«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013230
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 մայիսի 2013 թ. ք. Երևան |
N 158-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժա), իէ) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի կանխավճարային և հետվճարային հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրերի արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 285-Ն որոշման`
1) 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի համար` անունը, ազգանունը, հաշվառման (բնակության վայրի) հասցեն, անձը հաստատող փաստաթղթի համարը, ստորագրությունը, իսկ ներկայացուցչի կողմից Պայմանագիրը կնքելու դեպքում` լիազորագրի պատճենը, ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը: Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի կողմից նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում վերջինիս հաշվառման (բնակության վայրի) հասցեն սույն որոշման 1-ին կետի համաձայն վարվող փաստաթղթային բազայում չի ներառվում.»:
2) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Օպերատորների կողմից սույն որոշման 1-ին կետի համաձայն վարվող էլեկտրոնային բազան ներառում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված տվյալները, բացառությամբ ստորագրությունների և լիազորագրի պատճենի, ինչպես նաև ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի կողմից նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ հաշվառման (բնակության վայրի) հասցեի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |