ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի ապրիլի 29-ին
«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքը չի կարգավորում «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ժա» կետով նախատեսված զոհերի հաշվառման և հուղարկավորության հետ կապված հարաբերությունները:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հուղարկավորություն` մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) կամ մահացածի աճյունասափորը հողին հանձնելու կամ աճյունասափորը հուշապատի մեջ տեղադրելու ծիսական արարողություն.».
2) երկրորդ պարբերության «և բնապահպանական» բառերը փոխարինել «, բնապահպանական և սանիտարական» բառերով.
3) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մասնակի փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ սպառված են նոր գերեզմանների տրամադրման համար հողատարածքները, և որտեղ նախկինում հատկացված գերեզմաններում կարող է իրականացվել վրահուղարկավորություն կամ նոր հուղարկավորություն` գերեզմանում ազատ տարածքի առկայության դեպքում.».
4) վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բաց գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ առկա են նոր գերեզմանների տրամադրման համար ազատ հողատարածքներ.».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«մասնավոր գերեզմանատուն՝ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխանող, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված և շահագործվող գերեզմանատուն.
գերեզմանատան կառավարիչ՝ համայնքային գերեզմանատների համար` համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունը, պետական գերեզմանատների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը, իսկ մասնավոր գերեզմանատների համար՝ գերեզմանատունը շահագործող անձը.
ընտանեկան գերեզման՝ սույն օրենքով սահմանված չափով մեկ ընտանիքին հատկացվող գերեզմանատեղ:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. |
Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները |
1. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`
1) բնագավառի պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
2) օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում վերահսկողության իրականացումը.
3) մասնավոր գերեզմանատան շահագործման համար թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն) ստանալու համար անհրաժեշտ պայմանների և պահանջների սահմանումը.
4) գերեզմանի տրամադրման և սպասարկման պայմանագրերի, վերահուղարկավորման և վրահուղարկավորման թույլտվության, գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյանների տիպային ձևերի սահմանումը.
5) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. |
Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները |
1. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում համայնքի ղեկավարի իրավասություններն են`
1) համայնքային գերեզմանատներ և դիակիզարաններ կազմավորելը, շահագործելը և պահպանելը` քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան.
2) համայնքի վարչական տարածքում մահացած, հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չունեցող քաղաքացիների հուղարկավորություն կամ դիակիզում կազմակերպելը.
3) գերեզմանատների տարածքների կառուցապատման նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման և համաձայնեցման փուլում քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին և շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելը.
4) գերեզմանատների կառուցապատման հատակագծեր (օգտագործման սխեմաներ) մշակելը և հաստատելը.
5) նոր գերեզմանատների կազմակերպման համար հողամասեր հատկացնելը, գոյություն ունեցող գերեզմանատների սահմանները փոփոխելը և գերեզմանատների փակման վերաբերյալ որոշումներ ընդունելը.
6) գերեզմանատների զբաղեցրած հողերի կառուցապատման սխեմաների մշակման, դրանց սահմանների փոփոխման, նոր գերեզմանատների կազմակերպման աշխատանքները համակարգելը.
7) հուղարկավորությունները, վրահուղարկավորությունները, վերահուղարկավորությունները կազմակերպելու, գերեզմանատների, դիակիզարանների շահագործման և հուղարկավորությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության, ինչպես նաև գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո` շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.
8) մասնավոր գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո՝ շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների խախտման դեպքում դրանք ողջամիտ ժամկետում (չի կարող գերազանցել 12 ամիսը) վերացնելու համար կարգադրագիր տալը.
9) մասնավոր գերեզմանատան շահագործման համար տրված թույլտվության պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.
10) սույն օրենքով սահմանված դեպքերում՝ մասնավոր գերեզմանատան կառավարիչ չլինելու պարագայում, մասնավոր գերեզմանատան կառավարչի գործառույթներ իրականացնելը:
2. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված այլ լիազորություններ:»:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) երրորդ պարբերության «կարգի» բառը փոխարինել «կամքի» բառով.
2) լրացնել հետևալ բովանդակությամբ հինգերորդ պարբերությունով.
«Հուղարկավորությունը կարող է կատարվել մասնավոր գերեզմանատանը մահացածի ցանկությամբ կամ նրա հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի ցանկությամբ:»:
Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հուղարկավորության իրականացման համար ներկայացվում է միայն քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների տված մահվան վկայական:».
2) 2-րդ մասի երրորդ պարբերությունը «(բնօրինակի)» բառից հետո լրացնել «կամ գրանցամատյանում նախկինում կատարված գրանցումների» բառերով.
3) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար` առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք:
Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) հողին հանձնելու դեպքում համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 1 քառակուսի մետր հողատարածք (1.0x1.0 մետր չափերով), կամ աճյունասափորը տեղադրվում է հուշապատի մեջ:
4. Հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի ցանկությամբ անվճար հիմունքներով տրամադրվող գերեզմանատեղից բացի, համայնքային գերեզմանատանը կարող է վճարովի հիմունքներով տրամադրվել առավելագույնը 6 քառակուսի մետր հողատարածք` գերեզմանատան կառուցապատման սխեմայով համապատասխան տարածքներ նախատեսված լինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և վճարի դիմաց:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Գերեզմաններում տապանաքարերի, հուշաքարերի, հուշարձանների, գերեզմանի սահմանային եզրաքարերի տեղադրման համար իրականացվող շինարարական աշխատանքների համար շինարարական թույլտվություն չի պահանջվում:».
5) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
6) 9-րդ մասի «վարչակազմին» բառը փոխարինել «կառավարչին» բառով:
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. |
Հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինները |
1. Գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումը` գերեզմանների տրամադրումը, դրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումն իրականացնում են`
1) համայնքային գերեզմանատների դեպքում` համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ կազմակերպությունը.
2) պետական գերեզմանատների դեպքում` լիազորված պետական մարմինը.
3) մասնավոր գերեզմանատան դեպքում` գերեզմանատան կառավարիչը կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձինք` վերջիններիս և գերեզմանատան շահագործողի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:
2. Համայնքներում հուղարկավորության կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել ոչ առևտրային կազմակերպություններ:»:
Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «պետական» բառից հետո լրացնել «, մասնավոր» բառով.
2) 3-րդ մասի «Գերեզմանատների» բառը փոխարինել «Պետական և համայնքային գերեզմանատների» բառերով.
3) 5-րդ մասը «հաշվին» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետական և մասնավոր գերեզմանատների» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Համայնքային և պետական գերեզմանատները օտարման կամ մասնավորեցման ենթակա չեն, բացառությամբ այն գերեզմանատների, որոնց նկատմամբ համայնքի կամ պետության սեփականության իրավունքը ծագել է սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերով:»:
Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ հոդվածներով.
«Հոդված 19.1. |
Մասնավոր գերեզմանատների կազմակերպումը և դրանց գործունեությունը |
1. Մասնավոր գերեզմանատները կազմակերպվում են սույն օրենքի 19-23-րդ հոդվածների դրույթների համաձայն` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից` սեփականության կամ կառուցապատման իրավունքով իրենց տրամադրված նվազագույնը 3 հա տարածքով հողամասերում: Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը սույն օրենքով նախատեսված պահանջների և պայմանների բավարարման դեպքում մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի կողմից ստանում են թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
Կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասում մասնավոր գերեզմանատան շահագործումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ կառուցապատման պայմանագրով հստակ սահմանված է, որ հողամասի սեփականատերը հողամասը կառուցապատման է տրամադրել մասնավոր գերեզմանատուն կազմակերպելու նպատակով:
Մասնավոր գերեզմանատուն շահագործելու թույլտվության տրամադրումը կարող է մերժվել, եթե դիմողի կողմից չեն պահպանվել մասնավոր գերեզմանատների կազմակերպման և գործունեության համար անհրաժեշտ՝ սույն օրենքով և լիազոր մարմնի սահմանած պահանջները և պայմանները: Թույլտվության տրամադրման համար գանձվում է տարեկան տեղական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափերով:
2. Մասնավոր գերեզմանատները կարող են կազմավորվել հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հիման վրա՝ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի վրա:
3. Մասնավոր գերեզմանատան կազմակերպումը քաղաքաշինական գործունեության տեսակ է և ենթակա է օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։
4. Մասնավոր գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պարտավոր է՝
1) գերեզմանատան տարածքում ունենալ`
ա. շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման վայր` մինչև հոգեհանգստի և հուղարկավորության իրականացումը,
բ. առնվազն մեկ հոգեհանգստի սրահ` լիազոր մարմնի սահմանած չափով,
գ. ավտոկայանատեղ` լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան,
դ. հուշապատ` աճյունասափորների տեղադրման համար,
ե. ծաղիկների, ծաղկեպսակների և հոգեհանգստի ու հուղարկավորության համար անհրաժեշտ այլ պարագաների վաճառքի սրահ,
զ. դիակիզարան կամ որևէ գործող դիակիզարանի օգտագործման կամ դրա ծառայություններից օգտվելու պայմանագիր,
է. ոռոգման և խմելու ջրի համակարգ, հասարակական զուգարան.
2) ունենալ առնվազն մեկ ավտոդիատար.
3) պարսպապատել գերեզմանատան տարածքը.
4) պահպանել բնապահպանական և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:
5. Մասնավոր գերեզմանատան դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը գերեզմանատան տարածքում կարող է ունենալ հոգեհացի մատուցման սրահ:
6. Մասնավոր գերեզմանատան տարածքը օտարելու կամ կառուցապատման իրավունքի փոխանցման դեպքում նոր սեփականատիրոջը կամ կառուցապատման իրավունք ձեռք բերողին պետք է միաժամանակ փոխանցվեն նաև սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները և պարտավորությունները: Սույն մասի պահանջները չպահպանելու դեպքում պայմանագիրը առ ոչինչ է:
7. Գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի վերակազմակերպման կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան դեպքում սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները և պարտավորությունները փոխանցվում են այն անձին, որին փոխանցվում է գերեզմանատան տարածքի նկատմամբ շահագործման իրավունքը:
8. Մասնավոր գերեզմանատների տարածքը՝ դրա վրա առկա օժանդակ շինություններով, կարող է օտարվել միայն որպես մեկ գույքային միավոր:
9. Մասնավոր գերեզմանատան շահագործողը պարտավոր է գերեզմանատան անձնակազմի անդամներից նշանակել մեկ պատասխանատու անձ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների մատուցման վերաբերյալ հարցերը հուղարկավորության կազմակերպումն ստանձնող անձի հետ քննարկելու համար:
10. Ծառայությունները պատշաճ կազմակերպելու նպատակով մասնավոր գերեզմանատան շահագործողն իր ներքին իրավական ակտերով պետք է հաստատի անձնակազմի հագուստի, ինչպես նաև անձնակազմի՝ հուղարկավորության, հոգեհանգստի և հոգեհացի մասնակիցների հետ վարվեցողության կանոններ:
Հոդված 19.2. |
Մասնավոր գերեզմանատներում հուղարկավորությունը |
1. Մասնավոր գերեզմանատան շահագործողն ինքնուրույն է կազմակերպում հուղարկավորության ծառայությունների մատուցումը` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա:
2. Մասնավոր գերեզմանատներում գերեզմանատան շահագործողը պայմանագիր կարող է կնքել ինչպես մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի հետ, այնպես էլ մահացածի հետ` վերջինիս կենդանության ժամանակ: Ընդ որում, գերեզմանատան սեփականատիրոջ և մահացածի միջև վերջինիս կենդանության ժամանակ կնքված պայմանագրի առկայության դեպքում մահացածի փոխարեն պայմանագրային պարտավորությունների կատարման պահանջ կարող է ներկայացնել մահացած անձի իրավահաջորդը կամ վերջինիս շահերի օրինական ներկայացուցիչը:
3. Պայմանագիրը կնքվում է նվազագույնը 15 տարի ժամկետով: Նշված պայմանագրի հիման վրա գերեզմանատան շահագործողը պարտավորվում է հատկացնել պայմանագրում ուղղակիորեն նշված տարածքը և հուղարկավորումը կատարելուց հետո պայմանագրում նշված ժամանակահատվածում պահպանել և սպասարկել գերեզմանը՝ ապահովելով գերեզմանի մաքրության, դրան հարակից տարածքների անվտանգության, պայմանագրով նախատեսված լինելու դեպքում կանաչապատման աշխատանքները։
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրին կցվում է հատակագիծ, որի վրա մատնանշվում է հուղարկավորման համար հատկացված տարածքը:
5. Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանագրի ժամկետի լրանալը մեկ տարվա ընթացքում գերեզմանատան շահագործողը պարտավոր է պահպանել գերեզմանը և միջոցներ ձեռնարկել պայմանագրի մյուս կողմին պայմանագրի ժամկետի ավարտի մասին սեղմ ժամկետում ծանուցելու համար: Սույն մասում նշված մեկամյա ժամկետում պայմանագրի մյուս կողմը կարող է գերեզմանատան սեփականատիրոջ հետ կնքել նոր պայմանագիր կամ իրականացնել վերահուղարկավորություն այլ գերեզմանատանը կամ իրականացնել դիակիզում:
6. Սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան նոր պայմանագիր չկնքելու կամ վերահուղարկավորություն կամ դիակիզում չկատարելու և պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում գերեզմանատան շահագործողը կարող է կրկին օգտագործել գերեզմանի տարածքը՝ կատարելով վրահուղարկավորում կամ տարածքն օգտագործել մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո այն դիակիզելու, գերեզմանահորն անմիջապես ախտահանելու և աճյունասափորը հուշապատի մեջ անժամկետ տեղադրելու պայմանով:
7. Մասնավոր գերեզմանատան շահագործողը պարտավոր է վարել գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյաններ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, որոնք արխիվում պահվում են անժամկետ:»:
Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Գերեզմանատների և դիակիզարանների կազմակերպման պարտադիր պահանջները և պայմանները սահմանում է լիազոր մարմինը։ Գերեզմանատներին և դիակիզարաններին առաջադրվող սանիտարական և բնապահպանական նորմերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինների կողմից:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական և համայնքային գերեզմանատներում գերեզմանները տրամադրվում են սահմանված կարգով հաստատված գերեզմանատան հատակագծով (օգտագործման սխեմայով) նախատեսված հերթականությամբ և սույն օրենքով սահմանված չափերով:»:
Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.
«Հոդված 25.1. |
Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար |
1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:»:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. մայիսի 27 Երևան ՀՕ-27-Ն
ՆախագահՍ. Սարգսյան