Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.07.14/44(1319).1 Հոդ.717.39
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.12.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
23.12.2016
Дата вступления в силу
23.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԴ/0061/01/15

ԱՐԴ/0061/01/15

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

 

Դատավորներ՝

Ս. Համբարձումյան
  Ա. Խաչատրյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

     
 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

  մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

   

Հ. Ասատրյանի

   

ե. դԱՆԻԵԼյանի

   

Լ. թԱԴևՈՍՅԱՆԻ

   

ա. պողոսՅԱՆԻ

   
  քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

     
  մասնակցությամբ  
  պաշտպան

Կ. Հովհաննիսյանի

  դատախազ

Ա. Շահբազյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 23-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի մարտի 22-ի որոշման դեմ Սամվել Քյարամի Ավդոյանի պաշտպաններ Հունան Բաբայանի և Կարեն Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

 1. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Ա.Կարապետյանի՝ 2014 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62227514 քրեական գործը:

 2015 թվականի ապրիլի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Կարապետյանը (այսուհետ նաև՝ Քննիչ) որոշում է կայացրել Սամվել Ավդոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ վերջինիս արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 315-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով:

 2015 թվականի ապրիլի 9-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին վերոհիշյալ որոշումը վերացնելու մասին:

 2. Քննիչի՝ 2015 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ Ս.Ավդոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

 2015 թվականի ապրիլի 27-ին Քննիչը որոշում է կայացրել թիվ 62227514 քրեական գործից մաս անջատելու, դրան թիվ 62209115 համարը շնորհելու, այն վարույթ ընդունելու և նախաքննության կատարմանը ձեռնամուխ լինելու մասին:

 2015 թվականի մայիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանը որոշում է կայացրել թիվ 62209115 քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու մասին:

 3. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) իր՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռով ճանաչել և հռչակել է Ս.Ավդոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` հանցակազմի բացակայության և ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ:

 4. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող Ա.Շահբազյանը՝ խնդրելով այն բեկանել և փոփոխել, Ս.Ավդոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:

 5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2016 թվականի մարտի 22-ին որոշում է կայացրել մեղադրողի բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության ուղարկելու մասին:

 6. Ս.Ավդոյանի պաշտպաններ Հ.Բաբայանը և Կ.Հովհաննիսյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

 Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ Ս.Ավդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «(...) նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզային քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչի պաշտոնը, ունենալով ոստիկանության մայորի հատուկ կոչում, լինելով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք` 2014 թվականի սեպտեմբերի 21-ին կազմել և հանձնել, շրջանառության մեջ է դրել պաշտոնեական կեղծ փաստաթուղթ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 315-316):

 8. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «(...) Համակցության մեջ գնահատելով նախաքննությամբ ձեռք բերված և դատական քննությամբ հետազոտված ապացույցները, դատարանը, գտնում է, որ Ս.Ավդոյանի` ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը` հիմնավորված չէ, ավելին, նրա արարքում բացակայում է նշված հոդվածի հանցակազմը, մասնավորապես դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող սուբյեկտիվ կողմը:

(...)

Քրեական գործի քննությամբ ձեռք բերված և դատական քննությամբ հետազոտված որևէ ապացույցով չի հիմնավորվել այն, որ Ս.Ավդոյանին վերագրվող որևէ գործողություն նա կատարել է անձնական, շահադիտական դրդումներով, կամ այլ նպատակով կամ խմբային շահերից ելնելով, ինչը հանդիսանում է պարտադիր և միաժամանակյա պայման` տեղի ունեցած հանցագործությունը հիմնավորված համարելու և փաստելու համար:

(...)

(...) [Դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ս.Ավդոյանի մեղքը` ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում հիմնավորված չէ, վերջինիս արարքում բացակայում է հանցակազմը, գործի ապացույցներն անբավարար են` մեղադրական դատական ակտ կայացնելու համար, նա ենթակա է արդարացման (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 150-157):

 9. Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում արձանագրել է. «(…) [Վ]երլուծության ու գնահատության ենթարկելով ամբաստանյալ Ս.Ավդոյանի ցուցմունքները, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանք համադրելով նախաքննությամբ ձեռք բերված և դատավճռի հիմքում դրված այլ ապացույցների հետ, [Վերաքննիչ դատարանը] հանգում է այն հետևության, որ սույն գործով ձեռք բերված ապացույցները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալ Ս.Ավդոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու համար (...):

(...)

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ս.Ավդոյանն իր աշխատանքային պարտականությունները կատարելիս օժտված է եղել որպես պաշտոնատար անձի` իրեն վերապահված լիազորություններով, այսինքն, ունեցել է մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ, և անձնական այլ դրդումներից ելնելով, այն է` փորձագետի` դեպքի վայր ժամանելուն չսպասելու և ժամանակ չվատնելու նկատառումներով, կատարվելիք քննչական գործողությունն ամբողջական տեսք ստանալու, ինչպես նաև առանց փորձագետի մասնակցության դեպքի վայրը զննելու համար նյութերի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի, քննչական բաժնի ղեկավարության բացասական վերաբերմունքին չարժանանալու և կարգապահական պատասխանատվության չենթարկվելու համար, դեպքի վայրի զննության` 21.09.2014 թվականի արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասին, որ բացակայում է ամբաստանյալ Ս.Ավդոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցանքի հանցակազմի սուբյեկտիվ կողմը, ինչպես նաև նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված ապացույցները բավարար չեն ամբաստանյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար, նույնպես հիմնազուրկ են, չեն բխում սույն գործի փաստական տվյալներից, Դատարանը պատշաճ գնահատության չի ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, ինչի արդյունքում չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման, այսինքն` տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դատարանի կողմից նման հանգամանքները հիմնավորող որևէ ողջամիտ պատճառաբանություն չի ներկայացվել:

Վերաքննիչ դատարանի սույն որոշմամբ արված եզրահանգումները չեն կարող մեկնաբանվել որպես հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի կամ որևէ այլ անձի մեղքի առկայության կամ բացակայության վերաբերյալ դատողություններ:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է ընդամենը, որ Դատարանի դատավճռում արված եզրահանգումներն այն մասին, որ «Սամվել Ավդոյանի արարքում բացակայում է նրան առաջադրված մեղադրանքի սուբյեկտիվ կողմը», ինչպես նաև այն, որ «Նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված ապացույցները բավարար չեն ամբաստանյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար», հիմնված չեն գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, և ազդել են գործով ճիշտ դատավճիռ կայացնելու վրա:

Գործի նոր քննության ընթացքում Դատարանը պետք է ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ պատշաճ իրավական գնահատականի արժանացնի վերը նշված հանգամանքները և գա համապատասխան եզրահանգման (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 19-33):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակները գտնում են, որ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը հիմնավորված է և օրինական, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մարտի 22-ի որոշումն անօրինական է, չհիմնավորված և չպատճառաբանված, կայացվել է դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներով:

Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերները փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններից, ինչպես նաև սխալ եզրահանգման է եկել գործի փաստական հանգամանքների առնչությամբ:

10.1. Մասնավորապես, բողոքի հեղինակները փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ և 400-րդ հոդվածների խախտումներ:

Բացի այդ, ըստ բողոքաբերների՝ Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերանայել է վերաքննիչ բողոքի հիմքերի, հիմնավորումների և պահանջի սահմաններից դուրս: Բողոքաբերներն իրենց այդ պնդումը պատճառաբանել են նրանով, որ մեղադրող Ա.Շահբազյանն իր բողոքում վերաքննիչ դատարանին խնդրել էր Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանել և փոփոխել, Ս.Ավդոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մեղադրողի բողոքը մասնակիորեն բավարարելու, բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին, ինչը մեղադրողի բողոքի պահանջից չի բխում:

10.2. Բողոքաբերները, վերլուծելով սույն քրեական գործով ձեռքբերված, հետազոտված ապացույցները, նշել են նաև, որ մեղադրողն իր վերաքննիչ բողոքում մատնանշել է ընդհանուր, տեսական բնույթի դատողություններ, որոնք չեն բխում քրեական գործով հետազոտված ապացույցներից, իսկ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, չի ներկայացրել հիմնավոր պատճառաբանություններ: Մասնավորապես՝ բողոքաբերները, ի թիվս այլնի, նշել են, որ մեղադրանքի կողմը Ս.Ավդոյանին մեղսագրված արարքի շարժառիթ է դիտարկել հետևյալ հանգամանքը՝ առանց փորձագետի մասնակցության դեպքի վայրը զննելու համար նյութերի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի, քննչական բաժնի ղեկավարության բացասական վերաբերմունքին չարժանանալը և կարգապահական պատասխանատվության չենթարկվելը: Մինչդեռ բողոքի հեղինակների կարծիքով՝ դա ենթադրում է, որ մեղադրանքի կողմը պետք է ներկայացներ ապացույցներ առ այն, որ քննիչն իրավունք չունի առանց փորձագետի մասնակցության կատարելու դեպքի վայրի զննություն և այդպիսի զննություն կատարելը ինքնին առաջացնում է կարգապահական պատասխանատվություն: Սակայն բողոք բերած անձանց պնդմամբ այդպիսի ապացույցներ մեղադրանքի կողմը չի ներկայացրել և չէր կարող ներկայացնել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ քննիչն ինքնուրույն է որոշում գործի ընթացքը, և քննիչն է լիազորված որոշելու այս կամ այն քննչական գործողությանը մասնագետ ներգրավելու հարցը:

11. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մարտի 22-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Ս.Ավդոյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը բեկանելիս և գործը նոր քննության ուղարկելիս Վերաքննիչ դատարանը պահպանել է արդյոք դատական ակտին ներկայացվող պահանջները:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը (...)»:

Մեջբերված նորմը վերլուծության ենթարկելիս Հ.Մակարյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը.«(...) [Վ]երաքննիչ դատարանն իրավասու է բեկանել բողոքարկված դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը՝ նպատակ ունենալով՝

ա) լրացնել վերաքննության փուլում գործն ամբողջ ծավալով քննելու իրավազորության բացակայությունը,

բ) կանխել վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը,

գ) ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը,

դ) երաշխավորել ամբաստանյալի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ նոր քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի հետ անհամաձայնության դեպքում վերաքննության կարգով բողոք ներկայացնելու տեսանկյունից (...)» (տե՛ս Հրաչ Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ3/0019/01/11 որոշման 19-րդ կետը):

Գ.Խնուսյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.«(...) [Ը]նդհանուր կանոնի համաձայն ստորադաս դատարանն իրավասու չէ դուրս գալ վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալներից և, միևնույն ժամանակ, պարտավոր է կատարել գործի նոր քննության ծավալով սահմանված անհրաժեշտ դատավարական գործողությունները: Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննության ծավալը պարտադիր են ստորադաս դատարանի համար, ուղղորդում են գործի նոր քննությունը, սակայն չեն կանխորոշում դրա արդյունքը:

(...) Վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված նոր քննության ծավալը ստորադաս դատարանի կողմից չպահպանելու համար որպես բացառիկ հանգամանք կարող է հանդիսանալ գործի նոր քննության ընթացքում առաջացած այնպիսի հանգամանքը, որը չի կարող հանգեցնել Վճռաբեկ դատարանի դիրքորոշման փոփոխությանը, սակայն պայմանավորում է տվյալ գործի ելքը (օրինակ` համաներման ակտի ընդունումը, արարքի ապաքրեականացումը, քրեական գործի վարույթը բացառող այլ հանգամանքի ի հայտ գալը և այլն)» (տե՛ս Գևորգ Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 18-րդ կետը):

14. Վերահաստատելով և զարգացնելով Հ.Մակարյանի ու Գ.Խնուսյանի գործերով ձևավորած նախադեպային իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը Ա.Մադոյանի գործով իրավական դիրքորոշում է ձևավորել, որ Գ.Խնուսյանի գործով արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները, mutatis mutandis, վերաբերելի են նաև վերաքննիչ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու և նոր քննության ծավալ սահմանելու վերաբերյալ կայացվող դատական ակտին: Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է. «[Ա]յն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկված դատական ակտը և գործն ուղարկում նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ, ստորադաս դատարանում գործի նոր քննության սահմանները, որպես կանոն, կանխորոշվում են վերաքննիչ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով և դրանով սահմանված նոր քննության ծավալով, ինչը բխում է արդարադատության արդյունավետության ապահովման խնդրից, մասնավորապես՝ դատական ակտերի բողոքարկման և կրկին բեկանման շրջապտույտից խուսափելու անհրաժեշտությունից: Վերջին հանգամանքը, սակայն, ենթադրում է, որ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով և դրանով սահմանած նոր քննության ծավալով կարող է ուղղորդել գործի նոր քննությունը, այլ ոչ թե կանխորոշել դրա արդյունքը: Հակառակ պարագայում կարող է առաջանալ ոչ միայն իրավական անորոշության վիճակ (օրինակ՝ այն դեպքում, երբ անձի մեղավորությունը հաստատված համարելու հետ մեկտեղ գործն ուղարկվում է ստորադաս դատարան, ապա նոր քննության արդյունքներով կարող է առաջանալ հետևյալ իրավիճակը՝ մի կողմից ապացույցների գնահատման արդյունքում առաջին ատյանի դատարանի մոտ ձևավորված եզրահանգում, մյուս կողմից` վերադաս դատարանի կողմից նույն հարցի վերաբերյալ արված կատեգորիկ եզրահանգում, և միշտ չէ, որ այդ եզրահանգումները կարող են համընկնել), այլև կխախտվի առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը» (տե՛ս Արթուր Մադոյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0303/01/15 որոշման 14-րդ կետը):

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն` «Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում`

(...)

2) գործի հանգամանքների, մեղադրանքի ապացուցված լինելու և ամբաստանյալի մեղավորության մասին դատարանի հետևությունները.

3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները.

4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է որոշում ընդունելիս:

(...)»:

Նույն օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն` «Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են՝

1) դատարանի որոշումները.

(...)»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ընդունվող իրավական ակտերն են` (…) 5) (…) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի (…) որոշումները, վճիռները կամ դատավճիռները (…)»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Իրավական ակտերում պետք է բացառվեն (…) ներքին հակասությունները»:

Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը Գ.Ղազարյանի գործով ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը.«(...) [Ա]ռաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտի` դատավճռի կառուցվածքին և բովանդակությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ներկայացվող պահանջները վերաբերելի են նաև վերադաս դատական ատյանի` վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտին: (...) [Դ]ատական ակտի տարբեր կառուցվածքային մասերում (ներածական, նկարագրական-պատճառաբանական, եզրափակիչ) արտացոլված տեղեկությունը պետք է ներքին միասնություն և տրամաբանական կապ ունենա, (...) հակառակ պարագայում, դատարանի դատական ակտն անօրինական է» (տե՛ս Գեղամ Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 19-20-րդ կետերը):

Ա.Հարությունյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) [Դ]ատական ակտի եզրափակիչ մասում առկա եզրահանգումները պետք է բխեն նույն դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված հետևություններից և համապատասխանեն դրանց: Հետևաբար, վերաքննիչ դատարանի կողմից կայացվող` վերաքննիչ բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասում առկա եզրահանգումը նույնպես պետք է համապատասխանի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված վերլուծությանը» (տե՛ս Աննա Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵՇԴ/0110/01/11 որոշման 14-րդ կետը):

16. Վերահաստատելով Գ.Ղազարյանի ու Ա.Հարությունյանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Ա.Մադոյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է.«(…) [Յ]ուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս դատարանների պատճառաբանությունները ոչ միայն պետք է կառուցվեն գործի փաստական հանգամանքներից բխող հստակ և որոշակի հետևությունների հիման վրա, այլև դատական ակտի կառուցվածքային տարբեր մասերում արված դատողությունները պետք է համապատասխանեն միմյանց, ունենան ներքին միասնություն և տրամաբանական կապ: Դատական ակտում պետք է բացառվեն ներքին հակասությունները, իրարամերժ դատողությունները, քանի որ հակառակ դեպքում այդպիսի դատական ակտի տրամաբանությունը կխարխլվի, իսկ քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի» (տե՛ս Արթուր Մադոյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0303/01/15 որոշման 16-րդ կետը):

17. Սույն գործի նյութերից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի կողմից Ս.Ավդոյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը և գործն ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության, ի թիվս այլնի, արձանագրել է, որ՝

ա) սույն գործով ձեռք բերված ապացույցները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալ Ս.Ավդոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու համար,

բ) Ս.Ավդոյանը ունեցել է մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ, և անձնական այլ դրդումներից ելնելով՝ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ,

գ) Առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասին, որ բացակայում է ամբաստանյալ Ս.Ավդոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցանքի հանցակազմի սուբյեկտիվ կողմը, ինչպես նաև նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված ապացույցները բավարար չեն ամբաստանյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար, հիմնազուրկ են, չեն բխում գործի փաստական տվյալներից,

դ) Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատության չի ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Հարկ է նկատել, որ վերոնշյալ դատողություններին զուգահեռ Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ իր կողմից արված եզրահանգումները չեն կարող մեկնաբանվել որպես հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի կամ որևէ այլ անձի մեղքի առկայության կամ բացակայության վերաբերյալ դատողություններ: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ վերջինս արձանագրում է ընդամենը, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում արված եզրահանգումներն այն մասին, որ «Սամվել Ավդոյանի արարքում բացակայում է նրան առաջադրված մեղադրանքի սուբյեկտիվ կողմը», ինչպես նաև այն, որ «Նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված ապացույցները բավարար չեն ամբաստանյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար», հիմնված չեն գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, և ազդել են գործով ճիշտ դատավճիռ կայացնելու վրա (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ գործի նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ պատշաճ իրավական գնահատականի արժանացնի իր կողմից նշված հանգամանքները և գա համապատասխան եզրահանգման (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը մի կողմից նշել է, որ Ս.Ավդոյանը ունեցել է մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ, և անձնական այլ դրդումներից ելնելով՝ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, իսկ մյուս կողմից՝ արձանագրել, որ իր եզրահանգումները չեն կարող մեկնաբանվել որպես հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի կամ որևէ այլ անձի մեղքի առկայության կամ բացակայության վերաբերյալ դատողություններ: Արդյունքում դիրքորոշում է արտահայտել առ այն, որ գործի նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ պատշաճ իրավական գնահատականի արժանացնի իր կողմից նշված հանգամանքները և գա համապատասխան եզրահանգման:

Վերոգրյալ պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի հիշյալ դատողությունները ոչ միայն իրարամերժ ու հակասող են, զուրկ են ներքին միասնությունից և տրամաբանական կապից, այլև մեղադրանքը փաստացի հաստատված համարելուն զուգահեռ գործը նոր քննության ուղարկելով՝ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, կանխորոշել է գործի քննության արդյունքը՝ ստեղծելով իրավական անորոշության վիճակ և խախտելով առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Ս.Ավդոյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը բեկանելիս և գործը նոր քննության ուղարկելիս Վերաքննիչ դատարանը չի պահպանել դատական ակտին ներկայացվող պահանջները: Այլ կերպ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ, 394-րդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածների խախտումներ:

19. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի խախտումներն իրենց բնույթով էական են, ինչը համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք է:

20. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերանայելիս դուրս է եկել վերաքննիչ բողոքի պահանջի սահմաններից (տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում՝ փաստելով, որ դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիության սկզբունքի ապահովման պայմաններում Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէր մեղադրողի վերաքննիչ բողոքի պահանջով:

20.1. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 10.2-րդ կետում բարձրացրած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սամվել Քյարամի Ավդոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի մարտի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

 

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան