ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գործ թիվ ԳԴ/0014/01/14 |
ԳԴ/0014/01/14 |
Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան |
Դատավորներ` |
Ա. Դանիելյան |
Մ. Արղամանյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ պաշտպան |
Ս. Կարապետյանի | |
ամբաստանյալ |
Ա. Հովհաննեսյանի | |
2015 թվականի փետրվարի 27-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արամայիս Դերենիկի Հովհաննեսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում 2014 թվականի հունվարի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 31100114 քրեական գործը:
2014 թվականի հունիսի 12-ին Արամայիս Հովհաննեսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
2014 թվականի հունիսի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2014 թվականի սեպտեմբերի 10-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով, նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան` 4 (չորս) տարի ժամկետով:
3. Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 10-ի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ Վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը, որը Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունվարի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ա.Հովհաննեսյանի շահերի պաշտպան Ս.Կարապետյանը` խնդրելով ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձնել կամ մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդներ Լիլիթ Ասատրյանը և Էլլա Գուլակյանը` խնդրելով մերժել ներկայացված բողոքը և դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ա.Հովհաննեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) 2014 թվականի հունվարի 2-ին` ժամը 23:55-ի սահմաններում, վարելով համագյուղացի Արթուր Մխիթարի Ասատրյանին պատկանող Գազ 31-10 մակնիշի 09 ОО 843 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, երթևեկել է Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհով` Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղ գնալու նպատակով: Ավտոմեքենայի մեջ են եղել ուղևորներ, համագյուղացիներ Արթուր Մխիթարի Ասատրյանը, Կարեն Մարտիկի Գևորգյանը և Արտաշես Աշոտի Ավետիսյանը: Ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Ա.Հովհաննեսյանը իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում` նախապես հաշվի չառնելով առկա ճանապարհային պայմանները, մասնավորապես` շրջադարձի առկայությունը և չընտրելով երթևեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ, ստեղծել է վթարային իրադրություն և թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի ու ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին: Վթարի հետևանքով ուղևորներ Արթուր Մխիթարի Ասատրյանը և Կարեն Մարտիկի Գևորգյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:(…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 85):
6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «(...) Դատարանն ամբաստանյալ Արամայիս Հովհաննեսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում ինչպես նրա կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող այն հանգամանքները, որ նա դեպքից հետո ցուցաբերել է կայուն վարքագիծ՝ չի լքել դեպքի վայրը, տուժողներին ցուցաբերել է օգնություն, տուժողների իրավահաջորդների հետ հաշտվել է, նրանք քաղաքացիական հայց չեն ներկայացրել, որևէ պահանջ չունեն: Տուժողների իրավահաջորդներ Լիլիթ Ասատրյանը և Էլլա Գուլակյանը խնդրել են Արամայիս Հովհաննեսյանի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել երկարատև փորձաշրջան, որը կապահովի պատժի նպատակները: Ինչպես նաև, համայնքի ղեկավարի կողմից բնութագրվում է դրական (հիմք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի ղեկավարի 16.06.2014 թվականին տված բնութագիրը), նախկինում որևէ կերպ չի արատավորվել, համայնքի ավագանին ուղերձով դիմել է դատարանին և խնդրել նրա նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և սահմանել փորձաշրջան՝ հաշվի առնելով նրա հասարակական վարքագիծը (հիմք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի ավագանու 22.06.2014 թվականի ուղերձը): Խնամքին են գտնվում վեց անձ, այդ թվում՝ մինչև տասնչորս տարեկան չորս երեխաները, գործազուրկ կինը և ծեր տատը (հիմք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի գյուղապետարանի 16.06.2014 թվականի թիվ 234 տեղեկանքը), ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը (հիմք` ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի 13.06.2014 թվականի թիվ 719 տեղեկանքը): Բացի այդ, Արամայիս Հովհաննեսյանը զին. ծառայության ընթացքում, դարձել է երրորդ խմբի հաշմանդամ (...) (հիմք՝ ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության պետի 17.06.2004 թվականի տեղեկանքը):
Ամբաստանյալ Արամայիս Հովհաննեսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
(...)
Հաշվի առնելով Արամայիս Հովհաննեսյանի անձը, նրան բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Արամայիս Հովհաննեսյանի ուղղումը հնարավոր է առանց վերջինիս կողմից ազատազրկման ձևով պատիժը կրելու` նրան պայմանական դատապարտության ենթարկելով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 98-99):
7. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է, որ «(...) Դատարանը (...) հիմնավորված հետևության է հանգել այն մասին, որ առանց հասարակությունից մեկուսացնելու հնարավոր է ապահովել պատժի նպատակները և ազատազրկման ձևով նշանակված պատիժն ամբաստանյալը չպետք է կրի, որի արդյունքում կիրառել է քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման:
(...)
Վերաքննիչ դատարանը նման հետևության է հանգում հաշվի առնելով ինչպես ամբաստանյալ Արամայիս Հովհաննեսյանին վերագրվող հանցագործության կատարման, այնպես էլ ամբաստանյալի անձին վերաբերող հանգամանքները, հաշվի առնելով ամբաստանյալ Արամայիս Հովհաննեսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունն ու այդպիսիք գնահատելով իրենց համակցության մեջ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ օբյեկտիվորեն գոյություն ունեցող վերը թվարկված տվյալները, որոնք բնութագրում են ամբաստանյալի անձն ու հանդիսանում նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ, վկայում են նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության ու դրա համար բավարար հիմքերի առկայության մասին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 49-50):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոք բերած անձի պնդմամբ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել դատական սխալ` նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հիմք է դատական ակտը բեկանելու համար:
Ի հիմնավորումն իր փաստարկի, մեջբերելով Վճռաբեկ դատարանի մի շարք գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանի կողմից պատիժը կրելու անհրաժեշտության հարցը քննարկելիս պատշաճ գնահատականի չի արժանացրել կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, արարքի և դրա հետևանքների նկատմամբ ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ա.Հովհաննեսյանը մեքենան վարելիս թույլ է տվել ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, հաշվի չի առել ճանապարհային պայմանները, շրջադարձի առկայությունը, չի ընտրել երթևեկության անվտանգ և սահուն ռեժիմ` տեխնիկական տեսանկյունից ստեղծելով վթարային իրավիճակ: Ամբաստանյալը նախատեսել է իր գործողությունների հետևանքով հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, սակայն առանց բավարար հիմքերի, ինքնավստահությամբ հույս է ունեցել խուսափել դրանից, որի արդյունքում երկու անձի մահ է պատճառվել: Այսինքն` ամբաստանյալի արարքը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է հանցավոր ինքնավստահությամբ, որն անզգույշ մեղքի ձևի առավել վտանգավոր տեսակն է:
9. Բողոք բերած անձը նշել է նաև, որ ստորադաս դատարանները որպես ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, ի թիվս այլոց, անհիմն նշել են վերջինիս կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը չլքելը` անտեսելով այն հանգամանքը, որ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտած անձի կողմից պարունակում է մեկ այլ` ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձի (տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մաս) պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք չի կարող դիտվել նրա գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով (տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով) նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայությունը:
10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է` «(...) վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ: Մասնակիորեն` պատժի մասով բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. սեպտեմբերի 10-ի դատավճիռն, ըստ մեղադրանքի Արամայիս Հովհաննիսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. հոկտեմբերի 31-ի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը ճանաչել անթույլատրելի և քրեական գործը վերադարձնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` բեկանված մասով նոր քննության»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, մասնավորապես` իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդված) նպատակահարմարության հարցը լուծելիս հանցագործությամբ պատճառված վնասը հաշվի առնելու, ինչպես նաև օրենքով չնախատեսված հանգամանքը որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող (ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մաս) գնահատելու չափանիշների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի սույն գործով անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
I. Պատիժը պայմանականորեն չկիրառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդված) նպատակահարմարության հարցը լուծելիս հանցագործությամբ պատճառված վնասը հաշվի առնելը.
12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյոք ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս (ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդված) ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման են ենթարկել նրան մեղսագրվող հանցագործության (ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մաս) հանրային վտանգավորության աստիճանը:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:
Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-139/07, ՎԲ-195/07, ՎԲ-01/08, ԵԿԴ/0034/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Վերոնշյալ որոշումներում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակներն իրագործելու հնարավորությունը, անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պարտավոր է, ի թիվս այլնի, հաշվի առնել հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը (հանցագործության` հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ մանրամասն տե՛ս Գարուշ Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):
Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, պատճառված վնասի չափի, մեղքի ձևի և տեսակի, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա: Վերջիններս վկայում են հանցագործության նվազ կամ բարձր հանրային վտանգավորության աստիճանի մասին` դատարանի կողմից պատիժ նշանակելիս և այն կրելու անհրաժեշտության հարցը որոշելիս ապահովելով արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի կենսագործումը:
14. Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որի արդյունքում մարդու (մարդկանց) կյանքին կամ առողջությանն անզգուշությամբ հասցվել է վնաս:
Հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության բնույթն ու առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում կայուն դիրքորոշում է ձևավորել նշված հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս, ինչպես նաև նրանց կողմից պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի վերաբերյալ գործերով պատժի տեսակ և չափ ընտրելիս, պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանները պետք է հաշվի առնեն հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը: Դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն.
ա. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին (մանրամասն տե՛ս Արամ Սերյոժայի Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 20-րդ կետը),
բ. վերոնշյալ կանոնների խախտման և դրա արդյունքում առաջացող հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին (մանրամասն տե՛ս Էդմոն Գարասիմի Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 15-18-րդ կետերը),
գ. հանցագործության կատարումից հետո անձի դրսևորած վարքագծին (մանրամասն տե՛ս Արթուր Սերգեյի Առաքելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՆԴ/0122/01/12 որոշման 17-19-րդ կետերը):
15. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանքի կատարման դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու անհրաժեշտության հարցը որոշելիս հատկապես կարևոր է գնահատել նաև հանցագործությամբ պատճառված վնասը: Վերջինս ցանկացած հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը բնութագրող հիմնական ցուցանիշներից է, այդ թվում` այն հանցակազմերի, որոնցով սահմանված չէ որպես հանցակազմի տարր: Այն իր համարժեք գնահատականը պետք է ստանա նաև ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու վերաբերյալ հանցագործություններով պատիժ նշանակելիս, քանի որ այդպիսի հանցագործությունների հետևանքով կարող են պատճառվել հանցակազմով նախատեսված, ինչպես նաև դրանից դուրս գտնվող ամենատարբեր բնույթի հետևանքներ, այդ թվում՝ մարդու առողջության միջին ծանրության կամ ծանր վնաս, մարդու մահ (այդ թվում՝ երկու կամ ավելի մարդու), գույքային վնաս:
Մասնավորապես հանրորեն վտանգավոր հետևանքներով պայմանավորված` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք է նախատեսված անզգուշությամբ մարդու մահ առաջանալը, իսկ 3-րդ մասով՝ հանցակազմի առավել ծանրացնող հանգամանք՝ անզգուշությամբ երկու կամ ավելի մարդու մահ առաջանալը: Վերոնշյալից հետևում է, որ կախված օրենքով պահպանվող հարաբերության (հանցակազմի ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ օբյեկտ) իրավական արժեքից, դրան պատճառված վնասը պայմանավորում է տվյալ հանցագործության հանրային վտանգավորության, հետևաբար նաև պատժելիության աստիճանը: Սույն դեպքում պաշտպանվող հարաբերությունը մարդու կյանքն է (լրացուցիչ օբյեկտ), որը հիմնարար սոցիալական արժեք է և այդպիսով օժտված է քրեաիրավական պաշտպանության բարձր աստիճանով:
Ակնհայտ է՝ որքան ծանր է վրա հասած հետևանքը, մեծ՝ վնասի չափը, այնքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը: Վերջինս հակադարձ համեմատական է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հնարավորությանը: Այլ խոսքով՝ որքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, այնքան ցածր է դրա համար նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հավանականությունը:
16. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի հունվարի 14-ին` ժամը 23:55-ի սահմաններում, իրականացնելով ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, ստեղծել է վթարային իրադրություն` թույլ տալով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների (այսուհետ նաև՝ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններ) 65-րդ և 66-րդ կետերի պահանջների խախտում, ինչի արդյունքում երկու ուղևորները տեղում մահացել են (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի է առել հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արձանագրել է, որ դրանք վկայում են ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության մասին: Արդյունքում Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ` մերժելով ներկայացված բողոքը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
17. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով 13-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Հովհաննեսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել նրան մեղսագրվող հանցագործության (ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մաս) հանրային վտանգավորության աստիճանը:
Մասնավորապես, ստորադաս դատարանները
ա) վերլուծության չեն ենթարկել և որևէ գնահատական չեն տվել թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին (ամբաստանյալը թույլ է տվել ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում` խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ կետերի պահանջները),
բ) որևէ միջոց չեն ձեռնարկել` բացահայտելու թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը,
գ) չեն գնահատել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում վրա հասած վնասի բնույթն ու չափը` երկու մարդու մահ պատճառելը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի սխալ կիրառում:
II. Օրենքով չնախատեսված հանգամանքը որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք (ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մաս) գնահատելու չափանիշները.
18. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. արդյոք Ա.Հովհաննեսյանի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը չլքելը կարող է գնահատվել որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք (ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մաս):
19. Պատիժ նշանակելիս, ինչպես նաև պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան հետևության հանգելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնի հանցավորի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները:
ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում»:
Դատարանների կողմից պատիժ նշանակելիս հաշվի առնվող օրենքով չնախատեսված մեղմացնող հանգամանքների չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Պ.Բայրամյանի գործով որոշման մեջ, որի համաձայն` «(…) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.
ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,
բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,
գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները» (տե՛ս Պարույր Բայրամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշումը):
20. Վերահաստատելով և զարգացնելով Պ.Բայրամյանի գործով ձևավորած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը ողջամտորեն նվազեցնող չի կարող գնահատվել այնպիսի հանգամանք, որը բնութագրական է անձանց լայն շրջանակին և բխում է անձի կողմից քաղաքացիական հասարակությունում հաստատված կարգը պահպանելու պարտականությունից: Մասնավորապես, իրավահպատակ վարքագիծը բնորոշ է հասարակության լայն շրջանակներին և յուրաքանչյուր քաղաքացու հասարակական պարտքն է: Հետևապես անձի կողմից նախկինում հանցանք կատարած կամ դատապարտված չլինելը, ինչպես նաև նոր հանցանք չկատարելը չեն կարող դիտարկվել որպես անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ:
21. Սույն գործի փաստերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը Ա.Հովհաննեսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես մեղմացնող հանգամանք է հաշվի առել, ի թիվս այլնի, նրա կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը չլքելը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար՝ նույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում: Այսինքն՝ տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը արգելված է օրենքով, հետևաբար այդպիսի վարքագիծ չդրսևորելը անձի պարտականությունն է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Հովհաննեսյանի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը չլքելը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված հանցանք չկատարելը, ինքնին չի կարող գնահատվել որպես նրա պատասխանատրվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:
Հետևաբար Առաջին ատյանի դատարանը, Ա.Հովհաննեսյանի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը չլքելը գնահատելով որպես մեղմացնող հանգամանք, իսկ Վերաքննիչ դատարանը, հիմնավորված համարելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասը:
22. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ և 62-րդ հոդվածների սխալ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է: Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արամայիս Դերենիկի Հովհաննեսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան Դատավորներ` Ս. Ավետիսյան Հ. Ասատրյան Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան