ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2012 թվականի N 211-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ժգ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով կարգավորվում են փոստային կապի ծառայություններ մատուցող փոստային կապի օպերատորների և այդ ծառայություններից օգտվողների միջև ծագած փոխհարաբերությունները, սահմանվում են փոստային կապի օպերատորների գործունեության իրականացման կարգը, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքները:
2. Այն դեպքերում, երբ փոստային կապի օպերատորները կատարում են դրամական միջոցների փոստային փոխադրություններ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիայի հիման վրա, ապա նմանատիպ փոխանցումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
II. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`
1) նամակ` գրավոր հաղորդագրությամբ, ինչպես նաև այլ ներդրվածքով փոստային առաքանի, որի չափերը, քաշը սահմանվում են սույն կանոնակարգով.
2) ծանրոց` փոստային առաքանի, որի չափերը, քաշն ու փաթեթավորման տեսակը սահմանվում են սույն կանոնակարգով, և ներդրվածքը առաքման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված չէ.
3) փոստային բացիկ` փոստային առաքանի՝ գրավոր հաղորդակցությամբ, հատուկ ձևաթղթի վրա, որն առաքվում է բաց.
4) փոստային հասցե` օգտվողի բնակության վայրը (հասցեն)՝ փոստային կապի համապատասխան օբյեկտի դասիչի նշումով.
5) փաթեթ` փոստային առաքանի, որը պարունակում է տպագիր հրատարակություններ, գործնական փաստաթղթեր և այլ առարկաներ, որի ներդրվածքը, չափերը, քաշը և փաթեթավորման տեսակը սահմանվում են սույն կանոնակարգով.
6) փոքր փաթեթ` միջազգային փոստային առաքանի, որը պարունակում է ապրանքների նմուշներ կամ ոչ մեծ առարկաներ, որոնց ներդրվածքը, չափերը, քաշը և փաթեթավորման տեսակը սահմանվում են սույն կանոնակարգով.
7) թերությամբ փոստային առաքանի՝ փոստային առաքանի, որի քաշը չի համապատասխանում փոստային առաքանու վրա նշված քաշին կամ, որի արտաքին հատկանիշներով կարելի է ենթադրել ներդրվածքի վնասված կամ փչացած լինելը (թաղանթի, կապի, կնիքի, ժապավենի և այլ վնասվածքներ).
8) օրինական ներկայացուցիչներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները.
9) միջազգային փոստափոխանակման վայր` փոստային կապի օբյեկտ, որն իրականացնում է արտերկրների փոստային կապի ադմինիստրացիաներից Հայաստանի Հանրապետության տարածքում ընդունված և բաց տարանցումով առաքվող միջազգային փոստային առաքանիների մշակումը, ինչպես նաև դրանց առաքումն ըստ նշանակության.
10) միջազգային պատասխան (փոխադարձ) կտրոն` Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի կողմից թողարկվող կտրոն` տպված հատուկ նշաններով թղթի վրա, որի վրա պատկերված է մեծատառերով «UPU» հապավումը.
11) «M» պարկ (հատուկ պարկ)` միջազգային փոստային առաքանի, որը պարունակում է տպագիր հրատարակություններ (թերթեր, պարբերական հրատարակություններ և այլն) և, որը մեկ ուղարկողի կողմից առաքվում է միևնույն ստացողին.
12) վերադիր վճարով փոստային առաքանի` գնահատված փոստային առաքանի, որն առաքվում է փոստային կապի օբյեկտների միջև և, որը տալու ժամանակ ուղարկողը հանձնարարում է փոստային կապի օբյեկտին՝ հասցեատիրոջից գանձել ուղարկողի կողմից սահմանված դրամական գումարը և այն առաքել ուղարկողի հասցեով.
13) փոստային առաքանի՝ հանձնման մասին ծանուցմամբ (միջազգային փոստափոխանակման ժամանակ փոստային առաքանի ստանալու մասին տեղեկացմամբ)` գրանցվող փոստային առաքանի, որը տալու ժամանակ ուղարկողը փոստային կապի օպերատորին հանձնարարում է իրեն կամ իր նշած անձին հաղորդել, թե երբ և ում է հանձնվել փոստային առաքանին կամ վճարվել դրամական միջոցների փոստային փոխադրության դիմաց.
14) արագընթաց փոստային ծառայություններ` գործողություն կամ գործունեություն՝ փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման, հանձնման իրականացման գծով, որն իրականացվում է առավել կարճ ժամկետներում:
III. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
4. Փոստային կապի ծառայությունները դասակարգվում են`
1) փոստային կապի ունիվերսալ ծառայությունների.
2) այլ ծառայությունների, այդ թվում`
ա. դրամական միջոցների փոստային փոխադրությունների ծառայություններ,
բ. միջազգային փոստային առաքանիների առաքման ծառայություններ,
գ. արագընթաց փոստային ծառայություններ,
դ. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի N 1 հավելվածի 2-րդ հոդվածի 1-ին մասի 52-րդ կետով սահմանված էքսպրես-բեռների առաքումը:
(4-րդ կետը լրաց. 29.08.19 N 1105-Ն)
5. Փոստային առաքանիները, կախված մշակման ձևից, ստորաբաժանվում են հետևյալ տարատեսակների`
1) հասարակ` ընդունվում է ուղարկողից՝ առանց նրան անդորրագիր հանձնելու և հասցեատիրոջը (օրինական ներկայացուցչին) հանձնվում է առանց ստորագրության.
2) գրանցվող (գնահատված, պատվիրված, սովորական)` ընդունվում է ուղարկողին՝ անդորրագրի հանձնումով և հասցեատիրոջը (օրինական ներկայացուցչին) հանձնվում է ստորագրությամբ՝ անձնագրի առկայության դեպքում:
6. Գրանցվող փոստային առաքանիները կարող են առաքվել ներդրվածքի ցուցակով, հանձնման մասին տեղեկացմամբ և վերադիր վճարով: Ներդրվածքի ցուցակով, հանձնման մասին տեղեկացումով և վերադիր վճարով փոստային առաքանու տեսակների ցանկը որոշվում է փոստային կապի օպերատորի կողմից:
7. Փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրություններն ստորաբաժանվում են՝ ներհանրապետական (ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար) և միջազգային (ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաքելու, այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու կամ տարանցիկով Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու համար):
8. Ներհանրապետական փոստային առաքանիները դասակարգվում են ըստ հետևյալ տեսակների`
1) նամակներ (հասարակ, պատվիրված, գնահատված).
2) փոստային բացիկներ (հասարակ, պատվիրված).
3) փաթեթներ (հասարակ, պատվիրված, գնահատված).
4) սեկոգրամներ (հասարակ, պատվիրված).
5) ծանրոցներ (հասարակ, գնահատված):
9. Միջազգային փոստային առաքանիները դասակարգվում են ըստ հետևյալ տեսակների`
1) նամակներ (հասարակ, պատվիրված, գնահատված).
2) փոստային բացիկներ (հասարակ, պատվիրված).
3) փաթեթներ (հասարակ, պատվիրված).
4) փոքր փաթեթ (հասարակ, պատվիրված).
5) սեկոգրամներ (հասարակ, պատվիրված).
6) «M» պարկ (հասարակ, պատվիրված).
7) ծանրոցներ (հասարակ, գնահատված):
10. Փոստային կապի օպերատորները, փոստային կապի ծառայությունների մատուցման ժամանակ (բացի փոստային կապի ունիվերսալ ծառայություններից) իրենց փոստային կապի ցանցի միջոցով առաքելիս, իրավունք ունեն սահմանելու փոստային առաքանիների առավելագույն չափերը, քաշը և թույլատրելի ներդրվածքը, որոնք առաքման համար արգելված չեն:
11. Փոստային առաքանին, որն առաքվում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում, պետք է համապատասխանի առավելագույն քաշի, թույլատրելի ներդրվածքի և առավելագույն ու նվազագույն չափերի հետևյալ պահանջներին՝
NN ը/կ |
Փոստային առաքանու տեսակը | Առավելագույն քաշը |
Թույլատրելի ներդրվածքը | Առավելագույն և նվազագույն չափերը |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | Փոստային բացիկ | 20 գ |
- |
առավելագույնը` 120 x 235 մմ նվազագույնը` 90 x 140 մմ |
2. | Նամակ | 2 կգ | գրավոր հաղորդագրություն |
առավելագույնը` 229 x 324 մմ նվազագույնը` 110 x 220 մմ կամ 114 x 162 մմ |
3. | Փաթեթ | 2 կգ | տպագիր հրատարակություններ, ձեռագրեր, լուսանկարներ |
առավելագույնը` երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ, ամենամեծ չափումը՝ 0.1 մ |
4. | Սեկոգրամ | 7 կգ |
գրավոր հաղորդակցություն և հրատարակություն` գրված սեկոգրաֆիայի ձևով |
առավելագույնը` երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ, ամենամեծ չափումը՝ 0.1 մ |
5. | Ծանրոց (հասարակ, գնահատված) | 20 կգ | կենցաղային և այլ նշանակության առարկաներ |
ցանկացած չափում՝ 1.05 մ ոչ ավելի, երկարության և առավելագույն լայնակի հատման պարագծի հանրագումարը՝ 2 մ ոչ ավելի, նվազագույնը` 110 x 220 մմ կամ 114 x 162 մմ |
12. Միջազգային փոստային առաքանին, որն առաքվում է միջազգային փոստափոխանակման շրջանակներում, պետք է համապատասխանի առավելագույն քաշի, թույլատրելի ներդրվածքի և առավելագույն ու նվազագույն չափերի հետևյալ պահանջներին՝
NN ը/կ | Փոստային առաքանու տեսակը | Առավելա- գույն քաշը | Թույլատրելի ներդրվածքը | Առավելագույն և նվազագույն չափերը |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | Փոստային բացիկ (հասարակ, պատվիրված) | 20 գ |
- |
առավելագույնը` 120 x 235 մմ նվազագույնը` 90 x 140 մմ |
2. | Նամակ (հասարակ, պատվիրված, գնահատված) | 2 կգ | գրավոր հաղորդակցություն, գործարար թղթեր, տարաբնույթ անդորրագրեր, հաշիվներ, լուսանկարներ, նոտարական գրասենյակների կողմից հաստատված փաստաթղթերի և տեղեկանքների պատճեններ, արժեթղթեր |
առավելագույնը` 229 x 324 մմ նվազագույնը` 110 x 220 մմ կամ 114 x 162 մմ |
3. | Փաթեթ (հասարակ, պատվիրված) | 5 կգ | տպագիր հրատարակություններ, ձեռագրեր, լուսանկարներ |
առավելագույնը` երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ, ամենամեծ չափումը՝ 0.1 մ |
4. | Սեկոգրամ (հասարակ, պատվիրված) | 7 կգ |
գրավոր հաղորդակցություն և հրատարակություն` գրված սեկոգրաֆիայի ձևով կլիշե` սեկոգրաֆիայի նշաններով կույրերի համար կազմակերպությունների կողմից ուղարկվող կամ այդպիսի կազմակերպություններին հասցեագրված ձայնագրություններ, հատուկ թուղթ, տիֆլոտեխնիկական միջոցներ |
առավելագույնը` երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ, ամենամեծ չափումը՝ 0.1 մ |
5. | Փոքր փաթեթ (հասարակ, պատվիրված) | 2 կգ | փոքր, չկոտրվող առարկաներ, կամ եզակի ապրանքների նմուշներ |
առավելագույնը` երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ, ամենամեծ չափումը՝ 0.1 մ |
6. | «M» պարկ (հասարակ, պատվիրված) | 30 կգ | մեկ ուղարկողի կողմից միևնույն հասցեատիրոջն ուղարկվող տպագիր հրատարակություններ |
առավելագույնը` երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ, ամենամեծ չափումը՝ 0.1 մ |
7. | Ծանրոց (հասարակ, գնահատված) | 20 կգ | կենցաղային և այլ նշանակության առարկաներ |
ցանկացած չափում՝ 1.05 մ ոչ ավելի, երկարության և առավելագույն լայնակի հատման պարագծի հանրագումարը՝ 2 մ ոչ ավելի, նվազագույնը` 110 x 220 մմ կամ 114 x 162 մմ |
IV. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Փոստային կապի օպերատորը փոստային կապի ծառայություններից օգտվողներին մատուցում է ծառայություններ՝ պայմանագրային հիմունքներով: Փոստային կապի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց փոստային կապի ծառայությունները մատուցվում են հրապարակային պայմանագրի միջոցով: Փոստային կապի օպերատորն իրավաբանական անձին փոստային կապի ծառայություններ մատուցում է՝ ինչպես հրապարակային, այնպես էլ՝ փոստային կապի օպերատորի և իրավաբանական անձի միջև կնքված երկկողմանի պայմանագրի միջոցով:
14. Փոստային կապի օբյեկտի մուտքի մոտ տեղադրվում է ցուցանակ, որի վրա նշվում են փոստային կապի օպերատորի անվանումը, օբյեկտի անվանումը, աշխատանքի ռեժիմը և նրա փոստային դասիչը: Ցուցանակները գրվում են հայերենով, անհրաժեշտության դեպքում՝ նաև օտար լեզվով:
15. Փոստային կապի օբյեկտների ներսում՝ օգտվողների համար մատչելի և տեսանելի վայրում պետք է լինի առաջարկությունների գիրքը, որը հաստատված է փոստային կապի օպերատորի կողմից, ինչպես նաև անհրաժեշտ հետևյալ տեղեկատվական նյութը`
1) փոստային կապի օպերատորի անվանումը և գտնվելու վայրը.
2) փոստային կապի օբյեկտի փոստային դասիչը և հասցեն.
3) մատուցվող ծառայությունների ցանկը, դրանց հսկիչ ժամկետները և սակագները.
4) դրամական միջոցների փոստային փոխադրությունների հասցեագրման և վճարման կարգը.
5) փոստային առաքանիների հասցեագրման, փաթեթավորման և առաքման վճարման կարգը, դրանց համար սահմանված չափերը և առավելագույն քաշը.
6) փոստային կապի օբյեկտում չհանձնված փոստային առաքանու և չվճարված դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանման ժամկետը.
7) առաքման համար արգելված առարկաների և նյութերի ցանկը.
8) փոստային կապի օպերատորների և փոստային կապի ծառայություններից օգտվողների պատասխանատվության մասին.
9) փոստային կապի ծառայությունների մատուցման լիցենզիայի պատճենը:
16. Փոստային կապի օբյեկտների ներսում, որտեղ մատուցվում են փոստային կապի ունիվերսալ ծառայություններ, լրացուցիչ տեղադրվում է փոստարկղ, որը նախատեսված է նամակագրական թղթակցության հավաքման համար, և նշվում է տեղեկատվություն`
1) փոստարկղերից նամակագրական թղթակցության հավաքման հաճախականության, դրա փոխադրման և հանձնման նորմատիվների մասին.
2) նամակագրական թղթակցության իրականացման հսկիչ ժամկետների մասին.
3) փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման գործընթացի մասին:
17. Փոստային կապի օբյեկտից դուրս գտնվող յուրաքանչյուր փոստարկղի վրա նշվում են փոստային կապի օպերատորի անվանումը, փոստարկղին տրված համարը, նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման շաբաթվա օրերը և ժամերը:
V. ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Ներհանրապետական փոստային առաքանիներով առաքվում են ներդրվածքներ, որոնց առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված չէ: Ներհանրապետական փոստային առաքանիներում առաքման համար արգելված առարկաների և նյութերի ցանկը սահմանված է «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
19. Միջազգային փոստային առաքանիներով առաքվում են ներդրվածքներ, որոնք արգելված չեն՝
1) ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք.
2) արտահանել Հայաստանի Հանրապետության տարածքից և ներմուծել նշանակման երկիր:
20. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների արգելումը և սահմանափակումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ:
21. Փոստային կապի ազգային օպերատորի կողմից դրամական միջոցների փոստային փոխադրություններն ընդունվում են Հայաստանի Հանրապետության դրամական արժույթով, ինչպես նաև՝ արտարժույթով:
22. Փոստային առաքանիներն ընդունվում են փաթեթավորված: Փոստային առաքանու փաթեթավորումը, կախված ներդրվածքի բնույթից, պետք է համապատասխանի փաթեթավորման նկատմամբ պահանջներին, առաքման պայմաններին և պետք է բացառի առաքանու մշակման ու փոխադրման ժամանակ ներդրվածքի, թաղանթի, կնիքների, կապարակնիքների, կապերի, ժապավենների վնասումը, մյուս փոստային առաքանիները փչացնելը և փոստի աշխատողին որևէ վնաս պատճառելը: Տարբեր տեսակի և կատեգորիայի փոստային առաքանիների փաթեթավորման նկատմամբ պահանջները, կախված ներդրվածքի բնույթից, սահմանվում են փոստային կապի օպերատորների կողմից:
23. Փոստային առաքանիներն ընդունվում են բաց՝ հետևյալ դեպքերում՝
1) եթե առաքման ժամանակ ներդրվածքի նկարագիրը ներկայացված է ցուցակով.
2) եթե կան կասկածներ, որ փոստային առաքանու մեջ առկա են առաքման համար արգելված առարկաներ կամ նյութեր:
24. Փոստային առաքանիների, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ձևաթղթերի վրա ուղարկողի կողմից նշվում են ուղարկողի և ստացողի ճշգրիտ հասցեները, հեռախոսահամարները (ցանկության դեպքում), անուններն ու ազգանունները:
25. Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող փոստային առաքանու վրա նշվող ուղարկողի և հասցեատիրոջ հասցեները պետք է ձևակերպվեն հայերենով:
26. Միջազգային փոստային առաքանիների վրա հասցեները գրվում են լատինական տառերով, արաբական թվերով: Թույլատրվում է ստացողի հասցեն գրել նշանակման երկրի լեզվով՝ այն պայմանով, որ նշանակման երկրի անվանումը գրվի նաև հայերենով:
27. Ստացողի հասցեն գրվում է փոստային առաքանու դիմային մասի ներքևի աջ մասում, իսկ ուղարկողի հասցեն՝ վերևի ձախ անկյունում: Հասցեն պետք է գրվի ընթեռնելի և առանց ուղղումների: Հասցեում չպետք է լինեն կրճատ անվանումներ և հասցեին չվերաբերող այլ նշաններ:
28. Փոստային առաքանիների և դրամական միջոցների փոստային փոխադրությունների ձևաթղթերի վրա հասցեները գրվում են հետևյալ կարգով`
1) իրավաբանական անձի համար` լրիվ անվանումը, իսկ ֆիզիկական անձի համար` ազգանունը, անունը, ցանկության դեպքում՝ նաև հայրանունը.
2) դրամական միջոցների փոստային փոխադրությունների համար` իրավաբանական անձին ուղարկվող կամ իրավաբանական անձից ընդունվող բանկային ռեկվիզիտները.
3) փողոցի անվանումը, շենքի համարը, բնակարանի համարը կամ տան համարը.
4) բնակավայրի անվանումը (քաղաքի, գյուղի և այլն).
5) մարզի անվանումը.
6) երկրի անվանումը (միջազգային փոստային առաքանիների համար).
7) փոստային դասիչը:
29. Փոստային առաքանիները, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունները կարող են հասցեագրվել ցպահանջ (փոստային առաքանու կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունների ձևաթղթերի վրա նշելով փոստային կապի օբյեկտի անվանումը, հասցեատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը) կամ բաժանորդային արկղ (փոստային առաքանու կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունների ձևաթղթերի վրա նշելով փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային անվանական պահարանի համարը, հասցեատեր ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը):
30. Միջազգային փոստային առաքանին ընդունվում և ձևակերպվում է սույն կանոնակարգի, «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Համաշխարհային փոստային միության կողմից ընդունված ակտերի և միջազգային փոստափոխանակման ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի համաձայն:
31. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության տարածքում այդ կազմակերպությունների ներկայացուցչությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող փոստային առաքանին, ինչպես նաև նշված կառույցներին հասցեագրված փոստային առաքանիները վճարվում և ձևակերպվում են որպես ներհանրապետական առաքանիներ, բայց մշակվում, փոխադրվում և հանձնվում են միջազգային փոստային առաքանիների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
32. Գրանցվող փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրությունները փոստային կապի օբյեկտներում ընդունվում են ուղարկողի հասցեի առկայության դեպքում: Գրանցվող փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունման ժամանակ ուղարկողին տրվում է անդորրագիր: Անդորրագրում նշվում են առաքանու կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունների տեսակը և տարատեսակը, հասցեատեր ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (իրավաբանական անձի անվանումը), նշանակման վայրի փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային առաքանու կամ դրամական միջոցների փոստային փոխադրության համարը:
VI. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԸ
33. Փոստային կապի ծառայությունների մատուցման համար վճարն ուղարկողից գանձվում է փոստային առաքանիների և դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունման ժամանակ գործող սակագներով:
34. Փոստային կապի ազգային օպերատորի կողմից ներհանրապետական և միջազգային սեկոգրամների վերգետնյա տրանսպորտով առաքման համար գումար չի գանձվում:
35. Փոստային կապի ազգային օպերատորի կողմից փոստային կապի ծառայությունների` հասարակ և գրանցվող նամակագրական թղթակցության առաքման համար, որպես վճարումը հաստատող միջոց, օգտագործվում են «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործողության մեջ դրված փոստային վճարման պետական նշանները:
36. Որպես փոստային վճարման պետական նշաններ՝ օգտագործվում են`
1) փոստային նամականիշերը, որոնք փակցվում են նամակագրական թղթակցության վրա կամ տպագրական եղանակով դրվում են փոստային ծրարների և փոստային բացիկների վրա.
2) ֆրանկոմեքենաների միջոցով դրվող փոստային վճարման պետական նշանների դրոշմվածքները.
3) տպագրական եղանակով դրվող այլ նիշեր, որոնք սահմանվում են փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից, և, որոնք հաստատում են փոստային կապի ծառայությունների վճարումը:
37. Փոստային վճարման պետական նշանների վրա հայերենով և լատինատառ նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆ» ու «ARMENIA» բառերը, անվանագինը և թողարկման տարեթիվը՝ արաբական թվերով: Բացի դրանից, կարող է նշվել նաև «ՓՈՍՏ» բառը` հայերեն կամ լատիներեն տպատառերով: Վճարման գումարը կարող է փոխարինվել այն մասին նշումով, որ վճարումը կատարվել է ամբողջովին` հայերենով և լատինատառ նշելով` «Հասույթը գանձված է» և «Taxe percսe»:
38. Փոստային վճարման պետական նշանները փակցվում են նամակագրական թղթակցության վերևի աջ անկյունում: Նամակագրական թղթակցության առաքման հաստատված սակագների համապատասխան նամականիշը փակցնելն ուղարկողի պարտականությունն է:
39. Արգելվում է մեկ նամականիշը մյուսի վրա փակցնելը: Նամականիշերը մարվում են օրացուցային դրոշմակնիքով, որպեսզի հնարավոր չլինի դրանց կրկնակի օգտագործումը: Նամականիշերը մարելիս՝ ստուգվում է փակցված նամականիշի և ծառայության սակագների համապատասխանությունը, որի դեպքում նամականիշի սակագինը չպետք է պակաս լինի ծառայության սակագնից:
40. Վաճառված փոստային վճարման պետական նշանները հետ չեն ընդունվում և չեն փոխանակվում: Գործողությունից հանված, վնասված, կրկնակի սոսնձված, անօրինական եղանակով մարված փոստային նամականիշերը, ինչպես նաև օտարերկրյա փոստային նամականիշերը չեն օգտագործվում փոստային կապի ծառայությունների մատուցման վճարման հաստատման համար:
41. Միջազգային նամակագրական թղթակցության առաքման դիմաց ծառայությունների վճարման համար սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան կարող են ներկայացվել Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի կողմից թողարկվող միջազգային պատասխան կտրոններ: Փոստային առաքանու ընդունման ժամանակ ներկայացված միջազգային պատասխան կտրոնները փոխանակվում են փոստային նամականիշերով` օդային տրանսպորտով առաքվող՝ մինչև 20 գրամ քաշ ունեցող մեկ միջազգային հասարակ նամակի արժեքին համապատասխան:
42. Փոստային առաքանին և դրամական միջոցների փոստային փոխադրություններն ընդունվում են փոստային կապի օբյեկտներում: Հասարակ նամակագրական թղթակցությունը, բացառությամբ սեկոգրամների, որի առաքման ծառայության վճարումը վավերացված է փոստային նամականիշերով, կարող է գցվել փոստարկղ:
43. Փոստարկղ գցված, փոստային կապի ծառայության դիմաց լրիվ վճարը չհաստատված նամակները, փոստային բացիկները և փաթեթները չեն ուղարկվում ըստ նշանակման և, առանց նամականիշերը մարելու, վերադարձվում են ուղարկողին՝ լրիվ վճարման համար, իսկ ուղարկողի հասցեի բացակայության դեպքում` փոխանցվում են չհանձնված առաքանիների թվին: Ֆրանկոմեքենաների և դրոշմավորող մեքենաների կլիշեների դրոշմվածքներով և տպագրական եղանակով դրված փոստային վճարման այլ նշաններով փոստային կապի ծառայությունների վճարումը հաստատող նամակագրական թղթակցությունն ընդունվում է փոստային կապի օպերատորի կողմից սահմանված փոստային կապի օբյեկտներում:
VII. ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔԱՆԻՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
44. Փոստային առաքանիները հանձնվում և դրամական միջոցների փոստային փոխադրությունները վճարվում են դրանց վրա նշված հասցեին համապատասխան կամ տրվում են փոստային կապի օբյեկտներում:
45. Իրավաբանական անձանց հասցեագրված փոստային առաքանիների հանձնման և դրամական միջոցների փոստային փոխադրությունների վճարման այլ կարգը կարող է որոշվել իրավաբանական անձանց և փոստային կապի օպերատորի միջև կնքված համապատասխան պայմանագրի համաձայն:
46. Եթե փոստային կապի օպերատորի և փոստային կապի ծառայություններից օգտվողների միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա, փոստային առաքանու վրա նշված հասցեներին համապատասխան, փոստային բաժանորդային պահարանների, փոստային բաժանորդային արկղերի, փոստային անվանական պահարանների մեջ գցվում են՝
1) հասարակ փոստային առաքանիները.
2) գրանցվող փոստային առաքանիների և դրամական միջոցների փոստային փոխադրությունների մասին տեղեկացումները.
3) փոստային առաքանիների հանձնման և դրամական միջոցների փոստային փոխադրությունների վճարման մասին հասարակ ծանուցումները.
4) հասարակ փոստային առաքանիների մասին տեղեկացումներն այն դեպքում, երբ փոստային առաքանիների չափերը թույլ չեն տալիս դրանք գցել փոստային բաժանորդային պահարանի կամ բաժանորդային փոստարկղի մեջ:
47. «Ցպահանջ» հասցեագրված հասարակ փոստային առաքանու և գրանցված փոստային առաքանին հանձնվում, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունները վճարվում են ստացողին (օրինական ներկայացուցչին)՝ միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
48. Փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրություններն ստացողին (օրինական ներկայացուցչին) հանձնելու կամ վճարելու անհնարինության դեպքում դրանք մինչև մեկ ամիս պահպանվում են փոստային կապի օբյեկտում: Պահպանման ժամկետը կարող է երկարաձգվել ուղարկողի կամ ստացողի (օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն:
49. Առաջին տեղեկացումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոստային առաքանին և դրամական միջոցների փոստային փոխադրություններն ստանալու համար ստացողի չներկայանալու դեպքում ստացողի ստորագրությամբ նրան է հանձնվում երկրորդ տեղեկացումը:
50. Գրանցվող փոստային առաքանին փոստային կապի օբյեկտում մեկ աշխատանքային օրվանից ավելի պահելու դեպքում` երկրորդ տեղեկացումը հանձնելուց հետո, չհաշված հանձնման օրը, հասցեատիրոջից գանձվում է գումար` սահմանված սակագներին համապատասխան:
51. Սահմանված պահպանման ժամկետը լրանալուց հետո հասցեատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից չստացված հասարակ նամակագրական թղթակցությունը փոխանցվում է որպես չպահանջված փոստային առաքանի: Եթե հասցեատերը չի ստանում գրանցված փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրությունները, ապա դրանք հետ են առաքվում ուղարկողին` նրա հաշվին, եթե փոստային կապի օպերատորի և ծառայությունից օգտվողի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Եթե ուղարկողը փոստային առաքանին հետ ստանալուց և առաքման համար նախատեսված գումարը վճարելուց հրաժարվում է, ապա, «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, այն փոխանցվում է ժամանակավոր պահպանման` համարելով չպահանջված:
52. Փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով վերադարձվում են հետադարձ հասցեով`
1) ուղարկողի դիմումի հիման վրա` մինչ ստացողին հանձնելը.
2) փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրություններն ստացողի (օրինական ներկայացուցչի) կողմից ստանալուց հրաժարվելու դեպքում.
3) նշված հասցեում ստացողի բացակայության դեպքում.
4) ստացողի հասցեի անընթեռնելիության դեպքում (ջնջված, պոկված և այլն).
5) այլ հանգամանքների դեպքում, որոնք բացառում են, փոստային կապի ծառայությունների մատուցման մասին պայմանագրին համապատասխան, փոստային կապի օպերատորի կողմից իր պարտավորությունների կատարումը:
53. Գրանցվող փոստային առաքանին և դրամական միջոցների փոստային փոխադրությունները վերադարձնելու կամ կրկին առաքելու համար գանձվում է վճար, որի չափը, նոր հասցեով առաքելու դեպքում, որոշվում է վերադարձի օրը գործող սակագնով:
54. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող միջազգային փոստային առաքանիների մաքսային հսկողությունը և մաքսային ձևակերպումը, ինչպես նաև փոստային կապի օպերատորի կողմից միջազգային փոստային առաքանիների հանձնումը հասցեատիրոջը (օրինական ներկայացուցչին) իրականացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխան:
55. Միջազգային փոստային առաքանիները, որոնց ներդրվածքի վրա միջազգային փոստափոխանակման վայրում գտնվող մաքսային մարմնի կողմից հաշվարկվել են մաքսային վճարներ, հասցեատերերին (օրինական ներկայացուցիչներին) հանձնվում են միայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան հաշվարկված մաքսային վճարների վճարումից հետո:
56. Փոստարկղից հանված հասարակ փոստային առաքանին, որի վրա բացակայում է հասցեն կամ հասցեն գրված է ոչ լրիվ, կրճատ, անընթեռնելի, վնասված, և այդ պատճառով հնարավոր չէ ուղարկել նշանակման վայր կամ վերադարձնել ուղարկողին, «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տրվում է ժամանակավոր պահպանման` որպես չպահանջված:
57. Թերություններով փոստային առաքանին ձևակերպվում և հանձնվում է փոստային կապի օպերատորի կողմից սահմանված կարգով:
VIII. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
58. Փոստային կապի ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ փոստային կապի ծառայություններից օգտվողներն իրավունք ունեն փոստային կապի օպերատորին ներկայացնելու գրավոր պահանջ կամ բողոք, այդ թվում` պատճառված վնասը հատուցելու նպատակով:
59. Փոստային առաքանին չառաքելու, առաքման սահմանված ժամկետի խախտման, փոստային առաքանու վնասվածքի կամ կորստի, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունները չվճարելու հետ կապված գրավոր պահանջը կամ բողոքը ներկայացվում է՝ ինչպես փոստային առաքանին ուղարկողից ընդունող փոստային կապի օպերատորին, այնպես էլ՝ փոստային առաքանու նշանակման վայրի փոստային կապի օպերատորին՝ վեց ամսվա ընթացքում՝ փոստային առաքանու ուղարկման կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունների հանձնման օրվանից սկսած:
60. Միջազգային փոստային առաքանու կորստի դեպքում դրա որոնման համար գրավոր պահանջները (բողոքը) ընդունվում և քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ու ժամկետներում:
61. Գրավոր պահանջը (բողոքը) ենթակա է գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գրավոր պահանջը (բողոքը) ներկայացնելիս՝ փոստային կապի ծառայություններից օգտվողը (օրինական ներկայացուցիչը) պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ: Գրավոր պահանջին (բողոքին) կցվում են փոստային կապի ծառայության մատուցման մասին պայմանագրի պատճենը կամ հրապարակային պայմանագրի կնքման փաստը հավաստող այլ փաստաթուղթ (անդորրագիր, ներդրվածքի նկարագրի ցուցակ), ինչպես նաև՝ փոստային կապի օպերատորի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանք հանդիսացող հիմնավորումներ, իսկ պատճառված վնասի փոխհատուցման համար գրավոր պահանջ (բողոք) ներկայացվելու դեպքում` պատճառված վնասի չափի մասին տեղեկությունները:
62. Գրավոր պահանջում (բողոքում) նշվում են՝
1) դիմումատուի (օրինական ներկայացուցչի) անունը, հայրանունը, ազգանունը.
2) պահանջի (բողոքը) էությունը.
3) անդորրագրի պատճենը և (կամ) փոստային առաքանու ներդրվածքի նկարագրի ցուցակի պատճենը և (կամ) պայմանագրի պատճենը:
63. Փոստային կապի օպերատորը պարտավոր է ուսումնասիրել գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանել՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
64. Փոստային կապի ծառայություններից օգտվողները գրավոր պահանջի (բողոքի) համար փոստային կապի օպերատորի հետ համաձայնության չգալու դեպքում կարող են դիմել փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
65. Փոստային կապի օպերատորի կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման դիմաց վճարումը կատարվում է փոստային կապի օպերատորի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված ժամկետներում:
66. Պատճառված վնասի փոխհատուցումը դիմումատուին վճարելուց հետո փոստային առաքանու հայտնաբերման դեպքում այն հանձնվում է ստացող կողմին կամ վերադարձվում է ուղարկողին: Ընդ որում, դիմումատուից (ստացողից կամ ուղարկողից) գանձվում է պատճառված վնասի փոխհատուցման գումարը՝ բացառությամբ փոստային առաքանին ուշացումով առաքելու համար գանձվող գումարից: Եթե դիմումատուն հրաժարվում է փոխհատուցման գումարը վերադարձնել, այդ դեպքում փոստային առաքանին փոխանցվում է որպես չհանձնված առաքանի:
IX. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
67. Փոստային կապի օպերատորները պետք է ունենան սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով սպասարկման գրասենյակներ` փոստային կապի ծառայություններից օգտվողներին սպասարկելու համար:
68. Փոստային կապի օպերատորները փոստային կապի ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով պետք է ունենան անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ:
69. Փոստային կապի օպերատորները պետք է ապահովեն փոստային կապի ծառայություններից օգտվողներից ընդունված փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը:
70. Փոստային կապի օպերատորների սպասարկման գրասենյակները պետք է հագեցված լինեն շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և անվտանգության ահազանգման համակարգերով:
71. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում փոստային կապի օպերատորները պետք է ծառայությունների մատուցումն ապահովեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
(հավելվածը լրաց. 29.08.19 N 1105-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |