ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 9-ին
«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «լուսանկարը» բառից հետո լրացնել «, որը պարունակում է նաև տեխնիկական միջոցով արձանագրված տվյալները» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Որպես իրավախախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում կարող են օգտագործվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված ապացույցները:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պետական (պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային կառավարչական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպությանն ամրացված (պատկանող) տրանսպորտային միջոցներով կատարվող իրավախախտումների դեպքում վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների, համապատասխան կազմակերպության (մարմնի) գլխավոր քարտուղարը կամ աշխատակազմի ղեկավարը, նրանց բացակայության դեպքում` կազմակերպության (մարմնի) ղեկավարը պարտավոր են տրանսպորտային միջոցը շահագործման հանձնելիս վարչական մարմնին էլեկտրոնային եղանակով տրամադրել (հասանելի դարձնել) տվյալ տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները: Էլեկտրոնային եղանակով տվյալների տրամադրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով շահագործող անձի տվյալները չներկայացնելու դեպքում վարչական ակտի հասցեատեր է համարվում համապատասխան կազմակերպության (մարմնի) գլխավոր քարտուղարը կամ աշխատակազմի ղեկավարը, նրանց բացակայության դեպքում` կազմակերպության (մարմնի) ղեկավարը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «, իսկ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հարցում կատարելու դեպքում՝ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պատասխանն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասի`
ա. «օրենքով սահմանված ժամկետում և կարգով գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացնելու» բառերը փոխարինել «վերադասության կարգով գանգատ ներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված ժամկետում վարչական մարմին դիմում ներկայացնելու» բառերով, իսկ նույն մասը «միջոցով» բառից հետո լրացնել «, իսկ վարչական մարմնի կողմից դիմումը չբավարարելու դեպքում` նաև դատական կարգով» բառերով,
բ. «կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցմանը՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով պատասխանելու» բառերը հանել.
4) 6-րդ մասի «գանգատը (բողոքը կամ հայցադիմումը)» բառերը փոխարինել «դիմումը» բառով, «գանգատը» բառը` «դիմումը» բառով, իսկ «գանգատին (բողոքին կամ հայցադիմումին)» բառերը` «դիմումին» բառով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Եթե վարչական մարմինն ապացուցված է համարում խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը, ապա վարչական ակտն ուժը կորցրած է ճանաչվում, իսկ խախտում կատարած անձի նկատմամբ կայացվում է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտ:».
6) 7-րդ մասի`
ա. «գանգատ (բողոք կամ հայցադիմում)» բառերը փոխարինել «դիմում» բառով, «վարելու փաստը որևէ այլ կերպ» բառերը՝ «վարելու փաստը դատական կարգով» բառերով, իսկ «վարչական, դատական կամ որևէ այլ կերպ» բառերը հանել,
բ. «, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված» և «կամ հարցման պատասխանն ստանալու» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել (Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է) այլ տրանսպորտային միջոցով (ավտոտարհանիչ, ավտոփոխադրող, կոնտեյներ)` ոչ տրանսպորտային վիճակում (առանց վարելու), ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է ավտոտարհանիչ, ավտոփոխադրող կամ կոնտեյներ տրանսպորտային միջոցի վարորդը, եթե սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:»:
Հոդված 5. Օրենքի 7.2-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.6-րդ հոդվածով.
«Հոդված 7.6. |
Վարչական ակտի հասցեատեր սեփականատիրոջ (լիզինգառուի) տրանսպորտային միջոցի հետախուզումը |
1. Եթե վարչական ակտի հասցեատեր ֆիզիկական անձը չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, և նրան սեփականության (լիզինգի) իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցով մեկ տարվա ընթացքում կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3 խախտում, որոնց համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորների ձևով, և սեփականատերը (լիզինգառուն) այդ 3 խախտումները այլ անձի կողմից կատարված լինելու փաստը չի ապացուցել, ապա «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սեփականություն կամ լիզինգի առարկա, և վարչական ակտի հասցեատեր իրավաբանական անձի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը) չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, և սույն մասով նախատեսված 3 խախտումները տվյալ տրանսպորտային միջոցով այլ անձի կողմից կատարված լինելու փաստը նա չի ապացուցել, ապա տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվում է հետախուզում:
2. Հետախուզումը դադարեցվում է տրանսպորտային միջոցը հայտնաբերելիս, իսկ տրանսպորտային միջոցն անհապաղ վերադարձվում է սեփականատիրոջը (լիզինգառուին), եթե սեփականատերը (լիզինգառուն) (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում է տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները: Հետախուզումը դադարեցվում է նաև այն դեպքում, եթե մինչև տրանսպորտային միջոցը հայտնաբերելը սեփականատերը (լիզինգառուն) (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) սահմանված կարգով ներկայացնում է տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները:»:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) սույն օրենքով նախատեսված դեպքում սույն օրենքի 7.6-րդ հոդվածով նախատեսված` տրանսպորտային միջոցը հետախուզելու` վարչական մարմնի լիազորության մասին ծանուցում.»:
Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվող պարտականությունը պետական և համայնքային մարմինների (կազմակերպությունների) կողմից կատարվում է էլեկտրոնային եղանակով տվյալների տրամադրման կարգը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-302-Ն |