ՎԵԼԻԵՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2010թ. հունիսի 24-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Դիմողը ծնվել է 1964 թվականին և նախկինում բնակվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
8. Ներկայումս նա ազատազրկված է պատիժը կրում էց IK-4 կալանավայրում` Ռուսաստանի Վալդիմիրի Վյազնիկ քաղաքում:
A. Դիմողի նկատմամբ իրականացված քննությունները
1. Դիմողին ձերբակալելու և կալանավորելու` 2004թ. փետրվարի 28-ի որոշումը:
9. 2004թ. փետրվարի 26-ին դիմողը ձերբակալվել է 8 այլ անձանց հետ մեկտեղ` կազմակերպված զինված կողոպուտի մի քանի կետերով նախատեսված հանցագործությունների մասնակցելու կասկածանքով:
10. Այդ օրվանից նա գտնվել է կալանքի տակ:
11. 2004թ. փետրվարի 28-ին Վլադիմիրի շրջանի Ֆրունզսկի շրջանային դատարանը լսել է դատախազի և դիմողի դիրքորոշումները և որոշում է կայացրել դիմողին ձերբակալելու և նախնական կալանքի տակ վերցնելու մասին:
12. Դատարանն ուսումնասիրել է գործի նյութերը և նշել, որ դիմողը կասկածվում է հատկապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ, Ռուսաստանում չունի մշտական բնակության վայր, աշխատանք կամ գրանցում, հանդիսանում է այլազգի, նշվել է նաև, որ առկա են հիմքեր կասկածելու, որ ազատության մեջ գտնվելու դեպքում դիմողը կարող է խուսափել արդարադատությունից կամ շարունակել իր քրեական գործունեությունը, և որ դիմողի նկատմամբ խափանման պակաս խիստ միջոցների կիրառումն այս դեպքում արդարացված չի լինի:
13. Գործի նյութերից հետևում է, որ դիմող չի բողոքարկել կալանքի մասին որոշումը:
14. 2004թ. մարտի 2-ին դիմողին ներկայացվել է մեղադրանք կազմակերպված զինված կողոպուտի հոդվածի մի քանի կետերով նախատեսված հանցագործությունների մասնակցելու համար:
15. Արդյունքում, չհստակեցված օր դիմողը ներառվել է այլ գործում` կապված Վլադիմիրի, Իվանովի և Սարատովի շրջաններում դիմողի քրեական գործունեության հետ:
2. Կալանքի ժամկետի երկարացումը մինչև 2004թ. հուլիսի 6-ը
16., Լսելով դիմողի, նրա փաստաբանի և դատախազի փաստարկները` Շրջանային դատարանը 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ դիմողի կալանքը երկարացրել է մինչև 2004թ. հուլիսի 6-ը` ընդհանուր առմամբ 4 ամիս և 10 օր տևողությամբ:
17. Դատարանը նշել է 2004թ. փետրվարի 28-ի որոշման մեջ նշված միևնույն հիմքերը` ավելացնելով, որ դիմողը կարող է ճնշում գործադրել մյուս հանցակիցների նկատմամբ, կատարի ապացույցները ոչնչացնելու փորձ կամ այլ կերպ խոչընդոտի քննությանը:
18. Որոշման մեջ նաև նշվել է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել Վլադիմիրի, Իվանովոյի և Սարատովի շրջանների դիմողի քրեական գործունեության հետ կապված քննությունները: Դատախազի գնահատմամբ` այդ գործողությունները կարող էին տևել մինչև երկու ամիս և 10 օր: Դատարանը քննել է գործի նյութերը` համակցությամբ և համաձայնել է քննիչի փաստարկներին:
19. Դիմողն այս որոշումը չի բողոքարկել:
3. Կալանքի ժամկետի երկարացումը մինչև 2004թ. սեպտեմբերի 6-ը
20. 2004թ. հուլիսի 6-ին Շրջանային դատարանը մինչդատական կալանը երկարացրել է մինչև 2004թ. սեպտեմբերի 6-ը` ընդհանուր առմամբ 6 ամիս և 10 օրով: Դատարանը նկատել է, որ դիմողը կասկածվել է ծանր հանցագործություն կատարելու մեջ, չի ունեցել աշխատանք և գործի նյութերից բխել է, որ պահանջվել է շարունակել գործով քննությունը:
21. Համաձայն դատարանի` հիմք է եղել հավատալու, որ դիմողը կարող է դիմել փախուստի, շարունակել իր քրեական գործունեությունը կամ խոչընդոտել գործի քննությանը:
22. Պարզ չէ, թե արդյոք դատարանը լսել է դիմողի կամ նրա փաստաբանի փաստարկները, կամ արդյոք այս որոշման դեմ ներկայացվել է բողոք:
23. 2004 օգոստոսի 25-ին դիմողին առաջադրվել են այլ մեղադրանքներ ուրիշ գործերով:
4. Կալանքի ժամկետի երկարացումը մինչև 2004թ. նոյեմբերի 6-ը
24. 2004թ. սեպտեմբերի 6-ին դիմողի նախնական կալանքը Շրջանային դատարանի կողմից երկարացվել է մինչև 2004թ. նոյեմբերի 6-ը` ընդհանուր առմամբ 8 ամիս ժամկետով: Դատարանը ներկայացրել է իր նախորդ որոշումներում նշված պատճառաբանությունները:
25. Պարզ չէ, թե արդյոք դատավորը լսել է դիմողի կամ նրա փաստաբանի փաստարկները, կամ արդյոք այս որոշումը բողոքարկվել է, թե` ոչ:
5. Կալանքի ժամկետը երկարացումը մինչև 2004թ. դեկտեմբերի 6-ը
26. 2004թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ Շրջանային դատարանը դիմողի նախնական կալանքը կրկին երկարացրել է մինչև 2004թ. դեկտեմբերի 6-ը` նշելով իր նախկին որոշումներում առկա պատճառաբանությունները: Դիմողի կալանքի ընդհանուր տևողությունը եղել է 9 ամիս և 10 օր:
27. Պարզ չէ, թե արդյոք դատարանը լսել է դիմողի կամ նրա փաստաբանի փաստարկները կամ արդյոք այս որոշումը բողոքարկվել է, թե` ոչ:
6. Կալանքի ժամկետի երկարացումը մինչը 2005թ. փետրվարի 6-ը
28. 2004թ. դեկտեմբերի 6-ին Շրջանային դատարանը նախնական կալանքը երկարացրել է մինչև 2005թ. փետրվարի 6-ը` ընդհանուր առմամբ 11 ամիս և 10 օրով: Դատարանը հիմնավորել է որոշումը նախկինում նշված իր պատճառաբանություններով:
29. Պարզ չէ, թե արդյոք դատարանը լսել է դիմողի կամ նրա փաստաբանի փաստարկները, կամ թե արդյոք որոշումը բողոքարկվել է, թե` ոչ:
7. Առաջին մեղադրական եզրակացությունը և 2005թ. հունվարի 27-ի որոշումը
30. 2005թ. հունվարի 11-ին ինը հանցակիցների, այդ թվում` դիմողի նկատմամբ իրականացված քննությունն ավարտվել է, և դատախազը մեղադրական եզրակացությունը` գործի նյութերով հանդերձ, ուղարկել է դատարան` քննության:
31. 2005թ. հունվարի 27-ին Վլադիմիրի շրջանային դատարանը գործը պատրաստել է քննության և հայտնաբերելով տարբեր թերություններ քննության առումով` որոշել է գործը վերադարձնել դատախազին:
32. Այդ թերությունները ներառել են հետևյալը. ատենակալների դատարանում կասկածյալներին քննության հետ կապված իրենց իրավունքներին չծանոթացնելը, որոշման բացակայությունը` կապված այն հարցի հետ, թե արդյոք անհրաժեշտ է եղել անջատել գործերը` հաշվի առնելով այն փաստը, որ որոշ մեղադրյալներ նախընտրել են ատենակալների դատարանի կողմից քննությունը, և վերջապես, որոշ անհամապատասխանություններ և թերություններ փաստացի եզրակացություններում, որոնք ներկայացվել են դատախազի կողմից մեղադրական եզրակացությունում:
33. Դատարանը նկատել է, որ գործով բոլոր մեղադրյալները պետք է մնան կալանքի տակ, քանի որ նրանց ազատ արձակելու հիմքեր առկա չեն: Դատարանը չի նշել կալանքի որոշ հստակ ժամկետ: ՈՐոշումը ներկայացվել է բոլոր կասկածյալներին միասնաբար, առանց քննարկելու նրանց յուրաքանչյուրին առնչվող գործի հանգամանքները: Այս որոշումը կայացնելիս դատարանը հիմնվել է Քրեական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի վրա:
34. 2005թ. փետրվարի 3-ին` բողոքարկման 10-օրյա ժամկետն ավարտվելիս դատարանը դատախազին է վերադարձրել գործի նյութերը:
8. Դիմողի` իրեն ազատ արձակելու մասին 2005թ. միջնորդությունը, երկրորդ մեղադրական եզրակացությունը և քննությունը կասեցնելու` 2005թ. մարտի 28-ի որոշումը
35. 2005թ. մարտի 4-ին, կատարելով բոլոր անհրաժեշտ ուղղումները և փոփոխությունները, դատախազությունը գործի նյութերն ուղարկել է դատարան` քննության:
36. Չհստակեցված օրը դատարանը որոշում է կայացրել 2005թ. մարտի 28-ին նշանակելու մասին գործով նախնական դատաքննություն: Չի երևում, որ դիմողի կալանքի առթիվ կայացված լինի որևէ որոշում:
37. 2005թ. մարտի 10-ին դիմողն իր փաստաբանի միջոցով միջնորդություն ներկայացրել իրեն ազատ արձակելու մասին: Միջնորդության մեջ նշվել է, որ կալանքը երկարացնելու մասին 2005թ. փետրվարի 6-ի որոշման համար բավարար հիմքեր առկա չեն եղել:
38. Այս միջնորդությունը քննարկվել և մերժվել է Շրջանային դատարանի կողմից 2005թ. մարտի 28-ի նախնական դատաքննության ընթացքում: Դատարանը որոշել է, որ գործի քննությունը պետք է կասեցվի, քանի որ մեղադրյալներից մեկը` պարոն Դ.Գ.Կ.-ն, լուրջ հիվանդ է, իսկ մեկ այլ մեղադրյալ` պարոն Ա.Ա.Գ.-ն, չի կարող մասնակցել քննությանը, քանի որ նա ներգրավված է այլ հանցագործություններով իրականացվող քննություններում: Դատարանը նկատել է, որ հնարավոր չի եղել քննել դիմողի գործն առանձին` մյուս մեղադրյալներից անջատ, և որ Քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ կետում նշված 6-ամսյա վաղեմության ժամկետը դեռևս չի ավարտվել:
39. Դիմողի կալանքի օրինականության առթիվ դատարանը նշել է, որ մինչև 2005թ. հունվարի 11-ը, երբ գործն ուղարկվել է դատարան, դիմողը «կալանավորված է եղել նախնական քննության ընթացքում», իսկ այդ օրվանից հետո նա եղել է «կալանավորված դատական քննության ընթացքում»: Հաշվի առնելով դատարանի 2005թ. հունվարի 27-ի որոշումը, որով գործը վերադարձվել էր դատախազին` 2005թ. փետրվարի 3-ին, դիմողը կրկին կալանավորվել է «նախնական քննության ընթացքում»: 2005թ. մարտի 4-ին գործը կրկին ուղարկվել է դատարան, և դիմողը կալանավորվել է «դատաքննության ընթացքում»: Ապա դատարանը նշել է հետևյալ պատճառաբանությունները.
«Քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ընտրվում է կալանքի ձևով խափանման միջոցը …, ապա կալանքի ժամկետն սկսվում է այն օրվանից, երբ գործը հասնում է դատարան և մինչև դատավճիռն այն չպետք է գերազանցի վեց ամիսը, բացառությամբ վերը նշված հոդվածի 3-րդ մասում հատուկ նշված դեպքերի: Տվյալ դրույթը նշանակում է, որ գործը դատարան հասնելիս մեղադրյալը համարվում է կալանավորված դատաքննության ընթացքում:
Քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործը քննող դատարանը կարող է վերը նշված վեց ամիսն ավարտվելիս երկարացնել կալանքի ժամկետը: Միևնույն ժամանակ, նման երկարացումը հնարավոր է, եթե միայն գործը վերաբերում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների, և ամեն անգամ` երեք ամսից ոչ ավել ժամկետով:
Այն պահին, երբ գործը հասել էր դատարան, այն է` 2005թ. մարտի 4-ին, դիմողը համարվել է դատաքննության ընթացքում կալանավորված, 255-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված 6-ամսյա ժամկետը դեռևս չէր ավարտվել: Դատարանը գտնում է, որ առկա չէ այս առթիվ ներպետական օրենսդրության որևէ խախտում»:
40. 2005թ. մարտի 28-ի որոշումը դիմողն իր փաստաբանի միջոցով բողոքարկել է Գերագույն դատարանում 2005թ. ապրիլի 7-ին:
41. 2005թ. հունիսի 20-ին, այն է` 74 օր հետո, Ռուսաստանի Գերագույն դատարանը քննել է և մերժել դիմողի բողոքը: Որոշումը ուղարկվել է բոլոր մեղադրյալներին.
«[դիմողը և 8 այլ անձ] քննիչի կողմից կասկածվում են այնպիսի հանցագործությունների կատարման մեջ, որոնք ներառում են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:
Կալանքի ձևով խափանման միջոց ընտրելու պատճառ դարձած հանգամանքները չեն փոխվել: Հաշվի առնելով որոշման մեջ ներկայացված պատճառաբանությունները` դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ չկան հիմքեր դիմողին ազատ արձակելու կամ պակաս խիստ խափանման միջոց ընտրելու համար, որի պատճառով դատարանը կայացրել է որոշումը:
Դատարանը չի տեսնում պատճառներ իր որոշումը փոխելու համար»:
9. Քննությունը վերսկսելու մասին 2005թ. հունիսի 20-ի որոշումը
42. 2005թ. հունիսի 20-ին Շրջանային դատարանը վերսկսել է գործի քննությունը և որոշում կայացրել գործի նախնական դատաքննությունը 2005թ. հուլիսի 11-ին նշանակելու մասին:
10. Կալանքի երկարացումը երեք ամիս ժամկետով` մինչև 2005թ. հոկտեմբերի 18-ը
43. Հաշվի առնելով այն փաստը, որ 255-րդ հոդվածի 3-ր դ մասում նշված 6-ամսյա ժամկետը մոտ է եղել ավարտին` 2005թ. հուլիսի 11-ին Շրջանային դատարանը երկարացրել է դիմողի կալանքը մինչև 2005թ. հոկտեմբերի 18-ը: Դատարանը ներկայացրել է միևնույն պատճառաբանությունները:
44. 2005թ. հուլիսի 11-ի որոշումը դիմողի կողմից բողոքարկվել է Գերագույն դատարան իր փաստաբանի միջոցով` 2005թ. հուլիսի 18-ին:
45. 2005թ. սեպտեմբերի 15-ին, այն է` 2 ամիս և հինգ օր անց, Գերագույն դատարանը քննել է բողոքը և որոշել անփոփոխ թողնել 2005թ. հուլիսի 11-ի որոշումը: Դատարանն ըստ էության հիմնվել է այն փաստի վրա, որ դիմողի գործին առնչվող հանգամանքները չեն փոխվել, և որ քննությունը չէր կարող ավարտվել «օբյեկտիվ պատճառներով»: Կրկին դատարանն անդրադարձել է բոլոր մեղադրյալներին միասին` առանց առանձին քննարկելու նրանցից յուրաքանչյուրին առնչվող հանգամանքները:
11. Գործը հետագա քննության ուղարկելու մասին 2005թ. հուլիսի 19-ի որոշումը
46. 2005թ. հուլիսի 19-ին Շրջանային դատարանն իրականացրել է գործի նախնական քննությունը և որոշել է այն վերադարձնել դատախազին: Դատարանը գործն ուղարկել է լրացուցիչ քննության` նշելով քննիչի կատարած աշխատանքում առկա մի շարք թերություններ` ներառյալ մեղադրյալների իրավունքների բազմակի խախտումները:
47. Նույն որոշմամբ դատարանը որոշել է անփոփոխ թողնել դիմողի նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Դատարանն ուղել է որոշումը` բոլոր մեղադրյալներին միասին` առանց առանձին քննարկելու նրանցից յուրաքանչյուրին առնչվող հանգամանքները: Դատարանը նշել է հետևյալ պատճառաբանությունները.
«…Բոլոր մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցն ընտրելիս դատարանն այն կարծիքին է, որ նրանք մեղադրվում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ, չունեն մշտական բնակության վայր Վլադիմիրի մարզում և մեղադրական եզրակացության համաձայն` հանցագործություն են կատարել` լինելով հանցավոր խմբի մաս, այդ իսկ պատճառով նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է մնա անփոփոխ»:
48. 2005թ. հուլիսի 19-ի որոշումը դիմողի կողմից Գերագույն դատարան է բողոքարկվել իր փաստաբանի միջոցով` 2005թ. հուլիսի 25-ին:
49. 2005թ. հոկտեմբերի 6-ին, այն է` 2 ամիս և 18 օր անց, Գերագույն դատարանը քննել է և մերժել դիմողի բողոքը: Դատարանը ուղղել է այդ որոշումը բոլոր կասկածյալներին միասին` առանց առանձին քննարկելու նրանց առնչվող հանգամանքները: Այն անփոփոխ է թողել 2005թ. հուլիսի 19-ի որոշումը` նշելով որ.
«…[Դիմողի] նկատմամբ ընտրված կալանքի ձևով խափանման միջոց ընտրելու համար հիմք հանդիսացած հանգամանքները չեն փոխվել, դրա կիրառման անհրաժեշտությունը չի վերացել…»:
12. Կալանքի ժամկետի երկարացումը մինչև 2005թ. սեպտեմբերի 23-ը
50. Շրջանային դատարանը 2005թ. սեպտեմբերի 2-ին, երբ գործը գտնվում էր քննիչի մոտ, որոշում է կայացրել դիմողի կալանքի ժամկետը երկարացնել ևս 20 օրով` մինչև 2005թ. սեպտեմբերի 23-ը: Այն նշել է կալանքի միևնույն պատճառները, ինչ բոլոր որոշումներում: Հատկապես, այն նշել է.
«Կալանքի ժամկետի երկարացումն արդարացված է օբյեկտիվ պատճառներով և բավականին հիմնավոր է: [Դիմողը] մեղադրվում է մի շարք հանցագործություններ կատարելու մեջ, ներառյալ` առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք եղել են հասարակության համար առանձնապես վտանգավոր, դիմողը չի ունեցել Ռուսաստանում մշտական բնակության վայր, այդ իսկ պատճառով կան հիմքեր կասկածելու, որ ազատության մեջ նա կարող է շարունակել իր հանցավոր գործունեությունը, խուսափել քննությունն իրականացնող մարմիններից կամ խոչընդոտել քննության իրականացմանը: Նման հանգամանքներում չկան հիմքեր փոխելու կամ վերացնելու խափանման միջոցը…»:
51. 2005թ. սեպտեմբերի 5-ին դիմողն իր փաստաբանի միջոցով բողոք է ներկայացրել Շրջանային դատարան` 2005թ. սեպտեմբերի 2-ի որոշման դեմ:
52. 2005թ. հոկտեմբերի 4-ին Շրջանային դատարանն անփոփոխ է թողել 2005թ. սեպտեմբերի 2-ի որոշումը: Դատարանը նշել է, որ դիմողի կալանքը եղել է օրինական, և որ.
«…[դիմողի] նկատմամբ կալանքի փոխարեն այլ, առավել մեղմ խափանման միջոց նշանակելու անհնարինությունը մի քանի անգամ արդարացվել դատարանի որոշումներում, և կալանքի համար հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել…»:
13. Կալանքի ժամկետի երկարացումը մինչև 2006թ. հունվարի 1-ը
53. 2005թ. սեպտեմբերի 22-ին Շրջանային դատարանը գործը դեռևս քննիչի մոտ եղած ժամանակ դարձյալ երկարացրել է դիմողի կալանքը մինչև 2006թ. հունվարի 1-ը:
54. 2005թ. սեպտեմբերի 22-ի որոշումը դիմողի կողմից բողոքարկվել է իր փաստաբանի միջոցով` 2005թ. սեպտեմբերի 23-ին:
55. 2005թ. դեկտեմբերի 8-ին Գերագույն դատարանը որոշել է անփոփոխ թողնել Շրջանային դատարանի 2005թ. սեպտեմբերի 22-ի որոշումը` նշելով, որ «[դիմողը] մեղադրվել է մի շարք հանցագործությունների կատարման համար, որոնց թվում են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ», և որ դիմողի կալանքը եղել է և շարունակում է մնալ օրինական և արդարացված:
14. 2005թ. նոյեմբերի 11-ի` գործը դատական քննության ուղարկելու մասին որոշումը
56. 2005թ. նոյեմբերի 11-ին դատախազն ավարտել է քննությունը և ուղարկել գործը դատական քննության:
57. 2005թ. դեկտեմբերի 5-ին Շրջանային դատարանը որոշում է կայացրել գործը նշանակել նախնական դատական քննության: Դատարանը մերժել է դիմողի միջնորդությունն իրեն ազատ արձակելու վերաբերյալ, և որոշել է, որ դիմողը պետք է շարունակի մնալ կալանքի տակ` հիմնվելով հիմնականում նախկինում նշված նույն պատճառաբանությունների վրա:
58. 2005թ. դեկտեմբերի 13-ին դիմողն իր փաստաբանի միջոցով բողոք է ներկայացրել Գերագույն դատարան` 2005թ. դեկտեմբերի 22-ի որոշման դեմ:
59. 2005թ. դեկտեմբերի 15-ին դատական նիստը հետաձգվել է մինչև 2005թ. դեկտեմբերի 22-ը` ամբաստանյալ Դ.Գ.Կ.-ի և նրա փաստաբանի բացակայության պատճառով:
60. 2005թ. դեկտեմբերի 22-ին դատական նիստը վերսկսվել է: Դատարանը որոշել է շարունակել գործի քննությունը 2006թ. հունվարի 12-ին, քանի որ վեց փաստաբաններն զբաղված են եղել այլ գործերով:
61. 2006թ. հունվարի 12-ին դատարանը որոշել է հետաձգել դատական նիստը մինչև 2006թ. հունվարի 23-ը` ամբաստանյալ Դ.Գ.Կ.-ի հիվանդության և բացակայության պատճառով:
62. 2006թ. հունվարի 23-ին նիստը կրկին հետաձգվել է ամբաստանյալ Դ.Գ.Կ.-ի, որոշ վկաների և մեկ փաստաբանի բացակայության պատճառով:
63. 2006թ. հունվարի 25-ին նշանակված նիստը հետաձգվել է դիմողի փաստաբանի հիվանդության պատճառով:
64. 2006թ. փետրվարի 1-ին նիստը վերսկսվել է, սակայն կրկին հետաձգվել է մինչև հաջորդ օրը փաստաբաններից մեկի շարունակել չկարողանալու պատճառով:
65. 2006թ. փետրվարի 3-ին նիստը վերսկսվել է: Նիստի ավարտին որոշվել է շարունակել այն 2006թ. փետրվարի 9-ին, քանի որ այդ երկու օրերի արանքում եղել են ինչ-որ պետական տոներ, իսկ փաստաբաններից մեկը, ինչպես նաև թարգմանիչներից մեկն զբաղված են եղել այլ գործերով:
66. 2006թ. փետրվարի 9-ի նիստը տեղի է ունեցել, ինչպես որ նախատեսվել էր: Դրա ավարտին դատարանը որոշել է գործի քննությունը շարունակել 2006թ. փետրվարի 14-ին:
67. 2006թ. փետրվարի 14-ին գործի քննությունը վերսկսվել է:
68. Հաջորդ նիստը տեղի է ունեցել 2006թ. փետրվարի 27-ին, քանի որ դիմողի փաստաբանը, թարգմանիչներից մեկը և դարձյալ փաստաբաններից մեկն զբաղված են եղել և ավելի վաղ չեն կարողացել ներկայանալ:
69. 2006թ. փետրվարի 27-ին նիստը տեղի է ունեցել` ինչպես որ նախատեսվել էր:
70. Նիստերը վերսկսվել են 2006թ. մարտի 3-ին և 6-ին:
71. 2006թ. մարտի 9-ին և 17-ին նշանակված նիստերը տեղի են ունեցել, քանի որ բացակայել է փաստաբաններից մեկը:
72. 2006թ. մարտի 22-ին Գերագույն դատարանն անփոփոխ է թողել 2005թ. դեկտեմբերի 5-ի որոշումը (տե՛ս վերը` կետ 58)` կրկին ուղղելով այն բոլոր մեղադրյալներին` առանց առանձին քննարկելու նրանցից յուրաքանչյուրին վերաբերող հանգամանքները:
73. Դատական նիստերը վերսկսվել են 2006թ. մարտի 21, 22 և 23-ին:
74. 2006թ. մարտի 27-ին կալանավայրի ղեկավարությունը դատարան չի բերել մեղադրյալ Ա.Ա.Գ.-ին, և դատարանն ստիպված դատական նիստը հետաձգել է մինչև 2006թ. ապրիլի 3-ը:
75. 2006թ. ապրիլի 3-ին և 6-ին նիստերը տեղի չեն ունեցել փաստաբաններից մեկի հիվանդության պատճառով:
76. 2006թ. ապրիլի 11,12, 14 և 24-ին նիստերը տեղի չեն ունեցել մեղադրյալներից մեկի հիվանդության և թարգմանիչներից մեկի և փաստաբաններից երեքի բացակայության պատճառով:
77. Գործի քննությունը վերսկսվել է 2006թ. ապրիլի 26, 27 և 28-ին:
78. 2006թ. մայիսի 4-ին դատարանը չի կարողացել շարունակել նիստը փաստաբաններից մեկի հիվանդ լինելու պատճառով: Որոշվել է հետաձգել նիստը մինչև 2006թ. մայիսի 12-ը:
15. Կալանքի ժամկետի երկարացումը մինչև 2006թ. օգոստոսի 14-ը
79. 2006թ. մայիսի 12-ին Շրջանային դատարանը երկարացրել է դիմողի կալանքը ևս երեք ամսով մինչև 2006թ. օգոստոսի 14-ը: Դատարանը կրկին հիմնվել է նախորդ որոշումներում ներկայացված պատճառաբանությունների վրա:
80. Դատարանը չի կարողացել շարունակել գործի քննությունը թարգմանիչներից մեկի բացակայության պատճառով, քանի որ վերջինս զբաղված է եղել մեկ այլ գործով:
81. 2007թ. մայիսի 17-ին նիստը վերսկսվել է:
82. 2006թ. մայիսի 17-ին դիմողը բողոքարկել է 2006թ. մայիսի 12-ի որոշումը:
83. 2006թ. մայիսի 12-ի որոշումն անփոփոխ է թողնվել Գերագույն դատարանի 2006թ. հուլիսի 27-ի որոշմամբ` կրկին նշելով միևնույն պատճառաբանությունները:
16. Կալանքի ժամկետը երկարացումը մինչև 2006թ. նոյեմբերի 14-ը
84. 2006թ. հուլիսի 25-ին Շրջանային դատարանը որոշում է կայացրել դիմողի կալանքի ժամկետը երկարացնել մինչև 2006թ. նոյեմբերի 14-ը: Դատարանը կրկին նշել է միևնույն պատճառաբանությունները` ուղղելով որոշումը գործով մի շարք մեղադրյալների: Ի պատասխան դիմողի փաստարկների` կապված կալանքի վատթար պայմանների հետ, դատարանը նշել է, որ դիմողը չի ներկայացրել որևէ ապացույց այդ պայմանների վատթար լինելու վերաբերյալ:
85. 2006թ. հուլիսի 31-ին 2006թ. հուլիսի 25-ի որոշումը բողոքարկվել է դիմողի կողմից:
86. 2006թ. հոկտեմբերի 19-ին Գերագույն դատարանը մերժել է բողոքը: Դատարանը մերժել է նաև կալանքի վատթար պայմանների հետ կապված բողոքը` համարելով այն անհիմն:
17. Կալանքի ժամկետի երկարացումը մինչև 2006թ. դեկտեմբերի 14-ը
87. 2006թ. նոյեմբերի 7-ին Շրջանային դատարանը գործով մի շարք մեղադրյալների, այդ թվում` նաև դիմողին առնչվող իր որոշմամբ երկարացրել է դիմողի կալանքը` այս անգամ մինչև 2006թ. դեկտեմբերի 14-ը:
18. Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և վերաքննիչ վարույթը
88. 2006թ. նոյեմբերի 14-ին դիմողը` ութ այլ մեղադրյալների հետ մեկտեղ, Շրջանային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ծանրացնող հանգամանքներում կողոպուտ կատարելու, բանդիտիզմի և զենքի ապօրինի առուծախի, պահման և օգտագործման մեջ, և դատապարտվել է ազատազրկման 12 տարի և 6 ամիս ժամկետով: Արդյունքում` նրանք կողոպտված ապրանքը վաճառել են տեղական խանութներում: Ապացույցները ներառել են Կենտրոնական Ռուսաստանի տարբեր շրջաններից հավաքված իրեր, բանավոր կամ գրավոր ցուցմունքներ` տրված 40 վկաների և 9 տուժողների կողմից:
89. 2006թ. նոյեմբերի 14-ի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ այն բանից հետո, երբ Գերագույն դատարանն իր` 2007թ. հունիսի 21-ի որոշմամբ այն թողել է անփոփոխ: Դիմողը փաստարկներ է ներկայացրել իր կալանքի վատթար պայմանների մասին, սակայն դատարանը մերժել է դրանք` համարելով անհիմն:
B. Դիմողի կալանքի պայմանները IZ-33/1 կալանավայրում
90. 2004թ. փետրվարի 26-ից դիմողը գտնվել է կալանքի տակ:
91. Այդ օրից մինչև 2004թ. մարտի 4-ը դիմողը կալանքի տակ է գտնվել Ներքին գործերի նախարարության ժամանակավոր կալանքի Վլադիմիր քաղաքի վարչության` մասնաճյուղում:
92. 2004թ. մարտի 4-ից 2007թ. օգոստոսի 31-ը նա պահվել է նախնական կալանքի տակ IZ-33/1 կալանավայրում:
93. 2007թ. օգոստոսի 31-ից նա պահվել է IK-4 ուղղիչ հիմնարկում:
1. Դիմողի փաստարկները IZ-33/1-ում կալանքի պայմանների վերաբերյալ
94. Դիմողը հայտարարել է, որ ինքը պահվել է թիվ 39, 19, 55, 36 և 32 բանտախցերում: Թիվ 39 բանտախուցն ունեցել է 32 քառ. մետր տարածություն, 24 մահճակալ, 35-40 բանտարկյալ` ամբողջ ժամանակ: Թիվ 19 բանտախուցն ունեցել է 24 քառ. մետր տարածություն, 30 մահճակալ, 15-17 բանտարկյալ: Թիվ 55 բանտախուցն ունեցել է 56 քառակուսի մետր տարածություն, 35 մահճակալ, 32-62 կալանավոր: Թիվ 36 բանտախուցն ունեցել է 48 քառակուսի մետր տարածությունս, 35 մահճակալ և 35-40 կալանավոր: Թիվ 32 բանտախուցն ունեցել է 48 քառակուսի մետր, 30 մահճակալ և 30-ից ոչ ավելի կալանավոր:
95. Բոլոր բանտախցերում զուգարանները տեղավորված են եղել ճաշելու համար նախատեսված սեղանի կողքին և եղել են շատ կեղտոտ: Չի եղել ոչ մի զուգարանային պարագա, ինչպես, օրինակ, զուգարանի թուղթ, ատամի մածուկ, ատամի խոզանակ կամ օճառ: Դրանցից ոչ մեկը չի տրամադրվել կալանավայրի տնօրինության կողմից: Չի եղել օդափոխիչ սարք, իսկ կալանավորներից շատերը եղել են ծխողներ: Բանտախցերում օդը եղել է շատ խոնավ: Բանտախցերը լեցուն են եղել մկներով, տիզերով և միջատներով: Չի եղել բնական լուսավորություն, որի պատճառով անհնարին է եղել կարդալ կամ գրել: Յուրաքանչյուր բանտախցի օրական տրամադրվել է մեկ դույլ տաք ջուր: Հնարավոր է եղել շաբաթը մեկ անգամ ընդունել 15 րոպե տևողությամբ ցնցուղ: Կալանավորները չեն ունեցել մաքուր ջուր խմելու հնարավորություն. խմել են կոյուղաջուր: Բանտախցերը չեն մաքրվել: Զբոսանքներն իրականացվել են սահմանափակ տարածքում, որը գրեթե ամբողջությամբ ծածկված եղել է ծածկապատ:
2. Կառավարության դիրքորոշումը IZ-33/1-ում կալանքի պայմանների վերաբերյալ
96. Կառավարությունը մեկնաբանություն է ներկայացրել միայն 2004թ. դեկտեմբերի 15-ից սկսվող ժամանակահատվածի առթիվ:
97. Սկսած այդ օրվանից մինչև 2007թ. օգոստոսի 31-ը դիմողը կալանքի տակ է գտնվել թիվ 55 կալանավայրում, որն ունեցել է 46.68 քառակուսի մետր տարածություն, 16 մահճակալ: Կառավարությունը ներկայացրել է 2008թ. մարտի 19-ի մի փաստաթուղթ, որում կալանավայրի տնօրենը նշել է, որ իր ավագ աշխատողներից մեկի հավաստմամբ տվյալ ժամանակահատվածում բանտախցում մնացել է 12-16 կալանավոր: Միևնույն ժամանակ, այն ընդունել է, որ բանտախուցը եղել է ինչ-որ չափով «մարդաշատ»:
98. Դիմողն ունեցել է առանձին քնելու տեղ և անկողին: Թիվ 55 բանտախուցը ունեցել է երկու ապակեպատ պատուհան, որոնցից ներս է թափանցել բնական լույս: Համաձայն Կառավարության` բանտախցում զուգարանն առանձնացված է եղել մնացած տարածքից, կանոնավոր կերպով եղել է ջուր և ջեռուցում: Դիմողը սնվել է օրը երեք անգամ և ունեցել է օրական մեկ կամ երկու ժամ զբոսնելու հնարավորություն:
99. 2008թ. մարտի 27-ի նամակում` ուղղված Դատարանին, Դատավճիռների կատարման դաշնային ծառայության Վլադիմիրի շրջանային վարչությունը հայտարարել է, որ դիմողի կալանքի ընթացքում IZ-33/1 կալանավայրը եղել է մարդաշատ, սակայն պնդել է, որ նման մարդաշատությունը եղել է աննշան, և առաջարկել է վճարել դիմողին 4,085 ռուսական ռուբլի (RUB) փոխհատուցում կրած վնասների դիմաց:
II. Համապատասխան ներպետական օրենսդրություն
A. Նախնական կալանքի հիմնարկներում ռեժիմի կանոնները (հաստատված Արդարադատության նախարարության` 2000թ. մայիսի 12-ի թիվ 148 որոշմամբ)
100. 42-րդ Կանոնը նախատեսում է, որ կալանքի տակ գտնվող բոլոր կասկածյալները և մեղադրյալները, այլ պարագաների թվում, պետք է ունենան. անկողին, այդ թվում` մեկ ներքնակ, սպիտակեղեն, բարձ և մեկ վերմակ, մեկ ծածկոց, ներառյալ երկու բարձերես; սրբիչ, սպասք, ներառյալ` ափսեն, բաժակը և գդալը, սեզոնային հագուստ (եթե կալանավորը չունի իր սեփականը):
101. 44-րդ կանոնը նախատեսում է, որ նախնական կալանքի հիմնարկում բանտախցերն ունեն, այլնի թվում, նաև սեղան և կալանավորների թվին համապատասխան մի քանի նստատեղով նստարան, հիգիենայի պարագաներ, կոյուղաջուր և լամպեր, որոնք կապահովեն օրվա և գիշերվա համապատասխան լուսավորությունը:
102. 46-րդ կանոնը նախատեսում է, որ կալանավորները սնվում են օրը երեք անգամ` Ռուսաստանի կառավարության կողմից սահմանված նորմաներին համապատասխան:
103. 47-րդ կանոնը նախատեսում է, որ կալանավորները պետք է օգտվեն ցնցուղից առնվազն շաբաթը մեկ անգամ` նվազագույնը 15 րոպե տևողությամբ: Նրանք պետք է ցնցուղից հետո ունենան թարմ սպիտակեղեն:
B. 2005թ. հունվարի 31-ի` Դատավճիռների կատարման դաշնային ծառայության թիվ 7 կարգը
104. 2005թ. հունվարի 31-ի` Դատավճիռների կատարման դաշնային ծառայության թիվ 7 կարգը կապված է «Նախնական կալանքի հիմնարկ 2006» ծրագրի իրագործման հետ:
105. Ծրագիրը նպատակ ունի բարելավելու նախնական կալանքի հիմնարկների վիճակն այնպես, որպեսզի ապահովվի դրանց համապատասխանությունը Ռուսաստանի օրենսդրության պահանջներին: Այն հստակորեն ընդունում է նախնական կալանքի հիմնարկներում մարդաշատության խնդիրը և ուղիներ է փնտրում նվազեցնելու և կայունացնելու կալանավորների թիվը` տվյալ խնդիրը լուծելու նպատակով:
106. Ծրագիրը, այլնի թվում, մատնանշում է IZ-33/1 նախնական կալանքի հիմնարկը: Ծրագիրը հատկապես հաստատում է, որ 2004թ. հուլիսի 1-ին կալանավայրն ունեցել է 507 կալանավոր ընդունելու հնարավորություն, սակայն այնտեղ գտնվել է 1,009 կալանավոր:
C. Կալանքը քրեական գործի քննության ընթացքում
107. Սկսած 2002թ. հուլիսի 1-ից քրեական գործերը քննվել են Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան (2001թ. դեկտեմբերի 18-ի թիվ 174-FZ օրենքը):
108. Խափանման միջոցները ներառել են հետևյալները. ստորագրություն բացակայելու մասին, երաշխավորությունը, տուգանքը և կալանքը (հոդված 98): Անհրաժեշտության դեպքում կասկածյալի կամ մեղադրյալի վրա կարող է դրվել ներկայանալու պարտավորություն (հոդված 112):
109. Խափանման միջոց ընտրելիս իրավասու իշխանությունը պետք է որոշի, թե արդյոք առկա են «բավարար հիմքեր կարծելու», որ կասկածյալը կդիմի փախուստի նախնական քննության կամ դատական քննության ընթացքում, կրկին կկատարի հանցագործություն կամ կխոչընդոտի գործով ճշմարտության բացահայտմանը (հոդված 97): Պետք է նաև հաշվի առնել մեղադրանքի ծանրությունը, կասկածյալի վերաբերյալ տեղեկությունը, նրա մասնագիտությունը, տարիքը, առողջական վիճակը, ընտանեկան դրությունը և այլ հանգամանքներ (հոդված 99):
110. Կալանքի մասին որոշումը կարող է կայացվել դատարանի կողմից, եթե տվյալ հանցագործության համար նախատեսված է առնվազն երկու տարի ժամկետով ազատազրկում, հիմնավորվել է, որ պակաս խիստ խափանման միջոց չի կարող կիրառվել (108 հոդվածի 1-ին կետ):
111. Ձերբակալվելուց հետո կասկածյալը վերցվում է կալանքի տակ «նախնական քննության ընթացքում»: Կալանքի առավելագույն թույլատրելի տևողությունն է երկու ամիսը, սակայն այդ ժամկետը կարող է երկարացվել մինչև 18 ամիս «հատուկ հանգամանքներում» (109 հոդվածի կետեր 1-3): Կալանքի տևողությունը «նախնական քննության ընթացքում» հաշվվում է մինչև այն օրը, երբ դատախազը գործն ուղարկում է դատական քննության (109 հոդվածի կետ 9):
112. Սկսած այն օրվանից, երբ դատախազը գործն ուղարկում է դատական քննության, ամբաստանյալը գտնվում է «դատական քննության ընթացքում» կալանքի տակ: «Դատական քննության ընթացքում կալանքի» տևողությունը հաշվվում է մինչև այն օրը, երբ կայացվում է դատավճիռը: Այն սովորաբար չի կարող լինել վեց ամսից ավելի, սակայն, եթե գործն առնչվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններին, դատարանը կարող է թույլատրել մեկ կամ մի քանի երկարացում` յուրաքանչյուր անգամ երեք ամսից ոչ ավելի ժամկետով (255 հոդվածի 2 և 3 կետեր):
113. Կալանքի մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան երեք օրվա ընթացքում: Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի բողոքն ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում (108 հոդվածի կետ 10):
114. Օրենսգրքի 237-րդ հոդվածի հիմքով դատավորը կարող է գործը վերադարձնել դատախազին թերությունները շտկելու նպատակով` այն դեպքում, եթե դատավորը հայտնաբերել է լուրջ թերություններ մեղադրական եզրակացություն կամ դրա պատճենը չի ուղարկվել մեղադրյալին: Դատավորը պետք է պահանջի, որպեսզի դատախազը որոշումը կատարի հինգ օրվա ընթացքում (237 հոդված կետ 2), և պետք է նաև ընտրի մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը (237 հոդվածի կետ 3): 2008թ. դեկտեմբերի 2-ի թիվ 226-FZ դաշնային օրենքի համաձայն 237-րդ հոդվածը ենթարկվել է փոփոխության այն իմաստով, որ անհրաժեշտության դեպքում դատավորը կարող է երկարացնել մեղադրյալի կալանքի ժամկետը` օրենսգրքի 109-րդ հոդվածում նշված ժամկետներին համապատասխան:
III. Եվրոպայի խորհրդի համապատասխան փաստաթղթեր
115. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման մասին Եվրոպական հանձնաժողովի ընդհանուր հաշվետվությունների համապատասխան հատվածների համաձայն`
Հատվածներ 2-րդ Ընդհանուր հաշվետվությունից (CPT/Inf (92)3)
«46. Մարդաշատությունը CPT կարգադրության հիմնական հարցադրումն է: Կալանավայրում բոլոր ծառայությունները և գործընթացները տհաճորեն կխոչընդոտվեն, եթե կալանավայրում մնա ավելի շատ կալանավոր, քան նախատեսված է. այդ դեպքում կալանավայրում կյանքի մակարդակը համապատասխանաբար կնվազի: Ավելին, կալանավայրում կամ դրա մի մասում մարդաշատության մակարդակը կարող է լինել այնպիսին, որ ինքնին հանգեցնի ֆիզիկական տեսանկյունից անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող հետևանքների:
47. Տարբեր գործընթացների բավարար ծրագիրը (աշխատանք, կրթություն, սպորտ և այլն) խիստ կարևորություն ունի բանտախցում փակված անձանց համար, անկախ նրանից, թե ինչ նյութական պայմաններ կարող են լինել բանտախցում: CPT գտնում է, որ պետք է ապահովել, որպեսզի կալանավորները հնարավորություն ունենան անցկացնելու խելամիտ ժամանակ (օրական 8 կամ ավելի ժամ) իրենց բանտախցերից դուրս` ներգրավվելով տարբեր բնույթի գործունեության մեջ:
48. Զբոսանքներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Պահանջը, որ կալանավորները պետք է ունենան ամենօրյա առնվազն մեկ ժամ բացօթյա զբոսանքի հնարավորություն, ներկայացվում է որպես հիմնավոր երաշխիք…Ակնհայտ է նաև այն, որ զբոսանքի համար նախատեսված տարածքը պետք է լինի ողջամիտ չափերի:
49. Զուգարանից օգտվելու հնարավորությունը և հիգիենայի նորմերի պահպանումը մարդու շրջապատի ամենաառաջնային բաղադրիչներն են:
50. CPT ավելացնում է, որ հատկապես մտահոգվում է, երբ հանդիպում է մարդաշատության, խղճուկ գործընթացների և զուգարանից, լվացվելու հարմարանքներից օգտվելու ոչ պատշաճ պայմանների համակցություն միևնույն հիմնարկի ներքո: Նման պայմանների ընդհանուր ազդեցությունը կարող է խիստ վատ ազդեցություն ունենալ կալանավորների վրա:
51. Շատ կարևոր է նաև կալնավորների համար պահպանել ողջամիտ կապ արտաքին աշխարհի հետ: Առավել կարևոր է, որպեսզի կալանավորը միջոցներ ունենա կապ պահպանելու, շփվելու իր ընտանիքի և մոտ ընկերների հետ: Ուղղորդող սկզբունք պետք է լինի արտաքին աշխարհի հետ կապի ապահովումը. նման կապի ցանկացած սահմանափակում կարող է հիմնավորվել միայն անվտանգության ակնհայտ բնույթի նկատառումներով կամ կարող են լինել համապատասխան միջոցների հետ կապված պատճառներ…»:
Հատվածներ 7-րդ Ընդհանուր հաշվետվությունից [CPT/Inf (97)10]
«13. Ինչպես նշել է CPT իր 2-րդ Ընդհանուր հաշվետվությունում, կալանավայրի մարդաշատությունը Հանձնաժողովի հանձնարարության անմիջական խնդիրն է (cf. CPT/Inf (92)3, կետ 46): Մարդաշատ կալանավայրը հանգեցնում է նրան, որ ներսում լինում են հակասանիտարական պայմաններ, առանձնանալու անհնարինություն (նույնիսկ սանիտարական միջոցներից օգտվելիս), բանտախցից դուրս գործընթացների նվազումը, անձնակազմին և կալանավայրի հնարավորություններին չհամապատասխանող պահանջներ, առողջապահական ծառայությունների ծանրաբեռնվածություն, աճող լարվածություն հետևաբար` նաև և ագրեսիայի աճ կալանավորների և կալանավորների ու կալանավայրի անձնակազմի միջև: Եվ դեռ այս ցանկը հեռու է սպառիչ լինելուց:
CPT բազմիցս հանգել է այն եզրակացությանը, որ մարդաշատության վատ հետևանքը կարող է հանգեցնել անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող հետևանքների կալանքի ընթացքում …»:
Հատվածներ 11-րդ Ընդհանուր հաշվետվությունից [CPT.Inf (2001)16]
«28. Կալանավայրի մարդաշատության խնդիրը շարունակում է վնասել պենիտենցիար համակարգերին Եվրոպայով մեկ, և լրջորեն խոչընդոտում է կալանքի պայմանները բարելավելու փորձերը: Կալանավայրերի մարդաշատության բացասական ազդեցությունն արդեն իսկ մատնանշվել է նախորդ Ընդհանուր հաշվետվություններում:
29. CPT այցելած մի շարք երկրներում, մասնավորապես, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, բանտախուցը հաճախ բաղկացած է ընդհանուր սենյակի լայն տարածքից, որն ունի բոլոր հարմարությունները կամ դրանց մի մասը, որոնք կալանավորների կողմից օգտագտործվում են ամեն օր: Այդպիսիք են քնելու և ապրելու հատվածը, ինչպես նաև սանիտարական հարմարությունները: CPT առարկություններ ունի նման տարածքի կառուցվածքի բուն սկզբունքի դեմ փակ կալանավայրերում, և այդ առարկություններն առավել խիստ են դառնում, երբ , ինչպես հաճախ լինում է, դիտարկվող սենյակներում կալանավորները պահվում են չափազանց լարված և առողջության համար վնասակար պայմաններում … Մեծ ընդհանուր սենյակներն անխուսափելիորեն հանգեցնում են առանձնանալու անհնարինությանը…Այս բոլոր խնդիրներն ավելի են սրվում, երբ կալանավորների թիվն անցնում է ողջամիտ սահմաններից. նաև նման իրավիճակում այնպիսի կոմունալ հարմարությունների ծանրաբեռնվածությունը, ինչպիսիք են լվացարանը կամ զուգարանը, և անբավարար օդափոխությունն այդքան շատ կալանավորների համար` հաճախ հանգեցնում է տխուր հետևանքների:
30. CPT հաճախ հանդիպում է այնպիսի առարկաների, ինչպիսիք են մետաղյա դռները, տախտակները կամ բանտախցի պատուհաններին հարմարեցված մետաղյա ծածկոցները, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի կալանավորներն ունենան բնական լուսավորություն և արգելափակում են մաքուր օդի մուտքը: Սա նախնական կալանքի հիմնարկներում սովորական երևույթ է: CPT լիովին ընդունում է, որ անվտանգության հատուկ միջոցները, որոնց նպատակն է բացառելու գաղտնի համաձայնությունների և/կամ քրեական գործունեության ռիսկը, կարող են պահանջվել որոշ կալանավորների դեպքում… Նույնիսկ այն դեպքում, երբ պահանջվում են նման միջոցներ, դրանք չպետք է զրկեն կալանավորներին բնական լուսավորությունից և մաքուր օդից: Վերջինները կյանքի հիմնարար տարրերն են, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր կալանավոր…»:
Իրավունքի հարցեր
I. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վիճարկվող խախտում
116. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո դիմողը բողոքել է, որ IZ-33/1 կալանավայրում իր կալանքի պայմանները եղել են խիստ վատթար: 3-րդ հոդվածի համաձայն`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Ընդունելիություն
117. Կառավարությունն առարկել է առ այն, որ այն փաստի լույսի ներքո, որ դիմողը գանգատը ներկայացրել է 2005թ. հունիսի 27-ին, Դատարանը կարող է քննել միայն մինչ այդ օրը վեց ամիս առաջվա կալանքի պայմաններին վերաբերող դեպքերը, այն է` սկսած 2007թ. դեկտեմբերի 27-ից: Համապատասխանաբար, այն մեկնաբանություններ են ներկայացրել միայն 2004թ. դեկտեմբերի 27-ից 2007թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի առնչությամբ:
118. Ապա Կառավարությունը հայտարարել է, որ դիմողը չի սպառել հնարավոր ներպետական միջոցները: Ըստ նրա` նա կարող էր դիմել ազգային դատարաններին իր կալանքի պայմաններից բխող ոչ նյութական վնասի հատուցման հայցով:
119. Դիմողը չի համաձայնել այդ հայտարարությանը և պնդել է իր պահանջները:
120. Ինչ վերաբերում է իր ratione temporis իրավասությանը քննելու գործին առնչվող դեպքերը` Դատարանը նշում է, որ 2004թ. մարտի 4-ից 2004թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում IZ-33/1 կալանավայրում դիմողի կալանքի առթիվ բողոքն առնչվում է չընդհատվող դեպքերի մի ամբողջության, որոնք տեղի են ունեցել միևնույն կալանավայրում 3 տարի 5 ամիս և 28 օրից ավելի, և այն, այդ իսկ պատճառով, լիովին իր իրավասության տակ է գտնվում (տես, օրինակ, Կովալն ընդդեմ Ուկրաինայի (dec.) թիվ 65550/01, 2004թ. մարտի 30): Համապատասխանաբար, Կառավարության փաստարկը վեցամսյա կանոնի կիրառման վերաբերյալ` ենթակա է մերժման
121. Ինչ վերաբերում է Կառավարության հայտարարությանն առ այն, որ դիմողը չի սպառել ներպետական միջոցները, Դատարանը գտնում է, որ Կառավարությունը բավարար հստակությամբ չի նշել գործողության այն տեսակը, որն իրենց տեսանկյունից կարող էր լինել արդյունավետ միջոց, այն չի ներկայացրել նաև հետագա տեղեկատվություն առ այն, թե ինչպես նման գործողությունը կարող էր կանխել վիճարկվող խախտումը կամ դրա շարունակությունը կամ տրամադրեր դիմողին բավարար փոխհատուցում: Եթե նույնիսկ դիմողը, ով տվյալ ժամանակահատվածում դեռ պահվել է կալանքի տակ, հաջողության հասներ, պարզ չէ, թե ինչպես վնասների վերաբերյալ բողոքների հիման վրա կարող էին նրան տրամադրել անհապաղ և արդյունավետ փոխհատուցում: Նման ապացույցի բացակայության պայմաններում և հաշվի առնելով վերը նշված սկզբունքները` Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի հիմնավորել իր բողոքն առ այն, որ դիմողի կողմից չսպառված ներպետական միջոցը կամ միջոցներն իրոք արդյունավետ էին (այլնի շարքում, տես` Քրանզն ընդդեմ Լեհաստանի, թիվ 6214/02, կետ 23, 2004թ. փետրվարի 17 և Սկավինսկան ընդդեմ Լեհաստանի (dec.), թիվ 42096/98, 2003թ. մարտի 4): Վերը նշված պատճառաբանություններով Դատարանը գտնում է, որ գանգատի այս հատվածը չի կարող մերժվել ներպետական միջոցները սպառված չլինելու հիմքով (տե՛ս նաև` Պոպովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 26853/04, կետեր 204-206, 2006թ. հուլիսի 13, Մամեդովան ընդդեմ Ռուսաստանի, թիվ 7064/05, կետեր 55-58, 2006թ. հունիսի 1 և Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի (dec.), թիվ 47095/99, ECHR 2001-XI (հատվածներ)):
122. Կողմերի դիրքորոշումներից ելնելով` Դատարանը գտնում է, որ դիմողի գանգատները բխում են Կոնվենցիայի ներքո փաստի և իրավունքի լուրջ հարցերից, որոնց պարզումը պահանջում է դեպքերի քննություն: Դատարանը եզրակացնում է, որ այս գանգատներն ակնհայտորեն անհիմն չեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի ներքո: Դրանք անընդունելի հայտարարելու որևէ այլ հիմք չի հաստատվել:
B. Հիմնական փաստարկները
123. Կառավարությունը արտահայտել է այն միտքը, որ ուղղիչ հիմնարկը և հատկապես` թիվ 55 բանտախուցը, որում դիմողը պահվել է 2004թ. դեկտեմբերի 15-ից 2007թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում, եղել է «ինչ-որ չափով» մարդաշատ, սակայն առարկել է առ այն, թե կալանքի պայմանները խախտել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը: Այն նաև հիմնվել են այն փաստի վրա, որ կալանքի պայմանների առթիվ դիմողի բողոքները մերժվել են ազգային դատարանների կողմից անհիմն լինելու պատճառաբանությամբ (տես` կետեր 84,86 և 89):
124. Դիմողը չի համաձայնել այդ դիրքորոշմանը և պնդել է իր բողոքները: Նա գտել է, որ Կառավարության կողմից ներկայացված տվյալները և նշումները եղել են ոչ հստակ և ոչ լիարժեք:
125. Կողմերը համաձայնության չեն եկել նաև IZ/33-1 կալանավայրում դիմողի կալանքի հատուկ պայմանների կապակցությամբ: Այդուհանդերձ, կարիք չկա Դատարանի համար պարզելու, յուրաքանչյուր բողոքի ճշմարտացիությունը, քանի որ այն իր տրամադրության տակ ունի բավարար փաստական ապացույցներ, որոնցով հաստատվում են IZ-33/1 կալանավայրում չափազանց մարդաշատության առթիվ դիմողի բողոքները, և դա ինքնին բավարար է եզրակացնելու, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածն իրոք խախտվել է:
126. Դատարանը նշում է, որ իր նախորդ երկու գործերում քննել է IZ-33/1 նախնական կալանքի ուղղիչ հիմնարկում կալանքի պայմանները և երկու դեպքերում էլ գտել է, որ դրանք չեն համապատասխանում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պայմաններին չափից ավելի մարդաշատ լինելու իմաստով: Մամեդովան ընդդեմ Ռուսաստանի գործով (թիվ 7064/05, կետեր 61-69, 2006թ. հունիսի 1), բողոքները վերաբերել են 2004թ. հուլիսի 23-ից 2005թ. մայիսի 19-նն ընկած ժամանակահատվածին, մինչդեռ Սուխանովն ընդդեմ Ռուսաստանի գործով (թիվ 63955/00, կետեր 20-34, 2008թ. մարտի 27) դիմողի հայտարարությունները վերաբերել են 2000թ. հունվարի 8-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածին: IZ- 33/1 կալանավայրում նման տխուր իրավիճակը կարող է կանխատեսվել նաև 2005թ. հունվարի 31-ի` Դատավճիռների կատարման դաշնային ծառայության թիվ 7 որոշումից (տես` կետեր 104-106), որը հստակորեն ընդունում է, որ առկա է IZ/33-1 կալանավայրում մարդաշատության խնդիր, և փաստում է, որ 2004թ. հուլիսի 1-ին կալանավայրն ունեցել է 507 կալանավոր ընդունելու հնարավորություն, բայց իրականում այդտեղ գտնվել է 1,009 կալանավոր:
127. Հաշվի առնելով վերը նշվածը և կողմերի ներկայացրած ապացույցները, մասնավորապես` Դատավճիռների կատարման դաշնային ծառայության Վլադիմիրի շրջանային վարչության պետի կողմից 2008թ. մարտի 27-ի իր նամակում ներկայացված դիտարկումները` Դատարանը գտնում է, որ գործի նյութերը պարունակում են բավարար տեղեկատվություն առ այն, որ դիտարկվող կալանավայրը եղել է չափից ավելի մարդաշատ դիմողի կալանքի ընթացքում: Այս առթիվ Դատարանը չի կարող բավարար չափով վերջնական համարել կալանավայրի վարչակազմի կողմից ներկայացված` 2008թ. մարտի 19-ի տեղեկատվությունը, քանի որ այն չի պարունակում որևէ հղում կալանավայրի բնօրինակ փաստաթղթերին և ակնհայտորեն հիմնված է անձնական հիշողությունների վրա, այլ ոչ թե որևէ օբյեկտիվ տվյալի վրա (տես` Իգոր Իվանովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 34000/02, կետ 34, 2007թ. հունիսի 7 և Բելաշևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 28617.03, կետ 52, 2007թ. նոյեմբերի 13): Ավելին, այս գործին չառնչվող է համարվում Կառավարության հղումն ազգային դատարանների եզրակացությանը` կալանքի և դատական քննության ընթացքում (տես` կետեր 84,86 և 89), քանի որ ազգային դատարաններն այդ քննության ընթացքում իրավասու չեն եղել անելու փաստացի հետևություններ, և պարզ չէ, թե նրանք առնվազն փորձել են հանգելու նման եզրակացությունների:
128. Դատարանը վերջերս գտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում կալանավորին անհատական տարածք չտրամադրելը (տես` Խուդոյորովան ընդդեմ Ռուսաստանի, թիվ 6847/02, կետ 104, ECHR 2005-X (հատվածներ), Լաբզովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 62208/00, կետ 44, 2005թ. հունիսի 16, Նովեոսելովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 66460/01, կետ 41, 2005թ. հունիսի 2, Մայզիթն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 63378/00, կետ 39, 2005թ. հունվարի 20, Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 47095/99, կետ 97, ECHR 2002-VIl և Փիրսն ընդդեմ Հունաստանի, թիվ 28524/95, կետ 69, ECHR 2001-III):
129. Հաշվի առնելով իր նախադեպային որոշումները` կողմերի ներկայացրած առարկությունների և նյութերի կապակցությամբ` Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստ կամ փաստարկ, որով հնարավոր կլիներ համոզել Դատարանին տվյալ գործով հանգելու այլ եզրակացության: Չնայած որ տվյալ գործով չկա նշում առ այն, որ առկա էր դիմողին նվաստացնելու ուղղակի դիտավորություն, Դատարանը գտնում է, որ փաստը, որ դիմողի բանտախուցը` կախված կալանավորների հստակ թվից, ունեցել է 1 մետրից պակաս տարածք, և որ դիմողը պահվել է նման պայմաններում 3 տարի, 5 ամիս և 28 օր, ինքնին բավարար էր պատճառելու տառապանք կամ կրել կալանքի հետ կապված անխուսափելի տանջանքները գերազանցելու ողջ ծանրությունը և կարող էր առաջացնել նրա մեջ վախի, անհանգստության զգացում և նվաստացնել նրա արժանապատվությունը:
130. Այդ իսկ պատճառով, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, որի առթիվ Դատարանը գտնում է, որ դիմողի կալանքը եղել է անմարդկային և նվաստացուցիչ այդ դրույթի իմաստով:
II. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում
131. Դիմողը բողոքել է, որ 2005թ. փետրվարի 6-ից մարտի 28-ը տևած իր կալանքը եղել է անօրինական: Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա, համաձայն որի`
«Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
…
(c) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը` իրավասու օրինական իշխանության մոտ բերելու հիմնավոր կասկածով, որ անձը կատարել է հանցագործություն, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է նրա կողմից հանցագործության կատարումը կամ դա անելուց հետո փախուստի դիմելը կանխելու նպատակով…»:
132. Կառավարությունն առարկել է դրա դեմ և հայտարարել, որ դիմողի կալանքի ողջ ընթացքը տեղի է ունեցել իրավասու դատարանի որոշումներով:
133. Դիմողը պնդել է իր բողոքները:
A. Ընդունելիությունը
134. Դատարանը նկատում է, որ այս դիմումն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Նա նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով, այն պետք է հայտարարվի ընդունելի:
B. Հիմնական փաստարկներ
1. Ընդհանուր սկզբունքներ
135. Դատարանը կրկնում է, որ «օրինական» և «օրենքով նախատեսված ընթացակարգին համապատասխան» հասկացությունները 5-րդ հոդվածի 1-ին կետում ըստ էության հղում են կատարում ներպետական օրենսդրությանը և նախատեսում են նյութական և դատավարական կանոններին համապատասխանեցնելու պարտավորություն: Ներպետական իշխանությունների և հատկապես դատարանների համար առաջնային է ներպետական օրենսդրության, հատկապես` դատավարական բնույթի կանոնների մեկնաբանումը, և Դատարանը չի կատարի իր սեփական մեկնաբանությունը: Այդուհանդերձ, քանի որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո ներպետական օրենսդրությանը չհետևելն առաջացնում է Կոնվենցիայի խախտում, հետևաբար` Դատարանը կարող է և պետք է իրականացնի որոշակի իրավասություն` ստուգելու արդյոք տվյալ օրենքը կիրառվել է, թե` ոչ (տես` Տոշևն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 56308/00, կետ 58, 2006թ. օգոստոսի 10):
2. Դատարանի ստուգման սահմանները
136. Անվիճելի է, որ դիմողի կալանքը նախնական քննության ընթացքում և դատական քննության ընթացքում` 2004թ. փետրվարի 26-ից 2005թ. փետրվարի 6-ը և 2005թ. մարտի 28-ից 2006թ. նոյեմբերի 14-ը, եղել է անընդհատ և օրինական` ներպետական օրենսդրությանը համապատասխան: Համապատասխանաբար, Դատարանը միայն քննելու է դիմողի կալանքի օրինականությունը 2005թ. փետրվարի 6-ից մարտի 28-ը:
3. Դատարանի ուսումնասիրությունները
137. Դատարանը նկատում է, որ 2005թ. փետրվարի 6-ից մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում դիմողի կալանքի երկարացումը նախնական քննության ընթացքում տեղի է ունեցել Շրջանային դատարանի 2005թ. հունվարի 27-ի որոշմամբ, որով դատարանը մերժել է քննել գործի հանգամանքները (տես` կետ 31) և վերադարձրել է գործը դատախազին լրացումներ և փոփոխություններ կատարելու նպատակով:
138. Դատարանը նկատում է, որ դիմողին կալանքի տակ պահելու մասին որոշում կայացնելիս Շրջանային դատարանը հիմնվել է Քրեական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի վրա, սակայն չի որոշակիացրել, թե արդյոք այս կալանքը կարող էր նախատեսվել օրենսգրքի 109-րդ հոդվածով («կալանք նախնական քննության ընթացքում» ) և/կամ` օրենսգրքի 255-րդ հոդվածով («կալանք դատական քննության ընթացքում»): Այն չի նախատեսել նաև որևէ ժամկետ` կապված երկարացման հետ: Այս առումով, Դատարանը նկատում է, որ օրենսգրքի 237-րդ հոդվածը, որի վրա հիմնվել է Շրջանային դատարանը, պահանջել է, որպեսզի գործի նյութերը դատավորից ստանալուց հետո դատախազը դրանում նշված հրահանգները կատարի 5 օրվա ընթացքում: Այս պահանջը ոչ նշվել է Շրջանային դատարանի կողմից իր որոշման մեջ, ոչ էլ պահպանվել է դատախազի կողմից` գործով փաստերի համաձայն:
139. Դատարանի կարծիքով, դատախազին գործը վերադարձնելուց հետո կալանքի օրինական հիմքերին առնչվող բավական հստակ կանոնների բացակայությունը լրջորեն խախտել է դիմողի կալանքի «օրինականությունը»: Դիմողը դրվել է անորոշ դրության մեջ` կապված իր շարունակվող կալանքի օրինական հիմքերի և հստակ տևողության հետ:
140. Այս ամենի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` 2005թ. փետրվարի 6-ից մարտի 28-ը տևած կալանքի առնչությամբ (տես` Շտեյնն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 23691/06, կետեր 89-96, 2009թ. հունիսի 18):
III. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վիճարկվող խախտում
141. Դիմողը բողոքել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով, որ իր կալանքը տևել է չափից ավել երկար, ինչը չի ունեցել բավարար հիմնավորում` 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն.
«Յուրաքանչյուր ոք, որ ձերբակալվել կամ կալանավորվել է այս հոդվածի 1(c) կետում նշված դրույթներին համապատասխան, պետք է … ունենա դատական քննության իրավունք ողջամիտ ժամկետում կամ ազատ արձակվի մինչ դատական քննությունը: Ազատ արձակվելը կարող է տեղի ունենալ դատարան ներկայանալու պայմանով»:
A. Ընդունելիությունը
142. Դատարանը նկատում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա այն նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով, այն պետք է հայտարարվի ընդունելի:
B. Հիմնական փաստարկները
1. Կողմերի դիրքորոշումները
143. Կառավարությունը հայտարարել է, որ դիմողի կալանքի կապակցությամբ կայացված որոշումները եղել են հիմնավոր: Նրա դեմ գործը եղել է հատկապես բարդ, ներառել է 10 հոգուց բաղկացած կազմակերպված խմբի կամ բանդայի կողմից քրեական գործունեության մի քանի դեպքեր, որոնք (դիմողի հանցակիցները) հանցավոր գործունեություն են իրականացրել Ռուսաստանի տարբեր շրջաններում: Մի քանի գործեր միացնելու որոշումը եղել է արդարացված քննության հնարավոր բարդացումից խուսափելու տեսակետից: Գործով քննությունը ներառել է 40 վկաների և 5 տուժողների և հանգեցրել է գործով 15-ից ավելի հատորների կազմմանը: Ավելին, առկա է եղել ռիսկ, որ դիմողը կխուսափի քննությունից և դատարանից` կապված այնպիսի հանցագործությունների կատարման մեջ նրա դեմ մեղադրանքների ծանրության հետ, որոնց համար նախատեսված է պատիժ երկար ժամկետով ազատազրկման ձևով: Դատարանները հաշվի են առել նաև այն, որ դիմողը չի ունեցել մշտական բնակության վայր Ռուսաստանում: Պակաս խիստ խափանման միջոցը, ինչպիսին է տնային կալանքը, չէր կարող կիրառվել, քանի որ առկա չի եղել որևէ մշտական բնակության վայր: Ֆինանսական երաշխիքները ևս չէին կարող լինել բավարար դատական քննությանը դիմողի ներկայանալն ապահովելու համար: Վերջապես, դիմողի պաշտպանությունը չի ներկայացրել առաջարկ դիմողին գրավով ազատ արձակելու մասին:
144. Դիմողը չի համաձայնել և առարկել է, որ կալանքի մասին որոշումները չեն ունեցել բավարար հիմքեր, և որ նրան կալանքի տակ պահելու երկու պատճառները եղել են նրա ազերական ազգությունը և Ռուսաստանում մշտական բնակության վայր չունենալը: Ապա դիմողն առարկել է` նշելով, որ դատարանի որոշումները չեն եղել հիմնավոր, դրանցից որոշներում չեն նշվել համապատասխան պատճառներ կամ նույնիսկ որևէ պատճառ: Նա առարկել է Կառավարության այն հայտարարությունը, թե իր փաստաբանը չի միջնորդել իրեն գրավով ազատ արձակելու համար: Ամենուր դիմողն առարկել է առ այն, որ կալանքի որոշումները պատշաճ կերպով չեն անդրադարձել իրեն ազատ արձակելու միջնորդությունների վրա:
2. Դատարանի գնահատականը
145. Դատարանը նկատում է, որ դիմողի կալանքն սկսվել է 2004թ. փետրվարի 26-ից և ավարտվել 2006թ. նոյեմբերի 14-ին, երբ նա դատապարտվել է: Այդպիսով, նա երկու տարի, յոթ ամիս և քսանմեկ օր անցկացրել է կալանքի տակ: Դիմողի կալանքի տևողությունը Դատարանի քննարկման հարց է: Ռուսական իշխանությունները պետք է ներկայացնեին շատ հիմնավոր պատճառներ դիմողին կալանքի տակ այդքան երկար ժամկետով պահելու համար:
146. Դիմողը ձերբակալվել էր կազմակերպված զինված կողոպուտների բազմաթիվ գործողությունների մասնակցելու կասկածանքով: Դատարանն ընդունում է, որ այդ կասկածը հիմնավոր է: Սկզբնական տևողությունը եղել է հիմնավոր: Այդուհանդերձ, Դատարանը կրկնում է, որ հիմնավոր կասկածի առկայությունն առ այն, որ ձերբակալված անձը կատարել է հանցագործություն, հիմք է sine qua non երկարացված կալանքի օրինական լինելու համար, սակայն առանց ժամկետի սահմանման այն դառնում է անբավարար: Այդպիսով, Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական իշխանությունների կողմից ներկայացված մյուս հիմքերը շարունակել են արդարացնել ազատությունից զրկելը (տես` ՄաքՔեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 543/03, կետ 44, ECHR 2006-…): Երբ այդ հիմքերը «համապատասխան են» և «բավարար», Դատարանը պետք է նաև համոզվի, որ ներպետական իշխանությունները դրսևորել են «հատուկ ջանքեր» քննությունն իրականացնելիս:
147. Հարցը` արդյոք կալանքի տևողությունը եղել է հիմնավոր, թե` ոչ, պետք է գնահատվի յուրաքանչյուր դեպքում` դրա հատուկ հատկանիշներին համապատասխան. չկա որևէ ամրագրված ժամկետ, որը կարող է կիրառվել յուրաքանչյուր դեպքում (տե՛ս վերը` ՄաքՔեյը, կետ 45): Ըստ էության, ազգային դատարանների որոշումներում տրված պատճառաբանությունների և իր բողոքներում դիմողի կողմից փաստաթղթերով ներկայացված փաստերի հիմքով է, որ Դատարանը որոշում է, թե արդյոք կիրառվել է 5-րդ հոդվածի 3-րդ կետը, թե` ոչ: Այդ իսկ պատճառով, Դատարանը կուսումնասիրի ողջ կալանքի ընթացքում ռուսական դատարանների կողմից ներկայացված պատճառաբանությունները:
148. Գնահատելիս Դատարանը չի անտեսում այն փաստը, որ այն բանից հետո, երբ դիմողին մեղադրանք է առաջադրվել 2004թ. մարտին, մյուս մեղադրանքները ներկայացվել են 2004թ. օգոստոսին` այլ տարբեր այլ քրեական գործողությունների առթիվ (տե՛ս վերը` կետ 23): Այդուհանդերձ, Դատարանը բազմիցս նշել է, որ չնայած մեղադրանքների ծանրությունը կամ դատապարտման խստությունն էական են մեղադրյալի կողմից փախուստի դիմելու, կրկին հանցագործություն կատարելու կամ արդարադատությանը խոչընդոտելու ռիսկը գնահատելիս, այն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ կալանքի ժամկետի երկարատևության համար (տես` Իլիյկովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 33977/96, կետ 80 և 81, 2001թ. հուլիսի 26): Դա լիովին ճիշտ է Ռուսաստանի իրավական համակարգում, որտեղ փաստերի նկարագրությունը տրվում է օրենքում, և այդպիսով` դիմողի դատապարտումը հաստատվում է մեղադրանքի կողմից` առանց դատական կարգով վերանայման, արդյոք ձեռք բերված ապացույցները հիմնավորում են կասկածն առ այն, որ դիմողը կատարել է վիճարկվող հանցագործությունը, թե` ոչ (տե՛ս վերը` նշված Խուդոյորովի գործը, կետ 180):
149. Կառավարությունը հատուկ շեշտադրել է հանցագործությունների համաձայնեցված կամ կազմակերպված բնույթը: Իրոք, դիմողը մեղադրվել է բանդային անդամակցելու համար, որը Քրեական օրենսգրքով հանցագործություն է, և ըստ հանցագործությունների կատարման` որակվել է որպես ծանրացնող հանգամանքներում կողոպուտ այդպիսի կազմակերպված խմբի կողմից: Ինչպես նախկինում նշել է Դատարանը, քրեական գործունեության կազմակերպվածությունից բխող ընդհանուր ռիսկի առկայությունը կարող է ընդունվել որպես կալանքի հիմք քննության նախնական փուլերում (տե՛ս` Կուչերան ընդդեմ Սլովակիայի, թիվ 48666/99, կետ 95, ECHR 2007-…(հատվածներ), և Ցելեժևսկին ընդդեմ Լեհաստանի, թիվ 17584/04, կետեր 37 և 38, 2006թ. մայիսի 4): Դատարանը չի կարող համաձայնել, այդուհանդերձ, որ այդ հանցագործությունների բնույթը կարող էր կալանքի համար հիմք հանդիսանալ քննության հետագա փուլերում: Դատարանին չի տրամադրվել նաև ապացույց, որը կհիմնավորեր Կառավարության դիրքորոշումն այդ առթիվ: Այդպիսով, վերը նշված հանգամանքներն առանձին վերցրած չեն ստեղծել բավարար հիմք դիմողին այդչափ երկար ժամկետով կալանքի տակ պահելու համար:
150. Դիմողի շարունակվող կալանքի մյուս հիմքերն ազգային դատարանների հետևություններն են առ այն, որ դիմողը կարող էր փախուստի դիմել կամ խոչընդոտել արդարադատության իրականացմանը կամ էլ նոր հանցագործություն կատարել:
151. Ինչ վերաբերում է ազգային դատարանների հետևություններին առ այն, որ դիմողը կարող էր խոչընդոտել արդարադատության իրականացմանը, հատկապես` ճնշում գործադրելով , Դատարանը նշում է, որ քննության սկզբնական փուլում ռիսկը, որ կասկածյալը կարող է խոչընդոտել արդարադատության իրականացմանը, կարող էր արդարացնել նրան կալանքի տակ պահելը: Այդուհանդերձ, ապացույցները հավաքված լինելուց հետո, այդ հիմքը դարձել է նվազ հիմնավոր: Հատկապես, ինչ վերաբերում է վկաների վրա ճնշում գործադրելու ռիսկին, Դատարանը կրկնում է, որ դատարանների համար նման ռիսկը եղել է և շարունակել է լինել դիմողի կալանքի ողջ ընթացքում, և միայն դա բավարար չէ հիմնվելու վերացական ռիսկի վրա, որը չի հիմնավորվում որևէ ապացույցով: Նրանք պետք է դիտարկեն գործին առնչվող մյուս գործոնները, ինչպիսիք են` նախնական քննության կամ դատական քննության արդյունավետ իրականացումը, դիմողին բնորոշ հատկանիշները, նրա վարքագիծը ձերբակալվելուց առաջ և հետո և այլ հատուկ հանգամանքներ, որոնք կարող են արդարացնել մտավախությունն առ այն, որ դիմողը չարաշահել է իր ազատությունը` կատարելով գործողություններ, որոնք նպատակ ունեն կեղծելու կամ ոչնչացնելու ապացույցները կամ ազդել վկաների վրա (տե՛ս` Վ.-ն ընդդեմ Շվեյցարիայի, 1993թ. հունվարի 26, կետ 36, մաս A, թիվ 254-A):
152. Ավելին, Դատարանը նշում է, որ դիմողի գործով նախնական քննությունն ավարտվել էր 2005թ. հունվարին: Դրանից հետո նա շարունակել է մնալ կալանքի տակ մեկ տարի 9 ամիս, այդ ժամկետի մեծ մասը եղել է դատական քննության ընթացքում: Այդպիսով, պարզվում է, որ ներպետական իշխանություններն ունեցել են բավարար ժամանակ ցուցմունք վերցնելու վկաներից այնպիսի եղանակով, որը կբացառեր ցանկացած կասկած դրանց ճշմարտացիության վերաբերյալ, նաև կբացառեր անհրաժեշտությունը շարունակելու ցանկացած այլ հիմքով դիմողին կալանքի տակ պահելը (տե՛ս` Սոլովյովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 2708/02, կետ 115, 2007թ. մայիսի 24): Ապա Դատարանը նշում է, որ ազգային դատարանները չեն պատճառաբանել, թե ինչու և ինչ չափով է նման ռիսկն առկա եղել դիմողի դեպքում` ի տարբերություն տվյալ գործով մյուս մեղադրյալների:
153. Այդ իսկ պատճառով Դատարանը գտնում է, որ ներպետական իշխանությունները չպետք է գործի հանգամանքները դիտարկեին որպես գաղտնի համաձայնության ռիսկի արդարացում` իբրև հիմք դիմողի կալանքի համար:
154. Ինչ վերաբերում է փախուստի դիմելու ռիսկին, Դատարանը նշում է, որ կալանքի ողջ ընթացքում Ռուսաստանի դատարանները նույնպես հիմնվել են դիմողի ազերական ծագման վրա, որը հիմք է եղել ընդունելու, որ ազատ արձակվելու դեպքում դիմողը կարող է դիմել փախուստի: դատարանն ընդունում է, որ մեղադրյալի օտարերկրացի լինելը կարող է դեր կատարել փախուստի դիմելու ռիսկը գնահատելիս (տես` Լինդն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 25664/05, կետ 81, 2007թ. դեկտեմբերի 6): Այն, որ դիմողը Ռուսաստանում չի ունեցել մշտական բնակության վայր, ինչը ռուսական դատարանների կողմից կարող էր բնորոշվել որպես «ժամանակավոր բնակություն», Դատարանի գնահատմամբ իրոք կարող էր հանգեցնել լուրջ ռիսկի, որ դիմողը կարող էր դիմել փախուստի ազատ արձակվելուն պես:
155. Վերջապես, ինչ վերաբերում է նոր հանցագործության կատարմանը, Դատարանն ընդունում է, որ խիստ հիմնավորման դեպքում նոր հանցագործություն կատարելու ռիսկը կարող է բերել նրան, որ դատական իշխանությունները որոշում կայացնեն մեղադրյալին կալանքի տակ վերցնելու և պահելու վերաբերյալ` նրա կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելու նպատակով: Այդուհանդերձ, այլ հիմքերի թվում, անհրաժեշտ է, որպեսզի վտանգը լինի իրական և միջոցը լինի պատշաճ` հաշվի առնելով գործի հանգամանքները և, հատկապես` տվյալ անձի անցյալը և ինքնությունը (տես` Քլութն ընդդեմ Բելգիայի, 1991թ. դեկտեմբերի 12, կետ 40, մաս A, թիվ 225): Իրականում ոչ մի հանգամանք` գործում, և դիմողի անձնական բնութագրում չի մատնանշել է, որ նա նախկինում ներգրավված է եղել որևէ հանցավոր գործունեության մեջ, և փաստը, որ բանդայի բոլոր ենթադրվող անդամները հարցաքննվել են դիմողի հետ մեկտեղ, ցույց չի տալիս, որ նա պատրաստվում է շարունակել իր քրեական գործունեությունը: Այդպիսով, Դատարանը չի կարող ընդունել, որ նոր հանցագործություն կատարելու ռիսկը բավարար չափով հիմնավոր է:
156. Արդյունքում` Դատարանն ընդունում է, որ առկա է հիմնավոր ռիսկ` հաշվի առնելով գործի հանգամանքները, որ դիմողը կարող էր դիմել փախուստի, և Դատարանն ընդունում է ազգային դատարանների հետևություններն առ այն, որ նրա ներկայությունն ապահովելու որևէ այլ միջոց տվյալ դեպքում հարմար չէր: Դատարանը եզրակացնում է, որ առկա են եղել համապատասխան և բավարար հիմքեր դիմողի կալանքը երկարացնելու համար: Համապատասխանաբար, դեռ պետք է պարզել, թե արդյոք դատական իշխանությունները դրսևորել են «հատուկ ջանք» քննությունն իրականացնելիս:
157. Դատարանը նշում է, որ որոշակի ձգձգումների համար պատասխանատվություն են կրում ներպետական իշխանությունները, հատկապես նրանց այն ձգձգումների համար, որոնք բխում են դատավորի` 2005թ. հունվարի 27-ի և հուլիսի 19-ի` գործը դատախազին վերադարձնելու որոշումներից: Դրանց պատճառ են հանդիսացել քննությունն իրականացնող իշխանությունների կողմից թույլ տրված սխալները, որոնք և հանգեցրել են դիմողի գործով քննության հետաձգմանը ևս հինգ ամսով: Դատարանը նաև նշում է, որ իշխանությունները եղել են բավական պասիվ 2005 թվականին, որ նիստերը եղել են սակավաթիվ 2005թ. դեկտեմբերից 2006թ. փետրվարը, և որ 2006թ. մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածը եղել է ազատ: Ավելին, գործով վերաքննիչ վարույթը տևել է 7 ամսից ավելի: Չնայած որ Դատարանը չի թերագնահատում կազմակերպված հանցագործության վտանգավորությունը, հատկապես, երբ այն վերաբերում է ծանրացնող հանգամանքներում կատարված կողոպուտին, և այս գործի ողջ բարդությունը, Դատարանը չի կարող միայն եզրակացնել, որ քննության տևողությունը բխում է գործի քննությունն իրականացնող ներպետական իշխանությունների կողմից դրսևորված ոչ պատշաճ ջանքերից (տե՛ս նաև 6-րդ հոդվածի առնչությամբ Դատարանի եզրակացությունները ստորև` 173-180 կետերում):
158. Հետևաբար` տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:
IV. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում
159. Հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի վրա` դիմողը բողոքել է 2005թ. մարտի 28-ի, հուլիսի 11,19-ի և սեպտեմբերի 22-ի ու դեկտեմբերի 5-ի կալանքի մասին որոշումների դեմ իր ներկայացրած վերաքննիչ բողոքների դատական քննության ձգձգումների առթիվ: Այդ դրույթի համաձայն`
«Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:
160. Կառավարությունը հայտարարել է, որ ՔԴՕ-ն չի սահմանել որևէ ժամկետ վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության համար: Ստանալով գործի նյութերը` վերաքննիչ դատարանը պետք է սկսի գործի քննությունը մեկամսյա ժամկետում (ՔԴՕ 374-րդ հոդված): Դիմողի վերաքննիչ բողոքի քննության ձգձգումների պատճառն այն էր, որ հարկ է եղել թույլ տալ մյուս մեղադրյալներին ներկայացնելու իրենց մեկնաբանությունները, Վլադիմիրից Մոսկվա բերելու կալանքին առնչվող ողջ նյութերը և ապահովելու դիմողի փաստաբանի ներկայանալը գործի վերաքննությանը: Հաշվի առնելով վերը նշվածը` կալանքի մասին որոշումների դեմ բողոքները քննվել են ողջամիտ ժամկետում:
161. Դիմողը պնդել է բողոքը:
A. Ընդունելիություն
162. Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա Դատարանը նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով, այն պետք է հայտարարվի ընդունելի:
B. Հիմնական փաստարկներ
1. Ընդհանուր սկզբունքներ
163. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է դատական որոշման անհապաղ ընդունում, որն առնչվում է կալանքի օրինականությանը, և կալանքի դադարեցում, եթե այն ճանաչվում է անօրինական (տես` Բարանովսկին ընդդեմ Լեհաստանի [GC], թիվ 28358/95, ECHR 2000): Հատկապես կարևոր է արագ որոշում կայացնել կալանքի օրինականության վերաբերյալ, երբ գործը գտնվում է դատական քննության փուլում, քանի որ մեղադրյալը պետք է լիովին օգտվի անմեղության կանխավարկածի սկզբունքից (տես` Լովիեսկին ընդդեմ Լեհաստանի, թիվ 27504/95, կետ 76, 2001թ. հոկտեմբերի 4):
164. 5-րդ հոդվածի 4-րդ կետը չի պարտադրում Պայմանավորվող պետություններին նախատեսել բողոքարկման երկրորդ փուլ կալանքի օրինականության հարցը լուծելու համար: Այդուհանդերձ, երբ ներպետական օրենսդրությունը նախատեսում է բողոքարկման համակարգ, վերաքննիչ մարմինը պետք է նույնպես հետևի 5-րդ հոդվածի 4-րդ կետի պայմաններին, մասնավորապես` կապված վերաքննիչ մարմնի կողմից ստորադաս դատարանի ընդունած` կալանքի մասին որոշման վերանայման անհապաղությանը (տես` Լեբեդեվի վերը նշված գործը, կետ 96): Միևնույն ժամանակ, «անհապաղության» սկզբունքը նվազ խիստ է, երբ հարցը վերաբերում է վերաքննությանը: Դատարանը կրկնում է, որ այս կապակցությամբ 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դատական վերանայման սկզբունքը նախևառաջ նպատակ է հետապնդում խուսափել ազատությունից կամայականորեն զրկելուց: Այդուհանդերձ, եթե կալանքը հաստատվում է դատարանի կողմից, այն պետք է լինի օրինական և ոչ կամայական նույնիսկ այն դեպքում, երբ հնարավոր է վերանայում: Հետագա քննությունն ավելի քիչ է կապված կամայականության հետ, սակայն սահմանում է լրացուցիչ երաշխիքներ, որոնք առաջնային են կալանքի երկարացման արդարացիությունը գնահատելիս: Այդ իսկ պատճառով, Դատարանին ավելի քիչ է հետաքրքրում վերաքննիչ դատարանում գործի քննության անհապաղությունը, երբ վերանայման ներքո կալանքի որոշումը դատարանը կայացրել է կողմից այն դեպքում, եթե այդ դատարանի կողմից քննությունը եղել է դատական բնույթի և ապահովել է կալանավորին համապատասխան դատավարական երաշխիքներով:
2. Կիրառումը տվյալ գործով
165. Դատարանը նշում է, որ կալանքի մասին համապատասխան որոշումներն ընդունելու օրվանից սկսած դիմողի վերաքննիչ բողոքները քննվել են հետևյալ ժամանակահատվածներում. 74 օր (2005թ. մարտի 28-ի կալանքի որոշումը), 59 օր (2005թ. հուլիսի 11-ի որոշումը), 73 օր (2005թ. հուլիսի 19-ի որոշումը), 76 օր (2005թ. սեպտեմբերի 22-ի որոշումը) և 99 օր (2005թ. դեկտեմբերի 5-ի որոշումը):
166. Կառավարությունը չի տրամադրել որևէ ապացույց առ այն, որ այդ բողոքները քննելիս դիմողն ինքն է եղել որոշ ձգձգումների համար պատասխանատու: Դատարանը նշում է, որ դիմողն ընդհանուր առմամբ իր բողոքները ներկայացրել է 7-10 օրվա ընթացքում` սկսած համապատասխան կալանքի որոշումը կայացնելու օրվանից (տես` կետեր 40, 44, 48, 54 և 58), և դա, Դատարանի կարծիքով, բոլորովին չի հանգեցրել քննությունների ձգձգմանը:
167. Ավելին, Դատարանը պատրաստ է ընդունել, որ ներպետական իշխանությունների համար ժամանակ է պահանջվել քրեական գործով մյուս մեղադրյալներին ժամանակ տրամադրել իրենց կարծիքները հայտնելու համար, կալանքի վերաբերյալ մեծ թվով նյութեր Վլադիմիրից Մոսկվա տեղափոխելու համար և կալանքի առթիվ նիստերի նախապատրաստման նպատակով այլ ձևական հարցեր լուծելու համար: Այդուհանդերձ, որևէ կոնկրետ և հատուկ ապացույց, որը կարդարացներ ձգձգումները, չլինելու պայմաններում, Դատարանի համար համոզիչ չէ այն, որ նման պարտականությունները կարող են պահանջել մինչև 3 ամիս ժամկետ, ինչպես որ տեղի է ունեցել տվյալ գործով: Դատարանը գտնում է, որ տվյալ ձգձգումները չեն համապատասխանում 5-րդ հոդվածի 4-րդ կետից բխող «անհապաղության» պահանջից (տե՛ս վերը` Լեբեդևը, կետեր 102 և 108, Մամեդովայի վերը նշված գործը, կետ 96 և Խուդոյորովի վերը նշված գործը, կետեր 198 և 204): Դատարանը նաև ափսոսանք է հայտնում այն բանի համար, որ երկու դեպքում (տես` կետեր 45-46 և 49-50) տվյալ կալանքի մասին որոշումների դեմ բողոքները քննվել են միայն այն բանից հետո, երբ Շրջանային դատարանի կողմից կայացվել է նոր կալանքի որոշում: Ստացվում է, որ դատարանը կարող էր ազատ արձակելու մասին որոշումներ ներկայացնել անորոշ ժամանակահատվածներում (Խուդոբին ընդդեմ Ռուսաստանի, թիվ 89696/00, կետ 117, ECHR 2006-…(հատվածներ)): Այդուհանդերձ, նման միջնորդության հնարավորությունը չի ազատել ներպետական իշխանություններին իրենց պարտականությունից «անհապաղ» լուծելու կալանքը երկարացնելու որոշման օրինականության հարցի առթիվ (տես` Ստարոկադոմսկիյն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 42239/02, կետ 85, 2008թ. հուլիսի 31):
168. Այդ իսկ պատճառով, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
V. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում
169. Վերջապես, դիմողը բողոքել է առ այն, որ իր դեմ քրեական գործով քննությունները գերազանցել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված «ողջամիտ ժամկետը»: Այդ դրույթի համապատասխան մասի համաձայն.
«… նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ Յուրաքանչյուր ոք ունի… դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք…»:
A. Ընդունելիություն
170. Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա Դատարանը նշում է, որ այն անհիմն չէ որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով, այն պետք է հայտարարվի ընդունելի:
B. Հիմնական փաստարկները
1. Կողմերի դիրքորոշումները
171. Կառավարությունը հայտարարել է, որ քրեական գործը եղել է առանձնահատուկ բարդ` հաշվի առնելով գործով հանցակիցների թիվը և քրեական գործողությունների բնույթը: Հանցակիցներից յուրաքանչյուրը հետապնդվել է 3-6 հանցագործությունների համար` ներառյալ կազմակերպված կողոպուտը, զինված հարձակումները և զենքի առևտուրը: Մեղադրանքները վերաբերել են տարբեր շրջաններում քրեական գործունեությանը: Քննությունը բարդացել է այն փաստով, որ եղել են մոտ 40 վկաներ և 5 զոհեր, և բոլորն էլ բնակվել են Վլադիմիրի Շրջանային դատարանից հեռու: Գործը վերադարձվել է դատախազին երկու անգամ: Հանցակիցներից մեկը` Դ.Գ.Կ.-ն լուրջ հիվանդ է եղել և անհնարին է եղել գործը քննել նրա բացակայությամբ: Ավելին, ձգձգումներ են տեղի ունեցել ադրբեջաներենի տիրապետող թարգմանիչների ներկայությունն ապահովելու, հինգ տարբեր փաստաբանների հիվանդությունների (ընդհանուր առմամբ` 53 հետաձգում), երեք հանցակիցների, այդ թվում` նաև դիմողի հիվանդության, ինչպես նաև ամբաստանյալ Գ.-ի վարքագծի պատճառով, որը դիտավորյալ ձգձգել է քննությունը` դաստակները վնասելու միջոցով, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել ստուգել նրա հոգեկան վիճակը:
172. Դիմողը չի համաձայնվել Կառավարության հետ և բողոքել է, որ համեմատաբար ուղիղ և չի եղել չափից դուրս մեծ: Եթե նախապատրաստությունները լինեին առավել լավ, ներպետական իշխանությունները կկարողանային ավարտել գործն առավել արագ; ԴԻմողը բողոքել է, որ ձգձգումները տեղի են ունեցել մեծապես քննությունն իրականացնող մարմինների թույլ տված սխալների պատճառով, և գործը լրացուցիչ քննության դատախազին վերադարձնելու պատճառով; Ըստ դիմողի, մեղադրյալների փաստաբանները չեն կարող պատասխանատվություն կրել դատախազի կողմից թույլ տրված սխալների համար, և որպես կանոն, ցանկացած ձգձգում, որ տեղի է ունեցել փաստաբանների պատճառով, եղել է կարճատև և աննշան:
2. Դատարանի գնահատականը
173. Դատարանը կրկնում է, որ քննությունների տևողության ողջամտությունը պետք է գնահատվի գործի հանգամանքների լույսի ներքո` վկայակոչելով հետևյալ չափանիշները. գործի բարդությունը և դիմողի ու համապատասխան իշխանությունների վարքագիծը (տես` Փելիսսիերը և Սասին ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 25444/94/94, կետ 67, ECHR 1999-II): Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կոչված է ապահովելու, որպեսզի մեղադրյալն անորոշ ժամկետով կալանքի տակ չպահվի (տես` Նախմանովիչն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 55669/00, կետ 89, 2006թ. մարտի 2 և Թեյլորն ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), թիվ 48864/99, 2002թ. դեկտեմբերի 3): Դատարանը գտնում է, որ տվյալ գործով դիմողի համար մեծապես կարևորվել է այն, որ նրան սպասվել է ազատազրկումը, իսկ ինքը կալանավորված է եղել քննության ընթացքում:
174. Դատարանը գտնում է, որ տվյալ գործով հաշվի առնվող ժամանակահատվածն սկսվել է 2004թ. փետրվարի 26-ին, երբ դիմողը ձերբակալվել է, և ավարտվել է 2004թ. հունիսի 21-ին, երբ կայացվել է վերաքննիչ դատարանի որոշումը: Հետևաբար, դիմողի նկատմամբ քրեական գործով քննությունը տևել է գրեթե 3 տարի, 4 ամիս` երկու դեպքերում են, որոնց ընթացքում դիմողը գտնվել է կալանքի տակ: Դատարանը քննել է դիմողի բողոքը` հաշվի առնելով, որ այն մեծամասամբ վերաբերում է դատաքննությանը (տես` Դավսոնն ընդդեմ Իռլանդիայի (dec.), թիվ 21826/02, 2004թ. հուլիսի 8): Այն չի արել որևէ հետևություն նախնական քննության առթիվ: Դատարանը չի տեսնում որևէ պատճառ ընդունելու, որ քննության ընթացքում առկա է եղել որևէ անհիմն էական ձգձգում:
175. Դատական քննությունն սկսվել է 2005թ. հունվարի 27-ին և ավարտվել 2006թ. նոյեմբերի 14-ին, այն է` 1 տարի, 9 ամիս և 17 օր անց: Դրանք շարունակվել են գործի վերաքննությամբ, որն ավարտվել է 2007թ. հունիսի 21-ին:
176. Դատարանն ընդունում է, որ գործը որոշ չափով բարդ է եղել. այն վերաբերել է 9 մեղադրյալների, որոնք մեղադրվել են յոթ լուրջ քրեական հանցագործությունների կատարման մեջ: Ընդունելով հանդերձ, որ ներպետական իշխանությունները բարդ դրության մեջ են եղել նաև այս գործոններից ելնելով, Դատարանը չի կարող ընդունել, որ գործի բարդությունն ինքնին այնպիսին է, որ արդարացնում է քննության տևողությունը:
177. Ինչ վերաբերում է դիմողի վարքագծին, Դատարանը կրկնում է, որ չի սպասվում դիմողի կողմից դատական իշխանությունների հետ ակտիվ համագործություն, ոչ էլ կարելի է համարել, թե նա քննադատության է ենթարկվում ներպետական օրենսդրության ներքո առկա միջոցներն օգտագործելու համար (տես` Ռոխլինան ընդդեմ Ռուսաստանի, թիվ 54071/00, կետ 88, 2005թ. ապրիլի 7): Դատարանը չի կարող համաձայնել Կառավարության փաստարկին առ այն, թե դիմողը դուրս է եկել օրինական պաշտպանության սահմաններից` ներկայացնելով անհիմն միջնորդություններ: Պարզվում է, որ դիմողի փաստաբանի բացակայությունը կամ հիվանդությունը դարձել է կարճատև ձգձգումների պատճառ: Այդուհանդերձ, դատարանը գտնում է, որ դիմողը զգալի կերպով չի ազդել քննության տևողության վրա:
178. Մյուս կողմից` Դատարանը գտնում է, որ որոշ ձգձգումներ տեղի են ունեցել ներպետական իշխանությունների պատճառով, հատկապես դատավորի` 2005թ. հունվարի 27-ի և հուլիսի 19-ի` գործը դատախազին վերադարձնելու որոշումների հետևանքով: Երկու դեպքում էլ դա տեղի է ունեցել քննության ընթացքում թույլ տրված թերությունները վերացնելու նպատակով և ձգձգել է գործի քննությունը մոտ 5 ամսով: Դատարանը նաև նշում է, որ միայն մեկ լիարժեք նիստ է տեղի ունեցել 2005 թվականին, և որ 2005թ. դեկտեմբերի և 2006թ. փետրվարի միջև ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել քիչ թվով նիստեր, և որ Կառավարությունը հաշվի չի առել 2006թ. մայիսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածը: Գործի վերաքննությունը տևել է ավելի քան 7 ամիս: Դատարանը չի անտեսում նաև այն փաստը, որ քննությունների ընթացքում դիմողը գտնվել է կալանքի տակ` վատթար պայմաններում, որոնց մասին նշվել է վերը (տե՛ս վերը` կետեր 129, 130, 145 և 158):
179. Ճիշտ է, որ 6-րդ հոդվածը նախատեսում է, որ դատական քննությունը լինի արագընթաց, սակայն այն նաև նախատեսում է, որպեսզի պահպանվի արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքը (Բոդդաերտն ընդդեմ Բելգիայի, 1992թ. հոկտեմբերի 12, կետ 39, մաս A, թիվ 235-D): Այդուհանդերձ, գործի հանգամանքներից ելնելով` Դատարանը բավարարված չէ նրանով, որ իշխանությունների վարքագիծն արդարացի հաշվեկշիռ է պահպանել, այս հիմնարար պահանջի տարբեր տեսակետների միջև:
180. Տալով ընդհանուր գնահատական` Դատարանը եզրակացնում է, որ գործի հանգամանքներում «ողջամիտ ժամկետի» պահանջը պահպանված չի եղել: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
VI. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը
181. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
182. Դիմողը պահանջել է 35000 եվրո ոչ նյութական վնասի համար
183. Կառավարությունը հայտարարել է, որ այս պահանջը անհիմն է և չափազանց մեծ:
184. Դատարանը գտնում է, որ դիմողը պետք է կրած լինի սթրես և վախի զգացում հայտնաբերված խախտման արդյունքում: Դատարանը, արդարացի հիմքով գնահատելով, դիմողին տրամադրում է 23400 եվրո ոչ նյութական վնասի դիմաց` գումարած բոլոր հարկերը, որոնք կարող են առաջանալ այդ գումարի առթիվ:
B. Ծախսերը և ծախքերը
185. Դիմողը պահանջել է նաև 7000 եվրո իրավաբանական ծախսերի դիմաց, որոնք առաջացել են Դատարանի առջև առաջացած ծախսերի դիմաց:
186. Կառավարությունն առարկել է դիմողի պահանջները:
187. Իր նախադեպային որոշումների համաձայն` դիմողն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք, եթե միայն ցույց է տրվում, որ դրանք փաստացիորեն և անհրաժեշտաբար են առաջացել և հիմնավոր են: Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած նյութերը` Դատարանը գտնում է, որ արդարացի է դիմողին 1000 եվրո տրամադրելը` Դատարանի առջև առաջացած ծախսերի դիմաց` գումարած ցանկացած հարկ, որը կարող է առաջանալ այդ գումարի առթիվ:
C. Տոկոսները
104. Դատարանն անհրաժեշտ է համարում, որպեսզի տուգանային տոկոսները սահմանվեն Եվրոպական կենտրոնական բանկի տոկոսադրույքով` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Հայտարարում է գանգատն ընդունելի:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կետ 1(c) խախտում` 2005թ. փետրվարի 6-ից մարտի 28-ը ժամանակահատվածի համար:
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
7. Վճռում է`
(c) որ պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմողին վճարի 23400 եվրո` ոչ նյութական վնասի դիմաց, և 1000 եվրո` ծախսերի և ծախքերի դիմաց, որոնք պետք է փոխարկվեն ռուսական ռուբլու վճարման օրվա փոխարժեքով,
(d) ցանկացած հարկ, որ կարող է բխել այս գումարներից,
(e) որ վերը նշված եռամսյա ժամկետը լրանալիս տոկոսները պետք է վճարվեն Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հաստատված տոկոսադրույքով` հավելած երեք տոկոս:
8. Մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր հրապարակված 2010թ. հունիսի 24-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Նախագահող |
Խրիստոս Ռոզակիս |
Քարտուղար |
Անդրե Ուամպաչ |
