ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1469/02/14 2016թ. |
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան |
Դատավորներ` |
Ս. Միքայելյան |
Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
ռ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի հուլիսի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սոնա Բորյանի (Շիրինյան) և Լուսինե Շիրինյանի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալբերտ Այնաջյանի ընդդեմ Սոնա Բորյանի (Շիրինյան), Լուսինե Շիրինյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման` համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և դրա հիման վրա կատարված գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ալբերտ Այնաջյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Րաֆֆու 77-րդ շենքի թիվ 14 բնակարանի նկատմամբ, անվավեր ճանաչել 13.10.2008 թվականին կնքված այդ բնակարանի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) (այսուհետ՝ Դատարան) 02.02.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.04.2015 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 02.02.2015 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սոնա Բորյանի (Շիրինյան) և Լուսինե Շիրինյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ալբերտ Այնաջյանը և նրա ներկայացուցիչը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ, 201-րդ, 298-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 220-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս չի կատարել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության:
Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Լուսինե Շիրինյանը, հանդիսանալով նվիրատու Սոնա Բորյանի (Շիրինյան) քույրը, իմացել է, որ Սոնա Բորյանը (Շիրինյան) և Ալբերտ Այնաջյանն ամուսիններ են, այդ հանգամանքը բավարար է համարել եզրակացնելու համար, որ Լուսինե Շիրինյանը պետք է իմանար վիճելի բնակարանը համատեղ սեփականություն հանդիսանալու ու Սոնա Բորյանի (Շիրինյան) մոտ նվիրատվության գործարքի կնքման համար անհրաժեշտ լիազորության բացակայության մասին: Մինչդեռ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը` միայն Սոնա Բորյանի (Շիրինյան) և Ալբերտ Այնաջյանի ամուսիններ լինելու փաստի հաստատումը բավարար հիմք չէ ենթադրելու, որ Սոնա Բորյանը (Շիրինյան) համատեղ գույքը տնօրինելու լիազորություն չի ունեցել, քանի որ ընդհանուր սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը մնացած մասնակիցների պահանջով կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին: Սույն գործով, սակայն, վերաքննիչ բողոքի քննության ընթացքում չի ապացուցվել այն հանգամանքը, որ Լուսինե Շիրինյանն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար համասեփականատերերի միջև համաձայնության բացակայության մասին:
Այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին Վերաքննիչ դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Սույն գործով, սակայն, Սոնա Բորյանի (Շիրինյան)` վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին Լուսինե Շիրինյանի իմանալու կամ իմանալու ակնհայտ հնարավորության առկայությունը հիմնավորող որևէ հիմնավոր ապացույց Ալբերտ Այնաջյանը չի ներկայացրել Դատարանում գործի քննության ընթացքում:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել այն հանգամանքը, որ Ալբերտ Այնաջյանը տվել է իր գրավոր համաձայնությունը Սոնա Բորյանին (Շիրինյան)` վիճելի բնակարանը քրոջը` Լուսինե Շիրինյանին նվիրելու կապակցությամբ:
Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով անթույլատրելի է համարել Բաբկեն Օհանյանի` որպես վկա դատարանում տրված ցուցմունքները՝ պատճառաբանելով, որ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների վկաների ցուցմունքներ վկայակոչելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել նվիրատվության գործարքն ամբողջությամբ` որևէ կերպ չհիմնավորելով նշված հանգամանքը, մինչդեռ Սոնա Բորյանը (Շիրինյան) իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասը կարող էր տնօրինել իր հայեցողությամբ` նվիրելով այն իր քրոջը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է և իրավաչափ: Վերաքննիչ դատարանը, արձանագրելով վիճարկվող գործարքի կնքման համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման վերաբերյալ վավերապայմանների բացակայությունը, փաստել է, որ սույն գործով բնակարանի վերաբերյալ նվիրատվության պայմանագիրը կնքելիս պարտադիր պետք է առկա լիներ Ալբերտ Այնաջյանի` որպես գույքի համատեղ սեփականատիրոջ նոտարական կարգով հաստատված համաձայնությունը, մինչդեռ բացի այն, որ գործարքը կնքելիս այն բացակայել է, Սոնա Բորյանը տվել է ակնհայտ կեղծ հայտարարություն այն մասին, որ ինքն ամուսնացած չէ։
Լուսինե Շիրինյանը գործարքը վավերացնելու ժամանակ քաջատեղյակ է եղել բնակարանը Սոնա Բորյանի (Շիրինյան) և Ալբերտ Այնաջյանի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված լինելու և Ալբերտ Այնաջյանի կողմից, որպես Սոնա Բորյանի (Շիրինյան) ամուսին, գործարքի կնքմանը մասնակցելու անհրաժեշտության մասին։ Հետևաբար անհիմն է բողոքի այն պատճառաբանությունը, թե Լուսինե Շիրինյանը չի իմացել համասեփականատերերի միջև համաձայնության բացակայության մասին։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 23.09.2008 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագրով վաճառողներ Արման Անդրեասյանը և Գարիկ Անդրեասյանը վաճառել են, իսկ գնորդ Սոնա Շիրինյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երևան քաղաքի Րաֆֆու 77-րդ շենքի թիվ 14 հասցեում գտնվող բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 58):
2) 13.10.2008 թվականին կնքված բնակարանի նվիրատվության պայմանագրի համաձայն` նվիրատու Սոնա Շիրինյանը պարտավորվել է նվիրառու Լուսինե Շիրինյանի սեփականությանն անհատույց հանձնել Երևանի Րաֆֆու 77-րդ շենքի թիվ 14 հասցեում գտնվող բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 11):
3) Սեփականության իրավունքի պետական գրանցման 29.10.2008 թվականի թիվ 2622443 վկայականի համաձայն` Երևանի Րաֆֆու 77-րդ շենքի թիվ 14 բնակարանի նկատմամբ գրանցված է Լուսինե Շիրինյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 53-54):
4) Սույն գործով 19.01.2015 թվականին դատաքննության ընթացքում որպես վկա ցուցմունք տված Բաբկեն Օհանյանը հայտնել է, որ Ալբերտ Այնաջյանը տեղյակ է եղել, որ վիճելի գույքը ձեռք է բերվել Լուսինե Շիրինյանի համար, սակայն հաշվի առնելով, որ վերջինս գույքը ձեռք բերելու պահին խնդիրներ է ունեցել ամուսնու հետ, գործարքը կնքվել է Լուսինե Շիրինյանի քրոջ` Սոնա Շիրինյանի անվամբ: Ալբերտ Այնաջյանը խուսափել է միջամտել Լուսինե Շիրինյանի և Սոնա Շիրինյանի հարաբերություններին` հայտնելով, որ կարող են գործարքից ծագող իրավունքները գրանցել այնպես, ինչպես ցանկանում են: Ալբերտ Այնաջյանը քաջատեղյակ է եղել, որ բնակարանը Լուսինե Շիրինյանինն է լինելու: Ալբերտ Այնաջյանը գործարքը կնքելիս գտնվել է նոտարական գրասենյակի բակում, սակայն ի պատասխան գործարքի կողմերի, ինչպես նաև վկայի (ով նոտարական գրասենյակ է գնացել կողմերին օգնելու փաստաթղթերի հարցում) առաջարկին` ներս մտնելու և մասնակցելու գործարքի կնքմանը` համաձայնություն տալու միջոցով, Ալբերտ Այնաջյանը հրաժարվել է ներս մտնել` հայտնելով, որ ինչպես ցանկանում են, կարող են գրանցել, որից հետո էլ Սոնա Շիրինյանը տվել է հայտարարություն` ամուսնացած չլինելու մասին, որպեսզի հնարավոր լինի կնքել գործարքը (հատոր 1-ին, գ.թ. 77):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում մյուս համասեփականատիրոջ (համասեփականատերերի) կողմից համաձայնություն տալու հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.
2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք համատեղ սեփականության մասնակցի կողմից կնքված նվիրատվության գործարքը մյուս մասնակցի պահանջով կարող է անվավեր ճանաչվել այն դեպքում, երբ գործում առկա չէ որևէ գրավոր ապացույց այն մասին, որ մյուս մասնակիցը տվել է իր համաձայնությունը գործարքը կնքելիս:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ` անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքելու ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ` նույն օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ օրենքին, այլ իրավական ակտերին կամ կողմերի համաձայնությանը համապատասխան միակողմ գործարք կնքելու համար անհրաժեշտ և բավարար է մեկ կողմի կամքի արտահայտությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 201-րդ հոդվածներով նախատեսված վերոնշյալ իրավադրույթների մեկնաբանությանը, արձանագրել է, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների` ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի, մասնավորապես` գնորդի տեղեկացված լինելու փաստը: Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն, եթե միաժամանակ առկա են երկու պայմաններ`
1. համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայությունը,
2. գործարքի մյուս կողմի այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը (տե՛ս Թագուշ Պետրոսյանն ընդդեմ Ժաննա Ղազարյանի թիվ 3-459(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը, Գայանե Թումասյանն ընդդեմ Հովհաննես Երիցյանի և մյուսների թիվ ԱՐԴ1/0956/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկնաբանել է ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության վերաբերյալ իրավադրույթները` արձանագրելով, որ օրենսդիրը, հաշվի առնելով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ծագման հիմքը՝ ամուսնական հարաբերությունները և օրենքով նախատեսված այլ դեպքերը, ըստ էության, ամրագրել է ընդհանուր գույքը տնօրինելու ժամանակ մյուս համասեփականատերերի համաձայնության և դրա տնօրինման գործարք կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը: Վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության գույքը տնօրինելու ժամանակ մասնակիցների համաձայնության առկայության կանխավարկածը նվիրատվության հարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ, քանի որ համատեղ սեփականության գույքի նվիրատվության դեպքում օրենսդիրը նախատեսել է սահմանափակումներ: Այսպես, համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության ձևով տնօրինման համար պարտադիր կերպով անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի համաձայնությունը, և չի սահմանվել բացառություն (տե'ս Նարինե Նալբանդյանն ընդդեմ «Ինտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետեր Հրաչ-Ներսես Կապրիելյանի, Արագած Ախոյանի թիվ ԵՔԴ/0256/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերոնշյալ որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, արձանագրում է, որ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում կիրառելի չէ համատեղ սեփականության մասնակցի` գույքը տնօրինելու համաձայնության կանխավարկածը: Նկատի ունենալով այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված իրավակարգավորումից բացի, օրենսդիրը նախատեսել է նաև հատուկ կարգավորում նվիրատվության գործարքի համար` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից նման հատուկ նորմ նախատեսելն ինքնանպատակ չէ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ հոդվածում ամրագրելով «համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնություն» արտահայտությունը` օրենսդիրը կարևորել է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների կամահայտնությունը նվիրատվության գործարք կնքելիս: Հետևաբար ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը նվիրելիս պահանջվում է բոլոր համասեփականատերերի համաձայնությունը, իսկ համասեփականատիրոջ համաձայնության առկայության կանխավարկածը չի գործում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ի տարբերություն գործարքների` համատեղ սեփականության մասնակցի համաձայնությունն ինքնին չի առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում իրավունքներ ու պարտականություններ: Այդպիսի համաձայնության դերն ավելի սահմանափակ է: Համաձայնությունն անհրաժեշտ նախապայման է, որի առկայությամբ երկու կամ ավելի կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը (երկկողմ կամ բազմակողմ գործարքների դեպքում) կամ մեկ կողմի կամահայտնությունը (միակողմ գործարքի դեպքում) հնարավորություն է ստանում առաջացնելու, փոփոխելու կամ դադարեցնելու իրավահարաբերություն, այլ կերպ ասած՝ այն հանդիսանում է անհրաժեշտ նախապայման գործարքի կնքման համար:
Անդրադառնալով նվիրատվության գործարք կնքելու համար համատեղ սեփականության մասնակցի համաձայնության ձևին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը համաձայնության կոնկրետ ձև չի նախատեսել ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ, այնպես էլ նույն օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետերով:
ՀՀ սահմանադրական դատարանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 24.02.2012 թվականի թիվ ՍԴՈ-1009 որոշման եզրափակիչ մասում արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` այդ մասի առաջին նախադասության դրույթների սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքելու ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ` նկատի ունենալով, որ ներքոհիշյալ դեպքերում առանձին մասնակցի կողմից գույքի տնօրինման գործարք կնքելիս անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի պոզիտիվ համաձայնությունը, ինչը կփաստի գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորության առկայությունը: Այդ դեպքերն են.
ա) երբ համասեփականատերերի իրավունքները պետական գրանցում են ստացել և սեփականության իրավունքի գրանցման վկայականում հստակ նշված է, որ գույքը պատկանում է կոնկրետ սեփականատերերի` համասեփականության իրավունքով,
բ) երբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված կարգով ու դեպքերում գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները ծագում են օրենքի հիման վրա և ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից:
Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանը, քննարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանադրականության հարցը, արձանագրել է մասնակցի պոզիտիվ համաձայնության անհրաժեշտությունը որոշակի դեպքերում` չմասնավորեցնելով համաձայնության ձևը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում մյուս մասնակցի համաձայնությունը կարող է դրսևորվել ցանկացած ձևով` պայմանով, որ այդ համաձայնությունը լինի հստակ արտահայտված: Բացի այդ, նկատի ունենալով, որ համատեղ սեփականության մասնակցի համաձայնությունը գործարք չէ, այլ անհրաժեշտ նախապայման է գործարքի կնքման համար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում մյուս մասնակցի համաձայնության ձևի նկատմամբ ենթակա չեն կիրառման գործարքի ձևի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, այլ կերպ ասած` նման համաձայնության արտահայտման համար պարտադիր չէ նոտարական ձևի պահպանման պահանջը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Սույն գործով չեն վիճարկվել հետևյալ փաստերը. Սոնա Շիրինյանը և Ալբերտ Այնաջյանն ամուսնացել են 1999 թվականին, նրանց ամուսնությունը գրանցվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմնում, Սոնա Շիրինյանը և Ալբերտ Այնաջյանը դատական կարգով ամուսնալուծվել են 2011 թվականին:
Սույն գործում առկա ապացույցների համաձայն` 23.09.2008 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագրով վաճառողներ Արման Անդրեասյանը և Գարիկ Անդրեասյանը վաճառել են, իսկ գնորդ Սոնա Շիրինյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երևան քաղաքի Րաֆֆու 77-րդ շենքի թիվ 14 հասցեում գտնվող բնակարանը: 13.10.2008 թվականին կնքված բնակարանի նվիրատվության պայմանագրով նվիրատու Սոնա Շիրինյանը պարտավորվել է նվիրառու Լուսինե Շիրինյանի սեփականությանն անհատույց հանձնել Երևանի Րաֆֆու 77-րդ շենքի թիվ 14 հասցեում գտնվող բնակարանը: Սեփականության իրավունքի պետական գրանցման 29.10.2008 թվականի թիվ 2622443 վկայականի համաձայն` Երևանի Րաֆֆու 77-րդ շենքի թիվ 14 բնակարանի նկատմամբ գրանցվել է Լուսինե Շիրինյանի սեփականության իրավունքը: Սոնա Շիրինյանի` 13.10.2008 թվականին նոտարական կարգով վավերացված հայտարարության համաձայն` բնակարանը ձեռք բերելու պահին ինքն ամուսնացած չի եղել, այդ գույքի նկատմամբ այլ անձինք չունեն սեփականության կամ այլ իրավունքներ:
Սույն գործով Դատարանը մերժել է հայցապահանջն այն հիմնավորմամբ, որ հայցվորը տեղյակ է եղել նվիրատվության գործարքի մասին և 2008 թվականից մինչև դատարան դիմելու օրը միջոցներ չի ձեռնարկել վիճելի գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու, գրանցելու, այլ անձանց ոտնձգություններից պաշտպանելու, այսինքն` սեփականատիրոջ իր իրավազորություններն իրականացնելու ուղղությամբ, որպիսի հանգամանքը վկայում է նրա կողմից իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին: Դատարանը, գնահատելով վկայի ցուցմունքները, հանգել է այն եզրակացության, որ հայցվորը, իմանալով գործարքի մասին, ներկա գտնվելով նոտարական գրասենյակում, արդեն իսկ տվել է իր համաձայնությունը նման գործարքի կնքման համար և իր գործողություններով հրաժարվել է իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից:
Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, արձանագրել է, որ համատեղ սեփականատիրոջ համաձայնությունը` համատեղ սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման վերաբերյալ, որպես միակողմ գործարք, նույնպես պետք է ձևակերպվեր գրավոր և վավերացվեր նոտարական կարգով, ինչը, սակայն, բացակայում է: Ավելին, նոտարական գրասենյակում Սոնա Շիրինյանը հայտարարություն է տվել, որ նշված գույքը ձեռք բերելու պահին ամուսնացած չի եղել, որպեսզի դրանով շրջանցի համատեղ սեփականություն հանդիսացող գույքի օտարման արգելք հանդիսացող համասեփականատիրոջ համաձայնությունը: Հետևաբար բողոքում նշված այն հիմքը, թե Դատարանը վկայի ցուցմունքներով չէր կարող պարզել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքի առկայությունը, այն է` համասեփականատիրոջ համաձայնությունը, հիմնավոր է, քանի որ այն կարող էր հաստատվել բացառապես գրավոր ձևակերպված, ստորագրված և նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ: Մինչդեռ ամուսնու` նոտարական գրասենյակի բակում գտնվելու հանգամանքը, եթե նույնիսկ դա այդպես է, ինքնին չի նշանակում, որ ամուսինը համաձայն է եղել համատեղ սեփականություն հանդիսացող գույքը նվիրելու հարցում: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ նվիրատվության պայմանագիրը ենթակա է անվավեր ճանաչման` հաշվի առնելով այն, որ պայմանագրի մյուս կողմ հանդիսացող Սոնա Բորյանի (Շիրինյան) քույրն ակնհայտորեն պետք է իմանար իր քրոջ ամուսնության մեջ գտնվելու մասին, ինչպես նաև ամուսնու համաձայնության անհրաժեշտության մասին:
Վերոնշյալ վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով ի հավաստումն Ալբերտ Այնաջյանի կողմից վիճելի գործարքի կնքման համար տրված համաձայնության՝ վկայակոչվել է վկա Բաբկեն Օհանյանի ցուցմունքը, որը Վերաքննիչ դատարանի կողմից որակվել է որպես անթույլատրելի ապացույց:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինելու համար տրված համաձայնության՝ գործարքի կնքման նախապայման լինելու և դրա ձևի վերաբերյալ օրենսդրական հատուկ կարգավորում նախատեսված չլինելու պարագայում կիրառելի չեն Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված ապացուցման միջոցների սահմանափակումները: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայի ցուցմունքը սույն գործով թույլատրելի ապացույց էր և ենթակա էր գնահատման գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ տեղեկություն բովանդակելու տեսանկյունից: Մասնավորապես` վկայի ցուցմունքի համաձայն` Ալբերտ Այնաջյանը տեղյակ է եղել, որ վիճելի գույքը ձեռք է բերվել Լուսինե Շիրինյանի համար, սակայն հաշվի առնելով, որ վերջինս գույքը ձեռք բերելու պահին խնդիրներ է ունեցել ամուսնու հետ, գործարքը կնքվել է Լուսինե Շիրինյանի քրոջ` Սոնա Շիրինյանի անվամբ: Համաձայն վկայի ցուցմունքի` Ալբերտ Այնաջյանը խուսափել է միջամտել Լուսինե Շիրինյանի և Սոնա Շիրինյանի հարաբերություններին` հայտնելով, որ կարող են գործարքից ծագող իրավունքները գրանցել այնպես, ինչպես ցանկանում են: Վկան հայտնել է, որ Ալբերտ Այնաջյանը քաջատեղյակ է եղել, որ բնակարանը Լուսինե Շիրինյանի համար է ձեռք բերվել: Վկան միաժամանակ հայտնել է, որ Ալբերտ Այնաջյանը գործարքը կնքելիս գտնվել է նոտարական գրասենյակի բակում, սակայն ի պատասխան գործարքի կողմերի, ինչպես նաև վկայի (ով նոտարական գրասենյակ է գնացել կողմերին օգնելու փաստաթղթերի հարցում) առաջարկին` ներս մտնելու և մասնակցելու գործարքի կնքմանը` համաձայնություն տալու միջոցով, Ալբերտ Այնաջյանը հրաժարվել է ներս մտնել` հայտնելով, որ ինչպես ցանկանում են, կարող են գրանցել, որից հետո էլ Սոնա Շիրինյանը տվել է հայտարարություն` ամուսնացած չլինելու մասին, որպեսզի հնարավոր լինի կնքել գործարքը:
Վկայի ցուցմունքի գնահատման արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ այն տեղեկություն է բովանդակում սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին, հետևաբար այն նաև վերաբերելի ապացույց է: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով միայն վկայի ցուցմունքը բավարար չէ՝ համատեղ սեփականության մյուս մասնակցի համաձայնության առկայության փաստը հաստատված համարելու համար՝ հետևյալ հիմնավորմամբ.
Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:
Սույն գործով Դատարանը, որպես Ալբերտ Այնաջյանի համաձայնության առկայությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ և բավարար ապացույց, վճռում գնահատել է միայն վկայի ցուցմունքը: Մինչդեռ նշված ապացույցի բովանդակության վերլուծությունից հետևում է, որ վկան հստակ և որոշակի ցուցմունք չի տվել այն մասին, որ Ալբերտ Այնաջյանը որևէ ձևով տվել է իր համաձայնությունը նվիրատվության գործարք կնքելու համար: Վկայի ցուցմունքից կարելի է միայն նման ենթադրություն անել, ընդ որում, կարելի է ենթադրություն անել նաև հակառակի մասին:
Նման պայմաններում վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով միայն վկայի ցուցմունքը բավարար չէր գործարքի կնքման նախապայման հանդիսացող համաձայնության առկայության փաստը հաստատված համարելու համար: Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ՝ վկայի ցուցմունքը միայն գործում առկա այլ ապացույցների համակցության մեջ գնահատվելու պարագայում կարող է թույլ տալ եզրահանգումներ անել այն մասին՝ արդյոք Ալբերտ Այնաջյանի գործողությունները (անգործությունը) միտված եղել են նվիրատվության գործարքի կնքմանը համաձայնություն տալուն, թե՝ ոչ:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի իրականացվել ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտություն և գնահատում, որպիսի պարագայում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ նույն կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային պահանջի գործերով`բազային տուրքի 20-պատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:
Սույն գործով Սոնա Բորյանը (Շիրինյան) և Լուսինե Շիրինյանը վճռաբեկ բողոքի համար վճարել են 20.000 ՀՀ դրամ՝ միաժամանակ միջնորդելով հետաձգել պակաս վճարված պետական տուրքի վճարումը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, բավարարելով պետական տուրքի չվճարված մասի վճարումը հետաձգելու մասին բողոք բերած անձանց միջնորդությունը, 19.08.2015 թվականի որոշմամբ հետաձգել է վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի չվճարված մասի վճարումը:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.08.2015 թվականի որոշմամբ հետաձգված պակաս վճարված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |