ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2014 թվականի N 743-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ (ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄ) ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1694-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում (այսուհետ` հաստատություններ) խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպելու (բեռնաթափում) և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հաստատությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հաստատությունների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված հաստատություններում ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կազմման գործընթացի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված բյուջետային հայտի առկայության պայմաններում:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված բնաիրային օգնության փաթեթի կազմը և դրա չափաքանակը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 1 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ (ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄ) ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետությունում երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական նպատակը երեխաների որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ և լիարժեք քաղաքացի կայանալու գործընթացին աջակցելն է` սոցիալական իրավունքների արդյունավետ իրացման նախապայմանների ձևավորման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավման և նրանց հասարակությանն ինտեգրելու միջոցով: Ոլորտի քաղաքականության հիմնական գերակայություններից է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը:
2. Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման, շուրջօրյա հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2006 թվականից իրականացնում է Հայաստանի Հանրապետության երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում (այսուհետ` հաստատություն) խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում) ծրագիրը (այսուհետ` ծրագիր): Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, հասարակական կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հաստատություններում (Վանաձորի մանկատուն, Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն, Վանաձորի N 1 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, Ստեփանավանի կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների գնահատման կենտրոն, Սպիտակի N 1 հատուկ հանրակրթական հաստատություն) խնամվող երեխաները վերադարձել են կենսաբանական ընտանիքներ, ինչպես նաև կանխարգելվել է ռիսկի ենթակա երեխաների մուտքն այդ հաստատություններ:
3. 2006 թվականին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հաստատություններում խնամվում էր շուրջ 1000 երեխա: Երեխաների ոլորտում իրականացվող սոցիալական բարեփոխումների քաղաքականության շրջանակներում իրականացված հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վերակազմակերպման գործընթացի արդյունքում շուրջ 200 երեխա վերադարձել է ընտանիք: Իսկ նշված ծրագրի շրջանակներում 2006 թվականից մինչ օրս Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հաստատություններից ընտանիք է վերադարձել շուրջ 295 երեխա և 105 երեխայի մուտքը հաստատություններ կանխարգելվել է: Ներկայում այդ հաստատություններում խնամվող երեխաների թիվը շուրջ 450 է:
4. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1694-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի պահանջը` անհրաժեշտ է սույն ծրագիրն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
5. Ծրագրի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության ապահովումն է ընտանիքում:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
6. Ծրագրից ակնկալվող արդյունքներն են`
1) հաստատություններից երեխաների վերադարձն ընտանիք.
2) երեխաների մուտքի կանխարգելումը հաստատություններ.
3) երեխայի և նրա ընտանիքի սոցիալական վիճակի բարելավումը:
IV. ԾՐԱԳՐԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ
7. Ծրագրի հաճախորդներն են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված ցանկերի հաստատություններում խնամվող երեխաները և նրանց ընտանիքները.
2) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի երեխաները, որոնց ծնողները (կամ միակ ծնողը կամ օրինական ներկայացուցիչը) դիմել են երեխային հաստատություն տեղավորելու համար.
3) այն երեխաները, ովքեր հաստատությունից վերադարձել են ընտանիք և անհատական սոցիալական ծրագրի մոնիթորինգի արդյունքների համաձայն կարիք ունեն ստանալու սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայություններ, որոնց մատուցման տևողությունը մինչև 12 ամիս է:
V. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
8. Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումներն են`
1) սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցում.
2) հաճախորդի կրթության կազմակերպում` հանրակրթական ուսումնական հաստատությունում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում.
3) ծրագրում ընդգրկված հաճախորդներին աջակցություն` նրանց ընտանիքներին սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ուղղորդելու միջոցով.
4) հաճախորդների ընտանիքների չափահաս աշխատանք փնտրող անդամներին, ինչպես նաև 16 տարեկանը լրացած երեխաներին ուղղորդում նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային մարմին` զբաղվածության ծրագրերում ընդգրկելու նպատակով:
9. Հաստատություններում խնամվող երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիք ապահովող միջոցառումների (բեռնաթափման գործընթաց) իրականացման քայլերն են`
1) հաստատություններում գտնվող հաճախորդների տվյալների ուսումնասիրություն, վերլուծություն և նրանց կարիքների գնահատում.
2) հաճախորդների ընտանիքներ տունայցի կազմակերպում.
3) հաճախորդների սոցիալական կարիքների գնահատում.
4) գնահատված կարիքների հիման վրա հաճախորդների ընտրություն.
5) ընտրված հաճախորդների և երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետների կամ կառույցների (խնամակալության և հոգաբարձության մարմին, ուսումնական հաստատություն և այլն) հետ աշխատանքների կազմակերպում.
6) հաստատություններից ընտրված հաճախորդների անհատական սոցիալական ծրագրի մշակում և իրականացում:
10. Հաճախորդի մուտքը հաստատություններ կանխարգելման միջոցառումների իրականացման քայլերն են`
1) սույն ծրագրի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հաճախորդների ընտանիքների ուսումնասիրություն և սոցիալական կարիքների գնահատում.
2) հաճախորդների ընտրություն.
3) հաճախորդների անհատական սոցիալական ծրագրի մշակում և իրականացում:
11. Հաճախորդների սոցիալական կարիքների գնահատման, անհատական սոցիալական ծրագրի մշակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
12. Հաճախորդներին տրամադրվում է ծրագրի շրջանակներում նախատեսված բնաիրային օգնության փաթեթ:
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
13. Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին` հասարակական կազմակերպության միջոցով, որի հետ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկնքի գործակալության պայմանագիր: Ծրագրի կատարման նկատմամբ մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Հաստատության անվանումը |
1. |
«Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ |
2. |
«Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ |
3. |
«Վանաձորի N 1 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ |
4. |
«Երևանի բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի Ստեփանավանի մասնաճյուղ» ՊՈԱԿ |
5. |
«Սպիտակի N 1 մտավոր թերզարգացում ունեցող հատուկ «օժանդակ» դպրոց» ՊՈԱԿ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Հայաստանի Հանրապետության խնամք ԵՎ պաշտպանություն իրականացնող շուրջօրյա ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Հաստատության անվանումը |
1. |
«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ |
2. |
«Գյումրու Ֆ. Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ |
3. |
«Գյումրու N 1 երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ |
4. |
«Տիրամայր Հայաստանի կուսաստան կենտրոն» |
5. |
«Թռչունյան տուն երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՍՊԸ |
6. |
«Գյումրու N 3 մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ օժանդակ դպրոց» ՊՈԱԿ |
7. |
«Արթիկի N 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |