Գլխավոր տեղեկություն
Номер
N 617-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 28.04.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2020
Дата вступления в силу
29.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 23 ապրիլի 2020 թվականի N 617-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Խ-513-12.03.2020-ՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 27

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-513-12.03.2020-ՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ

 

Նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության նկատառումները հանգում են հետևյալին.

1. Նախ ընդունելի չէ այն մոտեցումը, որ նախագծով առաջարկվում է փաստաբանի գործունեությանը միջամտելու և նրան սպառնալու համար նախատեսել քրեաիրավական ներգործության միևնույն միջոցները։ Բանն այն է, որ քրեական օրենսդրությամբ որևէ հանցագործության համար պատժի տեսակ և չափ որոշելիս, ի թիվս այլնի, հաշվի է առնվում հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և վերջինիս բնույթը։ Սպառնալը և միջամտելը բնութագրվում են որպես հանրային վտանգավորության տարբեր աստիճան և բնույթ ունեցող արարքներ։ Հետևաբար, անհրաժեշտ է այս արարքների համար օրենսգրքում նախատեսել տարբեր սանկցիաներ։ Հարցի վերաբերյալ տրամաբանորեն համանման մոտեցում է դրսևորվել օրենսգրքում և քրեական նոր օրենսգրքի նախագծում։

2․ Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել փաստաբանին սպառնալու համար՝ չհստակեցնելով, թե սպառնալիքի կոնկրետ որ դրսևորումների դեպքում է վրա հասնում քրեական պատասխանատվությունը։ Կարծում ենք՝ անհրաժեշտ է ապահովել իրավական որոշակիությունը, քանի որ նման ձևակերպումը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ՝ անհարկի ընդլայնելով այս նորմի կիրառման տիրույթը։ Այս առումով առավել ընդունելի է քրեական նոր օրենսգրքի նախագծում առկա ձևակերպումը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսված որոշակի խումբ անձանց (այդ թվում՝ փաստաբանի) մասին արատավորող կամ վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի համար։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է պատասխանատվություն նախատեսել դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին սպառնալու համար, որպեսզի ապահովվի վարույթի քննարկվող սուբյեկտների իրավունքների հավասար պաշտպանությունը։ Բացի այդ, կարծում ենք՝ սպառնալիքը կարող է ուղղված լինել ոչ միայն վերոնշյալ անձանց, այլ նաև՝ վերջիններիս մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող անձի նկատմամբ։ Այսպիսով՝ անհրաժեշտ է պատասխանատվություն նախատեսել նաև վերջիններիս դեմ ուղղված սպառնալիքի համար։

3․ Ինչ վերաբերում է զրպարտության կամ վիրավորանք հասցնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելուն, ապա հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577(2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ: Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում, վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը1:

Վեհաժողովը նաև հստակ մոտեցում որդեգրեց առ այն, որ զրպարտության համար ազատազրկումը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի: Կոչ արվեց անդամ պետություններին`

 - անհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահմանված ազատազրկումը,

 - սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով այնպես, որ պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի,

 - ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ:

Հիշյալ բանաձևում ընդգծվեց նաև, որ հանրային շահից բխող հայտարարությունները, եթե նույնիսկ ապացուցվում է դրանց ոչ ճշմարիտ լինելը, չպետք է լինեն պատժելի, եթե դրանք կատարվել են առանց դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացության, առանց վնաս պատճառելու դիտավորության, և դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր են գործադրվել:

Այս բանաձևի ընդունումից հետո Եվրախորհրդի անդամ շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը, նախաձեռնեցին համապատասխան օրենսդրական փոփոխություններ` վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ (2010 թ. մայիսի 18-ի ՀՕ-98-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քր. օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված ՀՕ-97-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվեց նաև 1087.1-ին հոդվածով):

Զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ թե՛ մեր երկրում և թե՛ եվրոպական մի շարք երկրներում վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունների ու նոր իրավակարգավորման հիմնական տրամաբանությունը հենվում է ոչ թե մեղավորության կանխավարկածի վրա (նախատեսել պատիժ` արարքի համար), այլ անմեղության կանխավարկածի վրա (երաշխավորել անձի անմեղությունը` վերականգնելով նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը)2:

Այնուամենայնիվ, օրենսգիրքը, մասնավորապես՝ 344-րդ հոդվածը, դեռևս նախատեսում է քրեական պատասխանատվություն որոշակի խմբի անձանց նկատմամբ կատարված զրպարտության համար։ Հարկ է նկատել, որ քրեական նոր օրենսգրքի նախագծի հեղինակներն առաջնորդվել են խնդրի միասնական կարգավորման տրամաբանությամբ՝ ապաքրեականացնելով նաև կոնկրետ անձանց դեմ ուղղված զրպարտությունը։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարող ենք արձանագրել, որ զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը պետությունների, այդ թվում՝ ՀՀ-ի քրեական օրենսդրության զարգացման հիմնական միտումներից է։ Հայաստանի Հանրապետությունում անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով: Նախագծով որևէ կերպ չի հիմնավորվել այդ արարքների համար քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցների անարդյունավետ լինելու հանգամանքը։ Այսպիսով, կարծում ենք՝ ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը նախատեսում է բավարար և արդյունավետ մեխանիզմներ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ օրենսգիրքը վիրավորանքի համար պատասխանատվություն նախատեսում է միայն դատարանի՝ որպես անկախ և անաչառ արբիտրի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պարագայում (օրենսգրքի 343-րդ հոդված)՝ պայմանավորված արդարադատության անխոչընդոտ իրականացման անհրաժեշտությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ կատարվելու դեպքում (օրենսգրքի 3322-րդ հոդված), ինչը հիմնավորվում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառութային առաքելության անշեղ իրականացման ապահովման հրամայականով: Մյուսների պարագայում (օրինակ՝ քննիչի, հետաքննության մարմնի աշխատակցի, դատախազի և այլն) վիրավորանքը կամ բացահայտ անհարգալից վերաբերմունքը (եթե, իհարկե, առկա չեն խուլիգանության հանցակազմի հատկանիշներ) ենթակա չեն քրեական պատասխանատվության:

Ըստ էության, նախագծով որևէ կերպ չի հիմնավորվել փաստաբանին վիրավորելու կամ վերջինիս նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար քրեական պատասխանատվություն նախատեսելու անհրաժեշտությունը, այն դեպքում, երբ դատախազի, քննիչի, հետաքննություն կատարող անձի կամ իրավապահ համակարգի այլ առանցքային սուբյեկտների նկատմամբ այդպիսի արարքների կատարումը չի հանգեցնում քրեական պատասխանատվության։

 Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծով ներկայացված կարգավորումները կարող են ընդունելի լինել միայն մեր կողմից ներկայացված վերոնշյալ նկատառումները հաշվի առնելու դեպքում։

 

_____________________

1Parliamentary Assembly of the Council of Europe, Resolution 1577 (2007):

2Տե՛ս ՍԴՈ 997, 15․11․2011։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան