ՍԱԴԻԿՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2010թ. հոկտեմբերի 7-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Դիմողը ծնվել է 1950 թվականին և ապրում է Գրոզնիում:
A. Փաստերը
8. Դիմողը հայտնել է, որ դժվարանում է կապակցված և ժամանակագրական առումով դասակարգված շարադրել դեպքերը, որոնք տեղի են ունեցել իրեն կալանքի տակ պահելու ընթացքում և դրանից հետո: Կալանավորման ընթացքում դրսևորված վատ վերաբերմունքի հետևանքով դիմողը տառապում է հիշողության մասնակի կորուստով: Նրան նաև հոգեբանորեն դժվար է հիշել կալանավորման ընթացքում իր նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի մանրամասները:
9. Դիմողը հանդիսանում է Գրոզնիի քաղաքի Օկտյաբրսկի շրջանի Ֆլոտսկայա փողոցի թիվ 94 հասցեում գտնվող տան և ավտոտնակի սեփականատեր: Այն ժամանակ, երբ տեղի են ունեցել գործին վերաբերող դեպքերը, նա տանը միայնակ է ապրել, քանի որ 1999 թվականին ռազմական գործողությունների վերսկսումից հետո նրա հարազատները հեռացել էին Գրոզնիից: Դիմողը մնացել է Գրոզնիում, որպեսզի հետևի տանն ու գույքին: Գույքը բաղկացած է եղել դիմողի և նրա հարազատների անձնական իրերից՝ կահույք, աուդիոհամակարգ, արբանյակային ալեհավաք, «Subaru» մակնիշի երկու ավտոմեքենա և «Oldsmobile» մակնիշի մեկ ավտոմեքենա: 1999թ. վերջից մինչ 2000թ. սկիզբն ընկած ժամանակահատվածում դիմողը հաճախակի տեղի ունեցող հրաձգությունների պատճառով հազվադեպ է բնակվել տանը: 2000թ. հունվարի վերջից սկսած՝ նա տանը բնակվել է մշտապես:
10. Այն ժամանակ, երբ տեղի են ունեցել գործին վերաբերող դեպքերը, դիմողը, ով մասնագիտությամբ դպրոցի ուսուցիչ է, աշխատել է Չեչնիայի Հանրապետության՝ Քաղաքացիական պաշտպանության գործերով և արտակարգ իրավիճակների նախարարությանը (Министерство Чеченской Республики по делам гражданской обороны и чрезвычайным ситуациям) կից «հուղարկավորությունների խմբում» (группа захоронения): Նա նաև օգնել է Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանի բնակիչներին խմելու ջուր և սնունդ մատակարարելու հարցում:
2004թ. մարտի 5-ից մայիսի 24-ը տեղի ունեցած իրադարձությունները
(a) Դիմողի տարբերակը
(i). Դիմողի ձերբակալումը
11. 2000թ. մարտի 5-ին, ժամը 10-ի սահմաններում, երբ դիմողը խմելու ջուր էր բաժանում Օկտյաբրսկի շրջանի բնակիչներին, երկու ՈՒԱԶ-ով նրան են մոտեցել դաշնային ուժերի ներկայացուցիչներ և հարցրել, թե ինչպես կարելի է հասնել մի ինչ-որ փողոց: Դիմողը և բնակիչներից մի քանիսը բացատրել են զինվորականներին, թե ինչպես կարելի է գտնել այդ փողոցը, սակայն խմբի հրամանատարը խնդրել է դիմողին իրենց ուղեկցել և ցույց տալ ճանապարհը: Դիմողը համաձայնել է: Դիմողը ներկայացրել է երկու ականատես վկաների՝ Օկտյաբրսկի շրջանի բնակիչների, ովքեր հաստատել են այդ դրվագի ճշմարիտ լինելը:
12. Երբ նրանք հասել են փնտրված փողոց, դիմողը խնդրել է բաց թողնել իրեն, սակայն դրա փոխարեն դաշնային ուժերի ներկայացուցիչներից մեկը նրան երիկամների հատվածում հարված է հասցրել և գլխին պարկ հագցրել: Դիմողին հրամայել են լռել և տեղափոխել են Գրոզնի քաղաքի Օկտյաբրսկի շրջանի ներքին գործերի ժամանակավոր բաժին («Օկտյաբրսկի ՎՕՎԴ», временный отдел внутренних дел Октябрьского района г. Грозного): Դիմողի պնդմամբ` իրեն ձերբակալած անձինք իր անունը չգիտեին, քանի որ իր փաստաթղթերը չեն ստուգել:
(ii) 2000թ. մարտի 5-ին դիմողին անազատության մեջ պահելը
13. Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում աշխատակիցները մի քանի ժամ շարունակ ահաբեկել են դիմողին և ծաղրուծանակի ենթարկել նրան: Մասնավորապես` դաժանաբար ծեծի են ենթարկել, կտրել մազերը և հարկադրել ծամել դրանք և կուլ տալ, շիկացած մեխեր են կպցրել նրա ձեռքերին, ճակատին, ռունգերին և լեզվին, ինչպես նաև դանակով կամ մեխով նրա ճակատին գրել են «Չիչիկ» վիրավորական բառը:
14. ՎՕՎԴ-ի աշխատակիցները դիմողին հարցաքննել են, սակայն հարցաքննության արձանագրություն չեն կազմել: Նրանք հարցրել են դիմողին, թե որտեղ է նա կռվել որպես մարտիկ (боевик) և ինչու է նրա գրպանում անունների ցուցակ հայտնաբերվել: Դիմողը պատասխանել է, որ ինքն ուսուցիչ է, երբևէ չի կռվել, իսկ ցուցակում Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանի այն բնակիչների անուններն են, ում ինքը ջուր է բաժանել: ՎՕՎԴ-ի աշխատակիցները, հավանաբար, նրան չեն հավատացել: Նրանք ասել են, որ նա ՎՕՎԴ-ից ողջ դուրս չի գա:
15. Այնուհետև ՎՕՎԴ-ի աշխատակիցները դիմողին տարել են շենքի նկուղ, կանգնեցրել պատի մոտ և սկսել են նրա շուրջը կրակել: Դրանից հետո նրանք ասել են դիմողին, որ նա «մի քիչ էլ պետք է սպասի մեռնելու համար», և որ նրանք «դեռ բավականաչափ չեն զվարճացել նրա հետ», ու դադար են տվել:
16. Որոշ ժամանակ անց նրանք մի քանի աշխատակիցների հետ վերադարձել են շենքի նկուղ և սկսել «ֆուտբոլ խաղալ» դիմողի հետ: Նրանք դիմողին վայր են գցել, երկու ժամ շարունակ ոտքերով հարվածել և նետել բետոնե հատակի վրա: Դիմողը պարբերաբար կորցրել է գիտակցությունը, սակայն նրան ուշքի են բերել: Ըստ դիմողի` այդ խոշտանգման արդյունքում նա կորցրել է ատամների մեծ մասը, կոտրվել են կողոսկրերը, ծնոտը, ձեռքը և ոտքը:
(iii) 2000թ. մարտի 5-ին դիմողի տանը տեղի ունեցած խուզարկությունը
17. Երեկոյան ժամը 5-ի սահմաններում ՎՕՎԴ-ի աշխատակիցներից մեկն առաջարկել է գնալ դիմողի տուն «զենքն առգրավելու» համար, և 11 աշխատակիցներից կազմված խումբը երկու ՈՒԱԶ-ով ուղևորվել է այնտեղ: Դիմողին նստեցրել են մեքենաներից մեկի թափքի մեջ:
18. Հասնելուց հետո` ոստիկանները հարկադրել են դիմողին բացել տան և ավտոտնակի բոլոր դռները և սկսել են խուզարկել: Նրանք չեն ներկայացրել խուզարկության թույլտվություն և չեն հրավիրել ընթերականեր: Խուզարկությունը տևել է մի քանի ժամ: Ոստիկանները մտել են բոլոր սենյակները, նկուղ, խուզարկել են ավտոտնակը և բարձրացել տանիք: Դիմողը հայտնել է, որ չի կարողացել միաժամանակ հետևել կ ՎՕՎԴ բոլոր աշխատակիցների գործողություններին: Խուզարկության ինչ-որ պահի ոստիկաններից մեկը դիմողին կանչել է միջանցք, ցույց տվել օճառ հիշեցնող մի առարկա, որը, ինչպես հետագայում պարզվել է, տրոտիլե պայթագլանիկ (тротиловая шашка) էր, և հարցրել է, թե ինչ է դա: Ոստիկանի պնդմամբ` այդ առարկան հայտնաբերվել է դարակում: Դիմողը պատասխանել է, որ չի կարող ասել, թե այդ առարկան ինչ է, քանի որ առաջին անգամ է տեսնում:
19. Խուզարկությունից հետո դիմողին կրկին նստեցնելով թափքում` տեղափոխել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ: Այնտեղ նրան ձեռնաշղթաներով կապել են ջեռուցման մարտկոցին:
(iv) 2000թ. մարտի 6-10-ը դիմողին անազատության մեջ պահելը
20. Հաջորդ երկու օրը դիմողն անցկացրել է ջեռուցման մարտկոցին գամված վիճակում՝ սպասելով մինչև նոր խուց կառուցելը:
21. Այդ ընթացքում դիմողի մոտ է եկել քննիչ պրն Պ.-ն և հարցաքննել նրան: Նա հարցրել է, թե որտեղից է դիմողը վերցրել տրոտիլե պայթագլանիկ (тротиловая шашка): Դիմողը ժխտել է այն հանգամանքը, որ երբևէ պայթուցիկ նյութեր է ունեցել, և պնդել է, որ տրոտիլե պայթագլանիկը (тротиловая шашка) դարակի մեջ է գցվել 2000թ. մարտի 5-ի խուզարկության ընթացքում: Դրանից հետո քննիչը կանչել է երկու դիմակավոր տղամարդկանց, ովքեր ծեծի են ենթարկել դիմողին այնքան ժամանակ, մինչև նա կորցրել է գիտակցությունը: Նույն օրը` ավելի ուշ, այդ երկու անձը վերադարձել են և կրկին ծեծի ենթարկել նրան: Դիմողը հայտնել է, որ հաջորդ երկու օրերի ընթացքում ինքն արյուն է խորխել և չի կարողացել վեր կենալ կանգնել:
22. Մոտավորապես 2000թ. մարտի 7-ին ՎՕՎԴ-ի աշխատակիցները երկու անգամ դրել են նրան ոստիկանության մեքենայի թափքի մեջ և որոշակի ժամանակի ընթացքում վարել մեքենան:
23. 2000թ. մարտի 7-ին դիմողը տեղափոխվել է նոր կառուցված խուց: Որոշ ժամանակ անց դիմողի խուց է բերվել ևս մեկ կալանավոր և ևս երկուսը տեղավորվել են կողքի խցում:
24. 2000թ. մարտի 10-ին քննիչը հայտնել է դիմողին, որ նրա տանը հայտնաբերված առարկան փորձաքննության է ենթարկվել և պարզվել է, որ դրանում առկա է պայթուցիկ նյութ: Քննիչը դիմողին ցույց չի տվել փորձագետի եզրակացությունը:
(v) 2000թ. մարտի 11-ի միջադեպը
25. 2000թ. մարտի 11-ի երեկոյան երկու զինծառայող մոտեցել են դիմողի խցին և կարգադրել պահակներին բացել այն: Պահակները, ովքեր, հավանաբար, վախենում էին այդ մարդկանցից, կատարել են կարգադրությունը: Ըստ դիմողի` այդ մարդիկ հարբած էին և նրանցից մեկը դիմակով էր: Նրանք սկսել են ծեծել դիմողին: Որոշ ժամանակ անց, նրանցից մեկը ոտքը դրել է գետնին ընկած դիմողի վրա, հանել է դանակը և կտրել դիմողի ձախ ականջը: Նա նաև հայտարարել է, որ կկտրի դիմողի գլուխը, և դանակը սահեցրել է դիմողի վզի վրայով՝ դրա վրա քերծվածք թողնելով: Դիմողը հայտնել է նաև, որ այդ մարդն ուներ պայտաձև բեղեր: Այնուհետև խուց է մտել ևս մեկ մարդ և լուսանկարել արյունոտ դիմողին ու կտրված ականջը: Դիմողի պնդմամբ` մարդը, ով լուսանկարել էր, Անդրեյ անունով մի ուզբեկ էր, ով ծառայում էր Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում որպես պահակ:
26. Դիմողը ներկայացրել է իր հետ խցում գտնված անձի ցուցմունքները, ով հանդիսացել է դիմողի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի վկա: Դիմողը նաև վկայակոչել է Գրոզնիի այն ժամանակվա քաղաքապետի՝ Բիսլա Գանտիմիրովի խոսքերը, ով «Գրոզնենսկի ռաբոչի» շաբաթաթերթին (2000թ. մարտի 17-24) տված հարցազրույցում ասել է, որ ունի «վկա, ով տեսել է, թե ինչպես է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ղեկավարի տեղակալը կտրել չեչեն կալանավորի ականջը»:
27. Ապա ՎՕՎԴ-ի աշխատակիցները գնացել են հարևան խուց, որտեղ պահվում էին երկու այլ կալանավորներ: Դիմողը պնդել է, որ լսել է գոռոցներ և հառաչանքներ, որոնք գնալով ավելի ու ավելի կամաց են դարձել, ապա դադարել են: Այդ օրվանից սկսած դիմողը երբևէ չի տեսել հարևան խցի կալանավորներին:
(vi) Դիմողի կալանավորումը 2000թ. մարտի 12-18-ն ընկած ժամանակահատվածում
28. 2000թ. մարտի 12-ի առավոտյան, երբ դիմողն ու նրա հետ խցում պահվող անձինք քնած են եղել, պահակները հարկադրել են նրանց վեր կենալ, նրանց գլխին պարկ են հագցրել և տեղափոխել մի ոչ շատ մեծ տարածք: Մի քանի ժամ անց դիմողին և նրա հետ խցում պահվող անձանց տեղափոխել են խուց, որը մինչ այդ ամբողջությամբ լվացվել էր: Դիմողը տեսել է նաև մյուս խուցը, քանի որ դրա դռները լայնորեն բաց են եղել: Խուցը մաքուր էր և այնտեղ կալանավորներ չկային: Դիմողը ենթադրել է, որ, հավանաբար, ՎՕՎԴ ղեկավարությունը թաքցրել էր իրեն և մյուս կալանավորներին ոստիկանության բաժին այցելող և կալանավորված անձանց նկատմամբ վարվեցողությունն ստուգող հանձնաժողովից:
29. Մոտավորապես 2000թ. մարտի 13-ին դիմողին այցելել է Գրոզնի քաղաքի դատախազության ներկայացուցիչը՝ պրն Լ.-ն, և զգուշացրել դիմողին, որ նա չպետք է որևէ մեկին պատմի, որ կալանքի տակ գտնվելու ժամանակ կորցրել է ականջը: Դրա փոխարեն դիմողը պետք է ասի, որ ականջը կտրել են չեչեն մարտիկները:
30. Մոտավորապես 2000թ. մարտի 16-ին դիմողին այցելել է Գեննադի անունով մի բժիշկ: Նա դիմողի ականջի փոխարեն մնացած վերքի վրա քսուք է քսել, սակայն չի վիրակապել: Նա նաև չի զննել դիմողին և չի բուժել նրա մյուս վնասվածքները: Ըստ դիմողի` կալանավորման ընթացքում ինքը մի քանի անգամ բուժզննության է ենթարկվել, սակայն բժիշկները ոչ մի անգամ չեն զննել և չեն բուժել նրա ականջը:
(vii) Դիմողի կալանավորումը 2000թ. մարտի 19-24-ն ընկած ժամանակահատվածում
31. Մոտավորապես 2000թ. մարտի 19-ին դիմողին տեղափոխել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի մեկ այլ շենքի նկուղ, որտեղ պահել են մինչ 2000թ. մարտի 24-ին ազատ արձակելը:
32. Նկուղը բաժանված էր երկու մասի: Դրանցից մեկը, որն ուներ մոտավորապես 48մ2 (8x6մ) մակերես, օգտագործվում էր որպես խոշտանգումների խուց, այնտեղ կային տարբեր գործիքներ, այդ թվում՝ կացին, փոքր մուրճ, մեծ մուրճ, բահ և մկրատ: Դիմողը հայտնել է, որ իրեն մի անգամ կարգադրել են մաքրել այդ խուցը, և ինքն արյան հետքեր է նկատել անգամ 3մ բարձրություն ունեցող առաստաղի վրա:
33. Մյուս տարածքը, որի մակերեսը 9մ2 (3x3) էր, օգտագործվում էր որպես խուց: Դիմողի` կալանքի տակ գտնվելու ընթացքում այնտեղ պահվել է 12-15 կալանավոր: Դիմողի պնդմամբ, իր հետ խցում պահվող անձանց բազմաթիվ անգամ տարել են հարևան սենյակ և խոշտանգել: Նա լսել է այդ անձանց գոռոցները: Երբեմն երկու տարածքների միջև գտնվող դուռը բաց էին թողնում, և դիմողը տեսնում էր, թե որքան դաժան են վերաբերվում իր հետ խցում պահվող անձանց հետ: Նրանք խուց էին վերադառնում ծեծված, նրանցից երկուսը զրկվել էին մատներից, իսկ մեկին բերել են անգիտակից վիճակում:
34. Մի քանի անգամ քննիչը հարցաքննել է դիմողին այն առարկայի մասին, որը, ենթադրաբար, հայտնաբերվել է նրա տանը 2000թ. մարտի 5-ին: Դիմողին հարկադրել են ստորագրել ցուցմունքներն այն մասին, որ առարկան պատկանում է իրեն: Քննիչը նաև դիմողին հարցաքննել է այն մասին, թե ինչով էին զբաղվում նրա հարևանները: Այդ հարցաքննությունները չէին արձանագրվում:
35. Ժամանակ առ ժամանակ պահակները դիմողին իր խցից կարճ ժամանակով, հավանաբար ստուգումների ընթացքում, տեղափոխել են այլ սենյակներ, ապա՝ հետ բերել:
(viii) Դիմողի որոնումները
36. 2000թ. մարտին դիմողի հարազատ քույրը՝ տկն Լ.Ս.-ն և նրա ոչ հարազատ քույրը՝ տկն Խ.Զ.-ն տեղեկացել են, որ դիմողն անհետացել է: Նրանք վերադարձել են Գրոզնի և սկսել նրա որոնումները:
37. Նրանք անձամբ և գրավոր կերպով դիմել են զինվորական պարետային ծառայություն, Օկտյաբրսկի ՎՕՎԴ, տեղական վարչակազմին, Չերնոկոզովոյի քննչական մեկուսարան, դաշնային ուժերի՝ Խանկալում տեղակայված բազա և դիահերձարան, սակայն` անարդյունք:
38. Որոշ ժամանակ անց դիմողի քույրը տեղեկություն է ստանում այն մասին, որ նրան տեսել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում: Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում դիմողի հարազատ և ոչ հարազատ քույրերը դիմել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ` դիմողի վերաբերյալ հարցումներով, սակայն հաջողության չեն հասել:
39. 2000թ. ապրիլին դիմողի հարազատներին հաջողվել է խոսել քննիչի հետ, ով նրանց հայտնել է, որ ոստիկանությունը դիմողի տանը պայթուցիկ սարք է հայտնաբերել: Տկն Լ.Ս.-ն պատասխանել է, որ դա ճիշտ չէ և իր եղբայրը երբեք չի մասնակցել ռազմական գործողություններին: Դիմողի հարազատները նրա հետ տեսակցելու թույլտվություն են խնդրել, սակայն մերժվել են: Այնուամենայնիվ, նրանց թույլատրվել է նրան նամակ և մաքուր հագուստ ուղարկել: Դիմողի հին հագուստը վերադարձվել է քրոջը, ով, զննելով հագուստը, արյան հետքեր է հայտնաբերել շապիկի ուսի և մեջքի վրա:
40. Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում դիմողի հարազատները նրա հետ տեսակցելու թույլտվություն են խնդրել, սակայն` ապարդյուն:
41. 2000թ. մայիսի 12-ին Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցներին փոխարինել են Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի ոստիկանները: Մի քանի օր հետո տկն Լ.Ս.-ին և Խ.Զ.-ին դիմողի հետ 10 րոպե տևողությամբ տեսակցություն են թույլատրել, որին ներկա է եղել քննիչը: Նրանց կարգադրել են խոսել միայն ռուսերեն: Ըստ դիմողի հարազատների` նա ամբողջությամբ այտուցված է եղել, նրա վրա շատ սպիներ կային և չկար նրա մեկ ականջը:
(ix) Դիմողին ազատ արձակելը
42. 2000թ. մայիսի 24-ին Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի քննիչը որոշում է կայացրել պայթուցիկ նյութեր պահելու վերաբերյալ թիվ 14206/03 քրեական գործը կարճելու մասին: Որոշման համաձայն՝ ռազմական գործողությունների պատճառով դիմողը տանը մշտապես չի ապրել և որոշակի ժամանակահատված տունը զբաղեցրել են անհայտ զինված անձինք, ովքեր, հնարավոր է, որ իրենց հետ բերել են պայթուցիկ սարքը, և դիմողը դիտավորյալ կերպով չի պահել այն: Բացի դրանից, որոշման մեջ նշվել էր, որ «կալանավորվելուց հետո դիմողն այլևս հասարակության համար վտանգ չի ներկայացնում» և կարող է ազատ արձակվել: Դրանից բացի, նշված էր, որ դիմողն իրավունք ունի որոշումը բողոքարկելու դատախազություն կամ դատարան:
43. Նույն օրը` ավելի ուշ դիմողն ազատ է արձակվել և տուն վերադարձել: Ականատեսների խոսքերով` դիմողը շատ վատ վիճակում էր, այտուցված էր, հյուծված, սփրթնած, չկար նրա ձախ ականջը, պակասում էին ատամները և կոտրված էր ազդրոսկրը:
(b) Կառավարության ներկայացրած տեղեկությունը
44. Կառավարության պնդմամբ` 2000թ. մարտի 5-ին Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի քննչական բաժնի կողմից, Ռուսաստանի քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի (հրազեն և պայթուցիկ նյութեր ապօրինի պահելը) հիմքով դիմողի նկատմամբ հարուցվել է թիվ 14206/03 քրեական գործը:
45. Քննիչի՝ 2000թ. մարտի 5-ին կայացրած որոշման հիման վրա դիմողի տանը կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է պայթուցիկ նյութ, որը փորձագիտական եզրակացության համաձայն հանդիսացել է 200 գրամանոց տրոտիլե պայթագլանիկ, նշված փորձագիտական եզրակացությանը դիմողը ծանոթացել է:
46. Նույն օրը դիմողը Քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածով սահմանված կարգով՝ կասկածանքի հիման վրա ձերբակալվել է:
47. 2000թ. մարտի 6-ին քրեական գործն ուղարկվել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի հետաքննության բաժին՝ քննություն իրականացնելու նպատակով:
48. 2000թ. մարտի 8-ին Գրոզնի քաղաքի դատախազի ժամանակավոր պաշտոնակատարը Քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի հիման վրա սանկցավորել է դիմողի կալանավորումը:
49. 2000թ. մարտի 15-ին, բավարար հիմքերի առկայության պարագայում, դիմողին Ռուսաստանի քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման հիմքով մեղադրանք է առաջադրվել: Հարցաքննության ընթացքում դիմողը չի կարողացել բացատրություններ տալ իր տանը հայտնաբերված պայթուցիկ նյութերի վերաբերյալ:
50. 2000թ. մայիսի 24-ին Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի հետաքննության բաժնի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի հիման վրա կարճվել է մեղադրյալի վերաբերյալ քրեական գործը, մասնավորապես այն պատճառով, որ նա դադարել է հասարակության համար վտանգ ներկայացնել, և դիմողն ազատ է արձակվել:
51. 2000թ. օգոստոսի 2-ին Չեչնիայի Հանրապետության դատախազությունը (прокуратура Чеченской Республики) վերացրել է 2000թ. մայիսի 24-ի որոշումը, և դիմողի վերաբերյալ քրեական գործով վարույթը վերաբացվել է:
52. 2006թ. փետրվարի 20-ի որոշմամբ Չեչնիայի Հանրապետության դատախազության կողմից դիմողի վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ դիմողի տանը 2000թ. մարտի 5-ին կատարված խուզարկությունը պատշաճ կերպով սանկցավորված չի եղել և իրականացվել է դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ, հետևաբար, տրոտիլե պայթագլանիկ, որը ենթադրաբար հայտնաբերվել է խուզարկության ընթացքում, չի կարող դիտվել որպես հավաստի ապացույց առ այն, որ դիմողն առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցագործության հետ, հետևաբար, նրա դեմ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն եղել:
2. Վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի հայտարարության կապակցությամբ իրականացված պաշտոնական քննությունը
(a) Դիմողի կողմից իշխանության մարմիններին ներկայացված բողոքները և նրա կողմից ներկայացված տեղեկությունը
53. Ազատ արձակվելուց հետո դիմողն անձամբ և գրավոր կերպով դիմել է տարբեր պաշտոնական ատյաններ՝ բողոքելով ապօրինի ձերբակալման և կալանավորման, կալանքի տակ գտնվելու ընթացքում իր նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի և իր տունը խուզարկելու դեմ: Հետագայում նա դատախազության տարբեր օղակներ բողոք է ներկայացրել քննության ոչ արդյունավետ լինելու դեմ՝ նշելով քննության ընթացքում պարզված մեղավոր անձանց անունները, և խնդրել է պատասխանատվության ենթարկել այդ անձանց: Դիմողն այս միջոցառումները ձեռնարկել է «Ռուսաստանում իրավական նախաձեռնություն» կազմակերպության և իր փաստաբանի օգնությամբ: Ըստ դիմողի` բողոքների մեծ մասը մնացել է անպատասխան կամ պատասխանները եղել են ձևական, խուսափողական պատասխաններ, որոնցում նշվում էր, որ բողոքը փոխանցվել է դատախազության տարբեր մարմիններ` «քննության համար»:
54. Մասնավորապես, չպարզված մի օր նա գրավոր բողոք է ներկայացրել Ռուսաստանի գլխավոր դատախազություն, Չեչնիայի Հանրապետության գլխավոր դատախազություն, Չեչնիայի Հանրապետության ներքին գործերի նախարարություն և երկու բարձրաստիճան պաշտոնյաների: Իր բողոքում դիմողը նկարագրել է 2000թ. մարտի 5-ից մայիսի 24-ը տեղի ունեցած իրադարձությունները և խնդրել պատասխանատվության ենթարկել հանցանքի կատարման մեջ մեղավոր անձանց:
55. 2000թ. հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնությունում Մարդու իրավունքների հարցերով լիազորը (Уполномоченный по правам человека в Российской Федерации) հրաժարվել է քննարկել դիմողի բողոքն այն հիմքով, որ այն հստակ չէ և հիմնավորված չէ համապատասխան փաստաթղթերով:
56. 2001թ. մարտի 1-ին ՌԴ գլխավոր դատախազությունը դիմողի բողոքը փոխանցել է Չեչնիայի Հանրապետության դատախազություն:
57. 2001թ. մարտի 22-ի նամակով 20102 զինվորական մասի զինվորական դատախազությունը (военная прокуратура – войсковая часть 20102) դիմողի բողոքը` մի քանի այլ բողոքների հետ, ուղարկել է Չեչնիայի Հանրապետության դատախազություն:
58. 2001թ. մարտի 22-ին և ապրիլի 16-ին Չեչնիայի Հանրապետության դատախազությունը «անհայտ զինծառայողների» կողմից իրականացված անօրինական ձերբակալման վերաբերյալ դիմողի բողոքն ուղարկել է Գրոզնի քաղաքի դատախազություն:
59. 2001թ. հուլիսի 4-ին և 25-ին դիմողը դիմել է Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանի վարչակազմին և Գրոզնի քաղաքի դատախազություն՝ բողոքելով, որ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցները հափշտակել են իր «Oldsmobile» ավտոմեքենան:
60. 2001թ. հուլիսի 13-ին «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը դիմողին տվել է տեղեկանք, որտեղ թվարկվել են կալանքի տակ պահելու ընթացքում դիմողին պատճառված վնասվածքների հետևանքները: Տեղեկանքում ասված է, որ 2001թ. հուլիսի 13-ին կատարված բուժզննության արդյունքում պարզվել է հետևյալը.
- «(Դիմողը) կրում է ատամների պրոթեզներ 12-17, 22-27, 33-35, 42-45-րդ ատամների փոխարեն: Նրա սեփական ատամները թափվել են կալանքի տակ գտնվելու ընթացքում.
- քթի հիմքը ծռված է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ առկա է սերտաճած կոտրվածք.
- բացակայում է ձախ ականջի բլթակը, և չնայած լսողական անցքը խցանված չէ, ձախ ականջի լսողությունը թույլ է: Լավ երևում է փայլուն սպին, որը 6 սմ ձգվում է արտաքին լսողական անցքից մինչև ստորին ծնոտ և 5 սմ՝ դեպի քունքոսկրի ելունանման աճուկ՝ թեթևակի անցնելով դրա հետևը.
- առկա է աստղաձև սպի աջ ձեռքի ափի մեջ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ առկա է եղել չթափանցող այրվածք կամ վերք: Այն գտնվում է 4-րդ մետակարպալ ոսկրի դիմաց.
- կենտրոնական առանցքից 8, 9 և 10 ողերի պալպացիայի ժամանակ շոշափվում են հիվանդագին ոսկրային կոշտուկներ, որոնք, հավանաբար, առաջացել են ողերի զուտ կոտրվածքի արդյունքում.
- աջ ոտքի մեծ բերցովյան ոսկրի ստորին 1/3 մասի վերին հատվածի պալպացիայի ժամանակ շոշափվում է թաքնված ոսկրային կոշտուկ, որը կարող է առաջացած լինել մեծ բերցովյան ոսկրի` առանց տեղաշարժման կոտրվածքի կամ ոչ լրիվ ճաքի արդյունքում»:
61. 2001թ. հուլիսի 27-ին դիմողը բողոք է ներկայացրել Գորզնի քաղաքի դատախազություն՝ նկարագրելով իրեն ձերբակալելու, կալանքի տակ պահելու և իր նկատմամբ վատ վերաբերմունքի, ինչպես նաև իր ունեցվածքի հափշտակման հանգամանքները, և խնդրել է պատժել մեղավոր անձանց:
62. 2001թ. հուլիսի 28-ին Գրոզնի քաղաքի դատախազությունը դիմողի բողոքն ուղարկել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ՝ քննություն իրականացնելու համար:
63. 2001թ. օգոստոսի 8-ին Չեչնիայի Հանրապետության դատախազությունից վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքն ուղարկվել է Գրոզնի քաղաքի դատախազություն՝ քննարկման համար:
64. 2001թ. դեկտեմբերի 19-ին և 2002թ. հունվարի 29-ին «Ռուսաստանում իրավական նախաձեռնությունը» գործելով դիմողի անունից` 2000թ. մարտի 5-ից մայիսի 24-ը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ համանման բողոքներ է ներկայացրել Չեչնիայի Հանրապետության դատախազություն:
65. 2002թ. հունվարի 3-ի նամակում պատասխանելով «Ռուսաստանում իրավական նախաձեռնություն» կազմակերպության բողոքին` Չեչնիայի Հանրապետության դատախազությունը հայտնել է, որ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում դրսևորված վատ վերաբերմունքի առնչությամբ դիմողի բողոքների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Նամակում նշված չէին քրեական գործի հարուցման ամսաթիվը և գործի համարը:
66. 2002թ. ապրիլի 13-ին դիմողը դիմում է ներկայացրել Չեչնիայի Հանրապետության դատախազություն` խնդրելով իրեն տրամադրել իր գործում առկա փաստաթղթերի պատճենները: Պարզ չէ, թե այս պահանջը բավարարվել է, թե` ոչ:
67. 2005թ. օգոստոսի 23-ին և հոկտեմբերի 26-ին, 2006թ. սեպտեմբերի 25-ին և 2009թ. հունվարի 22-ին դիմողին հայտնել են, որ նրա բողոքներով հարուցվել է քրեական գործ (տե՛ս ստորև` կետեր 137, 139, 145 և 153):
(b) Քննության ընթացքը
68. Ըստ Կառավարության` 2000թ. հունիսի 30-ին դիմողը բողոք է ներկայացրել Գրոզնի քաղաքի դատախազություն, որում պնդել է, որ 2000թ. մարտի 5-ին ապօրինի կերպով ձերբակալվել է և կալանքի տակ գտնվելու ընթացքում Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցների կողմից ենթարկվել է վատ վերաբերմունքի:
69. 2000թ. հուլիսի 13-ին վերոնշյալ բողոքի հիման վրա Գրոզնիի դատախազության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի երրորդ մասով (ծանրացնող հանգամանքներում կատարված պաշտոնեական լիազորությունների չարաշահում) հարուցվել է քրեական գործ: Գործին տրվել է 12088 համարը:
70. Կառավարության փաստարկների համաձայն` դիմողը 2000թ. հուլիսի 18-ին տուժող է ճանաչվել և հարցաքննվել 2000թ. հուլիսի 17-ին, 2001թ. օգոստոսի 25-ին և հոկտեմբերի 19-ին, 2003թ. դեկտեմբերի 3-ին, 2004թ. ապրիլի 16-ին, 23-ին և նոյեմբերի 1-ին: Նա պնդել է դեպքերի ընթացքի վերաբերյալ իր տարբերակը և հայտնել, որ ազատ արձակվելուց հետո բժշկական հաստատություն չի դիմել:
71. 2000թ. օգոստոսի 13-ին գործի քննությունը կասեցվել է` հանցանք կատարած անձանց անհայտ լինելու հիմքով:
72. 2001թ. օգոստոսի 24-ին Գրոզնիի դատախազության կողմից կայացվել է գործի վարույթը վերսկսելու մասին որոշում:
73. Անհայտ անձանց կողմից դիմողին պատկանող «Oldsmobile» մակնիշի ավտոմեքենայի գողության փաստի հիմքով 2001թ. օգոստոսի 30-ին Գրոզնիի դատախազության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի երկրորդ մասով (ծանրացնող հանգամանքներում կատարված հափշտակություն) հարուցվել է քրեական գործ: Գործին տրվել է 15082 համարը (տե՛ս ստորև` կետ 97):
74. 2001թ. սեպտեմբերի 5-ի որոշմամբ քննիչը մեկ վարույթում է միացրել թիվ 12088 և թիվ 15082 քրեական գործերը և դրան տրվել նախկին համարը (տե՛ս ստորև` կետ 98):
75. 2001թ. սեպտեմբերի 24-ից 2002թ. հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում քրեական գործով վարույթն ութ անգամ կասեցվել և վերսկսվել է (տե՛ս ստորև` կետեր 124 և 125): 2002թ. հուլիսի 18-ին Գրոզնիի դատախազի ժամանակավոր պաշտոնակատարը կարգադրել է թիվ 12088 քրեական գործին միացնել երկու այլ քրեական գործեր, որոնք վերաբերել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցների կողմից կատարված հափշտակություններին և մի քանի անձանց անհետացմանը:
76. 2002թ. հոկտեմբերի 18-ին քննությունը կասեցվել է` ենթադրյալ հանցագործների անհայտ լինելու հիմքով, ապա 2002թ. նոյեմբերի 15-ին գործով վարույթը վերսկսվել է:
77. 2003թ. մայիսի 19-ի որոշմամբ քննիչը ՌԴ քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով (անփութություն, ծանրացնող հանգամանքներում կատարված պաշտոնեական լիազորությունների չարաշահում) մեղադրանք է առաջադրել պրն Զ.-ին, ով այդ ժամանակ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ժամանակավոր պահման մեկուսարանի ուղեկցող ջոկատի ղեկավարն էր («Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ»), պրն Զ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նույն օրը քննիչը որոշում է կայացրել պրն Զ.-ի նկատմամբ դաշնային հետախուզում հայտարարելու մասին:
78. 2003թ. օգոստոսի 20-ին քննությունը կասեցվել է պրն Զ-ի` հետախուզման մեջ գտնվելու պատճառով (տե՛ս ստորև` կետեր 126-130), ապա` 2003թ. նոյեմբերի 26-ին գործով վարույթը վերսկսվել է:
79. 2003թ. դեկտեմբերի 3-ից 2006թ. փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում քննությունը կասեցվել է պրն Զ.-ի գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով, ապա տասներկու անգամ վերսկսվել է (տե՛ս ստորև` կետեր 131-136, 138 և 140-142):
80. 2006թ. փետրվարի 20-ին քննիչը ՌԴ քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածի 3 (с) մասով (ծանրացնող հանգամանքներում կատարված պաշտոնեական լիազորությունների չարաշահում) և ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 3-րդ մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանք է առաջադրել պրն Դ-ին, ով տվյալ ժամանակահատվածում հանդիսացել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի հատուկ կրակային խմբի (специальная огневая группа) հրամանատար: Պրն Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, և նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել:
81. 2003թ. մայիսի 19-ի որոշման համաձայն` 2006թ. փետրվարի 25-ին պրն Զ-ին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածի 3 (а) և (с) կետերով (ծանրացնող հանգամանքներում կատարված պաշտոնեական լիազորությունների չարաշահում):
82. 2006թ. մարտի 2-ի որոշմամբ պրն Յա.-ի նկատմամբ, ով տվյալ ժամանակ եղել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ղեկավարի տեղակալ, նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, և նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել: 2006թ. մարտի 2-ին համանման որոշում է կայացվել պրն Բ.-ի վերաբերյալ, ով համապատասխան ժամանակահատվածում եղել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ի ղեկավար:
83. 2006թ. մարտի 7-ից 2007թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում գործով քննությունը կասեցվել է կասկածյալների և մեղադրյալների գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով և չորս անգամ վերսկսվել է (տե՛ս ստորև` կետեր 143-148):
84. Ըստ կառավարության` 2007թ. մարտի 16-ին պրն Բ.-ին պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: Հարցաքննության ժամանակ պրն Բ.-ն ժխտել է բոլոր մեղադրանքները և վկայակոչել Համաներման ակտը, որի հիման վրա նրա նկատմամբ հարուցված քրեական գործը 2007թ. մարտի 20-ին կարճվել էր:
85. 2007թ. մայիսի 28-ից 2009թ. հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածում քննությունը կասեցվել է կասկածյալների և մեղադրյալների գտնվելու վայրը պարզելու անհնարինության պատճառով և վերսկսվել է վեց անգամ (տե՛ս ստորև` կետեր 149-150):
86. Վերջին անգամ քննությունը կասեցվել է 2009թ. փետրվարի 21-ին` պրն Զ.-ի, պրն Դ.-ի և պրն Բ.-ի բացակայության պատճառով, որոնց գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել:
87. Կառավարությունը հայտարարել է, որ քննության ընթացքում ձեռնարկվել են մի շարք քննչական միջոցառումներ: Մասնավորապես, իշխանությունները համապատասխան ժամանակահատվածում հարցաքննել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում ծառայած ոստիկանության աշխատակիցներից շատերին: Կառավարության պնդմամբ՝ պրն Պ.-ն, ով գործուղված է եղել Գրոզնի քաղաք և զբաղեցրել ավագ հետաքննիչի պաշտոնը, հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում կատարված հարցաքննության ժամանակ պրն Գ.-ն պնդել է, որ ձերբակալումից մեկ օր առաջ չորս կամ հինգ անհայտ անձինք կտրել են նրա ականջը: Պրն Պ-ն նաև նշել է, որ դիմողը կալանքի տակ գտնվելու ընթացքում ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն (տե՛ս ստորև` կետեր 184-186): Ըստ Կառավարության` պրն Դ.-ն, ով համապատասխան ժամանակահատվածում հանդիսացել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, տվել է համանման ցուցմունքներ ձերբակալման ժամանակ դիմողի մոտ առկա մարմնական վնասվածքների վերաբերյալ (տե՛ս ստորև` կետ 199): Պրն Կիր.-ը, ով համապատասխան ժամանակահատվածում եղել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ի աշխատակից, պարզաբանել է, որ ըստ դիմողի` նրա ականջը ձերբակալումից մեկ կամ երկու օր առաջ կտրել են ապօրինի զինված խմբավորումների անհայտ անդամներ այն բանի համար, որ դիմողը հրաժարվել է համագործակցել նրանց հետ (տե՛ս ստորև` կետ 201): Համանման ցուցմունքներ է տվել պրն Յա.-ն, ով հանդիսացել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ղեկավարի տեղակալ (տե՛ս ստորև` կետ 202): Կառավարության կարծիքով` վերջինս հարցաքննվել է նաև 2007թ. ապրիլի 11-ին՝ դիմողին պատկանող «Oldsmobile» մակնիշի ավտոմեքենայի հափշտակության կապակցությամբ, սակայն նա ժխտել է այդ հանցագործությանն իր մասնակցությունը:
88. Կառավարությունը հայտարարել է, որ իշխանությունները հարցաքննել են նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց, ովքեր ծառայել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում, ինչպես նաև անձանց, ովքեր պահվել են այնտեղ 2000 թվականին: Նրանք բոլորն էլ ցուցմունք են տվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործների վերաբերյալ տեղեկություն չունեն: 2001թ. սեպտեմբերի 4-ին, 2001թ. հոկտեմբերի 9-ին և 2004թ. նոյեմբերի 15-ին քննությունը պարզել և հարցաքննել է պրն Կ.-ին, ով դիմողի հետ նույն խցում է պահվել: Նա հայտարարել է, որ տեսել է, թե ինչպես անհայտ անձինք մուտք են գործել մեկուսարանի այն խուցը, որտեղ իրենք պահվել են, և կտրել են դիմողի ականջը (տե՛ս ստորև` կետեր 181-183): Ըստ Կառավարության` հնարավոր հանցագործների նկարները դիմողին և վկային ճանաչման ներկայացնելիս դիմողը և պրն Կ.-ն տարբեր անձանց են մատնանշել:
89. Կառավարությունը, առանց ամսաթվերի մատնանշման, նաև հայտարարել է, որ քննության ընթացքում դիմողը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Ըստ Կառավարության` արձանագրվել են մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ ձախ ականջի լսողության կորուստ, ինչը հանդիսանում է առողջությանը պատճառված ծանր վնաս, և այլ վնասվածքներ, որոնք որակվել են որպես առողջությանը պատճառված միջին ծանրության վնաս:
3. Դիմողի գույքը
(a) Դիմողի գույքին պատճառված վնասը
90. Դիմողը պնդել է, որ 2000թ. մայիսի 24-ին տուն վերադառնալով՝ հայտնաբերել է, որ իր շունը գնդակահարված է, տունը մասամբ այրված, իսկ նրա գույքը, որը բաղկացած էր դիմողի և նրա հարազատների անձնական իրերից (կահույք, աուդիոհամակարգ, արբանյակային ալեհավաք), հափշտակված է: Տանը ոչ մի արժեքավոր բան չէր մնացել: Դիմողի՝ «Subaru» և «Oldsmobile» մակնիշների երկու ավտոմեքենաները բացակայել են: Հետագայում նա հարևաններից իմացել է, որ քանի դեռ ինքը կալանքի տակ է եղել, դիմակով տղամարդիկ, ովքեր տեղափոխվել են նրա մեքենաներից մեկով և ԲՏՌ-ով, բազմիցս եկել են նրա տուն և տարել նրա գույքը: Նրանք դիմողի հարևաններին զգուշացրել են, որ նրա տանը մոտ չգան, քանի որ իրենք այն ականապատել են:
91. Մի օր դիմողը կազմել է իր կալանքի տակ գտնվելու ընթացքում իր տնից հափշտակված գույքի ցուցակը և նշել, որ կրել է 158.120 ԱՄՆ դոլարի չափով նյութական վնաս: Ցուցակը հաստատված է Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանի վարչակազմի կողմից:
92. Որոշ ժամանակ անց, դիմողը տեսել էր իր ավտոմեքենաներից մեկը՝ «Subaru»-ն: Այդ միկրոավտոբուսը կայանված էր փողոցում` Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ից ոչ շատ հեռու: Մեքենան այրված էր: Ըստ դիմողի` նա հայտնաբերել էր իր արբանյակային ալեհավաքը Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի տարածքում, ինչպես նաև տեսել էր, թե ինչպես են Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցներից ոմանք օգտագործում իր հափշտակված իրերից մի քանիսը:
93. 2000թ. հունիսի վերջին դիմողն իր «Oldsmobile»-ը հայտնաբերել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի նախկին ղեկավարի՝ պրն Ջ-ի մոտ: Վերջինս պնդել է, որ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի մի քանի այլ աշխատակիցների՝ Վ.-ի, Շ.-ի և Սուլումբեկի, Խիմզանի և Ռուսլանի հետ համատեղ այդ մեքենան ձեռք է բերել դաշնային զինծառայողներից` 500 ԱՄՆ դոլարով: Ոստիկանները հայտարարել են, որ մեքենան կտան միայն այն գումարին համարժեք գումարի դիմաց, որը վճարել են դրա համար: Դիմողը հրաժարվել է վճարել և մի քանի ատյան բողոք է ներկայացրել գույքի և «Oldsmobile»-ի հափշտակության վերաբերյալ: Նա հայտնել է, որ հետագայում պրն Ջ.-ն վաճառել էր ավտոմեքենան:
94. 2000թ. հոկտեմբերի 11-ին դիմողն ստացել է տեղեկանք, որով հաստատվել է, որ նրա տունը և դրան կից շինություններն այրվել և քանդվել են:
(b) Քրեական վարույթը
95. 2001թ. հունվարի 5-ին Գրոզնի քաղաքի դատախազությունը Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ին կարգադրել է քննության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով դատախազություն փոխանցել դիմողին պատկանող «Oldsmobile»-ի հափշտակության կապակցությամբ հարուցված քրեական գործի նյութերը: Նամակում նշված չէր ենթադրաբար հարուցված քրեական գործի ամսաթիվը:
96. 2001թ. օգոստոսի 15-ին Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Գրոզնի քաղաքի դատախազություն է փոխանցել «Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցների կողմից [դիմողին] պատկանող «Oldsmobile»-ի ապօրինի յուրացման» փաստի առթիվ հարուցված քրեական գործի պահանջված նյութերը»:
97. 2001թ. օգոստոսի 30-ի նամակով Գրոզնի քաղաքի դատախազությունը տեղեկացրել է դիմողին այն մասին, որ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2 (c) և (d) մասերով (ծանրացնող հանգամանքներում կատարված հափշտակություն) հարուցվել է քրեական գործ, և քննություն է սկսվել «Oldsmobile»-ի հափշտակության վերաբերյալ նրա բողոքի կապակցությամբ: Գործին տրվել է 15082 համարը: Որոշման մեջ նշված էր` «տվյալներ չկան այն մասին, որ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցները կապ ունեն հանցագործության հետ»:
98. 2001թ. սեպտեմբերի 5-ի որոշմամբ Գրոզնիի դատախազությունը միացրել է դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ թիվ 12088 և նրա ավտոմեքենայի հափշտակության վերաբերյալ թիվ 15082 քրեական գործերը առաջին համարի ներքո՝ փաստարկելով, որ այս երկու հանցագործությունները կատարվել են նույն անձանց կողմից:
99. 2001թ. օգոստոսի 30-ի նամակով Գրոզնիի դատախազությունը հայտնել է դիմողին, որ «Oldsmobile»-ի հափշտակության վերաբերյալ նրա բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ և որ քննությունը գտնվում է ընթացքի մեջ: Դատախազությունը չի նշել քննությունն սկսելու ամսաթիվը կամ քրեական գործին տրված համարը:
100. 2005թ. օգոստոսի 23-ին Չեչնիայի Հանրապետության դատախազությունում թիվ 12088 քրեական գործի քննության ընթացքում պարզված՝ «Subaru» ավտոմեքենայի հափշտակության կապակցությամբ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2 (а) և (с) մասերով (ծանրացնող հանգամանքներում կատարված հափշտակություն) հարուցվել է քրեական գործ: Որոշման մեջ նշված էր, որ վերոնշյալ տրանսպորտային միջոցը 2000թ. մարտին հափշտակել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի՝ գործով չպարզված աշխատակիցները, ովքեր Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանից գործուղվել են Չեչնիայի Հանրապետություն: Գործին տրվել է 61856 համարը, և այն նույն օրը միացվել է թիվ 12088 գործին:
101. Գործով չպարզված անձանց կողմից դիմողի գույքի, այդ թվում՝ «Subaru» միկրոավտոբուսի հափշտակության և ոչնչացման կապակցությամբ 2005թ. օգոստոսի 23-ին ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասով (նյութական արժեքների հափշտակությունը) և 167-րդ հոդվածի 1-ին մասով (գույքը դիտավորյալ ոչնչացնելը կամ վնասելը) Չեչնիայի Հանրապետության դատախազության կողմից հարուցվել է ևս մեկ քրեական գործ: Գործին տրվել է 61857 համարը (տե՛ս ստորև` կետեր 206-214):
102. 2009թ. փետրվարի 20-ի որոշմամբ քննիչը նշել է, որ թիվ 15082 և թիվ 61856 քրեական գործերի հետ կապ ունեցող գործերի նյութերն ի սկզբանե քննվել են թիվ 12088 քրեական գործից անջատ, և դրանցում առկա են եղել ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 4 (b) մասում (նյութական արժեքների հափշտակությունը) և 167-րդ հոդվածի 1-ին մասում (գույքը դիտավորյալ ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված հանցագործության վերաբերյալ ապացույցներ, և որ դրանք կապված չեն եղել թիվ 12088 գործով քննվող հանցագործությունների հետ: Որոշման մեջ նշված էր, որ ՌԴ քրեական օրենսգրքի վկայակոչված հոդվածներով հարուցվել է քրեական գործ և դրան տրվել է 15082 համարը:
(c) Քաղաքացիական վարույթ սկսելուն ուղղված դիմողի փորձերը
(i) Գույքը պահանջելու վերաբերյալ հայցը
103. 2002թ. հոկտեմբերի 7-ին դիմողը Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանային դատարան հայց է ներկայացրել Ի.Ջ. և Խ.Ջ. եղբայրների և Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի չորս աշխատակիցների՝ Վ.-ի, Շ.-ի, Սուլ.-ի և Ա.-ի դեմ: Նա հայտարարել է, որ իր երկու ավտոմեքենաները՝ «Oldsmobile»-ը և «Subaru»-ն, հափշտակվել են իր՝ 2000թ. մարտի 5-ից մայիսի 24-ը կալանքի տակ գտնվելու ընթացքում, որ հետագայում ինքը փողոցում գտել է իր «Subaru» ավտոմեքենան` քանդված վիճակում, և որ իր «Oldsmobile» ավտոմեքենան հայտնաբերել է պրն Ջ.-ի տանը` Ուրուս-Մարտանում: Ըստ դիմողի` պրն Ջ.-ն պնդել է, որ իրենք 2004թ. ապրիլի 20-ին Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցներից 500 ԱՄՆ դոլարով համատեղ գնել են երկու ավտոմեքենա, և որ ինքը պատրաստ է համարժեք գումարի դիմաց դիմողին վերադարձնել մեքենան: Դիմողն իր հերթին ցանկանում էր հետ բերել իր «Oldsmobile»-ն և «Subaru» ավտոմեքենայի վնասման համար ստանալ 1500 ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում: Նա նաև խնդրել է դատարանին կարգադրել վերադարձնելու «Oldsmobile» ավտոմեքենան:
104. 2002թ. հոկտեմբերի 14-ին Օկտյաբրսկի շրջանային դատարանը հրաժարվել է քննության առնել դիմողի հայցը՝ պնդելով, որ դիմողի կողմից նշված փաստերում առկա են ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասով (ծանրացնող հանգամանքներում կատարված հափշտակություն) նախատեսված քրեական հանցագործության տարրեր, որ դրանք պետք է քննության առնվեն քրեական դատավարության կարգով, և որ մեղադրյալները բնակվել են Ուրուս-Մարտանում: Չեչնիայի Հանրապետության գերագույն դատարանի կողմից 2002թ. հոկտեմբերի 29-ի վերանայման արդյունքում այս որոշումն անփոփոխ է թողնվել:
105. 2003թ. հունիսի 21-ի որոշմամբ Ուրուս-Մարտանի քաղաքային դատարանը հրաժարվել է քննության առնել դիմողի բողոքը՝ պնդելով, որ դիմողի կողմից նշված փաստերում առկա են ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական հանցագործության տարրեր, որ դրանք պետք է քննվեն քրեական դատավարության շրջանակներում, և որ նման քրեական գործի շրջանակներում դիմողին կարող է տրվել քաղաքացիական պատասխանողի կարգավիճակ և նա կարող է պահանջել պատճառված վնասի փոխհատուցում: Հավանաբար, դիմողը չի բողոքարկել այս որոշումը:
(ii) Փոխհատուցման վերաբերյալ հայցը
106. 2002թ. հոկտեմբերի 7-ին դիմողը Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՌԴ ներքին գործերի նախարարության, ֆինանսների նախարարության և Դաշնային գանձապետարանի: Նա հանգամանորեն նշել է իր գույքին պատճառված վնասի մասին և պահանջել իրեն տրամադրել 158.120 ԱՄՆ դոլար՝ որպես նյութական վնասի փոխհատուցում, և 1.000.000 ԱՄՆ դոլար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
107. 2002թ. հոկտեմբերի 11-ի որոշմամբ Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանի դատարանը հրաժարվել է քննության առնել այդ հայցը՝ հայտարարելով, որ այն պետք է ներկայացվեր Մոսկվայի շրջանային դատարան՝ ըստ պատասխանողների գտնվելու վայրի:
108. 2002թ. հոկտեմբերի 29-ին Չեչնիայի Հանրապետության գերագույն դատարանը քննելով դիմողի բողոքը` օրինական ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:
109. 2003թ. մայիսի 12-ի որոշմամբ Մոսկվա քաղաքի Պրեսնենսկի շրջանային դատարանը դիմողի հայցը վերադարձրել է այն հիմնավորմամբ, որ վերջինս ներկայացվել է ընդդատության կանոնների խախտմամբ, և որ դիմողը պետք է հայց ներկայացնի պատասխանողի գտնվելու վայրի շրջանային դատարան:
110. 2003թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվա քաղաքի Պրեսնենսկի շրջանային դատարանը նույն հիմնավորմամբ վերադարձրել է դիմողի հայցը:
111. 2003թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ Մոսկվա քաղաքի Խամովնիչեսկի շրջանային դատարանը հրաժարվել է դիմողի հայցը քննության առնել և նրան առաջարկել է մինչև 2003թ. նոյեմբերի 27-ը նշել պատասխանողի հասցեները: 2003թ. դեկտեմբերի 8-ի նամակով դատարանը դիմողին է վերադարձրել նյութերը՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ նա չի կարողանում սահմանված ժամկետում շտկել թերությունը:
112. 2003թ. դեկտեմբերի 4-ին դիմողը Մոսկվա քաղաքի Խամովնիչեսկի շրջանային դատարան հայց է ներկայացրել ՌԴ ֆինանսների նախարարության դեմ: Ըստ դիմողի, 2004թ. հունվարի 9-ին իր հայցը վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ ներկայացվել է ընդդատության կանոնների խախտմամբ, և առաջարկել է դիմողին դիմել պատասխանողի գտնվելու վայրի շրջանային դատարան:
113. 2004թ. օգոստոսի 30-ին դիմողը Մոսկվա քաղաքի Խամովնիչեսկի շրջանային դատարան հայց է ներկայացրել Ռուսաստանի ներքին գործերի և ֆինանսների նախարարությունների դեմ՝ պահանջելով իրեն պատճառված բարոյական վնասի փոխհատուցում: Նրա պնդմամբ` ինքն այդ հայցի կապակցությամբ դատարանից պատասխան չի ստացել:
114. Հայցադիմումի քննությունը մերժելու մասին 2004թ. սեպտեմբերի 6-ի նամակում ՌԴ գերագույն դատարանը նշել է, որ այդ հայցադիմումն անհրաժեշտ է ներկայացնել պատասխանողի գտնվելու վայրի համապատասխան շրջանային առաջին ատյանի դատարան, այն է՝ Մոսկվա քաղաքի Բասմանի շրջանային դատարան, ում ընդդատության տակ է գտնվում ՌԴ ֆինանսների նախարարությունը: Դիմողը չի բողոքարկել այդ որոշումը:
115. 2008թ. օգոստոսի 21-ին դիմողն իրեն պատճառված նյութական վնասի փոխհատուցման ևս մեկ հայց է ներկայացրել: Նա նշել է, որ 1999-2002 թվականների ընթացքում Չեչնիայի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ կատարված հրաձգությունների արդյունքում իր բնակարանը և մյուս գույքը ոչնչացվել են, և որ ՌԴ կառավարության 2003թ. հուլիսի 4-ի թիվ 404 որոշման համաձայն՝ ինքը 350.000 ռուբլու (մոտավորապես 9.000 եվրոյի (EUR)) չափով փոխհատուցում է ստացել: Սակայն փոխհատուցման նշված գումարն էապես քիչ է, քան իրեն պատճառված իրական վնասը:
116. Գրոզնի քաղաքի Ստարոպրոմիսլովսկիի շրջանային դատարանի 2008թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ դիմողի հայցը մերժվել է, մասնավորապես այն պատճառով, որ դիմողը դատարան չի ներկայացրել ապացույցներ, որոնք կհիմնավորեին, որ բնակարանի և գույքի կորուստը նրան ավելի մեծ վնաս է պատճառել: Չեչնիայի Հանրապետության գերագույն դատարանի դատական կոլեգիան 2009թ. հունվարի 27-ին դիմողի բողոքը թողել է առանց բավարարման, իսկ Ստարոպրոմիսլովսկիի շրջանային դատարանի որոշումը` անփոփոխ:
B. Կողմերի ներկայացրած փաստաթղթերը
1. Քրեական գործը ներկայացնելու վերաբերյալ Դատարանի պահանջը
117. Տեղեկությունների պահանջի` 2005թ. հունիսի փուլում Կառավարությանն առաջարկվել է հայտնել, թե վատ վերաբերմունքի և իր գույքին վնաս պատճառելու վերաբերյալ դիմողի բողոքների կապակցությամբ հարուցվել է, արդյոք, քրեական գործ, և եթե` այո, ապա ինչ համարներ են տրվել համապատասխան քրեական գործերին: Կառավարությանն առաջարկվել է նաև ներկայացնել այդ քրեական գործերին վերաբերող փաստաթղթերը: Վկայակոչելով Գլխավոր դատախազությունից ստացված տեղեկությունը՝ Կառավարությունը Դատարանին հայտնել է, որ դիմողի նկատմամբ դրսևորված ենթադրյալ վատ վերաբերմունքի և նրա գույքին պատճառված վնասի վերաբերյալ քննությունն ընթացքի մեջ է, և քրեական գործին տրվել է 12088 համարը: Կառավարությունը, սակայն, հրաժարվել է քրեական գործից որևէ փաստաթուղթ ներկայացնել՝ հայտնելով, որ դրանց բացահայտումը հակասում է ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածին, քանի որ նյութերում առկա է ռազմական բնույթի տեղեկություն և քրեական դատավարության մասնակիցների անձնական տվյալներ: Միևնույն ժամանակ, Կառավարությունը հայտնել է, որ Դատարանի պատվիրակությունը կարող է ծանոթանալ նշված գործին նախնական քննության իրականացման վայրում, բացառությամբ «այն փաստաթղթերի, [որոնք ռազմական գաղտնիք և վկաների անձնական տվյալներ են պարունակում], առանց գործի նյութերը պատճենահանելու և այլ անձանց փոխանցելու»:
118. 2005թ. նոյեմբերին Դատարանը կրկնել է իր խնդրանքը և առաջարկել կիրառել Դատարանի կանոնների 33 §3 կանոնը: Ի պատասխան` Կառավարությունը ներկայացրել է 76 էջում զետեղված փաստաթղթեր, սակայն վերոնշյալ պատճառաբանությամբ հրաժարվել է բացահայտել քրեական գործի բոլոր նյութերը: Կառավարության ներկայացրած փաստաթղթերը ներառում էին քրեական գործում առկա փաստաթղթերի ցանկը, քրեական գործ հարուցելու, դիմողին տուժող ճանաչելու, քրեական գործով վարույթը կասեցնելու և վերսկսելու, տարբեր քննիչների կողմից գործը վարույթ ընդունելու, գործի վարույթները միացնելու, գործը քննչական խմբի կողմից քննելու և նախաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշումները:
119. Դիմողն իր հերթին դիմել է Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտե, որը հանդիսանում է հասարակական կազմակերպություն և գտնվում է Նիժնի Նովգորոդում, և խնդրել օգնել իրեն ծանոթանալ թիվ 12088 քրեական գործով 2000-2005 թվականների ընթացքում ձեռք բերված նյութերին: Կառավարության փաստարկների դեմ իր դիտողություններին կից դիմողը ներկայացրել է քրեական գործի մոտ 1000 էջ, որոնք, ինչպես երևում է, կազմում են տասներկու հատոր:
120. 2009թ. հունվարի 22-ին Դատարանի կողմից դիմումը ճանաչվել է մասամբ ընդունելի: Այդ փուլում Դատարանն առաջարկել է Կառավարությանը ներկայացնել 2005թ. նոյեմբերից հետո թիվ 12088 քրեական գործով կատարված քննության վերաբերյալ տեղեկություն, որը վերաբերում է դիմողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի և նրա՝ «Oldsmobile» և «Subaru» մակնիշների ավտոմեքենաների հափշտակությանը, ինչպես նաև առաջարկվել է բացահայտել քրեական գործի՝ դիմումի ժամանակահատվածին վերաբերող բոլոր փաստաթղթերը: Կառավարությանն առաջարկվել է նաև տեղեկություն տրամադրել դիմողի գույքի, այդ թվում՝ «Subaru» ավտոմեքենայի հափշտակությանը և ոչնչացմանը վերաբերող թիվ 61857 քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել այդ գործի բոլոր նյութերի պատճենները:
121. 2009թ. մարտին Կառավարությունը ներկայացրել է թիվ 12088 և թիվ 61857 քրեական գործերի նյութերից վերցված մի շարք փաստաթղթեր, որոնք զետեղված են եղել 95 էջում դրանց թվում էին քրեական գործով վարույթի կասեցման և վերսկսման, դիմողի գույքի հափշտակության վերաբերյալ վարույթները միացնելու, դիմողին թիվ 61857 գործով տուժող ճանաչելու մասին որոշումները, դիմողի հարցաքննությունների արձանագրությունները, գործի քննությունը քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ կարգադրությունը և նախնական քննության ժամկետը երկարացնելու, ինչպես նաև գործը մի քննիչից մյուսին փոխանցելու մասին որոշումները: Կառավարությունը հրաժարվել է բացահայտել քրեական գործի ցանկացած այլ նյութ՝ վկայակոչելով ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածը:
122. Կողմերի ներկայացրած փաստաթղթերում առկա տեղեկությունը` այնքանով որքանով վերաբերելի է, կարող է շարադրվել հետևյալ կերպ.
2. Թիվ 12088 քրեական գործում առկա փաստաթղթերը
(a) Քննության կատարմանը և քննության վերաբերյալ դիմողին տեղեկացնելուն վերաբերող փաստաթղթերը
123. 2000թ. հուլիսի 13-ի որոշման համաձայն՝ ապօրինի ձերբակալման և Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցների կողմից դրսևորված վատ վերաբերմունքի մասին դիմողի 2000թ. հունիսի 30-ի բողոքի կապակցությամբ Գրոզնիի դատախազությունը ՌԴ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 3(a) մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) հարուցել է քրեական գործ: Գործին տրվել է 12088 համարը:
124. 2000թ. օգոստոսի 13-ի, 2001թ. սեպտեմբերի 24-ի, նոյեմբերի 6-ի, դեկտեմբերի 19-ի և 2002թ. հունվարի 30-ի որոշումներով թիվ 12088 քրեական գործով վարույթը կասեցվել է: Որոշումների համառոտ տեքստերում նշված է, որ անհնարին է պարզել մեղավոր անձանց, և Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի քրեական հետախուզության վարչությանը կարգադրվել է «միջոցներ ձեռնարկել» ենթադրյալ հանցագործների բացահայտման համար:
125. 2001թ. օգոստոսի 24-ի, հոկտեմբերի 6-ի, նոյեմբերի 19-ի և դեկտեմբերի 30-ի, ինչպես նաև 2002թ. հուլիսի 18-ի որոշումներով հսկողություն իրականացնող դատախազի կողմից վերացվել են համապատասխանաբար` 2000թ. օգոստոսի 13-ի, 2001թ. սեպտեմբերի 24-ի, նոյեմբերի 6-ի, դեկտեմբերի 19-ի և 2002թ. հունվարի 30-ի որոշումները՝ վկայակոչելով, որ քննությունը թերի է եղել, որ միջադեպի հանգամանքներն օբյեկտիվորեն, ամբողջ ծավալով չեն բացահայտվել և որ չեն կատարվել մի շարք անհրաժեշտ քննչական գործողություններ: 2001թ. նոյեմբերի 19-ի, դեկտեմբերի 30-ի և 2002թ. հուլիսի 18-ի որոշումներում նաև նշված էր, որ քննչական մարմինները չեն կատարել դատախազի նախորդ ցուցումները և չեն կատարել նախորդ որոշումներում նշված մի շարք քննչական գործողություններ:
126. 2003թ. օգոստոսի 20-ի որոշմամբ գործի քննությունը կասեցվել է: Փաստաթղթում հանգամանորեն թվարկվել են կատարված քննչական գործողությունները, այդ թվում՝ դիմողի հարցաքննությունը և նրան տուժող ճանաչելը, տվյալ ժամանակահատվածում Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում աշխատած մի շարք պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ պրն Պ.-ի, պրն Դուբ.-ի, պրն Ս.-ի, պրն Բ.-ի, պրն Յա.-ի, պրն Ա.-ի, պրն Շ.-ի, պրն Վ.-ի և պրն Զ.-ի հարցաքննությունները, դիմողի հետ նույն խցում պահված անձի՝ պրն Կ.-ի հարցաքննությունը, տվյալ ժամանակահատվածում Օկտյաբրսկի ՎՕՎԴ գործուղված՝ Խանտի-Մանսիյսկի ներքին գործերի վարչության աշխատակիցներին լուսանկարով դիմողին և պրն Կ.-ին ճանաչման ներկայացնելը:
127. Որոշման մեջ նաև նշված էր, որ իշխանության իրավասու մարմիններ հարցումներ են արվել` հայտնաբերելու համար դիմողից գողացված ավտոմեքենաները, ինչպես նաև պարզելու պրն Ջ.-ի գտնվելու վայրը, ով հնարավոր է, որ կապ ունենար դրանց հափշտակության հետ: Որոշման մեջ նշված էր, որ պրն Զ.-ն, ում դիմողը ճանաչել էր լուսանկարով, հաստատել է, որ դիմողի խուց է թողել մտնել Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի հատուկ ջոկատի աշխատակիցներին, ովքեր կտրել են դիմողի ականջը: Բացի դրանից, նշված էր, որ պրն Զ.-ին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, և նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել, քանի որ նա թաքնվել էր քննչական մարմիններից և այդ պատճառով նրան հանցագործության հետ ենթադրյալ կապ ունեցող անձանց լուսանկարները ճանաչման չեն ներկայացվել:
128. Որոշման մեջ նշված էր, որ դիմողը և պրն Կ.-ն ճանաչել են նաև պրն Աբ.-ին, ով մարմնական վնասվածքներ էր պատճառում ձերբակալված անձանց և լուսանկարել է դիմողին այն բանից հետո, երբ կտրել են նրա ականջը: Որոշման համաձայն՝ քննության ժամանակ հնարավոր չի եղել Խանտի-Մանսիյսկի շրջանում հարցաքննել պրն Աբ.-ին, քանի որ նա մեկնել էր Ուզբեկստան:
129. Որոշման մեջ նշված էր, որ դիմողը ճանաչել է պրն Ն.-ին և պրն Դ.-ին որպես իրեն մարմնական վնասվածքներ պատճառած անձանց, և որ պրն Կ.-ն լուսանկարով ճանաչել է պրն Ն.-ին՝ որպես անձի, ով նման է դիմողի ականջը կտրողին:
130. Որոշման մեջ նաև նշված է, որ Խանտի-Մանսիյսկի շրջանում քննչական գործողություններ կատարելիս քննիչները բախվել են այնպիսի իրավիճակի, երբ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի ներքին գործերի վարչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ խոչընդոտել են իրենց ենթակաների հետ կապեր հաստատելուն, ինչի արդյունքում հնարավոր չի եղել հարցաքննել Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի ներքին գործերի վարչության մի շարք աշխատակիցների, ովքեր տարբեր պատճառաբանությամբ հրաժարվել են ներկայանալ հարցաքննության: Որոշման մեջ նշված էր, որ տեղի ունեցած դեպքի հանգամանքների պարզման համար խիստ անհրաժեշտ է եղել կազմակերպել 2003թ. նոյեմբերի 10-ին Չեչնիայի Հանրապետության դատախազություն հրավիրված աշխատակիցներ Ն.-ի, Դ.-ի և Աբ.-ի հետ դիմողի և պրն Կ.-ի հանդիպումը: Որոշման եզրափակիչ մասում նշված էր, որ բոլոր քննչական գործողությունները, որոնք կարող էին կատարվել վերոնշյալ աշխատակիցների բացակայության պայմաններում, կատարվել են, և այդ պատճառով գործով վարույթը պետք է կասեցվի մինչև նրանց Գրոզնի ժամանելը և մինչև պրն Զ.-ի գտնվելու վայրը պարզելը:
131. 2004թ. ապրիլի 13-ի որոշման մեջ նշված էր, որ ոչ վաղ անցյալում կասեցված թիվ 12088 գործով վարույթը վերսկսվել է 2003թ. դեկտեմբերի 3-ին: Նաև նշված էր, որ վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումն անօրինական է եղել, քանի որ քննչական մարմինները չեն կատարել բոլոր այն քննչական գործողությունները, որոնք կարող էին կատարվել կասկածյալների բացակայության պայմաններում, և, մասնավորապես, չեն կատարվել հսկողություն իրականացնող դատախազի ցուցումները:
132. 2004թ. մայիսի 13-ի և նոյեմբերի 26-ի որոշումների համաձայն՝ թիվ 12088 քրեական գործով վարույթը կասեցվել է: Որոշման տեքստը համընկնում էր 2003թ. օգոստոսի 20-ի որոշմանը: Մասնավորապես, նշված էին քննության ընթացքում կատարված այն նույն քննչական գործողությունները, որոնք թվարկված են եղել 2003թ. օգոստոսի 20-ի որոշման մեջ: Նաև նշվում էր, որ համապատասխան հարցումներին ի պատասխան` քննչական մարմինները տեղեկություն են ստացել այն մասին, որ պրն Ջ.-ն մահացել է 2002թ. հունվարի 6-ին, սակայն որոշումներում որևէ նշում չկար 2003թ. օգոստոսի 23-ի որոշմամբ նախատեսված այնպիսի գործողությունների մասին, ինչպիսիք են դիմողի, պրն Կ.-ի և աշխատակիցներ Ն.-ի, Դեգ.-ի և Աբ.-ի միջև առերես հարցաքննություն անցկացնելը (տե՛ս վերը՝ կետ 130), և դրանցում նշված չէր, թե ձեռնարկվել են, արդյոք, միջոցներ պրն Զ.-ի գտնվելու վայրը պարզելու համար: Որոշման մեջ նշված էր, որ բոլոր այն քննչական գործողությունները, որոնք հնարավոր էր կատարել պրն Զ.-ի բացակայության պայմաններում, ում գտնվելու վայրը պարզված չէ, կատարվել են, և որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պարզելու համար դիմողին մարմնական վնասվածքներ պատճառած անձանց:
133. 2004թ. հոկտեմբերի 20-ի որոշմամբ, որով վերացվել է 2004թ. մայիսի 13-ի որոշումը, քննությունը վերսկսվել է: Այդ որոշման համաձայն՝ քննչական մարմինները չեն կատարել այն բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները, որոնք կարող էին կատարվել մեղավոր անձանց բացակայությամբ: Որոշման մեջ, մասնավորապես, նշված էր, որ քննիչի մի շարք ցուցումներ չեն կատարվել, չեն պարզվել և հարցաքննվել դիմողի գույքի հափշտակության վկաները: Որոշման մեջ նշված էր նաև, որ այս և մի շարք այլ անհրաժեշտ քննչական գործողությունները պետք է կատարվեն: Որոշումն ստորագրված էր քննիչի կողմից և դրանում առկա էր նշում այն մասին, որ «շահագրգիռ անձինք» այս որոշման մասին տեղեկացվել են 2004թ. հոկտեմբերի 26-ին:
134. 2005թ. մայիսի 26-ի որոշմամբ, որով վերացվել էր 2004թ. նոյեմբերի 26-ի որոշումը, քննությունը վերսկսվել էր: Դրանում նշված էին այն քննչական գործողությունները, որոնք անհրաժեշտ է կատարել, և, մասնավորապես, ասվում էր, որ 2004թ. ապրիլի 13-ի և հոկտեմբերի 20-ի որոշումներում թվարկված գործողությունները պետք է կատարվեն ամբողջ ծավալով, որ պրն Զ.-ի հետախուզումը պետք է կատարվի ավելի ակտիվ կերպով և անհրաժեշտ են լրացուցիչ ապացույցներ այն մասին, որ պրն Ն.-ն, պրն Դ.-ն և պրն Աբ.-ն կապ ունեն 2000թ. մարտի 11-ին տեղի ունեցած միջադեպի հետ. այդպիսի ապացույցների ձեռքբերման դեպքում տվյալ անձանց նկատմամբ անհրաժեշտ է հարուցել քրեական գործ 2004թ. օգոստոսի 17-ի և սեպտեմբերի 22-ի բողոքներում դիմողի շարադրած փաստարկները պետք է քննարկվեն, ինչպես նաև անհրաժեշտ է այլ քննչական միջոցառումներ իրականացնել:
135. 2005թ. հուլիսի 4-ի որոշմամբ գործով նախնական քննությունը պետք է կասեցվի: Տվյալ որոշման տեքստը համընկնում է 2004թ. մայիսի 13-ի և նոյեմբերի 26-ի որոշումներին. դրանում թվարկվում էին կատարված քննչական գործողությունները: Վարույթի կասեցման մասին որոշման մեջ նաև ասված էր, որ պրն Զ.-ի գտնվելու վայրը պարզելու ընթացքում ձեռք է բերվել նրա մշտական բնակության վայրի հասցեն: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, ապա նրան Գրոզնի քաղաք տեղափոխելը հնարավոր չի թվում»: Որոշման մեջ ասված էր, որ բոլոր այն քննչական գործողությունները, որոնք հնարավոր էր կատարել պրն Զ.-ի բացակայության պայմաններում, կատարվել են, և որ նախնական քննությունը պետք է կասեցվի «մինչև այն պահը, երբ իրական հնարավորություն կլինի ապահովել կասկածյալ պրն Զ.-ի մասնակցությունը քրեական գործով վարույթին»: Որոշումն ստորագրվել է քննիչի կողմից և դրանում նշում է արվել այն մասին, որ կասկածյալ Զ.-ն և դիմողը տեղեկացվել են այս որոշման մասին:
136. 2005թ. օգոստոսի 17-ի որոշմամբ անօրինական և անհիմն է ճանաչվել 2005թ. հուլիսի 4-ի որոշումն այն առումով, որ մի շարք կարևոր քննչական միջոցառումներ չեն կատարվել, և, մասնավորապես, իրավական որակում չեն ստացել պրն Դ.-ի, պրն Ն.-ի և պրն Աբ.-ի արարքները, ովքեր դիմողի կողմից ճանաչվել են որպես 2000թ. մարտի 11-ի միջադեպի հետ կապ ունեցող անձինք, որ դիմողի գույքի հափշտակության, ինչպես նաև այդ հանցագործությանը պրն Յա.-ի հնարավոր առնչության փաստը պատշաճ կերպով չի քննվել, որ դիմողի լրացուցիչ դատաբժշկական զննությունները, որոնք անհրաժեշտ են եղել այն պատճառով, որ գործի նյութերում առկա են նախկինում կատարված բժշկական զննությունների երկու հակասական եզրակացություն, չեն կատարվել, և որ չեն կատարվել այլ անհրաժեշտ քննչական գործողություններ: Որոշման համաձայն՝ գործով նախնական քննությունը պետք է վերսկսվի:
137. 2005թ. օգոստոսի 30-ի նամակով քննիչը հայտնել է դիմողին և նրա փաստաբանին, որ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի չպարզված աշխատակիցների կողմից դիմողին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ 2000թ. հուլիսի 13-ին հարուցվել է թիվ 12088 քրեական գործը, որ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցների կողմից դիմողի «Oldsmobile» մակնիշի ավտոմեքենայի ենթադրյալ հափշտակության կապակցությամբ 2001թ. օգոստոսի 30-ին հարուցվել է թիվ 15082 քրեական գործը, որ 2001թ. սեպտեմբերի 5-ին այս երկու քրեական գործերը միացվել են 12088 համարով քրեական գործում, որ Չեչնիայի Հանրապետության Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանից Օկտյաբրսկի ՎՕՎԴ գործուղված` չպարզված աշխատակիցների կողմից դիմողի «Subaru» մակնիշի ավտոմեքենայի հափշտակության կապակցությամբ 2005թ. օգոստոսի 23-ին հարուցվել է թիվ 61856 քրեական գործը: Նամակում ասվում էր, որ 2000թ. մարտի 5-ից մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում դիմողին կալանքի տակ պահելու ընթացքում մի խումբ անհայտ անձինք մտել են նրա տուն և հափշտակել նրա գույքը, այդ թվում՝ «Subaru» ավտոմեքենան. դիմողին պատճառված նյութական վնասի չափը կազմել է 148,620 ԱՄՆ դոլար, այդ ժամանակահատվածում չպարզված անձինք դիտավորյալ քանդել են նրա գույքը՝ տունը, դրան կից շինությունները՝ դրանով նրան պատճառելով լուրջ բարոյական վնաս: Նամակում ասված էր, որ այս փաստի հիման վրա թիվ 12088 քրեական գործից առանձնացվել է 61857 համարով նոր քրեական գործ: Նամակի վերջում նշված էր, որ թիվ 12088 գործով քննությունը վերսկսվել է և գտնվում է քննության փուլում:
138. 2005թ. սեպտեմբերի 30-ի որոշման մեջ նշված էր, որ թիվ 12088 գործով քննությունը կասեցվել է, քանի որ բոլոր քննչական գործողությունները, որոնք հնարավոր է եղել կատարել մեղադրյալի բացակայության պայմաններում, կատարվել են: Որոշման մեջ նշված էր, որ պրն Զ.-ի գտնվելու վայրը պարզելու արդյունքում ձեռք է բերվել նրա բնակարանի հասցեն, սակայն պրն Զ.-ն թաքնվել է քննչական մարմիններից և տվյալ պահին նրա գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ:
139. 2005թ. հոկտեմբերի 26-ի նամակով Չեչնիայի Հանրապետության դատախազությունը հայտարարված վատ վերաբերմունքի և գույքի հափշտակության վերաբերյալ քրեական գործերի մասին դիմողի փաստաբանին տեղեկացրել է, որ այդ ժամանակահատվածում թիվ 12088 քրեական գործով քննությունը կասեցվել է մինչև հանցագործության կատարման համար մեղավոր անձանց պարզելը:
140. 2005թ. նոյեմբերի 21-ին վերացվել է 2005թ. սեպտեմբերի 30-ի որոշումն այն պատճառաբանությամբ, որ կայացվել է ժամանակից շուտ, և քննությունը վերսկսելու մասին որոշում է կայացվել: Դրանում, մասնավորապես, ասված էր, որ թեև գործերում առկա են ապացույցներ այն մասին, որ աշխատակիցներ Ն.-ն և Յա.-ն կապ ունեն դիմողի դեմ կատարված հանցագործության հետ, սակայն նրանց նկատմամբ դեռ ոչ բոլոր դատավարական որոշումներն են կայացվել: Որոշման մեջ նաև նշված էր, որ քննչական մարմինները դեռևս չեն որոշել այն հարցը, թե արդյոք անհրաժեշտ է առանձին քրեական գործ հարուցել պրն Զ.-ի դեմ:
141. 2005թ. դեկտեմբերի 24-ի որոշման համաձայն` քննությունը կասեցվել է պրն Զ.-ի գտնվելու վայրը պարզելն անհնարին լինելու պատճառով: Որոշման մեջ շարադրված են պրն Զ.-ին մեղսագրվող հանցագործության հանգամանքները և նշված է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ծանրացնող հանգամանքներում կատարված` պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որ նա իրավունք չունի լքելու իր բնակության վայրը և, վերջապես, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել այն պատճառով, որ նա բազմիցս չի ներկայացել դատախազություն և իր բնակության վայրից բացակայում է տևական ժամանակով: Որոշման մեջ եզրահանգում է արված այն մասին, որ մեղադրյալի բացակայության պայմաններում անհնարին է շարունակել քննությունը և Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի քրեական հետախուզության բաժնին դիմողի որոնումները կազմակերպելու կարգադրություն է տրվել:
142. 2006թ. փետրվարի 7-ի որոշմամբ հսկող դատախազը վերացրել է 2005թ. դեկտեմբերի 24-ի որոշումը, և գործով վարույթը վերսկսվել է: 2006թ. փետրվարի 7-ի որոշման տեքստը նման է 2005թ. նոյեմբերի 21-ի որոշման տեքստին: Դրանում, մասնավորապես, ասված էր, որ տվյալ պահին որևէ դատավարական որոշում չի կայացվել ոստիկանության աշխատակիցներ Ն.-ի և Յա.-ի վերաբերյալ` չնայած որ առկա են ապացույցներ այն մասին, որ նրանք կապ ունեն դիմողի դեմ կատարված հանցագործության հետ:
143. 2006թ. մարտի 7-ի որոշմամբ քննիչը գործը վարույթ է ընդունել: Որոշման տեքստը նման է 2005թ. դեկտեմբերի 24-ի որոշման տեքստին և դրանում ասված էր, որ պրն Դ.-ին մեղադրանք է առաջադրվել, պրն Բ.-ին և պրն Յա.-ին արգելվել է լքել իրենց բնակության վայրը և որ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված (տե՛ս վերը` կետեր 80 և 82): Որոշման մեջ ասված էր, որ քննությունն անհնարին է շարունակել պրն Զ.-ի, պրն Դ.-ի, պրն Յա.-ի և պրն Բ.-ի բացակայության պայմաններում, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ, նրանց որոնումը կազմակերպելու նպատակով կարգադրություններ են տրվել Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի քրեական հետախուզության բաժնին:
144. 2006թ. օգոստոսի 21-ի որոշմամբ անօրինական և անհիմն է ճանաչվել 2006թ. մարտի 7-ի որոշումը, և քննությունը վերսկսվել է: Որոշման մեջ ասված էր, որ մի շարք կարևոր քննչական միջոցառումներ, որոնք կարող էին կատարվել պրն Զ.-ի, պրն Դ.-ի, պրն Յա.-ի և պրն Բ.-ի բացակայության պայմաններում, չեն կատարվել, ինչպես նաև չեն ձեռնարկվել քայլեր նրանց գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ: Որոշման մեջ նշված էր, որ թեև գործերում առկա են տեղեկություններ վերոնշյալ չորս սպաների անձի և ծառայության վայրի վերաբերյալ, սակայն քննության ընթացքում հնարավոր չի եղել հարցաքննել նրանց հարազատներին, հարևաններին և գործընկերներին կամ համապատասխան ապացույցներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն կատարել նրանց ծառայության կամ բնակության վայրերում:
145. 2006թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ, որը համընկնում էր 2006թ. մարտի 7-ի որոշման հետ, քննությունը կրկին կասեցվել է: Դիմողն այդ որոշման մասին տեղեկացվել է նույն ամսաթվով ուղարկված նամակով:
146. 2006թ. հոկտեմբերի 5-ին դիմողը Չեչնիայի Հանրապետության դատախազություն բողոք է ներկայացրել 2006թ. սեպտեմբերի 25-ի որոշման դեմ և խնդրել է վերսկսել քննությունը: Նա նշել է այն անձանց հասցեները, ում գտնվելու վայրը, 2006թ. սեպտեմբերի 25-ի որոշման համաձայն, հնարավոր չի եղել պարզել:
147. 2006թ. հոկտեմբերի 12-ին Չեչնիայի Հանրապետության դատախազությունից դիմողին հայտնել են, որ նրա` 2006թ. հոկտեմբերի 5-ի բողոքը քննության է առնվել և մերժվել: Նամակում նշված չեն նման որոշում կայացնելու պատճառները:
148. 2007թ. հունվարի 9-ին անօրինական և անհիմն լինելու պատճառաբանությամբ վերացվել է 2006թ. սեպտեմբերի 25-ի որոշումը: Որոշման մեջ նշված էր, որ քննչական մարմինները չեն կատարել այն բոլոր քննչական գործողությունները, որոնք կարող էին կատարվել կասկածյալների և մեղադրյալների բացակայության պայմաններում, և որ որևէ միջոց չի ձեռնարկվել պարզելու համար պրն Զ.-ի, պրն Դ.-ի, պրն Յա.-ի և պրն Բ.-ի գտնվելու վայրը և քննչական միջոցառումներ իրականացնելու նպատակով նրանց` Չեչնիայի Հանրապետություն ներկայանալու համար, թեև գործի նյութերում առկա են տվյալներ նրանց ծառայության և բնակության վայրերի մասին:
149. 2007թ. մայիսի 28-ին քրեական վարույթը կրկին կասեցվել է: Որոշման մեջ թվարկված էին կատարված այն քննչական գործողությունները, որոնք համընկնում էին պրն Դ.-ի, պրն Զ.-ի և պրն Բ-ի վերաբերյալ 2006թ. մարտի 7-ին և սեպտեմբերի 25-ին կայացված որոշումներում թվարկված քննչական գործողությունների հետ: Եզրափակիչ մասում ասված էր, որ այս երեք սպաների բացակայության պայմաններում քննությունը շարունակել անհնարին է:
150. 2007թ. մայիսի 29-ին քրեական գործով վարույթը վերսկսվել է և որ որոշման մեջ նշված էր, որ անհրաժեշտ է ամբողջական դատաբժշկական փորձաքննություն կատարել, որը նշանակվել է 2007թ. ապրիլի 29-ին:
151. 2007թ. հունիսի 29-ին, 2008թ. դեկտեմբերի 25-ին և 2009թ. փետրվարի 21-ին համանման որոշումներով նախնական քննությունը կասեցվել է պրն Դ.-ի, պրն Զ.-ի և պրն Բ.-ի` հետախուզման մեջ գտնվելու կապակցությամբ, քանի որ նրանց գտնվելու վայրը շարունակում էր անհայտ մնալ:
152. 2008թ. նոյեմբերի 24-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսվել է: Դրանով անօրինական և անհիմն է ճանաչվել 2007թ. հունիսի 29-ի որոշումն այն պատճառով, որ տեղի ունեցած դեպքի ոչ բոլոր տարբերակներն են ստուգվել, դրանում նշվել է նաև պրն Զ.-ի և պրն Դ.-ի որոնումներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին:
153. 2009թ. հունվարի 19-ի որոշմամբ, անօրինական և անհիմն լինելու պատճառաբանությամբ, վերացվել է 2008թ. դեկտեմբերի 25-ի որոշումը, քանի որ քննչական մարմինները չէին կատարել բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները: Որոշման մեջ, inter alia, նշված էր, որ դիմողը ճանաչել է պրն Մ.-ին (տե՛ս ստորև` կետ 161), պրն Մ.-ն գործի հանգամանքների վերաբերյալ հարցաքննվել է որպես վկա, մասնավորապես, նպատակ ունենալով պարզել, թե նա մասնակցել է, արդյոք, դիմողին մարմնական վնասվածքներ պատճառելուն. քննարկվել է դիմողի գույքի հափշտակության վերաբերյալ նյութերն առանձին կարգով քննության առնելու հարցը, քանի որ նախնական քննության ընթացքում չի ապացուցվել, որ տվյալ հանցագործությունը կատարվել է այն անձանց կողմից, ովքեր դիմողին մարմնական վնասվածքներ են պատճառել. քննարկվել է պրն Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման հարցը, ով հայտնել է, որ մտադրված է օգտվել 2006թ. սեպտեմբերի 22-ին ընդունված Համաներման ակտից, որն ընդունվել է այն անձանց կապակցությամբ, ովքեր մեղավոր էին Հարավային դաշնային շրջանում կատարված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում կատարված քրեական հանցագործությունների համար, նաև նշված էր այլ քննչական գործողությունների կատարման մասին: Դիմողը տեղեկացվել է սույն որոշման մասին 2009թ. հունվարի 22-ի նամակով:
(b) Դիմողի դատաբժշկական զննությունների արդյունքում կազմված եզրակացությունները
154. Դատարանի տրամադրության տակ առկա փաստաթղթերից հետևում է, որ քննության ընթացքում դիմողն առնվազն երեք անգամ ենթարկվել է դատաբժշկական զննության: Ամենայն հավանականությամբ, դիմողը փորձագետների կողմից առաջին անգամ զննության է ենթարկվել 2001թ. սեպտեմբերի 7-ին: Դատաբժշկական զննությունների արդյունքները պարզ չեն, քանի որ բացակայում են համապատասխան եզրակացությունները:
155. Գործի նյութերում առկա է դիմողի` 2003թ. ապրիլի 4-ի դատաբժշկական զննության արդյունքում կազմված եզրակացությունը: Այդ զննության արդյունքները պարզ չեն, քանի որ փաստաթղթի համապատասխան մասն անընթեռնելի է: Եզրակացության մեջ, սակայն, հիշատակվում է այն դատաբժշկական փորձաքննության մասին, որին դիմողը ենթարկվել է ավելի վաղ: Մասնավորապես, նշված էր հետևյալը.
«Դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է 2001թ. սեպտեմբերի 7-ին` նպատակ ունենալով պարզել ՎՕՎԴ աշխատակիցների ապօրինի գործողությունների հետևանքով դիմողի առողջությանը պատճառված վնասի աստիճանը: 2001թ. սեպտեմբերի 7-ի թիվ 192 փորձագիտական եզրակացության համաձայն՝ [դիմողը] փաստորեն կորցրել է լսողությունը, նրա ձախ ականջի վրա առկա է սպի, և բացակայում են վերին ծնոտի տասնմեկ ատամները: Եզրակացության մեջ նշված չէ [դիմողի] այլ վնասվածքների մասին և գնահատված չէ նրա առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը: Այդ պատճառով անհրաժեշտ է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն անցկացնել` պարզելու և գնահատելու համար ոստիկանության աշխատակիցների կողմից [դիմողին] պատճառված բոլոր վնասվածքների աստիճանը»:
156. 2005թ. հունիսի 30-ի եզրակացության մեջ արձանագրված են դիմողի կրծքավանդակի աջ մասի չորս ողերի փակ կոտրվածքներ, ձախ ականջի բացակայություն և ձախ ականջի լսողության լրիվ կորուստ, ստորին ծնոտի ձախ հատվածում սպիների առկայություն և վերին ծնոտի տասնմեկ ատամների վնասվածքային հեռացում: Եզրակացության մեջ նաև նշված է, որ դիմողի ականջը կտրվել է կոպիտ գործիքով, որը նման է դանակի կամ այլ նման առարկայի, որ մնացած վնասվածքները կարող են պատճառված լինել կարծր, բութ առարկայով (առարկաներով) բազմակի հարվածների արդյունքում, հնարավոր է` դիմողի կողմից նշված ժամանակ և հանգամանքներում: Ապա նշվում է, որ ձախ ականջի լրիվ խլությունն արդեն հաշմանդամության պատճառ է դարձել, և որ ձախ ականջը կտրելը հանգեցրել է դեմքի թերության, ինչը պլաստիկ վիրահատություն է պահանջում: Եզրակացության մեջ նաև նշված է, որ տվյալ պահին դիմողը բողոքում էր ձախ ականջի խլությունից և ձախ ականջի բացակայությամբ պայմանավորված անհարմարությունից, և որ նա երկար մազեր է կրում՝ փորձելով թաքցնել այդ թերությունը, և խուսափում է այլ մարդկանցից, այդ թվում՝ իր ընկերներից և հարազատներից, քանի որ ամաչում է իր արտաքին տեսքից:
(с) Քննչական միջոցառումներին վերաբերող փաստաթղթերը
157. Քննիչի 2000թ. հուլիսի 18-ի որոշմամբ դիմողը տուժող է ճանաչվել: Որոշման մեջ վկայակոչված չէ որևէ գործի համար և առկա է դիմողի ստորագրությունը, որով հաստատվել է այն հանգամանքը, որ նա որոշման մասին նույն օրը տեղեկացվել է և որ նրան բացատրվել են իր դատավարական իրավունքները:
158. Դատարանի տրամադրության տակ գտնվող նյութերից երևում է, որ 2001թ. նոյեմբերից 2003թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում քննչական մարմինները Չեչնիայի Հանրապետության ու Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի իրավապահ մարմիններ և ուժային կառույցներ մի շարք հարցումներ ու կարգադրություններ են ուղարկել: Մասնավորապես, նրանք փնտրել և ստացել են 2000-2001 թվականների ընթացքում Օկտյաբրսկի ՎՕՎԴ գործուղված՝ Խանտի-Մանսիյսկի ներքին գործերի բաժնի ոստիկանության աշխատակիցների ցուցակը, ինչպես նաև այդ աշխատակիցներից վկա ճանաչված անձանց լուսանկարները, հարցաքննությունների արձանագրությունները:
159. Չպարզված մի օր դիմողը լուսանկարով ճանաչել է պրն Զ.-ին՝ որպես Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ի պահակ, ով թողել է դիմողի խուց մտնել երկու անձի, ովքեր կտրել են իր ականջը: 2003թ. փետրվարի 10-ին պրն Կ.-ն ևս ճանաչել է պրն Զ.-ին՝ պնդելով, որ վերջինս 2000թ. մարտին եղել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ի պահակ, որ հենց նա է ներս թողել այն երկու անձանց, որոնցից մեկը հետո կտրել է դիմողի ականջը:
160. 2002թ. նոյեմբերի 26-ին դիմողը լուսանկարով ճանաչել է պրն Բ.-ին՝ որպես դիմողին 2000թ. մարտի 5-ին Օկտյաբրսկի ՎՕՎԴ բերած աշխատակից, ով, բաժնի մյուս աշխատակիցների հետ, ինքնաձիգի խզակոթով ծեծել է իրեն, ապա շիկացած մետաղական ձող է սեղմել իր աջ ձեռքի ափին, դեմքին, ճակատին և լեզվին, կտրել է դիմողի մազերը և ստիպել ծամել դրանք: 2002թ. նոյեմբերի 28-ին նաև պրն Կ.-ն է լուսանկարով ճանաչել պրն Բ.-ին՝ պնդելով, որ լսել է, թե ինչպես վերջինս, լինելով Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ի ղեկավար, իր ենթականերից մեկին կարգադրել է մուրճով ջարդել ձերբակալված մի անձի մատները: Պրն Կ.-ն նաև հայտնել է, որ պրն Բ.-ն տեղյակ է եղել Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ում կատարվող բոլոր ապօրինի գործողությունների մասին:
161. 2003թ. ապրիլի 4-ին դիմողը լուսանկարով ճանաչել է պրն Մ.-ին՝ որպես սպա, ով համապատասխան ժամանակահատվածում Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանից գործուղվել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի Քրեական հետախուզության վարչություն և զբաղեցրել այդ վարչության ղեկավարի պաշտոնը, համապատասխան զեկույցից երևում է, սակայն, որ նա 2001թ. հոկտեմբերի 12-ին ինքնասպանություն է գործել: Դիմողի պնդմամբ, պրն Մ.-ն երբևէ որևէ ֆիզիկական բռնություն չի կիրառել իր նկատմամբ: 2003թ. մայիսի 13-ին պրն Կ.-ն լուսանկարով ճանաչել է պրն Մ.-ին՝ որպես Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակից և հայտնել, որ վերջինս չի մասնակցել իր հետ կապված որևէ միջադեպի:
162. 2003թ. մայիսի 8-ին դիմողը և պրն Կ.-ն լուսանկարով ճանաչել են պրն Աբ.-ին՝ որպես Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ի պահակ, ով լուսանկարել է դիմողին այն բանից հետո, երբ կտրել են նրա ականջը (տե՛ս վերը՝ կետ 25):
163. 2003թ. մայիսի 19-ի որոշմամբ պրն Զ.-ին ՌԴ քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել (տե՛ս վերը՝ կետ 77), նշված որոշման մեջ ասված էր, որ 2000թ. մարտի 11-ին պրն Զ.-ն խախտել է իր՝ որպես Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ի պահակի պարտականությունները և, չնայած համապատասխան կանոնների առկայությանը, Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի չպարզված աշխատակիցների համար բացել է դիմողի խցի դուռը, որոնցից մեկն էլ հետո կտրել է դիմողի ականջը՝ դրանով իսկ լուրջ վնաս պատճառելով դիմողի առողջությանը: Ապա որոշման մեջ նշված էր, որ պրն Զ.-ն չի կատարել իր ծառայական պարտականությունները նաև այն առումով, որ այդ միջադեպի մասին չի զեկուցել իր ղեկավարությանը:
164. 2003թ. մայիսի 19-ի երկու որոշումներում նշված էր, որ պրն Զ.-ն քննչական մարմիններ հարցաքննության չի ներկայացել և որ նրա գտնվելու վայրը անհայտ է: Որոշումներից մեկում ասված էր, որ պրն Զ.-ին արգելվել է լքել բնակության վայրը, իսկ մյուսում կարգադրություն էր արվել նրա հետախուզումը կազմակերպելու վերաբերյալ:
165. 2003թ. մայիսի 20-ին դիմողը լուսանկարով ճանաչել է պրն Դ.-ին՝ որպես անձի, ով 2000թ. մարտի 11-ի գիշերը Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ում կտրել է իր ականջը: Դիմողի պնդմամբ` ինքը մինչև 2000թ. մարտի 11-ը երբևէ չէր տեսել այդ մարդուն և վստահ է, որ հենց այդ մարդն է իրեն վնասվածք պատճառել: Դիմողը նշել է, որ դեպքի պահին այդ մարդու դեմքն ավելի նիհար է եղել:
166. 2003թ. մայիսի 23-ի որոշմամբ քննիչը խնդրել է դատախազին թույլատրել երկարացնելու նախաքննության ժամկետը: Որոշման մեջ թվարկված էին կատարված քննչական գործողությունները, այդ թվում՝ դիմողի հարցաքննությունը և նրան տուժողի կարգավիճակ տալը, Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ պրն Պ.-ի, պրն Դուբ.-ի, պրն Ս.-ի, պրն Բ.-ի, պրն Յա.-ի, պրն Ա.-ի, պրն Շ.-ի, պրն Վ.-ի, պրն Զ.-ի հարցաքննությունները, պրն Կ.-ի հարցաքննությունը, համապատասխան ժամանակահատվածում Օկտյաբրսկի ՎՕՎԴ գործուղված՝ Խանտի-Մանսիյսկի ներքին գործերի բաժնի աշխատակիցների լուսանկարներն ստանալը և դիմողի ու պրն Կ.-ի կողմից հանցագործության կատարման հետ ենթադրաբար կապված աշխատակիցների՝ լուսանկարներով ճանաչումը: Որոշման մեջ ասված էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում ծառայություն անցած սպաները համապատասխան ժամանակահատվածում ապրել են Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում, որ 2003թ. ապրիլին քննիչը գործուղվել է Խանտի-Մանսիյսկ, որտեղ ապացույցներ է ձեռք բերել այն մասին, որ այդ սպաներից ոմանք կապ ունեն ենթադրյալ հանցագործության հետ: Ապացուցվել է, մասնավորապես, պրն Զ.-ի առնչությունը, ում լուսանկարով ճանաչել է դիմողը, և, ինչպես հաստատել է պրն Կ.-ն, պրն Զ.-ն Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի հատուկ խմբի աշխատակիցներին թույլ է տվել մուտք գործել դիմողի խուց, և որ այդ աշխատակիցները հետո կտրել են դիմողի ականջը: Որոշման մեջ ասված է, որ պրն Զ.-ին մեղադրանք է առաջադրվել ծանրացնող հանգամանքներում կատարված պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման համար, ով տվյալ ժամանակահատվածում գտնվել է դաշնային հետախուզության տակ, քանի որ թաքնվել է քննչական մարմիններից: Ըստ որոշման, մինչ այդ պահը հնարավոր չի եղել հարցաքննել պրն Աբ.-ին, ում դիմողը և պրն Կ.-ն ճանաչել են լուսանկարով, քանի որ նա եղել է հերթական արձակուրդում և գտնվել է Ուզբեկստանի Հանրապետությունում: Որոշման մեջ նաև նշված էր, որ դիմողը լուսանկարով ճանաչել է պրն Դ.-ին՝ որպես անձի, ով կտրել է իր ականջը, և ասված էր, որ միջոցներ են ձեռնարկվում պրն Դ.-ի գտնվելու վայրը պարզելու և նրան մեղադրանք առաջադրելու ուղղությամբ: Որոշման մեջ թվարկված էին քննչական գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն, այդ թվում և` մասնավորապես պրն Դ.-ի, պրն Աբ.-ի և պրն Բ.-ի հարցաքննությունը, ինչպես նաև դիմողի նկատմամբ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելը, քանի որ նախորդ երկու փորձաքննությունների արդյունքները հակասական են եղել:
167. 2003թ. հուլիսի 22-ի նամակով Չեչնիայի Հանրապետության դատախազությունը խնդրել է Չեչնիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը քննել դիմողի գույքի, այդ թվում՝ երեք արտասահմանյան մակնիշների ավտոմեքենաների հափշտակությանը Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի պաշտոնատար անձանց ենթադրյալ մասնակցության հարցը, քանի որ թիվ 12088 քրեական գործի քննության ընթացքում ավտոմեքենաներից մեկը հայտնաբերվել է Ուրուս-Մարտանում պրն Ջ.-ի՝ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի նախկին աշխատակցի բնակության վայրի հասցեում, իսկ մյուս ավտոմեքենան հայտնաբերվել է Գրոզնիում` պրն Ա.-ի, պրն Վ.-ի և պրն Սուլ.-ի՝ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցների գտնվելու վայրում: 2004թ. հունիսի 3-ի նամակով Չեչնիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից Չեչնիայի Հանրապետության դատախազությանը հայտնել են, որ իրականացվում է ներքին ստուգում, և որ վերոնշյալ աշխատակիցները երբևէ չեն բնակվել վերոնշյալ հասցեում: Նամակի համաձայն՝ դիմողի ավտոմեքենայի հափշտակությանն այդ աշխատակիցների առնչությունը, այդպիսով, չի պարզվել:
168. 2003թ. օգոստոսի 15-ին դիմողը լուսանկարով ճանաչել է պրն Ն.-ին՝ որպես անձի, ով 2000թ. մարտի 11-ին Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ում կտրել էր իր ականջը: 2003թ. օգոստոսի 20-ին պրն Կ.-ն ևս լուսանկարով ճանաչել է պրն Ն.-ին՝ պնդելով, որ նա նման է այն անձին, ով կտրել է դիմողի ականջը, և որ դեպքի պահին նրա դեմքն ավելի նիհար էր ու նա կարճ մազեր ուներ:
169. 2003թ. սեպտեմբերի 9-ին քննիչը վկայի կարգավիճակով հարցաքննելու նպատակով Չեչնիայի Հանրապետության դատախազություն է հրավիրել պրն Դ.-ին, պրն Ն.-ին, պրն Աբ.-ին, ովքեր բնակվում էին Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում: Նույն ամսաթվի նամակով քննիչը Խանտի-Մանսիյսկի ներքին գործերի բաժնի ղեկավարին խնդրել է ապահովել վերոնշյալ երեք պաշտոնատար անձանց՝ Չեչնիայի Հանրապետության դատախազություն ներկայանալը:
170. Աշխատակիցներ Ն.-ի և Յա.-ի վերաբերյալ 2003թ. նոյեմբերի 26-ին քննիչի կողմից երկու համանման որոշում է կայացվել, որոնց համաձայն՝ վերջիններս պետք է նույն օրը ներկայանային հարցաքննության: Որոշումների մեջ նշված էր, որ 2003թ. նոյեմբերի 26-ին պրն Ն.-ն և պրն Յա.-ն դիմողի գործով հրավիրվել են որպես կասկածյալ, սակայն նրանց կապակցությամբ քննչական միջոցառումների կատարման ընթացքում երկու կասկածյալը մտացածին պատճառով թաքնվել են քննիչից, ինչի արդյունքում հնարավոր չի եղել ավարտել քննչական միջոցառումները:
171. 2004թ. օգոստոսի 18-ի նամակով Խանտի-Մանսիյսկի ներքին գործերի բաժնի քրեական հետախուզությունից Օկտյաբրսկի ՎՕՎԴ հայտնել են, որ պրն Զ.-ն գրանցված է և բնակվում է Խանտի-Մանսիյսկի իր տան հասցեում, որ տվյալ ժամանակահատվածում նա արձակուրդում է, գտնվում է Խանտի-Մանսիյսկի սահմաններից դուրս, և որ նրա կինը հրաժարվել է հայտնել նրա գտնվելու վայրը՝ վկայակոչելով հարազատի դեմ ցուցմունք չտալու իր սահմանադրական իրավունքը: 172. 2004թ. նոյեմբերի 18-ի նամակով Չեչնիայի Հանրապետության դատախազությունից 2004թ. հոկտեմբերի 29-ի կարգադրության կապակցությամբ հարցում է արվել Օկտյաբրսկի ՎՕՎԴ՝ նպատակ ունենալով ակտիվացնել պրն Զ.-ի որոնման աշխատանքները: 2004թ. դեկտեմբերի 3-ի նամակով Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ից պատասխան է ստացվել այն մասին, որ պրն Զ.-ի գտնվելու վայրը պարզելիս Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ն տեղեկություն է ստացել նրա բնակության և ծառայության վայրերից, պրն Զ.-ի բանավոր նկարագրությունն է ուղարկել այն վայրեր, որտեղ նա կարող է գտնվել, ինչպես նաև ստուգվել են համապատասխան գրառումները` պարզելու համար երբ և որ ուղղությամբ մեկնելու համար է նա երկաթուղային տոմսեր գնել: Նամակում նաև ասված էր, որ մինչ այդ պահը պրն Զ.-ի գտնվելու վայրը չի պարզվել:
173. 2005թ. հունվարի 14-ի նամակով Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ն քննիչին հայտնել է, որ իրենք պարզել են պրն Զ.-ի գտնվելու վայրը. նա բնակվում է Խանտի-Մանսիյսկի իր տան հասցեում, սակայն պրն Զ.-ին Չեչնիայի Հանրապետության դատախազություն բերելն անհնարին է եղել այն պատճառով, որ նրա նկատմամբ ընտրված էր ստորագրություն չհեռանալու մասին: 2005թ. հունիսի 18-ի նամակով Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ն քննչական մարմիններին հայտնել է, որ պրն Զ.-ն հանվել է դաշնային հետախուզությունից, քանի որ նրա բնակության վայրը պարզվել է:
174. 2005թ. հունիսի 29-ի որոշման համաձայն՝ դիմողի փաստաբանի խնդրանքով քննիչը որոշում է կայացրել դիմողին լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ, քանի որ 2001թ. սեպտեմբերի 7-ի եզրակացությունը (տե՛ս վերը՝ կետեր 154 և 155) ամբողջական չի եղել և չի պարունակել քննչական մարմինների հարցերից ոչ մեկի պատասխանը:
175. 2006թ. սեպտեմբերի 17-ի որոշման համաձայն՝ Չեչնիայի Հանրապետության դատախազությունը մերժել է քննիչի կողմից քրեական գործի բոլոր նյութերին ծանոթանալու վերաբերյալ դիմողի և նրա պաշտպանի դիմումի մերժման դեմ դիմողի փաստաբանի բողոքը: Որոշման մեջ ասված էր, որ քննիչը դիմողին և նրա փաստաբանին թույլ է տվել առանց պատճենահանելու իրավունքի ծանոթանալ այն քննչական միջոցառումների նյութերին և արձանագրություններին, որոնց դիմողը մասնակցել է, և փորձագետների եզրակացություններին, ինչպես նաև ստանալ քրեական գործ հարուցելու, քրեական գործի վարույթը կասեցնելու և դիմողին գործով տուժող ճանաչելու վերաբերյալ որոշումների պատճենները: Որոշման մեջ ասված էր, որ համապատասխան իրավական օրենսդրության շրջանակում դիմողը կարող է ծանոթանալ գործի նյութերին` ամբողջ ծավալով և փաստաթղթերից օրինակներ պատճենահանել միայն քննության ավարտից հետո, և որ հաշվի առնելով այն, որ թիվ 12088 քրեական գործի քննությունը դեռևս շարունակվում է, քրեական գործի մյուս բոլոր նյութերին դիմողի և նրա փաստաբանի ծանոթանալու՝ քննիչի մերժումն օրինական է:
176. 2007թ. հունվարի 9-ի որոշմամբ քննիչը խնդրել է դատախազին թույլատրել երկարացնելու գործի նախաքննության ժամկետը: Որոշման մեջ, մասնավորապես, նշված է.
«Տվյալ պահին քննությամբ պարզվել է հետևյալը.
Պրն Բ.-ն, կատարելով Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ի ղեկավարի պարտականությունները … 2000թ. մարտի 5-ին … սահմանազանցել է իր լիազորությունները և չպարզված այլ անձանց հետ ծեծել ու ոտքերով հարվածել է [դիմողի] մարմնի տարբեր մասերի, մետաղե ճիպոտե ձողով այրել է նրա ափերը [ներսի կողմից], կտրել […] դիմողի մազերը և ստիպել նրան ուտել դրանք:
Պրն Զ.-ն, իրականացնելով պահակային ծառայության ղեկավարի պարտականությունները …, Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ում իր ծառայական պարտականությունների կատարման ժամանակ …, 2000թ. մարտի 11-ին կեսգիշերին մոտ թույլ է տվել ԻՎՍ-ի խուց մուտք գործել պրն .-ին՝ հատուկ ռազմական խմբի ղեկավարի տեղակալին, և չպարզված այլ անձանց: Պրն Դ.-ն, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, խուց է մտել դանակով: Այնտեղ գտնվել են [դիմողը] և պրն Կ-ն: Պրն Դ.-ն, գործելով դիտավորյալ կերպով … և սահմանազանցնելով իր պաշտոնեական լիազորությունները, [դիմողին] գցել է գետնին և սկսել հարվածել նրա մարմնի տարբեր մասերի: Դրանից հետո չպարզված անձինք բռնել են դիմողին, իսկ պրն Դ.-ին կտրել է [դիմողի] ականջը:
Պրն Յա.-ն, իրականացնելով Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ղեկավարի տեղակալի պարտականությունները …, 2000թ. մարտի 5-ից մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում, … չպարզված այլ անձանց հետ դիմողի տանից հափշտակել է … [դիմողին] պատկանող՝ «Oldsmobile» մակնիշի ավտոմեքենան և 500 ԱՄՆ դոլարով վաճառել այն պրն Ջ.-ին»:
Որոշման մեջ ասված էր, որ նախաքննության ժամկետը պետք է երկարացվի, քանի որ անհրաժեշտ է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ և, մասնավորապես, ձերբակալել պրն Զ.-ին, պրն Դ.-ին, պրն Բ.-ին և պրն Յա.-ին և դատարան դիմել նրանց նկատմամբ կալանք կիրառելու համար, նրանց մեղադրանք առաջադրել և հարցաքննել, նրանց բնակության վայրերում խուզարկություն կատարել, անհրաժեշտության դեպքում՝ այս երեք անձի, դիմողի և պրն Կ.-ի միջև առերեսում կատարել, նախապատրաստել մեղադրական եզրակացություն և այլն:
177. 2007թ. փետրվարի 16-ի բողոքում դիմողը քննիչին խնդրել է իր գույքի, այդ թվում ավտոմեքենաների հափշտակության հանգամանքների կապակցությամբ հարցաքննել պրն Խ.Ջ.-ին, պրն Ռ.Ջ.-ին և պրն Ի.Ջ.-ին՝ հանգուցյալ պրն Ջ.-ի եղբայրներին, դիմողը պնդել է, որ նրանք Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցների հետ մեկտեղ ներգրավված են եղել այդ հանցագործության մեջ, և դա կարող է հիմնավորվել ականատեսների բազմաթիվ ցուցմունքներով:
178. 2007թ. փետրվարի 20-ի նամակով քննիչը հայտնել է դիմողին, որ նրա 2007թ. փետրվարի 16-ի բողոքը քննության է առնվել, և առաջարկել է նրան ցուցմունք տալու նպատակով ներկայանալ Չեչնիայի Հանրապետության դատախազություն: Դիմողի պնդմամբ` ինքը չգիտի, թե վերոնշյալ երեք անձինք արդյոք հարցաքննվել են:
(D) Վկաների ցուցմունքները
(i) Դիմողի ցուցմունքները
179. Քրեական գործի նյութերում առկա են դիմողի 2005թ. սեպտեմբերի 1-ի և 5-ի ցուցմունքները, որտեղ նա նկարագրել է ոստիկանության կողմից իրեն ձերբակալելու հանգամանքները և հայտնել, որ իրեն կալանքի տակ պահելու ընթացքում իր տնից գույք, այդ թվում՝ իր ավտոմեքենաներն են հափշտակվել, որոնց կապակցությամբ ինքը փաստաթղթեր ունի:
(ii) Պրն Կ.-ի ցուցմունքները
180. Գործի նյութերից երևում է, որ պրն Կ.-ն՝ դիմողի հետ նույն խցում պահված անձը (տե՛ս վերը՝ կետ 23), մի քանի անգամ է հարցաքննվել:
181. 2000թ. չպարզված մի օր կատարված հարցաքննության ընթացքում պրն Կ.-ն հայտնել է, որ տեսել է ոստիկանության անհայտ այն աշխատակիցներին, ովքեր մտել են այն խուցը, որտեղ պահվել են ինքն ու դիմողը, և կտրել են դիմողի ականջը: Պրն Կ.-ն նկարագրել է այն աշխատակցին, ով դա արել է, նա նաև հայտնել է, որ կճանաչի նրան:
182. 2001թ. սեպտեմբերի 4-ին որպես վկա հարցաքննվելիս պրն Կ.-ն տվել է համանման ցուցմունքներ: Մասնավորապես, նա պնդել է, որ ձերբակալվել է 2000թ. մարտի 10-ին և տեղափոխվել դիմողի խուցը: Պրն Կ.-ն պնդել է, որ դիմողի վրա որևէ տեսանելի վնասվածքներ չի նկատել: Նա նաև հայտնել է, որ մեկ կամ երկու օր անց ծագումով ռուս երկու անհայտ անձ, երկուսն էլ հարբած, մտել են խուց, նրանցից մեկը բեղեր ուներ: Նա հաստատել է, որ կարող է ճանաչել այդ անձանց: Ըստ պրն Կ.-ի` ԻՎՍ-ի պահակն ասել է չարագործներին, որ նրանք չպետք է ձեռք տան պրն Կ.-ին, սակայն դիմողի հետ կարող են վարվել այնպես, ինչպես կցանկանան: Բեղերով մարդը հրամայել է պրն Կ.-ին հեռու գնալ և շրջվել. վերջինս թեթևակի թեքել է գլուխը, սակայն կարողացել է տեսնել, թե ինչպես չարագործներից մեկը դիմողին հարվածել է և պահել այն ժամանակ, երբ բեղերով մարդը վերցրել է դանակը և կտրել դիմողի ականջը: Վերջինս շատ բարձր գոռում էր, իսկ ոստիկանության երկու աշխատակիցները վատ արտահայտություններ էին անում: Հետո նրանք հեռացել են: Պրն Կ.-ն հավելել է, որ հաջորդ օրերի ընթացքում ոստիկանության տարբեր աշխատակիցներ եկել են խուց և դաժանաբար ծեծի են ենթարկել իրեն ու դիմողին: Իրենց ծեծողների թվում պրն Կ.-ն հիշել է Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանից գործուղված երկու աշխատակիցների:
183. 2004թ. նոյեմբերի 15-ի հարցաքննության ընթացքում պրն Կ.-ն բանավոր ցուցմունքներ է տվել, որոնք համընկել են 2001թ. սեպտեմբերի 4-ին տրված ցուցմունքների հետ: Ի պատասխան քննիչի հարցին` նա նաև հայտնել է, որ պրն Ն.-ն, ում նա ավելի վաղ ժամանակ լուսանկարով ճանաչել է (տե՛ս վերը` կետ 168), հիշեցնում է այն մարդուն, ով կտրել է դիմողի ականջը, սակայն նա չի կարող պնդել, որ դա իրոք նույն մարդն է, քանի որ միջադեպը տեղի է ունեցել դրանից շատ առաջ:
(iii) Պրն Պ.-ի հայտարարությունը
184. Պրն Պ-ն, ով 2000թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում գործուղվել էր Խանտի-Մանսիյսկի շրջան և ծառայություն էր անցնում Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում, 2000թ. օգոստոսի 14-ի հարցաքննության ընթացքում հայտարարել է, որ իրականացրել է դիմողի վերաբերյալ քրեական գործի քննությունը, որ դիմողի գլուխը վիրակապված է եղել, և որ հարցաքննության ժամանակ դիմողը ցուցմունք է տվել այն մասին, որ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցների կողմից ձերբակալվելուց մեկ օր առաջ չորս կամ հինգ անհայտ անձ կտրել են նրա ականջը: Պրն Պ.-ն նաև ցուցմունք է տվել այն մասին, որ ոչ դիմողը, ոչ ինքը չեն իմացել, թե ով է կտրել դիմողի ականջը, և որ կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմողն ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
185. 2002թ. մարտի 21-ի հարցաքննության ընթացքում պրն Պ.-ն հայտարարել է, որ չի հիշում դիմողի արտաքինը, չի հիշում, թե նա ունեցել է, արդյոք, մարմնական վնասվածքներ, նրա գլուխը վիրակապված է եղել արդյոք, թե նա բողոքել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ում ծեծի ենթարկվելու կապակցությամբ, և արդյոք նա որևէ բժշկական օգնություն ստացել է: Ըստ պրն Պ.-ի` նա լսել է, որ ինչ-որ մեկը կտրել է դիմողի ականջը: Սակայն նա չի հիշում, թե ով է ասել իրեն այդ միջադեպի մասին, և նա չգիտի, թե ով կարող է կատարած լինել այդ արարքը:
186. 2002թ. սեպտեմբերի 9-ի հարցաքննության ընթացքում պրն Պ.-ն հայտնել է, որ չի իմացել, թե ոստիկանության աշխատակիցներից ով կարող էր դիմողին մարմնական վնասվածքներ պատճառած լինել և ժխտել է դիմողի որևէ գույքի հափշտակության փաստը:
(iv) Պրն Բ.-ի ցուցմունքները
187. Պրն Բ.-ն, ով 2000թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանից գործուղվել էր Չեչնիայի Հանրապետություն և զբաղեցնում էր Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ի ղեկավարի պաշտոնը, 2002թ. սեպտեմբերի 6-ի հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը 2000թ. մարտի վերջից մինչև ապրիլի սկիզբն ընկած ժամանակահատվածում փաստացի սկսել է իրականացնել իր` որպես ԻՎՍ-ի ղեկավարի պարտականությունները, իսկ մինչ այդ ինքն ԻՎՍ-ում չի եղել` անհրաժեշտ կարգադրության բացակայության պատճառով: Ըստ պրն Բ.-ի` երբ դիմողը բերվել է ԻՎՍ, նրա վրա առկա են եղել թարմ վերքեր, որոնք առաջացել էին նրա ականջը կտրելու հետևանքով, ըստ դիմողի` իր ականջը կտրել էր զինվորական դաշտային (կոմուֆլյաժային) հագուստով անհայտ մի տղամարդ: Պրն Բ.-ն ժխտել է դիմողի հետ ծանոթ կամ նրան նախկինում տեսած լինելը, և նա չգիտեր, թե ովքեր են կտրել նրա ականջը կամ մուտք գործել նրա խուց: Նա պնդել է, որ միջադեպի մասին հայտնել է Գրոզնի քաղաքի դատախազություն, որը քննության է առել այդ դեպքը և հրաժարվել է քրեական գործ հարուցել: Նա նաև հայտնել է, որ ինչ-որ մեկից լսել է, որ դիմողն ասել է, որ ձերբակալումից մեկ կամ երկու օր առաջ նրա ականջը կտրել են ապօրինի զինված խմբավորումների անհայտ անդամներ այն պատճառով, որ դիմողը հրաժարվել է նրանց հետ համագործակցել:
188. 2003թ. նոյեմբերի 26-ի հարցաքննության ընթացքում պրն Բ.-ն հայտնել է, որ 2000թ. մարտի 11-ի միջադեպի մասին իմացել է հաջորդ օրը: Մասնավորապես, նրան ասել են, որ այդ գիշեր մի քանի հարբած անձինք մուտք են գործել դիմողի խուց և նրանցից մեկը կտրել է նրա ականջը: Ըստ Բ.-ի` նրանք, հավանաբար, եղել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներ: Պրն Բ.-ն չի իմացել, թե ինչու դիմողին վնասվածքներ պատճառելու կապակցությամբ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում ներքին քննություն չի կատարվել: Նա պնդել է, որ իր պարտականությունները կատարել է սահմանված կարգին խիստ համապատասխան և ձերբակալված անձանց նկատմամբ երբևէ չի կիրառել ֆիզիկական բռնության որևէ ձև և որևէ տեղեկություն չի ստացել իր ենթակաների կողմից բռնության կիրառման վերաբերյալ:
(v) Պրն Զ.-ի ցուցմունքները
189. 2003թ. մարտի 28-ի հարցաքննության ժամանակ պրն Զ.-ն հաստատել է, որ մի քանի անգամ որպես պահակ հսկողություն է իրականացրել Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ում: Դրա հետ մեկտեղ, նա ժխտել է այն հանգամանքը, թե իմացել է դիմողի ազգանունը կամ նրա ձերբակալման հանգամանքները: Պրն Զ.-ն նաև պնդել է, որ չի հիշում, թե արդյոք հերթապահել է 2000թ. մարտի 9-11-ն ընկած ժամանակահատվածում որևէ օր, որևէ անձի թույլատրել է մուտք գործել խուց, և արդյոք «որևէ մեկի ականջը […] խցում կտրվել է»: Պրն Զ.-ն նաև ցուցմունք է տվել այն մասին, որ ի սկզբանե ԻՎՍ այցելությունները չեն գրանցվել, իսկ հետագայում այցելուներին գրանցում էին նոթատետրում:
190. 2003թ. ապրիլի 28-ի հարցաքննության ընթացքում պրն Զ.-ն հայտնել է, որ լավ հիշում է դիմողին, ում ձերբակալել էին տրոտիլե պայթագլանիկ պահելու համար, և պահում էին նույն խցում` պրն Կ.-ի հետ: Ապա Պրն Զ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ չի հիշում այն օրվա հստակ ամսաթիվը, երբ հերթապահ է եղել և Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի հատուկ ջոկատի աշխատակիցների խումբը ժամանել է ԻՎՍ: Ըստ պրն Զ.-ի` աշխատակիցները հարբած են եղել և ասել են, որ իրենց թույլ տան մտնել դիմողի խուց, քանի որ իրենց կարգադրվել է խոսել կալանավորվածների հետ: Պրն Զ.-ն ենթարկվել է: Նրա պնդմամբ` ինքը չի նայել, թե ինչ է կատարվում խցում, սակայն որոշ ժամանակ անց նա հառաչանքներ է լսել և մտել է խուց: Պրն Զ.-ն տեսել է դիմողին ծնկաչոք` մեկ կտրված ականջով: Հատակին շատ արյուն է եղել: Հատուկ խմբի անդամները գտնվում էին խցում, սակայն պրն Զ.-ն չի կարողանում հիշել, թե ում մոտ է եղել դանակը կամ ով է կտրել դիմողի ականջը: Ըստ պրն Զ.-ի` ինքը «իր դժգոհությունն է արտահայտել», ինչից հետո աշխատակիցները հեռացել են: Դրանից հետո պրն Զ.-ն և ևս մեկ պահակ դիմողին բժշկական օգնություն են ցույց տվել: Պրն Զ.-ն նաև հաստատել է, որ Աբ. ազգանունով, ծագումով ուզբեկ աշխատակիցն այդ ժամանակ ծառայել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում, սակայն նա չի հիշում, թե արդյոք Աբ.-ն եղել է խցում այն ժամանակ, երբ կտրել են դիմողի ականջը, և արդյոք պրն Աբ.-ի մոտ լուսանկարչական ապարատ է եղել:
191. 2003թ. մայիսի 4-ի հարցաքննության ժամանակ պրն Զ.-ն տվել է 2003թ. ապրիլի 28-ին տրված ցուցմունքներին համընկնող ցուցմունքներ:
(vi) Պրն Ջ.-ի, պրն Ա.-ի, պրն Շ.-ի և պրն Վ.-ի ցուցմունքները
192. 2001թ. հոկտեմբերի 12-ի հարցաքննության ընթացքում պրն Ջ.-ն, ով 2000թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակից, ցուցմունք է տվել այն մասին, որ 2000թ. մարտի վերջին կամ ապրիլի սկզբին պրն Ա.-ն, ով Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում վարորդ էր աշխատում, իրեն հայտնել է, որ 200 դոլարով երկու ավտոմեքենա է գնել Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանից գործուղված աշխատակիցներից: Ըստ պրն Ջ.-ի` մի ավտոմեքենան թողնվել է Գրոզնիում, իսկ մյուսը տեղափոխվել է Ուրուս-Մարտան և թողնվել պրն Ջ.-ի տան բակում, որտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ապա պրն Ջ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ մի անգամ դիմողը եկել է Ուրուս-Մարտան և խնդրել իրեն վերադարձնել ավտոմեքենաները, քանի որ ինքը դրանց սեփականատերն է: Ենթադրաբար, դիմողը մեղադրել է պրն Ջ.-ին իր մյուս գույքի հափշտակության մեջ: Պրն Ջ.-ն հայտնել է, որ երկու անգամ առաջարկել է դիմողին վերցնել ավտոմեքենան, սակայն վերջինս հրաժարվել է՝ պնդելով, որ պրն Ջ.-ն պետք է վերադարձնի նաև հափշտակված մյուս գույքը: Ըստ պրն Ջ.-ի` դրանից հետո ավտոմեքենան վերցրել են դաշնային զինծառայողները:
193. 2001թ. հոկտեմբերի 13-ին վկայի կարգավիճակով տրված ցուցմունքներում պրն Ա.-ն նշել է, որ 2000թ. փետրվարի վերջին կամ մարտի սկզբին ինքը ոստիկանության երկու այլ աշխատակիցների՝ պրն Շ.-ի և պրն Սուլ.-ի հետ մեկտեղ հանդիպել են «Ուրալ» ավտոմեքենայով և զրահատրանսպորտյորով տեղաշարժվող, զինվորական դաշտային (կոմուֆլյաժային) հագուստով մի խումբ զինծառայողների, ովքեր քարշ էին տալիս երկու արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա: Ըստ պրն Ա.-ի` ուղեկցող ջոկատի հրամանատարն ասել է, որ իրենք Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցներ են, և առաջարկել է 2000 ռուբլով գնել երկու ավտոմեքենան: Երեք տղամարդ համաձայնել են գնել ավտոմեքենաները, սակայն, ըստ պրն Ա.-ի, իրենք չեն իմացել, թե որտեղից են այդ մեքենաները և ով է դրանց սեփականատերը: Պրն Ա.-ն հետագայում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը, պրն Շ.-ն և պրն Սուլ.-ը մի մեքենան թաքցրել են հարևան բակում, իսկ մյուսը տեղափոխել իրենց բնակության վայր, իսկ երեք ամիս անց՝ պրն Ջ.-ի՝ Ուրուս-Մարտանում գտնվող տան բակ: Ըստ պրն Ա.-ի` չորս ամիս անց դիմողը հայտնել է, որ ուզում է հետ ստանալ իր ավտոմեքենաները, և պրն Ա.-ն ասել է նրան, որ ավտոմեքենաներից մեկն Ուրուս-Մարտանում է, սակայն դիմողը չի վերցրել այդ ավտոմեքենան, այլ վերցրել է այն, որը մնացել էր Գրոզնիում: Պրն Ա.-ն հավելել է, որ դիմողն իրենց չի վերադարձրել այն գումարը, որը նրանք վճարել էին ավտոմեքենաների համար: Նա նաև ցուցմունք է տվել այն մասին, որ կարող է ճանաչել ոստիկանության այն աշխատակիցներին, ովքեր իրենց են վաճառել ավտոմեքենաները:
194. 2001թ. հոկտեմբերի 13-ի հարցաքննության ընթացքում պրն Շ.-ն տվել է պրն Ա.-ի ցուցմունքներին նման ցուցմունքներ:
195. Պրն Վ.-ն 2001թ. հոկտեմբերի 13-ի հարցաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ինչ-որ պահի նա նկատել է ավտոմեքենան այն տան բակում, որտեղ ապրում էին ինքը, պրն Ա.-ն, պրն Շ.-ն և պրն Սուլ.-ը, և որ նրանք պատմել են իրեն, որ ավտոմեքենան ձեռք են բերել դաշնային ուժերի զինծառայողներից: Պրն Վ.-ի ցուցմունքների համաձայն՝ մեկ ամիս անց ավտոմեքենան տարվել է պրն Ջ.-ի՝ Ուրուս-Մարտան քաղաքում գտնվող տան բակ, իսկ որոշ ժամանակ անց, պրն Ջ.-ի խնդրանքով, պրն Վ.-ն ասել է դիմողին, որ նա կարող է վերցնել ավտոմեքենան: Պրն Վ.-ի պնդմամբ` դիմողը չի վերցրել այդ ավտոմեքենան, այլ վերցրել է մյուսը, որը մնացել էր Գրոզնիում:
196. Պրն Սուլ.-ի` 2001թ. հոկտեմբերի 13-ի հարցաքննության արձանագրությունն անընթեռնելի է:
197. 2003թ. հունվարի 15-ի հարցաքննության ընթացքում պրն Ա.-ն հրաժարվել է 2001թ. հոկտեմբերի 13-ին տրված իր ցուցմունքներից և հայտարարել, որ երբևէ չի մասնակցել ավտոմեքենաների գնմանը: Նա նաև պնդել է, որ պրն Ջ.-ից լսել է, որ վերջինս պրն Յա.-ից՝ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ղեկավարի տեղակալից, ավտոմեքենա է գնել:
198. Պրն Ա.-ն, պրն Շ.-ն և պրն Վ.-ն 2003թ. մայիսի 14-ի հարցաքննության ընթացքում տվել են ցուցմունքներ, որոնք մասամբ համընկնում են 2001թ. հոկտեմբերի 13-ին տրված ցուցմունքների հետ: Մասնավորապես, նրանք նշել են, որ մոտավորապես 2000թ. ձմռան ավարտին իրենք պրն Ջ.-ի հետ մեկտեղ հանդիպել են ռազմական տեխնիկայի շարասյան, որը բաղկացած էր «Ուրալ» ավտոմեքենայից և զրահատրանսպորտյորից, որոնք քարշ էին տալիս արտասահմանյան արտադրության երկու ավտոմեքենա, և որ պրն Ջ.-ն գնել է ավտոմեքենաները, դրանցից մեկն իր հետ տարել է Ուրուս-Մարտան, իսկ մյուսը թողել Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի բակում: Ըստ երեք տղամարդկանց հայտնածի` դիմողը մի քանի ամիս անց Ուրուս-Մարտանում հանդիպել է պրն Ջ.-ին և փորձել է ստանալ ավտոմեքենան, սակայն պրն Ջ.-ն ասել է, որ ավտոմեքենան կվերադարձնի միայն դրա ձեռքբերման արժեքին հավասար գումարի դիմաց:
(vii) Այլ անձանց ցուցմունքները
199. Պրն Դուբ.-ը, ով 2000թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանից գործուղված է եղել Չեչնիայի Հանրապետություն և զբաղեցրել Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ղեկավարի պաշտոնը, 2002թ. մարտի 15-ին ցուցմունք է տվել այն մասին, որ հիշում է կտրված ականջով դիմողին, ով բերվել էր Օկտյաբրսկի ՎՕՎԴ: Պրն Դուբ.-ը պնդել է, որ ոստիկանության աշխատակիցներից ոչ մեկը չի կտրել դիմողի ականջը, և որ Գրոզնիի դատախազությունը դեպքի կապակցությամբ քննություն է կատարել և որոշել է քրեական գործ չհարուցել: Պրն Դուբ.-ը ցուցմունք է տվել այն մասին, որ զրույցի ընթացքում դիմողն իրեն ասել է, որ իր ականջը կտրվել է նախքան ձերբակալումը, և դա արել է դիմողի տունը քանդած, զինվորական դաշնային (կոմուֆլյաժային) հագուստով մարդկանցից մեկը: 2003թ. մայիսի 12-ի հարցաքննության ընթացքում պրն Դուբ.-ը տվել է համանման ցուցմունքներ: Նա նաև հավելել է, որ իր գործուղման ամբողջ ընթացքում Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի տարածքում ոչ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա, ոչ արբանյակային ալեհավաք չեն եղել:
200. 2002թ. սեպտեմբերի 3-ի հարցաքննության ժամանակ վկա պրն Ս.-ն, ով 2000թ. մարտի 5-ին դիմողի տանը խուզարկություն է կատարել, ժխտել է դիմողի սեփականությունը հանդիսացող որևէ առարկայի առգրավման կամ հափշտակության փաստը:
201. 2002թ. սեպտեմբերի 6-ի հարցաքննության ընթացքում դիմողը՝ պրն Կիր.-ը, ով՝ որպես Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ աշխատակից, 2000թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանից գործուղվել էր Չեչնիայի Հանրապետություն, պնդել է, որ իր գործընկերներից լսել է, որ դիմողն ԻՎՍ է բերվել կտրված ականջով: Ըստ պրն Կիր.-ի` ոստիկանության աշխատակիցներից ոչ մեկն իր ներկայությամբ դիմողին մարմնական վնասվածքներ չի պատճառել, և վերջինս կտրված ականջի կապակցությամբ կանոնավոր կերպով բժշկական օգնություն է ստացել: Պրն Կիր.-ը նաև ցուցմունք է տվել այն մասին, որ դիմողից տեղեկացել է, որ նրա ականջը կտրել են ձերբակալումից երկու կամ երեք օր առաջ:
202. Պրն Յա.-ն, ով 2000թ. մայիսի փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանից գործուղվել է Չեչնիայի Հանրապետություն և զբաղեցրել Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը, 2003թ. ապրիլի 29-ի հարցաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ չգիտի, թե ինչպես է դիմողը ծանր մարմնական վնասվածքներ ստացել, և որ ինքն այդ փաստի առիթով քննություն չի կատարել, քանի որ դա չէր մտնում իր պարտականությունների մեջ: Պրն Յա.-ն հավելել է, որ այլ աշխատակիցներից լսել է, որ դիմողի ականջը կտրել են բանդային կազմավորումների անհայտ անդամներ՝ վրեժ լուծելով այն բանի համար, որ դիմողը համագործակցում է դաշնային ուժերի հետ: Պրն Յա.-ն ժխտել է դիմողի որևէ գույքի հափշտակության կամ դիմողին պատկանող ավտոմեքենաների վաճառքի հանգամանքը: Նա ցուցմունք է տվել այն մասին, որ չի ճանաչել պրն Ա.-ին կամ պրն Ջ.-ին և չի կարող բացատրել, թե ինչու են նրանք պնդել, որ դիմողի ավտոմեքենան ձեռք են բերել իրենից: Պրն Յա.-ն նաև հավելել է, որ պրն Ս.-ն (տե՛ս վերը՝ կետ 200) իրեն հայտնել է 2000թ. մարտի 5-ի խուզարկության արդյունքում դիմողի արբանյակային ալեհավաքի առգրավման մասին:
203. 2003թ. մայիսի 4-ի հարցաքննության ժամանակ պրն Ս.-ն կրկին ժխտել է խուզարկության ժամանակ դիմողի որևէ գույք հափշտակելու հանգամանքը և ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն անհասկանալի է, թե ինչու է պրն Յա.-ն նման հայտարարություն արել: Պրն Ս.-ն հավելել է, որ դիմողի տան բակում ավտոտնակ է եղել, սակայն այն դատարկ էր, և պրն Ս.-ն բակում որևէ ավտոմեքենա չի տեսել: Պրն Ս.-ն նաև պարզաբանել է, որ դիմողի տան խուզարկությունն իրականացվել է Անվտանգության դաշնային ծառայության ստացած այն տեղեկության կապակցությամբ, համաձայն որի` դիմողը սննդամթերք և ջուր էր մատակարարում ապօրինի զինված կազմավորումներին:
204. Պրն Դ.-ն, ում դիմողը ճանաչել էր որպես Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակից, ով կտրել էր իր ականջը (տե՛ս վերը՝ կետ 165), 2003թ. մայիսի 26-ի հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ դիմողի ազգանունն իրեն անծանոթ է: Նա, սակայն, ցուցմունք է տվել, որ դիմողը, հնարավոր է, այն մարդն է, ում ինքը 2000թ. մարտին ձերբակալել է՝ իրավապահ մարմինների կողմից տրված օպերատիվ այն տեղեկության հիման վրա, ըստ որի՝ դիմողը, ով օգնություն էր ցուցաբերում Չեչնիայի Հանրապետության՝ Քաղաքացիական պաշտպանության գործերով և արտակարգ իրավիճակների նախարարությանը (Министерство Чеченской Республики по делам гражданской обороны и чрезвычайным ситуациям) տեղացի բնակիչներին սնունդ և ջուր մատակարարելու հարցում, սննդամթերքի մի մասը տալիս էր ազատամարտիկներին: Ըստ պրն Դ.-ի` ոստիկանության մի խումբ աշխատակիցներ եկել են դիմողի աշխատանքի վայր, և որոշում են կայացրել ձերբակալել դիմողին՝ առանց տեղացի բնակիչների ուշադրությունը գրավելու: Պրն Դ.-ն մոտեցել է դիմողին և խնդրել աշխատակիցներին ցույց տալ ինչ-որ փողոց: Այն բանից հետո, երբ դիմողը նստել է տրանսպորտային միջոցներից մեկը` նրան տեղափոխել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ: Պրն Դ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ ձերբակալման պահին դիմողի վրա տեսանելի մարմնական վնասվածքներ առկա չէին: Նա հավելել է, որ այլևս երբևէ չի հանդիպել դիմողին և կտրականապես մերժել է նրան վնասվածքներ պատճառելու փաստը: Պրն Դ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ չի կարող բացատրել, թե ինչու է դիմողն իրեն ճանաչել որպես այն անձը, ով կտրել է իր ականջը:
205. Գործում առկա էին նաև ոստիկանության այն աշխատակիցների հարցաքննությունների արձանագրությունները, ովքեր մասնակցել էին դիմողի տանը 2005թ. մարտի 5-ին կատարված խուզարկությանը, և այն սպաների հարցաքննությունների արձանագրությունները, ովքեր տվյալ ժամանակահատվածում ծառայել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում: Նրանք բոլորը ժխտել են դիմողի տնից որևէ գույք, այդ թվում՝ որևէ տրանսպորտային միջոց վերցնելու փաստը, և նրանք ոչինչ չգիտեին դիմողի մարմնական վնասվածքների առաջացման մասին:
3. Թիվ 61857 քրեական գործի նյութերը
206. 2005թ. օգոստոսի 23-ի որոշման համաձայն՝ թիվ 12088 քրեական գործի քննության ընթացքում պարզված՝ «Subaru» մակնիշի ավտոմեքենայի և դիմողի տանն առկա գույքի հափշտակության, ինչպես նաև տան և դրան կից շինությունների ոչնչացման կապակցությամբ Չեչնիայի Հանրապետության դատախազության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասով (ծանրացնող հանգամանքներում կատարված հափշտակություն) և 167-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքին դիտավորյալ վնաս պատճառելը) հարուցվել է քրեական գործ: Որոշման մեջ ասված էր, որ վերոնշյալ գույքը հափշտակվել և ոչնչացվել է դիմողին Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ում պահելու ժամանակ: Փաստաթղթում նշված էր նաև, որ թեև հանցագործության մասին հաղորդում տրվել է, սակայն որևէ օբյեկտիվ ապացույց չկա այն մասին, որ այդ հանցագործությունը կատարվել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցների կողմից: Քննիչը որոշում է կայացրել թիվ 12088 քրեական գործից համապատասխան նյութերն ինքնուրույն վարույթ առանձնացնելու մասին:
207. 2005թ. սեպտեմբերի 29-ի նամակով Օկտյաբրսկի շրջանի դատախազությունից, քննություն կատարելու նպատակով, գործի նյութերը փոխանցվել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ:
208. 2005թ. հոկտեմբերի 2-ի որոշման համաձայն՝ Օկտյաբրսկի ՌՕՎԴ-ի քննիչը գործը վարույթ է ընդունել:
209. 2005թ. հոկտեմբերի 10-ի որոշման համաձայն՝ դիմողը գործով տուժող է ճանաչվել: Դիմողը տեղեկացվել է համապատասխան որոշման մասին և նույն օրը ստորագրությամբ հավաստել է այդ:
210. 2005թ. հոկտեմբերի 10-ի հարցաքննության ընթացքում դիմողը տվել է Դատարան ներկայացված ցուցմունքներին (տե՛ս վերը՝ կետեր 90-93) համանման ցուցմունքներ: Նա նաև պնդել է, որ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ պրն Ջ.-ն, պրն Յա.-ն և պրն Աբ.-ն, մասնակցել են իր գույքի հափշտակությանը:
211. 2005թ. հոկտեմբերի 23-ի և 2006թ. հունվարի 10-ի երկու համանման որոշումներով կասեցվել է թիվ 61857 քրեական գործով վարույթը: Որոշման հակիրճ պատճառաբանության մեջ ասված էր, որ հնարավոր չի եղել պարզել մեղավոր անձանց, չնայած «կատարվել են բոլոր հնարավոր քննչական միջոցառումները», ինչպես նաև դրանում առկա էր ենթադրյալ հանցագործներին հետախուզելու վերաբերյալ՝ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի քրեական հետախուզության վարչությանը տրված կարգադրություն: Որոշման մեջ նշված չէր, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվել քննության ընթացքում:
212. 2005թ. նոյեմբերի 25-ի որոշմամբ անօրինական և անհիմն լինելու հիմքով վերացվել է 2005թ. հոկտեմբերի 23-ի որոշումը և որոշում է կայացվել քննությունը վերսկսելու մասին: Որոշման մեջ նշված էր, որ անհրաժեշտ դատավարական որոշումներ կայացնելու համար թիվ 12088 քրեական գործից անհրաժեշտ է ստանալ վկաների համապատասխան հարցաքննությունների արձանագրությունների պատճենները և կատարել այլ քննչական գործողություններ:
213. 2005թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ քննիչը գործը վարույթ է ընդունել:
214. 2005թ. դեկտեմբերի 26-ի նամակով քննիչը Չեչնիայի Հանրապետության դատախազությանը խնդրել է իրեն փոխանցել դիմողի գույքի ենթադրյալ հափշտակման հետ կապված վկաների հարցաքննությունների արձանագրությունների պատճենները:
215. 2005թ. դեկտեմբերից հետո ընկած ժամանակահատվածում կատարված քննությանը վերաբերող փաստաթղթերը Դատարան չեն ներկայացվել: Կառավարության տվյալներով` թիվ 61857 քրեական գործով վարույթը 2006թ. հունվարի 10-ին կասեցվել է, իսկ 2009թ. մարտի 3-ին Չեչնիայի Հանրապետության դատախազությունը քրեական գործով վարույթը վերսկսելու մասին որոշում է կայացրել:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
216. Մինչ 2002թ. հուլիսի 1-ը գործել է Ռուսական Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության 1960թ. քրեական դատավարության օրենսգիրքը (ՌՍՖՍՀ քրեական դատավարության օրենսգիրքը): 2002թ. հուլիսի 1-ից ՌՍՖՍՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի փոխարեն սկսել է գործել Ռուսաստանի Դաշնության նոր քրեական դատավարության օրենսգիրքը:
217. ՌԴ նոր քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածը սահմանում է քննիչի և դատախազի որոշումների վերանայման դատական ընթացակարգ, դրանք կարող են բողոքարկվել շրջանային դատարան, որն իրավունք ունի ստուգելու վերոնշյալ որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը:
218. ՌԴ նոր քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածն արգելում է նախաքննության տվյալների հրապարակումը: Այդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նախաքննության տվյալները կարող են հրապարակվել միայն դատախազի, քննիչի, հետաքննիչի թույլտվությամբ և միայն այն ծավալով, որի դեպքում հրապարակումը կապված չէ քրեական դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի խախտման հետ և չի հակասում նախաքննության շահերին: Առանց քրեական դատավարության մասնակիցների համաձայնության` չի թույլատրվում նրանց անձնական կյանքին առնչվող տվյալների հրապարակումը:
219. ՌԴ նոր քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի համապատասխան մասն ամրագրում է, որ նախաքննության կասեցումից հետո որևէ քննչական միջոցառում չի կատարվում:
ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԸ
I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
220. Սույն գործի ընդունելիության և էության վերաբերյալ իր դիտողություններում Կառավարությունը պնդել է, որ դիմումը պետք է անընդունելի ճանաչվի, քանի որ դիմողը չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Կոնվենցիայի 3-րդ և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածներով դիմողի բողոքների կապակցությամբ գոյություն ունեցող իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցների վերաբերյալ Դատարանի հարցերին պատասխանելով` Կառավարությունը բողոքի ընդունելիության վերաբերյալ իր առարկություններում նշել է, որ վատ վերաբերմունքի և դիմողի գույքի ենթադրյալ հափշտակության և ոչնչացման վերաբերյալ բողոքների կապակցությամբ հարուցված թիվ 12088 և թիվ 61857 քրեական գործերով դիմողին տրվել է տուժողի կարգավիճակ և որ դիմողին բացատրվել են իր դատավարական իրավունքները: Կառավարության կարծիքով, դիմողը` որպես տուժող կարող էր ակտիվորեն մասնակցել քննությանը և էական օգնություն ցույց տալ քննչական մարմիններին, եթե բողոքներ և ապացույցներ ներկայացներ` այդպիսով աջակցելով հանցագործության հանգամանքները և մեղավորների ինքնությունը պարզելուն: Կառավարությունը նաև նշել է, որ ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն` դիմողը կարող էր դատական կարգով բողոքարկել քննչական մարմինների յուրաքանչյուր որոշում, գործողություն կամ անգործությունը, որը, նրա կարծիքով, կարող էր վնաս պատճառել իր դատավարական իրավունքներին: Ի հիմնավորումն այս փաստարկի` Կառավարությունը վկայակոչել է սույն գործի հանգամանքների հետ կապ չունեցող երեք բողոքների վերաբերյալ կայացված դատական ակտեր, մասնավորապես` Ուրուս-Մարտանի քաղաքային դատարանի 2004թ. օգոստոսի 6-ի որոշումը, որով Ուրուս-Մարտանի դատախազությունը պարտավորեցվել է վերսկսել դիմողի որդու կորստի փաստով քննությունը, Շալի քաղաքային դատարանի 2006թ. մարտի 13-ի և Ուրուս-Մարտանի քաղաքային դատարանի 2005թ. օգոստոսի 1-ի որոշումները, որոնցով դիմողներին թույլ է տրվել ծանոթանալ քրեական գործերին:
221. Դիմողը պնդել է, որ վատ վերաբերմունքի և գույքի հափշտակության վերաբերյալ իր բողոքների քննությունը չի կարող արդյունավետ համարվել, քանի որ այն բազմիցս կասեցվել և վերսկսվել է, տևել է մի քանի տարի և մինչև այդ ժամանակը տեսանելի արդյունք չի տվել: Ապա նա պնդել է, որ քրեական գործով որևէ էական եզրահանգման բացակայության պայմաններում քաղաքացիական դատավարության կարգով նրա որևէ հայցի հաջող քննությունը հավանական չէր: Այդ կապակցությամբ նա վկայակոչում է իր կորսված գույքի փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիական հայց ներկայացնելու իր փորձը, որն անօգուտ էր այն պատճառով, որ դատարանները հրաժարվել են քաղաքացիական դատավարության կարգով քննել նրա հայցը (տե՛ս վերը` կետեր 104-105):
222. Դատարանը գտնում է, որ Կառավարության նախնական առարկությունների այս մասն այնպիսի հարցեր է բարձրացնում, որոնք կապված են քրեական գործի քննության արդյունավետության հետ, և որ դրանք սերտորեն փոխկապակցված են դիմողի բողոքների էության հետ, այդ պատճառով նշված առարկությունը պետք է միացվի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ փոխկապակցված` Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների կապակցությամբ գործի ըստ էության քննության հետ:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
223. Դիմողը բողոքել է, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում ենթարկվել է անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների` վկայակոչելով Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցների կողմից իր նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի մեթոդները: Նա նաև բողոքել է այն առումով, որ չի կատարվել իր համապատասխան բողոքների արդյունավետ քննություն: Դիմողը վկայակոչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որի համաձայն`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
А. Կողմերի փաստարկները
224. Դիմողը հիմնական հայեցակետերով պնդել է 3-րդ հոդվածին առնչվող իր բողոքը: Նա նաև պնդել է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների փաստով քրեական գործի քննությունը բավարար չի եղել: Դիմողը նշել է, որ քննությունը, որը բազմիցս կասեցվել և վերսկսվել է, անգործության երկար ժամանակահատվածներ է ունեցել, երկար տարիների ընթացքում գտնվել է քննության փուլում, սակայն որևէ էական արդյունք չի տվել: Չնայած դիմողի բողոքներին, որոնցում նա նշել էր ենթադրյալ հանցագործների հասցեները, ենթադրվում է, որ որևէ բան չի արվել ստուգելու համար այդ տեղեկությունը, և քննությունը բազմիցս կասեցվել է մեղավոր անձանց գտնվելու վայրը պարզելու անհնարինության պատճառով: Բացի դրանից, դիմողը պնդել է, որ նրան և նրա ներկայացուցչին թույլ չի տրվել ծանոթանալ քրեական գործի բոլոր նյութերին, և որ նա պատշաճ կերպով չի տեղեկացվել քննության ընթացքի մասին:
225. Վկայակոչելով Գլխավոր դատախազության կողմից տրամադրված տեղեկությունը` Կառավարությունը հայտարարել է, որ «քննության ընթացքում պարզվել է դիմողին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու փաստը», սակայն պնդել է, որ մինչև հանցագործության բոլոր հանգամանքների պարզումը որևէ հիմք չկա ենթադրելու, որ պետությունը պատասխանատու է դիմողի նկատմամբ դրսևորված ենթադրյալ վատ վերաբերմունքի համար: Բացի դրանից, Կառավարությունը պնդել է, որ սույն գործի քննության ընթացքում չեն խախտվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողը տուժող է ճանաչվել և կարող էր մասնակցել քրեական դատավարությանը:
B. Դատարանի գնահատականը
1. Իշխանությունների կողմից դրսևորված ենթադրյալ վատ վերաբերմունքը
226. Դատարանը բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածում ամրագրված է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը, և որպես այդպիսին՝ այն արգելում է խոշտանգումները և/կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը (տե՛ս, օրինակ, Aksoy v. Turkey, 1996թ. դեկտեմբերի 18-ի վճիռը, կետ 62, Reports of Judgments and Decisions 1996-VI և Aydın v. Turkey, 1997թ. սեպտեմբերի 25-ի վճիռը, կետ 81, Reports 1997‑VI): Դատարանը հերթական անգամ ընդգծում է, որ իշխանությունները պարտավոր են պաշտպանել կալանքի տակ գտնվող անձի ֆիզիկական անձեռնմխելիությունը: Այն դեպքերում, երբ անձը կալանավորվել է առողջ, իսկ ազատ արձակվելու պահին նրա մոտ վնասվածքներ են հայտնաբերվել, Պետությունը պարտավոր է արժանահավատ բացատրություն ներկայացնել այդ վնասվածքների առաջացման կապակցությամբ: Հակառակ դեպքում, կարելի է ենթադրություն անել հօգուտ դիմողի և այդ կապակցությամբ կարող է ծագել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հարցը (տե՛ս Tomasi v. France, 1992թ. օգոստոսի 27-ի վճիռը, Series A no. 241-A, կետեր 108-111 և Selmouni v. France [GC], թիվ 25803/94, կետ 87, ECHR 1999-V):
227. Ապացույցների գնահատման ժամանակ Դատարանը սովորաբար կիրառում է ապացուցման չափանիշը, որի դեպքում ապացույցները «չպետք է ողջամիտ կասկածներ առաջացնեն» (տե՛ս Ireland v. the United Kingdom, 1978թ. հունվարի 18-ի վճիռը, Series A no. 25, էջեր 64-65, կետ 161): Սակայն ապացույց կարելի է դիտել բավականաչափ համոզիչ, հստակ և ոչ հակասական անուղղակի հատկանիշների կամ համանման չհերքված ենթադրությունների առկայությունը: Այն դեպքում, երբ վիճարկվող դեպքերի մասին տեղեկությունն ամբողջությամբ կամ առավելապես վերաբերում է իշխանությունների բացառիկ տեղեկացվածությանը, ինչպես դա առկա է, օրինակ, անձին կալանքի տակ պահելու դեպքում, ապա հիմքեր են առաջանում լուրջ ենթադրություն անել կալանքի տակ պահելու ընթացքում առաջացած մարմնական վնասվածքների վերաբերյալ: Նման դեպքում կարելի է ասել, որ բավարար և համոզիչ բացատրություն տալու պարտականությունը կրում է պետությունը (տե՛ս Ribitsch v. Austria, 1995թ. դեկտեմբերի 4-ի վճիռը, Series A no. 336, կետ 34 և Salman v. Turkey [GC], no. 21986/93, կետ 100, ECHR 2000-VII):
228. Սույն գործով, ժխտելով դիմողի նկատմամբ դրսևորված ենթադրյալ վատ վերաբերմունքի համար Պետության պարտականությունը, Կառավարությունը հիմք է ընդունել դեպքերի ընթացքի վերաբերյալ իր տարբերակում շարադրված կոնկրետ փաստերը: Առաջին հերթին՝ չի վիճարկվել, որ դիմողը 2000թ. մարտի 5-ից մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում կալանքի տակ է պահվել: Բացի դրանից, դիմողին ազատ արձակելուց հետո կազմված բժշկական փաստաթղթերը վկայում են տարբեր մարմնական վնասվածքների առկայության մասին, դրանցում, մասնավորապես, նշված է, որ դիմողի ձախ ականջը բացակայում է (տե՛ս վերը` կետեր 60, 155, 156): Կառավարությունը երբևէ չի պնդել, որ այդ վնասվածքները, բացառությամբ դիմողի ականջը կտրելուն, պատճառվել են նախքան նրան ազատ արձակելը կամ դրանից հետո: Ինչ վերաբերում է դիմողի ականջը կտրելուն, ապա Կառավարությունը վկայակոչելով Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի չորս աշխատակիցների ցուցմունքները` հայտարարել է, որ այդ վնասվածքը դիմողին պատճառել են անհայտ ազատամարտիկներ` ոստիկանության աշխատակիցների կողմից նրան ձերբակալելուց ոչ շատ վաղ (տե՛ս վերը՝ կետ 87):
229. Դատարանը Կառավարության բացատրությունն արժանահավատ չի համարում: Դատարանը նախ նշում է, որ այն ցուցմունքները, որոնց վրա հիմնվում է Կառավարությունը, վստահելի չեն: Իրականում միայն պրն Դուբ.-ը՝ տվյալ ժամանակահատվածում Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ղեկավարն է հիշել Օկտյաբրսկի ՎՕՎԴ բերված` ձերբակալված անձին, ով ականջ չի ունեցել (տե՛ս վերը՝ կետ 199): Մնացյալ երեք պաշտոնատար անձինք, որոնց ցուցմունքները վկայակոչում է Կառավարությունը, այն է՝ պրն Պ.-ն, պրն Կիր.-ը և պրն Յա.-ն երբևէ չեն պնդել, որ ձերբակալման պահին կամ Օկտյաբրսկի ՎՕՎԴ բերվելուց անմիջապես հետո տեսել են դիմողին: Նրանք, մասնավորապես, պնդել են, որ իրենց գործընկերներից լսել են, որ դիմողը բերվել է Օկտյաբրսկի ՎՕՎԴ կտրված ականջով (տե՛ս վերը՝ կետեր 184, 201 և 202): Ավելին, իր ցուցմունքներում պրն Պ.-ն ժխտել է, որ հիշում է, թե ինչ տեսք ուներ դիմողը կալանքի տակ պահվելու ընթացքում, արդյոք նրա գլուխը վիրակապված է եղել, և արդյոք նա ունեցել է որևէ մարմնական վնասվածք (տե՛ս վերը՝ կետ 185):
230. Ապա Դատարանը նշում է, որ այն ցուցմունքները, որոնք վկայակոչում է Կառավարությունը, հակասում են պրն Կ.-ի՝ դիմողի հետ նույն խցում պահված անձի և պրն Զ.-ի՝ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ի պահակի ցուցմունքներին: Երկուսն էլ մի քանի անգամ հետևողաբար նկարագրել են այն հանգամանքները, որոնց պայմաններում Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցը կտրել է կալանքի տակ պահվող դիմողի ականջը (տե՛ս վերը՝ կետեր 181-183 և 190-191), ինչի կապակցությամբ եզրակացություններ են արվել ներպետական քրեական քննության ընթացքում (տե՛ս վերը՝ կետ 176):
231. Եվ վերջապես, կարևորն այն է, որ վերոնշյալ չորս սպաների ցուցմունքները չեն հիմնավորվել Օկտյաբրսկի ՎՕՎԴ բերման ենթարկվելու պահին, ինչպես նաև այնտեղ գտնվելու ժամկետի ավարտին դիմողի առողջության վերաբերյալ կազմված որևէ բժշկական փաստաթղթով: Իրականում, տվյալներ չկան այն մասին, որ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում կալանքի տակ պահվելու ընթացքում որևէ պահի դիմողը ենթարկվել է բուժզննության, մինչդեռ կալանքի տակ գտնվող անձանց բուժզննության ենթարկելու պարտականությունը դրված է Պետության վրա (տե՛ս Salmanoğlu and Polattaş v. Turkey, գանգատ թիվ 15828/03, կետ 79, 2009թ. մարտի 17):
232. Հաշվի առնելով դիմողի ոչ հակասական և հանգամանալի փաստարկները, որոնք հաստատված են բժշկական փաստաթղթերով, Դատարանը եզրակացնում է, որ Կառավարությունը չի ներկայացրել բավարար ապացույցներ այն մասին, որ դիմողի վնասվածքներն առաջացել են որևէ այլ բանի և ոչ թե ամբողջությամբ, առավելապես կամ մասամբ՝ այն վերաբերմունքի հետևանքով, որին դիմողը ենթարկվել է կալանքի տակ գտնվելու ընթացքում (տե՛ս վերը՝ Ribitsch, կետ 34): Այսպիսով, Դատարանն ընդունում է դեպքերի ընթացքի վերաբերյալ դիմողի տարբերակը:
233. Ինչ վերաբերում է վատ վերաբերմունքի հետ կապված գործողությունների լրջությանը, ապա Դատարանը կրկին ընդգծում է, որ որոշելու համար, թե վատ վերաբերմունքի կոնկրետ տեսակը հանդիսանում է, արդյոք, խոշտանգում, անհրաժեշտ է հաշվի առնել 3-րդ հոդվածում առկա՝ «խոշտանգում» և «դաժան կամ նվաստացնող վերաբերմունք» հասկացությունների տարբերությունները: Կարելի է ենթադրել, որ նման տարբերակման միջոցով Կոնվենցիայում հատկապես քննադատվում է դիտավորյալ անմարդկային վերաբերմունքը, որը ծայրաստիճան լուրջ և դաժան տառապանք է պատճառում: Նախկինում Դատարանն ունեցել է գործեր, որոնցով սահմանել է, որ դրսևորվել է այնպիսի վարքագիծ, որը կարող է բնորոշվել միայն որպես խոշտանգում (տե՛ս վերը՝ Aksoy, էջ 2279, կետ 64, տե՛ս վերը՝ Aydın, էջեր 1891-92, կետեր 83-84 և 86, տե՛ս վերը՝ Selmouni, կետ 105, Dikme v. Turkey, գանգատ թիվ 20869/92, կետեր 94-96, ECHR 2000-VIII և վերջերս կայացված վճիռներից՝ Batı and Others v. Turkey, գանգատներ թիվ 33097/96 և 57834/00, կետ 116, ECHR 2004‑IV (քաղվածքներ)):
234. Ապա Դատարանը մատնանշում է վճիռներ կայացնելու՝ իր ձևավորված պրակտիկան, որի համաձայն՝ ազատությունից զրկված անձի նկատմամբ ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որը տվյալ անձի վարքագծի պատճառով բացարձակ անհրաժեշտ չէ, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը, սկզբունքորեն հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքների խախտում: Դատարանը նշում է, որ քննության խնդիրները և հանցավորության դեմ պայքարի անվիճելի բարդությունը չեն կարող արդարացնել անձի ֆիզիկական անձեռնմխելիության պաշտպանության որևէ սահմանափակում, որը կհանդիսանար նահանջ պաշտպանության այն աստիճանից, որը պետք է ապահովվեր այդ անձի համար (տե՛ս վերը՝ Tomasi, էջ 42, կետ 115 և տե՛ս վերը՝ Ribitsch, կետեր 38-40):
235. Սույն գործով դիմողը նշել է, որ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցներն իրեն ենթարկել են վատ վերաբերմունքի տարբեր ձևերով: Մասնավորապես, նրանք իրեն ծեծել են բռունցքներով, ինքնաձիգի խզակոթով, հարվածել են ոտքերով և նրա մարմնի տարբեր մասերն այրել են շիկացած մետաղե ձողով: Դիմողի նկատմամբ դրսևորված վերաբերմունքի դաժանության աստիճանի մասին են վկայում բժշկական փաստաթղթերը, որոնցում թվարկված են նման վերաբերմունքի լուրջ հետևանքները, այդ թվում՝ տրավմատիկ եղանակով հեռացված առնվազն 11 ատամը, կոտրված առնվազն չորս ողը, ստորին ծնոտի ձախ հատվածում առկա սպին (տե՛ս վերը՝ կետեր 155-156), հնարավոր կոտրված քիթը և վնասված աջ ոտքը, աջ ձեռքի ափին առկա սպիները (տե՛ս վերը՝ կետ 60): Դատարանը գտնում է, որ վատ վերաբերմունքի նշված ձևերի արդյունքում դիմողին դիտավորյալ կերպով ցավ ու տառապանք է պատճառվել՝ նպատակ ունենալով հարկադրել նրան խոստովանելու իրեն մեղսագրվող հանցագործությունները:
236. Դատարանին հատկապես զարմացրել է 2000թ. մարտի 11-ի միջադեպը, այն է՝ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակցի կողմից դիմողի ձախ ականջը կտրելը: Դատարանը գտնում է, որ դա դիմողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի հատկապես ծանր և զզվանք առաջացնող ձև է, որը ոչ միայն դիմողին ֆիզիկական ցավ է պատճառել, այլ նաև հանգեցրել է նրա աշխատունակության կորստի՝ ձախ ականջի լսողության լրիվ կորստի, դա հանգեցրել է նաև դիմողի մոտ երկարատև բացասական հոգեկան վիճակների առկայության (տե՛ս վերը՝ կետ 156): Վատ վերաբերմունքի այս մեթոդը, անկասկած, դիմողի նկատմամբ կիրառվել է դիտավորյալ կերպով, դրա միակ նպատակը դիմողի մոտ վախ, հոգեկան տառապանքներ և նվաստացված լինելու զգացում առաջացնելը, նրա մարդկային արժանապատվությունը վիրավորելը ու, հնարավոր է, նրա ֆիզիկական ու բարոյական դիմադրությունը կոտրելն է եղել: Դատարանն ապշեցնող է դիտում այն, որ նման սարսափելի բռնարարքը կատարվել է ոստիկանության աշխատակցի կողմից, ով ի թիվս այլ հանգամանքների, հանդիսացել է Պետության ներկայացուցիչ, որն ուղարկվել է Չեչնիայի Հանրապետություն տարածաշրջանում սահմանադրական կարգի պահպանման համար և կոչված է եղել պաշտպանելու քաղաքացիների շահերը:
237. Տվյալ դեպքում դիմողը, Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում կալանքի տակ պահվելու ընթացքում իր նկատմամբ կիրառված բռնության մակարդակի հետևանքով առաջացած իր ճակատագրի անորոշության պատճառով, անկասկած, գտնվել է անդադար ֆիզիկական ցավի ու տագնապի վիճակում: Այդ հանգամանքները հիմք ընդունելով` Դատարանը եզրահանգում է, որ ընդհանուր առմամբ և հաշվի առնելով դրա նպատակներն ու լրջության աստիճանը` դիմողի նկատմամբ դրսևորված վերաբերմունքը, մասնավորապես` ձախ ականջը կտրելը, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով հավասարազոր է եղել խոշտանգման: Իրականում, Դատարանը նման եզրակացության կհանգեր առանձին վերցրած, նշված հիմքերից յուրաքանչյուրի քննության արդյունքում:
238. Հետևաբար, այդ կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
2. Քննության՝ ենթադրյալ ոչ արդյունավետ լինելը
239. Այն դեպքում, երբ անձը ոստիկանության կողմից, ի խախտումն 3-րդ հոդվածի, դրսևորված վատ վերաբերմունքի կապակցությամբ պոտենցիալ արժանահավատ բողոքով դիմում է իշխանություններին, այդ դրույթը Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված՝ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար … այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիա[յում]» Պետության պարտավորության հետ համատեղ ենթադրում է արդյունավետ պաշտոնական քննության իրականացում: Նման քննությունը պետք է հանգեցնի խախտման համար պատասխանատու անձանց պարզելուն և պատժելուն (տե՛ս Assenov and Others, 1998թ. հոկտեմբերի 28-ի վճիռը, Reports 1998-VIII, էջ 3290, կետ 102, և Labita v. Italy [GC], գանգատ թիվ 26772/95, կետ 131, ECHR 2000-IV): Դատարանի պրակտիկայով սահմանված՝ նվազագույն պահանջվող չափորոշիչների շարքին է դասվում նաև քննության անկախությունը, անաչառությունը և դրա նկատմամբ հասարակական վերահսկողության հնարավորությունը, ինչպես նաև դրանցում առկա են իրավասու իշխանությունների գործողությունների առանձնահատուկ ջանասիրության և անհապաղության վերաբերյալ պահանջներ (տե՛ս, օրինակ, Chitayev and Chitayev v. Russia, գանգատ թիվ 59334/00, կետ 163, 2007թ. հունվարի 18):
240. Սույն գործով, ինչպես նշում է Դատարանը, վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքի կապակցությամբ որոշակի առումով քննություն է կատարվել: Դատարանը պետք է գնահատի, թե արդյոք այդ քննությունը համապատասխանել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին:
241. Ինչպես երևում է Դատարանի տրամադրության տակ առկա նյութերից` քննությունն սկսվել է 2000թ. հուլիսի 13-ին, ինչը կարելի է ձգձգում համարել, և կատարվել է թերություններով ու ամենատարրական քայլերը ձեռնարկելու՝ անբացատրելի հետաձգումներով: Ակնհայտ է, որ քննությունն սկսելուց հետո` ավելի քան մեկ տարվա ընթացքում իշխանությունները դիմողին հարցաքննել են միայն մեկ անգամ՝ 2000թ. հուլիսի 17-ին, ենթադրվում է, որ այս ամսաթվի վերաբերյալ Կառավարության պնդումը հավաստի է (տե՛ս վերը՝ կետ 70), և նրան տուժող են ճանաչել 2000թ. հուլիսի 18-ին (տե՛ս վերը՝ կետ 184), ինչպես նաև 2000թ. օգոստոսի 14-ին հարցաքննել են պրն Պ.-ին (տե՛ս վերը՝ կետ 184): Չնայած ներպետական մարմինների կողմից վերջին վկայի հարցաքննության փաստը կասկած է հարուցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցաքննությունն իրականացվել է գործով վարույթը կասեցնելու հենց հաջորդ օրը (տե՛ս վերը՝ կետեր 71 և 124), այն դեպքում, երբ, ներպետական օրենսդրության համաձայն, քրեական գործի կասեցումից հետո քննչական գործողություններ չեն կարող կատարվել (տե՛ս վերը՝ կետ 219):
242. Չնայած դիմողի պնդումների ակնհայտ լրջությանը՝ իշխանությունները, կարծես, որևէ փորձ չեն արել ստուգելու դեպքի տեղը, և դիմողը դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել մինչև 2001թ. սեպտեմբերի 7-ը, այսինքն՝ դիմողը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել քննությունն սկսելուց ավելի քան մեկ տարի հետո: Բացի դրանից, ամենայն հավանականությամբ, այդ փորձաքննությունը հանգամանորեն չի կատարվել, ինչի արդյունքում պահանջվել է նշանակել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություններ (տե՛ս վերը՝ կետեր 155, 166 և 174): Դատարանը նաև նշում է, որ դրանք չեն նշանակվել և չեն կատարվել մինչ 2003 և 2005 թվականները:
243. Բացի դրանից, պարզ չէ, թե մինչև 2001թ. նոյեմբերը, այսինքն՝ մինչ այն պահը, երբ քննչական մարմիններն սկսել են հարցումներ ուղարկել Չեչնիայի Հանրապետություն և Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջան` ստանալու համար նախ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի ոստիկանության այն աշխատակիցների ցուցակը, ովքեր 2000-2001 թվականներին գործուղվել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ, ապա նաև նրանց լուսանկարները և վկաների հարցաքննությունների արձանագրությունները (տե՛ս վերը՝ կետ 158), ինչ գործողություններ են կատարվել պարզելու համար ոստիկանության այն աշխատակիցների ինքնությունը, ովքեր տվյալ ժամանակահատվածում ծառայություն են անցել Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ում:
244. Դատարանը նաև անընդունելի է համարում Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի իշխանությունների, մասնավորապես՝ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի ներքին գործերի շրջանային վարչության այն բարձրաստիճան պաշտոնյաների վարքագիծը, ովքեր խոչընդոտել են քննությանը՝ տվյալ տարածաշրջան գործուղված քննիչի և իրենց ենթակաների միջև կոնտակտների հաստատմանը խոչընդոտելու միջոցով, ինչը վերջիններիս հնարավորություն է տվել արհամարհել հարցաքննության ներկայանալու վերաբերյալ քննիչի ծանուցագրերը (տե՛ս վերը՝ կետ 130):
245. Ապա Դատարանը նշում է, որ 2002թ. նոյեմբերից 2003թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում դիմողը և պրն Կ.-ն՝ նրա հետ նույն խցում պահված անձը, ոստիկանության մի քանի աշխատակցի լուսանկարներով ճանաչել են՝ որպես անձինք, ովքեր առնչություն ունեն այն հանցագործության հետ, որի դեմ բողոքում է դիմողը (տե՛ս վերը՝ կետեր 159, 160, 162, 165 և 168): Դիմողի նկատմամբ կատարված հանցագործություններին այդ աշխատակիցների հնարավոր մասնակցությունը պարզելու կապակցությամբ հետագա քննություն իրականացնելու, մասնավորապես, հանցանքի կատարմանն այդ աշխատակիցների առնչության վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ հավաքելու, այդ սպաների և դիմողի ու պրն Կ.-ի միջև առերես հարցաքննություն կազմակերպելու, այդ աշխատակիցների գործողություններին իրավաբանական որակում տալու և նրանց վերաբերյալ համապատասխան դատավարական որոշումներ կայացնելու, խափանման միջոցներ կիրառելու և մեղադրական եզրակացությունը նախապատրաստելու ուղղությամբ երկար տարիների ընթացքում որևէ գործնական քայլ ձեռնարկելուց քննչական մարմինների՝ զայրույթ առաջացնող հրաժարման մասին են վկայում հսկողություն իրականացնող դատախազների որոշումները, որոնցով բազմիցս է անօրինական և ժամանակից շուտ կայացված է ճանաչվել գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումների մեծ մասը և նշվել է, որ համապատասխան կարգադրությունները չեն կատարվել (տե՛ս վերը՝ կետեր 131, 133, 134, 136, 140 և 142): Վերոնշյալ գործողությունները չեն կատարվել նաև մինչև 2006թ. փետրվարի 20-ը, երբ վերջապես պրն Դ.-ին, այն է՝ դիմողի կողմից 2003թ. մայիսի 20-ին որպես իր ականջը կտրած ոստիկանության աշխատակից ճանաչված անձին, մեղադրանք է առաջադրվել (տե՛ս վերը՝ կետ 165): Պրն Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 2007թ. մարտի 16-ին, այսինքն՝ ենթադրվում է, որ այդ օրվա վերաբերյալ Կառավարության պնդումները հստակ են: Պրն Բ.-ն դիմողի կողմից 2002թ. նոյեմբերի 26-ին ճանաչվել է որպես այն աշխատակիցը, ով Օկտյաբրսկի ՎՕՎԴ բերման ենթարկվելուց հետո իրեն խոշտանգել է (տե՛ս վերը՝ կետ 160): Բացի դրանից, պարզ չէ, թե որևէ էական քննչական միջոցառում ձեռնարկվել է, արդյոք, պրն Ն.-ի և պրն Աբ.-ի նկատմամբ, ովքեր դիմողի և պրն Կ.-ի կողմից ճանաչվել են որպես դիմողի ականջի հետ կապված միջադեպին առնչվող անձինք: Դատարանի տրամադրության տակ գտնվող նյութերը վկայում են, որ քննչական մարմինները փորձել են հարցաքննության կանչել պրն Աբ.-ին, սակայն` ապարդյուն, քանի որ նա գտնվել է հերթական արձակուրդում (տե՛ս վերը՝ կետեր 128 և 130), նույն կերպ ապարդյուն վարույթն իրականացնող մարմինները փորձել են հարցաքննել պրն Ն.-ին, ով հեռացել է հարցաքննությունից և չի վերադարձել (տե՛ս վերը՝ կետ 170): Սակայն չկա որևէ ապացույց առ այն, որ այս երկու անձանց նկատմամբ հետագայում որևէ քննչական միջոցառում է կատարվել:
246. Բացի դրանից, Դատարանը ստիպված է դիմողի և նրա հետ նույն խցում պահված անձի կողմից որպես հանցագործ ճանաչված աշխատակիցների գտնվելու վայրը պարզելու առումով քննությունը ճանաչել եթե ոչ դիտավորությամբ, ապա գոնե ակնհայտորեն ոչ ձեռնհաս (կոմպետենտ): Մասնավորապես, պրն Զ.-ի՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ, ով դիմողի և պրն Կ.-ի կողմից ճանաչվել էր որպես Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ժամանակավոր պահման խցի պահակ, ով ներս էր թողել դիմողի ականջը կտրած աշխատակիցներին, դաշնային հետախուզում է հայտարարվել 2003թ. մայիսի 19-ին: Սակայն միայն երկու տարի անց, որոնց ընթացքում պրն Զ.-ի գտնվելու վայրը պարզելու անհնարինության պատճառով քննությունը երեք անգամ կասեցվել է, քննչական մարմինները վերջապես պարզել են, որ պրն Զ.-ն բնակվել է իր մշտական հասցեում (տե՛ս վերը՝ կետ 173): Կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն այն մասին, թե ինչու իշխանություններն այդքան երկար ժամանակ չեն կարողացել պարզել մեղադրյալի մշտական բնակության հասցեն, որը, ամենայն հավանականությամբ, երբեք չի փոխվել:
247. Դատարանին ապշեցնում է այն հանգամանքը, որ այն բանից հետո, երբ պարզվել է պրն Զ.-ի գտնվելու վայրը, գործի քննությունը կասեցվել է՝ կրկին վկայակոչելով քրեական դատավարությանը պրն Զ.-ի մասնակցությունն ապահովելու «իրական հնարավորության» բացակայությունը, քանի որ նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, ինչը, կարծես թե թույլ չի տալիս նրան գալ Գրոզնի (տե՛ս վերը` կետ 135): Դատարանը նշում է, որ, որպես կանոն, խափանման նման միջոց կիրառվում է արդարադատությունից կասկածյալի կամ մեղադրյալի փախուստը կանխելու նպատակով, քանի որ այդ փախուստը կարող է խոչընդոտել գործի քննությանը: Տվյալ իրավիճակում անհեթեթ է այն, որ խափանման միջոցը, որը երկար ժամանակ կիրառված է եղել պրն Զ.-ի նկատմամբ՝ այն հանցագործությունների քննությանը նրա մասնակցությունն ապահովելու նպատակով, որոնց կատարման մեջ նա կասկածվում է, գործնականում խոչընդոտել է ինքնին քննության իրականացմանը: Համենայնդեպս, եթե անգամ հաշվի առնենք այն, որ պրն Զ.-ն իրականում չէր կարող գալ Գրոզնի, պարզ չէ, և Կառավարությունը որևէ բացատրություն չի ներկայացրել այն կապակցությամբ, թե ինչու քննիչը չէր կարող և ինչու չի գործուղվել Խանտի-Մանսիյսկի շրջան՝ պրն Զ.-ի հետ տեղում անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով:
248. Դատարանը չի կարող նման էական թերությունը չդիտել որպես քննչական մարմինների ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում և դիմողի նկատմամբ կատարված հանցագործությունը քննելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու՝ նրանց ցանկության ակնհայտ բացակայություն: Այս ենթատեքստում զարմանալի չէ, որ այն բանից հետո, երբ պրն Զ.-ի գտնվելու վայրը պարզվել է, նա, հավանաբար, կրկին թաքնվել է քննչական մարմիններից (տե՛ս վերը՝ կետ 138): Եվ, հավանաբար, նրա գտնվելու վայրը կամ հանցագործության կատարման հետ առնչություն ունեցող այլ պաշտոնատար անձանց պարզելու նպատակով արված բոլոր հետագա փորձերը վկայում են քննիչների անգործության մասին, որը մատնանշվել էր նաև հսկողություն իրականացնող դատախազների կողմից (տե՛ս վերը՝ կետեր 144 և 148):
249. Քննության ոչ պատշաճ և ոչ արդյունավետ լինելը ժամանակի ընթացքում առավել զգալի են դարձել: Ակներև չէ, որ գործը քննող քննիչները և հսկող դատախազները վերջին ժամանակահատվածում որևէ ջանք գործադրել են գործն ուսումնասիրելու համար: Իրականում, 2007թ. մայիսի 28-ից 2009թ. փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում քննությունը չորս անգամ կասեցված է եղել մասնավորապես պրն Բ.-ին հետախուզելու նպատակով (տե՛ս վերը՝ կետեր 149 և 151), մինչդեռ Կառավարության կարծիքով` նրա վերաբերյալ քրեական գործը 2007թ. մարտի 20-ին արդեն կարճված է եղել՝ հիմք ընդունելով 2007թ. մարտի 20-ի Համաներման ակտն իր նկատմամբ կիրառելու վերաբերյալ վերջինիս խնդրանքը (տե՛ս վերը՝ կետ 84): Բացի դրանից, 2009թ. հունվարի 19-ի որոշման մեջ առկա են հետագա քննություն իրականացնելու վերաբերյալ ցուցումներ՝ ուղղված պրն Մ.-ին դիմողի ճանաչմանը ներկայացնելուն և նրան հարցաքննելուն, որի արդյունքում պետք է պարզվեր, թե արդյոք նա այն անձն է, ով դիմողին մարմնական վնասվածքներ է պատճառել, չնայած որ քրեական գործի նյութերում առկա է որոշում այն մասին, որ պրն Մ.-ն 2001 թվականին ինքնասպանություն է գործել, և չնայած այն հանգամանքին, որ 2003թ. ապրիլի 4-ին դիմողն արդեն լուսանկարով ճանաչել էր պրն Մ.-ին՝ որպես ոստիկանության աշխատակցի, ով երբևէ որևէ բռնություն չի կիրառել իր նկատմամբ (տե՛ս վերը՝ կետեր 153 և 161): Վերջին դեպքում Դատարանը չի կարող իշխանությունների վարքագծում չտեսնել դիմողի կողմից որպես մեղավոր անձինք ճանաչված՝ ոստիկանության աշխատակիցների պատասխանատվությունը մահացած անձի վրա բարդելու փորձ:
250. Ի վերջո, Դատարանը նշում է, որ տվյալ պահի դրությամբ քրեական գործի քննությունն արդեն առնվազն ութ տարի և յոթ ամիս է, ինչ գտնվում է քննության փուլում՝ սկսած 2000թ. հուլիսի 13-ից, այսինքն՝ այն պահից, երբ քրեական գործ է հարուցվել մինչև 2009թ. փետրվարի 21-ը, այսինքն՝ այն պահը, երբ քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ վերջին որոշումն է կայացվել: Այս ժամանակահատվածի ընթացքում քրեական գործով վարույթը կասեցվել և վերսկսվել է երեսունյոթ անգամ և առկա են եղել անգործության՝ անբացատրելի երկար ժամանակահատվածներ: Ամենայն հավանականությամբ, քննության ընթացքում դիմողը, ով 2000թ. հուլիսի 18-ին գործով տուժող է ճանաչվել, քննության ընթացքի վերաբերյալ հազվադեպ և մասնակի է տեղեկացվել, և նա իրավունք չի ունեցել ծանոթանալու քրեական գործի բոլոր նյութերին (տե՛ս վերը՝ կետ 175):
251. Ընդհակառակը, տվյալ իրավիճակում ակնհայտ է, որ իշխանություններն ի վիճակի չեն եղել գործել պատշաճ ջանասիրությամբ և օպերատիվությամբ և, ընդհանուր առմամբ, հաշվի առնելով քննության ընթացքում թույլ տրված անգործությունը և թերությունները, խիստ կասկածելի է, որ քննությունը կարող էր հանգեցնել մեղավոր անձանց պարզելուն և պատժելուն: Այսպիսով, հաշվի առնելով Կառավարության այն պնդումը, որ դիմողը կարող է ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել դատարան՝ բողոքելով քննչական մարմինների գործողության կամ անգործության դեմ, Դատարանն արձանագրում է, որ Կառավարությունը չի նշել, թե քննիչների կոնկրետ որ գործողությունները կամ անգործությունը դիմողը պետք է բողոքարկի դատական կարգով: Բացի դրանից, Դատարանը նշում է, որ Կառավարության կողմից հիշատակված այդ իրավական միջոցն սկսել է գործել 2002թ. հուլիսի 1-ից սկսած, և դիմողը մինչ նշված ժամկետն ակնհայտորեն չէր կարող դիմել իրավական պաշտպանության այդ միջոցին: Ինչ վերաբերում է հետագա ժամանակաշրջանին, ապա Դատարանը նշում է, որ իրականում քննության արդյունավետությունը քննության ամենավաղ փուլում խարխլվել է անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելուց իշխանությունների հրաժարմամբ, բացի դրանից, քննությունը բազմիցս կասեցվել և վերսկսվել է, իսկ դիմողը հնարավորություն չի ունեցել ծանոթանալ քրեական գործի բոլոր նյութերին և միայն հազվադեպ տեղեկություն է ստացել քննության կատարման վերաբերյալ: Այդ պատճառով կասկած է հարուցում այն հանգամանքը, որ Կառավարության կողմից վկայակոչված միջոցը կարող էր հաջողությամբ ավարտվելու հավանականություն ունենալ: Բացի դրանից, Կառավարությունը չի մատնանշել, որ իրավական օգնության այդ միջոցով հնարավոր կլիներ տվյալ իրավիճակում ապահովել դիմողի փոխհատուցումը, այլ կերպ՝ Կառավարությունը չի մատնանշել, որ քննության թերությունների շտկումը կարող էր հանգեցնել մեղավոր անձանց պարզելուն և նրանց պատժելուն: Այսպիսով, Դատարանը գտնում է, որ Կառավարության կողմից վկայակոչված իրավական պաշտպանության միջոցը նման հանգամանքներում Կոնվենցիայի իմաստով ոչ արդյունավետ կլիներ: Դատարանը գտնում է, որ դիմողը պարտավոր չէր իրավական պաշտպանության նման միջոցի դիմել, և մերժում է Կառավարության առարկությունը:
252. Տվյալ հանգամանքներում Դատարանն ստիպված է եզրակացնել, որ իշխանությունները չեն կատարել մանրամասն և արդյունավետ քննություն՝ կալանքի տակ պահելու ընթացքում իր նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի՝ հավանական արժանահավատ պնդումների կապակցությամբ: Հետևաբար, այս հիմնավորմամբ, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
253. Դիմողը բողոքել է, որ իր` կալանքի տակ գտնվելու ժամանակ իր գույքը հափշտակվել և ոչնչացվել է պետության ներկայացուցիչների կողմից: Նա վկայակոչել է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, որը սահմանում է.
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր գույքից անարգել օգտվելու իրավունք ունի: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից` բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով:
Վերոնշյալ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում Պետության իրավունքը կիրառել այնպիսի օրենքներ, որոնք այն անհրաժեշտ է համարում սեփականության` ընդհանուր շահերին համապատասխան օգտագործման վերահսկողությունն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
А. Կողմերի փաստարկները
254. Դիմողն առաջին հերթին պնդել է, որ թեև որպես կորսված գույքի փոխհատուցում իրեն 350 հազար ռուբլի (ինչը մոտավորապես 9000 եվրո է կազմում) է վճարվել, Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով ներկայացված բողոքի կապակցությամբ ինքը չի զրկվել տուժողի կարգավիճակից: Նա պնդել է, որ նշված փոխհատուցումն արտադատական բնույթ է ունեցել և, Կառավարության համապատասխան որոշման համաձայն, վճարվել է բոլոր այն անձանց, ովքեր մշտապես բնակվել են Չեչնիայի Հանրապետությունում, և ովքեր տարածաշրջանում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում կորցրել են իրենց տներն ու սեփականությունը` առանց հաշվի առնելու այն հանգամանքները, որոնց պայմաններում այդ գույքը կորսվել է, մասնավորապես այն փաստը, թե արդյոք պետության գործակալները պատասխանատու են այդ հանցագործության համար և ինչ չափով: Դիմողը պնդել է, որ իր գույքի կորստի հարցում ինքը ձգտում է ինչպես ներպետական մակարդակով, այնպես էլ Դատարանում իր գործի քննության ընթացքում պարզել իր գույքի հափշտակության և ոչնչացման համար պետության պատասխանատվության առկայությունը:
255. Դիմողը նաև պնդել է, որ Կառավարությունը, ամենայն հավանականությամբ, չի վիճարկել այն հանգամանքը, որ հափշտակվել են դիմողի երեք տրանսպորտային միջոցները, և որ նրա տունը ոչնչացվել է: Ինչ վերաբերում է իր մյուս գույքին, ապա դիմողը վկայակոչում է այն ցուցակը, որտեղ տրված էր կորսված գույքի ցանկը` դրա արժեքի մատնանշմամբ և որը հաստատված էր Գրոզնի քաղաքի Օկտյաբրսկի շրջանի վարչակազմի կողմից (տե՛ս վերը` կետ 91), և նա հայտնել է, որ չի կարող այդ կապակցությամբ ներկայացնել որևէ այլ փաստաթղթային ապացույցներ, քանի որ բոլոր համապատասխան փաստաթղթերն այրվել են իր տանը: Դիմողը պնդել է, որ Դատարանը պետք է ընդունի գույքի վերաբերյալ այս տվյալները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարությունը Դատարանին չի ներկայացրել դեպքերի ընթացքի վերաբերյալ իր տարբերակը հերքող որևէ ապացույց: Ապա դիմողը պնդել է, որ պետության զինծառայողների կողմից իր գույքի հափշտակության փաստը հաստատվել է մի քանի վկաների` դիմողի հարևանների ցուցմունքներով, ում անունները նա հայտնել է քննչական մարմիններին, և որ իր սեփականության իրավունքի խախտումը Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով որևէ արդարացում չունի:
256. Կառավարությունը հայտարարել է, որ իշխանությունները պարզել են, որ դիմողի գույքը հափշտակվել է անհայտ անձանց կողմից, և նշել է, որ նշված փաստի կապակցությամբ քննություն է կատարվել: Կառավարությունը, վկայակոչելով ներպետական քննության եզրահանգումները, պնդել է, որ որևէ ապացույց չկա պետության ներկայացուցիչների կողմից դիմողի` Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման վերաբերյալ:
B. Դատարանի գնահատականը
257. Դատարանը նախ և առաջ նշում է, որ դիմողը Չեչնիայի Հանրապետությունում 1999-2002 թվականների ընթացքում տեղի ունեցած զինված ընդհարման ժամանակ կորցրած տան և այլ գույքի դիմաց արտադատական կարգով 350 հազար ռուբլու (մոտավորապես 9000 եվրո) չափով փոխհատուցում է ստացել: Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով հարց է ծագում, թե արդյոք դիմողը դեռևս կարող է հավակնել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտման զոհի կարգավիճակի: Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ դիմողը զոհի իր կարգավիճակը չի կորցնում այն դեպքում, երբ ներպետական իշխանությունները, ուղղակիորեն կամ ըստ էության իմանալով խախտման մասին, Կոնվենցիայի խախտման համար պատշաճ և բավարար փոխհատուցում չեն տրամադրել (տե՛ս, օրինակ, Scordino v. Italy (no. 1) [GC], գանգատ թիվ 36813/97, կետեր 178-93, ECHR 2006‑V): Տվյալ դեպքում, եթե անգամ ենթադրենք, որ նշված վճարումը կարող է գնահատվել որպես ենթադրյալ խախտումների համար տրված փոխհատուցում, միևնույն է, չկա որևէ հիմնավորում առ այն, որ իշխանությունները երբևէ ընդունել են այդ խախտման փաստը. այդ մասին է վկայում նաև դիմողի այն մատնանշումը, որ Կառավարության համապատասխան որոշմամբ իշխանությունները փոխհատուցման միևնույն գումարն են տրամադրել Չեչնիայի Հանրապետության բոլոր մշտական բնակիչներին, ովքեր տարածաշրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում կորցրել են իրենց տունը և գույքը` անկախ այն հանգամանքից, թե պետության գործակալները պատասխանատու են եղել, արդյոք, գույքի ոչնչացման համար կամ առանց այդ հանգամանքը հաշվի առնելու: Բացի դրանից, չպարզված է մնում այն, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել դիմողի գույքի հափշտակության և ոչնչացման կապակցությամբ հարուցված քրեական գործով (տե՛ս վերը` կետեր 97 և 100), կամ քաղաքացիական վարույթի կարգով, որը դիմողի կողմից հարուցվել է` փորձելով վիճարկել արտադատական կարգով տրված փոխհատուցման չափը (տե՛ս վերը` կետ 116): Այսպիսով, Դատարանը գտնում է, որ դիմողը Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտման վերաբերյալ իր բողոքի կապակցությամբ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով պահպանում է զոհի իր կարգավիճակը:
258. Ապա Դատարանը նշում է, որ դիմողը բողոքել է, որի իր` կալանքի տակ գտնվելու ժամանակ այրվել է իր տունը, ինչպես նաև հափշտակվել են նրա գույքն ու երեք ավտոմեքենաները: Կառավարությունը չի վիճարկել դիմողի կողմից նշված անշարժ գույքի որևէ օբյեկտի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքի կապակցությամբ նրա գույքային պահանջները կամ այն փաստը, որ դիմողի գույքը հափշտակվել է: Սակայն Կառավարությունը ժխտել է այն հանգամանքը, որ պատճառված վնասի համար պատասխանատվությունը պետք է դրվի պետության ներկայացուցիչների վրա: Այսպիսով, Դատարանը պետք է պարզի, թե արդյոք կատարված գործողությունները կարող են դրվել պետության վրա:
1. Դիմողի տան, գույքի, տան կցակառույցներից և «Subaru» մակնիշի ավտոմեքենայի ենթադրյալ ոչնչացումը և հափշտակությունը
259. Ինչ վերաբերում է դիմողի տանը, նրա գույքին, տան կցակառույցներին և «Subaru» մակնիշի ավտոմեքենային, ապա Դատարանը նշում է, որ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ԻՎՍ-ում դիմողի` կալանքի տակ գտնվելու ընթացքում հիշատակված գույքի ոչնչացման և հափշտակության կապակցությամբ 2005թ. օգոստոսի 23-ին հարուցվել է թիվ 61857 քրեական գործը: Համապատասխան որոշման մեջ ասված էր, որ որևէ օբյեկտիվ ապացույց չկա այն մասին, որ Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցներն առնչություն ունեն տվյալ հանցագործության հետ: Ամենայն հավանականությամբ, նման ապացույցներ ձեռք չեն բերվել նաև հետագայում` թիվ 61857 քրեական գործի քննության այլ փուլերում:
260. Բացի դրանից, կորսված գույքի փոխհատուցմանը վերաբերող քաղաքացիական վարույթի ընթացքում դիմողը պնդել է, որ իր տունը և մյուս գույքը ոչնչացվել են հրաձգությունների ժամանակ և ոչ թե վնասվել կամ հափշտակվել են ոստիկանության աշխատակիցների կողմից (տե՛ս վերը` կետ 115): Այս վերջին դեպքում Դատարանը կրկնում է նման դեպքերի համար նախկինում արված իր եզրահանգումները: Մասնավորապես այն, որ հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում, այն է` 1999թ. վերջից մինչ 2000թ. սկիզբը տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակը, երբ լուրջ բախումներ էին տեղի ունենում դաշնային զինված ուժերի և ազատամարտիկների միջև, առկա է եղել բռնության երկկողմանի ակտ, որը պայմանավորված է եղել հակամարտության երկու կողմերի գործողություններով, և դրա արդյունքում ոչնչացվել է Չեչնիայի բնակիչներից շատերի գույքը: Դատարանը համոզված չէ, որ նման հանգամանքներում Պետությունը կարող է կամ պետք է կանխավարկածի կարգով պատասխանատու լինել ռազմական գործողությունների ընթացքում պատճառված յուրաքանչյուր վնասի համար, և որ Պետության պատասխանատվությունը պայմանավորված է միայն այն փաստով, որ դիմողի գույքը ոչնչացվել է (տե՛ս Umarov v. Russia (dec.), գանգատ թիվ 30788/02, 2006թ. մայիսի 18 և Trapeznikova v. Russia, գանգատ թիվ 21539/02, կետեր 108-110, 2008թ. դեկտեմբերի 11):
261. Վերոգրյալի լույսի ներքո և հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող նյութերը` Դատարանը չի կարող սահմանել, որ հիշատակված գույքի կապակցությամբ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը պետք է վերագրվի պետությանը: Հետևաբար, այս կապակցությամբ տեղի չի ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
2. Դիմողին պատկանող «Oldsmobile» և «Subaru» մակնիշների ավտոմեքենաների ենթադրյալ հափշտակությունը
262. Ինչ վերաբերում է «Oldsmobile» և «Subaru» մակնիշների ավտոմեքենաներին, ապա Դատարանը նշում է, որ համապատասխանաբար 2001թ. օգոստոսի 30-ին և 2005թ. օգոստոսի 23-ին «Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցների կողմից» այս երկու տրանսպորտային միջոցների հափշտակության փաստի առթիվ հարուցվել են թիվ 15082 և թիվ 61856 քրեական գործերը (տե՛ս վերը` կետեր 97 և 100): Այս երկու գործերը վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքի հետ մեկտեղ միացվել են թիվ 12088 համարով գործի մեկ վարույթում` վկայակոչելով այն հանգամանքը, որ բոլոր այդ հանցագործությունները կատարվել են նույն աշխատակիցների կողմից (տե՛ս վերը` կետ 98):
263. Ինչպես երևում է Դատարան ներկայացված փաստաթղթային ապացույցներից` քննության ընթացքում նշված երկու տրանսպորտային միջոցները հայտնաբերվել են Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի ոստիկանության աշխատակիցներ` պրն Ջ.-ի, պրն Ա.-ի, պրն Շ.-ի, պրն Սուլ.-ի և պրն Վ.-ի մոտ (տե՛ս վերը` կետ 167): Սույն գործով քննության ընթացքում հարցերին պատասխանելով` աշխատակիցներ Ջ.-ն, Ա.-ն, Շ.-ն և Վ.-ն տվել են ցուցմունքներ, որոնք հիմնավորում են Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանից եկած` Օկտյաբրսկի ՎՕՎԴ-ի աշխատակիցների, մասնավորապես պրն Յա.-ի մեղքը (տե՛ս վերը` կետեր 192-198): Բացի դրանից, ակնհայտ է, որ իշխանության մարմինների կողմից կատարված քննության ընթացքում թեև որոշ ժամանակով, սակայն պարզվել է, որ պրն Յա.-ն առնչություն ունի դիմողին պատկանող «Oldsmobile» մակնիշի ավտոմեքենայի հափշտակության հետ (տե՛ս վերը` կետ 176):
264. 2009թ. փետրվարի 20-ի որոշմամբ քննիչն առանձնացրել է դիմողի գույքի, այդ թվում` նրա «Oldsmobile» և «Subaru» մակնիշների ավտոմեքենաների հափշտակության և ոչնչացման վերաբերյալ քննությունը (տե՛ս վերը` կետ 102): Դատարանը չի գտնում, որ այդ որոշումը հիմնավորված է, քանի որ գործի քննության ընթացքի վերաբերյալ որևէ եզրահանգում չի արվել կամ հստակ կերպով չեն պարզաբանվել գործն առանձնացնելու և ինքնուրույն վարույթում քննելու պատճառները` բացառությամբ կարճ հայտարարության այն մասին, որ գույքի հափշտակության հետ կապված հանցագործությունը թիվ 12088 քրեական գործի շրջանակներում քննվող գործի էության հետ կապ չի ունեցել:
265. Ապա Դատարանը նշում է, որ համապատասխանաբար 2001թ. օգոստոսի 30-ից և 2005թ. օգոստոսի 23-ից մինչև 2009թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում իշխանությունները դիմողի «Oldsmobile» և «Subaru» մակնիշների ավտոմեքենաների հափշտակության գործով քննությունն իրականացրել են թիվ 12088 քրեական գործով վարույթի շրջանակներում, որը Դատարանը արդեն իսկ դիտել է ոչ արդյունավետ քննություն: Ամենայն հավանականությամբ, ինչպես վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի հայտարարության կապակցությամբ, այնպես էլ տվյալ դեպքում իրականացված քննության ընթացքում իշխանությունները չեն ձեռնարկել որևէ գործնական միջոցառում, ինչպիսին է, օրինակ, պրն Յա.-ի և ոստիկանության աշխատակիցներ Ա.-ի, Վ.-ի, Շ.-ի, Սուլ.-ի, ինչպես նաև կենդանության օրոք` Ջ.-ի միջև առերես հարցաքննություն կազմակերպելը` պարզելու համար դիմողի երկու ավտոմեքենաների հափշտակության յուրաքանչյուր հնարավոր և էական հանգամանք: Դատարանի տրամադրության տակ գտնվող նյութերը վկայում են, որ քննչական մարմինները միայն ստուգել են այն հասցեն, որտեղ պրն Ա.-ն, պրն Վ.-ն, պրն Շ.-ն և պրն Սուլ.-ը դիմողի ավտոմեքենաների հափշտակության ժամանակ ենթադրաբար բնակվել են (տե՛ս վերը` կետ 167):
266. Դատարանը չի կարող համաձայնել Կառավարության այն փաստարկին, որ քննության ընթացքում գոյություն չեն ունեցել դիմողի երկու ավտոմեքենաների հափշտակության հետ պետության առնչությունը հիմնավորող ապացույցներ: Ընդհակառակը, նա գտնում է, որ առկա են բավարար հիմքեր հաստատված համարելու այն, որ դիմողին պատկանող` «Oldsmobile» և «Subaru» մակնիշների ավտոմեքենաները հափշտակվել են պետության գործակալների կողմից, և որ այդ կապակցությամբ տեղի է ունեցել դիմողի` Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքի խախտում:
267. Դատարանը նաև նշում է, որ սույն գործի քննության ընթացքում իր աշխատակիցների կողմից թույլ տրված անգործության կապակցությամբ պետության կողմից որևէ բացատրություն չի ներկայացվել: Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ դիմողից հափշտակված` «Oldsmobile» և «Subaru» մակնիշների ավտոմեքենաների կապակցությամբ տեղի է ունեցել դիմողի` Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի խախտում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
268. Դիմողի պնդմամբ` ինքը չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման կապակցությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, ինչը հակասում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածին, որը սահմանում է.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
А. Կողմերի փաստարկները
269. Դիմողը պնդել է, որ վատ վերաբերմունքի և սեփականությանը վերաբերող բողոքների կապակցությամբ միակ պոտենցիալ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցը եղել է քրեական գործը, որը, սկզբունքորեն, պետք է հանգեցներ մեղավոր անձանց պարզելուն և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելուն, ինչի արդյունքում ինքը հնարավորություն կունենար իրեն պատճառված նյութական և ոչ նյութական վնասների փոխհատուցում ստանալ: Դիմողը, սակայն, պնդել է, որ իր գործով քննությունը չի համապատասխանել արդյունավետության վերաբերյալ Կոնվենցիայի պահանջներին: 270. Ինչ վերաբերում է պաշտպանության քաղաքացիաիրավական միջոցներին, ապա դիմողը նշել է, որ Դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ իր բողոքների կապակցությամբ նման միջոցներն ակնհայտորեն բավարար չեն: Ինչ վերաբերում է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առումով նրա բողոքին, ապա դիմողը պնդել է, որ իր վիճակը նման է Ayubov v. Russia (գանգատ թիվ 7654/02, կետ 100, 2009թ. փետրվարի 12) գործի հանգամանքներին, և, անդրադառնալով գործի կոնկրետ հանգամանքներին, հայտարարել է, որ գույքի հափշտակության վերաբերյալ իր բողոքի քննության որևէ էական արդյունքի բացակայությունը հանգեցնում է նրան, որ քաղաքացիական դատավարության կարգով ցանկացած հայցի քննությունը հաջողության իրական հնարավորություն չի ունենա: Այդ կապակցությամբ նա վկայակոչել է 2002թ. հոկտեմբերի 14-ի որոշումը, որով Օկտյաբրսկի շրջանային դատարանը հրաժարվել է քննել իր գույքն ապօրինի տիրապետողից հետ վերցնելու վերաբերյալ դիմողի հայցը (տե՛ս վերը` կետ 104):
271. Կառավարությունը պնդել է, որ դիմողն ունեցել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, ինչպես դա պահանջում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածը, և որ իշխանությունները չեն խոչընդոտել այդ միջոցներից նրա օգտվելուն: Մասնավորապես, դիմողը վատ վերաբերմունքի, ինչպես նաև իր գույքի հափշտակության և ոչնչացման վերաբերյալ իր բողոքների հիման վրա հարուցված` համապատասխանաբար թիվ 12088 և թիվ 61857 քրեական գործերով տուժող է ճանաչվել, և որ նա կարող էր օգտվել իրեն բացատրված իր դատավարական իրավունքներից: Կառավարության կարծիքով, դիմողը քրեական դատավարության շրջանակներում ներկայացված իր բոլոր հարցումներին հիմնավորված պատասխաններ է ստացել և, հետևաբար, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ իր բողոքի կապակցությամբ օգտվել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից:
272. Գույքի կորստի կապակցությամբ դիմողի հայցից բացի, Կառավարությունը նշել է, որ դիմողն իր տրամադրության տակ երկու միջոց է ունեցել, որոնցով հնարավոր էր կորսված գույքի փոխհատուցումն ապահովել: Նախ` Կառավարությունը նկատի է ունեցել Չեչնիայի Հանրապետությունում տեղի ունեցած հակամարտության արդյունքում իրենց տները, բնակարանները, անձնական իրերը և այլ գույքը կորցրած անձանց փոխհատուցում տրամադրելու կարգի վերաբերյալ Կառավարության որոշումը, որի համաձայն` դիմողն ստացել է 300 հազար ռուբլի (մոտավորապես 7700 եվրո)` իր տան համար և 50 հազար ռուբլի (մոտավորապես 1300 եվրո)` այլ գույքի համար, սա, Կառավարության որոշման իմաստով` փոխհատուցման առավելագույն հնարավոր գումարն է եղել: Երկրորդ` արտադատական կարգով փոխհատուցում ստանալու իրավունքից բացի, դիմողը կարող էր նաև քաղաքացիական դատավարության կարգով ընթացքում պահանջել իր ենթադրյալ կորուստների փոխհատուցում, եթե գտնում էր, որ արտադատական կարգով տրամադրված փոխհատուցումն ավելի քիչ է եղել, քան պատճառված նյութական վնասը: Կառավարությունը նշել է, որ դիմողն օգտագործել է այդ հնարավորությունը, նրա պահանջները քննվել են քաղաքացիական դատավարության կարգով, և այն փաստը, որ իր պահանջները հիմնավորել չկարողանալու պատճառով դիմողի փորձերն արդյունավետ չեն եղել, չի նշանակում, որ իրավական պաշտպանության տվյալ միջոցն անարդյունավետ է: Կառավարությունը, այսպիսով, պնդել է, որ դիմողը Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով բերված իր բողոքի կապակցությամբ ունեցել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց:
B. Դատարանի գնահատականը
273. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածն ամրագրում է ներպետական մակարդակում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատություններն ըստ էության ապահովելու համար անհրաժեշտ իրավական պաշտպանության միջոցներ` անկախ այն բանից, թե ինչպես են այդ իրավունքներն ու ազատություններն ամրագրված ներպետական իրավունքում: Այսպիսով, 13-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի գոյություն ունենա իրավական պաշտպանության միջոց, որի արդյունքում հնարավոր կլինի որոշում կայացնել Կոնվենցիայի խախտման վերաբերյալ «պոտենցիալ հավաստի» բողոքի էության վերաբերյալ և առաջարկել համապատասխան փոխհատուցում, թեև Կոնվենցիայի տվյալ դրույթով նախատեսված պարտականությունների կատարման եղանակի առումով Պայմանավորվող պետություններին հայեցողության որոշակի ազատություն է տրվում: 13-րդ հոդվածով նախատեսված պարտականությունների ծավալը կարող է տարբեր լինել` կախված Կոնվենցիայի հիման վրա դիմողի ներկայացրած բողոքի բնույթից: Այնուամենայնիվ, 13-րդ հոդվածով պահանջվող իրավական պաշտպանության միջոցը պետք է իրավաբանորեն և փաստորեն «արդյունավետ» լինի այն առումով, որ դրա կիրառման հնարավորությունն անհիմն կերպով բարդացված չլինի պատասխանող Պետության մարմինների գործողություններով կամ անգործությամբ (տե՛ս վերը` Aydin, կետ 103):
274. Այն դեպքում, երբ անձը պոտենցիալ արժանահավատ հայտարարություն է անում ի խախտումն 3-րդ հոդվածի` իր նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի մասին, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցը ենթադրում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պահանջվող մանրամասն և արդյունավետ քննությունից բացի, պետք է առկա լինեն նաև քննության ընթացքին բողոքաբերի ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում` փոխհատուցում ստանալուն ուղղված արդյունավետ ընթացակարգեր (տե՛ս վերը` Aksoy, էջեր 2286-87, կետեր 95 և 98, տե՛ս վերը` Assenov and Others, կետ 117):
275. Դատարանը հիշեցնում է, որ, ինչպես նշվել էր նախկինում, դիմողը հավաստի հայտարարություններ էր արել իշխանության ներկայացուցիչների կողմից իր նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի մասին, իսկ ներպետական մակարդակում կատարված քննությունը պատշաճ չի եղել: Այդ պատճառով, դիմողին հասանելի յուրաքանչյուր այլ իրավական պաշտպանության միջոց հաջողության հասնելու սահմանափակ հնարավորություններ է ունեցել: Թեև քաղաքացիական դատարանները կարող են տալ փաստերի վերաբերյալ իրենց գնահատականը, գործնականում, քրեական վարույթի նախաքննության արդյունքներին այնքան մեծ նշանակություն է տրվում, որ անգամ հակառակի վերաբերյալ հայցվորի կողմից ներկայացված ամենահամոզիչ ապացույցները հաճախ մերժվում են դատարանի կողմից որպես «գործի հետ չկապված» ապացույցներ (տե՛ս Menesheva v. Russia, գանգատ թիվ 59261/00, կետ 73, 2006թ. մարտի 9 և տե՛ս վերը` Chitayev and Chitayev, կետ 202): Այդ պատճառով Դատարանը գտնում է, որ դիմողը ոստիկանության կողմից դրսևորված վատ վերաբերմունքի կապակցությամբ ներպետական մակարդակում զրկված է եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից, այս հիմքով տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ փոխկապակցված` Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:
276. Ինչ վերաբերում է իր երկու ավտոմեքենաների հափշտակության առումով Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ փոխկապակցված` 13-րդ հոդվածի խախտման վերաբերյալ դիմողի բողոքին, ապա Դատարանն ընդունում է նրա փաստարկն առ այն, որ տվյալ իրավիճակում միակ, հավանական արդյունավետ իրավական պաշտպանության ներպետական միջոց կլիներ պատշաճ քրեական վարույթը: Այդ կապակցությամբ Դատարանը վկայակոչում է վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքի կապակցությամբ հարուցված թիվ 12088 քրեական գործի քննության ոչ արդյունավետությունը: Դատարանը գտնում է, որ այդ եզրահանգումները ճիշտ են նաև «Oldsmobile» և «Subaru» մակնիշների ավտոմեքենաների հափշտակության կապակցությամբ կատարված քննությունների առումով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի տարվա ընթացքում այդ հանցագործությունները քննվել են մեկ քրեական գործի շրջանակներում:
277. Նույն կերպ, ինչպես նշվել էր վերը` 275-րդ կետում, վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի պնդումների կապակցությամբ, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների առկայության կապակցությամբ նա գտնում է նաև, որ հափշտակության քննության որևէ էական արդյունք բացակայության պայմաններում տրանսպորտային միջոցների հափշտակության հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցը դժվար թե հաջողության հասնելու հավանականություն ունենար, մասնավորապես այն պատճառով, որ ժխտվել էր հանցանքի կատարմանը պետության գործակալների մասնակցությունը: Նշված հանգամանքը հաշվի առնելով` Դատարանը մերժում է Կառավարության այն փաստարկը, որ դիմողին հնարավորություն է տրվել քաղաքացիական հայց ներկայացնել, քանի որ այդ իրավունքը պատրանքային և անիմաստ է եղել: Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ դիմողը կորսված գույքի համար արտադատական կարգով փոխհատուցում է ստացել, ապա ինչպես Դատարանն արդեն նշել է վերը, այդ փոխհատուցումը տրամադրվել է` առանց այն հանգամանքները հաշվի առնելու, որոնց պայմաններում դիմողի գույքը կորսվել է: Բացի դրանից, հաշվի չի առնվել կորսված գույքի արժեքը, քանի որ գույքի կորստի համար վճարված գումարը, բացառությամբ տան արժեքի, չի գերազանցել 50 հազար ռուբլին (մոտ 1300 եվրո): Նման հանգամանքներում Դատարանը համոզված չէ, որ Կառավարության կողմից վկայակոչված փոխհատուցումը կարող է դիտվել որպես ենթադրյալ իրավախախտումների դեմ արդյունավետ իրավական պաշտպանության միջոց:
278. Այսպիսով, Դատարանը համապատասխան մասով մերժում է Կառավարության նախնական առարկությունները և գտնում է, որ դիմողի երկու ավտոմեքենաների հափշտակության կապակցությամբ գոյություն չի ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված` նրա իրավունքների ենթադրյալ խախտման դեմ պայքարի իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոց: Հետևաբար, այդ կապակցությամբ տեղի է ունեցել 13-րդ հոդվածի խախտում:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ (а) ԿԵՏԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
279. Դիմողը պնդել է, որ քրեական գործի բոլոր նյութերի բացահայտումից Կառավարության հրաժարումը հանդիսանում է նրա կողմից Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1-ին մասի (a) կետով նախատեսված պարտականությունների կատարում, որը 2010թ. հունիսի 1-ի խմբագրությամբ սահմանում է, որ.
«1. Եթե Դատարանը գանգատը հայտարարում է ընդունելի, այն`
ա) նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետություններն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները …»:
280. Կառավարությունը նշել է, որ նյութերի տրամադրումը կհակասեր Քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածին: Այն նաև նշել է, որ Դատարանի պատվիրակությանն առաջարկել է քրեական գործի նյութերին ծանոթանալ նախնական քննության իրականացման վայրում: Այն նաև հայտարարել է, որ հաշվի է առնում Դատարանի կանոնների 33-րդ կանոնով նախատեսված` տրամադրվող նյութերի խորհրդապահության ապահովման հնարավորությունը, սակայն նշել է, որ Դատարանը չի կարող երաշխավորել, որ դիմողին կամ նրա ներկայացուցչին հայտնված նյութերը հրապարակային չեն դառնա: Կառավարության կարծիքով` գաղտնի տեղեկությունների կամ նյութերի բացահայտման համար դիմողների նկատմամբ կիրառվող ներգործության միջոցների բացակայության պայմաններում որևէ երաշխիք չկա առ այն, որ նրանք կկատարեն Կոնվենցիայի և Դատարանի կանոնների պահանջները:
281. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածին համապատասխան անհատական գանգատները ներկայացնելու համակարգի արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի Պետությունները տրամադրեն բողոքների մանրամասն և արդյունավետ քննություն կատարելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը (տե՛ս Tanrıkulu v. Turkey [GC], գանգատ թիվ 23763/94, կետ 70, ECHR 1999‑IV): Ի կատարումն նշված պարտականության` Պետությունները պարտավոր են Դատարան ներկայացնել բոլոր անհրաժեշտ նյութերը` անկախ այն հանգամանքից, թե Դատարանը կատարում է փաստերը պարզելուն ուղղված քննություն, թե` իր ընդհանուր պարտականություններին համապատասխան` քննում է բողոքներ: Այն դեպքում, երբ Կառավարությունն ունենալով նման տեղեկություն` առանց բավարար հիմնավորումների դրանք չի տրամադրում, կարելի է եզրակացություն անել դիմողի բողոքների հիմնավոր լինելու մասին, բացի դրանից, դա կարող է բացասաբար անդրադառնալ Պետության կողմից Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1-ին մասի (a) կետով սահմանված պարտականության կատարման վրա (տե՛ս Timurtaş v. Turkey, գանգատ թիվ 3531/94, կետ 66, ECHR 2000-VI): Այն գործերով, որոնցով դիմողները բարձրացնում են քննության արդյունավետության հարց, գործի նյութերը խիստ էական նշանակություն ունեն փաստերի պարզաբանման համար և դրանց բացակայությունը կարող է խոչընդոտել ինչպես բողոքի ընդունելիության հարցի որոշման, այնպես էլ գործն ըստ էության քննելու ընթացքում Դատարանի կողմից պատշաճ ուսումնասիրության իրականացմանը (տե՛ս վերը` Tanrıkulu, կետ 70):
282. Դատարանը նշում է, որ այն բանից հետո, երբ տվյալ գանգատը մասնակի ընդունելի է ճանաչվել, նա դիմել է Կառավարությանը, inter alia, խնդրելով տեղեկություն տրամադրել դիմողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի և նրա` «Oldsmobile» և «Subaru» մակնիշների ավտոմեքենաների հափշտակության վերաբերյալ թիվ 12088 քրեական գործով 2005թ. նոյեմբերից հետո կատարված քննության ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել տվյալ ժամանակահատվածին վերաբերող բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք առկա են քրեական գործում: Այդ նյութերում առկա տեղեկությունները Դատարանը գնահատել է որպես սույն գործի փաստերի բացահայտման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Կառավարությունը ներկայացրել է միայն մի քանի փաստաթուղթ (տե՛ս վերը` կետ 121): Վկայակոչելով ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածը` Կառավարությունը հրաժարվել է քրեական գործից որևէ նյութ ներկայացնել:
283. Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի խնդրել կիրառել Դատարանի կանոնների 33-րդ կանոնի 2-րդ կետը, որը թույլ է տալիս այնպիսի օրինական հիմքերով, ինչպիսիք են ազգային անվտանգության և կողմերի անձնական կյանքի, ինչպես նաև արդարադատության շահերի պահպանությունը, սահմանափակել Դատարան ներկայացվող փաստաթղթերի կապակցությամբ հրապարակայնության սկզբունքի կիրառումը: Ապա Դատարանը նշում է, որ Կառավարության կողմից վկայակոչված` Քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի դրույթները չեն արգելում մինչև քննության ավարտը կոնկրետ գործի փաստաթղթերը որևէ անձին տրամադրելը, սակայն սահմանում են տեղեկատվության բացահայտման նման ձևի կարգն ու սահմանները: Կառավարությունը չի բացատրել, թե ինչպես կարող է պահանջված նյութերի տրամադրումն ազդել քննության կամ դրան ներգրավված անձանց շահերի վրա (տե՛ս Mikheyev v. Russia, գանգատ թիվ 77617/01, կետ 104, 2006թ. հունվարի 26): Դատարանը նաև մատնանշում է Դատարանի կողմից քննված մի քանի նման բողոքներ, որոնցով ՌԴ կառավարությունը, ի պատասխան համանման պահանջի, քրեական գործից նյութեր է ներկայացրել` առանց վկայակոչելու Քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածը (տե՛ս, օրինակ, Khashiyev and Akayeva v. Russia, գանգատներ թիվ 57942/00 և 57945/00, կետ 46, 2005թ. փետրվարի 24 կամ Magomadov and Magomadov v. Russia, գանգատ թիվ 68004/01, կետեր 36 և 82, 2007թ. հուլիսի 12), կամ համաձայնել է տրամադրել քրեական գործի նյութերը, եթե անգամ ի սկզբանե վկայակոչել է 161-րդ հոդվածը (տե՛ս վերը` Khatsiyeva and Others, կետեր 62-63): Այդ պատճառով Դատարանը գտնում է, որ գործի նյութերի տրամադրման վերաբերյալ Կառավարության բացատրությունները բավարար չեն հիմնավորելու համար Դատարանի կողմից պահանջված առանցքային տեղեկությունը բացահայտելուց հրաժարվելը հիմնավորելու համար:
284. Վկայակոչելով կոնվենցիոն դատավարության իրականացման ընթացքում պատասխանող Կառավարության կողմից աջակցություն ցուցաբերելու կարևորությունը և հաշվի առնելով նման գործերով փաստերի հաստատման բարդությունը` Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի կատարել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1-ին մասի (a) կետով նախատեսված իր պարտականությունը և չի տրամադրել այն փաստաթղթերի պատճենները, որոնք պահանջվել էին վատ վերաբերմունքի և իր երկու ավտոմեքենաների հափշտակության վերաբերյալ դիմողի պնդումների կապակցությամբ:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
285. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
286. Նյութական վնասի փոխհատուցման մասով դիմողը պնդել է, որ ոստիկանության բաժնում կալանքի տակ պահելու ընթացքում իր նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի արդյունքում նրա առողջությունը, մասնավորապես` լսողությունն էապես վատացել է, այդ պատճառով նա վնասվածքների բուժման նպատակով էական ֆինանսական ծախսեր է կատարել: Ավելին, ըստ դիմողի` ապագայում իրեն անհրաժեշտ կլինի հատուկ բժշկական օգնություն, հատկապես լսողության խնդիրների կապակցությամբ: Դիմողը պնդել է, որ չի պահպանել որևէ փաստաթուղթ, որով կհիմնավորվեր իր բուժման ծախսերի չափը: Սակայն նա ներկայացրել է բժշկական տեղեկանքներ իր առողջության վիճակի վերաբերյալ, մասնավորապես` բժշկական փաստաթղթեր այն մասին, որ անցել է ուլտրաձայնային և ռենտգեն հետազոտություն և որ աջ ձեռքի վնասվածքի կապակցությամբ բժշկական օգնություն է ստացել: Այդ պատճառով նա պահանջել է 7000 եվրո՝ որպես իր նախկին և ապագա բժշկական ծախսերի փոխհատուցում: Դիմողը նաև պահանջել է 11,393,408.82 ռուբլի (մոտ 300.000 եվրո)՝ որպես գույքի հափշտակման և ոչնչացման արդյունքում պատճառված նյութական վնասի փոխհատուցում՝ պնդելով, որ այդ գումարը միայն մոտավոր կերպով է արտահայտում կորսված գույքի արժեքը: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, ապա դիմողը պահանջել է 1.000.000 եվրո՝ որպես ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի և իր գույքի կորստի արդյունքում ունեցած հոգեկան ապրումների փոխհատուցում:
287. Կառավարությունը վիճարկել է նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ դիմողի պահանջը՝ պնդելով, որ դրանք անհիմն են և հաստատված չեն որևէ վստահելի փաստաթղթով: Բացի դրանից, Կառավարությունը պնդել է, որ ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ դիմողի պահանջը չափազանց է, ի հիմնավորումն դրա՝ Կառավարությունը նշել է, որ ինքնին խախտման փաստի արձանագրումը բավարար կլինի փոխհատուցման համար:
288. Դատարանը նշում է, որ պետք է առկա լինի հստակ պատճառահետևանքային կապ այն վնասի, որի համար դիմողը փոխհատուցում է պահանջում, և Կոնվենցիայի խախտման միջև (ի թիվս այլ աղբյուրների` տե՛ս իakıcı v. Turkey [GC], թիվ 23657/94, կետ 127, ECHR 1999‑IV): Դատարանն առաջին հերթին գտնում է, որ այն խոշտանգումների կապակցությամբ, որոնց դիմողը ենթարկվել է կալանքի տակ գտնվելու ընթացքում, ճանաչվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Բացի դրանից, նա ներկայացրել է բժշկական փաստաթղթեր, որոնք հիմնավորել են նրա առողջական վատ վիճակը և այն հանգամանքը, որ նա վնասվածքների կապակցությամբ դիմել է բժշկական օգնության: Դատարանը ենթադրում է, որ դիմողը բուժման կապակցությամբ կրել է որոշակի ծախսեր, և գտնում է, որ առկա է հստակ պատճառահետևանքային կապ բուժման և Կոնվենցիայի 3-րդ հոդվածի արձանագրված խախտման միջև: Բժշկական ծախսերի փոխհատուցման վերաբերյալ դիմողի պահանջների կապակցությամբ որևէ հավաստի ապացույցի բացակայության պայմաններում և, ելնելով արդարության սկզբունքից, Դատարանը ողջամիտ է համարում նրան այդ կապակցությամբ տրամադրել 5000 եվրո (տե՛ս Makhauri v. Russia, թիվ 58701/00, կետեր 138-39, 2007թ. հոկտեմբերի 4):
289. Դատարանը նաև նշում է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից դիմողի երկու տրանսպորտային միջոցների՝ «Oldsmobile» և «Subaru» մակնիշների ավտոմեքենաների հափշտակության կապակցությամբ գտել է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Ուստի դիմողն արդարացիորեն այդ խախտման փոխհատուցում է պահանջում: Ապա Դատարանը նշում է, որ ի հիմնավորումն իր փաստարկների, դիմողը ներկայացրել է փաստաթղթեր, որոնցից երևում է, որ երկու ավտոմեքենաներն էլ արտադրվել են 1989 թվականին, ինչը հաստատված է Գրոզնի քաղաքի Օկտյաբրսկի շրջանի վարչակազմի կողմից (տե՛ս վերը՝ կետ 91): Այդ հաշվետվության մեջ դիմողը նշել է, որ «Oldsmobile» մակնիշի ավտոմեքենայի արժեքը կազմում է 12.000 ԱՄՆ դոլար, իսկ «Subaru» մակնիշի ավտոմեքենայի արժեքը 7500 ԱՄՆ դոլար է: Դատարանը գտնում է, որ այս թվերը չափազանցված են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հափշտակության պահին մեքենաները տասնմեկ տարվա էին, ինչպես նաև դիմողը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որն օբյեկտիվորեն կապացուցեր այդ պահին ավտոմեքենաների արժեքը: Դատարանը նաև հաշվի է առնում այն հանգամանքը, որ դիմողն ազգային մակարդակով ստացել է 50000 ռուբլի (մոտ 1300 եվրո)՝ որպես կորսված գույքի համար արտադատական կարգով տրված փոխհատուցում (տե՛ս վերը՝ կետ 115): Այս հիմքերով և ելնելով արդարության սկզբունքից՝ Դատարանը գտնում է, որ ողջամիտ է նյութական վնասի փոխհատուցման պահանջի այս մասի կապակցությամբ դիմողին 4000 եվրոյի տրամադրումը:
290. Ընդհանուր առմամբ, Դատարանը դիմողին տրամադրում է 9000 եվրո՝ որպես արձանագրված խախտումների արդյունքում կրած նյութական վնասի փոխհատուցում, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել այդ գումարից:
291. Ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ դիմողի պահանջի կապակցությամբ Դատարանը կրկին վկայակոչում է իշխանությունների կողմից խոշտանգումների կիրառման և սեփականության իրավունքի խախտման կապակցությամբ պատշաճ քննություն չկատարելու պատճառով իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցների բացակայության վերաբերյալ իր վերոնշյալ դատողությունները` կապված Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների, ինչպես նաև Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտումների հետ: Ավելին, Դատարանը գտնում է, որ Կառավարությունը, չտրամադրելով Դատարանի կողմից պահանջված փաստաթղթերը, չի կատարել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1-ին մասի (a) կետով նախատեսված իր պարտականությունները: Դիմողը տառապել է և սթրեսի է ենթարկվել և նման հանգամանքներում միայն խախտման փաստի արձանագրումը չի կարող փոխհատուցում հանդիսանալ: Դատարանը դիմողին տրամադրում է 70000 եվրո` որպես նրան պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել այդ գումարից:
B. Ծախսեր և ծախքեր
292. Դիմողին Դատարանում ներկայացրել են SRJI կազմակերպության իրավաբանները: Նրանք ներկայացրել են կրած ծախսերի և ծախքերի ցուցակը, այդ թվում` ժամը 50 եվրո դրույքով Ինգուշեթիայում և Մոսկվայում կատարված ուսումնասիրություններն ու հարցումները, և Դատարան, ինչպես նաև իշխանության մարմինների ներկայացրած փաստաթղթերի կազմումը` SRJI-ի իրավաբանների համար ժամը 50 եվրո, իսկ կազմակերպության ավագ աշխատակիցների համար` -ժամը 150 եվրո դրույքով: Գործը վարելու ընթացքում առաջացած ծախսերի և ծախքերի պահանջվող ընդհանուր գումարը կազմել է 922654, այդ թվում` 8530,50 եվրո` այն 64 ժամի համար, որ SRJI-ի աշխատակիցները ծախսել են դիմումի նյութերը նախապատրաստելու և գրելու վրա, 98.90 եվրո` փաստաթղթերը Դատարան ուղարկելու համար կատարված փոստային ծախսերի համար, ինչպես նաև վարչական ծախսերը, որոնք կազմում են 597,14 եվրո (իրավաբանների նշված աշխատանքի համար պահանջվող գումարի 7%):
293. Կառավարությունը նշել է, որ դիմողները պետք է պահանջեն միայն այն ծախսերի ու ծախքերի փոխհատուցումը, որոնք իրական և ողջամիտ են եղել:
294. Դատարանը նախ և առաջ պետք է պարզի, թե արդյոք կատարվել են ներկայացուցչի կողմից նշված ծախսերն ու ծախքերը, ապա` այն, թե արդյոք դրանք եղել են անհրաժեշտ և ողջամիտ (տե՛ս Iatridis v. Greece (արդարացի փոխհատուցում) [GC], գանգատ թիվ 31107/96, կետ 54, ECHR 2000-XI): Դատարանը նշում է, որ գործը բավական բարդ էր` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա էին մեծ քանակությամբ հավաստող փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ էր ուսումնասիրել և նախապատրաստել ներկայացուցչի կողմից նշված ծավալով:
295. Տվյալ հանգամանքներում Դատարանը դիմողին տրամադրում է ընդհանուր առմամբ 9.226,54 եվրո` դրանից հանելով 850 եվրո, որը նա Եվրոպայի խորհրդի կողմից ստացել է որպես իրավական օգնություն` ներառյալ այն բոլոր հարկերը, որոնք կարող են գանձվել այդ գումարից, այդ թվում` ավելացված արժեքի հարկը: Այդ գումարը, որը նախատեսված է ծախսերի և ծախքերի փոխհատուցման համար, պետք է վճարվի անմիջականորեն դիմողի ներկայացուցչին:
C. Տուգանային տոկոսներ
296. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Մերժում է Կառավարության նախնական առարկությունները.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում վատ վերաբերմունքի մասով, որից տուժել է դիմողը.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում այն մասով, որ իշխանությունները վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքների քննության կապակցությամբ չեն կատարել պատշաճ և արդյունավետ քննություն.
4. Վճռում է, որ դիմողին պատկանող տան, գույքի, տան կցակառույցների և «Subaru» մակնիշի ավտոմեքենայի ենթադրյալ ոչնչացման և թալանի կապակցությամբ տեղի չի ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.
5. Վճռում է, որ դիմողին պատկանող «Subaru» և «Oldsmobile» մակնիշների ավտոմեքենաների հափշտակության կապակցությամբ տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.
6. Վճռում է, որ դիմողին պատկանող՝ «Subaru» և «Oldsmobile» մակնիշների ավտոմեքենաների հափշտակությանը վերաբերող մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ փոխկապակցված՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում.
7. Վճռում է, Դատարանի պահանջած փաստաթղթերը ներկայացնելուց Կառավարության հրաժարվելու մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում.
8. Վճռում է,
(a) որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետք է դիմողին վճարի հետևյալ գումարները, որոնք, Նիդեռլանդներում գտնվող բանկի հաշվին փոխանցման ենթակա գումարից բացի, պետք է փոխարկվեն ռուսական ռուբլու՝ վճարման օրը գործող փոխարժեքով.
i. 9000 EUR (ինը հազար եվրո)` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել նյութական վնասի կապակցությամբ.
ii. 70000 EUR (յոթանասուն հազար եվրո)` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ նյութական վնասի կապակցությամբ.
iii. 8,375.54 EUR (ութ հազար երեք հարյուր յոթանասունհինգ եվրո և յոթանասունչորս ցենտ)` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ծախսերի ու ծախքերի կապակցությամբ.
(b) որ վճարումը վերոնշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է պարտավորության չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին՝ հավելած երեք տոկոս:
9. Մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի բողոքի մնացյալ մասը:
Կատարվել է անգլերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն գրավոր հրապարակվել 2010թ. հոկտեմբերի 7-ին:
