ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2015 թվականի N 1125-Ն
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման, ինչպես նաև մաքսային մարմիններ այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հոկտեմբերի 5 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգի կարգավորման առարկա են անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման, ինչպես նաև մաքսային մարմիններ այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրով սահմանված իմաստներով:
2. Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառվելու օրվանից սկսած անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) վարում է անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառումը և յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, վերադաս մաքսային մարմնի կողմից հաստատված ձևով հաշվետվություն է ներկայացնում այն մաքսային մարմին, որի գործունեության տարածքում գտնվում է անմաքս առևտրի խանութը:
3. Անկախ սույն կարգի 2-րդ կետում ամրագրված ժամկետից` անմաքս առևտրի խանութի կազմակերպիչների ռեեստրից կազմակերպչին օրենքով սահմանված կարգով հանելու դեպքում հաշվետվությունը ներկայացվում է անմաքս առևտրի խանութի կազմակերպիչների ռեեստրից կազմակերպչին հանելու վերաբերյալ որոշման ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
4. Հաշվետվության մեջ ներառվում են անմաքս առևտրի խանութ մուտքագրված և անմաքս առևտրի խանութում իրացված ապրանքների, ինչպես նաև անմաքս առևտրի խանութ մուտքագրված այն ապրանքների մասին տեղեկություններ, որոնց նկատմամբ կիրառված «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը փոխարինվել է այլ մաքսային ընթացակարգով:
5. Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ թղթային եղանակով (պարտադիր կցելով նաև հաշվետվության էլեկտրոնային ֆայլը)՝ կազմակերպչի տնօրենի կամ նրա լիազորած անձի ստորագրությամբ:
6. Հաշվետվությունը լրացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում նշված արտարժույթի վերահաշվարկի նպատակով կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:
7. Ներկայացված հաշվետվության մեջ սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կազմակերպիչը կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն: Ներկայացված հաշվետվության մեջ մաքսային մարմնի կողմից սխալների հայտնաբերման դեպքում մաքսային մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով ծանուցում է կազմակերպչին, և կազմակերպիչը ծանուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ճշգրտված հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |