ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2012 թվականի N 173-Ն
ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ժգ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 27 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով կարգավորվում են սուրհանդակային կապի օպերատորների և այդ ծառայություններից օգտվողների միջև ծագած փոխհարաբերությունները, սահմանվում են սուրհանդակային կապի օպերատորների գործունեության կարգը, սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման սկզբունքները:
II. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները՝
1) ուղեկցող փաստաթուղթ` փաստաթուղթ, որը կցված է սուրհանդակային առաքանուն կամ փոխանցվում է սուրհանդակային առաքանու հետ, ներառում է ուղարկողի և ստացողի հասցեն ու հեռախոսահամարը, ինչպես նաև առաքանին բնորոշող տվյալները.
2) հաշվային քաշ` քաշ, որը հիմք է առաքման ծախսերի հաշվարկման համար, իրական և ծավալային քաշի համեմատության դեպքում հավասար մեծ քաշին.
3) առաքում` գործընթաց, որը ներառում է ուղարկողից սուրհանդակային առաքանու հավաքը կամ սուրհանդակային կապի օպերատորի գրասենյակից՝ տեսակավորումը, փոխադրումը և հանձնումն ստացողին.
4) սուրհանդակային առաքանի (այսուհետ` առաքանի)` համապատասխան փաթեթավորված և հասցեագրված մեկ կամ մի քանի միավոր առաքանի՝ մեկ ուղարկողից մեկ ստացողին առաքումով, որի երթուղուն և հանձնման գործընթացին կարելի է հետևել.
5) սուրհանդակային առաքանին տեղ հասցնելու մասին ծանուցում` առաքանու տեսակի և դրա հանձնման ժամկետի վերաբերյալ ծանուցման փոխանցում ստացողին.
6) հանձնում` առաքանու հանձնումն ստացողին.
7) լրացուցիչ ծառայություն` ծառայություն, որը սուրհանդակային կապի ծառայությանը տալիս է լրացուցիչ արժեք և իրականացվում է լրացուցիչ վճարով.
8) գնահատված առաքանի` լրացուցիչ ծառայություն, որի դեպքում առաքանու ներդրվածքի արժեքը գնահատվում է ուղարկողի կողմից: Գնահատված արժեքի գումարի առավելագույն չափը սահմանում է սուրհանդակային կապի օպերատորը.
9) վերաառաքում` լրացուցիչ ծառայություն, որը կարող է պատվիրել ինչպես ուղարկողը, այնպես էլ ստացողը` առաքանին մի հասցեից մեկ այլ հասցե տանելու համար.
10) զգույշ` լրացուցիչ ծառայություն, որի դեպքում առաքանու վրա նշվում է շուտ կոտրվող (փխրուն) առաքանու նշան, որի շնորհիվ ապահովվում է առաքանու զգույշ առաքումը.
11) վերադիր վճարով առաքում` սուրհանդակային առաքում, որի դեպքում ուղարկողը սուրհանդակային կապի օպերատորին կարող է լիազորել առաքանին տեղ հասցնելիս ստացողից գանձել վերադիր վճարի գումարը և այն փոխանցել առաքողի բանկային հաշվին.
12) անձամբ հանձնել` ծառայություն, որի դեպքում առաքանին անձամբ հանձնվում է ստացողին՝ ըստ ուղեկցող փաստաթղթի վրա նշված հասցեի.
13) ծավալային քաշ` քաշ, որն ստացվում է՝ առաքանու երկարության, բարձրության, լայնության արտադրյալը բաժանած 5000-ի.
14) սուրհանդակ` սուրհանդակային կապի օպերատորի աշխատող կամ անձ, որն իրականացնում է սուրհանդակային կապի ծառայություն կամ կատարում է սուրհանդակային կապի օպերատորի առաջադրանքը.
15) իրական քաշ` քաշ, որն ստացվում է առաքանին կշռելիս (կգ).
16) ստացող` անձ, ում հասցեում ուղարկողից հանձնվել է առաքանին.
17) ուղարկող` անձ, ով պատասխանատու է առաքանու ներդրվածքի համար, ում կամքով և ում անունից առաքանին հանձնվել է սուրհանդակային կապի օպերատորին.
18) պատվեր` ուղարկողի կողմից սուրհանդակային կապի օպերատորին միաժամանակ փոխանցվող մեկ կամ մի քանի առաքանի:
III. ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
3. Սուրհանդակային կապի ծառայություններն ստորաբաժանվում են՝ ներհանրապետական (ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար) և միջազգային (ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաքելու կամ այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար):
4. Ներհանրապետական սուրհանդակային կապի ծառայության տեսակներն են`
1) շտապ սուրհանդակային կապի ծառայությունը, որի դեպքում ստացողին առաքանին հանձնվում է ընդունումից հետո հաջորդ աշխատանքային օրվա 8.00-10.00 ժամանակահատվածում.
2) էքսպրես սուրհանդակային կապի ծառայությունը, որի դեպքում ստացողին առաքանին հանձնվում է ընդունումից հետո հաջորդ աշխատանքային օրվա 8.00-17.00 ժամանակահատվածում.
3) սովորական սուրհանդակային կապի ծառայությունը, որի դեպքում ստացողին առաքանին հանձնվում է ընդունումից հետո 3 օրվա ընթացքում:
5. Միջազգային սուրհանդակային կապի ծառայության տեսակները և դրանց մատուցման ժամկետները սահմանվում են սուրհանդակային կապի օպերատորի կողմից:
IV. ԱՌԱՔԱՆՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ
6. Առաքանու տեսակներն են`
1) ծրար՝ մինչև 0.3 կգ` փաստաթղթերով և այլ ներդրվածքով, մինչև Ա4 ֆորմատի ծրար, որի փաստացի և ծավալային քաշը չի գերազանցում 300 գրամը.
2) սուրհանդակային փաթեթ` փաթեթի կամ արկղի մեջ տեղադրված առաքանի, որի փաստացի և ծավալային քաշը գերազանցում է 300 գրամը.
3) թղթակցություն` թղթային տարբերակով տեղեկատվություն՝ առանց ապրանքային արժեքի.
4) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի N 1 հավելվածի 2-րդ հոդվածի 1-ին մասի 52-րդ կետով սահմանված էքսպրես-բեռը:
(6-րդ կետը լրաց. 29.08.19 N 1105-Ն)
V. ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՈՒՑԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
7. Սուրհանդակային կապի ծառայությունը և լրացուցիչ ծառայությունը վճարվում են սուրհանդակային կապի օպերատորի կողմից հաստատված գնացուցակի հիման վրա:
8. Սուրհանդակային կապի օպերատորը սուրհանդակային կապի ծառայության վճարի փոփոխության վերաբերյալ պետք է հասարակությանը տեղեկացնի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 30 օրացուցային օր առաջ:
9. Սուրհանդակային կապի ծառայության համար օգտվողը կարող է վճարել և՛ կանխիկ, և՛ ոչ կանխիկ հաշվից, այդ թվում` քարտով, բջջային հեռախոսով և այլ միջոցներով, կախված սուրհանդակային օպերատորի տեխնիկական հնարավորություններից:
10. Սուրհանդակային կապի օպերատորն ուղարկողին տրամադրում է վճարումը հաստատող փաստաթուղթ:
11. Սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողը սուրհանդակային օպերատորի հետ կնքված պայմանագրի համաձայն սուրհանդակային ծառայության դիմաց վճարում է սուրհանդակային առաքանին ստանալիս:
VI. ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՏՎԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
12. Սուրհանդակային կապի օպերատորը սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին մատուցում է ծառայություններ՝ պայմանագրային հիմունքներով:
13. Սուրհանդակային կապի օպերատորի սպասարկման գրասենյակի մուտքի մոտ տեղադրվում է ցուցանակ, որի վրա նշվում են սուրհանդակային կապի օպերատորի անվանումը և աշխատանքի ռեժիմը: Ցուցանակները գրվում են հայերենով, ցանկության դեպքում՝ նաև ռուսերենով կամ անգլերենով, կամ ֆրանսերենով:
14. Սուրհանդակային կապի օպերատորի սպասարկման գրասենյակների ներսում, օգտվողների համար մատչելի և տեսանելի վայրում պետք է լինի առաջարկությունների գիրքը, ինչպես նաև հետևյալ անհրաժեշտ տեղեկատվությունը`
1) սուրհանդակային կապի օպերատորի անվանումը և գտնվելու վայրը.
2) մատուցվող ծառայությունների ցանկը, դրանց մատուցման ժամկետները և սակագները.
3) առաքանիների հասցեագրման, փաթեթավորման և առաքման վճարման կարգը, դրանց համար սահմանված չափերը և առավելագույն քաշը.
4) առաքման համար արգելված առարկաների և նյութերի ցանկը.
5) սուրհանդակային կապի օպերատորների և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողների պատասխանատվության մասին.
6) սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի պատճենը:
15. Սուրհանդակային կապի ծառայության պատվերը կարելի է փոխանցել սուրհանդակային կապի օպերատորի գրասենյակում, ինչպես նաև՝ հեռախոսով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով:
16. Պատվերը պետք է ներառի հետևյալ տվյալները՝
1) առաքողի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը (ցանկության դեպքում), տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.
2) առաքանու տեսակը, քանակը, չափսերը, քաշը և հատուկ նշանները.
3) վճարի տեսակը:
17. Սուրհանդակային կապի օպերատորն առաքանու ընդունման ժամանակ առաքանին դրոշմում է այնպես, որպեսզի հնարավոր լինի հետևել դրա երթուղուն և հանձնման ժամկետին:
VII. ԱՌԱՔԱՆՈՒ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Ներհանրապետական առաքանիներով առաքվում են ներդրվածքներ, որոնց առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված չէ: Ներհանրապետական առաքանիներում առաքման համար արգելված առարկաների և նյութերի ցանկը սահմանված է «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
19. Միջազգային առաքանիներով առաքվում են ներդրվածքներ, որոնք արգելված չեն՝
1) ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք.
2) արտահանել Հայաստանի Հանրապետության տարածքից և ներմուծել նշանակման երկիր:
20. Միջազգային առաքանիներով առաքվող ապրանքների արգելումը և սահմանափակումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ:
21. Սուրհանդակային կապի օպերատորն իրավունք ունի հրաժարվելու այն առաքանու ընդունումից, որը չունի համապատասխան փաթեթավորում կամ ձևակերպում:
22. Յուրաքանչյուր առաքանի պետք է հասցեագրված լինի՝ ունենալով և՛ ուղարկողի, և՛ ստացողի տվյալները: Հասցեի տվյալները գրվում են առաքանու կամ ուղեկցող փաստաթղթի վրա:
23. Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող առաքանու վրա նշվող ուղարկողի և ստացողի հասցեները պետք է գրվեն հայերեն:
24. Միջազգային առաքանիների վրա հասցեները գրվում են լատինական տառերով, արաբական թվերով: Թույլատրվում է ստացողի հասցեն գրել նշանակման երկրի լեզվով՝ այն պայմանով, որ նշանակման երկրի անվանումը գրվի նաև հայերեն:
25. Հասցեում կրճատ անվանում, պայմանական տառ կամ նշան չպետք է լինեն, որոնք կարող են բարդացնել առաքանու մշակումը և հանձնումը:
26. Ուղարկողի և ստացողի հասցեների տվյալներն առաքանու վրա նշվում են հետևյալ կերպ՝
1) անունը (ֆիզիկական անձի անունը, հայրանունը և ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը).
2) փողոցը, շենքի, տան կամ բնակարանի համարը.
