24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 2163-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ «ՌԵՆԵՍԱՆՍ» ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 63-րդ և 65-րդ հոդվածներով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Արման Սահակյանի և Վարտան Սիրմակեսի (այսուհետ միասին՝ ներդրող) կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «Ռենեսանս» թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ներդրումային ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը:
4. Սահմանել, որ՝
1) անշարժ գույքը ներդրողին է տրամադրվում անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերության պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա.
2) պայմանագիրը կնքվում է հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուց հետո 15-օրյա ժամկետում.
3) պայմանագրի անբաժանելի մաս է հանդիսանում ներդրողի կողմից կազմված և սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն համաձայնեցված՝ ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ժամանակացույցն, ըստ ծրագրի իրականացման փուլերի:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել պայմանագրի կնքումը, դրանում ամրագրելով հետևյալ պարտադիր պայմանները.
1) ներդրողը պարտավորվում է՝
ա. անշարժ գույքն օգտագործել բացառապես ներդրումային ծրագրի իրականացման նպատակով,
բ. նախքան ներդրումային ծրագրի մեկնարկն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման N 2 հավելվածում նշված տարածքների ինժեներաերկրաբանական հետազոտություն, շենքերի, շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն, պատմամշակութային արժեքավորության գնահատում և այդ աշխատանքների արդյունքում արված առաջարկությունների իրականացումը ներառել ներդրումային ծրագրում,
գ. հաշվի առնելով ներդրումային ծրագրի համար նախատեսվող տարածքի՝ «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում գտնվելու հանգամանքը՝ նախագծային փաստաթղթերի մշակման փուլում՝ քաղաքաշինական և ճարտարապետական լավագույն լուծումների ընտրության նպատակով, համագործակցել մասնագիտացված կազմակերպությունների և ճարտարապետական հանրության հետ,
դ. պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումից հետո 15-օրյա ժամկետում նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար դիմել Գյումրու համայնքապետարան,
ե. քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի՝ սահմանված կարգով քննարկման ու հաստատման փուլ անցնելուց հետո՝ շինարարության թույլտվություն ստանալուն հաջորդող 10-օրյա ժամկետում, մեկնարկել ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները,
զ. ներդրումային ծրագիրն իրագործել նախատեսված ժամկետում՝ սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ժամանակացույցի համաձայն,
է. ներդրումային ծրագրի ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում թաղամասի սպասարկումն իրականացնելու նպատակով, ընդհանուր օգտագործման տարածքները և սույն որոշման N 2 հավելվածում նշված հողամասերի չկառուցապատված մասը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել համայնքին,
ը. ներդրումային ծրագիրը սահմանված ժամկետում չավարտելու դեպքում պետական բյուջե վճարել 100,000.0 հազ․դրամ տուգանք.
2) պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ներդրողը պատասխանատվություն է կրում օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) ներդրումային ծրագիրը սահմանված ժամկետում ներդրողի կողմից չավարտվելու դեպքում պայմանագիրը լուծվում է, իսկ անշարժ գույքը՝ կատարված բարելավումներով հանդերձ, վերադարձվում է Հայաստանի Հանրապետությանը.
4) պայմանագրի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը վճարվում են ներդրողի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝
1) ապահովել սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն ներդրողի կողմից կազմված ժամանակացույցը շահագրգիռ մարմինների հետ քննարկելու գործընթացը, որից հետո ժամանակացույցի համաձայնեցված տարբերակը ոչ ուշ՝ քան պայմանագրի կնքմանը նախորդող 5 աշխատանքային օր առաջ, տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին.
2) աջակցել Գյումրի համայնքին՝ ներդրումային ծրագրի նախագծային փաստաթղթերի տեխնիկական բնութագրի և նախագծման առաջադրանքի մշակման աշխատանքների իրականացման հարցում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 2163-Ա որոշման |
Ն Ե Ր Դ Ր Ո Ւ Մ Ա Յ Ի Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ «ՌԵՆԵՍԱՆՍ» ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ
1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո Գյումրի քաղաքում իրականացվել են բնակարանային շինարարության ծրագրեր, որոնց շրջանակներում բնակարանները հատկացվել են սեփականության իրավունքով, անհատույց, բայց ոչ ավելի, քան երկրաշարժի հետևանքով ընտանիքի կողմից կորցրած բնակարանի չափով (սենյակների թվով): Այսինքն, բնակարան ստացած ընտանիքների մի մասն ի սկզբանե՝ բնակարան ստանալու պահից, ունի բնակարանային պայմանների բարելավման կարիք:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1658-Ա որոշման շրջանակներում 2019 թվականի ընթացքում իրականացվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված/կառուցված ոչ հիմնական շինությունների փաստագրում: Փաստագրման արդյունքների համաձայն Գյումրի քաղաքում առկա է շուրջ 2800 ոչ հիմնական շինություն (տնակ):
2019 թվականի ընթացքում հավաքագրված տվյալների համաձայն Գյումրի քաղաքում մոտ 100 բազմաբնակարան շենք գտնվում է անբավարար տեխնիկական վիճակում (շենքերն ունեն 3-րդ կամ 4-րդ աստիճանի վնասվածություն):
Բացի այդ, առկա է նաև ձևավորված պետական պարտավորություն՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց, փախստականների, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների անօթևան ընտանիքների նկատմամբ:
Մյուս կողմից, Գյումրիում գոյություն չունի բնակարանային առաջնային շուկա, որը հնարավորություն կընձեռի միջին և բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներին ձեռք բերել բնակարաններ՝ օգտվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված՝ եկամտահարկի վերադարձման հնարավորությունից:
Թվարկված փաստերի վերլուծությունը հնարավորություն է տալիս արձանագրել, որ Գյումրիում առկա է թե անօթևանության, թե բնակարանային պայմանների բարելավման կարիքի բարձր մակարդակ:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «Ռենեսանս» թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը՝ Գյումրի քաղաքում քաղաքաշինական և որակական առումով նոր բնակելի թաղամասի կառուցումն է, որը՝ տնտեսական աշխուժություն և նոր աշխատատեղեր ստեղծելուց, քաղաքի կենտրոնական հատվածի մի մասի քաղաքաշինական միջավայրի համալիր կառուցապատման միջոցով նոր շունչ հաղորդելուց բացի, կներառի թե´ բնակապահովման և թե´ բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն՝ տարբեր եկամուտ ունեցող ընտանիքների համար:
Ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցապատման համար ներդրողին է տրամադրվելու Գյումրի քաղաքի Ղարսի խճուղուն հարող 21.07 հա մակերեսով տարածքը:
Ներդրումային ծրագրի շրջանակներում Ներդրողի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետ է սահմանվում 5 (հինգ) տարի (4 փուլով)՝ այդ աշխատանքների իրականացման համար տրված շինարարության թույլտվությունների տրամադրման պահից:
Ծրագրի նախնական արժեքը կազմում է մոտ 100 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ-ն):
Միայն շինարարության փուլում նախատեսվում է միջինում ստեղծել առնվազն 300 աշխատատեղ (չհաշված մուլտիպլիկատիվ էֆեկտը):
Նախատեսվում է, որ թաղամասում՝ պահպանելով տարածքում առկա պատմամշակութային միջավայրը և հուշարձան հանդիսացող շենքերը, կառուցվելու են ժամանակակից և ավանդական ճարտարապետության համադրությամբ կառուցված բազմաբնակարան շենքեր, որոնց ճակատային 1-ին հարկերը կնախատեսվեն փոքր և միջին բիզնեսին, հասարակական նշանակության հաստատություններին: Թաղամասում կկառուցվեն դպրոց, մանկապարտեզ, մանկական խաղահրապարակներ, զբոսուղիներ, ավտոկայանա-տեղեր, բարձրակարգ կենցաղի համար անհրաժեշտ այլ օբյեկտներ, հոգևոր և մշակութային կենտրոններ, հյուրանոց, կապահովվեն բոլոր պայմանները ժամանակակից քաղաքային միջավայր և մշակույթ ձևավորելու համար առաջին հերթին երիտասարդ ընտանիքների պահանջներին համահունչ:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 2163-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անշարժ գույքի հասցեն |
Շենք, շինությունների մակերեսը (քառ.մ) |
Գնահատված մեծությունը՝ նվազեցված հատկացված հողամասի կադաստրային գնի չափով (հազ. դրամ) |
Հողամասի | |
մակերեսը (քառ.մ) |
Կադաստրային գինը (հազ. դրամ) | ||||
1. |
Գյումրի քաղաքի, Ղարսի խճ. թիվ 25/1 |
3300.36 |
53012.0 |
23200 |
28814.0 |
2. |
Գյումրի քաղաքի, Ղարսի խճ. թիվ 25/2 |
6369.96 |
136988.6 |
39200 |
48686.4 |
3. |
Գյումրի քաղաքի, Ղարսի խճ. թիվ 25/3 |
4026.54 |
69454.6 |
32700 |
40613.4 |
4. |
Գյումրի քաղաքի, Ղարսի խճ. թիվ 25/4 |
4606.33 |
100735.6 |
56700 |
70421.4 |
5. |
Գյումրի քաղաքի, Ղարսի խճ. թիվ 25/5 |
159.1 |
104964.2 |
58900 |
73153.8 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |