ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2012 թվականի N 1607-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 525 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմամբ հաստատված` նյութական ու ոչ նյութական ակտիվների, ծառայությունների (աշխատանքների) ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջների սահմանման և այդ փաստաթղթերի կազմման կարգը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Անկախ սույն կարգի 6-րդ կետի դրույթներից` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստացված ծառայությունների (ընդունված աշխատանքների) գծով ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները համարվում են էականորեն խախտված, եթե այդ փաստաթղթերում առկա չէ ստորև նշված վավերապայմաններից որևէ մեկը`
ա) ծառայություններ մատուցողը (աշխատանքներ կատարողը),
բ) ծառայությունների (աշխատանքների) տեսակը,
գ) ժամանակահատվածը, որի ընթացքում մատուցվել (կատարվել) են հաշվարկային փաստաթղթերում նշված ծառայությունները (աշխատանքները):
Սույն կետի «գ» ենթակետում նշված պայմանը հաշվարկային փաստաթղթում արտացոլված չլինելու դեպքում` այդ կետի պահանջը համարվում է բավարարված, եթե ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) ժամանակահատվածն արտացոլվել է ծառայության մատուցման (աշխատանքների կատարման) գործարքի կողմերի միջև կնքված պայմանագրում (դրա հավելվածում) և (կամ) կատարողական ակտում և (կամ) հանձնման-ընդունման ակտում, և հաշվարկային փաստաթղթում կատարված է հղում այդ փաստաթղթին (փաստաթղթերին):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 21 Երևան |
|