ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2014 թվականի N 635-Ն
ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, 35-րդ հոդվածի 5-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասը, 39-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով, իսկ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում այն տարածքային կենտրոնը, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:
(1-ին կետը լրաց. 08.12.16 N 1250-Ն)
2. Հաստատել`
1) ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը և ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու, ինչպես նաև չվճարված նպաստի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:
2. Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը (այսուհետ՝ նաև նպաստ) նշանակում, վճարումն ապահովում, նպաստի գործերը (փաստաթղթերը) հաշվառում և վարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ իր տարածքային բաժինների միջոցով (այսուհետ՝ տարածքային բաժին):
3. Նպաստը նշանակվում է ըստ փաստացի բնակության վայրի հասցեի, որը սույն կարգի իմաստով համարվում է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա հաշվառման վայրը:
4. Նպաստ նշանակելու համար դիմող անձի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ հաշվառման վայրը և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է տարածքային բաժինը` ինքնաշխատ եղանակով:
5. Օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունի այն անձը, ով դիմել է տարածքային բաժին և նրան նշանակվել է ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նպաստառու):
II. ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ
6. Նպաստ նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության տարածքային բաժին:
(6-րդ կետը փոփ. 08.12.16 N 1250-Ն)
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին կամ 18 տարին չլրացած (անչափահաս) անձին նպաստ նշանակելու համար գրավոր դիմում է ներկայացնում նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը:
8. 14 տարին լրացած անձն իրավունք ունի նպաստ նշանակելու համար դիմել անձամբ:
9. Նպաստ նշանակելու դիմումը գրանցվում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի (այսուհետ՝ շտեմարան) էլեկտրոնային մատյանում: Դիմումում նշվում են դիմողի անունը, ազգանունը, հաշվառման վայրի հասցեն, նպաստի տեսակը և ստանալու եղանակը, դիմելու օրը, ամիսը, տարեթիվը:
III. ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ
10. Նպաստ նշանակելու, նպաստ վճարելը դադարեցնելու կամ վերսկսելու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային բաժնի մասնագետը`
1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.
2) տեսաներածում է փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան.
3) հաշվառում է անձի դիմումը և տալիս է դիմումն ընդունելու վերաբերյալ իր կողմից ստորագրված ստացականը, իսկ փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է դիմողին:
11. Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա, որի «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվը հաշմանդամություն սահմանելու օրն է:
12. Տարածքային բաժինն անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`
1) նպաստը նշանակել կամ նպաստ նշանակելը մերժել.
2) նպաստ վճարելը դադարեցնել կամ վերսկսել՝ նշելով օրենքով սահմանված հիմքը:
13. Տարածքային բաժինը նպաստ նշանակելը մերժելու որոշում ընդունելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է նպաստ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները:
14. Տարածքային բաժինը նպաստ նշանակելու, նպաստ վճարելը դադարեցնելու կամ վերսկսելու որոշումը ձևակերպում է համապատասխան կարգադրությամբ, որը կարվում է նպաստի գործին:
15. Ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո երեք ամսվա ընթացքում:
16. Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո երեք ամսվա ընթացքում:
17. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:
18. Սույն կարգի 15-17-րդ կետերում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:
19. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ է նշանակվում ընտանիքի` այդ նպաստի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրին:
20. Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետության (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն)` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին նպաստ է նշանակվում ըստ Հայաստանի Հանրապետությունում նրանց հաշվառման վայրի:
21. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նպաստ է նշանակվում այդ պետությունում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու և ստացված կենսաթոշակի գործի կամ այդ պետությունում կենսաթոշակ նշանակված չլինելու մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի գրությամբ տված տեղեկանքի հիման վրա:
22. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին նպաստ նշանակվում և վճարվում է, ինչպես նաև նա բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետով հաստատված կարգով:
23. Նպաստը վերահաշվարկվում է՝
1) նպաստի չափը փոխվելու դեպքում՝ այդ հանգամանքն առաջանալու ամսվա 1-ից.
2) հաշմանդամության խումբը փոխվելու (հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու հետևանքով) դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա՝ այդ հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
3) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողը մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
24. Նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով:
25. Նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու համար հիմք համարվող հանգամանքներին վերաբերող տեղեկատվության հիման վրա:
26. Նպաստ վճարելը դադարեցվում է՝
1) նպաստ ստանալու իրավունքն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցնելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.
2) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ նպաստառուին (կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ նպաստ չի վճարվել կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող նպաստառուն, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (նպաստն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ բանկ չի ներկայացել և հայտարարություն չի ստորագրել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին՝ այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
27. Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ին:
28. Նպաստ վճարելը վերսկսվում է նպաստ ստանալու իրավունքն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով վերականգնվելու դեպքում:
29. Եթե նպաստ ստանալու իրավունքը վերականգնվել է օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով սահմանված կարգով, ապա նպաստ վճարելը վերսկսվում է նպաստառուի գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
30. Եթե հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվել է օրենքով սահմանված կարգով, ապա նպաստ վճարելը վերսկսվում է`
1) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա.
2) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:
31. Հաշմանդամության ժամկետը (ինչպես նաև մանկուց հաշմանդամ երեխայի 18 տարին) լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելիս` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար նպաստը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված նպաստի չափով:
32. Նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա` նպաստառուի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա` անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացվելու ամսվան հաջորդող ամսվա նպաստների վճարման համար սահմանված ժամկետում:
33. Նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Նպաստ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված նպաստի գումարը լիազորագրով չի վճարվում՝ բացառությամբ նպաստառուի՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքերի:
34. Եթե նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ վճարելը վերսկսելու (նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել` հաշվի առնելով դիմելու ամսվան նախորդող ժամանակահատվածում նպաստի չափի վերահաշվարկման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները:
35. Օտարերկրյա քաղաքացուն նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է միայն այն պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ, որի քաղաքացին է նա:
36. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացու նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում և նպաստ վճարելը վերսկսվում է (չվճարված նպաստի գումարը վճարվում է) միայն այդ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ:
37. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում և նպաստ վճարելը վերսկսվում է (չվճարված նպաստի գումարը վճարվում է), եթե նպաստառուն, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում:
38. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու և նպաստ վճարելը վերսկսելու համար դիմած նպաստառուի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ հաշվառման վայրի հասցեն և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է տարածքային բաժինը` ինքնաշխատ եղանակով:
IV. ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼԸ
39. Նպաստն անկանխիկ կամ կանխիկ եղանակով վճարվում է նպաստառուի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված կարգով:
40. 14 տարին լրացած անձն իրավունք ունի նպաստ ստանալու անձամբ: 18 տարին լրացած նպաստառուի նպաստը վճարվում է անձամբ նրան կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին:
41. Եթե օրենքով սահմանված կարգով նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու կամ նպաստ վճարելը վերսկսելու համար նպաստառուն գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացրել է անձամբ, ապա նպաստը (այդ թվում` չստացված նպաստի գումարը) կարող է վճարվել նաև նպաստառուի (տասնչորս տարեկան չդարձած կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի՝ ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով: Չվճարված նպաստի գումարներն այս դեպքում միանվագ վճարվում են նպաստ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել: Նշված լիազորագրով կարող է վճարվել նաև հետագա 12 ամսվա նպաստի գումար՝ սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց մինչև լիազորագրի գործողությունը դադարելը:
42. Զինվորական ուսումնական հաստատությունում սովորող, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող նպաստառուի նպաստը վճարվում է (նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, նպաստ վճարելը վերսկսվում է) նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:
43. Լիազորագրով նպաստ չի վճարվում (լիազորագրով նպաստ վճարելը դադարեցվում է), եթե`
1) լրացել է լիազորագրի գործողության ժամկետը.
2) նպաստը լիազորագրով վճարվել է տասներկու ամիս անընդմեջ.
3) լիազորագիրը տալու ամսվանից հետո անցել է տասներկու ամիս:
44. Նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարները վճարվում են նրա ընտանիքի անդամներին: Այդ գումարներն ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային վճարվում են անկախ նրա հաշվառման վայրից, իսկ զավակին կամ ծնողին, կամ ընտանիքի այլ անդամի` նպաստառուի մահվան օրվա դրությամբ բնակության նույն վայրի հասցեում նրա հետ հաշվառված լինելու դեպքում:
45. Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
46. Նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին են ներկայացվում նպաստառուի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին են ներկայացվում նպաստառուի մահվանից հետո տասներկու ամսվա ընթացքում:
47. Նպաստառուին հասանելիք, սակայն նրա մահվան պատճառով չվճարված նպաստի գումարները վճարվում են նաև այդ գումարներն ստանալու իրավունք ունեցող անձի տված և նոտարի վավերացրած լիազորագրով:
48. Օրենքի 35-րդ հոդվածով սահմանված դեպքում հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին է ներկայացնում անձի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Թաղման նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային բաժնի մասնագետը՝
1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.
2) տեսաներածում է փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան.
3) մահվան վկայականի բնօրինակի դարձերեսին կատարում է «Թաղման նպաստի դիմումն ընդունված է» գրառումը և ստորագրում.
4) հաշվառում է անձի դիմումը և տալիս է դիմումն ընդունելու վերաբերյալ իր կողմից ստորագրած ստացականը:
49. Թաղման նպաստ չի նշանակվում, եթե նպաստառուի մահվան օրվա դրությամբ նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է՝ բացառությամբ հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքի:
V. ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
50. Նպաստի գործը վարում է տարածքային բաժինը: Նպաստ նշանակելու դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերը և նպաստ նշանակելու կարգադրությունը հաջորդաբար կարվում են, կազմվում է նպաստի գործ, որի էջերը համարակալվում են: Նպաստի գործին տրվում է հերթական համար` գրանցելով նպաստի գործերի շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում:
51. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստ վճարելը վերսկսելու համար դիմելու դեպքում ներկայացված փաստաթղթերը կարվում են նպաստի գործին: Կազմվում է նպաստի էլեկտրոնային գործ` շտեմարան մուտքագրելով համապատասխան տվյալներ, ինչպես նաև տեսաներածվում են նպաստի թղթային գործում առկա փաստաթղթերը, և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրվում են շտեմարան:
52. Ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար կազմվում է նպաստի գործ: Եթե նպաստի իրավունք ունեցողն անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձ է, և նպաստը վճարվում է նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին, ապա նպաստ նշանակելու կարգադրության մեջ նշվում են նաև օրինական ներկայացուցչի անունը, հայրանունը և ազգանունը:
53. Նպաստի գործին կարվում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքները:
54. Այն դեպքում, երբ նպաստ նշանակելը մերժվում է, դիմումը, տեսաներածված փաստաթղթերը և մերժման կարգադրությունը կարվում են, կազմվում է գործ և հինգ տարի պահվում տարածքային բաժնի արխիվում:
55. Եթե նպաստառուն Հայաստանի Հանրապետության տարածքում փոխում է իր հաշվառման վայրը, ապա գրավոր դիմում է հաշվառման նոր վայրի տարածքային բաժին: Հաշվառման նոր վայրի տարածքային բաժինն ինքնաշխատ եղանակով ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները և հաշվառման նախկին վայրի տարածքային բաժնից պահանջում է նպաստի գործը: Գործն ստանալուց հետո նպաստ վճարելը վերսկսվում է նպաստառուի հաշվառման նախկին վայրում նպաստ վճարելը դադարեցնելու օրվանից: Ստացված նպաստի գործին տրվում է հերթական համար` գրանցելով նպաստի գործերի շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում:
56. Տարածքային բաժինը պահանջագրով գործ ստանալու դեպքում դրա մասին գրառում է կատարում ստացված նպաստի գործերի էլեկտրոնային մատյանում, նպաստի գործերի շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում:
57. Հաշվառման նոր վայրի տարածքային բաժինը պահանջագիրը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հաշվառման նախկին վայրի տարածքային բաժին, որը 15 աշխատանքային օրվա ընթացքում նպաստի գործն ուղարկում է հաշվառման նոր վայրի տարածքային բաժին:
58. Նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքի՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալու դեպքում նպաստի գործերը համարակալվում են, գրանցվում այբբենական կարգով վարվող մատյանում և նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո՝ 10 տարի, պահվում տարածքային բաժնում` ըստ համարների հերթականության: Նշված ժամկետը լրանալուց հետո ծառայությունը նպաստի թղթային գործերը ոչնչացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պահպանելով դրանց էլեկտրոնային տարբերակները:
(հավելվածը փոփ. 08.12.16 N 1250-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ ԵՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ցանկում ներառված է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը (այսուհետ՝ նաև նպաստ) և ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի (այսուհետ՝ նպաստառու) մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու, ինչպես նաև չվճարված նպաստի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
2. Նպաստ նշանակելու համար անձը հաստատող փաստաթուղթ է`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար (այդ թվում` երկքաղաքացիների)` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականը) կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը.
2) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը.
3) փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:
3. Այն դեպքում, երբ անձը հաստատող փաստաթղթում նշված է միայն ծննդյան տարեթիվը` առանց ամսվա և օրվա, ապա ծննդյան ամիս և օր է համարվում տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե նշված չէ օրը` համապատասխան ամսվա 15-ը:
4. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը: Անձը հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն կարող է ներկայացնել նաև մինչև «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելն ստացած սոցիալական ապահովության քարտը:
II. ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Նպաստ նշանակելու, նպաստ վճարելը վերսկսելու և չվճարված նպաստի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ:
6. Հաշմանդամության նպաստ նշանակելու համար անձը, բացի սույն ցանկի 5-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև իրեն հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը:
7. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար անձը, բացի սույն ցանկի 5-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև կերակրողի մահվան վկայականը կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը:
8. Նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է սույն ցանկի 5-րդ կետում նշված փաստաթղթերը, նպաստառուի մահվան վկայականը կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը, անհրաժեշտության դեպքում՝ նաև ժառանգության իրավունքի վկայագիրը:
9. Նպաստառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում ամուսինը ներկայացնում է ամուսնության վկայականը, երեխան` ծննդյան վկայականը:
10. Նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստ վճարելը վերսկսելու, չվճարված նպաստի գումարը վճարելու համար դիմելու դեպքում, բացի սույն ցանկով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացին` հայտարարություն Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի չլինելու և Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններում (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն) իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակները պահվում են նպաստի գործում).
2) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին`
ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,
բ. հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակները պահվում են նպաստի գործում).
3) օտարերկրյա քաղաքացին`
ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,
բ. այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին փաստաթուղթ, որի բնօրինակը պահվում է նպաստի գործում:
11. Սույն ցանկով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:
12. Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են: Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:
13. Նպաստ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն անձամբ տարածքային բաժին է ներկայացնում նպաստի իրավունք ունեցող անձը, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Ծնողը, որդեգրողը կամ խնամակալը ներկայացնում է նաև օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթը:
III. ՆՊԱՍՏԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
14. Նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը ներկայացնում է`
1) դիմումը.
2) անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը.
3) մահացած նպաստառուի մահվան վկայականը:
15. Հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում, բացի սույն ցանկի 14-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը վերափորձաքննության չներկայանալու մասին:
16. Թաղման նպաստ ստանալու համար անձը, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է տարածքային բաժնում), եթե մահվան վկայականը տվել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի տված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն` կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|