ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4715/02/14 2016թ. |
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան |
Դատավորներ` |
Ա. Սմբատյան |
Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
ռ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի հուլիսի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Խաչատրյանի ընդդեմ Իսակ Դիլանչյանի, Անահիտ Բաբայանի, Հռիփսիմե Ավետիսյանի, Հասմիկ Մելիքյանի, Վիկտորյա Հովսեփյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գագիկ Խաչատրյանը պահանջել է Իսակ Դիլանչյանից, Անահիտ Բաբայանից, Հռիփսիմե Ավետիսյանից, Հասմիկ Մելիքյանից և Վիկտորյա Հովսեփյանից համապարտության կարգով բռնագանձել 700 եվրոյին համարժեք ՀՀ դրամ և նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 11.06.2015 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.12.2015 թվականի որոշմամբ Գագիկ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.06.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Գագիկ Խաչատրյանը թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործով հայցից հրաժարվել է դեռևս այն փուլում, երբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերջինիս հայցադիմումն ընդամենը վարույթ էր ընդունել և նշանակել դատական նիստ 13.04.2011 թվականին: Այսինքն՝ Գագիկ Խաչատրյանը, դեռևս ոչ մի դատական նիստի չմասնակցած, նշանակված դատական նիստից մի քանի օր առաջ հրաժարվել է իր հայցից: Նման պայմաններում Դատարանը, պատճառաբանելով, որ Գագիկ Խաչատրյանն ապացույց չի ներկայացրել, որ թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործով հայցից հրաժարվել է գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, և նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով կարճելով սույն քաղաքացիական գործի վարույթը, սահմանափակել է բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքը:
Դատարանն իր հայեցողությամբ է նշանակում նախնական դատական նիստ, և այն դեպքերում, երբ նախնական դատական նիստ չի հրավիրվում, չպետք է սահմանափակվի անձի՝ իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունը` հատկապես հաշվի առնելով, որ Գագիկ Խաչատրյանը հայցից հրաժարվել է նախքան որևէ դատական նիստի մասնակցելը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.12.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 04.02.2011 թվականին Գագիկ Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Իսակ Դիլանչյանի, Անահիտ Բաբայանի, Հռիփսիմե Ավետիսյանի, Հասմիկ Մելիքյանի և Վիկտորյա Հովսեփյանի՝ պահանջելով պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 800 եվրոյին համարժեք ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված տոկոսագումարները (հատոր 2-րդ, գ.թ. 27):
2. Թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործով 09.02.2011 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել է վարույթ և նշանակել դատական նիստ 13.04.2011 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 20):
3. Թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո դատարանը ձեռնամուխ է եղել նախապատրաստական բնույթի գործողությունների իրականացմանը, մասնավորապես` դատարանը Գագիկ Խաչատրյանին և Վիկտորյա Հովսեփյանին ուղարկել է դատական ծանուցագրեր, Վիկտորյա Հովսեփյանին տեղեկացրել հայցադիմումի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքի և այն չիրացնելու դեպքում վրա հասնող հնարավոր անբարենպաստ հետևանքների մասին (հատոր 2-րդ, գ.թ. 21, 30):
4. Թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործով պատասխանող Վիկտորյա Հովսեփյանը 14.03.2011 թվականին դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան (հատոր 2-րդ, գ.թ. 28):
5. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 27.04.2011 թվականի վճռով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով կարճել է թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործի վարույթը (հատոր 2-րդ, գ.թ. 19):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հարուցման օրենսդրական հիմքի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.
2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը հանգեցրել է գործի սխալ լուծման, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք գործը դատաքննության նախապատրաստելու համար պարտադիր է դատարանի կողմից տվյալ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով գործի վարույթը կարճելու հիմքին, արձանագրել է, որ գործի վարույթը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործերի
1. կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,
2. հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,
3. հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները` բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
Հետևաբար վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող (տե՛ս ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդրի կողմից նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է դատավարական իրավունքների չարաշահման կանխարգելմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի, իրավական որոշակիության, դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Շահագրգիռ անձը, դատարան դիմելով, իրացնում է դատական պաշտպանության, արդար դատաքննության իր իրավունքը, որը միաժամանակ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունք է նաև դատավարության մյուս կողմի համար: Հետևաբար չնայած հայցվորի տնօրինչական իրավունքն է հայց հարուցելը և հայցից հրաժարվելը, սակայն այս իրավունքն ուղղակիորեն առնչվում է նաև պատասխանողի դատավարական իրավունքների հետ, ուստի օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքներ նաև պատասխանողի համար` դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում: Մասնավորապես՝ դատական պաշտպանության իրավունքը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ենթադրում է նաև իրավականորեն որոշակի, կանխատեսելի դատական ակտի առկայություն: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես՝ արձանագրվել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է նաև դրույթն այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում՝ միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով (տե'ս օրինակ, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Հետևաբար նաև այս սկզբունքի հաշվառմամբ է, որ օրենսդիրն արգելում է նույն հայցով կրկին դատարան դիմելն օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում` բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է գործը դատաքննության նախապատրաստելու փուլում: Նման բացառություն նախատեսելը պայմանավորված է գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանձնահատկություններով: Այս փուլում դեռևս իրականացվում են նախապատրաստական բնույթի գործողություններ, գործի ըստ էության քննություն չի իրականացվում, և հայցից հրաժարվելու պարագայում, ըստ էության, դատավարության որևէ սկզբունք, դատավարության մյուս կողմի որևէ իրավունք չի ստորադասվում: Ուստի յուրաքանչյուր նման դեպքում կարևորվում է այն հարցը, թե անձը դատավարության որ փուլում է հրաժարվել հայցից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատավորը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1111 -րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթն ընդունելուց հետո գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նույն օրենսգրքի 22.2-րդ գլխի կանոնները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Գործը դատաքննության նախապատրաստելը» վերտառությամբ 222 -րդ գլխում ներառված 1495 -րդ հոդվածի համաձայն՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ամրագրելով քաղաքացիական դատավարության փուլերը, պարտավորեցում է դատարանին դատավարության մի փուլից անցումը մյուսին ձևակերպել առանձին դատավարական փաստաթղթով: Նշված իրավակարգավորումն ինքնանպատակ չէ և կոչված է երաշխավորելու գործին մասնակցող անձանց իրավունքների լիարժեք իրականացումը: Մասնավորապես՝ քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլ ունի քաղաքացիական դատավարության ընդհանուր նպատակից բխող իր նպատակը, խնդիրները, դրանց լուծմանն ուղղված գործողությունների շրջանակը: Վերը նշվածով պայմանավորված` յուրաքանչյուր փուլում գործին մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների շրջանակը ևս տարբեր է, հետևաբար վերջիններիս կողմից դատավարության համապատասխան փուլին անցնելու վերաբերյալ իրազեկումն ուղղակի անհրաժեշտություն է (տե'ս «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Մարինե Նազարյանի և մյուսների թիվ ԵՇԴ/0700/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1495 -րդ հոդվածը, չնայած վերնագրված է «Գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ որոշումը», այդուհանդերձ, դատարանին չի պարտավորեցնում առանձին ակտի ձևով համապատասխան որոշում կայացնել: Այսինքն՝ ի տարբերություն գործի հարուցման՝ դատաքննության, վերաքննության և վճռաբեկության փուլերի, գործող իրավակարգավորումը գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հարուցման օրենսդրական հիմքը չի նախատեսել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարզելու համար, թե արդյոք գործը քննվում է դատաքննության նախապատրաստության փուլով, հարկ է գնահատել գործի հարուցման փուլից հետո դատարանի և գործին մասնակցող անձանց գործողությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանձնահատկություններին, արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները (տե'ս Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով գործը դատաքննության նախապատրաստելու փուլի վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումը, արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելը՝ որպես քաղաքացիական դատավարության ինքնուրույն փուլ, արդարադատության արդյունավետության, անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացման համար պայմաններ ապահովող դատավարական գործողությունների և դրանց հիման վրա առաջացող իրավահարաբերությունների ամբողջություն (համակարգ) է, և հավելել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նպատակը քաղաքացիական գործի արդյունավետ քննության ապահովումն է, որը ենթադրում է՝
- ողջամիտ ժամկետում գործի քննության ապահովում,
- օրինական և հիմնավորված դատական ակտի կայացման ապահովում,
- դատական խնայողության ապահովում (տե'ս ըստ Արեգնազ Կարապետյանի դիմումի թիվ ԳԴ4/0504/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշում):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և հիմք ընդունելով գործող օրենսդրության իրավակարգավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո դատարանը կարող է ձեռնամուխ լինել գործը դատաքննության նախապատրաստելուն` քաղաքացիական գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ գործող օրենսդրությունը պարտադիր չի համարում գործը դատաքննության նախապատրաստելու մասին համապատասխան որոշում կայացնելը, արձանագրում է, որ դատարանները կարող են նախապատրաստել գործը դատաքննության` ինչպես այդ մասին համապատասխան որոշում կայացնելով, այնպես էլ առանց այդպիսի որոշման կայացման:
Ի տարբերություն գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հարուցման հիմքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499 -րդ հոդվածի 1-ին կետով հստակ նախատեսվել է, որ դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին: Այլ կերպ ասած` օրենսդիրը դատաքննության նախապատրաստության փուլին անցնելու համար պարտադիր չի համարում հատուկ որոշման կայացումը` փոխարենը սույն փուլի ավարտ դիտարկելով գործը դատաքննության նշանակելու մասին որոշման կայացումը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, կարևորելով գործը դատաքննության նախապատրաստելու փուլի և նախնական դատական նիստի հարաբերակցության հարցը, արձանագրում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանցքային տարրը նախնական դատական նիստն է. այն գործը դատաքննության նախապատրաստելու այնպիսի իրավական կառուցակարգ է, որն ապահովում է դատավարության քննարկվող փուլի հիմնական խնդիրների լուծումը, գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողությունների զգալի մասի իրականացումը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործը դատաքննության նախապատրաստելու և նախնական դատական նիստի վերաբերյալ առկա իրավակարգավորումների համաձայն` նախնական դատական նիստը թեև ապահովում է դատավարության մասնակիցների անմիջական ներգրավվածությամբ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հիմնական խնդիրների լուծումը և գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողությունների զգալի մասի իրականացումը, սակայն չի բացառում նաև նախնական դատական նիստից դուրս գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողությունների իրականացման հնարավորությունը: Նախնական դատական նիստ չհրավիրելու հանգամանքն ինքնին չի բացառում գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առկայության հնարավորությունը, հետևաբար յուրաքանչյուր գործով գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առկայությունը և այն ընդգրկող ժամանակահատվածը պարզելու համար անհրաժեշտ է գնահատել դատարանի և գործին մասնակցող անձանց կողմից իրականացվող դատավարական գործողությունների (դրանց համակցության) բնույթը և նպատակը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու՝ որպես քաղաքացիական դատավարության ինքնուրույն փուլի բովանդակությունը կազմում են գործի հարուցման փուլի ավարտից հետո գործի քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով դատարանի և գործին մասնակցող անձանց կողմից իրականացվող նախապատրաստական բնույթի գործողությունները: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, դատարանը գործին մասնակցող այլ անձանց ծանուցում է, որ նշված փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 -րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Նույն հոդվածի 2-րդ կետով օրենսդիրը սահմանել է նախնական դատական նիստի ընթացքում իրականացվող գործողությունների ոչ սպառիչ շարքը:
Վկայակոչված իրավանորմերից հետևում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլը կարող է ընդգրկել ինչպես նախնական դատական նիստից դուրս (մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ, 95-րդ հոդվածներ), այնպես էլ՝ նախնական դատական նիստում (մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 -րդ հոդված) դատարանի և գործին մասնակցող անձանց կողմից իրականացվող նախապատրաստական բնույթի գործողություններ:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը կարող է դատաքննության նախապատրաստվել՝ ինչպես այդ մասին համապատասխան որոշում կայացնելով, այնպես էլ առանց հատուկ որոշման կայացման` ինչպես նախնական դատական նիստում, այնպես էլ նախնական դատական նիստից դուրս իրականացվող գործողությունների միջոցով:
Սույն գործով Դատարանը, քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով կարճելով, պատճառաբանել է, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործով կայացվել է վճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ: Միաժամանակ գնահատելով այն հանգամանքը, թե արդյոք Գագիկ Խաչատրյանը թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործով հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում, Դատարանը եզրահանգել է, որ Գագիկ Խաչատրյանը, սույն գործով կրելով նշված փաստի ապացուցման պարտականությունը, չի ներկայացրել այդ փաստը հաստատող ապացույցներ, իսկ գործի նյութերում առկա թիվ ԵԱՔԴ/0196/02/11 գործով կայացված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման մեջ և նույն գործով կայացված վճռում որևէ նշում չկա առ այն, որ գործը գտնվել է դատաքննության նախապատրաստելու փուլում, և որ հայցվորը հայցից հրաժարվել է այդ փուլում:
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի վերը նշված եզրահանգումները, միաժամանակ հավելել է, որ թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործով կայացված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 09.02.2011 թվականի որոշումից հետևում է, որ դատարանը գործը չի նախապատրաստել դատաքննության, այսինքն՝ չի քննել նախապատրաստական փուլով, քանի որ որոշման եզրափակիչ մասում դատարանը նշել է՝ «...հայցադիմումն ընդունել վարույթ և դատական նիստը նշանակել...», մինչդեռ, եթե դատարանը գործը քննել է նախապատրաստական փուլի կանոններով, այդ մասին պետք է նշեր որոշման մեջ, իսկ հետագայում մեկ այլ որոշմամբ պետք է անցներ գործի դատաքննությանը, որպիսի հանգամանքը հայցվորի կողմից չի ապացուցվել:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
Հաշվի առնելով, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը՝ որպես գործի վարույթի կարճման հիմք, անվերապահ բնույթ չի կրում, և օրենսդիրը, ելնելով դատական պաշտպանության իրավունքի ապահովման անհրաժեշտությունից, որպես նշված հիմքով գործի վարույթի կարճումը բացառող պայման ամրագրել է հայցվորի կողմից հայցից դատաքննության նախապատրաստական փուլում հրաժարված լինելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք սույն գործով ներկայացված ապացույցները բավարար են փաստելու, որ Գագիկ Խաչատրյանը թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործի քննության ընթացքում հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործով 09.02.2011 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցադիմումը ընդունել է վարույթ և նշանակել դատական նիստ 13.04.2011 թվականին` չմասնավորեցնելով դատական նիստի բնույթը, այսինքն` նախնական դատական նիստ կամ դատաքննություն լինելը: Հետևաբար, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ կետի իրավակարգավորումն այն մասին, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ դատարանը նշում է գործի քննության ժամանակը և վայրը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ հստակ նշված չէ, թե ինչ դատական նիստ է նշանակվում, ապա պարզելու համար, թե արդյոք դատարանը գործը քննում է դատաքննության նախապատրաստության փուլով, թե՝ ոչ, պետք է գնահատել այլ հանգամանքներ, մասնավորապես՝ դատարանի և գործին մասնակցող անձանց գործողությունները` հաշվի առնելով, որ գործը կարող է նախապատրաստվել դատաքննության նաև առանց համապատասխան որոշման կայացման:
Այսպես, սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործով «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 09.02.2011 թվականի որոշմամբ Գագիկ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունվելուց և նույն որոշմամբ 13.04.2011 թվականին դատական նիստ նշանակվելուց հետո դատարանի և գործին մասնակցող անձանց կողմից իրականացվել են հետևյալ դատավարական գործողությունները՝ դատարանը Գագիկ Խաչատրյանին և Վիկտորյա Հովսեփյանին ծանուցել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, Վիկտորյա Հովսեփյանին տեղեկացրել է հայցադիմումի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքի և այն չներկայացնելու արդյունքում վրա հասնող հնարավոր անբարենպաստ հետևանքների մասին, Վիկտորյա Հովսեփյանը դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան:
Վերոնշյալ փաստերի գնահատման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ ուղղակիորեն չի նշել գործը դատաքննության նախապատրաստելու մասին, սակայն հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո դատարանի և գործին մասնակցող անձանց կողմից իրականացվել են գործողություններ, որոնք իրենց բնույթով ուղղված են եղել գործը դատաքննության նախապատրաստելուն:
Վերը նշված մեկնաբանությունների համատեքստում համադրելով և գնահատելով սույն քաղաքացիական գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործով դատարանը 09.02.2011 թվականին հայցադիմումի վարույթ ընդունմամբ գործի հարուցման փուլն ավարտելուց հետո գործին մասնակցող անձանց հետ միասին գործի քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով ձեռնամուխ է եղել նախապատրաստական բնույթի մի շարք գործողությունների իրականացմանը: Այնուհետև դատարանը, հիմք ընդունելով, որ հայցվորը հրաժարվել է հայցից, 27.04.2011 թվականին կայացրած վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճել է: Հետևաբար նշված փաստերի համադրումը վկայում է այն մասին, որ թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործով գործի հարուցման փուլի ավարտից հետո ընկած ժամանակահատվածն ընդգրկել է գործը դատաքննության նախապատրաստելու փուլը, որի ընթացքում և Գագիկ Խաչատրյանը հրաժարվել է հայցից:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործով կայացված 09.02.2011 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումից հետևում է, որ դատարանը գործը չի նախապատրաստել դատաքննության, անհիմն է:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հաստատված փաստական հանգամանքները բավարար են արձանագրելու, որ Գագիկ Խաչատրյանը թիվ ԵԱՔԴ/0196/02/11 քաղաքացիական գործի քննության ընթացքում հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության 109-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով սույն գործի վարույթը ենթակա չէր կարճման, ինչը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |