«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012265
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 հունիսի 2012 թ. |
N 210-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈԴԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.04.14 N 68-Ն)
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իէ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 52-րդ հոդվածը և 54-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնները (հավելված):
(1-ին կետը փոփ. 02.04.14 N 68-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 13-ի N 210-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈԴԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 02.04.14 N 68-Ն)
1. Սույն կանոններով սահմանվում են հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդի (այսուհետ՝ Կոդ) գործարկման պայմանները:
(1-ին կետը փոփ. 02.04.14 N 68-Ն)
2. «1xx» հատուկ ծառայությունների կոդը կարող է օգտագործվել բացառապես արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանություն ապահովող իրավասու մարմինների կողմից` նշված իրավիճակներում օպերատիվ արձագանքման գործառույթներ իրականացնելու համար, ինչպես նաև պետական կամ հանրային նշանակության կառույցների կողմից` հանրությանը մատուցվող տեղեկատվական բնույթի ծառայությունների տրամադրման համար:
(2-րդ կետը լրաց. 02.04.14 N 68-Ն)
3. Արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանության ապահովման օպերատիվ արձագանքման նպատակով տրամադրվող Կոդը գործարկվում է հանրային ամրակցված հեռախոսացանցում (աշխարհագրական սկզբունքով ամրագրված համարագրման ռեսուրսի օգտագործմամբ) յուրաքանչյուր տարածաշրջանային կոդի աշխարհագրական տեղանքում, բացառությամբ այն դեպքերի, եթե օպերատիվ արձագանքման ծառայությունն իրականացվում է կենտրոնացված եղանակով:
(3-րդ կետը լրաց. 18.07.18 N 288-Ն)
4. Արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանության ապահովման օպերատիվ արձագանքման նպատակով Կոդի օգտագործումը, այդ թվում` Կոդի գործարկումը և փոխկապակցված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերից տրամադրված Կոդին կատարվող զանգերի և Կոդից ուղարկվող կարճ հաղորդագրությունների (SMS) վերջնավորումը Կոդը օգտագործողների համար անվճար է:
(4-րդ կետը լրաց. 18.07.18 N 288-Ն)
5. Արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներից պաշտպանության ապահովման օպերատիվ արձագանքման նպատակով Կոդը գործարկվում է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ Կոդին զանգահարողի հեռախոսահամարի ներկայացման ապահովման հնարավորությամբ: Սույն կետում նշված Կոդը կարող է գործարկվել նաև տվյալ Կոդը հայցող պետական կառույցի նախընտրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի օպերատորի կողմից՝ սույն կետով սահմանված պահանջների պահպանմամբ։
(5-րդ կետը խմբ. 02.04.14 N 68-Ն, լրաց. 18.07.18 N 288-Ն)
6. Պետական կամ հանրային նշանակության կառույցների կողմից` հանրությանը մատուցվող տեղեկատվական բնույթի ծառայությունների տրամադրման համար տրամադրվող Կոդերը կարող են գործարկվել տվյալ Կոդը հայցող սուբյեկտի նախընտրած` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի ցանկացած օպերատորի կողմից:
(6-րդ կետը լրաց. 18.07.18 N 288-Ն)
6.1 Հատուկ ծառայության կամ ծառայությունների կոդի նպատակային օգտագործման դադարեցման դեպքում՝ այդ պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ կոդը գործարկած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը այն հանձնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինմանը։
(6.1-ին կետը լրաց. 16.01.19 N 5-Ն)
7. Մինչև սույն կանոններն ուժի մեջ մտնելու պահը գործարկված Կոդերը շարունակում են գործարկվել նույն պայմաններով` մինչև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այլ պայմաններ սահմանելը:
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 02.04.14 N 68-Ն, լրաց. 18.07.18 N 288-Ն, 16.01.19 N 5-Ն)