3) բնակավայրի անվանումը (քաղաքի, մարզի, գյուղի և այլն).
4) հեռախոսի կամ բջջային հեռախոսի համարը (առկայության դեպքում).
5) երկրի անվանումը (միջազգային առաքանիների համար):
27. Սուրհանդակային կապի ծառայությունը «ցպահանջ» կամ փոստային բաժանորդային արկղի հասցեով չի մատուցվում:
28. Պայմանագրային հաճախորդներին սուրհանդակային առաքման ժամանակ լրացվում է ձևաթուղթ, որն ստորագրում է ուղարկողը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը: Սուրհանդակը հաստատում է ընդունված առաքանու քանակը: Լիազոր անձ է համարվում յուրաքանչյուր անձ, որն առաքանին փոխանցում է ուղարկողի կողմից: Ձևաթղթի մեկ օրինակը մնում է ուղարկողի մոտ:
VIII. ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
29. Առաքանու համար փաթեթավորումն ընտրում է ուղարկողը: Առաքանին պետք է փաթեթավորվի` ելնելով առաքանու ներդրվածքից, քաշից, ձևից, առաքման ժամկետից:
30. Մինչև ստացողին հանձնելը՝ առաքանին պատկանում է ուղարկողին:
31. Ուղարկողը պատասխանատվություն է կրում արգելված կամ ոչ համապատասխան փաթեթավորման արդյունքում աշխատողներին, սարքավորումներին վնաս պատճառելու համար:
32. Փաթեթավորումը և ամրացումը պետք է`
1) ապահովեն առաքանու ներդրվածքը ճնշումից.
2) թույլ չտան վնասել առաքանու ներդրվածքը, առանց փաթեթավորումը վնասելու ստուգել առաքանու ներդրվածքը.
3) ապահովել ստացողի և սուրհանդակի անվտանգությունը.
4) թույլ չտալ վնասել այլ առաքանիները:
33. Շուտ կոտրվող և փխրուն ապրանքները պետք է փաթեթավորվեն ամուր ու տեղավորվեն դիմացկուն տարայի մեջ` այնտեղ նախօրոք լցնելով այնպիսի նյութեր, որոնք առաքանին կապահովեն կոտրվելուց, կբացառեն առաքանու տեղաշարժը տրանսպորտով տեղափոխելու ժամանակ:
34. Շուտ կոտրվող և փխրուն առաքանու համար կարող է պահանջվել լրացուցիչ ծառայություն՝ «զգույշ» նիշավորմամբ, որը սուրհանդակը դնում է առաքանին ընդունելիս: Եթե ուղարկողը հրաժարվում է լրացուցիչ ծառայությունից, ապա սուրհանդակը պատասխանատու չէ առաքանու ներդրվածքի համար:
35. Հեղուկ նյութերը թույլատրվում է ուղարկել միայն հերմետիկ փակվող տարայով: Յուրաքանչյուր տարա տեղադրվում է հատուկ դիմացկուն արկղի մեջ, որը տարան կպահպանի կոտրվելուց և այլ առաքանիները վնասելուց, և ուղարկողն անպայման պետք է նշի այն մասին, որ այն չի կարելի շրջել:
36. Փաստաթղթերը և թղթյա նյութերը դրվում են սուրհանդակային կապի օպերատորի տարբերանշանով ծրարի մեջ:
IX. ԱՌԱՔԱՆՈՒ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ
37. Առաքանին տեղ է հասցվում ուղեկցող փոստաթղթի վրա նշված հասցեով: Սուրհանդակն առաքանին հանձնում է ստացողին կամ նրա կողմից լիազորված անձին` ստորագրությամբ: Առաքանին ստացող անձը հաստատում է ստացումը և ուղեկցող փաստաթղթի վրա նշում՝
1) անունը և ազգանունը.
2) ստորագրությունը.
3) առաքանու հանձնման օրը և ժամը:
38. Ֆիզիկական անձ հանդիսացող ստացողին առաքանու վերաբերյալ հայտնում են հեռախոսով, եթե հեռախոսահամարը չի պատասխանում, կամ եթե որևէ սխալ կա, ապա սուրհանդակը տանում է առաքանին` առանց տեղեկացնելու:
39. Իրավաբանական անձ հանդիսացող ստացողին հեռախոսով չի տեղեկացվում առաքանու մասին, այլ այն տրվում է` ըստ հասցեի:
40. Եթե սուրհանդակին չի հաջողվում տեղում հանձնել առաքանին, ապա սուրհանդակն առաքանու վերաբերյալ ուղարկում է ծանուցում:
41. Ստացողը կամ ուղարկողը, լրացուցիչ վճար մուծելով, կարող է պատվիրել կրկնակի տեղ հասցնելը:
42. Ստացողը մինչև չստորագրի, որ ստացել է առաքանին, իրավունք չունի բացելու առաքանին՝ բացի այն դեպքերից, երբ վնասված առաքանու համար արդեն կազմվել է համապատասխան ակտ:
43. Ստացողն իրավունք ունի իր անունով եկած առաքանին ստանալուց հրաժարվել՝ առանց այն բացելու, ուղեկցող փաստաթղթի վրա ստորագրելով և ժամկետը նշելով: Եթե ստացողը հրաժարվում է կատարել նշումը, ապա համապատասխան նշումը կատարում է սուրհանդակը` այն հաստատելով իր ստորագրությամբ, և այն հավասարեցվում է ուղարկողի կողմից առաքանին ստանալուց հրաժարումից: Առաքանին ստանալուց հրաժարվելու դեպքում առաքանու վերադարձման ծախսերը կատարում է ուղարկողը:
44. Ֆիզիկական անձին հասցեագրված չգնահատված արժեքով սուրհանդակային առաքանին համարվում է տեղ հասցված, եթե այն հանձնվել է ստացողին կամ նրա տան անդամին` 16 տարեկանից բարձր տարիքով, համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում՝ բացառությամբ լրացուցիչ ծառայության «Հանձնել անձամբ» դեպքի:
45. Իրավաբանական անձին հասցեագրված չգնահատված արժեքով առաքանին համարվում է տեղ հասցված, եթե այն հանձնվել է իրավաբանական անձի օրինական ներկայացուցչին կամ լիազորված անձին:
46. Ֆիզիկական անձին հասցեագրված առաքանին, որը տեղ է հասցվել իրավաբանական անձի հասցեով, հանձնվում է այդ հասցեում գտնվող իրավաբանական անձի աշխատողին, եթե չի հաջողվել անձամբ հանձնել ստացողին: Աշխատողը, որն ստացել է նշված առաքանին, ուղեկցող փաստաթղթի վրա նշում է պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրում է և նշում ընդունման ամսաթիվը, հետո այն հանձնում է ստացողին՝ բացառությամբ լրացուցիչ ծառայության «Հանձնել անձամբ» դեպքի:
47. Գնահատված արժեքով առաքանին համարվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձին հանձնված, եթե այն հանձնվել է ստացողին կամ նրա լիազորված անձին՝ համապատասխան լիազորագրի առկայությամբ: Լիազորագիրը կցվում է ուղեկցող փաստաթղթին և մնում սուրհանդակի մոտ՝ բացառությամբ լրացուցիչ ծառայության «Հանձնել անձամբ» դեպքի:
48. Վերադիր վճարով առաքանին ստացողին է հանձնվում միայն վերադիր վճարի գանձումից հետո, և վճարի դիմաց տրվում է անդորրագիր:
49. Վնասված փաթեթավորմամբ կամ քաշի տարբերությամբ առաքանին լիազորված ներկայացուցչին է հանձնվում համապատասխան ակտով և բացվում է ստացողի կողմից՝ սուրհանդակի ներկայությամբ: Ստացողն ընդունում է որոշում առաքանուց հրաժարվելու, վերադարձնելու կամ հայտարարագրելու վերաբերյալ:
50. Եթե ստացողը հրաժարվում է առաքանուց, ապա այն չի պահվում սուրհանդակային կապի օպերատորի գրասենյակում և վերադարձվում է ուղարկողին:
51. Եթե սուրհանդակը չի կարողանում առաքանին հանձնել ստացողին, ապա այն 7 օր պահվում է, եթե պայմանագրով ավելի երկար ժամկետ նշված չէ, հետո վերադարձվում է ուղարկողին, և վերադարձի համար պահանջվում է վճար:
52. Եթե նշված է լինում «Վճարում է ստացողը», ապա ուղարկողը վճարում է առաքանու հանձնման, վերադարձի և պահպանության ծախսերը:
53. Առաքանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով վերադարձվում է հետադարձ հասցեով`
1) ուղարկողի դիմումի հիման վրա` մինչև ստացողին հանձնելը.
2) առաքանին ստացողի (օրինական ներկայացուցչի) կողմից ստանալուց հրաժարվելու դեպքում.
3) նշված հասցեում ստացողի բացակայության դեպքում.
4) ստացողի հասցեի անընթեռնելիության դեպքում (ջնջված, պոկված և այլն).
5) այլ հանգամանքների դեպքում, որոնք բացառում են սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման մասին պայմանագրին համապատասխան սուրհանդակային կապի օպերատորի կողմից իր պարտավորությունների կատարումը:
54. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող միջազգային առաքանիների մաքսային հսկողությունը և մաքսային ձևակերպումը, ինչպես նաև սուրհանդակային կապի օպերատորի կողմից միջազգային առաքանիների հանձնումը հասցեատիրոջը (օրինական ներկայացուցչին) իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխան:
55. Ուղարկողը կամ ստացողը գրավոր դիմումով կարող է երկարաձգել առաքանու պահպանման ժամկետները՝ մինչև մեկ ամիս: Դիմում գրող կողմը վճարում է առաքանու պահպանման համար:
X. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ԱՌԱՔԱՆԻՆ
56. Առաքանին հանձնվում է, եթե առկա է անձը հաստատող փաստաթուղթ:
57. Առաքանիները, որոնք հասցեագրված են մինչև 16 տարեկան անձանց, հանձնվում են անձը հաստատող վկայականի հիման վրա կամ օրինական ներկայացուցչի փաստաթղթի հիման վրա:
58. Առաքանին հանձնվում է միայն փաստաթղթերի բնօրինակների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարական վավերացմամբ պատճենների հիման վրա:
59. Առաքանու կորստի հատուցման և նյութական պատասխանատվության պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
XI. ՀԱՆՁՆՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՔԱՆՈՒ ԲԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
60. Հանձնման անհնարինության հետևանքով առաքանին կարող է բացվել`
1) առաքանու ներդրվածքի պահպանման կամ դրա վիճակը ճշտելու դեպքում.
2) առաքանու ներդրվածքից անձին կամ ապրանքներին հնարավոր վտանգ սպառնալու դեպքում:
61. Առաքանու բացման վերաբերյալ կազմվում է համապատասխան ակտ, որում նշվում է բացման պատճառը, մանրամասն նկարագրվում է առաքանու արտաքին տեսքը, նշվում է քաշը՝ մինչև ուղարկելը և բացելուց հետո, նշվում է, թե ներդրվածքից ինչն է պակաս, վնասված, պատռված և ինչ է հանձնվում:
62. Եթե առաքանին բացելուց հետո պարզվում է, որ այն պիտանի չէ հետագա օգտագործման կամ առաքման համար, ապա այն հանվում է և ոչնչացվում: Փչացած կամ վտանգավոր նյութերը հեռացնելուց հետո առաքանին ուղարկվում է ստացողին՝ համապատասխան կից ակտով: Ակտի պատճենն ուղարկվում է ուղարկողին:
XII. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ՔՆՆԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼԸ
63. Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում՝ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներն իրավունք ունեն սուրհանդակային կապի օպերատորին ներկայացնելու գրավոր պահանջ կամ բողոք, այդ թվում` պատճառված վնասը հատուցելու նպատակով:
64. Առաքանու չառաքման, առաքման սահմանված ժամկետի խախտման, առաքանու վնասվածքի կամ կորստի հետ կապված գրավոր պահանջը կամ բողոքը ներկայացվում է սուրհանդակային կապի օպերատորին՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, առաքանու հանձնման օրվանից կամ հանձնման համար սահմանված ժամկետի ավարտից սկսած: Ընդ որում, ժամկետի հաշվարկման երկու հիմքերի առկայության դեպքում ժամկետի ավարտ է համարվում ավելի ուշ լրացող ժամկետը:
65. Միջազգային առաքանու կորստի դեպքում դրա որոնման համար գրավոր պահանջները (բողոքը) ընդունվում և քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ու ժամկետներում:
66. Գրավոր պահանջը (բողոքը) ենթակա է գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գրավոր պահանջը (բողոքը) ներկայացնելիս՝ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողը (օրինական ներկայացուցիչը) պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ: Գրավոր պահանջին (բողոքին) կցվում են սուրհանդակային կապի ծառայության մատուցման մասին պայմանագրի պատճենը և (կամ) անդորրագրի պատճենը և (կամ) առաքանու ներդրվածքի նկարագրի ցուցակի պատճենը, ինչպես նաև սուրհանդակային կապի օպերատորի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանք հանդիսացող հիմնավորումները, իսկ պատճառված վնասի փոխհատուցման համար գրավոր պահանջ (բողոք) ներկայացվելու դեպքում` նաև պատճառված վնասի չափի մասին տեղեկությունները:
67. Գրավոր պահանջում (բողոքում) նշվում են՝
1) դիմումատուի (օրինական ներկայացուցչի) անունը, հայրանունը, ազգանունը.
2) պահանջի (բողոքի) էությունը:
68. Սուրհանդակային կապի օպերատորը պարտավոր է ուսումնասիրել գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
69. Սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողները գրավոր պահանջի (բողոքի) համար սուրհանդակային կապի օպերատորի հետ համաձայնության չգալու դեպքում կարող են դիմել փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:
70. Սուրհանդակային կապի օպերատորի կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման դիմաց վճարումը կատարվում է սուրհանդակային կապի օպերատորի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված ժամկետներում:
71. Պատճառված վնասի փոխհատուցումը դիմումատուին վճարելուց հետո առաքանու հայտնաբերման դեպքում այն հանձնվում է ստացող կողմին կամ վերադարձվում է ուղարկողին: Ընդ որում, դիմումատուից (ստացողից կամ ուղարկողից) գանձվում է պատճառված վնասի փոխհատուցման գումարը՝ բացառությամբ առաքանին ուշացումով առաքելու համար գանձվող գումարի: Եթե դիմումատուն հրաժարվում է վերադարձնել փոխհատուցման գումարը, այդ դեպքում առաքանին փոխանցվում է որպես չհանձնված առաքանի:
XIII. ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
72. Սուրհանդակային կապի օպերատորները պետք է ունենան սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով սպասարկման գրասենյակներ` սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին սպասարկելու համար:
73. Սուրհանդակային կապի օպերատորները սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով պետք է ունենան անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ:
74. Սուրհանդակային կապի օպերատորները պետք է ապահովեն սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից ընդունված առաքանու՝ փոխադրության ընթացքում պահպանությունը:
75. Սուրհանդակային կապի օպերատորների սպասարկման գրասենյակները պետք է հագեցված լինեն շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և անվտանգության ահազանգման համակարգերով:
(հավելվածը լրաց. 29.08.19 N 1105-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |