«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
17 սեպտեմբերի 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 սեպտեմբերի 2004 թ. |
N 110-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի «Հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 92-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից:
(3-րդ կետը փոփ. 30.11.04 N 156-Ն)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սույն կարգով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում (այսուհետև` ԷՄՇ) էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման գործառույթները:
1. Կարգում օգտագործված հիմնական հասկացությունները
Արտադրող` |
էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, |
Արտահանող` |
Հայաստանի Հանրապետությունից էլեկտրաէներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, |
Արտահանման կետ` |
Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի կետ, որտեղ իրականացվում է էլեկտրաէներգիայի արտահանումը, |
Առևտրային հաշվառում` |
վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառում, |
Բաշխող` |
էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, |
Լիցենզավորված անձ` |
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական անձ, |
Հաշվարկային կենտրոն` |
ԷՄՇ-ին հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, |
Հաշվարկային ժամանակահատված` |
Պայմանագրով ամրագրված հաշվարկային ամիս, |
Հաշվառում` |
առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով կամ հաշվարկային եղանակով էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառում, |
Հաշվառքի կետ` |
Պայմանագրում ամրագրված չափիչ համալիրով կահավորված կետ, |
Հաղորդող` |
էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, |
Հոսանքահաղորդման կետ` |
Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի կետ, որտեղ իրականացվում է էլեկտրաէներգիայի արտահոսքը և ներհոսքը, |
Միջհամակարգային էլեկտրահաղորդման գիծ` |
Հայաստանի Հանրապետության էներգահամակարգը արտերկրի էներգահամակարգին միացնող էլեկտրահաղորդման գիծ, |
Ներկրող` |
Հայաստանի Հանրապետություն էլեկտրաէներգիայի (հզորության) ներկրման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, |
Ներկրման կետ` |
Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի կետ, որտեղ իրականացվում է էլեկտրաէներգիայի ներկրումը, |
Չափիչ համալիր` |
էլեկտրաէներգիայի հաշվիչի, հոսանքի և լարման տրանսֆորմատորների համախումբ, |
Պայմանագիր` |
Լիցենզավորված անձանց միջև կնքված պայմանագիր, որով սահմանվում են էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի կամ ծառայությունների մատուցման պայմանները, |
Սահմանազատման կետ` |
Լիցենզավորված անձանց էլեկտրակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման, |
Փոխհոսքերը իրականացնող` |
Արտադրող, որին վերապահված է փոխհոսքերի իրականացման գործառույթը: |
(1-ին գլուխը փոփ. 19.03.14 N 54-Ն)
2. Ընդհանուր դրույթներ
2.1 ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության) Առևտրային հաշվառումը, Հաղորդման ցանցում փաստացի ռեժիմներով պայմանավորված էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկումը և Հաղորդման ցանցում էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների Հաշվառումը իրականացնում է Հաշվարկային կենտրոնը:
2.2 ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի Հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով (այսուհետև` հաշվառման համակարգ):
2.3 ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի Առևտրային հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Լիցենզավորված անձանց Սահմանազատման կետերի համար` այդ կետերում կամ դրանց էլեկտրական ցանցով մոտակա կետերում տեղադրված Հաշվառքի կետերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա: Ընդ որում, առևտրային հաշվառքի սարքերի խափանման դեպքում էլեկտրաէներգիայի Առևտրային հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Պայմանագրում ամրագրված վերստուգիչ հաշվառքի սարքերից ստացված տվյալների հիման վրա:
2.4 ԷՄՇ-ում Արտադրողի հզորության Առևտրային հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Պայմանագրով սահմանված կարգով:
2.5 Փոխհոսքերը իրականացնողի հզորության Առևտրային հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Պայմանագրով սահմանված ամբողջ հզորության համար, անկախ փոխհոսքերի մեծությունից և ուղղությունից:
2.6 Հաշվարկային կենտրոնի կողմից տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաշվառված էլեկտրաէներգիան (հզորությունը) հիմք է հանդիսանում Լիցենզավորված անձանց միջև վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտերի կազմման համար:
2.7 Հաշվարկային կենտրոնը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տվյալների հավաստիության համար:
2.8 ԷՄՇ-ում առուվաճառք իրականացնող Լիցենզավորված անձանց փոխհարաբերությունները Հաշվարկային կենտրոնի հետ կանոնակարգվում են վերջինիս հետ կնքված Հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման պայմանագրով, սույն կարգով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:
3. Հաշվառման տվյալների հավաքագրումը պարբերականությունը
3.1 Հաշվառքի կետերից տվյալների հավաքագրումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը` հաշվառման համակարգի միջոցով:
3.2 Հաշվառման տվյալների հավաքագրման նպատակով`
3.2.1 Հաշվարկային կենտրոնը ապահովում է.
ա) համակարգային, գլխավոր, հանգուցային և տարածաշրջանային սերվերների ծրագրային ապահովման փաթեթների աշխատունակ վիճակը,
բ) տվյալների հավաքագրումը հանգուցային ու տարածաշրջանային սերվերներից դեպի համակարգային սերվեր:
3.2.2 Լիցենզավորված անձինք (բացառությամբ Արտադրողների, որոնց էլեկտրակայանները միացած են բաշխիչ ցանցի մինչև 110կՎ լարման էլեկտրատեղակայանքներին) ապահովում են.
ա) հաշվառման համակարգում գրանցված Հաշվառքի կետերից տվյալների հավաքագրումը հանգուցային և տարածաշրջանային սերվերներում,
բ) հանգուցային և տարածաշրջանային սերվերների, ինչպես նաև հաշվառման տվյալների հեռահաղորդակցության համար ծառայող սարքերի աշխատունակ վիճակը:
(3.2.2-ին կետը փոփ. 01.10.08 N 534-Ն)
3.2.3 Համակարգի օպերատորը տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում իր կողմից Արտադրողների մոտ անցկացված պատրաստականության ստուգման և հզորության հայտավորված նվազումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է Հաշվարկային կենտրոն մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 3-ը: Հաշվարկային կենտրոնը այդ տեղեկատվության հիման վրա Հաշվառում է Արտադրողի հզորությունը: Եթե Համակարգի օպերատորը չի ներկայացնում վերը նշված տեղեկատվությունը, ապա Հաշվարկային կենտրոնը որպես Արտադրողի վճարման ենթակա հզորություն հաշվառում է տվյալ հաշվարկային ժամանակահատվածի համար Պայմանագրում ամրագրված հզորությունը:
3.3 Հաշվառման տվյալները հաշվառման համակարգում ամրագրվում են Հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին` ժամը 24:00-ի դրությամբ և լրացվում են դրան հաջորդող երեք օրացուցային օրերի ընթացքում:
3.4 Հաշվարկային կենտրոնը, Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով, կազմում, ստորագրում և կնքում է Լիցենզավորված անձանց վճարման ենթակա էլեկտրաէներգիայի և հզորության վերաբերյալ ակտերը և ներկայացնում նրանց ստորագրելու համար:
4. Արտադրողի առաքած էլեկտրաէներգիայի հաշվառումը
4.1 Արտադրողի վճարման ենթակա էլեկտրաէներգիան (հզորությունը) հաշվառվում է յուրաքանչյուր կայանի համար առանձին:
4.2 Հաշվարկային կենտրոնը պարտավոր է հաշվառել.
ա) Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում Բաշխողին և Արտահանողին առաքված էլեկտրաէներգիան,
բ) Արտադրող-Սպառող Սահմանազատման կետում Բաշխողին առաքված էլեկտրաէներգիան,
գ) Հոսանքահաղորդման կետում էլեկտրաէներգիայի ներհոսքն ու արտահոսքը:
4.3 Տվյալ հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի (բացառությամբ Փոխհոսքերը իրականացնողի) կողմից Բաշխողին առաքած էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`
WԲ = WԱՌ - WԱԱ
որտեղ`
WԱՌ - Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող և Արտադրող-Սպառող Սահմանազատման կետերում Արտադրողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն է,
WԱԱ - Արտադրողի կողմից Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում Արտահանողին առաքված էլեկտրաէներգիան է, որը որոշվում է սույն կարգի 4.5 կետում բերված բանաձևով:
(4.3-րդ կետը փոփ. 01.10.08 N 534-Ն, 19.03.14 N 54-Ն)
4.4 Փոխհոսքերն իրականացնողի կողմից Բաշխողին առաքած էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`
WԲ = WԱՌ - WԱԻ + WՀՀՆ ,
որտեղ`
WԱԻ -ն Փոխհոսքեր իրականացնողի կողմից Իրանի Իսլամական Հանրապետություն առաքված էլեկտրաէներգիան է, բացառությամբ Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանելու նպատակով Վրաստանի Հանրապետությունից ներկրված, ինչպես նաև այլ պայմանագրերով Փոխհոսքեր իրականացնողին հանձնված էլեկտրաէներգիայի,
WՀՀՆ -ն Հոսանքահաղորդման կետում հաշվառված` Իրանի Իսլամական Հանրապետությունից էլեկտրաէներգիայի ներհոսքն է:
WԲ -ի բացասական նշանով ստացվելու դեպքում այն համարվում է Փոխհոսքեր իրականացնողի կողմից էլեկտրաէներգիայի գնում Բաշխողից:
(4.4-րդ կետը խմբ. 19.03.14 N 54-Ն)
4.5 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը (WԱԱ) որոշվում է հետևյալ բանաձևով.
WԱԱ = WՀԱ + ∆WՀ + ∆WԲԱ
որտեղ` WՀԱ - Արտահանման կետում Հաղորդողի կողմից Արտահանողին հանձնված էլեկտրաէներգիայի քանակությունն է,
∆WՀԱ - Հաղորդման ցանցում, արտահանված էլեկտրաէներգիայի հաղորդմամբ պայմանավորված, էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է, որը սահմանվում է էլեկտրաէներգիայի արտահանման պայմանագրով,
∆WԲԱ - Բաշխման ցանցում, արտահանված էլեկտրաէներգիայի տարանցմամբ պայմանավորված, էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է, որը սահմանվում է էլեկտրաէներգիայի արտահանման պայմանագրով:
5. Հաղորդողի հաղորդած էլեկտրաէներգիայի հաշվառումը
5.1 Հաղորդողի հաղորդած էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է ինչպես Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում, այնպես էլ Ներկրման կետերում:
5.2 Հաշվարկային կենտրոնը Հաղորդողի մոտ պարտավոր է հաշվառել.
ա) Ներկրման կետում Ներկրողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիան,
բ) Արտահանման կետում Հաղորդողի կողմից Արտահանողին հանձնված էլեկտրաէներգիան,
գ) Հաղորդող-Բաշխող Սահմանազատման կետում Բաշխողին հանձնված էլեկտրաէներգիան:
5.3. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից հաղորդված Բաշխողի էլեկտրաէներգիան (WՀԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`
WՀԲ =∑WԲ +WՆ,
որտեղ`
∑WԲ-ն Արտադրողների (բացառությամբ մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող էլեկտրակայանների) կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունն է,
WՆ-ն Ներկրողի կողմից Հաղորդողին հանձնված էլեկտրաէներգիան է:
(5.3-րդ կետը փոփ. 01.10.08 N 534-Ն, խմբ. 13.07.11 N 335-Ն, փոփ. 19.06.15 N 175-Ն)
5.4 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից Արտահանողի համար հաղորդված էլեկտրաէներգիան (WՀԱ) ընդունվում է Արտադրող-Հաղորդող Սահմանազատման կետում Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրաէներգիային հավասար:
6. Էլեկտրաէներգիայի հաշվառման հատուկ դեպքեր
6.1 Հաշվարկային կենտրոնը, Հաշվառքի կետերից ստացված տվյալների հավաստիության ստուգման նպատակով, Հաշվարկային ժամանակահատվածի ավարտից հետո տասնօրյա ժամկետում պարտավոր է կազմել ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը:
6.2 Եթե կազմված հաշվեկշիռը ցույց է տալիս անհաշվեկշռության թույլատրելի սահմանի գերազանցում, ապա Հաշվարկային կենտրոնը պարտավոր է.
ա) կազմել ակտ` չափիչ համալիրի խափանման վերաբերյալ,
բ) կատարել վերահաշվարկ` տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար կազմված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի, հզորության և ծառայության վերաբերյալ ակտերում ստացված արդյունքները հաշվի առնելու նպատակով:
6.3 Անհաշվեկշռության թույլատրելի սահմանը որոշվում է Հաշվարկային կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) հետ համաձայնեցված մեթոդիկայի կիրառմամբ:
7. Հաղորդման ցանցում կորուստների հաշվարկումը
7.1 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Հաշվարկային կենտրոնը մինչև հաջորդ ամսվա 15-ը, Հանձնաժողովի կողմից հաստատված «110 կՎ և բարձր լարման ցանցերում տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման մեթոդիկայի» համաձայն, պարտավոր է հաշվարկել Հաղորդման ցանցում փաստացի ռեժիմներով պայմանավորված էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը և ներկայացնել Բաշխողին և Հաղորդողին:
7.2 Հաշվարկային կենտրոնը, մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, պարտավոր է Բաշխողին և Հաղորդողին գրավոր տեղեկատվություն ներկայացնել Հաղորդման ցանցում նախորդ ամսվա համար Հաշվառված էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների վերաբերյալ:
8. Արտակարգ իրավիճակ
8.1 Այն դեպքերում, երբ բնական գազի ներկրման դադարեցման կամ էական սահմանափակման հետևանքով համակարգում ստեղծվում է անկանխելի և անկանխատեսելի արտակարգ իրավիճակ, որի հետևանքով առաջանում է էլեկտրաէներգիայի խիստ դեֆիցիտ ներքին շուկայում, Փոխհոսքերը իրականացնողը ներդնում է ջանքեր փոխհոսքերի հաշվին դեֆիցիտը ծածկելու համար:
8.2 8.1 կետում նշված դեպքում հանձնաժողովը հրավիրում է արտահերթ նիստ, ուր, հայտարարելով արտակարգ իրավիճակ, ընդունում է համապատասխան որոշում ֆինանսական հոսքերը կանոնակարգելու և վիճակը շտկելու համար: Ընդունվող որոշումը պետք է հաշվի առնի նաև էլեկտրաէներգիայի բաշխման գործունեության լիցենզիայի պայմաններով սահմանված պարտավորությունները:
(հավելվածը փոփ. 30.11.04 N 156-Ն, 01.10.08 N 534-Ն, խմբ. 13.07.11 N 335-Ն, փոփ., խմբ. 19.03.14 N 54-Ն, փոփ. 19.06.15 N 175-Ն)