«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2000 թվականի N 422
քաղ. Երևան
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ, ՏԻՐԱԶՈՒՐԿ (ԼՔՎԱԾ) ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը, տիրազուրկ (լքված) անշարժ գույքը հաշվառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի, տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մինչև 2000 թվականի նոյեմբերի 15-ը ավարտել ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի, տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառման աշխատանքները:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և առաջարկել համայնքների ղեկավարներին` համապատասխան աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին նշված աշխատանքների իրականացման գործում:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշմամբ սահմանված աշխատանքների ֆինանսավորման համար:
Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված կատարողական ակտերի հիման վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 27-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ինքնակաՄ կառուցված շենքերի, շինությունների, ԻՆՔՆԱԿԱՄ զբաղեցված հողամասերի, տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի, տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառման կարգը:
2. Հաշվառման ենթակա են`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ` առանց համապատասխան թույլտվության (կամ նախագծի), առանց սահմանված կարգով հողահատկացման, բնակավայրերի գլխավոր հատակագծերի, հողերի օգտագործման սխեմաների, մանրամասն հատակագծման նախագծերի, ինչպես նաև հողօգտագործման և քաղաքաշինական նորմերի էական խախտումներով կառուցված շենքերը, շինությունները (բնակելի տներ, այգետնակներ, ավտոտնակներ և այլն), դրանց կից տնտեսական, կենցաղային, ինչպես նաև հասարակական ու արտադրական (առևտրի, հասարակական սննդի, կենցաղսպասարկման և այլն), այդ թվում` անավարտ (կիսակառույց) շենքերը և շինությունները.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումներով հատկացված կամ ինքնակամ կառուցված շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը.
գ) տիրազուրկ (լքված)` սեփականատեր չունեցող կամ այն անշարժ գույքը, որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:
3. Հաշվառումը նախատեսում է Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի, տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառումը, ըստ խախտումների բնույթի դասակարգումը` դրանց հետագա կարգավիճակը որոշելու համար:
4. Հաշվառման աշխատանքներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները (այսուհետև` կոմիտեի տարածքային ստորաբաժանում)` համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի), մարզպետների (համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի վրա կառուցված շենքերի և շինությունների մասով), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության (քաղաքաշինական նորմերին և ծրագրային փաստաթղթերին առնչվող խնդիրների շրջանակներում) աջակցությամբ:
II. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառումը
5. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառումը նախատեսում է`
ա) սկզբնական հաշվառում,
բ) ընթացիկ հաշվառում:
6. Սկզբնական հաշվառումն ընդգրկում է`
ա) ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի վերաբերյալ նախնական տվյալների հավաքագրումը և ուսումնասիրումը.
բ) ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառումը` ելակետային տվյալներ ստանալու նպատակով.
գ) ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի դասակարգումն ըստ նպատակային և գործառական նշանակության, օգտագործման նպատակի, ավարտվածության աստիճանի ու վարչատարածքային բաժանման.
դ) ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառման մատյանում գրանցումը:
7. Հաշվառման աշխատանքներն ավարտելուց հետո համապատասխան համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի), մարզպետի (համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի վրա կառուցված շենքերի և շինությունների մասով) և կոմիտեի տարածքային ստորաբաժանման միջև կազմվում է ակտ` նշելով հաշվառված ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի թիվը` դասակարգված ըստ նպատակային և գործառական նշանակության:
8. Ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները համարվում են հաշվառված` ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառման մատյանում գրանցվելու պահից:
9. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառման մատյանների ձևերը և ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության հետ:
10. Ինքնակամ կառուցված շենքի, շինության, ինքնակամ զբաղեցված հողամասի վերաբերյալ փաստաթղթերը կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում պահվում են առանձին` ըստ համայնքների, յուրաքանչյուր համայնքի համար նախատեսված առանձին թղթապանակներում:
11. Ընթացիկ հաշվառումն անընդհատ գործընթաց է, որն իրականացվում է յուրաքանչյուր տարվա ընթացքում և ընդգրկում է`
ա) սկզբնական հաշվառումից հետո ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի քանակական և որակական փոփոխությունների, օգտագործման, նպատակային նշանակության, օգտագործողների (տիրապետողների) փոփոխությունների հաշվառումը.
բ) սկզբնական հաշվառումից հետո հայտնաբերվող ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառումը:
12. Ընթացիկ հաշվառումն իրականացնում են համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը), մարզպետը (համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի վրա կառուցված շենքերի և շինությունների մասով), որոնք ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի քանակական և որակական փոփոխություններ, օգտագործման, նպատակային նշանակության, օգտագործողների (տիրապետողների) փոփոխություններ հայտնաբերելուց հետո 5-օրյա ժամկետում տեղեկացնում են կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` դրանք սույն կարգին համապատասխան հաշվառելու համար:
13. Կոմիտեի տարածքային ստորաբաժանումները կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման, գույքի նկատմամբ իրականացվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման ժամանակ հայտնաբերված ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի մասին տեղեկատվությունը ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառման մատյանում գրանցելուց հետո 5-օրյա ժամկետում տեղեկացնում են համապատասխան համայնքի ղեկավարին (Երևանում` Երևանի քաղաքապետին) և մարզպետին (համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի վրա կառուցված շենքերի և շինությունների մասով):
14. Սկզբնական և ընթացիկ հաշվառման ժամանակ ստացված տվյալներն ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կառուցման տարեթվի, չափերի, տեղադրության (հասցեի), օգտագործման նպատակի, օգտագործողի, ավարտվածության աստիճանի, ինքնակամ զբաղեցված հողամասերի չափերի մասին, ինչպես նաև ընթացիկ հաշվառման ժամանակ հայտնաբերված ինքնակամ կառուցված շենքերին, շինություններին, ինքնակամ զբաղեցված հողամասերին առնչվող բոլոր տեսակի փոփոխությունները գրանցվում են ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառման մատյանում:
III. Տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառումը
15. Տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառումն ընդգրկում է`
ա) տիրազուրկ (լքված) անշարժ գույքի (այդ թվում` կիսակառույց, օժանդակ շինություններ) վերաբերյալ նախնական տվյալների հավաքագրումը, ուսումնասիրումը և համակարգումը.
բ) տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառումը` ելակետային տվյալներ ստանալու համար.
գ) տիրազուրկ (լքված) անշարժ գույքի դասակարգումն ըստ նպատակային նշանակության, օգտագործման նպատակի, ավարտվածության աստիճանի, վարչատարածքային բաժանման.
դ) տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառման մատյանում գրանցումը:
16. Տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառումը կատարվում է տվյալ անշարժ գույքի (փաստացի վիճակի) չափագրման միջոցով: Հաշվառման ժամանակ նկարագրվում է անշարժ գույքի փաստացի վիճակը:
17. Տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառման արդյունքների հիման վրա տվյալ անշարժ գույքը գրանցվում է տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառման մատյաններում:
18. Տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառման մատյանի ձևը, դրա դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:
19. Կոմիտեի տարածքային ստորաբաժանումը տիրազուրկ (լքված) անշարժ գույքի մասին տեղեկատվության առկայության դեպքում այն տիրազուրկ (լքված) անշարժ գույքի հաշվառման մատյանում գրանցելուց հետո 5-օրյա ժամկետում հայտնում է տվյալ տարածքի համայնքի ղեկավարին (Երևանում` Երևանի քաղաքապետին) և մարզպետին (համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի վրա կառուցված շենքերի, շինությունների մասով):