ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 6-ին
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով.
«6.1) հեռավար (դիստանցիոն) կրթություն՝ կրթական ծրագրի իրականացման ձև, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով, սակայն հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետով.
6.2) կրեդիտային համակարգ՝ միջնակարգ կրթության ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ գնահատման, կրթական ծրագրերի յուրացման կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ.»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Պետական ուսումնական հաստատությունները անվանակոչվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը «Ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:» նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում:»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Մրցույթի ժամանակ տնօրենի թեկնածուի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց՝ տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի շրջանակում:»:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է՝
1) տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին.
2) տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:»:
Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «և կրթության ձևը» բառերը:
Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) սահմանում է ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին կետով.
«18.1) սահմանում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը.»:
Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների ընտրված տնօրենի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով.».
2) 23-րդ կետից հանել «վերահսկողություն, պետական տեսչավորում և» բառերը.
3) 25-րդ կետը «հանրապետական» բառից հետո լրացնել «և դպրոցական» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.2-26.15-րդ կետերով.
«26.2) սահմանում է հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը.
26.3) սահմանում է միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը.
26.4) սահմանում է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը.
26.5) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը.
26.6) սահմանում է ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների, աշակերտների ու ծնողների էթիկայի նորմերը (վարքականոնը).
26.7) սահմանում է ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և հաստատում դրանց լրացման (գործածման) կարգերը.
26.8) մշակում և հաստատում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը.
26.9) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը.
26.10) սահմանում է «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջները և անցկացման կարգերը.
26.11) սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը.
26.12) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը.
26.13) հաստատում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը.
26.14) սահմանում է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը.
26.15) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների գրադարաններում դասագրքերը, ուսումնաօժանդակ գրականությունը և էլեկտրոնային կրթական ռեսուրսները գործածության երաշխավորելու կարգը.»:
Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ուսումնական հաստատությունում կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է հանրակրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:
Հոդված 10. Օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են հանրակրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները։»:
Հոդված 11. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել «՝ կախված սովորողների թվից» բառերը.
2) 4-րդ մասի վերջին պարբերությունից հանել «Լրացուցիչ ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը:
Հոդված 12. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետով սահմանված կրեդիտային համակարգը ներդրվում է միայն միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ):»:
Հոդված 13. Սույն օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 18 Երևան ՀՕ-101-Ն |