ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
30 մայիսի 2017 թ. |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 174-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 262-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի, 262-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 26-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին:
Oրենսգրքի` «Ժամկետը բաց թողնելու հետևանքները և դրա վերականգնման կարգը» վերտառությամբ 174-րդ հոդվածի համաձայն.
«1. Ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում:
2. Իր կողմից բաց թողնված ժամկետի վերականգնման համար դիմողը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները կամ ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում են վարույթն իրականացնող մարմնին: Այն որոշման կատարումը, որը բողոքարկված է սահմանված ժամկետի բացթողումով, նշված անձի միջնորդությամբ կարող է կասեցվել մինչև բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծումը:
3. Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: Ընդ որում, ժամկետը վերականգնվում է այն բաց թողած անձի համար, այլ ոչ ուրիշ անձանց, եթե վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
4. Բաց թողնված ժամկետը վերականգնելուց հետաքննության մարմնի կամ քննիչի հրաժարումը կարող է բողոքարկվել հսկող դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց հսկող դատախազի հրաժարումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան»:
Օրենսգրքի 174-րդ հոդվածը փոփոխությունների և լրացումների է ենթարկվել 2016 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-214-Ն օրենքով, ըստ որի` նշված հոդվածի 2-րդ մասի «բաց թողնված» բառերը փոխարինվել են «իր կողմից բաց թողնված» բառերով, իսկ «շահագրգիռ անձը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում է» բառերը՝ «դիմողը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները կամ ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում են» բառերով, իսկ հոդվածի 4-րդ մասը շարադրվել է ներկա խմբագրությամբ:
Oրենսգրքի` «Քննիչի գործողությունները քրեական գործով վարույթը կարճելուց և քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո» վերտառությամբ 262-րդ հոդվածի համաձայն.
«1. Քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց պարզաբանվում է գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը և վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման կարգը:
3. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճված գործի նյութերին»:
Օրենսգրքի 262-րդ հոդվածը փոփոխության և լրացման է ենթարկվել 2006 թվականի մայիսի 25-ի ՀՕ-91-Ն օրենքով: Կատարված փոփոխություններն ու լրացումները, սակայն, չեն վերաբերում սույն գործով բարձրացված հիմնախնդրին:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
2015 թվականի ապրիլի 27-ին Ա. Ավագյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի վարույթը կարճվել է 2015 թվականի հունիսի 27-ի որոշմամբ:
2015 թվականի հուլիսի 2-ին Ա. Ավագյանն ստացել է վերը նշված որոշման պատճենը, իսկ 2015 թվականի հուլիսի 3-ին Ա. Ավագյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել գործը քննած քննիչին գործի նյութերին ծանոթանալու համար, որին ի պատասխան` քննիչը բանավոր պարզաբանում է տվել այն մասին, որ քրեական գործն ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն:
Հետագայում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից նույն նպատակով քրեական գործն ուղարկվում է Երևան քաղաքի դատախազություն:
2015 թվականի օգոստոսի 17-ին Երևան քաղաքի դատախազի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացվում է, իսկ 2016 թվականի հունիսի 29-ին կրկին որոշում է կայացվում քրեական գործի վարույթը կարճելու մասին:
2016 թվականի հուլիսի 2-ին Ա. Ավագյանն ստացել է վերը նշված որոշման պատճենը, իսկ 2016 թվականի հուլիսի 4-ին Ա. Ավագյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել գործը քննած քննիչին գործի նյութերին ծանոթանալու համար, որին ի պատասխան` քննիչը բանավոր պարզաբանում է տվել այն մասին, որ քրեական գործն ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն:
Հետագայում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից նույն նպատակով քրեական գործն ուղարկվում է Երևան քաղաքի դատախազություն:
2016 թվականի նոյեմբերի 14-ին Ա. Ավագյանի ներկայացուցիչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ի թիվս այլնի, խնդրելով վերականգնել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2016 թվականի հունիսի 29-ի որոշումը բողոքարկելու համար իր և իր վստահորդի կամքից անկախ բաց թողնված ժամկետը:
2016 թվականի նոյեմբերի 15-ին որոշում է կայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացված` վերը նշված բողոքը տարածքային ընդդատության կարգով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու մասին:
3. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ դիմող) վկայակոչելով իրավական որոշակիության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1215 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները, տուժողի կողմից նախաքննության ավարտին գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1008 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները, գործի նյութերը դատախազի պահանջով վերջինիս անհապաղ ուղարկելու դատավարական կարգի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1236 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ.
1) օրենսգրքի 174-րդ հոդվածն իրավական անորոշության պատճառաբանությամբ հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին,
2) օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթը հակասում է իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի առնչությամբ դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ դիտարկվող դրույթից պարզ չի դառնում, թե նախապես պետք է որոշում կայացնել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, թե պետք է ներկայացնել բողոքը և միաժամանակ` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը` համատեղ քննարկելու համար:
Դիմողն իր մտահոգությունը հիմնավորում է Ա. Ավագյանի գործով ձևավորված իրավակիրառական պրակտիկայով, որի շրջանակներում Ա. Ավագյանի ներկայացուցիչը, վկայակոչելով օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասը (ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում), գտնում է, որ օրենքի տեսանկյունից առանց բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու բողոք ներկայացնելն առ ոչինչ գործողություն է, իսկ դատախազը գտնում է, որ բողոքը և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը պետք է ներկայացվեն միաժամանակ:
Ըստ այդմ էլ դիմողը գտնում է, որ վերը նշված իրավական անորոշության հետևանքով դատարանը չի կարող որոշում կայացնել բողոքը հիմնավորված կամ անհիմն լինելու, համապատասխանաբար նաև բողոքը մերժելու կամ բավարարելու մասին:
Միաժամանակ, օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ, ի տարբերություն նախաքննության ավարտման այլ ձևերի, գործի վարույթը կարճելու միջոցով նախաքննության ավարտման պարագայում գործի նյութերին post factum ծանոթանալու դեպքում տուժողը զրկվում է.
- օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված մի շարք իրավունքներից,
- չի կարողանում օրենքով նախատեսված ժամկետում ծանոթանալ գործի նյութերին և, ըստ այդմ, պատշաճ իրացնել իր իրավունքների պաշտպանության եզակի միջոց հանդիսացող` գործի վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման իրավունքը:
Այս կապակցությամբ արձանագրելով, որ օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասում «սույն օրենսգրքով սահմանված կարգով» և «կարճված գործի նյութերին» նորմատիվ պահանջների միջև առկա է ներքին հակասություն, դիմողը գտնում է, որ տուժողի կողմից նախաքննության ավարտին գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1008 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները պետք է հավասարապես կիրառելի լինեն գործի վարույթը կարճելու միջոցով նախաքննությունն ավարտելիս տուժողի կողմից գործի նյութերին ծանոթանալու իրավունքի նկատմամբ:
4. Պատասխանողը, հղում կատարելով իրավական որոշակիության սկզբունքի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին, գտնում է, որ գործնականում օրենքի որևէ դրույթի միմյանց հակասող մեկնաբանությունների փաստի առկայությունը պետական առանձին մարմինների, քաղաքացիների, դատական մարմինների կողմից ինքնին չի կարող հակասել իրավական որոշակիության սկզբունքին:
Միաժամանակ, ըստ պատասխանողի՝ բաց թողնված ժամկետները հարգելի ճանաչելու և բողոքարկման ինստիտուտների էությունից բխում է, որ բողոքարկման օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի համարելու համար անհրաժեշտ է բողոքարկման գործնականում իրացված ցանկություն, այն է՝ բողոքի առկայություն, որին կցվում է միջնորդություն բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասին: Այդ տրամաբանությունն ընկած է դատավարական բոլոր գործողությունների և դատական ակտերի, այդ թվում՝ վճիռների և դատավճիռների բողոքարկման իրավակարգավորումների հիմքում, իսկ հակառակը կհանգեցներ ռեսուրսների անհիմն վատնման:
Պատասխանողի կարծիքով, օրենսգրքի 174-րդ հոդվածի դրույթն ամբողջությամբ համապատասխանում է իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության և օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքին համապատասխանեցնելու պահանջներին:
Օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հետ կապված պատասխանողն անհրաժեշտ է համարում նկատել, որ այն կարճված գործի նյութերին ծանոթանալու կարգի հարցում հղում է կատարում օրենսգրքի այլ դրույթների իրավակարգավորումներին: Մասնավորապես՝ 59 և 75-րդ հոդվածների 1-ին մասերի 9-րդ կետերով, 77-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 79-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով շահագրգիռ անձանց համար իրավունք է սահմանվել նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի տեղեկություններ: ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1008 որոշմամբ արդեն իսկ անդրադարձ է կատարել խնդրո առարկա իրավակարգավորմանը և օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի՝ նախաքննության ավարտման պահից դրույթը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պատասխանողը գտնում է, որ ՍԴՈ-1008 որոշման 7-րդ կետում արտահայտված դիրքորոշումները կիրառելի են նաև քրեական գործի վարույթը կարճելով նախաքննությունն ավարտելու դեպքում:
Ինչ վերաբերում է դիմողի բարձրացրած այն խնդրին, թե գործնականում քրեական գործի նյութերն ուղարկվում են դատախազին քրեական գործի կարճման որոշման օրինականության ստուգման նպատակով և տուժողը զրկվում է այդ նյութերին ծանոթանալու և բողոքարկման իր իրավունքն իրացնելու հնարավորությունից, պատասխանողն անհրաժեշտ է համարում նկատել, որ այդ խնդիրը ոչ թե նորմատիվային, այլ բացառապես կազմակերպչական-տեխնիկական է. գործի նյութերը դատախազին ուղարկելու պայմաններում տուժողների համար գործի նյութերին ծանոթանալը հնարավոր է ապահովել դրանք նախապես պատճենահանելու, թվայնացնելու կամ այլ եղանակներով:
Ըստ պատասխանողի՝ դատարանները, որպես նախնական քննության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող դատական ատյան, իրավակիրառական պրակտիկան վերջնական ձևավորող մարմին են, հետևաբար, կոնկրետ դրույթների ճիշտ մեկնաբանմամբ և կիրառմամբ կարող են բացառել իրավունքների խախտումները:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պատասխանողը կարծում է, որ օրենսգրքի 174-րդ հոդվածով և 262-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին:
5. Սույն գործի շրջանակներում առաջադրված սահմանադրաիրավական վեճը Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում քննության առնել օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց՝ կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների, ինչպես նաև ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության, իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորման տեսանկյունից` հաշվի առնելով քրեական գործերի կարճման ձևով նախաքննությունն ավարտվելու դեպքում այդ անձանց գործի նյութերին ծանոթանալու իրավունքի իրականացման անհրաժեշտությունն ու առկա իրավակիրառ պրակտիկան։
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.
ա) օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման կապակցությամբ գործի վարույթը կարճելու մասին որոշման պատճենն ստանալու պահից տուժողի կամ օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարության մյուս մասնակիցների՝ գործի նյութերին ծանոթանալու ու բողոքարկման իրենց իրավունքն իրացնելու և միևնույն ժամանակ՝ նույն գործի նյութերին ծանոթանալու ու որոշման օրինականությունն ստուգելու դատախազական հսկողության իրականացման միջև հավասարակշռության ապահովման տեսանկյունից՝ մարդու իրավունքների պաշտպանությանը նախապատվության տալու երաշխավորվածությունը,
բ) օրենսգրքի 174-րդ հոդվածով նախատեսված դրույթի կիրառման վերաբերյալ ձևավորված իրավակիրառ պրակտիկան՝ այն մասով, թե բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու հարցի լուծման նպատակով օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարության մասնակիցները, մասնավորապես, տուժողը՝ պետք է բողոքի հետ միաժամանակ իրավասու մարմնին կամ անձին ներկայացնի բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու միջնորդություն, թե պետք է նախապես միջնորդություն ներկայացնի բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասին և նոր իրավունք ստանա կատարելու համապատասխան գործողություն:
6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 174-րդ հոդվածում ենթադրյալ իրավական անորոշության վերաբերյալ դիմողի բարձրացրած հարցը սերտորեն կապված է գործի վարույթը կարճելու միջոցով նախաքննության ավարտման պարագայում օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց, մասնավորապես՝ տուժողի կողմից գործի նյութերին ծանոթանալու իրավունքի հետ, ուստի Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, նախևառաջ, անդրադառնալ վիճարկվող օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի սահմանադրականության հարցին:
Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տուժողի՝ որպես դատավարության մասնակցի կողմից նախաքննության ավարտին գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է համապատասխան իրավական դիրքորոշումներ իր ՍԴՈ-1008 որոշման մեջ: Մասնավորապես, օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված` քրեական գործի նյութերին ծանոթանալու` տուժողի իրավունքի իրացման պահի հստակեցմանն ուղղված` նույն օրենսգրքի «Նախնական քննության ավարտը» վերտառությամբ 196-րդ, «Մեղադրական եզրակացություն կազմելուց առաջ գործի նյութերին ծանոթացնելը» վերտառությամբ 265-րդ և «Քրեական գործի նյութերին ծանոթանալու կարգը» վերտառությամբ 266-րդ հոդվածների համադրված վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «գործի նյութերին` շահագրգիռ սուբյեկտների, այդ թվում` տուժողի կողմից ծանոթանալու ժամանակահատվածը կազմում է նախաքննության ինքնուրույն մաս, նախորդում է նախաքննության ավարտին, և, հետևաբար, տուժողը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող հոդվածով սահմանված` գործի նյութերին ծանոթանալու իր իրավունքն իրացնում է մինչև նախաքննության ավարտը»:
Նույն որոշման շրջանակում Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ. «...իրավակիրառական պրակտիկան ևս զարգացել է նշված ուղղությամբ, միաժամանակ կարևորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում ,նախաքննության ավարտման պահից» ձևակերպման մեկնաբանումը և կիրառումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ, 265-րդ և 266-րդ հոդվածների տրամաբանությանը համապատասխան: Նախաքննության փուլում տուժողի վերոհիշյալ իրավունքների, նախաքննություն իրականացնող մարմինների համապատասխան պարտականությունների համադրված վերլուծության հիման վրա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տուժողի` գործի նյութերին ծանոթանալու իրավունքն իրացվում է մինչև մեղադրական եզրակացություն կազմելը, այն է` նախաքննության …ավարտին նախորդող ժամանակահատվածում` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն խոչընդոտում տուժողի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշատակված որոշման շրջանակում դատավարության մասնակցի` գործի նյութերին ծանոթանալու իրավունքի վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումները վերաբերում են մեղադրական եզրակացություն կազմելու միջոցով նախաքննության ավարտման դեպքին, այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք հավասարապես կիրառելի են նաև գործի վարույթը կարճելու միջոցով նախաքննությունն ավարտելիս օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց, մասնավորապես, տուժողի` գործի նյութերին ծանոթանալու իրավունքի նկատմամբ:
Ըստ այդմ էլ, հիշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նաև նրան, որ գործի վարույթը կարճելու միջոցով նախաքննությունն ավարտելիս տուժողի կամ օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարության մյուս մասնակիցների` գործի նյութերին ծանոթանալու իրավունքն իրացվում է մինչև գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը, այն է` նախաքննության ավարտին նախորդող ժամանակահատվածում:
7. Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի` «Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց պարզաբանվում է գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը» դրույթը դիտարկել վիճարկվող դրույթների հետ համակարգային փոխկապակցվածության մեջ:
Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի` «Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց պարզաբանվում է գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ գործի վարույթը կարճելու միջոցով նախաքննությունն ավարտելիս տուժողին կամ օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարության մյուս մասնակիցներին՝ գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը պարզաբանելու պարտականությունը կատարվում է մինչև գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը, այն է` նախաքննության ավարտին նախորդող ժամանակահատվածում:
8. Վիճարկվող դրույթների իրավակիրառական պրակտիկայի գնահատման շրջանակներում Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև հետևյալը.
առաջին` առկա է «Կարճված և կասեցված քրեական գործերը ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու մասին» ՀՀ գլխավոր դատախազի` 1999 թվականի փետրվարի 4-ի թիվ 15/2-2 ցուցումը, որը տրվել է, ի թիվս այլնի, ՀՀ Սահմանադրության (1995 թվականի խմբագրությամբ) 103-րդ հոդվածի և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու, դատախազական հսկողությունն ուժեղացնելու նպատակով,
երկրորդ` ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1236 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում ամրագրել է հետևյալը. «... ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է հետևյալին ... մինչդատական վարույթում հետաքննության մարմնից, քննիչից պահանջված նյութերը, փաստաթղթերը, քրեական գործը հսկողության նպատակով դատախազին տրամադրելու վերաբերյալ վերջինիս պահանջի կատարումը պետք է իրականացվի անհապաղ»:
Վերը շարադրված պայմանների հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ձևավորվել է մի իրավակիրառական պրակտիկա, որի շրջանակներում օրենսդիրը և' հսկող դատախազի, և' օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարության մասնակիցների, այդ թվում տուժողի համար սահմանել է 7-օրյա ժամկետ գործի նյութերն ուսումնասիրելու համար:
Հաշվի առնելով գործի նյութերի ուսումնասիրության կարևորությունը, առանց որի հնարավոր չէ գործի վարույթը կարճելու մասին որոշման հիման վրա ամբողջական կարծիք կազմել տվյալ որոշման իրավաչափության վերաբերյալ, Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ձևավորված իրավակիրառական պրակտիկայում՝ հանրային սուբյեկտի (դատախազի) լիազորությունը և մասնավոր սուբյեկտի (դատավարության մասնակցի) իրավունքն ամրագրող քրեադատավարական նորմերի միջև մրցակցության պայմաններում՝ տուժողի և դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանությանը նախապատվություն տալու փոխարեն, լուծման առաջնահերթությունը վերապահվել է հսկող դատախազի համապատասխան լիազորության իրականացմանը:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև օրենսգրքի 174-րդ հոդվածով՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու ինստիտուտի ամրագրումն ուղղված է հենց մասնավոր սուբյեկտների, տվյալ դեպքում` տուժողի և դատավարության մյուս մասնակիցների համապատասխան իրավունքի իրացմանը, այդուհանդերձ, հիշյալ իրավակարգավորումը չի սահմանում այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ինչը ՀՀ Սահմանադրության /2015թ. փոփոխություններով/ 75-րդ հոդվածի պահանջն է:
Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 174-րդ հոդվածով սահմանված` բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավունքի արդյունավետ իրականացման կառուցակարգերի ու ընթացակարգերի արդյունավետությունը պետք է պայմանավորված լինի, մասնավորապես, օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի սահմանադրաիրավական բովանդակության տրամաբանությամբ ու նշանակությամբ, որն արդեն իսկ բացահայտված է սույն որոշման նախորդ կետերում:
9. Անդրադառնալով օրենսգրքի 174-րդ հոդվածի սահմանադրականության հարցին` դրանում ենթադրյալ իրավական անորոշության առկայության տեսանկյունից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի բարձրացրած հարցին է առնչվում նույն օրենսգրքի 174-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը, համաձայն որի` «…Այն որոշման կատարումը, որը բողոքարկված է սահմանված ժամկետի բացթողումով, նշված անձի միջնորդությամբ կարող է կասեցվել մինչև բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծումը»:
Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված դրույթում՝ ,այն որոշման կատարումը, որը բողոքարկված էե բառակապակցության առկայությունը վկայում է հետևյալի մասին, այն է` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը պետք է ներկայացվի համապատասխան բողոքի հետ միասին: Այս հիմնավորմամբ պայմանավորված` Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում օրենսգրքի 174-րդ հոդվածում իրավական անորոշության կամ res judicata սկզբունքի որևէ խախտման վերաբերյալ դիմողի փաստարկները:
10. Սույն գործում առկա նյութերի շրջանակում Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում, որ ըստ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2017 թվականի մայիսի 15-ի 05/12/9334-17 թվակիր գրությամբ ներկայացված տեղեկանքի՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 134-Լ հրամանով հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ 2016 թվականի հունվարի 11-ից հետո բոլոր քրեական գործերի նյութերը ենթակա են թվայնացման տասնհինգ օրը մեկ պարբերականությամբ, իսկ նախաքննությունն ավարտելու դեպքում՝ դատավարության մասնակիցներին քրեական գործի նյութերը ծանոթացնելուց առաջ: Ուստի, մինչև դատախազի կողմից քրեական գործի կարճման օրինականությունը ստուգելը, երբ կարճված քրեական գործը գտնվում է դատախազությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց՝ նրանց դիմումների հիման վրա, քննիչը ծանոթանալու համար կարող է տրամադրել քրեական գործի նյութերի թվայնացված տարբերակը: Բացի այդ, վերոնշյալ կարգի 11-րդ կետի համաձայն՝ պահանջի դեպքում քրեական գործի թվայնացման նյութերը հսկող դատախազին ուղարկվում են էլեկտրոնային կրիչով կամ լազերային սկավառակով»:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը ներկայացվում է համապատասխան բողոքի հետ միասին:
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի` գործի վարույթը կարճելու միջոցով նախաքննությունն ավարտելիս տուժողի կամ օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարության մյուս մասնակիցների՝ գործի նյութերին ծանոթանալու իրավունքն իրացվում է մինչև գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը, այն է` նախաքննության ավարտին նախորդող ժամանակահատվածում:
3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի և 262-րդ հոդվածի 3-րդ մասի հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի` «Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց պարզաբանվում է գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի` գործի վարույթը կարճելու միջոցով նախաքննությունն ավարտելիս տուժողին կամ օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարության մյուս մասնակիցներին՝ գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը պարզաբանելու պարտականությունը կատարվում է մինչև գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը, այն է` նախաքննության ավարտին նախորդող ժամանակահատվածում:
4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
30 մայիսի 2017 թվականի ՍԴՈ-1372 |
|