«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մարտի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 փետրվարի 2016 թ.
թիվ 19-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԻԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԻԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/28-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել ներդրումային ֆոնդերի միացման գործընթացի ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից այդ գործընթացի արդյունավետ վերահսկողությունը,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 99-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերը, 100-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ և 11-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Հավելված Հաստատված է 2016 թվականի փետրվարի 16-ի թիվ 19-Ն որոշմամբ |
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԻԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԻԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳ»
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով (այսուհետ` Կանոնակարգ) սահմանվում են.
1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդերի (այսուհետ՝ ֆոնդ) միացման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) նախնական համաձայնություն ստանալու նպատակով Կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, ինչպես նաև միացման մասին հայտարարության հրապարակման կարգը:
2) Միացող ֆոնդերի կողմից միացման մասին տեղեկությունների տրամադրման և հրապարակման կարգը, ինչպես նաև` այդ տեղեկությունների բովանդակությունը:
2. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն ֆոնդի կառավարչի (կառավարիչների) իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ: Առցանց ընթացակարգով գրանցված ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերը կարող են սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական Բանկին ներկայացնել ֆոնդ-նեթ համակարգի միջոցով:
(2-րդ կետը լրաց. 08.11.16 թիվ 194-Ն)
3. Սույն կանոնակարգը տարածվում է նաև կառավարչի բացակայությամբ պայմանավորված պահառուի կողմից ժամանակավոր կառավարման տակ գտնվող ֆոնդերի միացման վրա:
ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) Պահպանվող ֆոնդ` այն ֆոնդը, որին ֆոնդերի միացման արդյունքում միանում է միացող ֆոնդը փոխանցման ակտին համապատասխան:
2) Միացող ֆոնդ` այն ֆոնդը, որը ֆոնդերի միացման արդյունքում միանում է պահպանվող ֆոնդին փոխանցման ակտին համապատասխան:
3) Միացման էական պայմաններ` ֆոնդերի միացման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու նպատակով Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթուղթ, որը պարունակում է նախատեսվող միացումը նկարագրող և հիմնավորող տեղեկություններ և բավարարում է սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 6-ով սահմանված պահանջներին: Միացման էական պայմանները ներառվում են ֆոնդերի միացման պայմանագրի կազմում և ներկայացվում են դրա հետ միասին:
4) Փոխարկման գործակից` գործակից, որով միացող ֆոնդի փայը (բաժնետոմսը) փոխանակվում է պահպանվող ֆոնդի փայով (բաժնետոմսով): Փոխարկման գործակիցը հիմնվում է միացող և պահպանվող ֆոնդերի համար նախատեսվող միացման էական պայմաններով որոշված օրվա հաշվարկային արժեքի վրա:
5) Փոխարկման գործակցի հաշվարկման օր՝ օր երբ միացող ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) փաստացի փոխարկվում են պահպանվող ֆոնդի փայերի (բաժնետոմսերի), իսկ միացող ֆոնդը փոխանցում է իր ակտիվները և պարտավորությունները պահպանվող ֆոնդին: Փոխարկման գործակցի հաշվարկման օրվա դրությամբ միացող ֆոնդի մասնակիցների համար թողարկված նոր փայերի քանակը որոշվում է փոխարկման գործակցի համաձայն:
6) Միացման ուժի մեջ մտնելու օր` ֆոնդերի միացման ուժի մեջ մտնելու օր, որը համարվում է Կենտրոնական բանկի կողմից միացող ֆոնդի (ֆոնդերի) կանոնների (կանոնադրության) գրանցումն ուժը կորցրած ճանաչելու և պահպանվող ֆոնդի կանոնների (կանոնադրության) մեջ կատարված համապատասխան փոփոխությունների գրանցման օրը:
5. Սույն կանոնակարգով սահմանված այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներով սահմանված իմաստը:
ԳԼՈՒԽ 3. ՖՈՆԴԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
6. Միացման նախնական համաձայնություն ստանալու նպատակով միացման մասին որոշման ընդունումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում միացող և պահպանվող ֆոնդերը կամ այդ ֆոնդերի կառավարիչները Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.
1) միացման նախնական համաձայնություն ստանալու մասին դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,
2) միացման մասին միացող և պահպանվող ֆոնդերի ժողովների (կառավարիչների իրավասու մարմինների) որոշումները,
3) միջնորդագիր` ֆոնդերի միացման պայմանագիրը հաստատելու համար` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի, որին կցվում է համապատասխան միացման պայմանագրի նախագիծը, որը պարունակում է նախատեսվող միացման էական պայմանները՝ համաձայն սույն կանոնակարգի 14-րդ կետի, հաստատված միացող և պահպանվող ֆոնդի ժողովների (կառավարիչների իրավասու մարմինների) կողմից,
4) փոխանցման ակտի նախագիծը,
5) միացող ֆոնդերի պահառուի (պահառուների, եթե դրանք տարբեր են) կողմից տրված տեղեկանքը, որը հավաստում է, որ ինքը (իրենք) համաձայն է (են) միացման առաջարկին և ստուգել է (են) իր (իրենց) պահառության հանձնված ֆոնդերի՝ սույն կանոնակարգի 14-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված տվյալների համապատասխանությունը օրենքին, ենթաօրենսդրական ակտերին և ֆոնդի կանոններին,
6) միացող ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) պահպանվող ֆոնդում փայերի փոխարկման գործընթացի նկարագրությունը և դրանց ժամկետները,
7) պահպանվող ֆոնդի կառավարչի և միացող ֆոնդի կառավարչի (եթե վերջինս առկա է և ֆոնդը չի գտնվում օրենքով սահմանված դեպքերում կառավարչի բացակայությամբ պահառուի կողմից ֆոնդի ժամանակավոր կառավարման ներքո) խորհուրդների կողմից նախնական համաձայնություն ստացած գործարար ծրագրերը,
8) նախատեսվող միացման մասին տեղեկատվությունը, որը միացող և պահպանվող ֆոնդերը (կառավարիչները) մտադիր են ներկայացնել ֆոնդի մասնակիցներին,
9) նախատեսվող միացման հետևանքով միացող ֆոնդի պարտատերերի պարտավորությունների և իրավունքների կատարման նկարագրությունը:
7. Սույն գլխով նախատեսված գործարար ծրագիրը չի ներկայացվում միացող ֆոնդի կառավարչի կողմից, եթե միացման հետևանքով այն դադարեցնելու է ֆոնդերի կառավարման իր գործունեությունը:
ԳԼՈՒԽ 4. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
8. Անհրաժեշտության դեպքում, Կենտրոնական բանկը կարող է գրավոր պահանջել պահպանվող ֆոնդի կառավարչից բացառել միացման հետևանքով ներդրումային սահմանափակումների հնարավոր խախտումների առաջացումը` մինչև միացմանը նախնական համաձայնություն տրամադրելը:
9. Սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 3-ով ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ այդ փաստաթղթերի տրամադրման պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը կայացնում է որոշում ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու վերաբերյալ: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սույն կետում նշված համաձայնության տրամադրման հետ միաժամանակ հաստատվում է ֆոնդերի միացման պայմանագիրը:
10. Կենտրոնական բանկը կարող է միացմանը նախնական համաձայնություն չտրամադրել, եթե`
1) ֆոնդերի միացումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են սույն կանոնակարգի պահանջների խախտմամբ,
2) առկա են ««Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման և թողարկման կասեցման հիմքերը» Կանոնակարգ 10/27-ը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 312-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 10/27-ի 3-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը,
3) միացման արդյունքում ֆոնդերից որևէ մեկի ներդրողների, այլ պարտատերերի շահերը կվտանգվեն,
4) առկա են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերից որևէ մեկը:
ԳԼՈՒԽ 5. ՖՈՆԴԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
11. Միացման պայմանագրով սահմանված ժամկետներում նախատեսված միջոցառումներն իրականացնելուց հետո տասնօրյա ժամկետում միացման մասին որոշում ընդունած ֆոնդերը (կառավարիչները) Կենտրոնական բանկ են ներկայացնում.
1) փոխանցման ակտը՝ հաստատված միացող և պահպանվող ֆոնդերի կառավարիչների իրավասու անձանց ստորագրություններով և այդ կառավարիչների կնիքներով (առկայության դեպքում),
2) պահպանվող ֆոնդի մասնակիցների ռեեստրից քաղվածք, ինչպես նաև միացող ֆոնդի մասնակիցների ռեեստրից քաղվածք,
3) պահպանվող ֆոնդի` նոր խմբագրությամբ հաստատված կանոնները (կանոնադրությունը) կամ դրանցում լրացումները և փոփոխությունները` ««Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը ՀՀ-ում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը հաստատելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ սահմանված կարգով,
4) պահպանվող ֆոնդի կառավարչի փոփոխված գործարար ծրագիրը, եթե գործարար ծրագիրը փոփոխվել է՝ համաձայն ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 10/01-ը հաստատելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն որոշման,
5) միացման արդյունքում պահպանվող ֆոնդի ֆիրմային անվանման փոփոխության դեպքում, պահպանվող ֆոնդի գրանցման վկայականի վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի հետ միասին պահպանվող ֆոնդի ժողովը (կառավարիչը) Կենտրոնական բանկ է ներկայացնում ««Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները:
12. Եթե սույն կանոնակարգի 6-րդ կամ 11-րդ կետերով պահանջվող տեղեկությունները (փաստաթղթերը) ներկայացնելուց հետո ներկայացված տեղեկություններում (փաստաթղթերում) կատարվել են փոփոխություններ, ապա միացող և պահպանվող ֆոնդերը (կառավարիչները) փոփոխված տեղեկությունները (փաստաթղթերը) Կենտրոնական բանկ են ներկայացնում համապատասխան փոփոխությունները տեղի ունենալու մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Կենտրոնական բանկի կողմից, համապատասխանաբար, միացման նախնական համաձայնություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու, միացման պայմանագիրը հաստատելու կամ հաստատումը մերժելու կամ սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված պահպանվող ֆոնդի` նոր խմբագրությամբ հաստատված կանոնների (կանոնադրության) կամ դրանցում լրացումների և փոփոխությունների գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշման կայացումը:
13. Կենտրոնական բանկը` պահանջվող բոլոր փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացվելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է պահպանվող ֆոնդի` նոր խմբագրությամբ հաստատված կանոնների (կանոնադրության) մեջ կատարված համապատասխան փոփոխությունները և ուժը կորցրած ճանաչում միացող ֆոնդի (ֆոնդերի) կանոնների գրանցումը կամ մերժում է գրանցումը: Պահպանվող ֆոնդի` նոր խմբագրությամբ հաստատված կանոնները (կանոնադրությունը) գրանցելուց հետո Կենտրոնական բանկը կատարում է համապատասխան փոփոխություն պետական գրանցումների մատյանում, և միացող ֆոնդը դադարում է գոյություն ունենալ:
ԳԼՈՒԽ 6. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻԱՑՄԱՆ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
14. Նախատեսվող միացման էական պայմանները պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները.
1) միացման բնութագիրը, ինչպես նաև` միացող և պահպանվող ֆոնդերի համեմատական բնութագիրը,
2) նախատեսվող միացման նախադրյալները և հիմնավորումը,
3) նախատեսվող միացման ակնկալվող ազդեցությունը միացող և պահպանվող ֆոնդի մասնակիցների վրա,
4) միացման ընթացակարգը, ինչպես նաև միացող ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) փոխարկման կարգն այն ֆոնդի փայերի (բաժնետոմսերի), որին միանում են,
5) միացող ֆոնդի ակտիվների փոխանցմանը և փայերի փոխարկմանը վերաբերող կանոնները,
6) փոխարկման գործակցի հաշվարկման օրը,
7) ֆոնդի մասնակիցներին փայերի (բաժնետոմսերի) մարման կամ պահպանվող ֆոնդից տարբերվող այլ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) փոխանակման և (կամ) ընտրության դիմումներն անվճար ներկայացնելու ժամանակահատվածը:
15. Նախատեսվող միացման էական պայմաններում կառավարիչների (ֆոնդի ժողովի) հայեցողությամբ կարող է նշում կատարվել այն մասին, թե արդյոք կարող է տեղի ունենալ միացող և (կամ) պահպանվող ֆոնդերի փայերի թողարկման և մարման կասեցում Կենտրոնական բանկի՝ ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
ԳԼՈՒԽ 7. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
16. Կենտրոնական բանկի կողմից՝ ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելուց հետո միացման էական պայմաններում սահմանված ժամկետում կառավարիչները պետք է հնարավորություն ընձեռեն ֆոնդի մասնակիցներին անվճար ներկայացնելու փայերի (բաժնետոմսերի) մարման կամ պահպանվող ֆոնդից տարբերվող այլ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) փոխանակման դիմումներ:
17. Կենտրոնական բանկի կողմից ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելուց հետո ոչ ուշ, քան 1 աշխատանքային օր անց միացող և պահպանվող ֆոնդերի կառավարիչները պետք է մասնակիցներին տրամադրեն պատշաճ և արժանահավատ տեղեկատվություն` նախատեսվող միացման վերաբերյալ (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների): Մասնակիցներին տրամադրվող տեղեկատվությունը պետք է գրված լինի հակիրճ, պարզ ու մատչելի լեզվով՝ առանց շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող բառերի, արտահայտությունների, խիստ մասնագիտական և տեխնիկական եզրույթների, որը հնարավորություն կտա մասնակիցներին կայացնել իրազեկված որոշում` նախատեսվող միացման ազդեցությունն իրենց ներդրումների վրա գնահատելու համար: Սույն կետում նշված տեղեկատվությունը պետք է ներառի հետևյալը.
1) Նախատեսվող միացման դրդապատճառները և դրանց հիմնավորումը։
2) Նախատեսվող միացման՝ մասնակիցների վրա հնարավոր ազդեցությունը, այդ թվում՝
ա. ներդրումային քաղաքականության և ռազմավարության, ծախսերի, ակնկալվող եկամուտների, պարբերական հաշվետվությունների, մեկ փային (բաժնետոմսին) բաժին ընկնող եկամտաբերության հավանական նվազման ցանկացած էական տարբերությունները,
բ. միացման հետևանքով հարկային պարտավորությունների փոփոխումը` այդպիսին լինելու դեպքում,
գ. նախատեսվող միացման ուժի մեջ մտնելուց առաջ և հետո միացող ֆոնդի մասնակիցների իրավունքներում փոփոխությունները,
դ. եթե միացող և պահպանվող ֆոնդերի կանոնները (կանոնադրությունը) պարունակում են ռիսկերի և օգուտների տարբեր ցուցանիշներ կամ բացահայտում են տարբեր էական ռիսկեր կանոնների (կանոնադրության) բովանդակության մեջ, ապա ներկայացվում է այդ տարբերությունների համեմատությունը,
ե. միացող և պահպանվող ֆոնդերի ծախսերի, վճարների և այլ հատկացումների համեմատությունը,
զ. եթե միացող ֆոնդի կառավարիչը գանձում է ֆոնդի եկամտաբերությունից կախված կառավարման վճար, ապա ներկայացվում է միացման գործընթացի ժամանակ դրա գանձման եղանակը, և ինչպես է դա գանձվելու միացման ուժի մեջ մտնելու պահից հետո,
է. նշում այն մասին, թե արդյոք միացող ֆոնդի կառավարիչը մտադիր է իրականացնել իր ներդրումների վերաբաշխում նախքան միացման ուժի մեջ մտնելը, և թե արդյոք պահպանվող ֆոնդի կառավարիչն ակնկալում է, որ միացումը կունենա որևէ էական ազդեցություն պահպանվող ֆոնդի ներդրումների վրա, և արդյոք պահպանվող ֆոնդի կառավարիչը մտադիր է նախաձեռնել ֆոնդի ակտիվների վերաբաշխում միացումն ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո:
3) Մասնակիցների իրավունքները և դրանց իրականացման վերջնաժամկետի օրը, կապված նախատեսված միացման հետ, այդ թվում՝
ա. ստանալ սույն կանոնակարգի 22-րդ կետով նախատեսված պահառուների հաշվետվության պատճենը, նման պահանջի դեպքում,
բ. պահանջել անվճար հետգնել, մարել կամ փոխանակել փայերը (բաժնետոմսերը),
գ. ժամանակամիջոցը, որի ընթացքում միացող ֆոնդի մասնակիցները կարող են միացող ֆոնդում փայեր ձեռքբերել և մարել,
դ. ժամանակամիջոցը, որի ընթացքում միացող ֆոնդի մասնակիցները, որոնք չեն կիրառել փայերի (բաժնետոմսերի) մարումը պահանջելու կամ այլ ֆոնդի փայերով փոխանակելու իրենց իրավունքը, կարող են իրականացնել այն որպես պահպանվող ֆոնդի մասնակիցներ,
ե. նշում այն մասին, որ եթե նախատեսվող միացումը պետք է հաստատվի միացող ֆոնդի մասնակիցների կողմից, ապա այն մասնակիցները, որոնք դեմ են քվեարկել կամ չեն քվեարկել և նրանք, ովքեր չեն կիրառել փայերի (բաժնետոմսերի) մարումը պահանջելու կամ այլ ֆոնդի փայերով փոխանակելու իրենց իրավունքը, դառնում են պահպանվող ֆոնդի մասնակիցներ:
4) Միացման գործընթացների նկարագրությունը, այդ թվում՝
ա. երբ, ինչպես և որտեղ մասնակիցները պետք է հաստատեն նախատեսվող միացումը, և ինչպես են վերջիններս տեղեկացվելու քվեարկության արդյունքների մասին (եթե միացման համար պահանջվում է ֆոնդի ժողովի որոշում),
բ. նշում փայերի (բաժնետոմսերի) նախատեսվող մարման և թողարկման կասեցման մասին,
գ. Փոխարկման գործակցի հաշվարկման օրը:
5) Պահպանվող ֆոնդի փոփոխված կանոնները (կանոնադրությունը):
18. Այն դեպքում, երբ ֆոնդերի միացումը պետք է հաստատվի միացող կամ պահպանվող ֆոնդի ժողովի կողմից, ֆոնդի մասնակիցներին տրամադրվող տեղեկատվությունը կարող է պարունակել ֆոնդերի կառավարիչների գործադիր մարմնի կամ դիտորդ խորհրդի կողմից միացման կապակցությամբ եզրակացություն:
19. Եթե ֆոնդերի մասնակիցներին տրամադրվող որևէ տեղեկատվությունը ամփոփ է, ապա այն պետք է պարունակի հղում դեպի լրացուցիչ տեղեկատվությանը:
20. Պահպանվող ֆոնդի վերաբերյալ ներդրողներին տրամադրվող տեղեկատվության թարմ տարբերակը, ինչպես նաև հետագայում դրանում կատարված ցանկացած փոփոխությունները պետք է տրամադրվեն ֆոնդի բոլոր առկա մասնակիցներին:
21. Մասնակիցներին տեղեկատվությունը տրամադրելու օրվանից մինչև փոխարկման գործակցի հաշվարկման օրն ընկած ժամանակահատվածում պահպանվող կամ միացող ֆոնդի կառավարիչները պետք է տրամադրեն պահպանվող ֆոնդի վերաբերյալ տեղեկատվության թարմ տարբերակը ցանկացած անձի, ով ձեռք է բերում միացող կամ պահպանվող ֆոնդի փայեր (բաժնետոմսեր):
22. Մասնակիցներին տրամադրվող պահառուների հաշվետվությունը պետք է հավաստի սույն կանոնակարգի 14-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված տեղեկությունների համապատասխանությունը օրենսդրությանը և միացող ֆոնդերի կանոններին (կանոնադրությանը) և պահառուի գործունեության կանոններին: Ֆոնդերի պահառուները պետք է հաստատեն նաև հետևյալ տեղեկատվությունը.
1) Փոխարկման գործակցի հաշվարկման օրվա դրությամբ ակտիվների և պարտավորությունների (ֆոնդի ծախսերի) գնահատման համար ընդունված չափանիշները,
2) Փոխարկման գործակցի հաշվարկման մեթոդաբանությունը, ինչպես նաև փաստացի փոխարկման գործակիցը` այդ գործակցի հաշվարկման օրվա դրությամբ:
23. Սույն գլխով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է մասնակիցներին թղթային ձևով կամ այլ կրիչով: Ընդ որում՝ տեղեկատվությունը կարող է տրամադրվել այլ կրիչով, միայն եթե մասնակիցն ինքն է ընտրել ստացման ոչ թղթային տարբերակը կամ տրամադրել է իր էլեկտրոնային փոստի հասցեն:
ԳԼՈՒԽ 8. ՖՈՆԴԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
24. Ֆոնդերի (այդ թվում՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) միացման ուժի մեջ մտնելու փաստի մասին հայտարարությունը հրապարակվում է պահպանվող և միացող ֆոնդերի կառավարիչների կայքերում` այդ կայքի հասցեն մուտքագրելուց հետո հայտնվող առաջին էջում` Կենտրոնական բանկի կողմից միացող ֆոնդի (ֆոնդերի) կանոնների (կանոնադրության) գրանցումն ուժը կորցրած ճանաչելու և պահպանվող ֆոնդի կանոնների (կանոնադրության) մեջ կատարված համապատասխան փոփոխությունների գրանցման օրվանից ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:
25. Ֆոնդերի միացման հետ կապված պահպանվող ֆոնդի կանոնների (կանոնադրության) փոփոխությունները հրապարակվում են պահպանվող ֆոնդի կառավարչի ինտերնետային կայքի` տվյալ ֆոնդի էջում:
ԳԼՈՒԽ 9. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
26. Սույն կանոնակարգի 27-րդ կետով սահմանված կարգով տեղեկանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը մասնակիցների ռեեստրը վարող անձը սահմանում է միացող ֆոնդի փայերի` պահպանվող ֆոնդի փայերով փոխարկման գործակից, որի ժամանակ միացող ֆոնդի փայերի քանակը փոփոխվում է այնպես, որ պահպանվող ֆոնդում ձեռք բերվող փայերի հաշվարկային արժեքը համապատասխանի միացող ֆոնդի փայերի հաշվարկային արժեքին: Ընդ որում՝ սույն կետով սահմանված փայերի փոխարկման գործակցի հաշվարկման համար օգտագործվում է փայերի` վերջին հայտնի հաշվարկային արժեքը:
27. Սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված տեղեկատվությունը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները տրամադրում են մասնակիցների ռեեստրը վարողին էլեկտրոնային տարբերակով՝ Կենտրոնական բանկի կողմից ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին տեղեկանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը: Մասնակիցների ռեեստր վարողը ֆոնդի կառավարչից սույն կետում նշված տեղեկատվությունը ստանալուց ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկությունը հայտնում է մասնակիցներին՝ հրապարակելով այդ տեղեկատվությունը իր պաշտոնական ինտերնետային կայքի հասցեն մուտքագրելուց հետո հայտնվող առաջին էջում: Եթե ֆոնդի մասնակիցները ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի թիվ 171-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 10/07-ով (այսուհետև` Կանոնակարգ 10/07) սահմանված որևէ դիմումում նշել են որևէ էլեկտրոնային փոստի հասցե, ապա սույն կետով սահմանված տեղեկատվությունը ուղարկվում է նաև տրամադրված հասցեներից վերջինին:
28. Սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված ժամանակահատվածում միացող ֆոնդի մասնակիցները կարող են ներկայացնել.
1) Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ փոխանակելու դիմում՝ Կանոնակարգ 10/07-ով սահմանված կարգով իրենց ֆոնդի փայերն այլ ֆոնդի փայերով փոխանակելու նպատակով (անկախ ֆոնդերի ներդրումային քաղաքականությունների տարբերություններից): Հակառակ դեպքում միացող ֆոնդի փայերը փոխարկվում են պահպանվող ֆոնդի փայերի:
2) Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում Կանոնակարգ 10/07-ով սահմանված կարգով՝ միացումից հետո իրենց հետագա սոցիալական վճարները պահպանվող ֆոնդից բացի այլ ֆոնդին ուղղորդելու նպատակով (նշված դիմումում մասնակիցը չի կարող ընտրել միացող ֆոնդը): Հակառակ դեպքում միացող ֆոնդի մասնակցի հետագա սոցիալական վճարները ուղղվում են պահպանվող ֆոնդ:
29. Սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված ժամանակահատվածի ավարտից հետո 30 օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարող անձն իրականացնում է յուրաքանչյուր մասնակցի՝ միացող ֆոնդի փայերի փոխարկում պահպանվող ֆոնդի փայերի՝ հիմք ընդունելով սույն կանոնակարգի 26-րդ կետի սկզբունքը:
30. Մասնակիցների ռեեստրը վարող անձը դադարեցնում է միացող ֆոնդի փայերի թողարկումը Կենտրոնական բանկի կողմից ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
31. Փայերի փոխարկումից հետո մասնակիցների ռեեստրը վարող անձը տեղեկացնում է միացող և պահպանվող ֆոնդի կառավարիչներին մարված և թողարկված փայերի քանակի և դրանց գումարի մասին:
Հավելված 1
«Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին
տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը»
10/28 կանոնակարգի
ԴԻՄՈՒՄ
(միացման նախնական համաձայնություն ստանալու)
Հարգելի --------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(դիմողի (դիմողների) անվանումը, գործունեության վայրը)
Համաձայն միացող ֆոնդի ընդհանուր ժողովի (կառավարչի իրավասու մարմնի) --/--/20—թվականի թիվ ––––– որոշման և պահպանվող ֆոնդի ընդհանուր ժողովի (կառավարչի իրավասու մարմնի) --/--/20—թվականի թիվ ---- որոշման` դիմում ենք միացման նախնական համաձայնություն ստանալու համար:
Համաձայն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի թիվ 19-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ի՝ կից ներկայացնում ենք միացման նախնական համաձայնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:
Առդիր՝------- էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:
Խնդրում ենք Ձեր համաձայնությունը:
Դիմումը ներկայացնող անձինք՝
____________________________________________________________________
(պահպանվող ֆոնդի (կառավարչի) իրավասու անձի անուն, ազգանունը, ստորագրությունը)
____________________________________________________________________
(միացող ֆոնդի (կառավարչի) իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն)
«____»_________________ 20—թ.
Հավելված 2
«Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին
տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը»
10/28 կանոնակարգի
ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
(միացման պայմանագիրը հաստատելու)
Հարգելի ----------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------
(Դիմողի անվանումը, գործունեության իրականացման վայրը)
Համաձայն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի թիվ 19-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ի՝ կից Ձեր հաստատմանն ենք ներկայացնում ----------- որոշմամբ հաստատված միացման պայմանագիրը և կից փաստաթղթերը:
Առդիր՝------- էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է միջնորդագրի մերժմանը:
Խնդրում ենք Ձեր համաձայնությունը:
Դիմումը ներկայացնող անձինք՝ _______________________________________________________
___________________________________________________________________
(պահպանվող ֆոնդի (կառավարչի) իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն)
(միացող ֆոնդի (կառավարչի) իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն)
«____»_________________ 20—թ.
(հավելվածը լրաց. 08.11.16 թիվ 194-Ն)