«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 փետրվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10304016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 հունվարի 2004 թ. ք. Երևան |
N 28 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 16.12.1997 թ. թիվ 586, 19.12.1997 թ. թիվ 595, 24.12.1997 թ. թիվ 605 և 28. 01.1998 թ. թիվ 35 որոշումների.
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտներում անվանաքարտ կրելու կարգը` համաձայն հավելված 1-ի և անվանաքարտի օրինակելի ձևը` համաձայն հավելված 2-ի:
2. Առևտրի և ծառայությունների վարչության պետ Գ. Քոչարյանին`
5-օրյա ժամկետում սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:
Կ. Ճշմարիտյան
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների (հանրային սնունդ, կենցաղային և բժշկական սպասարկում, հասարակական տրանսպորտ, տաքսի, երթուղային տաքսի, կապ) ոլորտներում աշխատողների անվանաքարտ կրելու կարգը:
2. Անվանաքարտ պարտավոր են կրել բոլոր աշխատողները աշխատավայրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում:
3. Անվանաքարտը տրվում է աշխատողին աշխատանքի ընդունման հրամանի հետ կամ աշխատանքային պարտականությունների անցման պահին:
4. Անվանաքարտի վրա, հայերեն տպագիր տառերով լրացվում է`
ա) կազմակերպության անվանումը (ֆիրմային),
բ) աշխատողի անունը, ազգանունը,
գ) աշխատողի զբաղեցրած պաշտոնը:
5. Անվանաքարտի վրա սոսնձվում է աշխատողի գունավոր լուսանկար (նվազագույնը` 3X4 սմ):
6. Անվանաքարտը վավերացվում է աշխատանքի ընդունողի ստորագրությամբ և կլոր կնիքով:
7. Կնիքը դրվում է այնպես, որ վերջինս ծածկի լուսանկարի ներքևի մասը:
8. Անվանաքարտի նվազագույն չափսերն են` 6X9 սմ, իսկ տպագրվող տառերի նվազագույն չափսը` 5 մմ (անվանաքարտի օրինակելի ձևը կցվում է):
9. Անվանաքարտը աշխատողը կրում է իր արտահագուստի կամ հագուստի վրա, կամ այն դրվում է արտահագուստի վրա թափանցիկ նյութից կարված գրպանիկի մեջ` սպառողին, իսկ տրանսպորտում (հասարակական տրանսպորտ, տաքսի, երթուղային տաքսի) ամրացվում է (կախվում է) տրանսպորտային միջոցի սրահում` ուղևորին տեսանելի տեղում:
10. Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտների վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատիրոջ անվանաքարտի վրա կնիքի առկայությունը պարտադիր չէ: Նման դեպքում անվանաքարտը ստորագրվում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից:
11. Սույն կարգն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից` մեկ ամիս հետո:
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության տարածքում առեվտրի եվ ծառայությունների ոլորտներում աշխատողների անվանաքարտի օրինակելի ձեվ