ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի մայիսի 17-ին,
քննարկելով ըստ հայցի «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Գայանե Մնոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Գայանե Մնոյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Գայանե Մնոյանից բռնագանձել 25.457 ՀՀ դրամ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մխիթարյան) (այսուհետ` Դատարան) 07.07.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.08.2016 թվականի որոշմամբ Գայանե Մնոյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Մնոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով Գայանե Մնոյանը Դատարանի 07.07.2016 թվականի վճռի հրապարակման նիստի վերաբերյալ տեղեկացված չի եղել. վճիռը Գայանե Մնոյանին հասանելի է դարձել միայն 08.08.2016 թվականին, և Գայանե Մնոյանն իր վերաքննիչ բողոքը ներկայացրել է այդ դատական ակտը ստանալու հաջորդ օրը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վերաքննիչ բողոքը պարունակել է միջնորդություն վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու վերաբերյալ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի քննարկել այդ միջնորդությունը՝ զրկելով Գայանե Մնոյանին Դատարանի վճիռը բողոքարկելու հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 30.08.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ վերականգնելը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն` (...) հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն՝ նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները (...), բողոք բերող անձի պահանջը:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները, վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված (...):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 35-36-րդ կետեր, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, 90-րդ կետ):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով (տե՛ս, Oleksandr Volkov v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 09.01.2013 թվականի վճիռը, կետ 137):
Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Ավելին, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ եթե ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատական ակտի մասին ծանուցելու՝ իրավասու մարմինների պարտականությունը, ապա դիմողի գանգատարկման իրավունքը չի կարող մերժվել, եթե ուշացումների պատճառն իշխանությունների պարտականությունների կատարումն է եղել, նույնիսկ եթե տեսականորեն դիմողն ունեցել է դատական ակտի մասին այլ աղբյուրներից տեղեկանալու հնարավորություն (տե՛ս, Davran v. Turkey գործով Եվրոպական դատարանի 03.11.2009 թվականի վճիռը, կետեր 31-47):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ. այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` դատական պաշտպանության իրավունքը (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը կարող է վերականգնել միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողած շահագրգիռ անձը գրավոր միջնորդության կամ դիմումի միջոցով հայցել է նման գործողության իրականացումը, այլ կերպ ասած` ներկայացրել է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ գրավոր պահանջ: Այսինքն` նման միջնորդության առկայությունը պարտադիր նախապայման է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, և որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի կարող լինել` անկախ այն պատճառներից, որոնք պայմանավորել են համապատասխան դատավարական ժամկետի բացթողումը (տե՛ս, Լիլիթ Ռաշոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ՀՀ գլխավոր դատախազության թիվ ԵԿԴ/1881/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
Այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ շահագրգիռ անձն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենսդրությամբ նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված կոնկրետ հարցի որոշակի և վերջնական լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի` միջնորդություն հարուցելու իրավունքին միանշանակորեն համապատասխանում է տվյալ միջնորդության մեջ շարադրված հարցի քննարկման արդյունքներով հստակ եզրահանգումներ պարունակող որոշում կայացնելու դատարանի պարտականությունը (տե´ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Յուրիկ Առաքելյանի և Մխիթար Վարդիկյանի թիվ ԱՐԱԴ/1440/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2016 թվականի որոշումը):
Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 06.09.2016 թվականի թիվ ՍԴՈ-1296 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարանը հանդես է գալիս որպես արդարադատություն իրականացնող մարմին և կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական հայեցողությամբ իրականացնելու արգելքով, և դատարանի կողմից դատավարական ակնկալվող գործողության կատարման, այն է` բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու համար անհրաժեշտ է, որպեսզի բողոք բերած անձը գրավոր միջնորդի համապատասխան գործողության կատարումը: Հետևաբար համապատասխան միջնորդության առկայությունն այն անհրաժեշտ նախապայմանն է, որը վկայում է բողոք բերած անձի կողմից ակնկալվող գործողությունը հայցելու մասին, ինչն էլ բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանի համար առաջացնում է բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու պարտականություն:
Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
- Դատարանը 07.07.2016 թվականի վճռով բավարարել է Գայանե Մնոյանից գումարի բռնագանձման վերաբերյալ Ընկերության հայցը (գ.թ. 86-90),
- Գայանե Մնոյանը 09.08.2016 թվականին փոստային կապի ծառայության միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 07.07.2016 թվականի վճռի դեմ. այդ վերաքննիչ բողոքը ստացվել է Վերաքննիչ դատարանում 10.08.2016 թվականին (գ.թ. 99-100),
- Գայանե Մնոյանի վերաքննիչ բողոքում նշված է. «(...) 08.08.2016 թվականին փոստով ստացել եմ (...) վճիռ, որի մասին տեղյակ չեմ եղել: (...) խախտվել [է] իմ՝ [վճիռը] բողոքարկելու իրավունքը: Խնդրում եմ հաշվի առնել այս հանգամանքը և վերաքննիչ բողոքս ընդունել վարույթ (...)» (գ.թ. 99):
Վերաքննիչ դատարանը 30.08.2016 թվականի որոշմամբ վերադարձրել է Գայանե Մնոյանի վերաքննիչ բողոքը՝ հետևյալ հիմքերով.
I. Գայանե Մնոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով, քանի որ վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն,
II. Գայանե Մնոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով, քանի որ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես, ըստ Վերաքննիչ դատարանի՝
1) վերաքննիչ բողոքում չի նշվել նյութական կամ դատավարական որևէ նորմ, որի դրույթները խախտվել են կամ հանդիսացել են ստորադաս դատարանի վճռի իրավական հիմք և ազդեցություն են ունեցել գործի ելքի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի խախտում),
2) վերաքննիչ բողոքում թերի է նշվել բողոք բերած անձի պահանջը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի խախտում),
3) վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը գործին մասնակցող անձ Ընկերությանն ուղարկելու փաստը հավաստող ապացույցը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում),
4) վերաքննիչ բողոքին չի կցվել սահմանված չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց, և բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով որևէ արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում) (գ.թ. 103-104):
Անդրադառնալով Գայանե Մնոյանի վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով վերադարձման ենթակա լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ սույն գործով Գայանե Մնոյանը, Դատարանի 07.07.2016 թվականի վճռի դեմ իր վերաքննիչ բողոքը փոստային կապի ծառայության միջոցով ներկայացնելով 09.08.2016 թվականին, բաց է թողել այդ դատական ակտը բողոքարկելու օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գայանե Մնոյանը վերաքննիչ բողոքում նշել է, որ Դատարանի վճռի մասին տեղեկացել է միայն 08.08.2016 թվականին և խնդրել է հաշվի առնել այդ հանգամանքն ու վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ: Փաստորեն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Գայանե Մնոյանը վերաքննիչ բողոքում ներկայացրել է Դատարանի վճռի բողոքարկման բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն. Գայանե Մնոյանի վերաքննիչ բողոքը պարունակում է ինչպես բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողությունը՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, կատարելու վերաբերյալ գրավոր խնդրանքն ուղղված ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին, այնպես էլ Դատարանի վճռի բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը՝ բողոքարկվող դատական ակտի օրինակը վերաքննիչ բողոք բերած անձին ուշ (08.08.2016 թվականին) մատչելի դառնալու հանգամանքը:
Այսպիսով, սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքի բովանդակությունից հետևում է, որ Գայանե Մնոյանը, Դատարանի 07.07.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը բերելով օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի լրանալուց հետո, ներկայացրել է համապատասխան միջնորդություն՝ բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ, որը չի քննարկվել Վերաքննիչ դատարանի կողմից: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների համաձայն՝ իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս միջնորդություն հարուցելու դատավարության մասնակցի իրավունքին համապատասխանում է տվյալ միջնորդության մեջ շարադրված հարցի քննարկման և այդ քննարկման արդյունքներով հստակ եզրահանգումներ պարունակող որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Հետևաբար տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, համարելով, որ Գայանե Մնոյանը չի ներկայացրել Դատարանի 07.07.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը բերելու համար օրենքով սահմանված բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված իրավադրույթների կիրառության հարցում դրսևորել է ավելորդ ձևականություն (ֆորմալիզմ), որը խոչընդոտ է հանդիսացել Գայանե Մնոյանի կողմից արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի պատշաճ իրականացման համար:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով վերադարձրել Գայանե Մնոյանի վերաքննիչ բողոքը, քանի որ Գայանե Մնոյանն իր վերաքննիչ բողոքում փաստացի ներկայացրել է Դատարանի 07.07.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որը պետք է անպայմանորեն քննարկման առարկա դառնար Վերաքննիչ դատարանում: Ընդ որում, այդ միջնորդության մերժման կամ բավարարման հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հաշվի առնել դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:
Ավելին, սույն գործով Վերաքննիչ դատարանը 30.08.2016 թվականի որոշմամբ վերադարձրել է Գայանե Մնոյանի վերաքննիչ բողոքը՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետը և գտնելով, որ վերաքննիչ բողոք բերած անձը չի կարող օգտվել երկշաբաթյա ժամկետում խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու կառուցակարգից:
Մինչդեռ ՀՀ սահմանադրական դատարանը, 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ կարևորելով քաղաքացիական գործերով դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համապատասխան օրենսդրական համալիր կանոնակարգումը, բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունների համար պատշաճ իրավակարգավորված ընթացակարգ նախատեսելու անհրաժեշտությունը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի իրավակարգավորման բացով պայմանավորված` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորության բացառումն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել անձի` արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների խախտման: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետը ճանաչել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:
Ինչ վերաբերում է Գայանե Մնոյանի վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով վերադարձման հարցին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքն այդ հիմքով վերադարձնելու դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված այն իրավանորմը, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Հետևաբար Գայանե Մնոյանի վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով վերադարձնելու դեպքում Գայանե Մնոյանն իրավունք ուներ Վերաքննիչ դատարանի 30.08.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում վերացնել բողոքում թույլ տրված խախտումները և այն կրկին ներկայացնել Վերաքննիչ դատարան: Հետևաբար Վերաքննիչ դատարանի 30.08.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը՝ Գայանե Մնոյանի վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով վերադարձման մասով, ևս ենթակա է վերացման:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոք բերելու բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ Գայանե Մնոյանի միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից քննության առնելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, որից հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող է լուծել վերաքննիչ բողոքը վերադարձնելու հարցը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի 30.08.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ամբողջությամբ ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |