Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.11
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0773/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0773/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան

Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

               Ա. Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սիրաս Քլոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Նիկոլ Փիրումյանի հայցի ընդդեմ Սիրաս Քլոյանի, Վարդանուշ Այվազյանի և երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Զեյթուն» տարածքային ստորաբաժանման՝ ընդհանուր հողատարածքից բաժինն առանձնացնելու և բաժանիչ պատ կառուցել թույլատրելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Նիկոլ Փիրումյանը պահանջել է Երևանի Կ. Ուլնեցի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող ընդհանուր սեփականության ներքո գտնվող 152,2 քմ հողամասից առանձնացնել իր բաժինը և թույլատրել կառուցելու բաժանիչ պատ։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.10.2009 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2010 թվականի որոշմամբ Դատարանի 15.10.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Դատարան` նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրաս Քլոյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Նիկոլ Փիրումյանի ներկայացուցիչ Գառնիկ Փիրումյանը և Վարդանուշ Այվազյանի ներկայացուցիչ Հրաչ Ալեզյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածների 1-ին կետերը, 53-րդ և 60-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Նիկոլ Փիրումյանը և նրա ներկայացուցիչը գործի ողջ քննության ընթացքում միջնորդել են հետաձգել գործի քննությունը, որպեսզի Դատարան ներկայացնեն իրենց պահանջը հիմնավորող ապացույց` հողամասի բաժանման հնարավոր տարբերակի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն, սակայն մինչև դատաքննության ավարտը նման ապացույց չեն ներկայացրել, չեն ներկայացրել նաև համապատասխան փորձաքննություն նշանակելու միջնորդություն։ Ավելին, Նիկոլ Փիրումյանը, ունենալով հնարավորություն ավելի վաղ ստանալու և ներկայացնելու «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննության ազգային բյուրոյի» եզրակացությունը, այն վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է վճռի հրապարակումից 1 ամիս անց` 2009 թվականի նոյեմբերին։ Այսպիսով, Դատարանը, հայցը մերժելով, կայացրել է օրինական ու հիմնավորված վճիռ, քանի որ հայցվորը չի ներկայացրել իր պահանջները հիմնավորող որևէ ապացույց։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.02.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.10.2009 թվականի վճռին։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները

Վճռաբեկ բողոքում նշված փաստարկը, թե իբր Նիկոլ Փիրումյանը, ունենալով հնարավորություն ավելի վաղ ստանալու և ներկայացնելու «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննության ազգային բյուրոյի» եզրակացությունը, այն վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է վճռի հրապարակումից 1 ամիս անց` 2009 թվականի նոյեմբերին, անհիմն է, քանի որ տվյալ դեպքում հատուկ գիտելիքներ են պահանջվել անհրաժեշտ ապացույց ներկայացնելու և հարցի օբյեկտիվ լուծման համար, սակայն Դատարանն իր նախաձեռնությամբ փորձաքննություն չի նշանակել, և այդ իսկ պատճառով փորձագետի եզրակացությունը, որպես ապացույց, հնարավոր է եղել ձեռք բերել միայն 12.11.2009 թվականին` Դատարանի կողմից վճիռը հրապարակելուց հետո միայն:

 Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածների 1-ին կետերի խախտմանը, ապա ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանի 18.02.2010 թվականի որոշումը հիմնավոր է և բխում է վերոհիշյալ հոդվածների պահանջներից: Ուստի, վերոգրյալ հիմքերով վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 17.03.2005 թվականի թիվ 05-895 օրինական ուժի մեջ մտած վճռով Վերաքննիչ դատարանը քննել էր Նիկոլ Փիրումյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման, Վարդանուշ Այվազյանի, Սիրաս Քլոյանի՝ ընդհանուր հողամասից իրեն հասանելիք բաժնեմասը, ընդհանուր մուտք համարվող հողամասը առաձնացնելու պահանջի մասին, և Սիրաս Քլոյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Նիկոլ Փիրումյանի և Վարդանուշ Այվազյանի՝ 152,2 քմ մակերեսով հողամասն իրեն հատկացնելու և ընդհանուր հողամասից իր բաժինը՝ առանց որևէ համատեղ սեփականություն պահպանելու, առանձնացնելու պահանջի մասին քաղաքացիական գործը:

Վճռով Երևանի Կ. Ուլնեցի փողոցի թիվ 28 տան ընդհանուր հողատարածքից 228,4 քմ մակերեսով հողամասն առանձնացվել է որպես Նիկոլ Փիրումյանի սեփականություն, իսկ 152,2 քմ մակերես ունեցող հողամասը, որպես ընդհանուր մուտք, թողնվել է երեք համասեփականատերերի ընդհանուր օգտագործմանը: Միաժամանակ վճռվել էր Սիրաս Քլոյանի հակընդդեմ հայցը մերժել (հատոր 1-ին, գ.թ. 15-16, 13-14)։

2. Սույն գործով Նիկոլ Փիրումյանի հայցի առարկան Երևանի Կ. Ուլնեցի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող մուտքի ուղի համարվող ընդհանուր սեփականության ներքո գտնվող 152,2 քմ հողամասից իր բաժինն առանձնացնելն է (հատոր 1-ին, գ.թ. 2)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի։

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորը չի ներկայացրել իր պահանջները հիմնավորող որևէ ապացույց, այն է` վիճելի հողամասի բաժանման հնարավոր տարբերակի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն։

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, պատճառաբանել է, որ Դատարանը չի ձեռնարկել օրենքով թույլատրվող բոլոր միջոցները վեճը լուծելու, ինչպես նաև կողմերի արդար դատաքննության իրավունքի իրականացումն ապահովելու համար։

Մինչդեռ սույն գործում առկա է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.03.2005 թվականի թիվ 05-895 օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Վերաքննիչ դատարանը քննել է Նիկոլ Փիրումյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման, Վարդանուշ Այվազյանի, Սիրաս Քլոյանի՝ ընդհանուր հողամասից իրեն հասանելիք բաժնեմասը, ընդհանուր մուտք համարվող հողամասը առաձնացնելու պահանջի մասին, և Սիրաս Քլոյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Նիկոլ Փիրումյանի և Վարդանուշ Այվազյանի՝ 152,2 քմ մակերեսով հողամասն իրեն հատկացնելու և ընդհանուր հողամասից իր բաժինը՝ առանց որևէ համատեղ սեփականություն պահպանելու, առանձնացնելու պահանջի մասին քաղաղաքացիական գործը: Տվյալ վճռով Նիկոլ Փիրումյանի պահանջը՝ ընդհանուր հողամասից իրեն հասանելիք բաժնեմասն առանձնացնելու մասին, բավարարվել է՝ Երևանի Կ. Ուլնեցի փողոցի թիվ 28 տան ընդհանուր հողատարածքից 228,4 քմ մակերեսով հողամասն առանձնացվել է որպես Նիկոլ Փիրումյանի սեփականություն, իսկ 152,2 քմ մակերես ունեցող հողամասը, որպես ընդհանուր մուտք, թողնվել է երեք համասեփականատերերի՝ Նիկոլ Փիրումյանի, Սիրաս Քլոյանի և Վարդանուշ Այվազյանի ընդհանուր օգտագործմանը:

Այսինքն` ընդհանուր սեփականությունում մասնակիցների բաժինները բնեղենով առանձնացվել են, իսկ սույն գործով վիճելի հողամասը ծառայում է որպես ընդհանուր մուտք։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 17.03.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ըստ էության մերժվել է Նիլոլ Փիրումյանի պահանջը ընդհանուր մուտքի ճանապարհ հանդիսացող վիճելի հողամասի բաժանման վերաբերյալ և 152,2 քմ մակերես ունեցող հողամասը թողնվել է երեք համասեփականատերերի՝ Նիկոլ Փիրումյանի, Սիրաս Քլոյանի և Վարդանուշ Այվազյանի ընդհանուր օգտագործմանը, իսկ սույն գործով հայցապահանջը կրկին վերաբերում է Երևանի Կ. Ուլնեցի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող մուտքի ուղի համարվող ընդհանուր սեփականության ներքո գտնվող 152,2 քմ հողամասից բաժինն առանձնացնելուն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով արդեն իսկ առկա է նույն կողմերի միջև, նույն առարկայի վերաբերյալ, նույն հիմքով օրինական ուժի մեջ մտած վճիռ, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով սույն գործի վարույթը ենթակա է կարճման։

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկներին, ապա գործի վարույթի կարճման պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում :

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2010 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

ՎԱբելյան

 

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան