ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0013/01/15 |
ԵԿԴ/0013/01/15 |
Նախագահող դատավոր՝ Վ. Ռշտունի |
Դատավորներ՝ |
Մ. Պապոյան |
Կ. Ղազարյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
ե. դԱՆԻԵԼյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | |
մասնակցությամբ մեղադրող |
Հ. Խաչատրյանի |
2016 թվականի նոյեմբերի 1-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հովհաննես Մարքսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում Վաչագան Մեխակյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13802814 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Հովհաննես Մարքսի Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննության մարմնի` 2014 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ Հ.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2015 թվականի փետրվարի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի հունիսի 8-ի դատավճռով Հ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացրել է՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունն այդ հանցանքի կատարման մեջ՝ վերջինիս մասնակցությունը մեղսագրված արարքին ապացուցված չլինելու հիմքով:
3. Մեղադրող Հ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի օգոստոսի 28-ի որոշմանբ բողոքը բավարարել է մասնակիորեն` Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 8-ի դատավճիռը բեկանել է, ամբաստանյալ Հ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով (դիմողի բողոքի բացակայություն) Հ.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, թիվ ԵԿԴ/0013/01/15 քրեական գործի վարույթը` կարճել:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Հ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա, 2014թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 17:30-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց 22 շենքի քիվ 38 բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վաչագան Վանուշի Մեխակյանի մարմնի տարբեր մասերին և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող` կրծքավանդակի փակ բութ վնասվածքի, կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի արյունազեղման, ձախից կողոսկրերի կոտրվածքների՝ ուղեկցված ձախակողմյան լարված պնևմոթորաքսով, գանգուղեղային վնասվածքի, քթոսկրերի կոտրվածքի, գլխի աջ ճակատակողմնային շրջանի, գլխի ձախ գագաթային շրջանի, քթի մեջքի շրջանի սալջարդ պատռված վերքերի, ստորին շրթունքի աջ կեսի քերծվածքի, ձախից՝ ստորին կոպի արյունազեղման ձևերով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 166-167):
5.1. Դատաբժշկական փորձաքննության թիվ 1621/հ եզրակացության համաձայն` «Վաչագան Մեխակյանի ստացած մարմնական վնասվածքները, կրծքավանդակի փակ բութ վնասվածքի, կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի արյունազեղման, ձախից կողոսկրերի կոտրվածքների՝ ուղեկցված ձախակողմյան լարված պնևմոթորաքսով, գանգուղեղային վնասվածքի, քթոսկրերի կոտրվածքի, գլխի աջ ճակատակողմնային շրջանի, գլխի ձախ գագաթային շրջանի, քթի, մեջքի շրջանի սալջարդ պատռված վերքերի, ստորին շրթունքի աջ կեսի քերծվածքի, ձախից՝ ստորին կոպի արյունազեղման ձևով պատճառվել են բութ առարկաների ներգործության հետևանքով (...), որոնք միասին վերցված պատճառել են առողջությանը ծանր վնաս կյանքին վտանգ սպառնացող, իսկ առանձին վերցված՝ կրծքավանդակի փակ բութ վնասվածքը, կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի արյունազեղումը, ձախից կողոսկրերի կոտրվածքները՝ ուղեկցված ձախակողմյան լարված պնևմոթորաքսով պատճառել են առողջությանը ծանր վնաս որպես կյանքին վտանգ սպառնացող, քթոսկրերի կոտրվածքը, գլխի աջ ճակատակողմնային շրջանի, գլխի ձախ գագաթային շրջանի սալջարդ վերքերը պատճառել են առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, (...) քթի մեջքի շրջանի սալջարդ-պատռված վերքը, ստորին շրթունքի աջ կեսի քերծվածքը, ձախից՝ ստորին կոպի արյունազեղումը առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 144-145):
6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է` «(...) [Վ]երլուծելով և ապացույցների ընդհանուր համադրության մեջ գնահատելով ամբաստանյալի ցուցմունքները, դրանցից առավել արժանահավատ և փաստարկված է համարում դատաքննականը, քանի որ այն հաստատվեց նաև գործի դատական քննությամբ ձեռք բերված այլ ապացույցներով:
(...)
[Դ]ատարանը համադրելով (...) ապացույցները, արձանագրում է, (...) ամբաստանյալ Հովհաննիսյանը բռունցքով 2 անգամ հարվածել է Մեխակյանի դեմքին, որպիսի հանգամանքը հաստատվում է նախ` ամբաստանյալ Հովհաննիսյանի, ապա նաև վկա Ղորղանյանի` ինչպես դատաքննության, այնպես էլ նախաքննության ժամանակ որպես վկա տրված ցուցմունքներով:
Դատարանն արձանագրում է, որ տվյալ փաստը չի հերքվում նաև ամբաստանյալի նախաքննական և ոչ մի ցուցմունքով: Նախաքննության ընթացքում ամբաստանյալն իր որևէ ցուցմունքում չի նշել, որ ինչպես կանգնած վիճակում, այնպես էլ գետնին ընկնելուց հետո, ինքը հարվածներ է հասցրել տուժողի կրծքավանդակի կամ կողային հատվածներին, վերջինս ընդամենը նշել է, որ «տեղից ոտքի կանգնելով, նյարդայնացած վիճակում 2 անգամ բռունցքով հարվածել եմ Մեխակյանի դեմքին»:
(...)
Ավելին, հետազոտելով տուժող Վ.Մեխակյանի նախաքննական ցուցմունքները, դատարանն արձանագրում է, որ դրանով տուժողի կողմից առաջ է քաշված իր մարմնական վնասվածքները ստանալու միանգամայն այլ իրավիճակ:
(...)
Այլ խոսքով, տուժողը հայտնել է տեղեկություններ մինչև դատաբժիշկ փորձագետի կողմից տրված եզրակացությունը ստանալը, ինչը նույնպես պետք է նախաքննական մարմնին բերեր այն եզրահանգման, որ առավել արժանահավատ են ու փաստարկված տուժողի ցուցմունքները, որտեղ վերջինս հերքելով Հ.Հովհաննիսյանի կողմից ծեծի ենթարկվելու փաստը, նշել է, որ վնասվածքները հասցրել է ոչ թե ամբաստանյալ Հովհաննիսյանը, այլ իրեն անծանոթ հինգ անձինք և ոչ թե Ղորղանյանի բնակարանում, այլ մինչև այնտեղ գնալը` տոնավաճառի հարակից հատվածում:
(...)
Դատարանն արձանագրում է, որ գործի ելքով որևէ կերպ չշահագրգռված փորձագետն իր եզրակացության մեջ արձանագրել է մի փաստ, ինչը մշտապես, իր բոլոր ցուցմունքներում հայտնել է նույն ինքը, տուժողը:
Բացի այդ, դատարանը որպես արժանահավատ ապացույց է դիտում նաև փորձագետի դատարանում տված ցուցմունքը, համաձայն որի` Վ.Մեխակյանին պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ` մարմնի տարբեր հատվածներում: Այդ մարմնական վնասվածքները եղել են տարբեր խմբերի և բնույթի` թեթև և ծանր: Փորձագետը դատարանում հաստատապես նշել է, որ վնասվածքները` գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքը, կողոսկրերի կոտրվածքը, կրծքավանդակի ձախ կեսի արյունազեղումը և ձախակողմյան պնևմաթորաքսը չէին կարող առաջանալ հավասար, հարթ մակերեևույթին ընկնելու հետևանքով, ինչպիսին է բնակարանի հատակը: Նախ այն պատճառով, որ այդպիսի վնասվածքներ կարող էին պատճառվել միայն արտացցված մակերես ունեցող առարկաներից, կամ բութ առարկաների ներգործության միջոցով: Բացի այդ, ըստ փորձագետի` վնասվածքներն իրենց ամբողջ համադրությամբ, եղել են մարմնի տարբեր հատվածներում, տարբեր մասերում, ուստի նկարագրված պայմաններում և առավել ևս հարթ հատակին ընկնելու հետևանքով նման վնասվածքներ չէին կարող առաջանալ:
(...)
Դատարանն արձանագրում է, որ գործի նախաքննությամբ և դատական քննության ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի ապացույցներ, որոնցով կարելի է հաստատված համարել, որ Հ.Հովհաննիսյանը հարվածել է նաև տուժող Մեխակյանի կողերի կամ կրծքավանդակի հատվածներին, բացի այդ` դատարանը փաստում է, որ քաշքշելու արդյունքում նրանք ընկել են հարթ հատակին, այլ ոչ թե արտացցված մակերես ունեցող ինչ-որ տեղ:
Այլ խոսքով, դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ Մեխակյանի մարմնի տարբեր հատվածներում առկա մարմնական վնասվածքները չէին կարող առաջանալ միմյանց քաշքշելու, ինչպես նաև այդ կերպ հավասար հատակին ընկնելու արդյունքում:
(...)
Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ հետազոտված ապացույցների ընդհանուր ամբողջությունը վերլուծելով և գնահատելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումների լույսի ներքո, դրանք համադրելով մեղադրանքի ձևակերպման, գործով հավաքված ապացույցների և դատարանի մոտ դրանց հիման վրա ձևավորված ներքին համոզմունքի հետ, հնարավոր չէ հանգել հիմնավոր հետևության առ այն, որ Հ.Հովհաննիսյանը դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է հասցրել Վ.Մեխակյանին կրծքավանդակի և կողային շրջաններին ու պատճառել է ծանր մարմնական վնասվածք» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 110-112, 131-132):
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) [Դ]ատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, հանգել է ճիշտ հետևության, որ ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանը չի կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք:
(...)
Քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերված տվյալներով միանշանակ հաստատվում է այն, որ ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանը բռունցքով 2 անգամ հարվածել է Վաչագան Մեխակյանի դեմքին՝ ձախ այտի հատվածին (...): Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանման սկզբունքը հաշվի առնելով, հարկ է համարում նշել, որ Հովհաննես Հովհաննիսյանի գործողություններում, մասնավորապես՝ երկու հարված հասցնելու պարագայում, չի ապացուցվում տուժող Վաչագան Մեխակյանի առողջությանը թեթև մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը ևս: Ավելին՝ երկու հարված հասցնելն օբյեկտիվորեն չէր կարող առաջացնել փորձագետի եզրակացությամբ նշված առողջությանը պատճառված վնասվածքները:
(...)
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, գնահատելով և համադրելով թե նախնական քննության, թե դատական քննության ընթացքում տրված ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, ձևավորում է ներքին համոզմունք առ այն, որ Հովհաննես Հովհաննիսյանի մեղավորությունը՝ բռունցքով Վաչագան Մեխակյանին երկու հարված հասցնելու մասով, ապացուցված է, որպիսի պայմաններում Հովհաննես Հովհաննիսյանի գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
(...)
Վերաքննիչ դատարանն առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով փոփոխելը հնարավոր է համարում, քանի որ մեղադրանքի նման փոփոխությունով ամբաստանյալի վիճակը չի վատթարանում:
(...)
[Տ]ուժողի բողոքի բացակայության հիմքով Հովհաննես Մարքսի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և թիվ ԵԿԴ/0013/01/15 քրեական գործի վարույթը պետք է կարճել, քանի որ նրան մեղսագրվող արարքը համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն և դասվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի թվին» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 47-52):
7.1. Արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշել է` «(...) [Ա]մբաստանյալ Հովհաննես Մարքսի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (դիմողի բողոքի բացակայություն) հիմքով Հովհաննես Մարքսի Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և թիվ ԵԿԴ/0013/01/15 քրեական գործի վարույթը կարճել»: (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 52-53):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, քրեական գործի վարույթը կարճելու որոշում կայացնելով` ստորադաս դատարանը զրկել է քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարած անձին բացահայտելու, իսկ տուժողին` իր խախտված իրավունքներն ու հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնելու հնարավորությունից: Բողոք բերած անձը փաստարկել է, որ նման պայմաններում քրեական հետապնդման մարմինը չի կարող իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով իր վրա դրված՝ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած անձին բացահայտելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու պարտականությունը:
9. Բողոքի հեղինակն ընդգծել է նաև, որ քրեական գործում առկա փաստական տվյալներն իրենց համակցությամբ հաստատում են ամբաստանյալ Հ.Հովհաննիսյանի կողմից տուժող Վ.Մեխակյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքը, մինչդեռ ստորադաս դատարանները դրանք պատշաճ գնահատման չեն ենթարկել, իրականացրել են ապացույցների կամայական գնահատում` դրանց մի մասին մյուսների համեմատությամբ տալով առավելություն:
Այսպես` Հ.Հովհաննիսյանը որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ Վ.Մեխակյանի մոտ առկա մարմնական վնասվածքներն ինքն է պատճառել: Դատարանները պատշաճ գնահատական չեն տվել Կ.Ղորղանյանի` նախաքննության ընթացքում տված և դատարանում հրապարակված լրացուցիչ այն ցուցմունքին, որ ինքը նախորդ ցուցմունքում ոչ բոլոր հանգամանքներն է ճիշտ ներկայացրել: Իրականում Հ.Հովհաննիսյանի և Վ.Մեխակյանի վիճաբանությունն սկսվել է վերջինիս խանութից վերադառնալուց և օղի խմելուց հետո, իսկ մինչ այդ Վ.Մեխակյանի դեմքին վնասվածքներ չեն եղել: Նրա դեմքի և մարմնի վնասվածքներն առաջացել են Հ.Հովհաննիսյանի հարվածների հետևանքով:
Բողոքաբերն ընդգծել է, որ ո՛չ վկա Կ.Ղորղանյանը, ո՛չ էլ ամբաստանյալ Հ.Հովհաննիսյանը որևէ հիմնավոր փաստարկ չեն ներկայացրել նախաքննական ցուցմունքները փոխելու և դատարանում այլ ցուցմունք տալու վերաբերյալ:
10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հարաբերակցության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք թիվ ԵԿԴ/0013/01/15 քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն պայմաններում, երբ տուժողի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառած անձը կամ անձինք չեն բացահայտվել:
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «(…)
2) քրեական գործ[ը]` քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից իրականացվող առանձին վարույթ [է]` քրեական օրենսգրքով չթույլատրված մեկ կամ մի քանի ենթադրաբար կատարված արարքների կապակցությամբ.
(…)
4) գործով վարույթ` քրեական դատավարական ընթացակարգ, որն սկսվում է քրեական գործի հարուցման հարցը լուծելիս և իր մեջ ներառում է գործով իրականացվող և ընդունվող դատավարական որոշումները և գործողությունները.
(…)
17) քրեական հետապնդում[ը]` այն բոլոր դատավարական գործողություններ[ն են], որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը.
18) քրեական հետապնդման հարուցում[ը]` քրեական հետապնդման մարմնի որոշումն [է] անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև մինչև այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին.
(…)»:
Մեջբերված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը Վ.Գրիգորյանի գործով որոշմամբ փաստել է. «(…) ՀՀ քրեական դատավարությունում քրեական գործը հարուցվում է քրեական օրենսգրքով չթույլատրված ենթադրաբար կատարված հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքի (արարքների) կապակցությամբ, այլ կերպ` փաստի առթիվ, և որևէ անձի համար քրեական դատավարությունում այն իրավական որևէ հետևանք չի առաջացնում (…)» (տե՛ս Վալերի Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԿԴ/0031/11/08 որոշման 14-րդ կետը):
Զարգացնելով Վ.Գրիգորյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «քրեական գործ» և «քրեական հետապնդում» հասկացությունները չեն նույնանում և ունեն իրենց բովանդակությամբ տարբեր նշանակություն: Այսպես` քրեական գործը վարույթ է, որը հարուցվում է ենթադրաբար կատարված քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի (փաստի) կապակցությամբ: Մինչդեռ քրեական հետապնդումը հարուցվում և իրականացվում է միայն կոնկրետ անձի նկատմամբ, այսինքն` ենթադրում է հանցագործության մեջ կասկածվող կամ մեղադրվող դատավարական սուբյեկտի առկայություն: Այլ կերպ՝ քրեական գործի հարուցման փուլում վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ուղղված են հանցագործության դեպքի և հանգամանքների, հանցանք կատարած անձի բացահայտմանը, իսկ այն պահից սկսած, երբ ի հայտ է գալիս ենթադրյալ հանցանք կատարած անձը, հարուցվում և իրականացվում է քրեական հետապնդումը (ձերբակալում, որպես մեղադրյալ ներգրավում, դատավարական հարկադրանքի միջոցների կիրառում և այլն): Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քրեական գործի հարուցումը և քրեական հետապնդման սկիզբը կարող են համընկնել միայն այն դեպքում, երբ ենթադրյալ հանցանք կատարած անձը քրեական գործ հարուցելիս հայտնի է:
13. ՀՀ քրեական դատավարութան օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ «[Վ]երջնական որոշում[ը]՝ քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում[ն է], որը բացառում է գործով վարույթն սկսելը, կամ շարունակելը, ինչպես նաև լուծում է գործն ըստ էության»:
ՀՀ քրեական դատավարութան օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործով վարույթն ավարտվում է`
1) քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով.
(…)»:
ՀՀ քրեական դատավարութան օրենսգրքի 6-րդ հոդվածի 19-րդ կետի համաձայն՝ «[Ք]րեական հետապնդման դադարեցում[ը]` քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշում[ն է]` առաջադրված մեղադրանքը վերացնելու կամ մեղադրանքից հրաժարվելու մասին»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն հարուցված քրեական գործով»:
Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի համակարգված վերլուծությունը ցույց է տալիս, որ «քրեական գործի վարույթի կարճում» և «քրեական հետապնդման դադարեցում» հասկացությունները ևս չեն նույնանում (այդ համատեքստում նաև` քրեական գործի հարուցումը մերժելը և քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելը):
Վճռաբեկ դատարանը, Ս.Շահնազարյանի գործով որոշմամբ անդրադառնալով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշումների հարաբերակցությանը, արձանագրել է. «(…) [Ք]րեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չի կարող նույնացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հետ, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են տարբեր իրավական բնույթ, բովանդակություն, նպատակ և հետևանքներ ունեցող դատավարական որոշումներ:
Մասնավորապես քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն իրենից ներկայացնում է քրեական գործ հարուցելու փուլը եզրափակող և դատավարության հետագա ընթացքը բացառող որոշում: Այն կայացվում է ենթադրյալ հանցանքի հիմքերի բավարարության ստուգման ուղղությամբ իրականացվող դատավարական և (կամ) այլ գործողությունների արդյունքում, ընդ որում, դրա կայացման համար իրավական նշանակություն չունի ենթադրաբար հանցանք կատարած անձի փաստացի առկայությունը: Մինչդեռ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կայացվում է կոնկրետ անձի նկատմամբ՝ բացառելով տվյալ անձի նկատմամբ կոնկրետ դեպքի առթիվ քրեական հետապնդում իրականացնելը, այլ ոչ թե այդ դեպքի առթիվ իրականացվող վարույթի ընթացքը, որն ուղղված է մեղավոր անձին (անձանց) բացահայտելուն և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն (...)» (տե՛ս Սամվել Շահնազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵՇԴ/0002/11/14 որոշման 19-րդ կետը):
Զարգացնելով Ս.Շահնազարյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով վերջնական որոշում է, որը եզրափակում է գործով վարույթը` բացառելով այն սկսելու կամ շարունակելու հնարավորությունը: Քրեական գործի կարճմամբ հանցագործության փաստով ծավալված բոլոր հարաբերություններն ավարտվում են, և քրեական հետապնդման մարմինը զրկվում է տվյալ քրեական գործով որևէ դատավարական գործողություն կատարելու, այդ թվում` քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունից: Ի տարբերություն քրեական գործի կարճման` քրեական հետապնդման դադարեցումը կոնկրետ անձի նկատմամբ դատավարական գործողություններ իրականացնելուց վարույթն իրականացնող մարմնի հրաժարումն է: Այն ինքնին գործով վարույթը շարունակելու խոչընդոտ չէ և մեխանիկորեն չի հանգեցնում քրեական գործի կարճման:
Այսպիսով, քրեական գործի վարույթն ավելի լայն հասկացություն է, քան քրեական հետապնդումը. քրեական հետապնդում իրականացնելու պարտադիր պայման է հարուցված քրեական գործի առկայությունը, իսկ վերջինիս կարճումը փաստացի հանգեցնում է նաև քրեական հետապնդման դադարեցման: Մինչդեռ կոնկրետ անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը հարուցված քրեական գործի վարույթի մասն է, հետևաբար այդ անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցումն ինքնին չի կարող հանգեցնել քրեական գործով վարույթի կարճմանը՝ բացառելով այդ վարույթում քննչական կամ դատավարական անհրաժեշտ այլ գործողություններ, այդ թվում՝ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը:
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.
(...):
2. Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:
3. Դատախազը, քննիչը, հայտնաբերելով քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ, քրեական գործով մինչդատական վարույթի յուրաքանչյուր փուլում որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին (...):
(...)
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
Վկայակոչված հոդվածն սպառիչ կերպով թվարկում է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը (1-ին և 2-րդ մասեր)` սահմանելով, որ մինչդատական վարույթում քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ հայտնաբերելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին (3-րդ մաս), իսկ դատարանում ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծում է դատարանը (5-րդ մաս): «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության իմաստով («Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը (...) պետք է կիրառվի «կամ» շաղկապը») ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում «կամ» շաղկապի օգտագործումը ևս վկայում է, որ միշտ չէ, որ քրեական հետապնդման դադարեցման հիմքի առկայությունը հանգեցնում է նաև քրեական գործի վարույթի կարճման:
14.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում`
1) քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի.
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են (...) օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Եթե արդարացման դատավճիռ կայացնելիս անհայտ է մնում այդ հանցանքը կատարած անձը, դատարանը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, գործն ուղարկում է դատախազին` լուծելու նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը»:
Մեջբերված նորմերի վերլուծությունից բխում է, որ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության բացահայտումը քրեական դատավարության առանցքային խնդիրներից մեկն է և քրեական հետապնդում իրականացնող մարմինների պարտականությունը: Դրանով է պայմանավորված, որ արդարացման դատավճիռ կայացնելու այն դեպքերում, երբ անհայտ է մնում այդ հանցանքը կատարած անձը, օրենքը դատարանին պարտավորեցնում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործն ուղարկել դատախազին՝ լուծելու նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:
15. Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով քրեական հետապնդումը բացառող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքին` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելուն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս հիմքով քրեական հետապնդումը դադարեցվում է, եթե պարզվում է, որ հանցագործության դեպքը տեղի է ունեցել և բովանդակում է հանցակազմի հատկանիշներ, բայց այն կատարել է ոչ թե կոնկրետ գործով կասկածյալը կամ մեղադրյալը (ամբաստանյալը), այլ ուրիշ անձ: Այս պարագայում քրեական հետապնդում իրականացնող մարմնին պետք է հնարավորություն տրվի շարունակելու գործի վարույթը` հանցանք կատարած իրական անձին բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, ինչը, սակայն, գործի վարույթը կարճելու պարագայում կարող է արգելք լինել:
Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը հիմնված է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կայացված թիվ ՍԴՈ-871 որոշման վրա, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի` «(...) իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու առնչությամբ, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 18-րդ և 21-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է. «[ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում] (...) «առկա է հանցագործությունը» եզրույթն արդեն իսկ վկայում է հանցակազմի առկայության մասին, սակայն այն առարկայացված չէ կոնկրետ սուբյեկտի առնչությամբ:
(...)
Մեղավորությունը հիմնավորելու համար ապացույցների բավարար համակցության բացակայության դեպքում է միայն դադարեցվում քրեական հետապնդումը` 35-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով: Մինչդեռ ՀՀ քր. դատ. օր-ի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «(...) իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը կարող է հանգեցնել իրավական կարգավորման ներքին հակասականության ու իրավական անորոշության: Ըստ էության նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում հստակ չեն առանձնացված գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման կամ այդ երկու ինստիտուտների համատեղ կիրառման հիմքերը: Հոդվածի երկու մասերի համադրված վերլուծությունը, ինչպես նաև միջազգային պրակտիկան վկայում են, որ ՀՀ քր. դատ. օր-ի 35-րդ հոդվածի 2-րդ մասն սկզբունքորեն վերաբերում է քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերին:
(...)
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «(...) իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթի գոյությունն ու կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով դրա գործադրումը նախաքննության և դատաքննության փուլերում կվտանգի տուժողի շահերի պաշտպանությունը և կարող է արգելք հանդիսանալ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքի պաշտպանության համար, ինչպես նաև կասկածի տակ է մնում կասկածյալի կամ մեղադրյալի անմեղությունը` հանցագործությանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու պարագայում» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2010 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴՈ-871 որոշման 8-րդ կետը):
15.1. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ համանման իրավիճակ կարող է առաջանալ, օրինակ, այն դեպքում, երբ անձին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ոչ բոլոր փաստերն են հաստատվում: Այսպես` հնարավոր է, որ գործի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցները բավարար չլինեն մեղադրանքի հիմքում դրված փաստերը ողջ ծավալով հաստատված համարելու համար, և ամբաստանյալի (մեղադրյալի) մեղավորությունը հաստատվի հանցավոր ոտնձգության միայն մի մասով: Այդ առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ եթե առաջադրված մեղադրանքը կոնկրետ անձի նկատմամբ փոփոխվելու արդյունքում ի հայտ է գալիս վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանք (օրինակ` բացակայում է դիմողի բողոքը, անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները և այլն), իսկ միևնույն ժամանակ սկզբնական մեղադրանքով հանցանքի կատարման փաստը չի հերքվում, և նշված արարքը կատարած անձի ինքնությունը դեռևս մնում է չբացահայտված, ապա քրեական հետապնդումը դադարեցնելուն զուգահեռ քրեական գործի վարույթը կարճելը կարող է խոչընդոտել քրեական հետապնդում իրականացնող մարմնին կատարելու՝ օրենքով իր վրա դրված` կատարված հանցագործությունը բացահայտելու, մեղավոր անձին կամ անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու պարտականությունը՝ վտանգելով նաև տուժողի շահերի պաշտպանությունը:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել տուժող Վ.Մեխակյանի մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելու և վերջինիս առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Դատաբժշկական փորձաքննության թիվ 1621/հ եզրակացության համաձայն՝ Վ.Մեխակյանի մարմնի վրա ըստ ծանրության աստիճանի առկա են եղել տարբեր մարմնական վնասվածքներ, որոնք միասին վերցրած տուժողի առողջությանը պատճառել են ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Մինչդեռ առանձին վերցրած Վ.Մեխակյանի առողջությանը պատճառվել են`
- կրծքավանդակի փակ բութ վնասվածք, կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի արյունազեղում, ձախից կողոսկրերի կոտրվածքներ՝ ուղեկցված ձախակողմյան լարված պնևմոթորաքսով` առողջությանը ծանր վնաս` որպես կյանքին վտանգ սպառնացող,
- քթոսկրերի կոտրվածք, գլխի աջ ճակատակողմնային շրջանի, գլխի ձախ գագաթային շրջանի սալջարդ վերքեր` առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ավելի, բայց ոչ ավելի 21 օրից,
- քթի մեջքի շրջանի սալջարդ-պատռված վերք, ստորին շրթունքի աջ կեսի քերծվածք, ձախից՝ ստորին կոպի արյունազեղում` առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող (տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը գործով ձեռք բերված ապացույցների գնահատման և վերլուծության արդյունքում Հ.Հովհանիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացրել է` արձանագրելով, որ հնարավոր չէ հանգել հիմնավոր հետևության այն մասին, որ Հ.Հովհաննիսյանը դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է հասցրել Վ.Մեխակյանի կրծքավանդակի և կողային շրջաններին ու վերջինիս առողջությանը պատճառել է ծանր մարմնական վնասվածք (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության առ այն, որ ամբաստանյալ Հ.Հովհաննիսյանը չի կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանել և փոփոխել է՝ նկատի ունենալով, որ Հ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն իր մեջ ներառել է նաև Վ.Մեխակյանի դեմքին բռունցքով երկու հարված հասցնելը, և ապացուցված համարելով ամբաստանյալի մեղավորությունը միայն այդ արարքի մեջ, Հ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ: Նկատի ունենալով, որ նրան մեղսագրվող արարքը ոչ մեծ ծանրության հանցագործություն է և դասվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի թվին, տուժողի բողոքի բացակայության հիմքով Հ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրել է, իսկ թիվ ԵԿԴ/0013/01/15 քրեական գործի վարույթը` կարճել (տե՛ս սույն որոշման 7-7.1-րդ կետերը):
16.1. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, Հ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղավոր ճանաչելով և արձանագրելով, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով քրեական հետապնդումը բացառող հանգամանք (դիմողի բողոքի բացակայություն), վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումն իրավաչափորեն դադարեցրել է: Սակայն Հ.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն զուգահեռ Վերաքննիչ դատարանը կարճել է նաև քրեական գործի վարույթը` հաշվի չառնելով, որ հանցագործության դեպքը՝ տուժող Վ.Մեխակյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստը, սույն գործի նյութերով չի հերքվում:
17. Սույն որոշման 16-16.1-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստերը գնահատելով սույն որոշման 11-15.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն զուգահեռ թիվ ԵԿԴ/0013/01/15 քրեական գործի վարույթը կարճելով, զրկել է քրեական հետապնդում իրականացնող մարմնին՝ այդ վարույթի շրջանակներում հանցանք կատարած անձին (անձանց) հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու՝ նրա պարտականության կատարմանը, ինչը չի բխում թե՛ քրեական դատավարության օրենսդրության խնդիրներից, թե՛ հանցագործությունից տուժած անձի շահերի պաշտպանությունն ապահովելու պարտականությունից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ թիվ ԵԿԴ/0013/01/15 քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն պայմաններում, երբ տուժողի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառած անձը կամ անձինք չեն բացահայտվել:
17.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելուն զուգահեռ թիվ ԵԿԴ/0013/01/15 քրեական գործի վարույթը կարճելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է:
18. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 9-րդ կետում բարձրացրած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք անհիմն է համարում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հանգել են ճիշտ հետևության այն մասին, որ ամբաստանյալ Հ.Հովհաննիսյանը չի կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հովհաննես Մարքսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ եզրափակիչ մասի երկրորդ պարբերությունից հանել «և թիվ ԵԿԴ/0013/01/15 քրեական գործի վարույթը կարճել» բառերը: Մնացած մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան | |
Հ. Ասատրյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |