«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013231
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 ապրիլի 2013 թ. |
թիվ 110-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 154-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կանոնակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը վերստուգելու նպատակով միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող հրապարակային մրցույթների անցկացման հետ կապված հարաբերությունները` հիմք ընդունելով, որ`
1) Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունները յուրաքանչյուր տարի վերստուգվում են միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության (այսուհետ՝ Արտաքին աուդիտոր) կողմից:
2) Վերստուգման նպատակով Կենտրոնական բանկը յուրաքանչյուր երեք տարին մեկ կազմակերպում է Արտաքին աուդիտորի ընտրության հրապարակային մրցույթ, որի արդյունքում ընտրվում է Արտաքին աուդիտոր երեք տարի ժամկետով:»:
2) Կանոնակարգի 2-րդ կետի 1-ին պարբերությունում «ընթացքում» բառը փոխարինել «արդյունքում» բառով:
3) Կանոնակարգի 2-րդ կետի 3-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ. «աշխատանքային խումբ` մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող տեղեկատվությունները ու փաստաթղթերը ուսումնասիրելու և ամփոփելու նպատակով մրցութային հանձնաժողովի կողմից ստեղծված համապատասխան աշխատանքային խումբ.»:
4) Կանոնակարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Արտաքին աուդիտորը պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.
1) լինի անկախ Կենտրոնական բանկից,
2) ունենա միջազգային ճանաչում,
3) աուդիտի թիմում ներգրավված աշխատակիցները պետք է ունենան աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորումներ:
Երկրորդ երեք տարվա աուդիտի համար Արտաքին աուդիտորը պետք է ներկայացնի աուդիտի համար պատասխանատու նոր ղեկավար, եթե մասնակցում է մրցույթին:
Վեց տարի անընդմեջ Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացրած Արտաքին աուդիտորը չի կարող մասնակցել հաջորդ մրցույթին (պետք է փոխվի):
Սույն կետով նախատեսված պահանջները նշվում են հրապարակային ծանուցմամբ:»:
5) Կանոնակարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հրապարակային մրցույթին մասնակցելու համար ցանկություն հայտնած մասնակիցները մինչև հայտերի ներկայացման վերջնական ժամկետի ավարտը կարող են հետ վերցնել մրցույթի հայտերը (հրաժարվել մրցույթին մասնակցելուց):»:
6) Կանոնակարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Հրապարակային մրցույթում հաղթողի հետ համապատասխան պայմանագիր կնքելիս պայմանագրի էական պայմանները պետք է համապատասխանեն հրապարակային մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին: Սույն կանոնակարգով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով կնքվելիք պայմանագրի ժամկետը սահմանվում է երեք տարի:»:
7) Կանոնակարգի 13-րդ կետի «մամուլի քարտուղարը» բառերը փոխարինել «հասարակայնության հետ կապերի ծառայություն» բառերով:
8) Կանոնակարգի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 14.1 կետով՝
«14.1 Հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի www. azdarar.am կայքում:»:
9) Կանոնակարգի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«16. Հրապարակային մրցույթի առարկան` համապատասխան պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը պետք է ստորագրեն հրապարակային մրցույթի ավարտից և արձանագրության ձևակերպումից հետո:»:
10) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 17-րդ և 24-րդ կետերը:
11) Կանոնակարգի 32-րդ կետից հանել «մատուցման կարգը» բառերը:
12) Կանոնակարգի 47-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «հասցեները և գտնվելու վայրը» բառերը:
13) Կանոնակարգի 47-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ տեղեկություններ:»:
14) Կանոնակարգի 50-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«50. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթի հաղթողին ճանաչելու օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ի դեմս մրցութային հանձնաժողովի, և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը (մասնակիցները) ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը, որն ունի պայմանագրի ուժ: Կնքված և ստորագրված արձանագրության բնօրինակները փոխանակվում են փոստային կապի միջոցներով:»:
15) Կանոնակարգի 51-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«51. Հրապարակային մրցույթի մասնակիցները մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված չափով, ժամկետներում և կարգով մուծում են նախավճար:»:
16) Կանոնակարգի 52-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«52. Եթե հրապարակային մրցույթը համարվում է չկայացած, նախավճարը վերադարձվում է: Նախավճարը վերադարձվում է նաև մրցույթում չհաղթած մասնակիցներին: Սույն կետում նշված նախավճարը վերադարձվում է մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու կամ մրցույթը չկայացած համարվելու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:»:
17) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 57-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. մայիսի 6 Երևան |