ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2019 թվականի N 402-Ա
2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՑ 30-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, 2019 թվականի ապրիլի 29-ից 30-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`
1) ապահովել նիստի կազմակերպական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստել նիստի ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.
2) պաշտոնական պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրում:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել նիստի անցկացման վայրում շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունը, ըստ անհրաժեշտության՝ մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել նիստի անցկացման հետ կապված վայրերում հասարակական կարգի պահպանումը և ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանող հատուկ չվերթերի սպասարկումը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումն ու ճանապարհումը:
7. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ապահովել միջոցառումների անցկացման վայրերի հարակից տարածքների և փողոցների բարեկարգումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կատարվելիք կահավորման և նախապատրաստական այլ աշխատանքների, արարողակարգային միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 15 Երևան |