ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
11 դեկտեմբերի 2012 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ` «2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ` ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ (ՆԱՏՕ) ՀԵՏ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի նոյեմբերի 8-ին և 2012 թվականի նոյեմբերի 22-ին նամակների փոխանակմամբ կնքված` «2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված` Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 06.12.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված` Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիրը ՀՀ-ի կողմից ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին:
2. Նշված Համաձայնագրի նպատակն է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի գտնվելու ժամկետի երկարաձգումը:
3. Սույն Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`
● Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում (այսուհետ` ՄԱԱՈՒ) հայկական զորախմբի գտնվելու ժամկետը երկարաձգել մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով միջազգային հանրության լիիրավ անդամ` պարտավոր է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործում և նկատի ունենալով Աֆղանստանի վերականգնման գործում ՄԱԱՈՒ իրականացրած առաքելության կարևորությունը, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց ծառայության ժամկետի երկարաձգումը բխում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի նոյեմբերի 8-ին և 2012 թվականի նոյեմբերի 22-ին նամակների փոխանակմամբ կնքված` «2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված` Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
11 դեկտեմբերի 2012 թ. ՍԴՈ-1060 |
|
