Գլխավոր տեղեկություն
Համար
N 85-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2011-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/10(813) Հոդ.148
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2011 թվականի N 85-Ն

 

ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԳԵՐԱՎՃԱՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը առաջացած և օրենքով սահմանված ժամկետներում չվերադարձված կամ չհաշվանցված գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների նկատմամբ հաշվարկման ենթակա տույժերի հաշվառումն առաջին անգամ կատարվում է մինչև 2011 թվականի մայիսի 1-ը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. փետրվարի 14
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 10-ի N 85-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԳԵՐԱՎՃԱՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում հարկ վճարողի օգտին տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգը:

2. Սույն կարգը չի տարածվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ, 28-րդ, 28.2-րդ, 28.3-րդ, 28.5-րդ և 31-րդ հոդվածներով սահմանված` առանձին հարկատեսակներին չվերաբերող տուգանքների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գումարներից կատարվել է հաշվանցում որևէ հարկատեսակի պարտավորության մարման համար:

3. Սույն կարգի կիրառության իմաստով «գերավճար» և «գերավճարից տարբերվող գումար» հասկացություններն ընդունվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մաս կազմող N 1 հավելվածով սահմանված նշանակությանը համապատասխան:

4. Սույն կարգով սահմանված տույժերը հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչությունների կողմից` հիմք ընդունելով հարկ վճարողի անձնական հաշվի քարտում եղած տեղեկատվությունը և տույժերի հաշվարկման ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված` բանկային տոկոսի հաշվարկային դրույքը` վերահաշվարկված օրական կտրվածքով:

5. Սույն կարգով նախատեսված տույժերը հաշվարկվում են պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում յուրաքանչյուր օրվա դրությամբ առկա` հարկ վճարողի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող հարկերի և այլ պարտադիր վճարների մասով պարտավորությունների մարման պայմաններում յուրաքանչյուր հարկատեսակի գծով չվերադարձված գումարի փաստացի մնացորդի նկատմամբ:

6. Տույժերի հաշվարկման ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում նոր հաշվարկային դրույք տեղադրվելու դեպքում, տեղադրման հաջորդ օրվանից տույժերի հաշվարկը շարունակվում է` հիմք ընդունելով նոր հաշվարկային դրույքը` վերահաշվարկված օրական կտրվածքով:

7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետին հաջորդող 90 օրվա ընթացքում չկատարվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող առաջին աշխատանքային օրը համապատասխան հարկատեսակի համար վարվող հարկ վճարողի անձնական հաշվի քարտում կատարվում է նշում տույժերի հաշվարկման համար հիմք հանդիսացող` սույն կարգի 5-րդ կետով սահմանված գումարի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի վերաբերյալ` վերահաշվարկված օրական կտրվածքով:

8. Հարկ վճարողի օգտին հաշվարկված տույժերը նույն հարկատեսակի գծով նոր հարկային պարտավորություններ առաջանալու կամ նույն հարկատեսակի գծով գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող այլ գումարների հետ վերադարձման` օրենքով սահմանված ժամկետին հաջորդող 90-րդ օրը լրանալու կամ գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների ու դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները մասնակիորեն վերադարձնելու (վճարելու) կամ տվյալ հարկատեսակին չվերաբերող` հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ պարտավորությունների դիմաց հաշվանցելու կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում բանկային տոկոսի նոր հաշվարկային դրույք տեղադրելու օրն արտացոլվում են համապատասխան հարկատեսակի համար վարվող հարկ վճարողի անձնական հաշվի քարտում:

9. Տույժերի հաշվարկը շարունակվում է այնքան ժամանակ, քանի առկա է գերավճար և (կամ) գերավճարից տարբերվող գումար, որը չի վերադարձվել օրենքով սահմանված ժամկետին հաջորդող 90 օրվա ընթացքում:

10. Տույժերը հաշվարկվում են հարկ վճարողի յուրաքանչյուր դիմումին համապատասխանող` օրենքով սահմանված ժամկետին հաջորդող 90 օրվա ընթացքում չվերադարձված գումարի համար առանձին:

11. Հարկ վճարողի կողմից ներկայացված մեկից ավելի դիմումներին համապատասխանող` գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարների առկայության պայմաններում մասնակի վերադարձեր (վճարումներ) կամ հաշվանցումներ կատարվելու դեպքերում գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հաշվարկված տույժերի լրիվ կամ մասնակի մարումն իրականացվում է օրենքով սահմանված` պարտավորությունների և հաշվանցվող գումարների մարման ժամանակագրական կարգին համապատասխան:

12. Գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետին հաջորդող 90-րդ օրը լրանալուց հետո կատարելու դեպքում հարկ վճարողին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մաս կազմող N 1 հավելվածով ներկայացված կարգի 16-րդ կետով սահմանված կարգով մասնակի վերադարձված կամ մասնակի հաշվանցված գումարի հաշվին նախ նվազեցվում է հարկ վճարողի գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարի մնացորդի նկատմամբ հաշվարկված տույժերի գումարը, ապա այդ մնացորդը:

13. Հարկ վճարողի գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարի նկատմամբ հաշվարկված տույժերի վճարման կամ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման նպատակով տարածքային հարկային մարմինը տույժերի վճարման կամ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման համար հիմք հանդիսացող` համապատասխան հարկատեսակի համար վարվող հարկ վճարողի անձնական հաշվի քարտի քաղվածքում կատարում է նշում` մինչև քաղվածքի կազմելը հարկ վճարողի օգտին հաշվարկված տույժերի գումարի և դրանից վճարման կամ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարի վերաբերյալ:

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված քաղվածքը, իսկ մեկից ավելի քաղվածքների առկայության դեպքում՝ քաղվածքների մասին ամփոփ տեղեկանքը` ոչ ուշ, քան որևէ քաղվածք կազմելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրն ուղարկվում է վերադաս հարկային մարմին` դրա հիման վրա գումարի վերադարձը և (կամ) հաշվանցումն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար: Կատարվող վերադարձը և (կամ) հաշվանցումը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում քաղվածքը կամ քաղվածքների մասին ամփոփ տեղեկանքը ոչ ուշ, քան այն ստանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

15. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը քաղվածքի կամ քաղվածքների մասին ամփոփ տեղեկանքի հիման վրա, դրանք ստանալուց ոչ ուշ, քան տասներորդ աշխատանքային օրը կատարում է անհրաժեշտ վճարումը և (կամ) հաշվանցումը` անհրաժեշտության դեպքում դրանք ուղարկելով համապատասխան գանձապետական բաժանմունքներ:

16. Տույժերի վճարումը գանձապետական հաշիվներով իրականացնում է գանձապետարանը՝ տույժերի գումարը փոխանցելով հարկ վճարողի բանկային հաշվին: Այն դեպքերում, երբ հարկ վճարողը չունի բանկային հաշիվ, գումարը փոխանցվում է հարկ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:

17. Տարածքային հարկային մարմինը բյուջետային հաշվի քաղվածքների հիման վրա համապատասխան հարկատեսակի համար վարվող հարկ վճարողի անձնական հաշվի քարտում կատարում է հարկ վճարողին վճարված կամ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցված տույժերի ձևակերպում` հաշվի առնելով սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի դրույթները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 85-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան