ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/8903/05/212024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/8903/05/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բ եդևյան | |
զեկուցող |
ռ. Հակոբյան Ա. Թովմասյան | |
Լ. Հակոբյան | ||
ք ․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի հոկտեմբերի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16․11.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Անուշ Հարությունյանի ընդդեմ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, երրորդ անձ` Ռոբերտ Պողոսյան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի 07.07.2021 թվականի թիվ 1092-Ա հրամանը, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարի 13.07.2021 թվականի թիվ 36-Ա և թիվ 37-Ա կարգադրություններն անվավեր ճանաչելու, Անուշ Հարությունյանին նախկին պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարել պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Անուշ Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի 07.07.2021 թվականի թիվ 1092-Ա հրամանը, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարի 13.07.2021 թվականի թիվ 36-Ա և թիվ 37-Ա կարգադրությունները, պարտավորեցնել պատասխանողին իրեն վերականգնել նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ․ Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 14․06․2022 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16․11.2023 թվականի որոշմամբ Անուշ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 14․06․2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Լիլիթ Նարիմանյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ հոդվածները, չի կիրառել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերը, նույն հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 13.07.2006 թվականի թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետը և 6.1-ին կետը, Երևանի քաղաքապետի 29.07.2009 թվականի թիվ 7149-Ա որոշումը, սխալ է կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, սխալ է մեկնաբանել և սխալ է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 224-րդ և 265-րդ հոդվածները, քննության առարկա չի դարձրել Երևանի քաղաքապետի 29.07.2009 թվականի թիվ 7149-Ա որոշման թիվ 1108 հավելվածով հաստատված Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի համայնքային ծառայության պաշտոնի անձնագրի 2-րդ բաժնի 5-րդ կետի «բ» ենթակետը, 7-րդ բաժնի 11-րդ կետի «բ» ենթակետը, չի առաջնորդվել թիվ ԵԴ/35653/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.04.2023 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշմամբ:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն։ Վերաքննիչ դատարանն անտեսել և քննարկման առարկա չի դարձրել գործով էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ ծառայողական քննության ընթացքում տրված բացատրություններով հայցվոր Անուշ Հարությունյանը, ըստ էության, ընդունել է իր կողմից թույլ տրված կարգապահական խախտման փաստը:
Վերաքննիչ դատարանը գործով ամբողջական և օբյեկտիվ քննություն իրականացնելու պարագայում կհանգեր այն եզրակացության, որ հայցվորը, վարչական շրջանի ղեկավարի կողմից ստանալով համայնքային ենթակայության կրթական հաստատության գործունեության վերաբերյալ տեղեկությունը, բավարարվել է միայն բանավոր և գրավոր հարցումներով՝ ձեռնամուխ չլինելով և չցուցաբերելով բավարար ջանասիրություն՝ ստացված տեղեկությունը ճշտելու և դրա՝ իրականությանը համապատասխանելու պայմաններում համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, այսինքն՝ ի պաշտոնե ստանձնած պարտականությունները վերջինիս կողմից չեն կատարվել կամ կատարվել են ոչ պատշաճ:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված փաստական հանգամանքները, գործով հանգել է սխալ հետևությունների և չհիմնավորված ու անհիմն պատճառաբանություններով կայացրել է հայցվորի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին դատական ակտ, որով, ըստ էության, խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը, հանդիսանալով ստորաբաժանման ղեկավար, այսինքն՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ, ստանալով վարչական շրջանի ղեկավարի՝ Երևանի թիվ 111 մանկապարտեզի տարածքն առանց իրավական հիմքի «Արսենալ» պարային ստուդիայի կողմից շահագործելու փաստը ճշտելու հանձնարարականը, այսինքն՝ համայնքային ենթակայության կրթության հաստատության տարածքն անօրինական կարգով շահագործելու վերաբերյալ տեղեկատվությունը, ի պաշտոնե պարտավոր էր ձեռնարկել համապատասխան, գործուն միջոցներ տրված հանձնարարականը պատշաճ կատարելու համար։ Մինչդեռ իր պարտականությունների կատարման հարցում հայցվորն ակնհայտորեն թերացել է, ինչի արդյունքում մանկապարտեզում առանց օրինական հիմքերի տարածքի զբաղեցումը շարունակվել է ևս շուրջ երկու ամիս, առկա չի եղել որևէ օբյեկտիվ հանգամանք կամ ծառայողական պարտականությունների պատշաճ կատարելու որևէ խոչընդոտ, որը թույլ չէր տա հայցվորին խնդրի լուծմամբ զբաղվել անհրաժեշտ խորությամբ:
Հատկանշական է, որ թիվ ՎԴ/8446/05/19 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, մասնավորապես՝ նշված գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը փաստել է, որ հանրային ծառայությունից անձին ազատելու վերաբերյալ անհատական իրավական ակտի իրավաչափության ստուգման տիրույթում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված վարչարարության իրականացմանն առնչվող նորմերը կիրառելի չեն, մինչդեռ սույն գործով վկայակոչված օրենքը համարվել է կիրառելի, ուստի այդ առումով նաև իրավունքի զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2023 թվականի որոշումը և հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի 07.07.2021 թվականի թիվ 1092-Ա հրամանի համաձայն՝ թույլատրվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ (ծածկագիր 2․1-120) Անուշ Հարությունյանի նկատմամբ կիրառել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը (հատոր 1-ին, գ․թ․ 14)․
2) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարի 13.07.2021 թվականի թիվ 36-Ա կարգադրության համաձայն՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Անուշ Հարությունյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը (հատոր 1-ին, գ․թ․ 12)․
3) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարի 13.07.2021 թվականի թիվ 37-Ա կարգադրության համաձայն՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի (ծածկագիր 2․1-120) համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող Անուշ Հարությունյանը 16.07.2021 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից (հատոր 1-ին, գ․թ․ 13)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առնվազն մեկ այլ, մասնավորապես՝ թիվ ՎԴ/8446/05/19 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով` ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը և (կամ) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
Տվյալ դեպքում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
- արդյո՞ք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի անվավերության հիմքերի վերաբերյալ իրավակարգավորումները կիրառելի են համայնքային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հանրային ծառայության հետ կապված իրավահարաբերություններն ունեն աշխատանքային բնույթ, սակայն հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ օրենսդիրն այլ իրավական կարգավորումների նախատեսման հնարավորություն է ընձեռել: Այդ հանգամանքը պայմանավորված է մի կողմից հանրային ծառայության առանձնահատկություններով, հանրային ծառայության մեջ ներգրավված ծառայողների կարգավիճակի առանձնահատկություններով, մյուս կողմից` դրա բազմաբնույթ և բազմաֆունկցիոնալ նշանակությամբ, և հետևաբար` հանրային ծառայության տարբեր տեսակների գործառութային առանձնահատկություններով, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև դրանց աշխատանքային իրավակարգավորման վրա: Արդյունքում գործող օրենսդրական զարգացումները նման իրավահարաբերությունները դարձրել են որոշակիորեն երկակի իրավակարգավորման ազդեցություն ունեցող օբյեկտ, և վերջինս կարելի է դիտարկել որպես աշխատանքային իրավունք հանրային իրավունքի ոլորտում (տե՛ս, Գայանե Շալունցն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի թիվ ՎԴ/6966/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16․11․2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը դիտարկում է որպես հանրային իրավահարաբերություններից ծագող գործեր, որոնք ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին: Այսինքն՝ օրենսդրի մոտեցման համաձայն՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու և ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի դեպքում առկա են իրավահարաբերությունը հանրային որակելու համար անհրաժեշտ պայմանները (տե՛ս, Նելլի Գալստյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության թիվ ՎԴ/7029/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`
1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.
(․․․):
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, հանրային ծառայության ոլորտում ծագող վեճերը՝ որպես հանրային իրավահարաբերություններից ծագող վեճեր, հանձնել է ՀՀ վարչական դատարանի ընդդատությանը: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր վեճերը քննության են առնվում կոնկրետ հայցատեսակների շրջանակներում: Ընդ որում, հայցատեսակների տարբերակումը կարևոր նշանակություն ունի վարչական դատավարության կարգով իրավունքների պաշտպանությունն իրականացնելիս՝ հաշվի առնելով, որ հայցատեսակի ընտրությունը կանխորոշում է տվյալ հայցի քննության դատավարական կանոնները, մասնավորապես, հայցի քննության համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ հայցի ներկայացման ժամկետները, ապացուցման բեռի բաշխման կանոնները, դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ վերը վկայակոչված որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև համայանքային ծառայողների վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վիճարկումների գործերով, քանի որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական և համայնքային, այսինքն՝ համայնքային ծառայողները ևս հանդիսանում են հանրային ծառայողներ։
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ համայնքային ծառայությունը` որպես մասնագիտական գործունեություն, ուղղված լինելով ՀՀ օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը, հանդիսանում է հանրային ծառայություն, ուստի համայնքային ծառայողների վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վիճարկման հետ կապված վեճերը ևս դիտարկվում են որպես հանրային իրավահարաբերություններից ծագող գործեր և ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին:
Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, նույն օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Վերոնշյալ նորմի բովանդակությունից հետևում է, որ վիճարկման հայցի նյութական օբյեկտը վարչական ակտն է։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալները.
1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,
2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետևանքներ են առաջանում, այլ նաև այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետևանքներ առաջացնելուն և ակներև է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար։ Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու գործընթացում հանրային ծառայողի վերաբերյալ ընդունվող անհատական իրավական ակտը չի հանդիսանում վարչական ակտ՝ առնվազն վարչական ակտին բնորոշ արտաքին ներգործության հանգամանքի բացակայությամբ պայմանավորված։ Մասնավորապես՝ նշված հարաբերություններում գործատուն աշխատողի նկատմամբ հանդես չի գալիս որպես վարչական մարմին, հետևապես աշխատողի նկատմամբ չի իրականացնում վարչարարություն, որպիսի իրողությունից էլ օբյեկտիվորեն բխում է, որ հանրային ծառայությունից ազատելու կամ հանրային ծառայության ընդունելու, ինչպես նաև հանրային ծառայության իրականացման ընթացքում համապատասխան աշխատողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գործատուի ընդունած իրավական ակտերը չեն կարող որակվել վարչական ակտեր (տե՛ս, Ապրես Գրիգորյանն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազի թիվ ՎԴ/6209/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2024 թվականի որոշումը):
Այնուհանդերձ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս նշել է, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման հնարավորությունը, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածին համապատասխան՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերն ընդդատյա են վարչական դատարանին, իսկ վարչական դատարանին ընդդատյա բոլոր գործերի քննությունն իրականացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակների շրջանակներում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային ծառայողի վերաբերյալ միջամտող անհատական իրավական ակտի իրավաչափության վերաբերյալ վեճը քննության է ենթակա այն հայցատեսակի շրջանակներում, որի միջոցով առավել արդյունավետությամբ կապահովվի հանրային ծառայողի իրավունքների դատական պաշտպանությունը և իրավունքի վերականգնումը, կիրացվի դատական պաշտպանության դիմելու իրավական նպատակը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրային ծառայողի դատական պաշտպանության դիմելու իրավական նպատակն իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտը վերացնելն է, հետևապես հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտը վերացնելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործերի քննության նկատմամբ առավել համահունչ է վիճարկման հայցի իրավակարգավորումների կիրառումը, իսկ նշված գործերով վարչադատավարական վերահսկողությունը՝ վիճարկման հայցին առնչվող դատավարական բոլոր իրավակարգավորումների կիրառմամբ, պետք է իրականացվի վիճարկման հայցի շրջանակներում՝ անկախ այդ իրավական ակտերի՝ վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.
բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում։
Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով սահմանվել են վարչական ակտի անվավերության հիմքերը, ուստի նշված իրավանորմի կիրառելիության հարցի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է վիճարկվող ակտի բնույթով, այսինքն՝ արդյոք վիճարկման հայցի նյութական օբյեկտը վարչական ակտն է, թե՝ հանրային (համայնքային) ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտը։ Հետևաբար այն դեպքում, երբ վիճարկվում է հանրային (համայնքային) ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի չէ։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, ներառյալ մոտարկման համապատասխանության որոշման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման և գործողության դադարեցման, ինչպես նաև իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) և օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները և օրենսդրական տեխնիկայի կանոնները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին վերաբերող օրենսդրական տեխնիկայի, նորմատիվ իրավական ակտի կառուցվածքի, նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու, ժամկետների հաշվարկման վերաբերյալ դրույթների գործողությունը տարածվում է անհատական և ներքին իրավական ակտերի վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այն նորմատիվ իրավական ակտով, որով նախատեսվել է անհատական կամ ներքին իրավական ակտի ընդունում:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի, բացառությամբ Սահմանադրության, գործողությունը դադարեցվում է նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում։
Նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:
Բացի վերոգրյալ իրավակարգավորումներից, գործատուների իրավական ակտերն անվավեր ճանաչելը, որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության միջոց, սահմանված է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով, որի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողն (․․․) իրավունք ունի դիմելու դատարան:
Նույն հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում, եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, կամ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են առանց օրինական հիմքերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գործատուի ներքին կամ անհատական իրավական ակտերով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված պահանջների խախտմամբ, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: (․․․):
Այսինքն՝ վերոգրյալ իրավական ակտերով երաշխավորված են հանրային (համայնքային) ծառայողի՝ իր իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտից պաշտպանության գործուն մեխանիզմներ, ուստի նշված իրավահարաբերության նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառման ենթակա չլինելու սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման պայմաններում հանրային (համայնքային) ծառայողները հնարավորություն ունեն պաշտպանելու իրենց աշխատանքային իրավունքները՝ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջ դատարան ներկայացնելով։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված՝ ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու դրույթները կիրառելի չեն։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Անուշ Հարությունյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի 07.07.2021 թվականի թիվ 1092-Ա հրամանը, 13.07.2021 թվականի թիվ 36-Ա և թիվ 37-Ա կարգադրությունները, պարտավորեցնել իրեն վերականգնել նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։
Դատարանը 14.06.2022 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(…) ծառայողական քննությունը չի իրականացվել Կարգի այնպիսի ընթացակարգային խախտումներով, որոնք կարող էին հիմք հանդիսանալ 07.07.2021 թվականի թիվ 1092-Ա հրամանը, որով թույլ է տրվել սույն գործով հայցվորի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, անվավեր ճանաչելու համար։
Դատարանը փաստում է, որ վարչական շրջանի ղեկավարի կողմից ստանալով համայնքային ենթակայության կրթական հաստատության գործունեության վերաբերյալ տեղեկություն, հայցվորը բավարարվել է միայն բանավոր և գրավոր հարցումներով՝ ձեռնամուխ չլինելով և չցուցաբերելով բավարար ջանասիրություն՝ ստացված տեղեկությունը ճշտելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։
Նման պայմաններում, ստանալով վարչական շրջանի ղեկավարի հանձնարարականը, հայցվորը կարող էր և պարտավոր էր ոչ թե բավարարվել մանկապարտեզների տնօրեններից տեղեկատվություն պահանջելով, այլ կազմակերպել բաժնի աշխատանքներն այնպես, այդ թվում՝ բաժնի աշխատակիցներին օրենսդրությամբ սահմանված կարգով արտաժամյա աշխատանքի ներգրավելու միջոցով, որպեսզի վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված հանձնարարականը կատարվեր պաշտաճ։
Մինչդեռ հայցվորը բավարարվել է տեղեկատվությունը տնօրեններից ճշտելով, որոնք ողջամտորեն կարող էին շահագրգռված լինել խմբակի գործունեությունը թաքցնելու հարցում»։
Վերաքննիչ դատարանը 16․11․2023 թվականի Անուշ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 14․06․2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել և փոփոխել է՝ անվավեր է ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի 07.07.2021 թվականի թիվ 1092-Ա հրամանը, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Գ. Աբաջյանի 13.07.2021 թվականի թիվ 36-Ա և թիվ 37-Ա կարգադրությունները, պարտավորեցրել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին Անուշ Հարությունյանին վերականգնել նախկին աշխատանքում` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոնում, Անուշ Հարությունյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ:
Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն՝ «(…) «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժի կիրառման բավարար հիմքեր վարչական գործի նյութերում առկա չեն:
(…) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի 07.07.2021 թվականի թիվ 1092-Ա հրամանն ընդունվել է առանց թույլ տրված կարգապահական խախտման ծանրության ու դրա հետևանքների, աշխատողի մեղքի, այդ խախտման կատարման հանգամանքների և աշխատողի` նախկինում կատարած աշխատանքի հաշվառման, որպիսի պայմաններում վիճարկվող հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է անվավեր ճանաչման»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով որպես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի 07.07.2021 թվականի թիվ 1092-Ա հրամանի, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարի 13.07.2021 թվականի թիվ 36-Ա և թիվ 37-Ա կարգադրությունների ոչ իրավաչափ, ըստ այդմ՝ անվավեր ճանաչելու իրավական հիմք՝ Վերաքննիչ դատարանը կիրառելի է համարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, մինչդեռ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ նշված իրավանորմը չէր կարող կիրառվել։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, թիվ ՎԴ/8446/05/19 վարչական գործով անդրադառնալով հանրային ծառայությունից անձին ազատելու վերաբերյալ անհատական իրավական ակտի իրավաչափության գնահատման հարցում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված վարչարարության իրականացմանն առնչվող նորմերի կիրառելիությանը, օրինական ուժի մեջ մտած 12․01․2021 թվականի դատական ակտում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հանրային ծառայությունից անձին ազատելու վերաբերյալ անհատական իրավական ակտը վիճարկելու գործերով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված վարչարարության իրականացմանն առնչվող նորմերը կիրառելի չեն, ինչը համահունչ է սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշմանը: Մինչդեռ սույն գործով վկայակոչված օրենքը Վերաքննիչ դատարանը համարել է կիրառելի, որպիսի դիրքորոշումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հիմնավոր չէ։
Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու դրույթները կիրառելի չեն։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ սույն գործով վիճարկվող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը գնահատելու և կիրառելի իրավանորմերի ուժով դրանց անվավեր ճանաչման ենթակա լինելու կամ չլինելու հարցը պարզելու համար:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16․11.2023 թվականի որոշումը և սույն վարչական գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ռ. Հակոբյան ա. Թովմասյան Լ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական: