ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի նոյեմբերի 18-ին
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժբ» ենթակետից հանել «։ Կարգավորողը պարտավոր է հանրային խորհրդակցությունից հետո հաստատել կանոններ և կարգեր` պատժամիջոցների կիրառման վերաբերյալ» բառերը։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իթ» ենթակետով.
«իթ) սահմանել կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգ.»։
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. | Լիցենզիաների և թույլտվությունների կասեցումը կամ դադարեցումը |
1. Ի լրումն սույն օրենքով սահմանված դեպքերի, լիցենզիան կամ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ հաշվի առնելով սույն օրենքով և Կարգավորողի սահմանած առանձնահատկությունները։»։
Հոդված 4. Օրենքի 12.1-ին հոդվածից հանել «դիտավորյալ» բառը։
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. | Կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը |
1. Ցանցի լիցենզիա կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) նկատմամբ իրավունքի օտարում, այլ կերպ փոխանցում, զիջում կամ գրավադրում, ինչպես նաև այդ անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարում, այլ կերպ փոխանցում, զիջում կամ գրավադրում կարող է իրականացվել միայն Կարգավորողի համաձայնությունը կարգավորվող անձի կողմից ստանալուց հետո: Առանց սույն մասում նշված համաձայնության կնքված կամ դրա կնքմանը համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին չհամապատասխանող գործարքն առ ոչինչ է:
2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորությունն իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորությունն է, որը դրսևորվում է տվյալ իրավաբանական անձի՝
1) կառավարման և (կամ) ղեկավարման մարմինների ընտրության և (կամ) նրանց գործառույթների իրականացման ձևով.
2) ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները սահմանելու ձևով.
3) համար կատարման ենթակա հանձնարարականներ (ցուցումներ) տալու ձևով.
4) որոշումների կանխորոշման ձևով այնպիսի իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջոցով, որն ունի տվյալ իրավաբանական անձի գործունեությունն ուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն (անուղղակի կանխորոշում).
5) գործունեությունն այլ եղանակով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու ձևով, այդ թվում՝ կանոնադրական կապիտալում մասնակցության կամ պայմանագրի ուժով, ինչպես նաև այլ` օրենքով չարգելված ձևով։
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե համաձայնություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկատվությունը չեն համապատասխանում Կարգավորողի սահմանած կարգի պահանջներին, ինչպես նաև իրավասու մարմնի գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը, իսկ մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրված լիցենզիայի կամ թույլտվության առկայության դեպքում, երբ չի հիմնավորվում անհրաժեշտ փորձի առկայությունը:
4. Կարգավորողը սույն հոդվածին համապատասխան կարգավորվող անձի նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնությունը տալիս է` նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ:»։
Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածում «օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված տույժի, որը չպետք է գերազանցի հինգ միլիոն դրամը» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով պատասխանատվության» բառերով:
Հոդված 7. Օրենքի 63-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 63. | Կարգավորողի կողմից կիրառվող պատասխանատվությունը |
1. Կարգավորվող անձի կողմից սույն օրենքով, Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Կարգավորողն իրավասու է կիրառելու սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև տալու դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները։
2. Կարգավորվող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի, սույն օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վարչական իրավախախտման հատկանիշներ, ապա առաջացնում է նախազգուշացում:
3. Կարգավորվող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի, սույն օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման կամ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող այլ անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտմանը, լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարմանը, ինչպես նաև հաճախորդների տեղեկությունների գաղտնիության պահպանման վերաբերյալ պահանջի խախտումը, կարգավորվող անձի կողմից իր ծառայությունների կամ ենթակառուցվածքների ապօրինի օգտագործման տրամադրումը կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն դրամից երկու միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցում կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցում:
4. Կարգավորվող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի, Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ մասերով սահմանված վարչական իրավախախտման հատկանիշներ, ապա առաջացնում է նախազգուշացում:
5. Կարգավորվող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի, Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման կամ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող այլ անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարմանը, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամից մեկ միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցում կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցում:
6. Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում տարեկան հինգ հարյուր միլիոն դրամ գումարը գերազանցող շրջանառություն ունեցող կարգավորվող անձի կողմից սույն օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված վարչական իրավախախտման հատկանիշներ, ապա առաջացնում է նախազգուշացում:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի կողմից սույն օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող այլ անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտմանը, լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարմանը, ինչպես նաև կարգավորվող անձի նկատմամբ հսկողության փոխանցման վերաբերյալ համաձայնություն ստանալու պահանջի խախտումը կամ հաճախորդների տեղեկությունների գաղտնիության պահպանման վերաբերյալ պահանջի խախտումը, կարգավորվող անձի կողմից իր ծառայությունների կամ ենթակառուցվածքների ապօրինի օգտագործման տրամադրումը կամ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ քսան միլիոն դրամից քառասուն միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցում կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցում:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի կողմից Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ մասերով սահմանված վարչական իրավախախտման հատկանիշներ, ապա առաջացնում է նախազգուշացում:
9. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի կողմից Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող այլ անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտմանը, լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարմանը կամ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ տասը միլիոն դրամից քսան միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցում կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցում:
10. Սույն օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ դադարեցման կարգադրությունն արձակելուց հետո առանց Կարգավորողի թույլտվության ռադիոհաճախականությունների օգտագործումը շարունակելը կամ ծանուցում չներկայացրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձի կողմից էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը շարունակելը առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն դրամից երկու միլիոն դրամի չափով։
11. Եթե Կարգավորվող անձի չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պահանջը միաժամանակ սահմանված է և՛ սույն օրենքում, և՛ Կարգավորողի իրավական ակտում, ապա Կարգավորվող անձի նկատմամբ պատասխանատվության միջոցը կիրառվում է սույն օրենքի պահանջի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։»։
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. նոյեմբերի 29 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|