ՋԱԼՈՀՆ ԸՆԴԴԵՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2006թ. հուլիսի 11-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմողը ծնվել է 1965թ. և ապրում է Քյոլնում (Գերմանիա):
10. Կողմերի կողմից ներկայացված փաստերը կարող են ամփոփվել հետևյալ կերպ:
A. Քննության վարույթը
11. 1993թ. հոկտեմբերի 29-ին չորս ոստիկաններ առնվազն երկու տարբեր առիթներով նկատել էին, որ դիմողն իր բերանից հանել էր փոքր պոլիէթիլենային պարկ (այսպես կոչված «փուչիկ») և այն հանձնել մեկ այլ անձի` գումարի դիմաց: Համոզված լինելով, որ այդ պայուսակը պարունակում էր թմրանյութեր` ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին դիմողին, որից հետո նա կուլ էր տվել պարկը, որը դեռ գտնվում էր իր բերանում:
12. Ոստիկանության աշխատակիցները դիմողի մոտ չէին հայտնաբերել թմրանյութ: Քանի որ հետագա ձգձգումը կարող էր խոչընդոտել քննությանը` դատախազը կարգադրել էր բժշկի օգնությամբ կիրառել փսխողական միջոցներ (Brechmittel)` փոքր պարկը հայտնաբերելու նպատակով փսխում առաջացնելով (Exkorporation):
13. Դիմողը տեղափոխվել էր Վափերթալ Էլբերֆիլդ հիվանդանոց: Ըստ Կառավարության` բժիշկը, ով ղեկավարել էր փսխում առաջացնելու գործընթացը, հարցեր էր տվել դիմողին իր հիվանդության պատմության մասին (գործընթացը հայտնի է որպես անամնեզ ստանալու գործընթաց): Դա վիճարկվել էր դիմողի կողմից, ով հայտարարել էր, որ ինքը չէր հարցաքննվել բժշկի կողմից: Քանի որ դիմողը հրաժարվել էր ընդունել փսխում առաջացնող դեղորայք, նրան ստիպողաբար պահել էին չորս ոստիկաններ, և բժիշկը բռնի կերպով խողովակի օգնությամբ քթի միջով նրա ստամոքս էր ներարկել աղի լուծույթ և փսխողական օշարակ: Բացի դրանից, բժիշկը նրան ներարկել էր ապոմորֆին` մեկ այլ փսխողական, որը համարժեք է մորֆինին: Արդյունքում դիմողը փսխել էր մեկ պարկ` 0,2182 գրամ կոկաինի պարունակությամբ: Դիմողի ձերբակալումից և նրան հիվանդանոց տեղափոխելուց մոտ մեկուկես ժամ անց նա հետազոտվել էր բժշկի կողմից և նրա առողջական վիճակը թույլ էր տալիս նրան կալանավորել:
14. Փսխողական ընդունելուց երկու ժամ անց իր խցում, ոստիկանության աշխատակիցների այցի ընթացքում, դիմողը, ով ինչպես պարզվել էր, չէր խոսում գերմաներեն, կոտրված անգլերենով ասել էր, որ նա չափազանց հոգնած է և ենթադրյալ հանցագործության վերաբերյալ արել էր հայտարարություն:
15. Համաձայն Վափերթալի շրջանային դատարանի կողմից տրված ձերբակալման թույլտվության` դիմողը կալանավորվել էր առնվել 1993թ. հոկտեմբերի 30-ին:
16. Դիմողը պնդել է, որ ենթարկված վերաբերմունքից հետո` երեք օրվա ընթացքում նա կարողացել էր միայն ապուր ուտել, և որ նրա քթից երկու շաբաթ շարունակ բազմաթիվ անգամ արյուն էր հոսել` տեղադրված խողովակի պատճառով ստացած վնասվածքների արդյունքում: Դա վիճարկվել էր Կառավարության կողմից, որը նշել է, որ դիմողը չէր ներկայացրել իր պնդումներն ապացուցող բժշկական եզրակացություն:
17. Փսխողական ընդունելուց երկու և կես ամիս անց, դիմողը ստամոքսի վերին շրջանում շարունակական ցավից բողոքելուց հետո բանտային հիվանդանոցում ենթարկվել էր գաստրոսկոպիայի: Նրա մոտ ախտորոշվել էր կերակրափողի ստորին մասում գրգռվածություն, որն առաջացել էր փսխողական աղի լուծույթի կիրառման արդյունքում: Բժշկական եզրակացությունում այդ հանգամանքն ուղղակիորեն չէր կապվել փսխողական լուծույթի բռնի կիրառման հետ:
18. Դիմողն ազատ էր արձակվել բանտից 1994թ. մարտի 23-ին: Նա պնդել է, որ ինքն ստիպված էր ստամոքսի խանգարումների հետևանքով` կապված փսխողական լուծույթի բռնի կիրառման հետ հետագա բուժում ստանալ: Նա չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը կհաստատեր, որ նա բժշկական բուժում էր ստացել: Կառավարությունը, իր հերթին, պնդել է, որ դիմողը չէր ստացել որևէ բուժում:
B. Ներպետական դատավարություն
19. 1993թ. դեկտեմբերի 20-ին Վափերթալի շրջանային դատարանում արված իր հայտարարություններում դիմողը, ում ամբողջ դատավարության ընթացքում ներկայացնում էր իր փաստաբանը, վիճարկել էր փսխողականի կիրառման արդյունքում ձեռք բերված ապացույցների դատավարության ընթացքում օգտագործելը, ինչը նա համարել էր անօրինական: Ուժի կիրառմամբ կոկաինի պարունակությամբ պարկի փսխում առաջացնելու մեջ մեղավոր էին ոստիկանության աշխատակիցները, այդ գործողությունը կատարող բժիշկը, ովքեր պատճառել էին նրան մարմնական վնասվածք (KՓrperverletzung AMT IM): Թունավոր նյութերի օգտագործումն արգելված է Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածով (տես ստորև` կետ 34): Նրա օրգանիզմի ֆունկցիաները կառավարվել էին, քանի որ օրգանիզմի հակազդեցությունը գրգռվել էր արհեստականորեն: Ամեն դեպքում, փսխում առաջացնող միջոցի կիրառումն անհամաչափ միջոց է և, հետևաբար, թույլատրելի չէ Քրեական դատավարության օրենսգրքի 81ա-րդ հոդվածով (տես ստորև` կետեր 33 և 35-40): Ապացույցները հնարավոր էր ձեռք բերել պարկի` բնական ճանապարհով դուրս գալու արդյունքում: Դիմողն այնուհետև պնդել էր, որ Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածով թույլատրվող մեկ այլ եղանակ եղել է ստամոքսի լվացումը:
20. 1994թ. մարտի 23-ին Վափերթալի շրջանային դատարանը դատապարտել էր դիմողին թմրամիջոցների վաճառքի համար և դատապարտել մեկ տարի ժամկետով ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվել: Այն մերժել էր պաշտպանության կողմի փաստարկն առ այն, որ փսխողական լուծույթի կիրառումը Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածի ներքո անհամաչափ միջոց էր 0,2 գ կոկաին պարունակող պարկը վերականգնելու համար:
21. Դիմողը բողոքարկել էր վճիռը:
22. 1995թ. մայիսի 17-ին Վափերթալի շրջանային դատարանը վճիռը թողել էր անփոփոխ, սակայն դիմողի ազատազրկման ժամկետը նվազեցրել էր մինչև վեց ամիս: Այն նաև հանձնարարել էր բռնագանձել 100 գերմանական մարկ գումարը, որը հայտնաբերվել էր դիմողի մոտ նրան ձերբակալելու պահին, այն հիմքով, որ դա իրենից ներկայացնում է թմրանյութերի երկու պարկերի վաճառքի գումար:
23. Շրջանային դատարանը գտել էր, որ դատախազի կողմից կոկաինի պարկերի փսխում առաջացնելու կարգադրությունից հետո ձեռք բերված ապացույցներն ընդունելի են: Այդ միջոցը կիրառվել էր, քանի որ հետագա ձգձգումը կարող էր խոչընդոտել քննությանը: Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածի համաձայն` նյութերի կիրառումը, նույնիսկ կասկածյալի կամքին հակառակ, օրինական է: Այդ ընթացակարգն անհրաժեշտ էր թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ ապացույցներն ապահովելու համար: Այն իրականացվել էր բժշկի կողմից` բժշկագիտական կանոններին համապատասխան: Մեղադրյալի առողջական վիճակը չէր դրվել վտանգի տակ և պահպանվել էր համաչափության սկզբունքը:
24. Դիմողն այս վճիռը բողոքարկել էր օրենքի կետերի հիմքով: Նա պնդել էր, որ, մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածը չի թույլատրում փսխում առաջացնող միջոցները, քանի որ այն թույլ չի տալիս վտանգավոր մեթոդներով կիրառել կյանքին սպառնացող նյութեր: Բացի դրանից, 81a-րդ հոդվածն արգելում է այն միջոցների կիրառումը, որոնք կարող են հանգեցնել կասկածյալի կողմից իր դատապարտմանը հարկադրաբար նպաստող գործողությունների: Նա նաև պնդել էր, որ այդ միջոցը խախտել էր Հիմնական օրենքի 1-ին և 2-րդ հոդվածները (Grundgesetz - տե՛ս ստորև կետեր 31-32), և անտեսվել էր, մասնավորապես, մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը:
25.1995թ. սեպտեմբերի 19-ին Դուսելդորֆի վերաքննիչ դատարանը մերժել էր դիմողի բողոքը: Այն գտել էր, որ Շրջանային դատարանի որոշումը չի պարունակում մեղադրյալի իրավունքի որևէ խախտում:
26. Դիմողը բողոք էր ներկայացրել Դաշնային սահմանադրական դատարան: Նա պնդել էր, որ փսխում առաջացնող միջոցների կիրառումն անհամաչափ միջոց է Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածի համաձայն:
27. 1999թ. սեպտեմբերի 15-ին Դաշնային սահմանադրական դատարանը հայտարարել էր դիմողի սահմանադրական բողոքը անընդունելի` սուբսիդիարության սկզբունքի ներքո:
28. Այն գտել էր, որ փսխում առաջացնող միջոցների կիրառումը, ներառյալ ապոմորֆինը` մորֆինից ածանցյալը, լուրջ սահմանադրական խնդիրներ է բարձրացնում ֆիզիկական ամբողջականության իրավունքի հետ կապված (տես ստորև` Հիմնական օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետ):
29. Դաշնային սահմանադրական դատարանը գտել էր, որ դիմողը չէր օգտագործել առկա պաշտպանության բոլոր միջոցները (Alle prozessualen MՓglichkeiten) քրեական դատարանում այն բողոքարկելու համար` Հիմնական օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմնարար իրավունքի կարևորության և ծավալի թերագնահատումից խուսափելու նպատակով:
30. Այն նաև հայտարարել է, որ փսխում առաջացնող միջոցների կիրառումը չի առաջացրել որևէ սկզբունքային սահմանադրական առարկություն թե՛ Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով երաշխավորվող մարդկային արժանապատվության, թե՛ Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի հետ մեկտեղ 2-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվող` անձի` իր դեմ վկայություն չտալու սկզբունքի դեմ:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ, ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ
1. Ներպետական օրենքը և պրակտիկան
(a) Հիմնական օրենք
31. Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետում ամրագրված է հետևյալը.
«Անձի արժանապատվությունն անխախտելի է: Բոլոր պետական մարմինները պարտավոր են հարգել և պաշտպանել այն»:
32. 2-րդ հոդվածն ապահովում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձի ազատ զարգացման իրավունք, այն պայմանով, որ ինքը չմիջամտի այլոց իրավունքներին կամ խախտի բարոյական օրենքի սահմանադրական կարգը [Sittengesetz]:
2. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի և ֆիզիկական ամբողջականության իրավունք: ... »:
(b) Քրեական դատավարության օրենսգիրք
33. Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածում ամրագրված է հետևյալը.
«1. Ամբաստանյալի ֆիզիկական զննությունը կարող է թույլատրվել վարույթի փաստեր ստեղծելու նպատակով: Այս նպատակով կարող են վերցվել արյան նմուշներ և մարմնական այլ միջամտություն իրականացվել բժշկի կողմից` բժշկական կանոնների համաձայն, առանց մեղադրյալի համաձայնության իրեն զննելու նպատակով, նրա առողջությունը վտանգելը բացառելու պայմանով:
2. Նման հրաման տալու իրավասությունը դրվում է դատավորի վրա, և այն դեպքերում, երբ հետաձգման հետևանքով վտանգվում է փորձաքննության հաջող անցկացումը` դատախազության ու պաշտոնատար անձանց վրա ... »:
34. Հարցաքննության արգելված մեթոդների մասին Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածը (verbotene Vernehmungsmethoden) նախատեսում է հետևյալը.
«1. Մեղադրյալի` որոշումներ կայացնելու և իր կամքն արտահայտելու ազատությունը չպետք է խախտվի վատ վերաբերմունքի, ֆիզիկական միջամտության, դեղերի կիրառման, տանջանքի, խաբեության կամ հիպնոսի միջոցով: Հարկադրանքը կարող է կիրառվել միայն օրենքով թույլատրված կարգով: Մեղադրյալին օրենքով չթույլատրված միջոցների կիրառումով սպառնալն արգելված է:
2. Միջոցները, որոնք ազդում են մեղադրյալի հիշողության կամ նրա հասկանալու և տվյալ իրավիճակն ընկալելու կարողության վրա [EinsichtsfՊhigkeit]` անթույլատրելի են:
3. 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված արգելքը պետք է պահպանվի, եթե նույնիսկ մեղադրյալը տվել է այդ միջոցի կիրառման համաձայնություն: Այդ արգելքը խախտելու հետևանքով ստացված հայտարարությունները չպետք է օգտագործվեն [որպես ապացույցներ], եթե նույնիսկ մեղադրյալը համաձայնել է դրանք օգտագործել»:
35. Գերմանիայի քրեական դատարանները և տեսաբան իրավաբանները միակարծիք չեն այն հարցում, թե արդյոք Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածը թույլատրում է թմրանյութերի առուվաճառքի մեջ կասկածվող անձի նկատմամբ փսխողականի կիրառումը:
36. Գերմանական վերաքննիչ դատարանների մեծամասնության տեսակետն այն է (տե՛ս, interalia, Բրեմենի վերաքննիչ դատարանի 2000թ. հունվարի 19-ի վճիռը NStZ-RR 2000թ., էջ 270, և Բեռլինի վերաքննիչ դատարանի 2000թ. մարտի 28-ի վճիռը, JR 2001թ., էջեր 162-64), որ նման հանգամանքներում Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածը կարող է որպես իրավական հիմք հանդիսանալ փսխողական կիրառելու համար:
37. Օրինակ, վերը նշված վճռում, Բեռլինի վերաքննիչ դատարանը գործ ուներ թմրանյութերի առուվաճառքի մեջ կասկածվող անձի հետ, ով համաձայնել էր կուլ տալ իպեկակուանայի օշարակը նազոգաստրիկ խողովակի միջոցով փսխողական կիրառելու սպառնալիքներից հետո: Այն գտել էր,
«Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասության համաձայն` մեղադրյալի ֆիզիկական զննությունը կարող է իրականացվել վարույթի համար փաստեր ձեռք բերելու նպատակով: ...
(a) Հակառակ դիմողի տեսակետի, իրավամեկնաբանները գրեթե միաձայն համաձայնել էին, որ փսխողականի կիրառումը մեղադրյալի կուլ տված դեղերի քանակը ստանալու նպատակով, հանդիսանում է մարմնական միջամտություն այդ դրույթի իմաստով (տե՛ս HK-Lemke , StPO, 2-րդ հրատարակություն, կետ 9, Dahs in LՓwe Rosenberg, StPO, 24-րդ հրատարակություն, կետ 16, kk-Senge, StPO, 4-րդ հրատարակություն, կետեր 6, 14, տե՛ս, Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածը, Rogall, SK StPO 81a-րդ հոդվածի կետ 48 և NStZ 1998թ., էջեր 66-67, և Շեֆերի գործը, NJW 1997թ., էջ 2437 և այլն, ի հակադրություն` Ֆրանկֆուրտի վերաքննիչ դատարանի հակառակ վճիռը, NJW 1997թ., էջ 1647, ինչպես նշում է Weշlau, STV 1997թ., էջ 341):
(b) Այն միջամտությունը նույնպես չի խախտում Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով երաշխավորված անձի արժանապատվությունը հարգելու կամ անձի` իր դեմ վկայություն չտալու սկզբունքը, որը նախատեսված է Հիմնական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով: Հիմնական օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ նախադասության համաձայն` հիմնարար իրավունքներին միջամտությունը թույլատրվում է, եթե այն ունի կանոնադրական հիմք: Դաշնային Սահմանադրական դատարանը մի քանի անգամ արդեն նշել էր, որ, խորհրդարանի կողմից ընդունված որպես պարտադիր դրույթ Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածը նախատեսում է սույն պահանջը ... Բացի դրանից, այն գտել է, որ ըստ այդ դրույթի` փսխողականի օգտագործումը չի առաջացնում որևէ սահմանադրական խախտում (տե՛ս Դաշնային սահմանադրական դատարանի STV 2000թ., էջ 1, սույն գործի վճիռը): Այն, հետևաբար, անհրաժեշտ չի գտել մանրամասն քննարկել Ֆրանկֆուրտում (Գլխավոր) վերաքննիչ դատարանի տեսակետը (NJW 1997թ., էջեր 1647-48), որը կիսում էին իրավաբան տեսաբանները (տե՛ս Weշlau, STV 1997թ., էջեր 341-42) առ այն, որ փսխողականի օգտագործումը ստիպում է մեղադրյալին ակտիվորեն ազդել իր համոզմունքների վրա և անել այն, ինչ ինքը չի ցանկանում անել: Դատարանը չի կիսում [Ֆրանկֆուրտի վերաքննիչ դատարանի] տեսակետը, քանի որ մեղադրյալի պասիվ մնալու իրավունքը չի ազդում իր նկատմամբ կիրառվող միջամտությունը հանդուրժելու վրա, որը պարզապես առաջացնում է «մարմնական հակազդեցություններ»: ...
(e) ..... Դատարանը չպետք է որոշի, թե արդյոք փսխողական կիրառելու հետևանքով ձեռք բերված ապացույցները կարող են օգտագործվել, եթե մեղադրյալը հրաժարվել էր ինքնակամ ընդունել դրանք, և խողովակը ներդրվել էր նրա քթի մեջ ֆիզիկական ուժի կիրառմամբ: Այս հարցը սույն գործում հիմնական չէ: ... Շրջանային դատարանը ... հայտարարել էր, որ [գործի փաստերից ելնելով] Ֆրանկֆուրտի (Գլխավոր) վերաքննիչ դատարանը բացառել էր ձեռք բերված ապացույցները, քանի որ դրանց ստացման եղանակը հստակ անհամաչափ է: Այն, այնուամենայնիվ, համոզիչ կերպով ցույց է տալիս, որ սույն գործի փաստերը տարբեր էին:
38. 1996թ. hոկտեմբերի 11-ի իր վճռում Ֆրանկֆուրտի (Գլխավոր) վերաքննիչ դատարանը գտել էր, որ Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածը չի թույլատրում փսխողականի կիրառումը: Գործը վերաբերում է թմրանյութերի առուվաճառքի մեջ կասկածվող անձի նկատմամբ նազոգաստրիկ խողովակի միջոցով իպեկակուանայի օշարակի գերդոզավորմանը և ապոմորֆինի ներարկմանը: Դատարանը գտել էր`
«Փսխողականի բռնի կիրառումը նախատեսված չէ Քրեական դատավարության օրենսգրքով: Նույնիսկ 81a-րդ հոդվածը չի արդարացնում ուժի կիրառմամբ փսխողականի կիրառումը: Նախ` փսխողականի կիրառումն իրենից ո՛չ ֆիզիկական զննություն է ներկայացնում, ո՛չ էլ հետազոտության նպատակներով բժշկի կողմից մարմնական միջամտություն այդ դրույթի իմաստով: Ճիշտ է, օտար առարկաների փնտրումը կարող է արդարացվել 81a-րդ հոդվածով ... Այնուամենայնիվ, փսխողականի կիրառումն օգտագործվել էր ոչ թե օտար առարկաներ որոնելու նպատակով, այլ հավանական առարկաներ ձեռք բերելու` դրանք որպես ապացույց օգտագործելու համար ... Այս նպատակն առավել նման է Քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի իմաստով առարկայի փնտրմանը և առգրավմանը, քան ֆիզիկական զննությանը ... թեև այդ դրույթները չեն ներառում որպես հնարավոր միջոց բռնի միջամտություն անձի ֆիզիկական ամբողջականության նկատմամբ: ...
Երկրորդ` մեղադրյալը քրեական դատավարության օբյեկտ չէ... Փսխողականի բռնի կիրառումը խախտում է պասիվության սկզբունքը [Grundsatz դեր PassivitՊt], քանի որ դրա նպատակն է ստիպել մեղադրյալին ակտիվորեն անել մի բան, որ նա չի ցանկանում անել, այսինքն` հարկադրանք: Սա թույլատրված չէ Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածով, ոչ էլ համատեղելի է քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի դիրքորոշման հետ...
Հետևաբար, դատախազության մարմինների վարքագիծը որակվում է որպես անօրինական միջամտություն մեղադրյալի ֆիզիկական ամբողջականության նկատմամբ (Հիմնական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետ, առաջին նախադասություն): ...
Փսխողականի բռնի կիրառումը` իրավական հիմքի բացակայության դեպքում, նույնպես խախտում է մարդկային արժանապատվությունը պաշտպանելու պարտավորությունը և մեղադրյալի գլխավոր` անձի իրավունքները (Հիմնական օրենքի հոդված 1, կետ 1 և հոդված 2, կետ 1): ...
[Այդ եղանակով] ապացույցներ ձեռք բերելու արգելքը և գործի այլ հանգամանքները խոչընդոտում են որպեսզի նման ապացույցներն օգտագործվեն դատարանում»: ...
39. Ըստ բազմաթիվ իրավագետների կասկածի` Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածը թույլատրում է փսխողականի օգտագործումը թմրանյութերի առուվաճառքի մեջ կասկածվող անձանց նկատմամբ` ապացույցներ ձեռք բերելու նպատակով (տե՛ս նաև վերը նշված կետ 37): Այս տեսակետը վերցվել է, օրինակ, Ռոգալի գործից (NStZ 1998, էջեր 66-68 և Systematischer Kommentar zur Strafprozeշordnung und zum Gerichtsverfassungsgesetz, Մյունխեն 2005թ. 81a-րդ հոդված StPO, կետ 48) և Kleinknecht և Meyer-Goշner գործից (StPO, 44-րդ հրատարակություն, 81a-րդ հոդված, կետ 22, ծանր հանցագործությունների հետաքննության ընթացքում փսխողականի կիրառումը):
40. Իրավագետների մեծ մասը, այնուամենայնիվ, պաշտպանվում են այն տեսակետը, որ Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածը, մասնավորապես, չի թույլատրում փսխողականի օգտագործումը: Այս կարծիքն արտահայտվել էր, օրինակ, Դոլմեյերի կողմից (STV 1997, էջեր 606-10 և KritV 2000թ., էջեր 252-59), որը գտնում էր, որ 81a-րդ հոդվածը չի թույլատրում մեղադրյալի մարմնում առարկաների որոնումը ի տարբերություն դրա զննության: Վեթերը (Problemschwerpunkte DES կետ 81a StPO - Eine Untersuchung am Beispiel der Brechmittelvergabe im strafrechtlichen Ermittlungsverfahren, Neuried 2000, էջեր 72-82, կետ 161) գտնում է, որ փսխողականի բռնի օգտագործումը նազոգաստրիկ խողովակի միջոցով` հակասում է բժշկական գիտության կանոններին, անհամաչափ է և կարող է վնասել մեղադրյալի առողջությունը:
(c) Բժիշկ փորձագետների կարծիքները թմրամիջոցների առուվաճառքի մեջ կասկածյալների նկատմամբ բռնի կերպով փսխողական կիրառելու վերաբերյալ
41. Բժիշկ փորձագետները տարաբնույթ կարծիքներ ունեն առ այն, որ նազոգաստրիկ խողովակի միջոցով բռնի կերպով փսխողական կիրառելը նպատակահարմար է բժշկական տեսանկյունից: Թեև որոշ փորձագետներ գտնում են, որ փսխում առաջացնող միջոցի կիրառումն անհրաժեշտ է կասկածյալի առողջությունը պաշտպանելու նպատակով, եթե նույնիսկ, նա հրաժարվում է նման միջոցից, այլոք պաշտպանում են այն տեսակետը, որ այդ միջոցառումը ենթադրում է լուրջ առողջական վտանգ, և, հետևաբար, չպետք է իրականացվի:
42. Բժիշկ փորձագետները, ովքեր կողմ են փսխում առաջացնող միջոցի բռնի կիրառմանը, շեշտում են, որ եթե նույնիսկ այդ քայլը չի իրականացվում բժշկական նկատառումներով, այն, այնուամենայնիվ, կանխում է կյանքին սպառնացող հնարավոր թունավորումը: Քանի որ կուլ տված փաթեթավորված թմրամիջոցների պարկը հաճախ անհուսալի է, ուստի և նախընտրելի է փսխողական միջոցներով միջամտությունը: Այս միջոցառումը նվազագույն վտանգ է ներկայացնում, մինչդեռ առկա է բնական եղանակով մարմնի մեջ թմրանյութերի թափանցման վտանգ, ինչը կարող է հանգեցնել մահվան: Թմրանյութերը կարող են հանվել ստամոքսից դրանք կուլ տալուց մեկ, իսկ որոշ դեպքերում` երկու ժամվա ընթացքում: Փսխում առաջացնող միջոցների կիրառումն անվտանգ և արագ մեթոդ է (այն ազդում է սովորաբար 15-30 րոպեում) ինչը թույլ է տալիս ձեռք բերել ապացույցներ թմրանյութերի հանցագործության վերաբերյալ, քանի որ այն հազվադեպ չի տալիս որևէ արդյունք: Թեև խողովակի բռնի ներարկումը քթի մեջ կարող է առաջացնել ցավ, այն չի առաջացնում որևէ առողջական վտանգ, քանի որ կուլ տալու գործողությունն առաջանում է կոկորդի մեջ խողովակի մեխանիկական խթանմամբ (տե՛ս, inter alia, Birkholz, Kropp, Bleich, Klatt and Ritter, "Exkorporation von BetՊubungsmitteln – Erfahrungen im Lande Bremen" Kriminalistik 4/97, էջեր 277-83):
43. Իպեկակուանայի օշարակ փսխողականն ունի անվտանգության բարձր աստիճան: Կողմնակի ազդեցությունը, կարող է լինել միայն քնկոտության, լուծի և երկարատև փսխման դրսևորմամբ: Հազվադեպ կարող են լինել խիստ լուրջ բարդություններ ինչպիսիք են Mallory-Weiշ սինդրոմը կամ թոքերի բորբոքումը: Դրանք կարող են առաջանալ, եթե տվյալ անձի ստամոքսը նախկինում վնասվել է կամ եթե խախտվել են փսխողականի կիրառման կանոնները (տե՛ս, օրինակ, վերը նշված Birkholz, Kropp, Bleich, Klatt և Ritter, էջեր 278-81 և Կլինիկական թունաբանական ամերիկյան ակադեմիայի/ Թունաբանության կենտրոնների և կլինիկական թունաբանների եվրոպական միությունը, «իպեկակուանայի օշարակի պաշտոնական փաստաթուղթ», Թունաբանական ամսագիր, Կլինիկական թունաբանություն, Թիվ 42, 2, 2004թ., էջեր 133-43, մասնավորապես` էջ 141):
44. Այն բժշկական փորձագետները, ովքեր դեմ են բռնի ուժի գործադրմամբ փսխում առաջացնող միջոցների կիրառմանը, նշել էին, մասնավորապես, որ նազոգաստրիկ խողովակի բռնի տեղադրումը փսխում առաջացնելու նպատակով` իրենից ներկայացնում է զգալի առողջական վտանգ: Թեև ցանկալի է, որ թմրանյութերը վերացվեն կասկածյալի մարմնից հնարավորինս արագ, նազոգաստրիկ խողովակի օգտագործումը կամ այլ ինվազիվ մեթոդը կարող է վտանգավոր լինել` փաթեթավորված թմրանյութերի պարկը կարող է վնասվել և հանգեցնել ճակատագրական հետևանքների: Բացի դրանից, եթե խողովակը սխալ տեղադրվի` հեղուկը կարող է ներհոսել թոքերի մեջ և առաջացնել շնչահեղձություն: Հարկադրված փսխումը նաև կարող է հանգեցնել խեղդման կամ թոքերի վարակի: Հետևաբար, առանց անձի համաձայնության փսխողական միջոցների կիրառումը բժշկական նկատառումներով չի կարող արդարացվել, և առանց այդ համաձայնության ապացույցներն ապահովելու այս մեթոդը անհամատեղելի է բժշկական էթիկայի հետ, ինչպես արդեն նշվել էր նման վերաբերմունքի արդյունքում կասկածյալի մահվան հետևանքով (տե՛ս, inter alia, Odile Diamant-Berger, Michel Garnier and Bernard Marc, Urgences Mռdico Judiciaires, 1995թ., էջեր 24-33, Դաշնային բժշկական խորհրդի գիտական կոմիտեի 1996թ. մարտի 28-ի զեկույցը ի պատասխան Դաշնային սահմանադրական դատարանի` փսխողական միջոցների բռնի կիրառման հետևանքով առաջացած վտանգները գնահատելու խնդրանքի, և գերմանական բժշկական 105-րդ համաժողովի ընթացքում Դաշնային բժշկական միության կողմից ընդունված բանաձևի կետ 3):
(d) Գերմանիայում փսխողական միջոցները բռնի ուժով կիրառելու պրակտիկան
45. Գերմանիայի տարածքում չկա ապացույցներ ձեռք բերելու նպատակով փսխողական միջոցներ կիրառելու միասնական պրակտիկա: 1993թ.-ից տասնվեց տարածաշրջաններից հինգում (Բեռլինում, Բրեմենում, Համբուրգում, Հեսսեում և ներքին Սաքսոնիայում) այս միջոցն օգտագործվել է կանոնավոր կերպով: Մինչդեռ որոշ տարածաշրջաններում կասկածյալի մահից հետո դադարեցվել է դրա օգտագործումը, այլոք շարունակում են դիմել այդ միջոցին: Փսխողական միջոցներ օգտագործելու ճնշող մեծամասնություն կազմող դեպքերում կասկածյալները համաձայնում են ինքնուրույն կուլ տալ փսխողական դեղերը` տեղեկացվելուց հետո, որ հակառակ դեպքում այն կկիրառվի բռնի կերպով: Այլ տարածաշրջաններում փսխողական միջոցները չեն կիրառվում բռնի կերպով, մասամբ այն պատճառով, որ բժշկական տեսանկյունից այն համարվում է անհամաչափ և վտանգավոր միջոց, և մասամբ, քանի որ այն չի համարվում պարտադիր միջոց թմրանյութերի հետ կապված հանցանքների դեմ պայքարում:
46. Թմրանյութերի առուվաճառքի մեջ կասկածվող անձանց նկատմամբ բռնի կերպով քթի մեջ տեղադրված խողովակի միջոցով ստամոքս իպեկակուանայի օշարակի ներարկման հետևանքով Գերմանիայում երկու զոհ է եղել: 2001թ. Համբուրգում մահացել էր Կամերունի քաղաքացի: Ըստ հետաքննության արդյունքների` նրա սիրտը կանգ էր առել փսխողականի բռնի կիրառման արդյունքում առաջացած սթրեսի հետևանքով: Պարզվել էր, որ նա տառապել էր սրտի թաքնված հիվանդությամբ: 2005թ. Բրեմենում մահացել էր Սիեռա Լեոնեի քաղաքացի: Նրա մահվան պատճառը դեռևս չի բացահայտվել: Շտապօգնության բժիշկը և բժշկական փորձագետը ենթադրում են, որ դիմողը խեղդվել էր թթվածնի անբավարարության հետևանքով: Անզգուշության հետևանքով սպանության համար քրեական վարույթ էր հարուցվել բժշկի դեմ, ով փսխողական և ջուր էր ներարկել կասկածյալի ստամոքսի մեջ, ինչպես նաև նրան օգնող շտապօգնության բժշկի դեմ:
47. Բրեմենում մահվան հետևանքով Բրեմենի գլխավոր դատախազը (Leitender Oberstaatsanwalt) հրամայել էր դադարեցնել Բրեմենում փսխում առաջացնող միջոցների բռնի կիրառումը: Քննության նախապատրաստման ընթացքում արդարադատության և ներքին գործերի հարցերով սենատորների կողմից ստեղծվել էր նոր ընթացակարգ, որի համաձայն` անձը, ով ենթադրաբար կուլ է տալիս թմրանյութեր, պետք է տեղեկացվի բժշկի կողմից դրանց իր մարմնում մնալու վտանգների մասին: Կասկածյալը կարող է իր ընտրությամբ ընդունել փսխողական կամ թուլացնող դեղամիջոց, եթե բժշկական զննությամբ պարզվում է, որ այն վտանգ չի ներկայացնում իր առողջության համար: Հակառակ դեպքում, նա կալանավորվում է հատուկ կահավորված խցում` մինչև բնական ճանապարհով թմրանյութերի փաթեթների դուրս գալը:
2. Միջազգային հանրային իրավունք, համեմատական իրավունք և պրակտիկա
(a) Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիա
48. Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1984թ. դեկտեմբերի 10-ի 39/46 բանաձևով, որն ապահովում է`
Հոդված 1
1. Համաձայն սույն Կոնվենցիայի նպատակների` «խոշտանգում» սահմանումը նշանակում է ցանկացած գործողություն, որի միջոցով պետական պաշտոնյա անձը կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձ, կամ նրանց հրահրմամբ և գիտությամբ կամ լռելյայն համաձայնությամբ, որևէ անձի մտածված կերպով պատճառում է ուժեղ ցավ կամ տառապանք` մարմնական կամ մտավոր, նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, իր կամ երրորդ անձի` կատարած հանցանքի կամ այն գործած լինելու մեջ կասկածելու համար, ինչպես նաև նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած այլ պատճառով: Այս բնորոշման մեջ չեն մտնում այն ցավն ու տառապանքը, որոնք ծագում են սոսկ օրինական սանկցիաների պատճառով, անբաժանելի են այդ սանկցիաներից կամ ծագել են դրանցից` պատահականորեն:
Հոդված 15
Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի որևէ դատական հարցաքննության ընթացքում իբրև ապացույց չօգտագործվի որևէ հայտարարություն, որը, ինչպես պարզվել է, արվել է խոշտանգման ազդեցության տակ, բացի այն դեպքերից, երբ դա խոշտանգելու մեջ մեղադրվող անձի դեմ այդ հայտարարությունն արվելու ապացույց է հանդիսանում:
Հոդված 16, կետ 1
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում պարտավորվում է կանխել դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մյուս ձևերը, որոնք չեն մտնում 1-ին հոդվածում ներկայացվող խոշտանգման սահմանման մեջ, երբ այդպիսի գործողությունները կատարվում են պետական պաշտոնատար անձի կամ պաշտոնապես հանդես եկող մեկ այլ անձի կողմից կամ նրանց հրահրմամբ, գիտությամբ և լուռ համաձայնությամբ: Մասնավորապես, 10, 11, 12 և 13-րդ հոդվածներում նշված պարտավորությունները կիրառվում են խոշտանգման մասին հիշատակությունը դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի մասին հիշատակության փոխարինմամբ:
(b) Միացյալ Նահանգների դատարանների նախադեպային իրավունք
49. Ռոչինն ընդդեմ Կալիֆոռնիայի գործում (342 ԱՄՆ 165 (1952թ.)), Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը բեկանել էր ապօրինի թմրամիջոցներ պահելու կապակցությամբ դիմողի նկատմամբ կայացված վճիռը: Այն տեղեկատվության հիման վրա, ըստ որի` դիմողը թմրամիջոցներ էր վաճառում, երբ երեք պետական ծառայության աշխատակիցներ մտել էին նրա տուն և ներխուժել նրա ննջարան: Նրանք փորձել էին բռնությամբ դուրս հանել թմրանյութերի փաթեթները, որոնք դիմողը պահում էր իր բերանում: Ոստիկանները նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ խողովակի միջոցով նրա ստամոքսն էր ստիպողաբար ներարկվել փսխողական: Նա փսխել էր երկու դեղապատիճներ, որոնց մեջ հայտնաբերվել էր մորֆին: Դրանք ընդունվել էին որպես ապացույցներ, չնայած նրա առարկությանը: 1952թ. հունվարի 2-ին Գերագույն դատարանը վճռել էր, որ մեղադրական ապացույցները ձեռք էին բերվել տասնչորսերորդ կետի պատշաճ ընթացակարգը խախտող մեթոդների կիրառմամբ:
50. Պրն Ֆրանկֆուրթերը դատարանի կարծիքը հայտնելով`գտել էր հետևյալը.
«Կիրառելով այս ընդհանուր եզրահանգումները սույն գործի հանգամանքների նկատմամբ` մենք ստիպված ենք եզրակացնել, որ դատավարությունը, որի արդյունքում դիմողը դատապարտվել էր, ավելին էր, քան անձնական վիրավորանքը հանցավորության դեմ պայքարի գործընթացում: Դա անօրինական ներխուժում էր դիմողի անձնական կյանք: Ապօրինի խախտելով դիմողի անձնական գաղտնիությունը` ստիպել էին բացել բերանը և հանել դրա պարունակությունը, բռնի կերպով նրա ստամոքսի պարունակության ձեռքբերումը վիրավորանք է նույնիսկ ամենակայուն զգացական վիճակ ունեցող անձի համար: Այդ մեթոդները չափազանց մոտ են խոշտանգումներին` դրանց սահմանադրական տարբերակումը թույլատրելու համար:
Վաղուց դադարել է ճշմարիտ լինել այն, որ տվյալ իրավական գործընթացը չի սահմանափակում այն միջոցները, որոնց արդյունքում ձեռք են բերվում համապատասխան և վստահելի ապացույցներ: Սա չէր համապատասխանում իրականությանը նույնիսկ նախքան մի շարք դեպքերից հետո ընդունված սահմանադրական սկզբունքից հետո` առ այն, որ պետությունները չեն կարող հիմնվել պարտադրանքի արդյունքում ստացված վկայությունների վրա: ...
Տարբերակելու համար իրավաբանների կողմից անվանվող «իրական փաստերը» բանավոր վկայությունից` անհրաժեշտ է պարտադրանքի արդյունքում ստացված խոստովանությունը: Անզգուշությամբ կատարված բանավոր ցուցմունքների օգտագործումը սահմանադրորեն անընդունելի է` դրանց անհուսալիության պատճառով: Դրանք անընդունելի են պատշաճ իրավական ընթացակարգի համաձայն, եթե անգամ, դրանք պարունակում են իրականությանը համապատասխանող տեղեկատվություն: Բռնի կերպով խոստովանություն կորզելը խարխլում է հանրության` արդար դատաքննության և պարկեշտության ընկալումը»:
51. Օհայո նահանգն ընդդեմ Դարիո Ուիլյամսի գործում (2004թ. WL 1902368 (Ohio App 8 Dist.)), Օհայոյի վերաքննիչ դատարանը 2004թ. օգոստոսի 26-ին վճռել էր, որ մեղադրյալի ստամոքսի լվացումը առանց նրա համաձայնության, չի հանդիսացել ողջամիտ որոնում և առգրավում: Մեղադրյալին նկատել էին ձեռքից ձեռք թմրամիջոցների գործարքով զբաղվելիս: Երբ ոստիկանները հրամայել էին մեղադրյալին նստել իրենց ավտոմեքենան` նա ինչ-որ բան դրել էր բերանը և վազել դուրս: Ըստ դատարանի` մեղադրյալի հիվանդանոցի բժշկի կողմից ստամոքսի լվացումը ոչ ողջամիտ միջոց չէր, թեև մեղադրյալը դիմադրել էր այդ միջոցն օգտագործելիս և նրան ստիպված հանգստացնող դեղամիջոց ներարկվել: Կուլ տալով կոկաինը, որը տեսել էին մեղադրյալի բերանում, նա վտանգի էր ենթարկել իր կյանքը և ոչնչացրել էր ապացույցները:
52. Պրն ՄաքՄոնագլը դատարանի կարծիքը հայտնելով`գտել էր հետևյալը.
«19. Ուիլյամսը մեջբերում է Ռոչին ընդդեմ Կալիֆոռնիայի գործը, 342 ԱՄՆ 165 (1952թ.) ... բռնի կերպով որոնումների առնչությամբ առավել ակնհայտ գործերից մեկը:
...
(c) Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում փսխում առաջացնող միջոցների կիրառման պրակտիկան
53. Կառավարությունը ներկայացրել է դիտարկում, որը հիմնված է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից իրենց գործակալների միջոցով ստացված տվյալների վրա: Ըստ հարցման` փսխում առաջացնող միջոցները հարկադրաբար կիրառվում են թմրանյութերի տարածման մեջ կասկածվողների նկատմամբ չորս երկրներում (Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն և Գերմանիա): Երեսուներեք երկրներում փսխում առաջացնող միջոցները չեն կիրառվում կուլ տված թմրանյութերի պարկերը կասկածյալի կամքին հակառակ ձեռք բերելու նպատակով (Ալբանիա, Հայաստան, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա և Մոնտենեգրո, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն): Երեք երկրներում (Խորվաթիա, Լեհաստան և Սլովենիա) գործում է փսխում առաջացնող միջոցների կիրառման իրավական հիմք, սակայն առկա չէ որևէ տեղեկատվություն, թե արդյոք այն կիրառվում է գործնականում: Չկա որևէ տեղեկատվություն վեց անդամ պետություններում փսխում առաջացնող միջոցների օգտագործման պրակտիկայի վերաբերյալ (Անդորրա, Ադրբեջան, Բուլղարիա, Լիխտենշտեյն, Սան Մարինո, և Մոնակո):
54. Դիմողը մասամբ վիճարկել է Կառավարության եզրակացությունները: Նա նշել է, որ Կառավարությունը հայտարարել է, որ երեք երկրներում, բացառությամբ Գերմանիայի, (Լյուքսեմբուրգ, Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն և Նորվեգիա) թույլատրվում է փսխում առաջացնող միջոցների կիրառումը թմրանյութերի առուվաճառքի մեջ կասկածվող անձանց նկատմամբ, և որ այդ միջոցն կիրառվում է գործնականում: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որ այդ անդամ պետություններում փսխողականը կիրառվում է մեղադրյալի կամքին հակառակ: Ինչ վերաբերում է Նորվեգիային, մասնավորապես դիմողը վիճարկել է, որ բռնի նազոգաստրիկ խողովակի տեղադրումը, ինչպես իր դեպքում էր, օրինական է: Ինչ վերաբերում է փսխողականի կիրառմանը Խորվաթիայում, Լեհաստանում և Սլովենիայում, նա հերքել է նման միջոցառման որևէ իրավական հիմքի առկայությունը: Հետևաբար, Գերմանիան միակ Պայմանավորվող պետությունն է, որն իրականում դիմում է վիճարկվող միջոցի կիրառմանը: Բոլոր մյուս անդամ պետություններում իշխանություններն սպասում են թմրանյութերի բնական ճանապարհով դուրսբերմանը:
55. Դատարանում առկա այլ նյութերը հաստատում են կողմերի եզրակացությունն առ այն, որ փսխում առաջացնող միջոցը բռնի կերպով չի կիրառվել որոշ անդամ պետություններում (Բելգիա, Էստոնիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Նիդեռլանդներ, Իսպանիա և Միացյալ Թագավորություն): Այդ պետություններում իշխանություններն սպասում են թմրանյութերի` բնական ճանապարհով հայտնաբերմանը: Այդ դեպքերում սովորաբար օգտագործվում են հատուկ նստակոնքեր, որոնք վերականգնում և մաքրում են կուլ տված թմրանյութերը: Նյութերում այնուհետև նշվել է, որ Նորվեգիայում օգտագործվում են հատուկ զուգարաններ (այսպես կոչված` Pacto 500 նստակոնքեր), որոնք օգտագործվում են վերականգնելու համար թմրանյութերը: Սակայն 1993թ. Նորվեգիա իր այցի ընթացքում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ Եվրոպական հանձնաժողովը (CPT) ականատես էր եղել Օսլոյի ոստիկանության բաժանմունքում կալանավորի նկատմամբ փսխում առաջացնող միջոցի կիրառմանը (տե՛ս CPT-ի զեկույցը 1993թ. Նորվեգիա այցի վերաբերյալ, կետ 25): Ինչ վերաբերում է Լեհաստանին` չի հաստատվել այն, որ փսխում առաջացնող միջոցները գործնականում կիրառվում են բռնի կերպով:
ՕՐԵՆՔ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
56. Դիմողը պնդել է, որ ենթարկվել է անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բռնի կերպով փսխում առաջացնող միջոցներ կիրառելու հետևանքով: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, որը սահմանում է հետևյալը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
57. Կառավարությունը վիճարկել է այս պնդումը:
A. Կողմերի պնդումները
1. Դիմողը
58. Ըստ դիմողի` փսխում առաջացնող միջոցի բռնի կիրառումը հանդիսացել է լուրջ միջամտություն իր ֆիզիկական ամբողջականությանը և եղել է իր նրա առողջական վիճակի և նույնիսկ կյանքի համար լուրջ սպառնալիք, քանի որ իպեկակուանայի օշարակը և ապոմորֆինը կարող են առաջացնել կյանքին սպառնացող կողմնակի բարդություններ: Բռնի կերպով կասկածյալի քթի մեջ խողովակ մտցնելը կարող էր վնաս պատճառել նրա քթին, կոկորդին, կերակրափողին և նույնիսկ ստամոքսում թմրանյութերի պարկի պայթելու պատճառ դառնալ: Բռնի ուժով փսխում առաջացնող միջոցի կիրառման վտանգը պարզաբանվել էր նրանով, որ Գերմանիայում այն արդեն հանգեցրել էր երկու կասկածյալների մահվան: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև ԱՄՆ-ն այս մեթոդը ճանաչել են անօրինական: Միջամտությունը չի կարող արդարացվել բժշկական օգնության հիմքերով: Ընդհակառակն, այն միայն մեծացնում է կուլ տված թմրանյութերով կասկածյալի թունավորվելու վտանգը: Կասկածյալը հայտնել էր իր դժգոհությունը տեղի ունեցած բուժման գործողության վերաբերյալ, քանի որ այն պետք է պահպանվի ժողովրդավարական հասարակությունում որպես անհատի ինքնորոշման իրավունք:
59. Դիմողն այնուհետև պնդել է, որ փսխում առաջացնող միջոցի կիրառումը հետապնդել էր իրեն վախեցնելու և ստորացնելու նպատակ` անտեսելով նրա մարդկային արժանապատվությունը: Միջոցը, որով նա ստիպված էր եղել անցնել կյանքին սպառնացող բժշկական միջամտությունը` միջով եղել էր բռնի, տանջալից և ստորացուցիչ: Նրա ստորացումը հասել էր այն կետին, որ նա ստիպված էր փսխել մի քանի ոստիկանների ներկայությամբ: Կալանքի տակ գտնվելով` նա հայտնվել էր հատկապես խոցելի վիճակում:
60. Ավելին, դիմողը պնդել է, որ բժշկի կողմից չէր ուսումնասիրվել իր հիվանդության պատմությունը և ֆիզիկական վիճակը` նախքան այդ միջոցները կիրառելը: Ավելին, դրանից հետո նրան չի ցուցաբերվել բժշկական օգնություն և չի իրականացվել նրա առողջական վիճակի վերահսկողություն բանտում:
61. Դիմողը նաև ընդգծել է, որ նա ստացել էր մարմնական վնասվածքներ, հատկապես` ստամոքսի շրջանում, որը հաստատվել էր բանտային հիվանդանոցում կատարված գաստրոսկոպիայի արդյունքով: Բացի դրանից, նա ենթարկվել էր ֆիզիկական և հոգեկան տառապանքների` փսխում առաջացնող միջոցները կիրառելու ընթացքում և համապատասխան նյութերի քիմիական հետևանքների արդյունքում:
2. Կառավարությունը
62. Ըստ Կառավարության` բռնի կերպով փսխում առաջացնող միջոցների կիրառումը հանգեցրել էր առողջության միայն աննշան վտանգի: Իպեկակուանայի օշարակը վտանգավոր նյութ չէ: Ի դեպ, այն տրվում է թունավորված երեխաներին: Չափազանց ճկուն խողովակը դիմողի քթի մեջ տեղադրելը չէր վնասի նրան, թեև նա դիմադրում էր: Ապոմորֆինի ներարկումը նույնպես վտանգավոր չէր: Դիմողի կողմից նկարագրված բարդություններն ու վտանգները կարող էին առաջանալ դիտարկվող փսխում առաջացնող միջոցների քրոնիկ չարաշահման կամ օգտագործման արդյունքում: Այն փաստը, որ թմրանյութերի առուվաճառքի մեջ կասկածվող երկու դիլերները մահացել էին Համբուրգում և Բրեմենում բռնի կերպով փսխողական միջոցների կիրառման արդյունքում, չի հաստատում այն եզրակացությունը, որ այդ միջոցը վտանգավոր է առողջության համար: Այդ մեթոդը բազմիցս օգտագործվել է առանց բարդությունների: Իշխանությունները դիմում են փսխում առաջացնող միջոցների կիրառմանն այն տարածաշրջաններում, որտեղ թմրանյութերի վաճառքը լուրջ խնդիր է: Հիմնականում կասկածյալներն ընդունում են փսխում առաջացնող միջոցներ` տեղեկացվելուց հետո, որ հրաժարվելու դեպքում կկիրառվի ուժ: Համբուրգի գործով ամբաստանյալն ուներ սրտի թաքնված հիվանդություն և կլիներ նույնքան վտանգավոր դրության մեջ տարբեր տեսակի միջոցների կիրառմանը դիմադրելու դեպքում: Բրեմենի գործով չի կարելի բացառել ամբաստանյալի` իր իսկ կողմից կուլ տված թմրանյութերից թունավորվելու հավանականությունը:
63. Կառավարությունը նշել է, որ եղել էր իրական և անմիջական վտանգ, որ թմրամիջոցների պարկը, որը փաթեթավորված չէր մարմնի ներսում երկարաժամկետ տեղափոխման համար, կարող էր թունավորել դիմողին: Թեև փսխում առաջացնող միջոցները հիմնականում կիրառվել էին ապացույցներ ձեռք բերելու և ոչ թե բժշկական նկատառումներով դիմողի ստամոքսից թմրամիջոցների հեռացումը կարող է դիտարկվել որպես բժշկական պահանջ: Պետության պոզիտիվ պարտավորությունն է պաշտպանել դիմողին` թմրամիջոցների փսխում առաջացնելով: Այս դեպքում անչափահասի նկատմամբ փսխում առաջացնող միջոցների կիրառումը դիտարկվում է որպես միջոց, եթե նա կասկածվում է թմրանյութերի առքուվաճառքով զբաղվելու մեջ:
64. Կառավարության կարծիքով` վիճարկված միջոցը չէր գերազանցել թմրանյութերի հետ կապված հանցագործության կատարման վերաբերյալ ապացույցներ ապահովելու համար անհրաժեշտ սահմանը: Դիմողը հիվանդանոցում բարձրակարգ բժշկի կողմից ստացել էր փսխում առաջացնող անվնաս միջոց: Նման միջոցը տվյալ հանգամանքներում չի կարող համարվել նվաստացուցիչ:
65. Կառավարությունը նաև պնդել է, որ դիմողի նկատմամբ փսխում առաջացնող միջոցը կիրառվել էր բժշկի կողմից հիվանդանոցում` նրա հիվանդության պատմությունն ստանալուց հետո միայն: Նույն բժիշկը պատշաճ կերպով վերահսկել էր դիմողի` փսխում առաջացնող միջոցի ներարկումը:
66. Կառավարությունը նշել է, որ առկա չէր որևէ ապացույց առ այն, որ դիմողն ստացել էր վնասվածքներ կամ տևական վնաս փսխում առաջացնող միջոցը կիրառելու արդյունքում: Նա պարզապես հոգնել էր այդ միջոցը կիրառելուց մի քանի ժամ հետո` կամ ապոմորֆինի հետևանքով կամ դիմադրություն ցուցաբերելու պատճառով: Դատարանում վարույթի ընթացքում դիմողը պնդել էր, որ նա հետագայում կրել էր առողջական վնաս: Այնուամենայնիվ, նա չէր ներկայացրել իր պնդումները հաստատող որևէ փաստաթղթային ապացույց:
B. Դատարանի գնահատականը
1. Համապատասխան սկզբունքները
67. Համաձայն Դատարանի սահմանած նախադեպային իրավունքի` վատ վերաբերմունքը պետք է հասնի խստության նվազագույն մակարդակին, եթե այն 3-րդ հոդվածի շրջանակներում է: Խստության նվազագույն մակարդակի գնահատումը հարաբերական է, այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են` վատ վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և հոգեկան հետևանքները և որոշ դեպքերում` տուժողի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՛ս, inter alia, Փրայսն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 33394/96, կետ 24, ՄԻԵԴ 2001թ.-VII, Մուսիլն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 67263/01, կետ 37, ՄԻԵԴ 2002թ.-IX, և Նաումենկոն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 42023/98, կետ 108, 2004թ. փետրվարի 10): Վատ վերաբերմունքի առնչությամբ պնդումները պետք է ունենան համապատասխան ապացույցներ (տե՛ս, mutatis mutandis, Կլասն ընդդեմ Գերմանիայի, 1993թ. սեպտեմբերի 22, կետ 30, Series A թիվ 269): Գնահատելու համար այդ ապացույցները` Դատարանն ընդունում է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման չափորոշիչը, բայց ավելացնում է, որ նման ապացույցը կարող է առաջանալ բավականաչափ ուժեղ, հստակ և համահունչ եզրակացությունների կամ նմանատիպ փաստերի գոյակցությունից (տե՛ս Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. հունվարի 18, կետ 161, Series A թիվ 25, և Լաբիտան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 26772/95, կետ 121, ՄԻԵԴ 2000թ.-IV):
68. Դատարանի կողմից վերաբերմունքը որակվել էր «անմարդկային», քանի որ, inter alia, այն կանխամտածված էր, ձգձգվել էր ժամեր շարունակ և պատճառել թե՛ մարմնական վնասվածքներ, թե՛ լուրջ ֆիզիկական և հոգեկան տառապանք (տե՛ս վերը նշված Լաբիտայի գործը, կետ 120): Վերաբերմունքը համարվում է «նվաստացնող», երբ այն տուժողների մոտ առաջացնում է վախի, տառապանքի ու թերարժեքության զգացմունքներ, որոնք կարող են նվաստացնել և ստորացնել նրանց և անգամ կոտրել նրանց ֆիզիկական կամ բարոյական դիմադրողականությունը (տե՛ս Հարթադոն ընդդեմ Շվեյցարիայի, 1994թ. հունվարի 28, Հանձնաժողովի կարծիքը, կետ 67, Series A, թիվ 280), կամ երբ այն ստիպում է զոհին գործել իր կամքին կամ խղճին հակառակ (տե՛ս, օրինակ, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան և Նիդեռլանդներն ընդդեմ Հունաստանի («Հունական գործը»), թիվ 3321/67, 3322/67, 3323/67 և 3344/67, Հանձնաժողովի 1969թ. նոյեմբերի 5-ի զեկույցը, Տարեգիրք 12, էջ 186, և Քինանն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 27229/95, կետ 110, ՄԻԵԴ 2001թ.-III): Ավելին, որոշելու համար, թե արդյոք վերաբերմունքը «նվաստացնող» էր 3-րդ հոդվածի իմաստով, Դատարանը հաշվի է առնում հետևյալ գործոններից մեկը` թե արդյոք եղել է անձին նվաստացնելու և ստորացնելու նպատակ, չնայած նման նպատակի բացակայությունը չի կարող բացառել 3-րդ հոդվածի խախտման հաստատումը (տե՛ս Ռանինեն ընդդեմ Ֆինլանդիայի, 1997թ. դեկտեմբերի 16, կետ 55, Վճիռների և որոշումների ժողովածու 1997թ.-VIII, Փիրսն ընդդեմ Հունաստանի, թիվ 28524/95, կետեր 68 և 74, ՄԻԵԴ 2001թ.-III, վերը նշված կետ 24): Պատիժը կամ վերաբերմունքը «անմարդկային» կամ «արժանապատվությունը նվաստացնող» հաստատվելու համար պատճառված տառապանքը կամ նվաստացումը ցանկացած դեպքում պետք է գերազանցի իրավաչափ վերաբերմունքի կամ պատժի այս կամ այն ձևի անխուսափելի տառապանքի կամ նվաստացման գործոնը (տե՛ս վերը նշված Լաբիտայի գործը, կետ 120):
69. Ինչ վերաբերում է բժշկական միջամտությանը, որին ենթարկվել էր ձերբակալված անձն իր կամքին հակառակ, Կոնվենցիայի 3-րդ հոդվածը պետության վրա դնում է պարտավորություն` պաշտպանել ազատությունից զրկված անձանց ֆիզիկական բարօրությունը, օրինակ` ապահովելով նրանց համար անհրաժեշտ բժշկական օգնություն: Անձինք, այնուամենայնիվ, մնում են 3-րդ հոդվածի պաշտպանության ներքո, որի պահանջներից չի թույլատրվում որևէ շեղում (տե՛ս վերը նշված Մուսելի գործը, կետ 40, և Նումենկոն, կետ 112): Միջոցները, որոնք թերապևտիկ անհրաժեշտության տեսանկյունից սահմանված բժշկական սկզբունքներ են, սկզբունքորեն չեն համարվում անմարդկային և նվաստացնող (տե՛ս, մասնավորապես, Հերձեգֆալվին ընդդեմ Ավստրիայի, 1992թ. սեպտեմբերի 24, կետ 82, Series A, թիվ 244, և վերը նշված Նաումենկոյի գործը, կետ 112): Դրան կարելի է վերագրել, օրինակ, ուժով կերակրելը, որն ուղղված է կալանավորի կյանքը փրկելուն, ով գիտակցաբար հրաժարվում է սննդից: Դատարանը, այնուամենայնիվ, պետք է բավարար ապացույցներ ունենա, որ առկա են ընթացակարգային երաշխիքներ օրինակ ստիպողաբար կերակրելու որոշման համար (տե՛ս Նևմերժինսկին ընդդեմ Ուկրաինայի, թիվ 54825/00, կետ 94, ՄԻԵԴ 2005թ.-II):
70. Եթե նույնիսկ դա չի հիմնավորվում բժշկական անհրաժեշտության նպատակներով, Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածները չեն արգելում կասկածյալի կամքին հակառակ դիմել նման բժշկական միջոցառումների` քրեական հանցագործության մեջ նրա ներգրավվածության վերաբերյալ նրանից ապացույցներ ստանալու նպատակով: Այսպիսով, Կոնվենցիայի ինստիտուտները գտել են, որ հանցանքը քննելու նպատակով կասկածյալի կամքին հակառակ արյան կամ թքի նմուշներ վերցնելը չի խախտում այդ հոդվածները (տե՛ս, inter alia, X.-ն ընդդեմ Նիդեռլանդների, թիվ 8239/78, Հանձնաժողովի որոշումներ 1978թ. դեկտեմբերի 4, Որոշումների և Զեկույցների ժողովածու (DR) 16, էջեր 187-89, և Շմիդտն ընդդեմ Գերմանիայի (dec), թիվ 32352/02, 2006թ. հունվարի 5):
71. Այնուամենայնիվ, հանցագործության կապակցությամբ ապացույցներ ստանալու բռնի բժշկական միջամտությունը պետք է համոզիչ կերպով հիմնավորված լինի կոնկրետ գործի փաստերով: Դա հատկապես ճիշտ է, երբ միջոցառումը նախատեսված է անձի մարմնի ներսից հանցագործության իրական ապացույց ստանալուն: Նման գործողության հատկանշական բնույթը պահանջում է բոլոր հանգամանքների խիստ ստուգում: Այս կապակցությամբ, պետք է հաշվի առնվի հանցագործության լրջությունը: Իշխանությունները պետք է նաև ցույց տան, որ նրանք քննարկել են նաև ապացույցներն ստանալու այլընտրանքային մեթոդները: Ընդ որում, այդ գործընթացը չպետք է հանգեցնի ռիսկի որևէ վտանգ կասկածյալի առողջության համար (տե՛ս, mutatis mutandis, վերը նշված Նևմերժինսկիի գործը, կետեր 94 և 97, և վերը նշված Շմիդտի գործը):
72. Ավելին, թերապևտիկ նպատակներով իրականացվող միջամտությունները, այն միջոցը, որով անձը ենթարկվում է բռնի բուժման գործողության իր մարմնից ապացույցներ ստանալու նպատակով, չի կարող գերազանցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված խստության նվազագույն մակարդակը: Մասնավորապես, հաշվի է առնվում, թե պատճառվել է, արդյոք, անձին բռնի բժշկական միջամտության հետևանքով լուրջ ֆիզիկական ցավ կամ տառապանք (տե՛ս Փիթիրսն ընդդեմ Նիդեռլանդների, թիվ 21132/93, Հանձնաժողովի որոշում 1994թ. ապրիլի 6, DR 77 -B, վերը նշված Շմիդտի գործը, և Նևմիրժինսկիի գործը, կետեր 94 և 97):
73. Նմանատիպ գործերում քննարկման մեկ այլ հարց է նաև այն, թե արդյոք բռնի կերպով գործադրված բժշկական միջամտությունն իրականացվել է բժիշկների կողմից, և արդյոք այդ անձը գտնվել է մշտական բժշկական հսկողության ներքո (տե՛ս, օրինակ, Իլիջկովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 33977/96, Հանձնաժողովի որոշում 1997թ. հոկտեմբերի 20, չարձանագրված):
74. Մեկ այլ համապատասխան գործոն է նաև այն, թե արդյոք բռնի կերպով իրականացված բժշկական միջամտությունը հանգեցրել է նրա առողջական վիճակի վատթարացման և ունեցել է երկարատև հետևանքներ նրա առողջության համար (տե՛ս, mutatis mutandis, վերը նշված Իլիջկովի գործը, և Կրաստանովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 50222 / 99, կետ 53, 2004թ. սեպտեմբերի 30):
2. Սույն գործով այդ սկզբունքների կիրառումը
75. Նախ Դատարանը նշում է, որ ըստ Կառավարության` դիմողի ստամոքսից թմրանյութի պարկը հանելը` փսխում առաջացնող միջոցների կիրառմամբ, կարող է համարվել բժշկական հիմքերով պահանջ, քանի որ նա կանգնած էր թունավորվելու միջոցով մահվան վտանգի առաջ: Սակայն պետք է նկատել, որ բոլոր ներպետական դատարաններն ընդունել էին, որ փսխում առաջացնող միջոցները թույլատրելիս իշխանությունները գործել էին Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածի հիման վրա: Այս դրույթը թույլ է տալիս դատախազության մարմիններին ապացույցներ ստանալու նպատակով թույլատրել մարմնական միջամտություն կատարել բժշկի կողմից` առանց կասկածյալի համաձայնության, կասկածյալի առողջությանը չվնասելու պայմանով: Այնուամենայնիվ, 81a-րդ հոդվածը չի ընդգրկում անձի առողջությանը սպառնացող անմիջական վտանգը կանխելու միջոցառումներ: Բացի դրանից, անվիճելի է, որ փսխում առաջացնող միջոցը կիրառվել էր առանց դիմողի մարմնում թմրամիջոցի պարկը թողնելու դեպքում նախապես վտանգ տեսնելու: Կառավարությունը նաև նշել է, որ փսխում առաջացնող միջոցները երբեք չեն կիրառվել անչափահասների նկատմամբ, եթե նրանք չեն կասկածվել թմրանյութերի առուվաճառքով զբաղվելու մեջ: Անչափահասները, սակայն, բուժման ոչ պակաս կարիք ունեն, քան մեծահասակները: Չափահաս դիլերները, իրենց հերթին, փսխում առաջացնող միջոցների կիրառման դեպքում կանգնած են առողջության համար նույն վտանգի առաջ: Հետևաբար, Դատարանը բավարարված չէ այն պնդմամբ, որ դատախազության մարմինների կողմից վիճարկվող միջոցառումների թույլատրման որոշումը հիմնավորված էր և պահանջվում էր բժշկական նկատառումներով, այն է` դիմողի առողջությունը պաշտպանելու համար: Փոխարենը, այն նպատակ էր հետապնդում ապահովել թմրանյութերի հետ կապված հանցագործության ապացույցներ:
76. Այս եզրակացությունն ինքնին չի երաշխավորում այն եզրակացությունը, որ վիճարկվող միջամտությունը հակասում է 3-րդ հոդվածին: Ինչպես նշվել է վերը (տե՛ս վերը` կետ 70), Դատարանը մի քանի առիթներով գտել է, որ Կոնվենցիան սկզբունքորեն չի արգելում բժշկական բռնի միջամտությունը, որը կնպաստի հանցագործության քննությանը: Այնուամենայնիվ, ապացույց ձեռք բերելու նպատակով անձի ֆիզիկական ամբողջականությանը ցանկացած միջամտություն պետք է խիստ քննության ենթարկվի` հաշվի առնելով հետևյալ հատկապես կարևոր գործոնները` որքանով էր բռնի բժշկական միջամտությունն անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու համար, կասկածյալի առողջությանն սպառնացող վտանգը, սահմանված ընթացակարգը և դրանով պայմանավորված ֆիզիկական ցավը և հոգեկան տառապանքը, բժշկական վերահսկողության մատչելիությունը և կասկածյալի առողջության հնարավոր հետևանքները (համեմատել նաև Միացյալ Նահանգների դատարանների կողմից նմանատիպ գործերով սահմանված չափորոշիչները (տե՛ս վերը` կետեր 51-52): Հաշվի առնելով առանձին գործի բոլոր հանգամանքները` միջամտությունը չպետք է գերազանցի ծանրության նվազագույն աստիճանը, որը դուրս կգա 3-րդ հոդվածի շրջանակներից: Դատարանը հերթով ուսումնասիրում է այդ տարրերը:
77. Ինչ վերաբերում է բռնի բժշկական միջամտությանը, որն անհրաժեշտ էր ապացույցներ ձեռք բերելու համար` Դատարանը նշում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը լուրջ հանցագործություն է: Այնուամենայնիվ, սույն գործում պարզ է, որ այդ միջոցը կիրառվել էր դիլերի նկատմամբ, ով փողոցում թմրամիջոցը պահում էր իր բերանում և, հետևաբար, չէր կարող իրականացնել թմրանյութերի մեծաքանակ վաճառք: Սա արտացոլվել էր վճռի մեջ (վեց ամսվա պայմանական ազատազրկում), որը համարվում է պատժի նվազագույն սահման: Դատարանը ընդունում է, որ քննիչների համար չափազանց կարևոր էր որոշել վաճառվող թմրանյութերի ճշգրիտ քանակը և տեսակը: Այնուամենայնիվ, այն բավարարված չէ այն հիմնավորումով, որ փսխում առաջացնող միջոցների բռնի կիրառումն անհրաժեշտ էր ապացույցներ ձեռք բերելու համար: Դատախազության մարմինները կարող էին պարզապես սպասել թմրանյութերի բնական ճանապարհով դուրսբերմանը: Հատկանշական է այս առումով, որ Եվրոպայի խորհրդի շատ այլ անդամ պետություններում օգտագործվում է թմրանյութերի հանցանքների քննության այս մեթոդը:
78. Ինչ վերաբերում է բռնի բժշկական միջամտության հետևանքով առողջության վտանգին` Դատարանը նշում է, որ այս հարցը կողմերի միջև վեճի առարկա է դարձել, թե արդյոք և ինչ չափով խողովակի միջոցով դիմողի քթի մեջ իպեկակուանայի օշարակի և ապոմորֆինի ներարկումն առաջացրել էր վտանգ նրա առողջության համար: Թե արդյոք նման միջոցառումները վտանգավոր են, ինչպես արդեն նշվել է (տե՛ս կետեր 41-44), վեճի առարկա է նաև մի շարք բժշկական փորձագետների շրջանում: Մինչդեռ ոմանք այն ամբողջությամբ անվնաս են համարում կասկածյալի նկատմամբ կիրառելու համար, այլոք պնդում են, որ մասնավորապես, նազոգաստրիկ խողովակի օգտագործմամբ փսխում առաջացնող միջոցի բռնի կիրառումը հանգեցնում է կյանքի համար լուրջ վտանգի և, հետևաբար, այն պետք է արգելվի: Դատարանը համոզված չէ, որ փսխում առաջացնող միջոցի բռնի կիրառման ընթացակարգը, որի հետևանքով պատասխանող պետությունում երկու անձ է մահացել, միայն չնչին վտանգ է պարունակում առողջության համար: Այն նաև այս առումով նշում է, որ փաստացի ուժի կիրառումը, ի տարբերություն պարզապես ուժ կիրառելու սպառնալիքի, անհրաժեշտ է համարվել պատասխանող պետություններում փսխում առաջացնող միջոցների կիրառման միայն փոքրաթիվ դեպքերի ընթացքում: Այնուամենայնիվ, մահվան դեպքերը տեղի էին ունեցել ուժ կիրառելու արդյունքում: Ավելին, այն փաստը, որ Գերմանիայի մեծ մասը կազմող տարածաշրջաններ և Եվրոպայի խորհրդի մյուս անդամ պետություններից մեծամասնությունում իշխանությունները խուսափում են փսխում առաջացնող միջոցների բռնի կիրառումից, թույլ է տալիս ենթադրել, որ նման միջոցները համարվում են առողջության համար վտանգավոր:
79. Ինչ վերաբերում է փսխում առաջացնող միջոցների եղանակին` Դատարանը նշում է, որ փսխում առաջացնող միջոցները կամավոր ընդունելուց հրաժարվելուց հետո, դիմողին կապել էին չորս ոստիկաններ, ինչը վկայում է, որ նրա նկատմամբ դաժանությամբ կիրառվել է ուժ: Ապա խողովակը տեղադրվել էր նրա քթում դեպի ստամոքս` հաղթահարելու համար նրա ֆիզիկական և հոգեկան դիմադրությունը: Դա պետք է պատճառեր նրան ցավի և անհանգստության զգացում: Հետագայում նա, իր կամքին հակառակ, ենթարկվել էր փսխողական միջոցի մեկ այլ ներարկման: Անհրաժեշտ է հաշվի առնել դիմողի հոգեկան տառապանքն այն ընթացքում, երբ նա սպասում էր փսխողականի ազդեցությանը: Այդ ընթացքում նա մեկուսացվել էր և պահվում էր ոստիկանության աշխատակիցների և բժշկի վերահսկողության ներքո: Այդ պայմանները պետք է որ նվաստացուցիչ լինեին նրա համար: Դատարանը չի կիսում Կառավարության տեսակետն առ այն, որ բնական ճանապարհով թմրամիջոցների դուրսբերման եղանակը կլիներ նույնքան նվաստացուցիչ: Չնայած դա կհանգեցներ որոշ անձնական անձեռնմխելիության, քանի որ նման հսկողությունը, այնուամենայնիվ, ներառում է օրգանիզմի բնական գործառույթը և զգալիորեն նվազ միջամտություն է անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությանը, քան բռնի բժշկական միջամտությունը (տե՛ս, mutatis mutandis, վերը նշված Փեթերսի, Շմիդտի գործերը):
80. Ինչ վերաբերում է փսխողականի բժշկական վերահսկողությանը, Դատարանը նշում է, որ վիճարկվող միջոցառումն իրականացվել էր հիվանդանոցում` բժշկի կողմից: Բացի դրանից, այդուհետև դիմողը քննվել էր բժշկի կողմից և հայտարարվել պիտանի կալանքի համար: Սակայն կողմերի միջև վեճի առարկան այն է, թե արդյոք դիմողի հիվանդության պատմությունը ստացվել էր նախքան միջոցի կիրառումը` պարզելու համար, թե արդյոք նրա առողջական վիճակը կարող էր վտանգվել նրա կամքին հակառակ փսխողական կիրառելու դեպքում: Քանի որ դիմողը դիմադրել էր փսխողական կիրառելու ընթացքում և չէր խոսում գերմաներեն, այլ միայն կոտրված անգլերենով, պետք է ենթադրվեր, որ նա կամ չէր կարողանում, կամ չէր ցանկանում պատասխանել բժշկի կողմից նախնական բժշկական քննության ընթացքում հնչեցված ցանկացած հարցի: Կառավարությունը չի ներկայացրել դրան հակառակ որևէ փաստաթղթային կամ այլ ապացույց:
81. Ինչ վերաբերում է կասկածյալի առողջության վրա վիճարկվող միջոցառման ազդեցությանը՝ Դատարանը նշում է, որ կողմերը ոչ համակարծիք են այն հարցի շուրջ, թե արդյոք դիմողը կրել էր տևական վնաս առողջության համար, հատկապես իր ստամոքսի առումով: Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած նյութերը՝ այն հաստատված չի համարում այն, որ ձերբակալումից երկուսուկես ամիս անց բանտային հիվանդանոցում նրա ստամոքսի խնդիրների բուժման կամ որևէ հաջորդող բուժօգնության պատճառ է հանդիսացել փսխողականի կիրառումը: Այս եզրակացությունը, իհարկե, կասկածի տակ է դնում Դատարանի վերը նշված հայտնաբերումն առ այն, որ բռնի բժշկական միջամտությունը չէր կարող իրականացվել առանց դիմողի առողջությանը վտանգ սպառնալու հնարավոր ռիսկի:
82. Հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ վիճարկվող միջոցը հասել էր խստության նվազագույն մակարդակի՝ այն 3-րդ հոդվածի շրջանակներում դասելու համար: Իշխանությունները դիմողին, նրա կամքին հակառակ ենթարկել էին ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությանը ծանր միջամտության: Նրանք ստիպել էին նրան փսխել ոչ թերապևտիկ նկատառումներով, այլ ապացույցներ ձեռք բերելու նպատակով, որոնք նրանք կարող էին ստանալ առավել պակաս բռնի եղանակով: Եղանակը, որով իրականացվել էր վիճարկվող միջոցառումը, առաջացրել էր դիմողի մոտ վախի, տառապանքի ու թերարժեքության զգացմունքներ, որոնք կարող էին ստորացնել և նվաստացնել նրան: Բացի դրանից, այդ գործընթացը հանգեցրել էր դիմողի առողջությանն սպառնացող վտանգի` հիվանդության պատմությունը նախապես չուսումնասիրելու հետևանքով: Թեև նպատակը դա չէր, այնուամենայնիվ, կիրառված միջոցն առաջացրել էր դիմողի մոտ ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: Նա, հետևաբար, ենթարկվել էր անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի` 3-րդ հոդվածի արգելքին հակառակ:
83. Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
84. Ըստ դիմողի պնդումների` բռնի ուժով փսխողականի կիրառումը նույնպես անհամաչափ միջամտություն էր իր անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին: Նա հիմնվել էր Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համապատասխան մասերի վրա, որոնք նախատեսում են՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի…. հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
85. Կառավարությունը չի համաձայնել սույն պնդմանը:
86. Դատարանը արդեն քննել է դիմողի գանգատը կապված փսխողականի բռնի կիրառման հետ` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո: Հաշվի առնելով այն եզրակացությունը, որ տեղի է ունեցել այդ դրույթի խախտում` այն գտնում է, որ չի առաջանում առանձին հարց 8-րդ հոդվածի ներքո:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
87. Դիմողն այնուհետև հայտնել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իր արդար դատաքննության իրավունքը խախտվել էր դատավարության ընթացքում օգտագործելով փսխողականի կիրառման արդյունքում ձեռք բերված ապացույցները: Նա հայտարարել է, որ, մասնավորապես, խախտվել էր իր դեմ վկայություն չտալու իր իրավունքը: 6-րդ հոդվածի համապատասխան մասն ապահովում է հետևյալը.
«Յուրաքանչյուր ոք… ունի… դատարանի կողմից արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
88. Կառավարությունը վիճարկել է այս տեսակետը:
A. Կողմերի պնդումները
1. Դիմողը
89. Ըստ դիմողի` փսխողականի կիրառումն ապօրինի էր և խախտել էր Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածները: Քանի որ այդ եղանակով ձեռք բերված ապացույցները նրա դատապարտման միակ հիմքն էին՝ նրա դեմ քրեական վարույթը եղել է անարդար:
90. Դիմողն այնուհետև պնդել է, որ իր կամքին հակառակ իրեն` ստիպելով իր դեմ վկայություն տալ իշխանությունները խախտել էին նրա` իր դեմ վկայություն չտալու իրավունքը, և, հետևաբար` իր արդար դատաքննության իրավունքը: Անձի` իր դեմ վկայություն չտալու սկզբունքը չի սահմանափակվում միայն պարտադրանքով ձեռք բերված ապացույցներով, այլև տարածվում է նաև այդ եղանակով ստացված ապացույցների վրա: Ավելին, սույն գործի փաստերը տարբերվում են Սաունդերսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործի փաստերից (1996թ. դեկտեմբերի 17, զեկույց 1996թ.-VI): Ի տարբերություն արյան կամ ԴՆԹ փորձաքննության դեպքերի, որոնց վրա հիմնվել էր Դատարանը վճիռ կայացնելիս, սույն գործում փսխողականի կիրառումը հանգեցրել էր քիմիական նյութերի օգտագործմանը, որոնք առաջացրել էին մարմնի անբնական ակտիվությանը, ապացույցներ ձեռք բերելու նպատակով: Նրա` փսխողական ընդունելուց մերժումը հրաժարվելը էր զգալի ուժի կիրառման: Հետևաբար, ձեռք բերված ապացույցներն գոյացել էին իր կամքից անկախ, և նա ստիպված էր ակտիվորեն աջակցել իր դեմ ապացույցների ձեռքբերմանը: Փսխողականի կիրառումը համարժեք է խոստովանություն ստանալու նպատակով «ճշմարտության շիճուկի» կիրառմանը: Դա մի պրակտիկա է, որն ուղղակիորեն արգելված է Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածով: Նա անդրադարձել է Ֆրանկֆուրտի (Գլխավոր) վերաքննիչ դատարանի 1996թ. հոկտեմբերի 11-ի վճռին` ի պաշտպանություն իր պնդումների:
2. Կառավարությունը
91. Կառավարության կարծիքով` դիմողի նկատմամբ փսխողականի կիրառումը չէր հակասում Կոնվենցիայի 3-րդ կամ 8-րդ հոդվածներին: Հետևաբար, այդ եղանակով ձեռք բերված թմրանյութերի պարկի օգտագործումը քրեական վարույթի ընթացքում դատավարությունը չի դարձնում անարդար: Դիմողի կողմից վաճառվող թմրանյութերի բնույթը, չափը և որակը ճշգրիտ որոշելը կարևոր գործոն էր դիմողի դեմ վճիռ կայացնելիս:
92. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ անձի` իր դեմ վկայություն չտալն արգելված է միայն իր կամքին հակառակ անձին ստիպելու դեպքերում: Արհեստականորեն փսխման առաջացումն ընդամենը մարմնական հակազդեցություն է, որը չի կարող վերահսկվել անձի կողմից, և, հետևաբար, արգելված չէ անձի` իր դեմ վկայություն չտալու սկզբունքով: Կասկածյալը, այդպիսով, ստիպված չէր ակտիվորեն նպաստել ապացույցների ապահովմանը: Մեղադրյալի կողմից փսխողական ընդունելու նախնական մերժումը չի կարող լինել համապատասխան, քանի որ հակառակ դեպքում բոլոր քննչական միջոցառումները, որոնք կատարվել են կասկածյալի կամքին հակառակ, ինչպիսին էր` բռնի ուժով արյան նմուշ վերցնելը, կլինեին արգելված:
93. Ավելին, Կառավարությունը պնդել է, որ ըստ վերը նշված Սաունդերսի վճռի, փսխողականի բռնի կիրառմամբ ստացված թմրանյութերն օգտագործվել էին որպես ապացույցներ: Եթե հնարավոր լիներ որպես ապացույց օգտագործել մարմնական հեղուկը կամ բջիջները, ապա առավելապես հնարավոր կլիներ օգտագործել այնպիսի ապացույցներ, որոնք չեն հանդիսանում մեղադրյալի մարմնի մաս: Բացի դրանից, փսխողականի կիրառումը, ինչը դիմողը պարզապես ստիպված էր պասիվորեն հանդուրժել համեմատելի չէ Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածով արգելված «ճշմարտության շիճուկի» կիրառման հետ, որը խախտում է կասկածյալի ցուցմունք չտալու իրավունքը:
B. Դատարանի գնահատականը
1. Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված ընդհանուր դրույթներ
94. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն իր պարտականությունն է ապահովել Պայմանավորվող պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը: Մասնավորապես, իր գործառույթը չէ ազգային դատարանի կողմից թույլ տրված օրենքի կամ խախտումներով զբաղվելը, եթե դրանք չեն խախտում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները: Չնայած 6-րդ հոդվածը երաշխավորում է արդար դատաքննության իրավունքը, այն որևէ կանոն չի նախատեսում ապացույցների ընդունելիության վերաբերյալ` որպես այդպիսին, որը կարգավորող չափորոշիչ կլինի ներպետական օրենսդրությունում (տե՛ս Շինքն ընդդեմ Շվեյցարիայի, 1988թ. հուլիսի 12, կետեր 45-46, Series A, թիվ 140, և Թիքսիրա դե Կաստրոն ընդդեմ Պորտուգալիայի, 1998թ. հունիսի 9, կետ 34, Զեկույց 1998թ.-IV):
95. Հետևաբար, դատարանի դերը չէ որոշել, թե արդյոք կոնկրետ տեսակի ապացույցները, օրինակ` ներպետական օրենսդրության համաձայն` ապօրինի ձեռք բերված ապացույցները, կարող են լինել ընդունելի, և արդյոք դիմողը մեղավոր է, թե` ոչ: Այն հարցը, որի պատասխանը կարևոր է, այն է, թե արդյոք դատավարությունն ամբողջովին, ներառյալ ապացույցները ձեռք բերելու եղանակը, արդար է: Այն ներառում է «անօրինականության» քննությունը և Կոնվենցիայի այլ իրավունքի խախտման դեպքում այդ խախտման բնույթը (տե՛ս, inter alia, Խանն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 35394/97, կետ 34, ՄԻԵԴ 2000թ.-V, Փ.Ջ.-ն և Ջ.Հ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 44787/98, կետ 76, ՄԻԵԴ 2001թ.-IX, և Ալանն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 48539/99, կետ 42, ՄԻԵԴ 2002թ.-IX):
96. Որոշելիս, թե արդյոք վարույթը արդար էր, պետք է հաշվի առնվի նաև այն, թե արդյոք պաշտպանվել են իրավունքները: Պետք է ուսումնասիրվի, մասնավորապես, թե արդյոք դիմողին տրվել է ապացույցների իսկությունը և դրանց օգտագործումը վիճարկելու հնարավորություն: Բացի դրանից, ապացույցների որակը նույնպես պետք է հաշվի առնվի, այդ թվում, թե արդյոք կասկածի տեղիք են տալիս հանգամանքների հուսալիությունը և արժանապատվությունը, որոնցում ձեռք են բերվել ապացույցները: Թեև արդարության որևէ խնդիր չի առաջանում, եթե ձեռք բերված ապացույցները հաստատվում են այլ նյութերով, պետք է նշել, որ եթե ապացույցները չափազանց ուժեղ են և հավաստի, ապա ապացույցները հաստատելու անհրաժեշտությունը չափազանց փոքր է (տե՛ս, inter alia, վերը նշված Խանի գործը, կետեր 35 և 37, և Ալանի գործը, կետ 43):
97. 6-րդ հոդվածում ամրագրված արդարության ընդհանուր պահանջները կիրառվում են բոլոր քրեական դատավարությունների ընթացքում, անկախ հանցագործության տեսակից: Այնուամենայնիվ, որոշելու ընթացքում թե արդյոք դատավարությունն ամբողջովին արդար է, թե` ոչ, կարող է հաշվի առնվեն քննության ընթացքում հասարակական շահի կշիռը և տվյալ հանցագործության համար սահմանված պատիժը և գնահատվեն ելնելով անհատի շահից, որ նրա դեմ առկա ապացույցները ձեռք են բերվել անօրինականորեն: Այնուամենայնիվ, հանրային շահը չի կարող արդարացնել միջոցները, որոնք խախտում են դիմողի պաշտպանության իրավունքների էությունը, այդ թվում` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված անձի` իր դեմ վկայություն չտալու իրավունքը (տե՛ս, mutatis mutandis, Հինին և ՄաքԳինիսն ընդդեմ Իռլանդիայի, թիվ 34720/97, կետեր 57-58, ՄԻԵԴ 2000թ.-XII):
98. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի հայտնաբերված խախտման բնույթի քննությանը` Դատարանը նշում է, որ հատկապես Խանի (վերը նշված, կետեր 25-28) և Փ.Ջ.-ն և Ջ.Հ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (վերը նշված, կետեր 37-38) գործերում այն գտել է գաղտնալսող սարքերի օգտագործում, որը խախտում է 8-րդ հոդվածը, քանի որ նմանատիպ սարքերի օգտագործումը չունի ներպետական օրենքով սահմանված իրավական հիմք և դիմողների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտությունը եղել էր «օրենքին ոչ համապատասխան»: Այդուհանդերձ, այդ եղանակով ստացված ապացույցների օգտագործման թույլատրելիությունը տվյալ գործի հանգամանքներում` չի հակասում 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդարության պահանջներին:
99. Այնուամենայնիվ, տարբեր եզրակացություններ են օգտագործվում 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցների վերաբերյալ: Կարող է առաջանալ խնդիր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման արդյունքում ձեռք բերված ապացույցների առումով, եթե նույնիսկ նման ապացույցի ընդունելիությունը որոշիչ չէ վճիռ կայացնելիս (տե՛ս Իչոզն ընդդեմ Թուրքիայի (dec), թիվ 54919/00, 2003թ. հունվարի 9 և Կոչն ընդդեմ Թուրքիայի (dec), թիվ 32580/96, 2003թ. սեպտեմբերի 23): Դատարանն այս կապակցությամբ կրկնում է, որ 3-րդ հոդվածում ամրագրված է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը: Նույնիսկ ամենաբարդ պայմաններում, ինչպիսին կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարը, Կոնվենցիան բացարձակապես արգելում է խոշտանգումները և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը` անկախ տուժողի վարքագծից: Ի տարբերություն Կոնվենցիայի հիմնական դրույթների մեծամասնության, 3-րդ հոդվածը չի նախատեսում որևէ բացառություն 15-րդ հոդվածի 2-րդ կետի ներքո թույլատրելի սահմաններից դուրս, նույնիսկ հանրության կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակների դեպքում (տե՛ս, inter alia, Շահալն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1996թ. նոյեմբերի 15, կետ 79, Զեկույց 1996թ.-V, և Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ. 25803/94, կետ 95, ՄԻԵԴ 1999թ.-V):
100. Ինչ վերաբերում է լռություն պահպանելու և անձի` իր դեմ վկայություն չտալու իրավունքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործմանը Դատարանը նշում է, որ դրանք ընդունված միջազգային չափանիշներ են, որոնք 6-րդ հոդվածի համաձայն ընկած են արդար դատաքննության հասկացության հիմքում: Դրանց տրամաբանությունը, inter alia, իշխանությունների կողմից անհամաչափ հարկադրանքից մեղադրյալին պաշտպանելն, դրանով իսկ խուսափելով արդարադատության սխալներից` նպաստելով 6-րդ հոդվածի նպատակների իրականացմանը: Անձի` իր դեմ վկայություն չտալու իրավունքը, մասնավորապես, ենթադրում է, որ դատախազությունը քրեական գործով ձգտում է մեղադրյալի դեմ իր մեղադրանքն ապացուցել առանց մեղադրյալի կամքին հակառակ կամ ճնշման արդյունքում պարտադրանքով ձեռք բերված ապացույցների օգտագործման (տե՛ս, inter alia, վերը նշված Սաունդերսի գործը, կետ 68, Հինին և ՄաքԳինիսն ընդդեմ Իռլանդիայի, կետ 40, Ջ.Բ.-ն ընդդեմ Շվեյցարիայի, թիվ 31827/96, կետ 64, ՄԻԵԴ 2001թ.-III, և վերը նշված Ալլանի գործը, կետ 44):
101. Քննության առնելով այն հարցը, թե արդյոք խախտվել է անձի` իր դեմ վկայություն չտալու իրավունքի բուն էությունը, Դատարանը հաշվի է առնում, մասնավորապես, հետևյալ տարրերը` հարկադրանքի բնույթը և աստիճանը, որևէ համապատասխան երաշխիքի գոյությունը (տե՛ս, օրինակ, Թիրադո Օրթիզը և Լոզանո Մարտինն ընդդեմ Իսպանիայի (dec), թիվ 43486/98, ՄԻԵԴ 1999թ.-V, վերը նշված Հինին և ՄաքԳինիսն ընդդեմ Իռլանդիայի, կետեր 51-55 և Ալլանի գործը, կետ 44):
102. Դատարանը հետևողականորեն գտել է, որ սեփական անձի դեմ վկայություն չտալու իրավունքը հիմնականում վերաբերում է մեղադրյալի լռություն պահպանելու ցանկությանը: Ինչպես սովորաբար հասկացվում է` Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերի իրավական համակարգերում դա չի տարածվում քրեական դատավարության ընթացքում մեղադրյալի վրա ուժ գործադրելու արդյունքում ձեռք բերված նյութերի օգտագործման վրա, սակայն որոնք գոյություն ունեն կասկածյալի կամքից անկախ, ինչպիսիք են, inter alia, հրամանի համաձայն ձեռք բերված փաստաթղթերը, ԴՆԹ փորձաքննության նպատակով ստացված շնչառության, արյան, մեզի, մազերի կամ ձայնային նմուշները և մարմնական հյուսվածքները (տե՛ս վերը նշված Սաունդերսի գործը, կետ 69, Չուդհարին ընդդեմ Միացյալ Թագավորության (dec), թիվ 40084/98, 1999թ. մայիսի 4, վերը նշված Ջ.Բ.-ն ընդդեմ Շվեյցարիայի, կետ 68, և Փ.Ջ.-ն և Յ.Հ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, կետ 80):
2. Սկզբունքների կիրառումը սույն գործում
103. Որոշելիս, թե արդյոք դիմողի դեմ քրեական վարույթը կարող է համարվել արդար այս սկզբունքների լույսի ներքո, Դատարանը նշում է, որ դիմողի նկատմամբ փսխում առաջացնող միջոցների կիրառման արդյունքում ձեռք բերված ապացույցը չի ստացվել «ապօրինի» կերպով` ներպետական օրենսդրության խախտմամբ: Այս կապակցությամբ այն հիշեցնում է, որ ազգային դատարանները գտնում են, որ Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածը թույլատրում է վիճարկվող միջոցի կիրառումը:
104. Դատարանը վերը վճռել էր, որ դիմողը ենթարկվել էր անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, որը հակասում է 3-րդ հոդվածի հիմնական դրույթներին, այն դեպքում, երբ փսխողականը կիրառվել էր ստիպելու համար նրան փսխել կուլ տված թմրամիջոցը: Դիմողի դեմ քրեական վարույթի ընթացքում ապացույցը, հետևաբար, ձեռք էր բերվել Կոնվենցիայով երաշխավորված հիմնական իրավունքների անմիջական խախտման հետևանքով:
105. Ինչպես նշվել է վերը, քրեական վարույթի ընթացքում 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումն առաջացնում է լուրջ հարցեր նման դատավարության արդարության առնչությամբ: Դատարանը սույն գործում չի գտել, որ դիմողը ենթարկվել է խոշտանգումների: Իր կարծիքով, ապացույցները, որոնք խոստովանության կամ իրական վկայության հետևանք են, որոնք ձեռք են բերվել բռնությունների կամ դաժանության կամ այլ նմանատիպ վերաբերմունքի այլ եղանակներով, որոնք կարելի է բնութագրել որպես խոշտանգում` երբեք չպետք է օգտագործվեն որպես տուժողի մեղքի ապացույց, անկախ դրանց ապացուցողական արժեքից: Ցանկացած այլ եզրակացություն միայն ծառայում է բարոյապես դատապարտելի վարքագծի անուղղակիորեն օրինականացմանը, որը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հեղինակները փորձել են արգելել, ինչպես դա պարզ երևում է Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի Ռոչինի գործի վճռում (տե՛ս վերը` կետ 50): Այս կապակցությամբ այն նշում է, որ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ Միավորված ազգերի կոնվենցիայի 15-րդ հոդվածը սահմանում է, որ հայտարարությունները, որոնք արվել են խոշտանգումների հետևանքով, չպետք է դատավարության ընթացքում օգտագործվեն որպես ապացույց խոշտանգումների զոհ դարձած անձի դեմ:
106. Թեև վերաբերմունքը, որին ենթարկվել է դիմողը, չի որակվում որպես խոշտանգում, այն տվյալ պարագայում գերազանցել է 3-րդ հոդվածով արգելվող խստության նվազագույն մակարդակը: Չի կարելի բացառել այն, որ այն վատ վերաբերմունքի արդյունքում ձեռք բերված ապացույցների օգտագործումը, որը չի որակվում որպես խոշտանգում, տուժողի դատավարությունը դարձնում է անարդար` անկախ գործած հանցանքի լրջությունից և ապացույցների կշռից:
107. Սույն գործում գլխավոր հարցն այն է, թե արդյոք ապացույցների օգտագործումը, որոնք ձեռք են բերվել այնպիսի գործողությունների հետևանքով, որոնք որակվել են որպես անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, ինքնաբերաբար դատավարությունը դարձնում է անարդար: Դատարանը նշում է, որ, եթե նույնիսկ իշխանությունները չունեին դիմողին ցավ ու տառապանք պատճառելու մտադրություն, ապացույցներն ստացվել էին այնպիսի միջոցների արդյունքում, որոնք խախտել էին Կոնվենցիայով երաշխավորված հիմնական իրավունքները: Բացի դրանից, կողմերի միջև ընդհանուր հիմք էր այն, որ վիճարկվող միջոցառումների արդյունքում ձեռք բերված թմրանյութերը վճռորոշ տարր էին դիմողին դատապարտելու համար: Ճիշտ է այն, որ դիմողին տրվել էր հնարավորություն բողոքարկելու վիճարկվող միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցները: Այնուամենայնիվ, ներպետական դատարանների կողմից այդ ապացույցների բացառումը չի կարող օգուտ տալ, քանի որ նրանք գտել էին, որ փսխում առաջացնող միջոցների օգտագործումը թույլատրված է ներպետական օրենսդրությամբ: Ավելին, դիմողին դատապարտելու հասարակական շահը չի կարող ունենալ այնպիսի կշիռ, որ երաշխավորի դատավարության ընթացքում այդ ապացույցների թույլատրումը: Ինչպես նշվել է վերը` այդ միջոցառումն ուղղված էր փոքրաքանակ թմրանյութերի առուվաճառքով զբաղվող փողոցային դիլերի նկատմամբ, ով դատապարտվել էր վեց ամիս ժամկետով պայմանական ազատազրկման` փորձաշրջանով:
108. Այս պարագայում` Դատարանը գտնում է, որ բռնի կերպով փսխում առաջացնող միջոցների կիրառման արդյունքում ձեռք բերված թմրամիջոցների` որպես ապացույց օգտագործումը դատավարությունն ամբողջովին դարձնում է անարդար:
109. Այս հետևությունն ինքնին բավարար հիմք է եզրակացնելու համար, որ չի ապահովվել դիմողի արդար դատաքննության իրավունքը, ինչը 6-րդ հոդվածի խախտում է: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է անդրադառնալ նաև դիմողի այն փաստարկին, որ ապացույցների ձեռքբերման եղանակը և դրանց օգտագործումը խախտում են անձի` իր դեմ վկայություն չտալու իր իրավունքը: Այդ նպատակով, այն ուսումնասիրում է, թե արդյոք տվյալ իրավունքը համապատասխանում է դիմողի գործի հանգամանքներին, և դրական արդյունքի դեպքում` արդյոք այն խախտվել է:
110. Ինչ վերաբերում է սույն գործում անձի` իր դեմ վկայություն չտալու սկզբունքին, Դատարանը նշում է, որ դատավարության ընթացքում «իրական» ապացույցների օգտագործումը, ի տարբերություն դիմողի նկատմամբ մարմնական բռնի միջամտությամբ ստացված խոստովանությանը հարցի էությունն է համարվում: Այն նշում է, որ անձի` իր դեմ վկայություն չտալու իրավունքը Պայմանավորվող պետություններում և այլուր սովորաբար հասկացվում է որպես հարցաքննության ընթացքում մեղադրյալի լռություն պահպանելու իրավունքի նկատմամբ հարգանք և չի կարելի նրան պարտադրել վկայություն տալ:
111. Այնուամենայնիվ, Դատարանն անձի` իր դեմ վկայություն չտալու տվյալ սկզբունքը, որը երաշխավորվում է 6-րդ հոդվածի 1-ին կետով, դիտարկել է առավել լայն իմաստով, որպեսզի ներառի այնպիսի գործերը, որոնցում իրական ապացույցներ ձեռք բերելու հարկադրանքն ընկած էր հարցի հիմքում: Ֆանքին ընդդեմ Ֆրանսիայի գործում (1993թ. փետրվարի 25, կետ 44, Series A, թիվ 256-A), օրինակ, Դատարանը գտել է, որ դիմողին ստիպելն ապացույցներ ապահովելու իր կողմից հանցանքի ենթադրյալ կատարման վերաբերյալ, խախտում է իր անձի` իր դեմ վկայություն չտալու իրավունքը: Նմանապես Ջ.Բ.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործում (վերը նշված, կետեր 63-71) Դատարանը գտել է, որ պետական մարմինները պարտադրել էին դիմողին ներկայացնել փաստաթղթեր, որոնք կարող են պարունակել հարկերից խուսափելու վերաբերյալ տեղեկատվություն, ինչն անձի` իր դեմ վկայություն չտալու իրավունքի խախտում է (դրա լայն իմաստով):
112. Սաունդերսի գործում Դատարանը գտել է, որ անձի` իր դեմ վկայություն չտալու սկզբունքը չի տարածվում այնպիսի «նյութերի վրա, որոնք կարող են ձեռք բերվել մեղադրյալի կողմից պարտադիր լիազորությունների միջոցով, որը գոյություն ունի կասկածյալի կամքից անկախ, օրինակ, inter alia, փաստաթղթեր, որոնք ձեռք են բերվել կարգադրության արդյունքում, ԴՆԹ փորձաքննության նպատակով շնչառության, արյան և մեզի նմուշների և մարմնական հյուսվածքի համաձայն» (վերը նշված, կետ 69):
113. Դատարանի կարծիքով, սույն գործում դիմողի մարմնում թաքցված թմրամիջոցները, որոնք ձեռք էին բերվել փսխում առաջացնող միջոցների բռնի կիրառման հետևանքով, կարելի է դիտարկել որպես կասկածյալի կամքից անկախ գոյություն ունեցող առարկա, որի օգտագործումը, ընդհանուր առմամբ, արգելված չէ քրեական դատավարության ընթացքում: Այնուամենայնիվ, կան մի քանի տարրեր, որոնք տարբերակում են սույն գործը Սաունդերսի գործում առկա օրինակներից: Նախ, Ֆանքին և Ջ.Բ.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործում փսխողականի կիրառումն իրականացվել էր իրական ապացույցներ ձեռք բերելու նպատակով` անտեսելով դիմողի կամքը: Հակառակ դրան` Սաունդերսի գործում դատաբժշկական փորձաքննության նպատակով պարտադրանքով ստացված նյութերը նպատակաուղղված էին, օրինակ, օրգանիզմում ալկոհոլի կամ թմրանյութերի առկայության բացահայտմանը:
114. Երկրորդ` սույն գործում ուժ կիրառելու աստիճանն զգալիորեն տարբերվում է Սաունդերսի գործում հարկադրանքի աստիճանից: Նյութեր ձեռք բերելու համար մեղադրյալը պետք է պասիվորեն հանդուրժեր աննշան միջամտությունն իր անձնական ու ֆիզիկական ամբողջականության նկատմամբ (օրինակ` արյան, մազի կամ մարմնական հյուսվածքների նմուշները վերցնելիս): Եթե նույնիսկ մեղադրյալի ակտիվ մասնակցությունը պարտադիր լիներ, Սաունդերսի գործում կարելի է տեսնել, որ դա վերաբերում է մարմնի բնականոն գործունեության արդյունքում ստացված նյութերին (ինչպես օրինակ, շնչառության, մեզի կամ ձայնային նմուշներ): Ընդհակառակն, սույն գործում ապացույցներ ստանալու նպատակով դիմողի քթում խողովակ բռնի տեղադրվել է և ներարկվել հեղուկ օրգանիզմի պաթոլոգիական հակազդեցություն առաջացնելու նպատակով: Ինչպես նշվել էր նախապես, այս ընթացակարգը վտանգ է ներկայացրել դիմողի առողջության համար:
115. Երրորդ` սույն գործում ապացույցները ձեռք էին բերվել այնպիսի գործընթացի միջոցով, որը խախտում է 3-րդ հոդվածը: Այն միջոցառումները, որոնք կիրառվել էին դիմողի նկատմամբ, ամբողջովին տարբերվում են, օրինակ, շնչառության կամ արյան նմուշ վերցնելու գործընթացից: Նման գործընթացի կարգն ունի դաժանության նվազագույն մակարդակ` խախտելու համար 3-րդ հոդվածը, հակառակը հնարավոր է միայն բացառիկ հանգամանքներում: Ավելին, թեև այն հանդիսանում է միջամտություն կասկածյալի անձնական կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքին, ընդհանուր առմամբ, այն արդարացված է 8-րդ հոդվածի 2-րդ կետով` համարվելով որպես հանցագործությունների բացահայտմանն ուղղված անհրաժեշտ միջոց (տե՛ս վերը, inter alia, Թիրադո Օրթիզի և Լոզանո Մարթինի գործը):
116. Հետևաբար, անձի` իր դեմ վկայություն չտալու սկզբունքը կիրառելի է սույն վարույթի ընթացքում:
117. Որոշելու համար, թե արդյոք խախտվել է դիմողի` իր դեմ վկայություն չտալու իրավունքը, Դատարանը հաշվի է առնում հետևյալ գործոնները. ապացույցները ձեռք բերելու նպատակով հարկադրանքի բնույթը և աստիճանը, հանցանքը բացահայտելու և մեղավորներին պատժելու առումով հանրային շահի կշիռը, դատավարության ընթացքում որևէ համապատասխան երաշխիքի առկայությունը:
118. Ինչ վերաբերում է հարկադրանքի բնույթին ու աստիճանին, որը սույն գործում կիրառվել էր ապացույցներ ձեռք բերելու նպատակով, Դատարանը կրկնում է, որ դիմողին ստիպելը փսխել թմրամիջոցները` հանդիսանում է էական միջամտություն նրա ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությանը: Ապացույցները ձեռք բերելու նկատառումներով դիմողին բռնել էին չորս ոստիկաններ, խողովակը ստամոքսում տեղադրվել էր քթի միջով նրա, որի միջոցով ներարկվել էին քիմիական նյութեր` մարմնի պաթոլոգիական հակազդեցություն առաջացնելու նպատակով,: Այս վերաբերմունքը հայտարարվել է անմարդկային և նվաստացնող և, հետևաբար, հանդիսանում է 3-րդ հոդվածի խախտում:
119. Ինչ վերաբերում է դիմողին դատապարտելու համար ստացված ապացույցներն օգտագործելու առումով հանրային շահի կշռին` Դատարանը նշում է, որ, ինչպես նշվել է վերը, որ վիճարկվող միջոցառումն իրականացվել էր փոքրաքանակ թմրանյութերի առուվաճառքի մեջ կասկածվող փողոցային դիլերի նկատմամբ, ով դատապարտվել էր վեց ամիս ժամկետով պայմանական ազատազրկման` փորձաշրջանի կիրառմամբ: Տվյալ գործի հանգամանքներում հանրային շահը` դիմողի դատապարտումն ապահովելու կապակցությամբ, չի կարող արդարացնել նրա անձնական ու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությանը նման ծանր միջամտության դիմելու հանգամանքը:
120. Անդրադառնալով այդ ընթացակարգում գոյություն ունեցող համապատասխան երաշխիքներին` Դատարանը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 81a-րդ հոդվածի համաձայն մարմնական միջամտությունն իրականացվում է lege artis բժշկի կողմից` հիվանդանոցում և միայն մեղադրյալի առողջության հնարավոր վտանգման բացակայության դեպքում: Չնայած կարելի է ասել, որ ներպետական օրենսդրությունը չի տրամադրում նման միջոցի կամայական կամ ոչ պատշաճ կիրառման դեմ երաշխիքներ, դիմողը հիմնվում է լռություն պահպանելու իր իրավունքի վրա և հրաժարվում է ենթարկվել նախնական բժշկական զննության: Նա կարող էր հաղորդակցվել միայն կոտրված անգլերենով, ինչը նշանակում է, որ նա ենթարկվել է նման ընթացակարգի` առանց իր ֆիզիկական դիմադրողականությունը պարզելու համար լիարժեք զննության:
121. Ինչ վերաբերում է ձեռք բերված ապացույցների օգտագործմանը Դատարանը կրկնում է, որ փսխողական կիրառելու արդյունքում ձեռք բերված թմրամիջոցները որոշիչ ապացույց էին թմրամիջոցների առուվաճառքի համար նրան դատապարտելիս: Ճշմարիտ է այն, որ դատավարության ընթացքում դիմողին տրվել էր իր դեմ առկա ապացույցները վիճարկելու հնարավորություն: Սակայն, ինչպես նշվել է վերը, ներպետական դատարանների կողմից ապացույցները բացառելը չէր կարող որևէ դեր ունենալ, քանի որ նրանք գտել էին, որ վիճարկվող միջոցառումները թույլատրված են ներպետական օրենսդրությամբ:
122. Հաշվի առնելով վերոնշյալը` Դատարանը նաև գտնում է, որ դիմողի գործում փսխողականի բռնի կիրառման արդյունքում ձեռք բերված ապացույցների օգտագործումը խախտել էր նրա` դեմ վկայություն չտալու իրավունքը, և, հետևաբար, դատավարությունն ամբողջությամբ դարձրել անարդար:
123. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
124. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի համապատասխան ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
125. Դիմողը պահանջել է նյութական և ոչ նյութական վնասի և իր ծախսերի ու ծախքերի փոխհատուցում:
A. Վնաս
126. Դիմողը պահանջել էր ընդհանուր 51,12 եվրո որպես նյութական վնասի հատուցում, որը նա ծախսել էր Վափերթալի շրջանային դատարանի կայացրած վճռի հետևանքով: Նա նաև պահանջել էր ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նա հիմնվել էր իր մարմնական վնասվածքների և հոգեկան տառապանքի, ինչպես նաև անօգնականության զգացումի վրա, որն առաջացել էր փսխում առաջացնող միջոցների երկարատև կիրառման հետևանքով, ինչը, ըստ դիմողի, վտանգավոր էր նրա կյանքի համար և ակնհայտ անօրինական: Բացի դրանից, նա գտնվել էր կալանքի տակ հինգ ամիս շարունակ` նախքան վեց ամիս ժամկետով պայմանական ազատազրկման դատապարտվելը: Նա սույն գլխի ներքո պահանջել էր նվազագույն չափի 30000 եվրոյի փոխհատուցում:
127. Կառավարությունը չի մեկնաբանել դիմողի նյութական վնասի պահանջը, սակայն հայտնել է, որ ոչ նյութական վնասի համար նրա կողմից պահանջված գումարը չափազանցված է: Ինչ վերաբերում է դիմողի մինչդատական կալանքին, նրա դեմ ներկայացված մեղադրանքին ու դատապարտմանը, փոխհատուցում չէր պահանջվել, քանի որ ամբողջական փոխհատուցում կարող է կատարվել գերմանական օրենքով: Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել դիմողի` Կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտում, այն իրավունք ունի պահանջելու վերսկսել քրեական վարույթը, և կարող է պահանջել վնասների փոխհատուցում, մասնավորապես` կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածի համար:
128. Ինչ վերաբերում է նյութական վնասի փոխհատուցմանը, Դատարանը նշում է, որ Վափերթալի շրջանային դատարանը հանձնարարել է բռնագանձել 100 գերմանական մարկ (մոտավորապես 51.12 եվրո)` որպես կատարած հանցանքի համար տույժ: Այնուամենայնիվ, այն չի կարող շահարկել, թե ինչ արդյունք կարող էր ունենալ վարույթը Կոնվենցիայի խախտում տեղի չունենալու դեպքում (տե՛ս, inter alia, Շմաութզերն ընդդեմ Ավստրիայի, 1995թ. հոկտեմբերի 23, կետ 44, Series A, թիվ 328-A, և Ֆինդլեյն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1997թ. փետրվարի 25, կետ 85, Զեկույցներ 1997թ.-I): Թմրադեղերի պարկը, որը ձեռք էր բերվել վիճարկվող միջոցառումների արդյունքում, որոշիչ գործոն էր դիմողին դատապարտելիս: Այնուամենայնիվ, այդ ապացույցները կարող էին ձեռք բերվել առանց 3-րդ հոդվածի որևէ խախտման (սպասել թմրամիջոցների պարկի բնական ճանապարհով դուրս գալուն), և, հետևաբար, առանց 6-րդ հոդվածի որևէ խախտման: Դատարանը գտնում է, որ չկան այդ դրույթները խախտելու և դիմողի կողմից նյութական վնաս պահանջելու պատճառահետևանքային կապի բավարար ապացույցներ: Հետևաբար, չկա որևէ հիմք սույն գլխի ներքո փոխհատուցում սահմանելու համար:
129. Ինչ վերաբերում է պահանջված ոչ նյութական վնասի փոխհատուցմանը, Դատարանը նշում է, որ ըստ Կառավարության` դիմողը կարող էր պահանջել փոխհատուցում ներպետական դատարաններում, եթե նա արդարացվեր իր դեմ հարուցված քրեական դատավարության ընթացքում: Այն գտնում է, որ եթե նա նախքան Ստրասբուրգ դիմելն սպառել էր իր իրավունքների հետ կապված ներպետական միջոցները, սակայն` ապարդյուն, բայց երկրորդ անգամ այն ավարտվել էր հաջողությամբ և վարույթը վերսկսվել էր` դիմողը պետք է սպառեր ներպետական միջոցները երրորդ անգամ, որպեսզի կարողանա ստանալ արդարացի փոխհատուցում Դատարանի կողմից. դատավարության ընդհանուր տևողությունը դժվար համապատասխանի մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և կհանգեցնի Կոնվենցիայի նպատակներին անհամատեղելի իրավիճակի (տե՛ս, օրինակ, Բարբերան, Միսիգը և Ջաբարդոն ընդդեմ Իսպանիայի (հոդված 50), 1994թ. հունիսի 13, կետ 17, Series A, թիվ 285-C, և Պապամիկալոպուսը և այլոք ընդդեմ Հունաստանի (հոդված 50), 1995թ. հոկտեմբերի 31, կետ 40, Series A, թիվ 330-B): Հետևաբար, այն կարող է փոխհատուցում սահմանել:
130. Հաշվի առնելով առկա բոլոր տարրերը` Դատարանը գտնում է, որ դիմողը կրել է ոչ նյութական վնաս` ցավի և հոգեկան տառապանքի ձևով, նրան այնպիսի վերաբերմունքի ենթարկելու հետևանքով, որի արդյունքում ստացած ապացույցները դատավարության ընթացքում օգտագործվել էին նրա դեմ: Առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` այն սույն գլխի ներքո սահմանել է 10,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
B. Ծախսեր և ծախքեր
131. Դիմողը պահանջել է ընդամենը 5,868.88 եվրո ծախսերի և ծախքերի համար: Դրանք ներառում են Դաշնային սահմանադրական դատարանում իրավական ներկայացուցչության ծախսերը` 868,88 եվրոյի չափով, հաշվարկված փաստաբանական վճարների դաշնային կանոնակարգի համաձայն (Bundesrechtsanwalts-gebՖhrenordnung): Բացի դրանից, նա պահանջել էր 5000 եվրո կոնվենցիոն դատավարության ծախսերի համար: Նա չի ներկայացրել որևէ առանձին գրավոր ապացույց ի պաշտպանություն իր պահանջների:
132. Կառավարությունը չի մեկնաբանել սույն պահանջը:
133. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` ծախսերի և ծախքերի փոխհատուցում ստանալու համար տուժող կողմը պետք է որ այն ծախսած լինի Կոնվենցիայի խախտումները վերացնելու և կանխարգելելու նպատակով, որպեսզի նույնը սահմանվի Դատարանի կողմից և փոխհատուցում տրամադրվի: Անհրաժեշտ է նաև ցույց տալ, որ ծախսերն անհրաժեշտ էին և փաստացիորեն ծախսվել էին, և դրա չափը ողջամիտ է (տե՛ս, Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի [GC], թիվ 31195/96, կետ 79, ՄԻԵԴ 1999թ.-II, և Վինիման ընդդեմ Նիդեռլանդների, թիվ 35731/97, կետ 117, ՄԻԵԴ 2002թ.-X):
134. Սույն գործով, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվությունը և վերը նշված չափորոշիչները` Դատարանը ընդունում է, որ Դաշնային սահմանադրական դատարանում և կոնվենցիոն դատավարության ընթացքում իրավաբանական ներկայացուցչության համար կատարված ծախսերն իրականացվել են դիմողի` Կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումն արձանագրելու և դրա համար փոխհատուցում ստանալու նպատակով: Հաշվի առնելով իր նախադեպային իրավունքը և տալով իր գնահատականը` Դատարանը գտնում է, որ պահանջված գումարի չափը ողջամիտ է: Ուստի այն տրամադրում է դիմողին 5,868.88 եվրո, գումարած ավելացված արժեքի հարկը, որը կարող է գանձվել:
C. Տուգանային տոկոսներ
135. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, տասը ձայնով` ընդդեմ յոթի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
2. Վճռում է, տասներկու ձայնով` ընդդեմ հինգի, որ որևէ առանձին հարց չի առաջանում Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն:
3. Վճռում է, տասնմեկ ձայնով` ընդդեմ վեցի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:
4. Վճռում է, տասնմեկ ձայնով` ընդդեմ վեցի,
(a) որ պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում վճարի դիմողին հետևյալ գումարները.
(i) 10,000 (տասը հազար) եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
(ii) 5,868.88 (հինգ հազար ութ հարյուր վաթսունութ եվրո ութսունութ ցենտ) եվրո որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում:
(iii) ցանկացած հարկ, որը կարող է գանձվել վերը նշված գումարներից.
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, որը հավասար է պարտավորության չկատարված ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
5. Մերժում է դիմողի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել է 2006թ. հուլիսի 11-ին Մարդու իրավունքների շենքում, Ստրասբուրգ:
Լորենս Էրլի Փոխքարտուղար |
Լազիուս Վիլդհաբեր
Նախագահող |
