«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 հուլիսի 2012 թ. |
N 285-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը, 2-րդ կետի ը), ժէ) ենթակետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 3-ի «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագների և պայմանների հրապարակման մասին» N 471-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագների և պայմանների հրապարակման կարգի», 4-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) ծառայությունների մատուցման հրապարակվող պայմանները (տվյալների հոսքի արագություն, տվյալների ծավալ, այլ պայմաններ) պետք է համապատասխանեն հաճախորդներին ծառայությունների մատուցման փաստացի պայմաններին` ըստ անհրաժեշտության նախատեսելով վերջինիս շեղման ողջամիտ սահմաններ, և պետք է արտահայտեն ծառայություն մատուցողի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ միացման արագությունը (Մբիթ/վ)` ներկայացված ըստ տվյալների ստացման և հաղորդման արագությունների, եթե միացումը ասիմետրիկ է` բացառությամբ շարժական կապի ծառայությունների.
4) ծառայությունների սակագները ըստ հատկացվող տվյալների հոսքի արագության միջակայքի սահմանելիս հստակ պետք է ամրագրվեն նշված միջակայքի վերին և ստորին սահմանները, տեղեկատվության միավորի (Մբայթ) ստացման և հաղորդման սակագինը (եթե դա կիրառվում է)` բացառությամբ շարժական կապի ծառայությունների: Շարժական կապի օպերատորները բաժանորդներին առաջադրվող տվյալների հոսքի արագության միջակայքը սահմանելիս պետք է հաշվի առնեն արագության վրա ազդող գործոնները և ներկայացնեն այն ակնկալվող միջակայքը, որը հիմնականում հասանելի է բաժանորդին: Շարժական կապի օպերատորները պարտավոր են նաև ներկայացնել պարզաբանում տվյալների հոսքի արագության վրա ազդող գործոնների և դրանցով պայմանավորված արագության հնարավոր փոփոխման վերաբերյալ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |