Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.24/45(1320).1 Հոդ.717.37
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԴ1/0046/01/13

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Լ. թԱԴևՈՍՅԱՆԻ

 

 

Հ. Ասատրյանի

 

 

ե. դԱՆԻԵԼյանի

 

 

ա. պողոսՅԱՆԻ

 

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

 

մասնակցությամբ պաշտպաններ`

Ս. Ազիզյանի

 

 

Ա. Սահակյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 23-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու՝ դատապարտյալ Հովհաննես Ժորայի Չոլախյանի պաշտպան Ս.Ազիզյանի և դատապարտյալ Արթուր Գևորգի Պետրոսյանի պաշտպան Ա.Սահակյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հունվարի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափի թմրամիջոց քրեակատարողական հիմնարկ ներնետելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 34-268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 86150313 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2013 թվականի մայիսի 2-ի որոշմամբ Արթուր Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննության մարմնի` 2013 թվականի մայիսի 3-ի որոշմամբ Հովհաննես Չոլախյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

2013 թվականի մայիսի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 6-ի դատավճռով Հ.Չոլախյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում 11 տարի 3 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել և հաշվակցվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 26-ի դատավճռով նշանակված 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը, և վերջնական պատիժ է սահմանվել` ազատազրկում 12 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Ա.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել և հաշվակցվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 10-ի դատավճռով նշանակված` 15 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժի չկրած մասը, և վերջնական պատիժ է սահմանվել` ազատազրկում 17 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

3. Դատապարտյալների պաշտպանների վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հունվարի 13-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերոգրյալ որոշման դեմ դատապարտյալների պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշմամբ:

5. Հովհաննես Չոլախյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2015 թվականի հունիսի 10-ին հարուցվել է թիվ 62215015 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ Սամվել Նորիկի Ալոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (դատական գործ թիվ ԿԴ/0007/01/16), կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2016 թվականի հունիսի 9-ի դատավճռով Ս.Ալոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի՝ 200.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ՝ Ս.Ալոյանն ազատվել է պատժից:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 9-ի դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

6. Դատապարտյալ Հ.Չոլախյանի պաշտպան Ս.Ազիզյանը և դատապարտյալ Ա.Պետրոսյանի պաշտպան Ա.Սահակյանը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոքներ են ներկայացրել` որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչելով թիվ ԿԴ/0007/01/16 գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 9-ի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված փաստերը:

 Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 8-ի և դեկտեմբերի 9-ի որոշումներով նոր երևան եկած հանգամանքի հիմքով հարուցվել է Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշման վերանայման վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Արթուր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) 2011 թվականին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման 3 տարի ժամկետով և նշված պատիժը ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում կրելու ընթացքում, առանց իրացնելու նպատակի, իր կողմից օգտագործելու համար 2013 թվականի հունվարին, լույս 4-ի գիշերը` ժամը 00:10-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն ձեռք է բերել և պահել Երևան քաղաքի բնակիչ Հովհաննես Չոլախյանի կողմից ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի տարածք ներնետում կատարելու միջոցով իրացված առանձնապես խոշոր չափի` 0.686 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոց և խոշոր չափի` 0.57 գրամ քաշով «ամֆետամին» տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցները ձեռք բերելուց և իր մոտ պահելուց հետո, նույն պահին նկատելով մոտեցող ՔԿՀ-ի աշխատակիցներին, իր մոտ գտնվող առանձնապես խոշոր չափի «հերոին» տեսակի թմրամիջոցը և խոշոր չափի` 0.57 գրամ քաշով «ամֆետամին» տեսակի թմրամիջոցը տվել է տարածքում հանդիպած, նույն հիմնարկության դատապարտյալ Սերգեյ Անդրեասյանին՝ հայտնելով, թե իբր պարտքի գումար է, այն պահելու և իրեն վերադարձնելու համար, այնուհետև հեռացել է նրա մոտից: Նույն պահին ներնետումը նկատած ՔԿՀ աշխատակիցները ՔԿՀ-ի տարածքից բերման են ենթարկել դատապարտյալ Սերգեյ Անդրեասյանին, և վերջինիս մոտից Ա.Պետրոսյանի կողմից տված թմրամիջոցները հայտնաբերվել և առգրավվել են (…)» (տե՛ս, քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 302-306):

7.1. Հովհաննես Չոլախյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) իրացնելու նպատակով, գործով չպարզված հանգամանքներում և ժամանակ, ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափի` 0.686 գրամ քաշով «hերոին» տեսակի թմրամիջոց և խոշոր չափի` 0.57 գրամ քաշով «ամֆետամին» տեսակի թմրամիջոց, որոնք 2013 թվականի հունվարի լույս 4-ի գիշերը իրացնելու նպատակով փոխադրել է ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի մոտ և նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Պետրոսյանին իրացնելու համար, վերջինիս հետ ունենալով նախնական պայմանավորվածություն, 2013 թվականի հունվարի 4-ին` ժամը 00:10-ի սահմաններում, «Սևան» ՔԿՀ-ի թիվ 4 պահակակետի մոտից` պարսպի արտաքին կողմից, կարտոֆիլի մեջ դրված, պոլիէթիլենային տոպրակով և կպչուն ժապավենով փաթեթավորված, առանձնապես խոշոր չափի` 0.686 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցը և խոշոր չափի` 0.57 գրամ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցը իրացրել, ներնետել է ՔԿՀ-ի տարածք, որին սպասելուց է եղել դատապարտյալ Արթուր Պետրոսյանը: Փաթեթին ամրացված լուսավորող կրակայրիչով կողմնորոշվելով՝ Ա.Պետրոսյանը թմրամիջոցը վերցրել է և ապօրինի պահել իր մոտ` անձնական օգտագործման համար (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 302-306):

8. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռով հաստատված է համարել հետևյալը. «(…)

1) Հովհաննես Չոլախյանն ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափի` 0.686 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց և խոշոր չափի` 0.57 գրամ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց,

2) Հովհաննես Չոլախյանը վերը նշված թմրամիջոցներն Արթուր Պետրոսյանին իրացնելու նպատակով 2013թ. հունվարի լույս 4-ի գիշերը մեկնել է ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ և պայմանավորվածություն ունենալով Ա.Պետրոսյանի հետ, ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ թիվ 4 պահակակետի մոտից, կարտոֆիլի մեջ դրված առանձնապես խոշոր չափի` 0.686 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցը և խոշոր չափի`0.57 գրամ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցը ներնետել է ՔԿՀ-ի տարածք՝ այն իրացրել է Արթուր Պետրոսյանին,

3) Արթուր Պետրոսյանը, նախնական համաձայնության գալով Հովհաննես Չոլախյանի հետ, իր կողմից օգտագործելու նպատակով, 2013թ. հունվարի լույս 4-ի գիշերը, ժամը 00:10-ի սահմաններում, ձեռք է բերել և իր մոտ պահել Հովհաննես Չոլախյանի կողմից ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի տարածք ներնետած առանձնապես խոշոր չափի` 0.686 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց և խոշոր չափի` 0.57 գրամ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց,

4) Արթուր Պետրոսյանը թմրամիջոցը ձեռք բերելուց հետո, նկատելով իրեն մոտեցող ՔԿՀ-ի աշխատակիցներին, ձեռք բերված թմրամիջոցը տվել է նույն հիմնարկի դատապարտյալ Սերգեյ Անդրեասյանին՝ ասելով, թե իբր պարտքի գումար է, և հեռացել:

5) ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից Սերգեյ Անդրեասյանին բերման ենթարկելուց հետո նրա մոտից հայտնաբերվել է Արթուր Պետրոսյանի կողմից տրված` առանձնապես խոշոր չափի` 0.686 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց և խոշոր չափի`0.57 գրամ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Անդրադառնալով ամբաստանյալ Հովհաննես Չոլախյանի շահերի պաշտպան Ս.Ազիզյանի միջնորդությանը` փաստաթղթաբանական փորձաքննության եզրակացությունը, Հ. Չոլախյանին անձնական խուզարկության ենթարկելու և հայտնաբերված փաթեթը զննելու մասին արձանագրությունները, որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու և դրանց` որպես ապացույցների անթույլատրելիությունը հաստատելու պահանջի մասին, [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ միջնորդությունը հիմնավորված չէ և ենթակա է մերժման, քանի որ փաստաթղթաբանական փորձաքննության եզրակացությունը, Հ.Չոլախյանին անձնական խուզարկության ենթարկելու և հայտնաբերված փաթեթը զննելու մասին արձանագրությունները կազմվել են հիշյալ գործողությունների վերաբերյալ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված կարգով, պահպանվել է նաև փորձաքննություն նշանակելու որոշման և եզրակացության կազմման օրենքով սահմանված կարգը: Ավելին՝ դատարանը հարցաքննել է վերը նշված զննություններին մասնակցած անձանց` ընթերականերին, ովքեր, դատարանում հետազոտելով իրենց մասնակցությամբ կատարված զննության, նմուշներ ստանալու, անձնական խուզարկության վերաբերյալ արձանագրություններում առկա ստորագրությունները, հայտարարել են, որ այդ ստորագրություններն իրենցն են» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 60-73):

8.1. Հ.Չոլախյանի և Ա.Պետրոսյանի դատապարտման համար Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել, ի թիվս այլնի, ներնետված փաթեթը հայտնաբերելու և զննություն կատարելու, Հովհաննես Չոլախյանին բերման ենթարկելու և անձնական խուզարկության ենթարկելու 2013 թվականի հունվարի 4-ի արձանագրությունները, իրեղեն ապացույցներ ճանաչված՝ 0.57 գրամ քանակական պարունակությամբ ամֆետամին տեսակի թմրամիջոցը, 0.686 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոցը, «Դավիդով» տեսակի ծխախոտի տուփը և փայլաթուղթը, դատաքիմիական փորձաքննության թիվ 13-0054 եզրակացությունը, դատափաստաթղթաբանական փորձաքննության թիվ 10321301 եզրակացությունը (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 60-73):

9. Թիվ ԿԴ/0007/01/16 գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 9-ի դատավճռով Սամվել Ալոյանը մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքում առ այն, որ «(…) 2008 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում, աշխատելով ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում որպես գլխավոր մասնագետ՝ հետաքննիչ, ունենալով արդարադատության մայորի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 9-րդ կետերի, 180-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանալով հանցանքի կատարման մեջ կասկածվող անձանց բերման, զննության և խուզարկության ենթարկելու, հետազոտման համար նմուշներ վերցնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, 2013 թվականի հունվարի 4-ին մեկ միասնական դիտավորությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ կազմել և հանձնել է պաշտոնական չորս փաստաթուղթ՝ դրանցում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ:

(…) Սամվել Ալոյանը 2013 թվականի հունվարի 4-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ հիմնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նույն օրը՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի պահանջների խախտմամբ՝ առանց ընթերակաների մասնակցության, նույն հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ Մուխաել Վարդանյանի և պատասխանատու հերթապահ Սամվել Պեպանյանի մասնակցությամբ զննության է ենթարկել հիմնարկ ներնետված փաթեթը, որի վերաբերյալ 04.01.2013 թվականին կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ քրեակատարողական հիմնարկում հայտնաբերված փաթեթի զննության մասին արձանագրությունը, որից հետո, կրկին ընթերակաների բացակայության պայմաններում, Մ. Վարդանյանի և նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Ցոլակ Սերյոժայի Խաչատրյանի մասնակցությամբ անձնական խուզարկության է ենթարկել թմրամիջոց ներնետելու կասկածանքով բերման ենթարկված Հովհաննես Չոլախյանին, որի վերաբերյալ 04.01.2013 թվականին կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Հովհաննես Չոլախյանին անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրություն, որոնցում բաց է թողել ընթերակաների մասին նշումները՝ արձանագրություններն ստորագրման ներկայացնելով միայն մասնակիցներին:

Այնուհետև, Սամվել Ալոյանը դարձյալ ընթերակաների բացակայության պայմաններում նույն օրը՝ ժամը 02.30-ի սահմաններում, Հովհաննես Չոլախյանից ստացել է մազի և ձեռքի եղունգների նմուշներ, որի վերաբերյալ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ 04.01.2013 թվականին Հ.Չոլախյանից փորձաքննության նմուշ վերցնելու և ստանալու մասին երկու արձանագրությունները, որոնք ստորագրման է ներկայացրել միայն վերջինիս՝ դրանում բաց թողնելով ընթերակաների վերաբերյալ նշումները:

Ս.Ալոյանը նույն օրը՝ արդեն ժամը 05.00-ի սահմաններում, հիմնարկի վարչական շենքում գտնվող իր աշխատասենյակում, հայտնաբերված փաթեթի զննության, անձնական խուզարկության ենթարկելու, փորձաքննության նմուշ ստանալու և փորձաքննության նմուշ վերցնելու արձանագրություններում իր կողմից թույլ տրված խախտման՝ առանց ընթերակաների մասնակցության գործողությունները կատարած լինելու հանգամանքը թաքցնելու, դրանք օրենքի պահանջներին համապատասխան կատարած լինելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով, մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ արձանագրություններում մտցրել է նշված գործողություններն՝ իբր ընթերականեր Քաջիկ Գրիգորյանի և Էլգա Նիկոլյանի մասնակցությամբ կատարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ, լրացրել է նրանց անձնական տվյալները, կեղծումներ է կատարել՝ ստորագրելով ընթերակաների փոխարեն և հանձնել է. նյութերին կցելով՝ հարուցել է թիվ 86150313 քրեական գործը և ըստ ենթակայության ուղարկել ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժին» (տե՛ս քրեական գործ թիվ 62215015, հատոր 2-րդ, թերթեր 195-204):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

10. Բողոքների հեղինակները նշել են, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 9-ի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված փաստերը հիմք են Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար:

Ի հիմնավորումն իրենց փաստարկների` բողոքներ բերած անձինք վկայակոչել են վերոնշյալ դատավճռով հաստատված փաստերն առ այն, որ Սամվել Ալոյանը, աշխատելով ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում որպես գլխավոր մասնագետ՝ հետաքննիչ, 2013 թվականի հունվարի 4-ին մեկ միասնական դիտավորությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ կազմել և հանձնել է պաշտոնական չորս փաստաթուղթ՝ դրանցում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ: Արդյունքում բողոքաբերները գտել են, որ Սամվել Ալոյանի կողմից կեղծված փաստաթղթերը` քրեակատարողական հիմնարկում հայտնաբերված փաթեթի զննության, Հովհաննես Չոլախյանին անձնական խուզարկության ենթարկելու, նրանից փորձաքննության նմուշներ ստանալու արձանագրությունները, անթույլատրելի ապացույցներ են, իսկ դրանց հիման վրա կատարված դատաքիմիական ու դատափաստաթղթաբանական փորձաքննությունների եզրակացությունները, ինչպես նաև իրեղեն ապացույցներ ճանաչված առարկաները չեն կարող դրվել դատապարտյալների մեղադրանքի հիմքում, քանի որ գտնվում են անթույլատրելի ապացույցների հետ պատճառահետևանքային կապի մեջ:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` դատապարտյալների պաշտպանները խնդրել են հարուցել Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշման վերանայման վարույթ, վերանայել վերոնշյալ որոշումը, ինչպես նաև բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռն ու Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հունվարի 13-ի որոշումը: Դատապարտյալ Հովհաննես Չոլախյանի պաշտպան Ս.Ազիզյանը խնդրել է Հ.Չոլախյանի նկատմամբ գործի վարույթը կարճել, իսկ դատապարտյալ Արթուր Պետրոսյանի պաշտպան Ա.Սահակյանը խնդրել է ճանաչել և հռչակել Ա.Պետրոսյանի անմեղությունն իրեն առաջադրված մեղադրանքում:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. թիվ ԿԴ/0007/01/16 գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 9-ի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված փաստերն արդյո՞ք նոր երևան եկած հանգամանք են Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշումը վերանայելու համար:

13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»:

Քսերաժն ընդդեմ Ալբանիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ «(…) Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր նվաճումն է, որի հիմնարար կողմերից է իրավական որոշակիության սկզբունքը, որը պահանջում է, ի թիվս այլնի, որ եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի (…):

(...) [Ի]րավական որոշակիության պահանջները բացարձակ չեն: Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով (…) կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ (…)» (տե՛ս Xհeraj v. Albania գործով 2008 թվականի հուլիսի 29-ի վճռի 51-52-րդ կետերը):

Մեկ այլ՝ Ռադչիկովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով իրավական որոշակիության սկզբունքի կարևորությունը, նշել է, որ «(…) քրեական գործերով վերանայման առանձնահատուկ համատեքստում իրավական որոշակիության սկզբունքի պահանջը բացարձակ չէ, և այս սկզբունքից շեղվող ցանկացած որոշում պետք է գնահատվի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետի լույսի ներքո, որն ուղղակիորեն թույլատրում է պետությանը նոր փաստերի կամ նախորդ վարույթում տեղ գտած` գործի ելքի վրա ազդող հիմնարար թերության հիմքով նորոգել գործի վարույթը» (Radchikov v. Russia գործով 2007 թվականի մայիսի 24-ի վճռի 42-րդ կետ):

14. Անդրադառնալով իրավական որոշակիության և կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքներին՝ Վճռաբեկ դատարանը Ժ.Սեֆիլյանի գործով որոշմամբ փաստել է, որ «(…) այնպիսի բացառիկ դեպքերում, երբ ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա, անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակը գերակայում է իրավական որոշակիության (res jսdicata) սկզբունքի և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) հիմնարար պահանջի (Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին կետ) նկատմամբ:

ՀՀ օրենսդիրը, ելնելով Եվրոպական կոնվենցիայի վերոհիշյալ դրույթներից, դրանցում նշված չափանիշներին և պայմաններին համապատասխան նախատեսել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու դատավարական ընթացակարգ» (նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման առանձնահատկությունների վերաբերյալ տե՛ս Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշումը):

15. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտում առանձնակի նշանակություն ունի խախտված կամ վիճարկվող իրավունքների, ազատությունների, օրինական շահերի, արժանապատվության պաշտպանությունը, ինչի ապահովման և երաշխավորման արդյունավետ միջոցների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում նոր երևան եկած հանգամանքով բացառիկ վերանայման ինստիտուտը: ՀՀ օրենսդիրը, ելնելով Եվրոպական կոնվենցիայի վերոհիշյալ դրույթներից, դրանցում նշված չափանիշներին և պայմաններին համապատասխան նախատեսել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ի թիվս այլնի, նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու դատավարական ընթացակարգ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած (…) հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած (…) հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե`

1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է (…) իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն.

(…)

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված և անօրինական դատավճիռ (…) կայացնելուն (…)»:

Մեջբերված քրեադատավարական նորմերի վերլուծությունից հետևում է, որ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը կարող են վերանայվել, ի թիվս այլնի, այն դեպքերում, երբ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվում է իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների, այլ փաստաթղթերի կեղծված լինելը կամ գործի քննությունը կատարող անձանց կողմից այնպիսի հանցավոր գործողությունների կատարումը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ գործի քննությունը կատարող անձանց հանցավոր գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի թե՛ 1-ին, թե՛ 3-րդ կետերով սահմանված հիմքերին (օրինակ` քննիչը կեղծել է որևէ քննչական գործողության արձանագրություն), համապատասխան հանգամանքը պետք է դիտարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի լույսի ներքո: Վերջին դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ օրենսդիրը որոշակի սուբյեկտների կողմից հանցավոր գործողությունների կատարումը, որպիսին կարող է լինել նաև ապացույցի կամ այլ փաստաթղթի կեղծումը, նախատեսել է առանձին նորմով, իսկ հանրաճանաչ սկզբունքի համաձայն` «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (lex specialis derogat legi generali):

16. Գործի փաստերից երևում է, որ Արթուր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում, առանց իրացնելու նպատակի, իր կողմից օգտագործելու համար Հովհաննես Չոլախյանի կողմից տվյալ քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետում կատարելու միջոցով իրացված առանձնապես խոշոր չափի հերոին տեսակի թմրամիջոց և խոշոր չափի ամֆետամին տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռքբերելու և պահելու համար, իսկ Հովհաննես Չոլախյանին՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի hերոին տեսակի թմրամիջոց և խոշոր չափի ամֆետամին տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռքբերելու, պահելու, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի մոտ փոխադրելու և նույն հիմնարկի թիվ 4 պահակակետի մոտից` պարսպի արտաքին կողմից ներնետելու միջոցով իրացնելու համար (տե՛ս սույն որոշման 7-7.1-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը դատապարտյալներ Ա.Պետրոսյանին և Հ.Չոլախյանին մեղավոր է ճանաչել վերը նկարագրված արարքների կատարման համար (տե՛ս սույն որոշման 2-4-րդ և 8-րդ կետերը): Դատապարտյալներ Հ.Չոլախյանին և Ա.Պետրոսյանին մեղսագրված արարքներն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, ի թիվս այլնի, ներնետված փաթեթը հայտնաբերելու և զննություն կատարելու, Հովհաննես Չոլախյանին բերման ենթարկելու և անձնական խուզարկության ենթարկելու՝ 2013 թվականի հունվարի 4-ի արձանագրությունների, դատաքիմիական փորձաքննության թիվ 13-0054 եզրակացության, դատափաստաթղթաբանական փորձաքննության թիվ 10321301 եզրակացության, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցների, ծխախոտի տուփի և փայլաթղթի հիման վրա (տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը):

Դատապարտյալ Հ.Չոլախյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ՝ հետաքննիչ Սամվել Ալոյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հունվարի 4-ին մեկ միասնական դիտավորությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ կազմել և հանձնել է պաշտոնական չորս փաստաթուղթ՝ դրանցում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ: Մասնավորապես, վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ հիմնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում առանց ընթերակաների մասնակցության, նույն հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ Մ.Վարդանյանի և պատասխանատու հերթապահ Ս.Պեպանյանի մասնակցությամբ զննության է ենթարկել հիմնարկ ներնետված փաթեթը, որի վերաբերյալ 04.01.2013 թվականին կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ քրեակատարողական հիմնարկում հայտնաբերված փաթեթի զննության մասին արձանագրությունը, որից հետո, կրկին ընթերակաների բացակայության պայմաններում, Մ.Վարդանյանի և նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Ց.Խաչատրյանի մասնակցությամբ անձնական խուզարկության է ենթարկել թմրամիջոց ներնետելու կասկածանքով բերման ենթարկված Հովհաննես Չոլախյանին, որի վերաբերյալ 04.01.2013 թվականին կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում Հովհաննես Չոլախյանին անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրություն, որոնցում բաց է թողել ընթերակաների մասին նշումները՝ արձանագրությունները ստորագրման ներկայացնելով միայն մասնակիցներին: Այնուհետև, դարձյալ ընթերակաների բացակայության պայմաններում Հովհաննես Չոլախյանից ստացել է մազի և ձեռքի եղունգների նմուշներ, որի վերաբերյալ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ 04.01.2013 թվականին Հ.Չոլախյանից փորձաքննության նմուշ վերցնելու և ստանալու մասին երկու արձանագրություններ, որոնք ստորագրման է ներկայացրել միայն վերջինիս՝ դրանում բաց թողնելով ընթերակաների վերաբերյալ նշումները: Հայտնաբերված փաթեթի զննության, անձնական խուզարկության ենթարկելու, փորձաքննության նմուշ ստանալու և փորձաքննության նմուշ վերցնելու արձանագրություններում իր կողմից թույլ տրված խախտման՝ առանց ընթերակաների մասնակցության գործողությունները կատարած լինելու հանգամանքը թաքցնելու, դրանք օրենքի պահանջներին համապատասխան կատարած լինելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով, մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ արձանագրություններում մտցրել է նշված գործողությունները՝ իբր ընթերականեր Ք.Գրիգորյանի և Է.Նիկոլյանի մասնակցությամբ կատարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ, լրացրել է նրանց անձնական տվյալները, կեղծումներ է կատարել՝ ստորագրելով ընթերակաների փոխարեն, հարուցել է թիվ 86150313 քրեական գործը և ըստ ենթակայության ուղարկել ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Վերոնշյալ փաստերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԿԴ/0007/01/16 գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 9-ի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ Հովհաննես Չոլախյանի և Արթուր Պետրոսյանի վերաբերյալ գործի քննությունը կատարող հետաքննիչի կողմից կատարվել են հանցավոր գործողություններ, այն է՝ կեղծվել են քննչական գործողությունների արձանագրությունները:

Այլ խոսքով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ Հ.Չոլախյանի և Ա.Պետրոսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 6-ի դատավճռի հիմքում դրված մի շարք ապացույցներ, այն է՝ քրեակատարողական հիմնարկում հայտնաբերված փաթեթի զննության, Հ.Չոլախյանին անձնական խուզարկության, նրանից փորձաքննության նմուշներ ստանալու մասին արձանագրությունները, կեղծված են, ինչը կարող էր հանգեցնել չհիմնավորված և անօրինական դատավճիռ կայացնելուն:

17. Նախորդ կետում կատարված փաստական վերլուծության նկատմամբ կիրառելով սույն որոշման 13-15-րդ կետերում շարադրված նորմերը և իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԿԴ/0007/01/16 գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 9-ի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված փաստերը նոր երևան եկած հանգամանք են Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշումը վերանայելու համար:

Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովհաննես Չոլախյանի և Արթուր Պետրոսյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հունվարի 13-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.3-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Հովհաննես Ժորայի Չոլախյանի և Արթուր Գևորգի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշումը վերանայել:

2. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հունվարի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

3. Հովհաննես Ժորայի Չոլախյանի և Արթուր Գևորգի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Լ. Թադևոսյան
    Հ. Ասատրյան
    Ե. Դանիելյան
    Ա. Պողոսյան
   

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան