Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.26/8(1021) Հոդ.116
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0132/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0132/02/13

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Գ. Մատինյան

Դատավորներ՝   

Լ. Գրիգորյան
 

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱվանեսյանԻ

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ա. Բարսեղյանի

 

 

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վլադիմիր Ամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վլադիմիր Ամյանի ընդդեմ Աշոտ, Կարապետ, Արայիկ, Անահիտ Սողոմոնյանների և Հրանուշ Գրիգորյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վլադիմիր Ամյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը` Աշոտ, Կարապետ, Արայիկ, Անահիտ Սողոմոնյանների, Հրանուշ Գրիգորյանի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված, ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող անշարժ գույքի` 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ե. Քոչարյան) (այսուհետ` Դատարան) 29.05.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.09.2013 թվականի որոշմամբ Վլադիմիր Ամյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.05.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վլադիմիր Ամյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աշոտ Սողոմոնյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է Հրանուշ Գրիգորյանի և Արայիկ Սողոմոնյանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումի պատասխաններով ընդունված փաստը, ըստ որի` հայցվորը ներքին առուվաճառքի պայմանագրով գնել է իրենց, Աշոտ Սողոմոնյանին, Կարապետ Սողոմոնյանին, Արայիկ Սողոմոնյանին պատկանող ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասը և 1999 թվականից փաստացի տիրապետել, օգտագործել է այն, Նշավան համայնքի ղեկավարի կողմից 06.02.2013 թվականին տրված թիվ 1/51 տեղեկանքը, որով ևս հաստատվել է 1999 թվականից Նշավան գյուղի Կոմիտասի թիվ 48 հասցեում հայցվորի փաստացի բնակվելու և այդ հասցեում գտնվող, պատասխանողներին պատկանող 0,10հա մակերեսով տնամերձ հողամասը մշակելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանն ընդհանրապես գնահատման չի արժանացրել պատասխանողների վերոնշյալ գրավոր պատասխանները, դրանք չի համադրել համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի հետ և հայցը հիմնավորող անհերքելի ապացույցների առկայության պայմաններում արձանագրել է, որ դատարանը չի կարող առաջնորդվել ենթադրություններով, մասնավորապես, որ հայցվորը գույքը տիրապետում է 1999 թվականից սկսած։

Ավելին, պատասխանողների կողմից 1999-2012 թվականների ընթացքում շուրջ 13 տարի հողամասը հայցվորի կողմից տիրապետելուն և օգտագործելուն որևէ առարկություն, անհամաձայնություն չհայտնելը, հողամասը հայցվորի տիրապետումից հետ վերադարձնելուն ուղղված որևէ պահանջ չներկայացնելը վկայում են այն մասին, որ հիշյալ հողամասը հայցվորի փաստացի տիրապետմանն է անցել բոլոր պատասխանողների կամքով, այսինքն` պատասխանողների վերաբերմունքն անշարժ գույքի ճակատագրի նկատմամբ դրսևորվել է անգործությամբ, որպիսի փաստը հաստատում է հայցվորի տիրապետման բարեխղճությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.09.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատասխանով Աշոտ Սողոմոնյանը հայտնել է, որ շուրջ 9 տարի բացակայել է Հայաստանի Հանրապետությունից և համաձայն անձնագրի պատճենի` վերադարձել է 26.10.2013 թվականին: Նշել է, որ չի առարկում վճռաբեկ բողոքի դեմ, այն հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանի որ 1998 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասը վաճառել է Վլադիմիր Ամյանին, և վերջինս բոլոր համասեփականատերերի ներկայությամբ իրեն վճարել է 1.300 ԱՄՆ դոլար: Ավելին, ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասի սեփականության իրավունքի գրանցման վկայականը ստանալուն պես այն հանձնել է Վլադիմիր Ամյանին, իսկ Հրանուշ Գրիգորյանին տվել է լիազորագիր Վլադիմիր Ամյանի հետ ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացմամբ կնքելու նպատակով, սակայն Հրանուշ Գրիգորյանը այն չի կարողացել իրականացնել Կարապետ և Անահիտ Սողոմոնյանների` Հայաստանի Հանրապետությունից բացակայելու և վերջիններիս կողմից լիազորագիր ուղարկել չկարողանալու պատճառով, քանի որ Կարապետ և Անահիտ Սողոմոնյաններն անձնագրի հետ կապված խնդիրներ են ունեցել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 043604 վկայականի (տրված` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման կողմից 07.04.2000 թվականին) համաձայն` ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 0,10հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ գրանցված է Աշոտ Սողոմոնյանի, Հրանուշ Գրիգորյանի, Կարապետ Սողոմոնյանի, Արայիկ Սողոմոնյանի, Անահիտ Սողոմոնյանի սեփականության իրավունքը, հիմք` ծխամատյանից 25.10.1999 թվականի թիվ 392 քաղվածքը (հատոր 1-ին, գ.թ. 7-10):

2. ՀՀ Արարատի մարզի Նշավանի գյուղապետ Մ. Ներսիսյանի կողմից 06.02.2013 թվականին տրված թիվ 1/51 տեղեկանքի համաձայն` Վլադիմիր Մակիչի Ամյանը 1999 թվականից փաստացի բնակվում է Նշավան գյուղի Կոմիտաս թիվ 48 հասցեում և մշակում է նույն գյուղի բնակիչ Աշոտ, Կարապետ, Արայիկ, Անահիտ Սողոմոնյաններին և Հրանուշ Գրիգորյանին պատկանող 0,10հա մակերեսով տնամերձ հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 12):

3. Թիվ 0132422, 0529209, 0529401, 0349658, 0116902, 1032284, 01557073 վճարման անդորրագրերի համաձայն` 1999-2012 թվականների վիճելի հողի հարկի վճարումը կատարվել է Աշոտ Սողոմանյանի անվամբ` Վլադիմիր Ամյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 13-19):

4. Արայիկ Սողոմոնյանը և Հրանուշ Գրիգորյանը հայցադիմումի պատասխաններում հայտնել են, որ հայցի դեմ չեն առարկում, քանի որ 1998 թվականի դեկտեմբեր ամսվա վերջերին Վլադիմիր Ամյանն իրենց և բոլոր համասեփականատերերի ներկայությամբ Աշոտ Սողոմոնյանին վճարել է 1.300 ԱՄՆ դոլար և ներքին առուվաճառքի պայմանագրով գնել է իրենց, Աշոտ Սողոմոնյանին, Կարապետ Սողոմոնյանին, Արայիկ Սողոմոնյանին պատկանող, ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասը: Հայտնել են նաև, որ 1999 թվականից նշված հողամասը փաստացի տիրապետել և օգտագործել է Վլադիմիր Ամյանը (հատոր 1-ին, գ.թ. 50-51, 54-55):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

Վերահաստատելով իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այսինքն` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, հաստատված չի համարել այն հանգամանքը, որ հայցվորի մոտ եղել է համոզմունք, որ գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով` բոլոր համասեփականատերերի համաձայնությամբ: Միաժամանակ հաստատված չի համարել վիճելի հողամասը հայցվորի կողմից 10 տարի անընդմեջ տիրապետելու հանգամանքը:

 Վերաքննիչ դատարանը, բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ գործում առկա չէ ձեռքբերման բարեխղճությունը հիմնավորող որևէ ապացույց:

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորի` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը։

Մասնավորապես, սույն գործի փաստերի, այն է` ՀՀ Արարատի մարզի Նշավանի գյուղապետ Մ. Ներսիսյանի կողմից 06.02.2013 թվականին տրված թիվ 1/51 տեղեկանքի համաձայն` Վլադիմիր Ամյանը 1999 թվականից փաստացի բնակվում է Նշավան գյուղի Կոմիտաս թիվ 48 հասցեում և մշակում է նույն գյուղի բնակիչ Աշոտ, Կարապետ, Արայիկ, Անահիտ Սողոմոնյաններին և Հրանուշ Գրիգորյանին պատկանող 0,10հա մակերեսով տնամերձ հողամասը, թիվ 0132422, 0529209, 0529401, 0349658, 0116902, 1032284, 01557073 վճարման անդորրագրերի համաձայն` վիճելի հողամասի 1999-2012 թվականների հողի հարկի վճարումը կատարվել է Աշոտ Սողոմանյանի անվամբ` Վլադիմիր Ամյանի կողմից: Բացի այդ, գործով պատասխանողներ Հրանուշ Գրիգորյանը և Արայիկ Սողոմոնյանը հայցադիմումի պատասխաններում ընդունել են այն փաստը, որ 1998 թվականի դեկտեմբեր ամսվա վերջերին Վլադիմիր Ամյանն իրենց և բոլոր համասեփականատերերի ներկայությամբ Աշոտ Սողոմոնյանին է վճարել 1.300 ԱՄՆ դոլար և ներքին առուվաճառքի պայմանագրով գնել է իրենց, Աշոտ Սողոմոնյանին, Կարապետ Սողոմոնյանին, Արայիկ Սողոմոնյանին պատկանող, Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասը և 1999 թվականից փաստացի տիրապետել, օգտագործել է իրեն հանձնված հողամասը: Նշված փաստերն ընդունել է նաև պատասխանող Աշոտ Սողոմոնյանը վճռաբեկ բողոքի պատասխանով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում հիմնավորվում է Վլադիմիր Ամյանի կողմից վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը, միաժամանակ վկայակոչված ապացույցներով հաստատվում է նաև այն հանգամանքը, որ գույքի սեփականատերերի կողմից իրականացվել են գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից վերջիններիս մեկուսացման մասին։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2013 թվականի որոշումը և այն փոփոխել.

Վլադիմիր Ամյանի հայցը բավարարել` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Վլադիմիր Ամյանի սեփականության իրավունքն անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 07.04.2000 թվականի թիվ 043604 վկայականում (տրված` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման կողմից) նշված` ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքում գտնվող 1.000քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:

2. Աշոտ, Կարապետ, Արայիկ, Անահիտ Սողոմոնյաններից և Հրանուշ Գրիգորյանից հօգուտ Վլադիմիր Ամյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան