ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
18 հունիսի 1998 թ.
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության դատարանակազմության մասին օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետության դատարանների համակարգը և դրանց կազմավորումը որոշվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով:
Հոդված 2. |
Արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից |
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:
Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:
Դատարանի լիազորությունների յուրացումը պատժվում է օրենքով:
Հոդված 3. |
Արդարադատության իրականացումը |
Արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է`
1) մարդու և քաղաքացու ազատությունները, իրավունքներն ու օրինական շահերը, պետության և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը շոշափող քաղաքացիական, տնտեսական վեճերի վերաբերյալ գործեր դատական նիստերում քննելու և լուծելու միջոցով.
2) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և լուծելու միջոցով.
3) դատական նիստերում հանցագործությունների վերաբերյալ գործեր քննելու, հանցանք կատարած անձանց մեղավոր ճանաչելու, նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատիժ նշանակելու, հանցանք չկատարած անձանց անպարտ ճանաչելու և արդարացնելու միջոցով:
Հոդված 4. |
Դատական պաշտպանության իրավունքը |
Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:
Հոդված 5. |
Հավասարությունը օրենքի և դատարանի առջև |
Օրենքի և դատարանի առջև բոլորը հավասար են և առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:
Քաղաքացիներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները` անկախ ազգությունից, ռասսայից, սեռից, լեզվից, դավանանքից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
(5-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-33-Ն)
Հոդված 6. |
Արդարադատության իրականացումն օրենքին համապատասխան |
Դատարաններն արդարադատությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան:
Հոդված 7. |
Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը |
Առաջին ատյանի դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից` միանձնյա: Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:
Վերաքննիչ դատարանում գործերը քննվում են երեք դատավորի կազմով:
Վճռաբեկ դատարանում գործերը քննվում են կոլեգիալ` պալատի դատավորների մեծամասնության և նախագահողի կազմով:
Տնտեսական դատարանում գործերը քննվում են միանձնյա, իսկ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` կոլեգիալ, երեք դատավորի կազմով:
(7-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-213)
Հոդված 8. |
Դատավարության լեզուն |
Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:
Օրենքով նախատեսված դեպքերում գործին մասնակցող և հայերենին չտիրապետող անձինք ունեն թարգմանչի միջոցով գործի նյութերին ծանոթանալու և դատարանում այլ լեզվով հանդես գալու իրավունք:
Քրեական գործերով թարգմանչական ծառայությունն օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով մատուցվում է պետության հաշվին:
(8-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-33-Ն)
Հոդված 9. |
Գործերի քննության հրապարակայնությունը |
Հայաստանի Հանրապետության դատարաններում գործերի քննությունը դռնբաց է:
Դռնփակ դատական քննություն անցկացվում է միայն դատարանի որոշմամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով:
Դատարանների վճիռներն ու դատավճիռները, ինչպես նաև գործն ըստ էության լուծող մյուս վերջնական որոշումները բոլոր դեպքերում հրապարակվում են դատարանի դռնբաց նիստում:
Հոդված 10. |
Հայաստանի Հանրապետության դատական համակարգը |
Հայաստանի Հանրապետությունում գործում են`
1) առաջին ատյանի դատարանները.
2) վերաքննիչ դատարանները.
3) վճռաբեկ դատարանը:
2.1) տնտեսական դատարանը.
(10-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-213)
Հոդված 11. |
Դատավորների նշանակումը |
Առաջին ատյանի դատարանների նախագահներին և դատավորներին, վերաքննիչ դատարանների նախագահներին և դատավորներին, տնտեսական դատարանի նախագահին և դատավորներին, վճռաբեկ դատարանի նախագահին, նրա պալատների նախագահներին և դատավորներին նշանակում է Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
(11-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-213)
Հոդված 12. |
Դատական վիճակագրության արդյունքների և դատական պրակտիկայի ամփոփումը, դատական ակտերի կատարումը |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը`
1) ամփոփում է դատական վիճակագրության արդյունքները.
2) կազմակերպում և իրականացնում է դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների հարկադիր կատարումը.
3) ուսումնասիրում և ամփոփում է դատական պրակտիկան:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Հոդված 13. |
Առաջին ատյանի դատարանների հասկացությունը և դրանց տեղաբաշխումը |
Առաջին ատյանի դատարանն ըստ էության քննում է բոլոր քաղաքացիական (բացառությամբ տնտեսական դատարանի իրավասությանը վերապահված գործերի), քրեական, զինվորական և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, օրենքով սահմանված կարգով լուծում է կալանավորման, բնակարանի խուզարկության թույլտվության, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հարցերը:
Առաջին ատյանի դատարանն իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հայաստանի Հանրապետությունում գործում է առաջին ատյանի տասնյոթ դատարան:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում գործում է առաջին ատյանի մեկ դատարան, որի դատական տարածքը տվյալ մարզի վարչական տարածքն է: Երևան քաղաքում գործում է առաջին ատյանի յոթ դատարան, որոնցից յուրաքանչյուրի դատական տարածքը տվյալ համայնքի (համայնքների) վարչական տարածքն է:
Առաջին ատյանի դատարանների նստավայրերը գտնվում են համապատասխան մարզի (համայնքի, համայնքների) վարչական տարածքում:
(13-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-213)
Հոդված 14. |
Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանները և դրանց կազմը |
Երևան քաղաքի առաջին ատյանի դատարաններն են`
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով.
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 3 դատավորի կազմով.
Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով: (14-րդ հոդվածը փոփ. 05.03.01 ՀՕ-149)
Հոդված 15. |
Մարզերի առաջին ատյանի դատարանները և դրանց կազմը |
Մարզերի առաջին ատյանի դատարաններն են`
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.
Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 4 դատավորի կազմով.
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 11 դատավորի կազմով.
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 11 դատավորի կազմով.
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 4 դատավորի կազմով.
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.
Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 1 դատավորի կազմով.
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով: (15-րդ հոդվածը փոփ. 28.04.99 ՀՕ-300, 05.03.01 ՀՕ-149)
Հոդված 16. |
Առաջին ատյանի դատարանի նախագահը |
Առաջին ատյանի դատարանի նախագահը`
1) իրականացնում է առաջին ատյանի դատարանի դատավորին` օրենքով վերապահված բոլոր լիազորությունները.
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.
3) օրենքով սահմանված կարգով դատավորներին տրամադրում է արձակուրդ.
4) (4-րդ կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
5) (5-րդ կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ փոխհարաբերություններում.
7) (7-րդ կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.
9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
(16-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-33-Ն, փոփ., լրաց. 07.07.06 ՀՕ-156-Ն)
Հոդված 17. |
Առաջին ատյանի դատարանի աշխատակազմը |
Առաջին ատյանի դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում են դատական նիստերի քարտուղարի և օգնականի մեկական հաստիքներ:
Դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ և այլ աշխատողներ:
(17-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-156-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Հոդված 18. |
Վերաքննիչ դատարանների հասկացությունը, դրանց կազմը և տեղաբաշխումը |
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի քննած գործերը կրկին անգամ ըստ էության քննող դատարանն է:
(Մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-33-Ն)
Վերաքննիչ դատարանի վճիռները, դատավճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն անցնելուց հետո:
Հայաստանի Հանրապետությունում գործում է երկու վերաքննիչ դատարան`
1) քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
2) (2-րդ կետն ուժը կորցրել է 11.09.01 ՀՕ-213-Ն)
3) քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը` դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:
Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
Վերաքննիչ դատարանների նստավայրը Երևան քաղաքն է: (18-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-72, փոփ. 05.03.01 ՀՕ-149, 11.09.01 ՀՕ-213-Ն, 15.05.02 ՀՕ-343-Ն, 14.12.04 ՀՕ-33-Ն)
Հոդված 19. |
Վերաքննիչ դատարանի նախագահը |
Վերաքննիչ դատարանի նախագահը`
1) իրականացնում է վերաքննիչ դատարանի դատավորներին` օրենքով վերապահված բոլոր լիազորությունները.
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.
3) օրենքով սահմանված կարգով դատավորներին տրամադրում է արձակուրդ.
4) (4-րդ կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
5) (5-րդ կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ փոխհարաբերություններում.
7) (7-րդ կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.
9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
(19-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-33-Ն, փոփ., լրաց. 07.07.06 ՀՕ-156-Ն)
Հոդված 20. |
Վերաքննիչ դատարանի աշխատակազմը |
Վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է օգնականի մեկ հաստիք:
Վերաքննիչ դատարանին տրամադրվում են նիստերի քարտուղարի հաստիքներ` յուրաքանչյուր երեք դատավորին մեկ հաստիք հաշվարկով:
Վերաքննիչ դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ և այլ աշխատողներ:
(20-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-156-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.1
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 20.1. |
Տնտեսական դատարանի հասկացությունը, դրա կազմը և տեղաբաշխումը |
Տնտեսական դատարանն ըստ էության քննում է բոլոր տնտեսական վեճերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով իր իրավասությանը վերապահված այլ գործեր:
Բոլոր տնտեսական վեճերն առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա: Վճռաբեկ դատարանի բեկանած վճիռներով տնտեսական գործերը, բացառությամբ սնանկության գործերի և օրենքով նախատեսված այլ գործերի, Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում քննվում են դատավորների կոլեգիալ կազմով:
Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո: Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Տնտեսական դատարանի վճիռը կարող է բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով:
Տնտեսական դատարանը գործում է դատարանի նախագահի և 21 դատավորի կազմով, որոնցից 6-ը` անվճարունակության մասին գործեր քննող դատավորներ:
Տնտեսական դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
Տնտեսական դատարանի նստավայրը Երևանն է: Տնտեսական դատարանը կարող է նստավայրեր ունենալ նաև առանձին մարզերում:
(20.1. հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-213-Ն, խմբ. 15.05.02 ՀՕ-343-Ն, 07.07.06 ՀՕ-156-Ն)
Հոդված 20.2. |
Տնտեսական դատարանի նախագահը |
Տնտեսական դատարանի նախագահը`
1) իրականացնում է տնտեսական դատարանի դատավորներին` օրենքով վերապահված բոլոր լիազորությունները.
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.
3) օրենքով սահմանված կարգով, դատավորներին տրամադրում է արձակուրդ.
4) (4-րդ կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
5) (5-րդ կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
7) (7-րդ կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.
9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
(20.2. հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-213-Ն, փոփ., լրաց. 07.07.06 ՀՕ-156-Ն)
Հոդված 20.3. |
Տնտեսական դատարանի աշխատակազմը |
Տնտեսական դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է դատավորի օգնականի և դատական նիստերի քարտուղարի մեկական հաստիք:
Տնտեսական դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ և այլ աշխատողներ:
(20.3. հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-213-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-156-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 21. |
Վճռաբեկ դատարանի հասկացությունը, կազմը, տեղաբաշխումը |
1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը:
2. Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով վերանայում է ստորադաս դատարանների դատական ակտերը:
3. Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ վճռաբեկ դատարան:
4. Վճռաբեկ դատարանը կազմված է`
1) վճռաբեկ դատարանի նախագահից.
2) քաղաքացիական պալատից.
3) քրեական պալատից:
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է պալատի նախագահից և պալատի հինգ դատավորներից: Վճռաբեկ դատարանի պալատների կազմերը կայացնում են որոշում վճռաբեկ դատարանի անունից:
5. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է: Վճռաբեկ դատարանի նստավայրը Երևան քաղաքում է:
(21-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-72, լրաց. 11.09.01 ՀՕ-213-Ն, խմբ. 07.07.06 ՀՕ-156-Ն)
Հոդված 22. |
Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը |
(22-րդ հոդվածը լրաց. 20.02.01 ՀՕ-146, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-33-Ն)
Հոդված 23. |
Վճռաբեկ դատարանի նախագահը |
1. Վճռաբեկ դատարանը գլխավորում է վճռաբեկ դատարանի նախագահը:
2. Վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները:
3. Վճռաբեկ դատարանի նախագահը՝
1) ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
2) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
3) հրավիրում և վարում է վճռաբեկ դատարանի պալատների նիստերը.
4) վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
5) հետևում է վճռաբեկ դատարանի դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.
6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում վճռաբեկ դատարանի պալատի նախագահի և դատավորի նկատմամբ.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Որպես Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ` վճռաբեկ դատարանի նախագահը`
1) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.
2) ապահովում է դատարանների բնականոն գործունեությունը.
3) հետևում է դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանմանը.
4) նախագահում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստերը, դատարանների նախագահների խորհուրդը.
5) առաջին ատյանի, տնտեսական կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու կամ ժամանակավոր բացակայության դեպքերում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.
6) դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս հաղորդում է ներկայացնում այդ մասին համապատասխանաբար դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին կամ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
(23-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-33-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-106-Ն, խմբ. 07.07.06 ՀՕ-156-Ն)
Հոդված 24. |
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը |
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը դատավոր է:
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը`
1) վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությամբ վարում է պալատի նիստը.
2) վճռաբեկ դատարանի նախագահի բացակայության ժամանակ նրա հանձնարարությամբ ժամանակավորապես իրականացնում է վերջինիս լիազորությունները:
Հոդված 25. |
Վճռաբեկ դատարանի աշխատակազմը |
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է օգնականի մեկ հաստիք:
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատին տրամադրվում են նիստերի քարտուղարի երկու և գործավարի մեկ հաստիքներ: Վճռաբեկ դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ և այլ աշխատողներ:
(25-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-156-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
Դատավորների ընդհանուր ժողովը ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
(Վերնագիրը լրաց. 07.07.06 ՀՕ-156-Ն)
Հոդված 25.1 |
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը |
1. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:
2. Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն երկու անգամ` վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի, դատարանների նախագահների խորհրդի կամ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը`
1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում՝ դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված, այդ հարցերի վերաբերյալ կայացնում է որոշումներ, հրապարակում ուղերձներ.
2) ընտրում է արդարադատության խորհրդի անդամ դատավորներին.
3) հաստատում է իր կանոնակարգը:
4. Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի 1/2-ից ավելին: Ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Արդարադատության խորհրդի անդամ դատավորների ընտրությունն իրականացվում է քվեաթերթիկներով՝ գաղտնի քվեարկությամբ: Ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում, ինչպես նաև ժողովի որոշմամբ կարող է իրականացվել փակ քվեարկություն:
5. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կանոնակարգով սահմանված անձը:
(25.1 հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-156-Ն)
Հոդված 26. |
Դատարանների նախագահների խորհրդի կազմը |
Դատարանների նախագահների խորհուրդը կազմված է վճռաբեկ դատարանի, նրա պալատների, տնտեսական դատարանի, վերաքննիչ դատարանների և առաջին ատյանի դատարանների նախագահներից:
Դատարանների նախագահների խորհրդի նախագահը վճռաբեկ դատարանի նախագահն է:
(3-րդ մասն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
(26-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-213-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-156-Ն)
Հոդված 27. |
Դատարանների նախագահների խորհրդի լիազորությունները |
Դատարանների նախագահների խորհուրդը`
1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող հարցեր և ընդունում որոշումներ.
2) ամփոփում է դատական պրակտիկան և դրա հիման վրա տալիս օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պարզաբանումներ.
3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման ուղղությամբ.
4) օրենքով նախատեսված դեպքում դիմում է Հանրապետության նախագահին օրենքների, Ազգային Ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ.
5) մշակում և հաստատում է առաջին ատյանի դատարաններում գործերի բաշխման, վերաքննիչ դատարաններում դատական կազմերի և դրանցում նախագահող դատավորների նշանակման, դատավորների բացարկի, ինքնաբացարկի, արձակուրդի կամ հիվանդության դեպքում դատարանի նախագահի և դատավորների փոխարինման կարգերը.
6) մշակում և հաստատում է «Դատավորի վարքագծի կանոնագիրքը» և «Դատական ծառայողի վարքագծի կանոնները».
7) կազմում և սահմանված կարգով, ըստ յուրաքանչյուր դատարանի, կառավարություն է ներկայացնում դատարանների բյուջետային ֆինանսավորման հայտերը.
8) իր կազմից ձևավորում է էթիկայի և այլ հանձնաժողովներ.
9) (9-րդ կետն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
10) սահմանում է դատարանների նախագահների խորհրդի և դատարանների աշխատակազմերի աշխատողների ծառայողական պարտականությունների շրջանակը, ինչպես նաև դատարաններում գործավարության կարգի մասին հրահանգը.
11) կազմակերպում է դատավորների մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը.
12) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(27-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-213-Ն, խմբ., լրաց., փոփ. 07.07.06 ՀՕ-156-Ն)
Հոդված 28. |
Դատարանների նախագահների խորհրդի գործունեության կարգը |
Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգի հիման վրա:
Դատարանների նախագահների խորհրդի նիստերը հրավիրում և վարում է վճռաբեկ դատարանի նախագահը կամ նրա առաջարկով` այլ դատարանի նախագահ:
Դատարանների նախագահների խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ:
Դատարանների նախագահների խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` նիստին մասնակից խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
Դատարանների նախագահների խորհրդի նիստին կարող են հրավիրվել դատավորներ, իրավաբան գիտնականներ, ինչպես նաև այլ մասնագետներ:
Գ Լ ՈՒ Խ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 29. |
Դատարանների ֆինանսավորումը |
Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր դատարան ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին տողով:
Հոդված 30. |
Դատարանի կնիքը |
Յուրաքանչյուր դատավոր ունի համարակալված, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և դատարանի անվանմամբ կնիք:
Ֆինանսական գործառույթների իրականացման համար դատարանի նախագահին տրամադրվում է կնիք` այդ դատարանի անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:
Հոդված 31. |
Դատական իշխանության խորհրդանիշները |
Դատարանի շենքի վրա բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:
Դատարանի նիստերի դահլիճում առկա է Հայաստանի Հանրապետության զինանշանը և տեղադրված է Հայաստանի Հանրապետության դրոշը:
Հոդված 32. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 12-ից:
Սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի դրույթը` արդարադատության նախարարության` դատավճիռների կազմակերպման և իրականացման լիազորության մասով, ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 1-ից:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել` Հայկական ԽՍՀ 1981 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայկական ԽՍՀ դատարանակազմության մասին» օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայկական ԽՍՀ պետական արբիտրաժի մասին կանոնադրության հաստատման և պետական արբիտրաժների կողմից տնտեսական վեճերի քննարկման կանոնների մասին» N 535 որոշումը, 1992 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության դատական համակարգում զինվորական դատարան ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության դատական համակարգում զինվորական դատարան ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշումը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1992 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանների կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը:
Հոդված 33. |
Անցումային դրույթներ |
Սույն օրենքի 26-28 հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից: Ընդ որում`
ա) դատարանների նախագահների խորհուրդը մինչև 1999 թվականի հունվարի 12-ը գործում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների և շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների նախագահների կազմով.
բ) սույն հոդվածում նշված կազմով դատարանների նախագահների խորհուրդը չի իրականացնում սույն օրենքի 27 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված լիազորությունները:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|