ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2012 թվականի N 488-Ն
«ԱՈՒՏԻԶՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել «Աուտիզմ ազգային հիմնադրամ» (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
(3-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)
4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ) նշանակել Լիլիթ Էդուարդի Աթաջանյանին (AH 0633069, տրված՝ 011-ի կողմից, 2008 թվականի հուլիսի 23-ին):
5. Հիմնադրամի ժամանակավոր կառավարչին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը, պետական գրանցումը և պայմանագրի նոտարական վավերացումը` պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
7. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված` Երևանի քաղաքապետարանի ենթակայության «N 163 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևան քաղաքի Գյուրջյան 13 հասցեում գտնվող ուսումնական համալիր շենքի 6-րդ մասնաշենքը` 3496.5 հազ. դրամ սկզբնական ու 1432.79 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 777.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 7-րդ մասնաշենքը` 3,496.5 հազ. դրամ սկզբնական ու 750.73 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 777.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 46 800 000 դրամ շուկայական արժեքով 701.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով 5-րդ մասնաշենքը հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել հիմնադրամին:
(7-րդ կետը լրաց. 26.02.15 N 169-Ն, 11.01.18 N 14-Ն)
8. Սույն որոշման 7-րդ կետով ամրացված մասնաշենքի վերանորոգման աշխատանքների կատարման և գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցները հիմնադրամին հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2012 թվականի երրորդ եռամսյակում (աճողական ինն ամիս) հատկացնել 70.000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):
(8-րդ կետը լրաց. 30.08.12 N 1089-Ն)
9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 8-րդ կետում նշված գումարը հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 23 Երևան |
Հավելված մարտի 29-ի N 488-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՈՒՏԻԶՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Աուտիզմ ազգային հիմնադրամը» (այսուհետ՝ հիմնադրամ) կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է կրթական, սոցիալական և այլ հանրօգուտ նպատակներ:
2. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր): Հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
(2-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)
3. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:
4. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
5. Հիմնադրամի շահառուներն են աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձինք, նրանց ընտանիքների անդամները, ախտորոշման, բուժման, շտկման և ռեաբիլիտացիայի բնագավառներում աշխատող մասնագետները և կազմակերպությունները:
6. Հիմնադրամի անվանումն է՝
1) հայերեն լրիվ՝ «Աուտիզմ ազգային հիմնադրամ».
2) հայերեն կրճատ` ԱԱՀ.
3) ռուսերեն լրիվ՝ «Национальный фонд аутизма».
4) ռուսերեն կրճատ` НФА.
5) անգլերեն լրիվ` “Autism National Fund”.
6) անգլերեն կրճատ` ANF։
7. Հիմնադրամն ունի նաև անկյունադրոշմ և ձևաթուղթ: Հիմնադրամի ձևաթուղթը պարունակում է նշումներ հիմնադրամի անվանման, գտնվելու վայրի, կապի միջոցների, համարների մասին:
8. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում նրա լուծարմամբ։
9. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0090, Գյուրջյան 13:
10. Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
11. Հիմնադրամի գործունեության նպատակն է՝
1) աջակցություն ցուցաբերել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին.
2) ստեղծել անհրաժեշտ պայմաններ աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության, սոցիալական ադապտացիայի համար.
3) իրականացնել միջոցառումներ մասնագետների որակավորման բարձրացման համար, կազմակերպել սեմինարներ և վերապատրաստման այլ դասընթացներ.
4) աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց համար ճգնաժամային իրավիճակներում ուղղորդում և օգնություն ամբողջ կյանքի ընթացքում։
12. Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են`
1) հիմնադրամի նպատակներից բխող ծրագրերի, նախագծերի մշակումը և իրականացումը.
2) համագործակցությունը շահագրգիռ կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ.
3) սպորտային, ժամանցային կենտրոններում, ճամբարներում, հանգստյան տներում աուտիզմով և զարգացման այլ խնդիրներով անձանց ժամանցի և հանգստի կազմակերպումը.
4) աուտիզմի հիմնախնդիրներին հասարակության ուշադրությունը հրավիրելու նպատակով մամուլի և գիտահանրամատչելի հեռուստառադիոհաղորդումների միջոցով իրազեկման աշխատանքների իրականացումը.
5) ուսուցողական տեսանյութերի, հեռուստահաղորդումների, ֆիլմերի, գրականության ստեղծումը.
6) արհեստավարժ մասնագետների, հատուկ մանկավարժների, հոգեբանների վերապատրաստման կազմակերպումը և ֆինանսավորումը.
7) հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դասընթացների մոնիթորինգը և գնահատումը.
8) հիմնադրամի նպատակների իրագործման համար լրացուցիչ ֆոնդերի հայթայթման միջոցառումների իրականացումը:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Հիմնադրամի սկզբնական գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից հիմնադրամին ամրացված գույքից:
14. Հիմնադրի` հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է:
15. Հիմնադրամն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ բացելու իրավունք` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:
16. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով կարող է ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից: Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:
17. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`
1) հետազոտական, տեղեկատվական, փորձագիտական, վերլուծական և խորհրդատվական աշխատանքների կազմակերպում և իրականացում.
2) ուսումնամեթոդական նյութերի մշակում և դասընթացների, սեմինարների կազմակերպում ու իրականացում.
3) ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակում և իրականացում.
4) ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպում.
5) թարգմանչական և հրատարակչական գործունեության իրականացում.
6) մասնագիտական գրականության մշակում և իրացում:
18. Հիմնադրամն ունի սեփականության իրավունքով առանձնացված գույք, իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, հրատարակել նյութեր և ունենալ դրանց նկատմամբ հեղինակային իրավունք, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
19. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել`
1) հիմնադրի ներդրումը.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.
3) դրամական մուտքերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
4) դրամաշնորհները.
5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
6) հանգանակությունները, որոնցից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն նախապես հայտարարված նպատակով.
7) օրենքով չարգելված այլ միջոցներ:
20. Հիմնադիրը կարող է հիմնադրամին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել գույք:
21. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները՝ իր գործունեության նպատակներին համապատասխան:
22. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման մասին:
23. Հիմնադրամի սեփականությունը գտնվում է պետության պաշտպանության ներքո:
24. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
25. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և գործադիր տնօրենը (այսուհետ` տնօրեն):
26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ), որը ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը` սույն կանոնադրությանը համապատասխան:
27․ Խորհուրդը բաղկացած է 18 անդամից: Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ`
1) մեկին` Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջ գրասենյակից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջ ներկայացմամբ.
2) երեքին` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից.
3) մեկին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ներկայացմամբ.
4) մեկին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացմամբ.
5) մեկին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից՝ Երևանի քաղաքապետի ներկայացմամբ (համաձայնությամբ).
6) երկուսին` «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).
7) երկուսին` «Առաջինը երեխաներին» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).
8) չորսին` «Աուտիզմ. հաղթահարում» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).
9) մեկին` «ՎիվաՍել-ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերությունից (համաձայնությամբ).
10) մեկին` «Գրանդ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (համաձայնությամբ)․
11) մեկին՝ «ԱՐԲԵՍ» առողջության կենտրոնից (համաձայնությամբ):
(27-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն, փոփ., խմբ., լրաց. 14.05.20 N 735-Ն, խմբ. 17.12.20 N 2060-Ն)
28. Խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք:
29. Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ: Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:
30. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`
1) առաջարկություններ ներկայացնելու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.
3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.
4) ստանալու իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
31. Խորհրդի անդամները պարտավոր են`
1) մասնակցել խորհրդի նիստերին.
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:
32. Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:
33. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում:
34. Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում տնօրենը տեղեկացնում է հիմնադիրներին, խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
35. Խորհրդի իրավասությանն են պատկանում`
1) հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.
2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
3) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
4) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
5) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
6) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
7) խորհրդի նախագահի, տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
8) սույն կանոնադրությամբ նախատեսված հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.
9) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխությունը, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.
10) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
11) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
12) տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունները լսելը.
13) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
14) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
15) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
16) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.
17) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
36. Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:
37. Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
38. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամի համար կարող է սահմանվել դրամական փոխհատուցում այն ծախսերի համար, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է խորհուրդը:
39. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.
2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
4) հիմնադրի անունից տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր.
5) օրենքով նախատեսված դեպքերում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:
40. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից որևէ մեկը:
41. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը: Տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը։
42. Տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է խորհուրդը:
43. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի լիազորած այլ անձ:
44. Տնօրենը`
1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3) գործում է առանց լիազորագրի.
4) տալիս է լիազորագրեր.
5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին, այդ թվում՝ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.
10) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
45. Տնօրենն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն խորհրդի համաձայնությամբ:
46. Խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու տնօրենի հետ կնքված պայմանագիրն օրենքով, սույն կանոնադրությամբ և պայմանագրով սահմանված կարգով:
V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
47. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից:
48. Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-րդի պահանջով՝ խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:
49. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ օրենքով կամ սույն կանոնադրության 51-րդ կետով նախատեսված դեպքերի:
50. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
51. Խորհրդի նախագահի, տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
52. Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով` օգտվելով համացանցի (ինտերնետ) հնարավորություններից:
53. Խորհրդի նիստերին պարտադիր մասնակցում է տնօրենը` խորհրդակցական ձայնի իրավունքով:
54. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:
55. Խորհրդի նիստերի արձանագրությունների և որոշումների նախագծերի վերջնական տարբերակները համաձայնեցվում են խորհրդի անդամների հետ, որից հետո դրանք ստորագրում է խորհրդի նախագահը:
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
56. Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով հիմնադրամը վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
57. Հիմնադրամը վերակազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հիմնադրի որոշմամբ:
VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
58. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:
59. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե՝
1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.
4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
6) հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ.
7) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:
60. Հիմնադրամի լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
61. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված՝ պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
62. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած՝ պետական գրանցման պահից:
(հավելվածը փոփ. 21.11.19 N 1652-Ն, փոփ., խմբ., լրաց. 14.05.20 N 735-Ն, խմբ. 17.12.20 N 2060-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |