ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2015 թվականի N 552-Ն
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.08.17 N 956-Ն)
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) (ենթակետն ուժը կորցրել է 10.08.17 N 956-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 10.08.17 N 956-Ն)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի ձևաթղթերի լրացման կարգերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 27 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանությունը հավաստող արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի (այսուհետ` համապատասխանության հայտարարագիր) գրանցման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի հունիսի 16-ի N 801-Ն հրամանով սահմանված համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրում:
(2-րդ կետը խմբ. 10.08.17 N 956-Ն)
3. Համապատասխանության հայտարարագրերը գրանցվում են սերտիֆիկացման մարմինների կողմից, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինների ռեեստրում կամ հավատարմագրման ազգային մարմնի (այսուհետ` լիազոր մարմիններ) կողմից: Սերտիֆիկացման մարմինները համապատասխանության հայտարարագրերի գրանցման մասին տեղեկատվությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են հավատարմագրման ազգային մարմնին:
4. Համապատասխանության հայտարարագրման ժամանակ որպես հայտատու կարող է հանդես գալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը, որն արտադրանք արտադրող կամ արտադրողի լիազոր ներկայացուցիչ կամ դիստրիբյուտոր է (այսուհետ` հայտատու):
5. Համապատասխանության հայտարարագիրը և դրան կից՝ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը գրանցման են ուղարկվում լիազոր մարմիններ` ըստ հայտատուի ընտրության:
6. Լիազոր մարմիններում համապատասխանության հայտարարագրի գրանցման համար հայտատուն կամ ուղղակիորեն լիազոր մարմին է ներկայացնում համապատասխանության հայտարարագիրը և դրան կից՝ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, կամ դրանք ուղարկում է փոստային պատվիրված առաքմամբ` ներդիր փաստաթղթերի ցուցակով և ստացման մասին ծանուցմամբ:
7. Լիազոր մարմիններում համապատասխանության հայտարարագրերը գրանցվում են «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
8. Համապատասխանության հայտարարագիրն ստորագրվում է հայտատուի կողմից (իրավաբանական անձի համար` հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից):
(8-րդ կետը փոփ. 30.06.16 N 668-Ն)
9. Համապատասխանության հայտարարագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը, եթե տեխնիկական կանոնակարգերով այլ բան սահմանված չէ`
1) համապատասխանության հայտարարագրի գրանցման մասին հայտարարություն` ստորագրված հայտատուի կողմից.
2) իրավաբանական անձի պետական գրանցումը կամ ֆիզիկական անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հավաստող փաստաթղթերի պատճենները` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության.
3) արտադրանքի ներմուծման դեպքում օտարերկրյա արտադրողի հետ կնքված պայմանագրի պատճենը, որով նախատեսվում է մատակարարվող արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և Հայաստանի Հանրապետության տարածք մատակարարվող արտադրանքի` սահմանված պահանջներին անհամապատասխանության համար պատասխանատվությունը (օտարերկրյա արտադրողի ներկայացուցչի համար):
10. Լիազոր մարմիններն ուսումնասիրում են հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը` մասնավորապես՝
1) հայտատուի կողմից համապատասխանության հայտարարագրի լրացման ճշտությունն ու լիարժեքությունը.
2) սույն կարգի 9-րդ կետով նախատեսված բոլոր փաստաթղթերի առկայությունը, եթե տեխնիկական կանոնակարգերով այլ բան նախատեսված չէ.
3) տեխնիկական կանոնակարգի նորմի առկայությունը, որով սահմանվում է, որ տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի որոշակի տեսակների համապատասխանությունը կարող է հավաստվել համապատասխանության հայտարարագրերի ընդունմամբ.
4) համապատասխանության հայտարարագիր ընդունած հայտատուի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնցով սահմանվում են հայտատուների շրջանակը՝ արտադրանքների որոշակի տեսակների համար:
11. Սույն կարգի 10-րդ կետի համաձայն հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով լիազոր մարմինները հայտարարագրի` գրանցման դիմելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ համապատասխանության հայտարարագիրը գրանցում են կամ պատճառաբանված որոշմամբ մերժում են հայտը:
12. Համապատասխանության հայտարարագրի գրանցման մերժման մասին ծանուցումը գրավոր ուղարկվում է հայտատուին` փոստային պատվիրված առաքմամբ` ստանալու մասին ծանուցմամբ, կամ հայտատուին առձեռն հանձնելու միջոցով:
13. Համապատասխանության հայտարարագրի գրանցումը մերժելու հիմքերն են`
1) հայտատուի կողմից լիազոր մարմիններ գրանցման համար այնպիսի համապատասխանության հայտարարագիր ներկայացնելը, որի հավատարմագրման ոլորտում նման արտադրանք չկա.
2) տեխնիկական կանոնակարգի այն նորմի բացակայությունը, որով սահմանվում է, որ տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքների որոշակի տեսակների համապատասխանությունը պետք է հաստատվի համապատասխանության հայտարարագրի ընդունմամբ.
3) համապատասխանության հայտարարագիր ընդունած հայտատուի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, որով սահմանվում է համապատասխանության հայտարարագիր ընդունող հայտատուների շրջանակը:
14. Եթե հայտին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ դրանք թերի են լրացված, ապա լիազոր մարմինները հայտատուին առաջարկում են 2 աշխատանքային օրվա ընթացքում համալրել այդ ցանկը և վերացնել թերությունները: Սահմանված ժամկետում հայտին կից փաստաթղթերի ցանկը չհամալրելու կամ դրանց լրացման թերությունները չվերացնելու դեպքում հայտը չի գրանցվում:
15. Համապատասխանության հայտարարագիրը համարվում է գրանցված` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրում հայտարարագրին գրանցման համար տալու պահից:
16. Փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում հայտատուն ընդունում է համապատասխանության նոր հայտարարագիր և սույն կարգի համաձայն գրանցում է այն:
17. Հայտատուի մոտ համապատասխանության հայտարարագրի և դրան կից փաստաթղթերի պահպանման ժամկետները սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով:
18. Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգերով սահմանված չէ հայտատուի մոտ համապատասխանության հայտարարագրի և դրան կից փաստաթղթերի պահպանման ժամկետ, այդ ժամկետը կազմում է 10 տարի` գրանցման պահից սկսած:
19. Այն դեպքում, երբ արտադրանքի վրա տարածվում է մի քանի տեխնիկական կանոնակարգերի գործողություն, որոնցով սահմանվում են հայտատուի մոտ համապատասխանության հայտարարագրի և դրան կից փաստաթղթերի պահման տարբեր ժամկետներ, ապա կիրառվում է սահմանված պահման ժամկետներից ամենաերկարը:
20. Լիազոր մարմինների կողմից համապատասխանության հայտարարագրի պատճենի պահման վերաբերյալ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
21. Համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցվում, վերականգնվում կամ դադարեցվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Այդ դեպքում տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրում գրանցվում է այն ամսաթիվը, որից սկսած համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցվում, վերականգնվում կամ դադարեցվում է:
22. Համապատասխանության հայտարարագրի գործողությունը համարվում է կասեցված, վերականգնված կամ դադարեցված` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրում համապատասխան տվյալների մուտքագրման ամսաթվից սկսած:
23. Հայտատուն համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում գրավոր կամ փոստային պատվիրված առաքմամբ` ներդիր փաստաթղթերի ցուցակով և հանձնելու մասին ծանուցմամբ ուղղակիորեն լիազոր մարմիններ է ներկայացնում իր կողմից համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման վերաբերյալ ծանուցում:
24. Հայտատուի կողմից համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման վերաբերյալ ծանուցումը պետք է ստորագրվի, ունենա ամսաթիվ և ներառի համապատասխանության հայտարարագրի գրանցման համարի վերաբերյալ նշում:
(24-րդ կետը փոփ. 30.06.16 N 668-Ն)
25. Հայտատուի ցանկությամբ, համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման վերաբերյալ ստացված ծանուցման հիման վրա, լիազոր մարմիններն ապահովում են համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրում համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման ամսաթվի մուտքագրումը:
26. Հայտատուի ցանկությամբ համապատասխանության հայտարարագրի գործողությունը դադարեցված է համարվում տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրում համապատասխան փաստերի մուտքագրման ամսաթվից սկսած:
27. Համապատասխանության հայտարարագիրը, որի գործողությունը դադարեցված է, գործողության դադարեցման վերաբերյալ նշման և գործողության դադարեցման ծանուցման հետ միասին պահպանվում է լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
28. Արտադրանքի անվտանգության վրա ազդող արտադրանքի կառուցվածքում կամ հատկանիշներում (կազմում) փոփոխությունների կատարման դեպքում համապատասխանության հայտարարագիր ընդունած հայտատուն ապահովում է արտադրանքի համապատասխանությունն այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է արտադրանքի վրա (անհրաժեշտության դեպքում պետք է ունենալ համապատասխանության լրացուցիչ ապացույցներ), եթե տեխնիկական կանոնակարգերով այլ բան նախատեսված չէ:
29. Եթե հնարավոր չէ ապահովել համապատասխանությունը, հայտատուն լիազոր մարմիններ է ներկայացնում հայտ համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման մասին:
(հավելվածը փոփ. 30.06.16 N 668-Ն, խմբ. 10.08.17 N 956-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
(հավելվածն ուժը կորցրել է 10.08.17 N 956-Ն)
Հավելված N 3 |
(հավելվածն ուժը կորցրել է 10.08.17 N 956-Ն)