթուղիների վրա տեղաբաշխված անցակետերի մոտ:
73. Հատուկ մշակման շրջանն ընդգրկում է`
1) մշակման ենթակա ստորաբաժանումների հավաքման և սպասեցման շրջան.
2) հատուկ մշակման մեկ կամ մի քանի կետեր.
3) սանիտարական մշակման կետ.
4) տեխնիկայի կայանատեղ (բնական գազազերծման համար), որոնք չեն ենթարկվել լիարժեք գազազերծման:
74. Հատուկ մշակման կետը (կետերը) և սպասեցման շրջանը նախատեսված են ստորաբաժանումներին հատուկ մշակման նախապատրաստման ենթարկելու և հերթադրման համար: Կախված իրավիճակից` սպասեցման շրջանը հատուկ մշակման կետից (կետերից) պետք է գտնվի 1-5կմ հեռավորության վրա:
75. Հատուկ մշակման կետ-տարածքի հատված, որի վրա ծավալվում են վթարների հետևանքների վերացման ստորաբաժանումները` տեխնիկայի, սարքավորումների և հանդերձանքի գազազերծման իրականացման համար:
76. Հատուկ մշակման կետում ծավալվում են`
1) հսկիչ-տեղաբաշխիչ կետ.
2) տեխնիկայի մշակման հարթակ.
3) սարքերի և գործիքների մշակման հարթակ (անհրաժեշտության դեպքում).
4) անհատական պաշտպանության միջոցների և հանդերձանքի գազազերծման հարթակ.
5) հրամանատարադիտարկման կետ:
77. Հսկիչ-տեղաբաշխիչ կետը տեղաբաշխվում է հատուկ մշակման հարթակից 0.5-1կմ հեռավորության վրա` տեխնիկայի և անձնակազմի վարակվածության որոշման համար:
78. Տեխնիկայի մշակման հարթակը ծավալվում է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության կամ հրշեջ ստորաբաժանումների կողմից: Գազազերծումն իրականացվում է ջերմային մեքենաների (ՏՄՍ-65), ավտոլցավորող մեքենաների (ԱՌՍ-15) և հրշեջ մեքենաների միջոցով:
79. Ջերմային մեքենաների (ՏՄՍ-65) միջոցով գազազերծումն իրականացվում է գազակաթիլային հոսքի միջոցով, որի ջերմաստիճանը շրջակա միջավայրի ջերմաստիճանից զգալիորեն բարձր է կամ տաք օդային հոսքի միջոցով: Ավտոլցավորող մեքենաների (ԱՌՍ-15) և հրշեջ մեքենաների միջոցով գազազերծումն իրականացվում է վարակված մակերեսները ջրով կամ ապաակտիվացնող լուծույթներով լվանալով:
80. Սարքերի և գործիքների մշակման հարթակը (անհրաժեշտության դեպքում) ծավալվում է ՌՔԿ-ի պաշտպանության ստորաբաժանումների կողմից: Այդ նպատակով հարթակում ծավալվում են ավտոլցավորող մեքենան (ԱՌՍ-15) կամ ԴԿՎ-1 կոմպլեկտը: Սարքերի գազազերծումն իրականացվում է խոզանակների և թրջոցների միջոցով:
81. Անհատական պաշտպանության միջոցների և հանդերձանքի գազազերծման հարթակը ծավալվում է հատուկ մշակման ստորաբաժանումների կողմից:
82. Գազազերծումն իրականացվում է էքստրակցիոն ավտոմոբիլային կայանների (ԷՊԱՍ) միջոցով:
83. ԷՊԱՍ-ի կայանով իրականացվում է անհատական պաշտպանության միջոցների և հանդերձանքի (հագուստի) գազազերծում:
84. Սանիտարական մշակման կետերը ծավալվում են հատուկ մշակման ստորաբաժանումների կողմից, որոնք ունեն ցնցուղային-գազազերծող համակարգ (ԴԴԱ-66; 64; 53Ա):
85. Գազազերծումը (սանիտարական մշակումը) կարող է լինել մասնակի կամ լրիվ: Մասնակի գազազերծումն իրականացվում է ժամանակի սղության կամ հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում: Գազազերծվում են տեխնիկայի այն հատվածները, որոնք կարող են շփվել մարդկանց մաշկի հետ:
86. Գազազերծման (սանիտարական մշակման) աշխատանքներն իրականացվում են այնպես, որ չխոչընդոտեն ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարման ընթացքին:
(հավելվածը լրաց., փոփ. 23.10.13 N 1179-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |