ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գ ործ թիվ ՏԴ2/0045/01/14 |
ՏԴ2/0045/01/14 |
Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան |
Դատավորներ` |
Գ. Մելիք-Սարգսյան |
Մ. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Պողոսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
ե. դանիելյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ պաշտպան |
Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ |
2016 թվականի մարտի 30-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Նարեկ Վարդանի Մադյանի և Դավիթ Հրանտի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի մարտի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Տավուշի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 56101114 քրեական գործը, իսկ Գեղեցիկ Վանեսյանի` 2014 թվականի մարտի 18-ի հաղորդման հիման վրա 2014 թվականի մարտի 21-ին նույն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 56101314 քրեական գործը: Նույն օրը նախաքննության մարմնի որոշմամբ Գ. Վանեսյանը տուժող է ճանաչվել և հարցաքննությամբ հայտնել դեպքի հանգամանքները: 2014 թվականի հունիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով հարուցվել է նաև թիվ 56102614 քրեական գործը:
2014 թվականի հունիսի 17-ին անչափահասներ Նարեկ Մադյանը և Դավիթ Հովհաննիսյանը բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին:
Նախաքննության մարմնի` 2014 թվականի հունիսի 19-ի որոշմամբ թիվ 56101314 և թիվ 56102614 քրեական գործերը միացվել են թիվ 56101114 քրեական գործին, և քննությունը շարունակվել է մեկ վարույթում` 56101114 համարով:
Նախաքննության մարմնի` 2014 թվականի հունիսի 20-ի որոշմամբ Ն. Մադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` նույն օրվա որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննության մարմնի` 2014 թվականի հունիսի 20-ի որոշմամբ Դ. Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Առաջին ատյանի դատարանի` նույն օրվա որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2014 թվականի սեպտեմբերի 3-ին Ն. Մադյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 5 դրվագով` 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 2 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 2 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
2014 թվականի սեպտեմբերի 3-ին Դ. Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 3 դրվագով` 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 2 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
2014 թվականի սեպտեմբերի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան:
2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի դատավճռով Ն. Մադյանը 2 դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ և արդարացվել նրա արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Նույն դատավճռով Ն. Մադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 4 դրվագով` 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 2 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ն. Մադյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման` 2 տարի ժամկետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ, դատապարտվել է ազատազրկման` 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 4 դրվագով` 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 4-ական տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 2 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման` 2-ական տարի ժամկետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ն. Մադյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 տարի ժամկետով:
Դ. Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ և արդարացվել նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Նույն դատավճռով Դ. Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 2 դրվագով` 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 2 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դ. Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման` 2 տարի ժամկետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ, դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 2 դրվագով` 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 4-ական տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 2 դրվագով` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման` 2-ական տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Դ. Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի 2 ամիս ժամկետով:
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Մխիթար Մխիթարյանը:
3. Ամբաստանյալ Դ. Հովհաննիսյանի, ամբաստանյալների պաշտպանների և մեղադրողի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2015 թվականի հունիսի 18-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը, ամբաստանյալ Ն. Մադյանի պաշտպան Գ. Մելքոնյանը, ամբաստանյալ Դ. Հովհաննիսյանի պաշտպան Գ. Զաքարյանը և ամբաստանյալ Մ. Մխիթարյանի պաշտպան Ա. Քոչարյանը:
Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ամբաստանյալ Դ. Հովհաննիսյանի պաշտպան Գ. Զաքարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է 15-օրյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:
Ամբաստանյալ Դ. Հովհաննիսյանի պաշտպան Գ. Զաքարյանի կողմից կրկին բողոք չի ներկայացվել:
Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ ամբաստանյալ Ն. Մադյանի պաշտպան Գ. Մելքոնյանի և ամբաստանյալ Մ. Մխիթարյանի պաշտպան Ա. Քոչարյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ն. Մադյանին և Դ. Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 2014 թվականի մարտի 17-ին` ժամը 20:00-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով մուտք են գործել Տավուշի մարզի Մովսես գյուղում գտնվող` Գ. Վանեսյանի առանձնատուն և ավազակությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարձակվել և ծեծի են ենթարկել Գ. Վանեսյանին, գումար պահանջել, սակայն մերժում ստանալով` հափշտակել են վերջինիս պատկանող` 30.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը և հեռացել (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 281-297):
5.1. Դատաբժշկական փորձագետի թիվ 44Հ եզրակացության համաձայն` «(…) Գեղեցիկ Վանեսյանի մարմնական վնասվածք[ներ]ը` ճակատի ձախ կեսի արյունազեղման, ձախ հոնքի ներսային կեսում սալջարդ վերքի, հոնքի դրսային ծայրի քերծվածքի, աջ և ձախ աչքերի վերին և ստորին կոպերի սալջարդի և արյունազեղման, ձախ ակնագնդի ցնցման` աչքի լորձաթաղանթի արյունազեղումով, քթի աջ և ձախ երեսների, այտոսկրերի շրջանների, պարանոցի հետին ձախ կողմնային և ձախ ուսահոդի վերին երեսի, կրծքավանդակի առաջային երեսի` ձախ կրծքամկանի և կրծոսկրի շրջանների արյունազեղումների, ստորին ծնոտի աջ ճյուղի շրջանի սալջարդ վերքի, ձախ այտի շրջանի քերծվածքի ձևով, հասցված են բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում, հնարավոր է առաջանային նաև որոշման մեջ նշված հանգամանքներում և պատճառել են առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 163-165):
5.2. 2014 թվականի հունիսի 17-ին Ն. Մադյանը, նույն թվականի հունիսի 18-ին Դ. Հովհաննիսյանը որպես կասկածյալներ, իսկ հունիսի 20-ին որպես մեղադրյալներ հարցաքննվելիս ընդունել են իրենց մեղավորությունը` ավազակություն կատարելու փաստի առնչությամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 33-39, 66-69, 144-145, 155-156):
2014 թվականի հուլիսի 7-ի և նույն թվականի սեպտեմբերի 4-ի` վերջիններիս հարցաքննությունների արձանագրությունների համաձայն` Ն. Մադյանը հայտնել է, որ ինքը Մովսես գյուղի բնակչուհի Գ. Վանեսյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հետ որևէ առնչություն չունի, իսկ Դ. Հովհաննիսյանը նշել է, որ ինքը Մովսես գյուղում չի եղել, ավազակային հարձակում չի կատարել, դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չունի (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 23-24, 28-29, 221-222, 229-230): Ն. Մադյանը և Դ. Հովհաննիսյանը նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև Առաջին ատյանի դատարանում դատաքննության ժամանակ (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 11-34):
6. Գործի դատաքննությամբ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ «2014 թվականի մարտի 17-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Նարեկ Մադյանը, (...) նախնական համաձայնության գալով Դավիթ Հովհաննիսյանի հետ, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով մուտք են գործել Տավուշի մարզի Մովսես գյուղում գտնվող` Գեղեցիկ Վանեսյանի առանձնատուն, որտեղ Նարեկ Մադյանը, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարձակվել և ծեծի է ենթարկել Գեղեցիկ Վանեսյանին, գումար պահանջել, սակայն մերժում ստանալով` Դավիթ Հովհաննիսյանին առաջարկել է ստուգել տուժողի գրպանները, ով, կատարելով այն, Գեղեցիկ Վանեսյանի գրպանից հանել է նրան պատկանող 30.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, և հեռացել են (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 11-34):
6.1. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) Պատիժ նշանակելիս [Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում կատարած արարքների հանրորեն վտանգավորության աստիճանը, հանցագործության բնույթն ու հետևանքները:
Դատարանն ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ Նարեկ Մադյանը և Դավիթ Հովհաննիսյանն անչափահաս են, (...) բնութագրվում են դրական, աջակցել են հանցագործությունների բացահայտմանը (...), տուժողները քաղաքացիական հայց չեն ներկայացրել (...): Ամբաստանյալները զղջում են կատարածի համար: Նարեկ Մադյանը և Դավիթ Հովհաննիսյանը նախկինում արատավորված չեն եղել:
Միաժամանակ դատարանն արձանագրում է այն փաստը, որ բոլոր հանցագործությունների կատարման կազմակերպիչը և հեղինակը եղել է Նարեկ Մադյանը, իսկ հանցանքների կատարման ժամանակ ունեցել է առավել ակտիվ դերակատարում:
Ամբաստանյալներ Նարեկ Մադյանի և Դավիթ Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
(...)
Վերլուծելով գործի նյութերը, հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսդրության պահանջները, հաշվի առնելով ամբաստանյալների անձը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները [Առաջին ատյանի դատարանը] գտավ, որ նրանց նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով, որը նրանք պետք է կրեն, և դա կարող է բավարար լինել նրանց ուղղելու, ինչպես նաև հետագայում հանցագործությունները կանխելու համար: Միաժամանակ, հաշվի առնելով ամբաստանյալներ Նարեկ Մադյանի և Դավիթ Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող այնպիսի բացառիկ հանգամանքներ, ինչպիսիք են հանցանքն անչափահաս տարիքում կատարելը, նախաքննության ընթացքում հանցագործության բացահայտմանն աջակցելը, ինչպես նաև հանցագործության կատարման եղանակը և տվյալ հոդվածի համար նախատեսվող գույքային վնասի մինիմում չափով վնաս պատճառելը, նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի մասնակցության չափը կատարված հանցագործությանը` դատարանը գտավ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով պետք է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածը և նշված հոդվածով նրանց նկատմամբ նշանակել նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 11-34):
7. Մեղադրող Ն. Չիլինգարյանի վերաքննիչ բողոքի համաձայն` «(...) [Առաջին ատյանի դատարանը] գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով պետք է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը և նշված հոդվածով նրանց նկատմամբ նշանակել նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ: [Առաջին ատյանի դատարանը] թույլ է տվել նյութական իրավունքի խախտում: (...) [Ո]րևէ բացառիկ հանգամանքներ առկա չեն, որոնք կարող են նվազեցնել տվյալ հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, և ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կիրառելի չէր (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 21-36)
8. Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «(…) Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ն. Մադյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, հաշվի առնելով վերջինիս կատարած հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դիտելով այն, որ անչափահաս է, բնութագրվում է դրական, աջակցել է հանցագործությունների բացահայտմանը (...), տուժողները քաղաքացիական հայց չեն ներկայացրել, (...), զղջում է կատարածի համար, նախկինում արատավորված չի եղել, միաժամանակ արձանագրելով այն փաստը, որ վերջինս եղել է բոլոր հանցագործությունների կատարման կազմակերպիչը և հեղինակը, իսկ հանցանքների կատարման ժամանակ ունեցել է առավել ակտիվ դերակատարում, պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, վերջինիս նկատմամբ առանձին հանցանքների համար սահմանել է ազատազրկման ձևով նվազագույն պատժաչափեր, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով` վերջնական համաչափ պատիժ:
Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Դ. Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, հաշվի առնելով վերջինիս կատարած հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դիտելով այն, որ անչափահաս է, բնութագրվում է դրական, աջակցել է հանցագործությունների բացահայտմանը (...), տուժողները քաղաքացիական հայց չեն ներկայացրել, (...) զղջում է կատարածի համար, նախկինում արատավորված չի եղել, պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, վերջինիս նկատմամբ առանձին հանցանքների համար սահմանել է ազատազրկման ձևով նվազագույն պատժաչափեր, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով` վերջնական համաչափ պատիժ» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 187-226):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի համոզմամբ ստորադաս դատարաններն ամբաստանյալներ Ն. Մադյանի և Դ. Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել են ակնհայտ մեղմ պատիժ` խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջները:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը վերլուծել է ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 64-րդ հոդվածների կիրառման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` համապատասխանաբար թիվ ԵԱՔԴ/0078/01/09, թիվ ՎԲ-84/07, թիվ ՎԲ-145/07 և թիվ ՎԲ-13/08 որոշումները ու եզրահանգել, որ ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալներ Ն. Մադյանի և Դ. Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար որպես բացառիկ հաստատված են համարվել այնպիսի հանգամանքներ, որոնց իրավական վերլուծությունները հակասում են Վճռաբեկ դատարանի` հիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին: Ավելին` բողոքի հեղինակը գտել է, որ դատարանների կողմից հիմք ընդունված որոշ հանգամանքներ չեն բխում գործով հետազոտված ապացույցներից:
Մասնավորապես` բողոք բերած անձը փաստարկել է, որ հանցագործության բացահայտմանն աջակցելու մեղմացնող հանգամանքն առկա չէ ավազակային հարձակում կատարելու փաստն ամբաստանյալների կողմից սկզբում ընդունելու, ապա` նախաքննության և դատաքննության ընթացքում դա հերքելու պարագայում:
Անդրադառնալով մյուս մեղմացնող հանգամանքին` հանցագործության կատարման եղանակին, բողոքաբերը նշել է, որ իգական սեռի ներկայացուցիչ, 77-ամյա տուժողի մարմնի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքների քանակը և դրանց տեղակայումը վկայում են ամբաստանյալների կողմից գործադրված ինտենսիվ բռնության մասին, որպիսի պայմաններում հանցագործության կատարման եղանակը չի կարող համարվել պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք:
«Հանցագործության հետևանքով` տվյալ հոդվածի համար նախատեսվող մինիմում չափով գույքային վնաս պատճառելու» մեղմացնող հանգամանքի կապակցությամբ բողոքի հեղինակը վկայակոչել է ավազակության` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով նկարագրված դիսպոզիցիան և փաստել, որ տվյալ հանցակազմի առաջացման համար սահմանված չէ հափշտակված գույքի նվազագույն չափ: Հետևաբար, ըստ բողոքաբերի` «մինիմում գույքային վնաս» պատճառված լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունն անհիմն է և ոչ իրավաչափ:
10. Բողոք բերած անձը գտել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարաններն անտեսել են Վճռաբեկ դատարանի` թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` պատշաճ գնահատման չարժանացնելով կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են հանցագործության կատարման եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանը:
Բացի այդ, բողոքի հեղինակը վկայակոչել է ստորադաս դատարանների` այլ քրեական գործերով նախկինում կայացված դատական ակտեր և արձանագրել, որ նույնանման փաստական հանգամանքների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ:
11. Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է պատժի մասով բեկանել ամբաստանյալներ Ն. Մադյանի ու Դ. Հովհաննիսյանի վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալներ Ն. Մադյանի և Դ. Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:
Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն` «1. Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են`
(...)
2) հանցանք կատարելու պահին հանցավորի անչափահաս լինելը.
(...)
9) (...) հանցագործությունը բացահայտելուն (...) աջակցելը.
(...):
2. Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում:
(...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմի բովանդակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Պ. Բայրամյանի գործով որոշման շրջանակներում` ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի` պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են`
ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն` գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,
բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,
գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները (...)» (տե՛ս Պարույր Բայրամյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշումը):
14. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:
2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»:
Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումներում (ՎԲ-55/07, ՎԲ-145/07, ՎԲ-185/07, ՎԲ-11/08, ՎԲ-13/08, ՎԲ-25/08, ՎԲ-ԵՔՐԴ/0057/01/08, ՏԴ/0094/01/09, ԱՎԴ2/0057/01/09, ԵԱՔԴ/0164/01/09, ԵԱՔԴ/0195/01/09 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կարող է կիրառվել առնվազն հետևյալ երկու պայմանների առկայության պարագայում` գործի բացառիկ հանգամանքների և խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքի բացահայտմանն ակտիվորեն աջակցելու դեպքում: Օրենքում օգտագործվող «բացառիկ» բառը ենթադրում է, որ նշված հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը դուրս են սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ են, որ վերածվում են բացառության: Մասնավորապես, դրանք կարող են կապված լինել հանցագործության շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի, ինչպես նաև այլ հանգամանքների հետ: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա:
Վերլուծելով քննարկվող հոդվածի` անչափահասների նկատմամբ կիրառման առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն Ա. Նունուշյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «Բոլոր այն դեպքերում, երբ անչափահասին մեղսագրվող արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսվում է միայն ազատազրկում պատժատեսակը, դատարանը պետք է քննարկի ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ ավելի մեղմ պատժամիջոց ընտրելու կամ ավելի ցածր պատժաչափ նշանակելու հնարավորությունը` հաշվի առնելով առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը, անչափահասի կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, նրա վրա այլոց ազդեցությունը, անձը բնութագրող այլ տվյալները, ինչպես նաև հանցագործության` հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը (...)» (տե՛ս Արամայիս Նունուշյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0094/01/13 որոշման 16-րդ կետը):
14.1. Վերահաստատելով Ա. Նունուշյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միայն այն հանգամանքը, որ հանցավորը հանցանք կատարելու պահին եղել է անչափահաս, չի կարող մեխանիկորեն հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմանը, այլ այդ դեպքում նշյալ հոդվածի կիրառման հնարավորությունը պետք է քննարկվի գործում առկա մեղմացնող հանգամանքների համակցության, հանցագործության` հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի և այլ հանգամանքների համատեքստում:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
Նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի և համապատասխանաբար նաև Ֆ. Գալստյանի և Գ. Խնուսյանի գործերով կայացված որոշումների համատեքստում մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասը` Վճռաբեկ դատարանն Է. Մարգարյանի գործով որոշման շրջանակներում փաստել է. «[Դ]ատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության, և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս (...)» (տե՛ս Էրիկ Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշման 13-րդ կետը):
16. Սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ 2014 թվականի մարտի 17-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Ն. Մադյանը և Դ. Հովհաննիսյանը, նախնական համաձայնության գալով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով մուտք են գործել Տավուշի մարզի Մովսես գյուղում գտնվող` Գ. Վանեսյանի առանձնատուն, որտեղ Ն. Մադյանը, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարձակվել և ծեծի է ենթարկել Գ. Վանեսյանին, գումար պահանջել, սակայն մերժում ստանալով` Դ. Հովհաննիսյանին առաջարկել է ստուգել տուժողի գրպանները, ով, կատարելով այն, Գ. Վանեսյանի գրպանից հանել է նրան պատկանող` 30.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, և հեռացել են (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը փաստել է նաև, որ ամբաստանյալներին վերագրվող բոլոր հանցագործությունների կատարման կազմակերպիչը և հեղինակը եղել է Ն. Մադյանը` այդ հանցանքների կատարման ժամանակ ունենալով առավել ակտիվ դերակատարում: Միևնույն ժամանակ ստորադաս դատարանն արձանագրել է, որ Ն. Մադյանի ու Դ. Հովհաննիսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալներ Ն. Մադյանի ու Դ. Հովհաննիսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող բացառիկ հանգամանքներ է դիտել`
- հանցանքն անչափահաս տարիքում կատարելը,
- նախաքննության ընթացքում հանցագործության բացահայտմանն աջակցելը,
- հանցագործության կատարման եղանակը,
- ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի համար նախատեսվող գույքային վնասի մինիմում չափով վնաս պատճառելը:
Վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև նկատի ունենալով ամբաստանյալներից յուրաքանչյուրի մասնակցության չափը կատարված հանցագործությանը` Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքի համար ամբաստանյալներ Ն. Մադյանի ու Դ. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, և արդյունքում նրանց նկատմամբ նշանակել է նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը մեջբերել է Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված համարված` ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայության վերաբերյալ պնդումները, ամբաստանյալ Ն. Մադյանի` բոլոր հանցագործությունների կազմակերպիչն ու հեղինակը լինելու, դրանց կատարման ժամանակ առավել ակտիվ դերակատարում ունենալու վերաբերյալ դատողությունները և արձանագրել, որ Ն. Մադյանի ու Դ. Հովհաննիսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակվել է համաչափ պատիժ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
17. Մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից որպես բացառիկ ճանաչված չորս մեղմացնող հանգամանքներից երեքն իրենց բնույթով ոչ միայն բացառիկ չեն, այլև դրանք կա՛մ չեն բավարարում Վճռաբեկ դատարանի` Պ. Բայրամյանի գործով որոշմամբ սահմանված չափանիշներին, կա՛մ դրանց վերաբերյալ դատողությունները հիմնազուրկ են:
Այսպես`
ա) Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված` հանցագործությունը բացահայտելուն աջակցելու մեղմացնող հանգամանքի վերաբերյալ Ս. Հունիկյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը որպես մեղմացնող հանգամանք կարող է արտահայտվել նախաքննության մարմնին և դատարանին այնպիսի տեղեկություններ հաղորդելով, որոնք նրանց համար հետաքրքրություն են ներկայացնում և վերջիններիս մինչ այդ անհայտ են եղել (տե՛ս Սամվել Հունիկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08 որոշման 22-րդ կետը), արձանագրում է, որ քննարկվող մեղմացնող հանգամանքը չի հաստատվում սույն գործի փաստական տվյալներով: Մասնավորապես, տուժող Գ. Վանեսյանը 2014 թվականի մարտի 18-ին ներկայացրել է հաղորդում, որի հիման վրա նույն թվականի մարտի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Նույն օրը նախաքննության մարմնի որոշմամբ Գ. Վանեսյանը տուժող է ճանաչվել և հարցաքննությամբ հայտնել դեպքի հանգամանքները (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): Մինչդեռ ամբաստանյալներ Ն. Մադյանն ու Դ. Հովհաննիսյանը բերման են ենթարկվել 2014 թվականի հունիսի 17-ին, ցուցմունքներ են տվել նախաքննության մարմնին արդեն հայտնի փաստերի վերաբերյալ, ավելին` հետագայում` թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության փուլերում, ընդհանրապես հերքել են իրենց կողմից ավազակություն կատարելու փաստը (տե՛ս սույն որոշման 1-ին, 5.2-րդ կետերը):
Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից չի պատճառաբանվել, թե հանցագործության բացահայտմանն աջակցելն ամբաստանյալների որ գործողություններով է դրսևորվել: Այսինքն` ստորադաս դատարանի կողմից չեն մատնանշվել կոնկրետ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին քննարկվող մեղմացնող հանգամանքի առկայությունը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «նախաքննության ընթացքում հանցագործության բացահայտմանն աջակցելու» մեղմացնող հանգամանքն իրական չէ, իսկ դրա առկայությունը հերքվում է գործի նյութերով:
բ) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքը` ավազակությունը, հափշտակության ամենածանր տեսակն է, որը, պայմանավորված անձի կյանքը և առողջությունը վտանգի տակ դնելու հանգամանքով, ունի հանրային բարձր վտանգավորություն: Պետք է նկատի ունենալ նաև, որ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի վրա մեծապես ազդում է տվյալ արարքի կատարման եղանակը (տե՛ս Գարուշ Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը): Այդ համատեքստում հարկ է արձանագրել, որ ըստ սույն գործի նյութերի` մուտք գործելով Գ. Վանեսյանի առանձնատուն` Ն. Մադյանը հարձակվել և ծեծի է ենթարկել 1938 թվականին ծնված Գ. Վանեսյանին (տուժողի դեմքի, պարանոցի, ուսահոդի և կրծքավանդակի շրջաններում առկա են բազմաթիվ մարմնական վնասվածքներ (տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը)), իսկ Դ. Հովհաննիսյանը տուժողի գրպանից հանել է նրան պատկանող բջջային հեռախոսը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործության կատարման եղանակը ողջամտորեն չի կարող նվազեցնել ամբաստանյալների կամ նրանց կատարած արարքի հանրային վտանգավորությունը: Հետևաբար իրավաչափ չի կարող համարվել քննարկվող հանգամանքը որպես մեղմացնող հաշվի առնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատողությունը:
գ) Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալների պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող բացառիկ հանգամանք է հաշվի առել նաև «ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի համար նախատեսվող գույքային վնասի մինիմում չափով վնաս պատճառելը»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ հիշյալ օրենսգրքի 175-րդ հոդվածը Ն. Մադյանին ու Դ. Հովհաննիսյանին մեղսագրվող արարքի` այն է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության համար չի նախատեսում հափշտակության տվյալ տեսակով պատճառված վնասի նվազագույն չափ: Հետևաբար հիմնավոր չէ Առաջին ատյանի դատարանի այն դատողությունը, որ ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող բացառիկ հանգամանք է «ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի համար նախատեսվող գույքային վնասի մինիմում չափով վնաս պատճառելը»:
18. Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով սույն որոշման 14.1-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքի համար ամբաստանյալներ Ն. Մադյանի և Դ. Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ:
19. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և որևէ պատճառաբանություն չի ներկայացրել մեղադրողի վերաքննիչ բողոքում մատնանշված այն փաստարկների առնչությամբ, որ սույն գործով ամբաստանյալների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կիրառելի չէր, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ նշանակելու հիմքերը բացակայում են (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
19.1. Վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի` Է. Մարգարյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է չպատճառաբանված դատական ակտ: Մասնավորապես` ստորադաս դատարանը պատշաճ քննություն չի իրականացրել ամբաստանյալներ Ն. Մադյանի ու Դ. Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ` թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի խախտում:
20. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալներ Ն. Մադյանի և Դ. Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն անհիմն են:
21. Հիմք ընդունելով սույն որոշման 13-19.1-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ և 64-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Նշված խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածների համաձայն, հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակում պետք է պատշաճ քննության ենթարկի ամբաստանյալներ Ն. Մադյանի ու Դ. Հովհաննիսյանի նկատմամբ համաչափ պատիժ նշանակելու հարցը և օրենքով սահմանված կարգով հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Նարեկ Վարդանի Մադյանի և Դավիթ Հրանտի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հունիսի 18-ի որոշումը պատժի մասով բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Ամբաստանյալներ Նարեկ Վարդանի Մադյանի և Դավիթ Հրանտի Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|