ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 27-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 201-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելը, առանց «Օտարերկրացիների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի, բացառությամբ առանց նման փաստաթղթի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելը, առանց «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակն օգտագործելու, բացառությամբ առանց կացության կարգավիճակի աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի «և 201-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «հոդվածներով և 201-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի «3-րդ մասով» բառերը փոխարինել «3-5-րդ մասերով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 18 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2021 թվական: