ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Քրեական գործ թիվ ԵՇԴ/0070/01/13 |
ԵՇԴ/0070/01/13 |
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան |
Դատավորներ՝ |
Ս. Համբարձումյան |
Մ. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Պողոսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. ԴԱնիելյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի |
2015 թվականի հունիսի 5-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Իլլարիոն Ստեփանի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշման դեմ ամբաստանյալ Ի.Նունուշյանի պաշտպան Է.Աղաջանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2013 թվականի ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է թիվ 11120213 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի` 2013 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ Իլլարիոն Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:
2013 թվականի հունիսի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճռով ամբաստանյալ Ի.Նունուշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել տուգանքի` 600.000 ՀՀ դրամի չափով:
ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման (այսուհետ` նաև Համաներման ակտ) 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Ի.Նունուշյանն ազատվել է պատժի կրումից:
3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 26-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատարան` այլ կազմով նոր քննության ուղարկելու մասին` սահմանելով նոր քննության ծավալը:
4. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Է.Աղաջանյանը:
Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ի.Նունուշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2012թ. օգոստոս ամսին, չպարզված օրը` ժամը 1-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով դուռը, ապօրինի մուտք է գործել Ալավերդի Հարությունյանին պատկանող` Երևանի Արին-Բերդի 2-րդ նրբանցքի թիվ 116/3 տուն և ննջասենյակից գողացել 100.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի հագուստներ և փոշեկուլ` տանտիրոջը` Ա.Հարությունյանին, պատճառելով զգալի չափի գույքային վնաս (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, գ.թ. 46-49):
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) [Ն]ախաքննության մարմնի կողմից ամբաստանյալի գործողություններին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական, և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով որակված նրա արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, քանի որ (...) ապացույցները վկայում են, որ Իլլարիոն Նունուշյանը գողությունը կատարել է ոչ թե բնակարան, այլ` շինություն ապօրինի մուտք գործելով:
Հետևապես ամբաստանյալ Իլլարիոն Նունուշյանը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, գ.թ. 165-166):
7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքում նշվել է. «(…) Սույն գործի փաստական տվյալները վկայում են այն մասին, որ Ի.Նունուշյանը գողություն է կատարել` ապօրինի մուտք գործելով բնակարան: Սակայն [Առաջին ատյանի դատարանը] գտել է, որ նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալի գործողություններին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական և նրա արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, քանի որ Իլլարիոն Նունուշյանը գողությունը կատարել է ոչ թե բնակարան, այլ` շինություն ապօրինի մուտք գործելով: [Առաջին ատյանի դատարանի] նշված պատճառաբանությունը հիմնավորված չէ և չի բխում դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից:
(…) [Վերոգրյալի հիման վրա] խնդրում եմ (…) բեկանել Իլլարիոն Ստեփանի Նունուշյանի վերաբերյալ [Առաջին ատյանի դատարանի] կողմից 2014 թվականի սեպտեմբերի 9-ին (…) կայացված դատավճիռը` Իլլարիոն Նունուշյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցավոր արարքում, և վերջինիս նկատմամբ հոդվածի սանկցիայի սահմաններում նշանակել համաչափ պատիժ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, գ.թ. 2-6):
8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Գործի նյութերից երևում է, [որ] ամբաստանյալ Իլլարիոն Նունուշյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014թ. ապրիլի 17-ի դատավճռով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքները կատարելու համար դատապարտվել է ազատազրկման երեք /3/ տարի երեք /3/ ամիս ժամկետով /Գործ` թիվ ԵՇԴ/0139/01/13/:
2014թ. սեպտեմբերի 5-ին Իլլարիոն Նունուշյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրա նկատմամբ տուգանք է նշանակվել 500.000 ՀՀ դրամի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով նշանակված պատժին լրիվ` 3 /երեք/ տարի 3 /երեք/ ամիս ժամկետով` գումարվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. ապրիլի 17-ի դատավճռով նշանակված պատիժը, և Իլլարիոն Ստեփանի Նունուշյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3 /երեք/ տարի 3 /երեք/ ամիս ժամկետով և 500.000 ՀՀ դրամի չափով /Գործ` թիվ ԵՇԴ/0083/01/14/:
(...) Սույն գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալ Ի. Նունուշյանին մեղսագրված արարքը կատարվել է 2012 թվականի օգոստոս ամսին:
Տվյալ գործն Առաջին ատյանի դատարանի վարույթ է ընդունվել 2013 թվականի հունիսի 7-ին, իսկ դատավճիռը կայացվել է 2014 թվականի սեպտեմբերի 9-ին:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործն Առաջին ատյանի դատարանում քննվելու ընթացքում արդեն կայացվել էր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014թ. ապրիլի 17-ի դատավճիռը, որով Ի.Նունուշյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքները կատարելու համար դատապարտվել է ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով:
Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով սույն գործով նշանակվող պատիժը և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014թ. ապրիլի 17-ի դատավճռով նշանակված պատիժը լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով սահմանել վերջնական պատիժ, որի ժամկետին պետք է հաշվակցվեր 14.07.2014թ. դատավճռով նշանակված պատժի կրած մասը:
Մինչդեռ, ինչպես երևում է գործի նյութերից, Առաջին ատյանի դատարանը Ի.Նունուշյանի նկատմամբ պատիժ է նշանակել միայն քննարկվող գործով, 2012թ. օգոստոս ամսին կատարած արարքի համար` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակելով տուգանք 600.000 ՀՀ դրամի չափով, այնուհետև Համաներման ակտի կիրառմամբ նրան ազատել է նշանակված պատժից, այսինքն` թույլ է տվել դատական սխալ, որը հանգեցրել է քրեադատավարական օրենքի էական խախտման:
(...) Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:
Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է պատշաճ ընթացակարգի սահմաններում հետազոտի [Ի.Նունուշյանի] նկատմամբ կայացված` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014թ. ապրիլի 17-ի /Գործ` թիվ ԵՇԴ/0139/01/13/ դատավճիռը, այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով նշանակի վերջնական պատիժ և դրան պետք է հաշվակցի առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը:
(...) Վերաքննիչ դատարանը Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Կ.Ադամյանի վերաքննիչ բողոքը քննության առարկա չի դարձնում, քանի որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը Վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում բերված բողոքի կապակցությամբ կայացնելու համապատասխան որոշում, հետևաբար գտնում է, որ նման պայմաններում վերաքննիչ բողոքը պետք է մերժել» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, գ.թ. 2-6):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանի դատական ակտը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա` հանգեցնելով Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճռի անհիմն բեկանմանը: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ ստորադաս դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և անտեսելով Վճռաբեկ դատարանի` Արթուր Խուրշուդյանի վերաբերյալ գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0065/01/11 և Գեղամ Ղազարյանի վերաբերյալ գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկների` պաշտպան Է.Աղաջանյանը փաստարկել է, որ մեղադրողն իր ներկայացրած վերաքննիչ բողոքում խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճիռը, ամբաստանյալ Ի.Նունուշյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և այդ արարքի համար նշանակել համաչափ պատիժ: Մինչդեռ բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը, այլ հիմքով բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկելով ստորադաս դատարան` նոր քննության, դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից, քանի որ մեղադրողի վերաքննիչ բողոքում նման հիմք մատնանշված չէր:
Վերլուծելով թիվ ԵԱՔԴ/0065/01/11 և թիվ ԱՐԴ/0121/01/11 գործերով որոշումներում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` բողոք բերած անձը եզրակացրել է, որ հանցավորի նկատմամբ նշանակված պատժի անհամաչափությունը ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական ակտի անվերապահ բեկանմանը հանգեցնող դատավարական իրավունքի խախտում է, ո՛չ էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված քրեական գործի կարճման հիմք: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավասու չէր սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս անդրադառնալ Ի.Նունուշյանի նկատմամբ նշանակված պատժի հարցին և այդ հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
10. Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտպան Է.Աղաջանյանը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճռին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Ի.Նունուշյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կանոնի խախտման հիմքով բեկանելու, գործը նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն այն դեպքում, երբ մեղադրողի վերաքննիչ բողոքը վերաբերել է Առաջին ատյանի դատարանի կողմից արարքի քրեաիրավական վերաորակմանը:
12. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:
Պետական (…) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի համաձայն`
«1. Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`
(…)
5) բողոքի հիմքերը և պահանջը.
51) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները (…)
3. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
13. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու մասին պահանջ սահմանող նորմի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանը Ա.Սաքունցի գործով կայացված որոշման շրջանակներում արձանագրել է. «Այս իրավանորմից, inter alia, բխում է, որ վերաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում:
Նպատակային մեկնաբանման ենթարկելով դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավական պահանջը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարունակում է դատավարության մասնակցին տրված երաշխիք առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում վերաքննիչ դատարանը չի կատարի տվյալ անձի դատավարական հակառակորդի գործառույթ» (տե՛ս Ա.Սաքունցի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10 որոշման 11-րդ կետը):
Իսկ Գ.Ղազարյանի գործով կայացված որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է. «(...) [Վ]երաքննիչ դատարանում գործը քննվում է բացառապես վերաքննիչ բողոքի առկայության պարագայում և բացառապես դրա հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Այլ կերպ՝ վերաքննության առարկան ոչ թե գործի ըստ էության քննությունն է, այլ առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգումը: Դրանով պայմանավորված՝ վերաքննիչ դատարանում դատաքննությունն սկսվում է ոչ թե մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմամբ, այլ նախագահողի կողմից դատական ակտի բովանդակության, ինչպես նաև վերաքննիչ բողոքի և դրա դեմ առկա պատասխանների էության շարադրմամբ» (տե՛ս Գ.Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 27-րդ կետը):
Վերը մեջբերված դիրքորոշումները, Մ.Էլոյանի և այլոց գործով որոշմամբ ձևավորած դատողությունները (տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը) Վճռաբեկ դատարանը զարգացրել է Ա.Խուրշուդյանի գործով կայացված որոշման շրջանակներում՝ արձանագրելով. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածում ամրագրված սահմանափակումները բացարձակ բնույթ չեն կրում, և դրանք պետք է դիտարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այլ իրավանորմերի համատեքստում:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից միայն այն դեպքում, երբ առկա է դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մաս) կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Մյուս բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կաշկանդված է դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, հետևաբար իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս արձանագրել դատական սխալ և ուղղել այն (տե՛ս Ա.Խուրշուդյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0065/01/11 որոշման 15-րդ կետը):
14. Վերահաստատելով վկայակոչված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանում դատական վերանայման սահմանափակ բնույթը ենթադրում է, որ դատարանի՝ գործում թույլ տրված դատական սխալները սեփական նախաձեռնությամբ ուղղելու հնարավորությունը սահմանափակ է, այսինքն՝ հանրային շահի համեմատությամբ կողմերի՝ իրենց իրավունքների պաշտպանության համար պատշաճ ջանասիրություն, հետևողականություն դրսևորելու մասնավոր շահը (տնօրինչականության սկզբունք) ունի առավելություն: Միաժամանակ որպես մասնավոր շահի նկատմամբ հակակշիռ, հանրային և մասնավոր շահերի արդյունավետ հավասարակշռության ապահովման անհրաժեշտություն՝ այն չի բացառում վերաքննիչ դատարանի հնարավորությունը դուրս գալու վերանայման սահմաններից, եթե առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական ակտի անվերապահ բեկանման հիմք (կամ անձի նկատմամբ խոշտանգում և վատ վերաբերմունքի այլ ձևեր կիրառելու դեպքերում (այդ մասին մանրամասն տե՛ս Ս.Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵԿԴ/0281/01/10 որոշումը)): Ընդ որում, ինչպես հետևում է վերոգրյալից, վերաքննիչ դատարանի՝ վերանայման սահմաններից դուրս գալու սույն հնարավորությունը կրում է ոչ թե բացարձակ, այլ սահմանափակ բնույթ, քանի որ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռումը պահանջում է ոչ թե ցանկացած, այլ միայն բացառիկ դեպքերում բողոքի սահմաններից դուրս գալու հնարավորության ընձեռում:
Վերոգրյալ դատողությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերը նշված բացառիկ հիմքերի բացակայության պարագայում վերաքննիչ դատարանը զրկվում է վերանայման սահմաններից դուրս գալու իրավական հնարավորությունից, ուստիև պարտավոր է դատական ակտը վերանայել բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
15. Սույն գործի նյութերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանն իր՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատական ակտով Ի.Նունուշյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետից վերաորակել է նույն օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նշանակել այդ հանցագործության սանկցիայով նախատեսված պատիժ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում մեղադրողն անդրադարձել է Ի.Նունուշյանի կատարած արարքի վերաորակման իրավաչափությանը` փաստարկելով, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների ուժով անհիմն են ամբաստանյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու մասին Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել մեղադրողի բողոքը և մերժել է այն` գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը հնարավորություն չի ընձեռում բերված բողոքի կապակցությամբ կայացնելու համապատասխան որոշում: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ քննարկման առարկա է դարձրել ամբաստանյալ Ի.Նունուշյանի նկատմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 17-ի դատավճռով նշանակված պատիժը սույն գործով պատիժ նշանակելիս հաշվի առնելու, կրած մասը հաշվակցելու հարցը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը, Ի.Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակելով տուգանք և Համաներման ակտի կիրառմամբ նրան ազատելով նշանակված պատժից, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտման հանգեցնող դատական սխալ, ուստի բեկանել է ստորադաս դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնների խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական ակտի անվերապահ բեկանմանը հանգեցնող դատավարական իրավունքի խախտում չէ: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավասու չէր դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և սեփական նախաձեռնությամբ անդրադառնալ ամբաստանյալ Ի.Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները կիրառված չլինելու հարցին, ապա այդ հիմքով բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը:
17. Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չէ Ի.Նունուշյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կանոնի խախտման հիմքով բեկանելու, գործը նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն այն դեպքում, երբ մեղադրողի վերաքննիչ բողոքը վերաբերել է Առաջին ատյանի դատարանի կողմից արարքի քրեաիրավական վերաորակմանը: Այլ կերպ՝ սույն գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով ստորադաս դատարանի դատական ակտը, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից` թույլ տալով վերաքննիչ դատարանում գործի քննության սահմաններն ամրագրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքի խախտման:
17.1. Անդրադառնալով մեղադրողի վերաքննիչ բողոքը քննության առարկա չդարձնելու և մերժելու մասին Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը հնարավորություն չի ընձեռում բերված բողոքի կապակցությամբ կայացնելու համապատասխան որոշում (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ հետևությունն անհիմն է, քանի որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից նույնիսկ իրավաչափ կերպով դուրս գալը տվյալ դեպքում, ըստ էության, չէր ստեղծում որևէ խոչընդոտ մեղադրողի բողոքը քննության առարկա դարձնելու և այդ կապակցությամբ համապատասխան հետևության հանգելու համար:
18. Հաշվի առնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ և 7-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում է:
Վերոգրյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանելու Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը և գործն ուղարկելու նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծության ու գնահատման հիման վրա հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Իլլարիոն Ստեփանի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան |
Հ. ԱսատրՅԱՆ | |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ս. Օհանյան |