ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2020 թվականի N 1446-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1784-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում սահմանել ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 1784-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2020 թ. սեպտեմբերի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 1446-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է պետական ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) կարգը:
2. Փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը գնահատելու, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները հաստատելու կամ չհաստատելու, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին եզրակացություն տալու և նախարարի հաստատմանը ներկայացնելու նպատակով, փորձաքննության ներկայացված նյութերի (հաշվետվությունների) (այսուհետ՝ հաշվետվություն) արժանահավատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից տրված տեղեկատվության (բացառությամբ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների վերաբերյալ ներկայացված նյութերի) հիման վրա:
3. Փորձաքննության պարտադիր ենթակա են հանքավայրերի մանրազնին և շահագործական հետախուզման, ինչպես նաև դրանց լրահետախուզման արդյունքների հիման վրա կազմված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման (վերագնահատման), օգտակար հանածոների պաշարների հաշվարկման (վերահաշվարկման), ինչպես նաև պաշարների` սույն կարգի 2-րդ կետում նշված պատճառներով դուրսգրման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը (այսուհետ` նյութեր):
4. Փորձաքննության կարող են ենթարկվել նաև մանրազնին հետախուզմանը նախորդող փուլերի արդյունքների հիման վրա կազմված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատման և պաշարների հաշվարկման նյութերը, եթե դրանցում պարունակվող տեղեկատվությունը բավարար է օգտակար հանածոների քանակի, որակի ու հանքավայրի արդյունաբերական նշանակության օբյեկտիվ գնահատման համար:
5. Փորձաքննության ենթակա նյութերի բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանվում են օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման (վերագնահատման), պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) և հետագա աշխատանքներով չհավաստված պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի բովանդակության, ձևավորման և դրանք փորձաքննության ներկայացնելու հրահանգով:
6. Ընդերքօգտագործողի կողմից ընդերքաբանական փորձաքննության նպատակով ներկայացված հաշվետվությունը նախարարություն մուտքագրելու դիմումի գրանցման օրվանից հետո 10-օրյա ժամկետում նախարարությունն ուսումնասիրում է ներկայացված հաշվետվության լրակազմությունը:
7. Եթե ընդերքօգտագործողի կողմից ներկայացված հաշվետվությունը լրակազմ չէ, ապա նախարարությունը հաշվետվությունը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում տեղեկացնում է ընդերքօգտագործողին` նշելով թերությունները: Ընդերքօգտագործողը ծանուցումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները և այն ներկայացնում նախարարությանը: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա նախարարությունն այդ հիմքով մերժում է դիմումը և եռօրյա ժամկետում ծանուցում դիմումատուին:
8. Նախարարությունը սույն կարգի 7-րդ կետով սահմանված հաշվետվության լրակազմ տարբերակը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է տեսչական մարմնին՝ առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման, ինչպես նաև դրանց արժանահավատության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
9. Տեսչական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությանն է տրամադրում սույն կարգի 8-րդ կետով նախատեսված և իր տնօրինման տակ առկա տեղեկությունները: Տեղեկատվության բացակայության դեպքում 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչական մարմինն սկսում է ստուգման գործընթացը և նախարարությանը տեղեկացնում տեղեկատվության տրամադրման ժամկետների վերաբերյալ:
10. Եթե տեսչական մարմնի կողմից նախարարությանը տրամադրված տեղեկությունների համաձայն՝ ընդերքօգտագործողի կողմից կատարված և հաշվետվությամբ ներկայացված աշխատանքների առաջնային երկրաբանական փաստագրման նյութերը արժանահավատ չեն և չեն համապատասխանում փաստացի իրականացված աշխատանքներին, ապա նախարարությունը այդ հիմքով մերժում է դիմումը և եռօրյա ժամկետում ծանուցում դիմումատուին:
11. Փորձաքննության գործընթացը կասեցվում է մինչև սույն կարգի 8-րդ կետով նախատեսված տեղեկատվության ստացման օրը։
12. Փորձաքննության գործընթացը ներառում է`
1) փորձաքննության ներկայացված նյութերի բովանդակության, լիարժեքության և ձևավորման նախնական գնահատումը.
2) նախարարության հաստիքային աշխատողներից տվյալ նյութերի փորձաքննության պատասխանատուի նշանակումը, փորձաքննության գործընթացում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ` նախարար) առաջարկությամբ և ընդերքօգտագործողի փոխադարձ համաձայնությամբ անկախ փորձագետների (այսուհետ` փորձագետ) ներգրավումը` ընդերքօգտագործողների ֆինանսական միջոցների հաշվին.
3) նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունը, դրանցում բացթողումների և սխալների բացահայտումն ու աշխատանքային քննարկումները.
4) բացահայտված թերությունների և բացթողումների վերացումն ու լրացուցիչ տարբերակների դիտարկումը.
5) փորձաքննության ընթացքում արվող մասնագիտական եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի մշակումը.
6) մասնագիտական եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի քննարկումը, դրանց ճշգրտումը (հարկ եղած դեպքում) և օգտակար հանածոների պաշարները պետական հաշվեկշռում գրանցելու համար հիմք հանդիսացող փորձաքննության եզրակացության ընդունումը.
7) փորձաքննության եզրակացության հիման վրա նախարարի կողմից կոնդիցիաների և (կամ) օգտակար հանածոների պաշարները հաստատելու կամ չհաստատելու կամ դուրս գրելու կամ դուրս չգրելու մասին հրամանի (այսուհետ` հրաման) ընդունումը.
8) հրամանի փաթեթի ձևակերպումը.
9) հրամանի փաթեթի առաքումը «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն` պահպանության:
13. Սույն կարգի 12-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործառույթների իրականացման նպատակով կարող են ներգրավվել փորձագետներ:
14. Սույն կարգի 12-րդ կետի 6-րդ ենթակետում նշված գործառույթն իրականացնում է նախարարի կողմից հաստատված կազմով և կանոնակարգի համաձայն գործող պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովը:
15. Փորձաքննության գործընթացի տևողությունն արժանահավատության վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո սահմանվում է հետևյալ ժամկետային սահմանափակումներով`
1) ոչ մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 60 աշխատանքային օր.
2) մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 150 աշխատանքային օր։
16. Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում օգտակար հանածոների պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգմանը կամ օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների և մեթոդական ցուցումների պահանջներին կամ պաշարների գնահատման հաշվարկներում առկա են բացթողումներ, ապա նախարարությունը դիտարկված բացթողումների վերաբերյալ տեղեկացնում է դիմումատուին` նյութերի լրամշակման նպատակով, և սահմանում լրամշակման համար հետևյալ ժամկետային սահմանափակումները`
1) ոչ մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 30 օր.
2) մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 120 օր։
17. Եթե սույն կարգի 16-րդ կետով նշված բացթողումները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա նախարարությունը այդ հիմքով մերժում է դիմումը և եռօրյա ժամկետում ծանուցում դիմումատուին։
18. Լրամշակման ուղարկված նյութերի փորձաքննության գործընթացը կասեցվում է մինչև դիմումատուի կողմից նախարարությանը նյութերի լրամշակված տարբերակի ներկայացումը:
19. Օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի կամ պաշարների հաստատման, ինչպես նաև վերջիններիս դուրսգրման հիմնավորվածությունը հավաստելու մասին բացասական որոշման ընդունման դեպքում՝ նախարարությունը այդ մասին 3-օրյա ժամկետում ծանուցում է դիմումատուին:
20. Փորձաքննության եզրակացությունը՝ պաշարների հաստատման կամ հաշվետվության մերժման մասին առաջարկությամբ, ներկայացվում է նախարարի հաստատմանը։
21. Հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով:
22. Փորձաքննության գործընթացը համարվում է ավարտված` սույն կարգի 12-րդ կետի 7-րդ ենթակետում նշված գործառույթի իրականացմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2020 թվական: