ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2015 թվականի N 239-Ն
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 327 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի 2000 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ հաստատված Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի մասին կանոնակարգը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործունեության կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը` ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշմամբ նախատեսված Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդականի պաշտոնային դրույքաչափին հավասար:
3. ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի բնակարանային ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ:
4. ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պահպանման ծախսերն իրականացնել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 18-ի «ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործունեության հետ կապված պահպանման ծախսերի մասին» N 327 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 16 |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 239-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով կարգավորվում են ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում (այսուհետ` հակաահաբեկչական կենտրոն) Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) խնդիրների ու գործառույթների, իրավունքների և պարտականությունների հետ կապված հարաբերությունները:
2. Ներկայացուցիչը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ: Ներկայացուցիչը նշանակվում է երեք տարի ժամկետով: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երեք տարով:
3. Ներկայացուցիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության այն ծառայողը, ով մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն:
4. Ներկայացուցչի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը, իսկ ուղղակի ղեկավարումը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի համապատասխան տեղակալը:
II. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Հակաահաբեկչական կենտրոնում ներկայացուցչի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
1) հակաահաբեկչական կենտրոնի և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ պայքարի ոլորտում խնդիրների գործնական լուծման հարցերում համագործակցության ապահովումը.
2) աջակցությունը համատեղ հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը.
3) աջակցությունը հակաահաբեկչական կենտրոնի և Հայաստանի Հանրապետության միջև տեղեկատվության փոխանակմանը.
4) մասնակցությունը միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ պայքարի միջպետական ծրագրերի մշակմանը և իրականացմանը.
5) մասնակցությունը միջազգային ահաբեկչության ոլորտում հակաահաբեկչական կենտրոնի կողմից առաջարկությունների մշակմանը և դրանց ներկայացմանն ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդին, ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդին և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների այլ մարմիններին.
6) աջակցությունն ահաբեկչական բնույթի հանցագործություն կատարած և քրեական հետապնդումից խուսափող անձանց միջպետական հետախուզման կազմակերպմանը.
7) ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից վերապահված այլ գործառույթների իրականացումը:
III. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Հակաահաբեկչական կենտրոնի գտնվելու պետությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները և հիմնարկները ներկայացուցչին ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն:
7. Ներկայացուցիչն օգտվում է հատուկ կապի միջոցներից, իսկ դրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական փոստից և գաղտնի կապից:
8. Ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից ուղղակիորեն ստանում է հրահանգներ, ինչպես նաև կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առանձին հանձնարարականները: Ներկայացուցչի գործառնական պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամաններով:
9. Ներկայացուցիչն իր գործունեության մասին յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |