040.0193.02.03.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2002 թվականի N 193
քաղ. Երևան
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝ թարգմանիչների որակավորման ստուգման համար ապահովել համապատասխան փորձագետներով:
3. Սահմանել, որ մինչև 2002 թվականի մայիսի 1-ը նոտարներն իրավունք ունեն որպես թարգմանիչ ընտրելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որակավորման վկայական չստացած թարգմանիչներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է | |
նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու |
1. Նոտարական գործողությունների կատարման ժամանակ հայերենին չտիրապետող անձանց սպասարկել, ինչպես նաև փաստաթղթերի՝ հայերենից օտար լեզվով կամ օտար լեզվից հայերեն թարգմանություն իրականացնել ցանկացող անձանց թարգմանչի որակավորման վկայականները (այսուհետև՝ վկայական) տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետև՝ նախարարություն) կողմից իրականացվող թարգմանչի որակավորման ստուգում (այսուհետև՝ ստուգում) անցնելուց հետո:
Սույն կարգի համաձայն տրվում է նաև ժեստերի լեզվի թարգմանչի որակավորումը:
(1-ին կետը փոփ. 02.10.14 N 1067-Ն)
2. Վկայականներ ստանալու համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ)՝ բացի ժեստերի լեզվի թարգմանչի վկայական ստանալու համար դիմածներից:
(2-րդ կետը փոփ. 02.10.14 N 1067-Ն)
3. Վկայական ստանալու և ստուգման համար դիմողը նախարարություն է ներկայացնում ՝
ա) դիմում, որտեղ պետք է նշվեն՝
դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն իրականացնելու է թարգմանությունը.
դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
բ) 2 գունավոր լուսանկար՝ 4 x 6 չափսի.
գ) անձնագիր.
դ) բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները:
Սույն կետի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված փաստաթղթերից կազմված՝ դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում նախարարությունում:
4. Ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետև՝ նախարար) կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետև՝ հանձնաժողով):
5. Հանձնաժողովը՝
ա) կազմակերպում է դիմողների ստուգման աշխատանքները.
բ) ընտրում է թարգմանության համար նախատեսվող տեքստերը, որոնք ենթակա չեն հրապարակման.
գ) որոշում է ստուգման վայրը, ժամանակը և դրա մասին հայտնում դիմողներին.
դ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և կարգավորում ստուգող ու բողոքարկման հանձնաժողովների գործունեությանն առնչվող հարցերը.
ե) քննում է դիմողների բողոքները՝ կապված ստուգման կազմակերպման հետ.
զ) ընդունում է ստուգման կազմակերպման հետ կապված այլ որոշումներ.
է) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ:
6. Դիմողների որակավորումը որոշելու համար ստուգվում են հայերենին և համապատասխան օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու նրանց գիտելիքները:
7. Ստուգումները կազմակերպվում են առնվազն տարեկան մեկ անգամ: Ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով կարող են կազմակերպվել արտահերթ ստուգումներ:
(7-րդ կետը փոփ. 10.02.05 N 151-Ն, փոփ., լրաց. 07.04.11 N 344-Ն)
8. Ստուգումն անցկացվում է հայերենով և դռնբաց:
9. Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան թարգմանության համար տրվում են հայերեն և համապատասխան օտար լեզուներով տեքստեր: Դիմողն իրավունք ունի թարգմանությունները կատարելիս օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից:
10. Ժեստերի լեզվի թարգմանչի որակավորումն ստուգվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
(10-րդ կետը փոփ. 02.10.14 N 1067-Ն)
11. Թարգմանությունների ճշտությունն ստուգվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից առաջադրված մասնագետների ցանկից նախարարության ընտրած փորձագետների կողմից, որոնց անանուն են ուղարկվում թարգմանությունները:
11.1. Հայաստանի Հանրապետությունում որոշակի լեզվից թարգմանչի բացակայության դեպքում նախարարի թույլտվությամբ կարող է անցկացվել արտահերթ ստուգում:
(11.1-ին կետը լրաց. 10.02.05 N 151-Ն)
11.2. Հայաստանի Հանրապետությունում որոշակի լեզվից փորձագետի բացակայության դեպքում տվյալ դիմողին հանձնաժողովի կողմից կարող է տրվել տեղեկանք` հիմք ընդունելով դիմողի կողմից ներկայացված համապատասխան լեզվին տիրապետելու մասին փաստաթղթերը
(11.2-րդ կետը լրաց. 10.02.05 N 151-Ն)
12. Փորձագետների փորձագիտական աշխատանքի դիմաց վճարում են դիմողները՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափով:
13. Ստուգման արդյունքները գնահատում է փորձագետը: Ստուգման արդյունքները գնահատվում են 20 միավոր համակարգով: Դրական են համարվում 17 և բարձր միավորները:
14. Ստուգման ընթացակարգը չի կարող տևել մեկ ամսից ավելի, որը չի ներառում բողոքարկման գործընթացը:
15. Ստուգումների արդյունքների մասին դիմողին պատշաճ ձևով իրազեկվում է ոչ ուշ, քան ստուգման մասին փորձագիտական եզրակացությունը նախարարություն մուտք լինելու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:
16. Ստուգմանը չներկայացած դիմողները զրկվում են տվյալ ստուգմանը մասնակցելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:
Ստուգմանը մասնակցելուց հրաժարված դիմողներին վերադարձվում է նրանց կողմից փորձաքննության համար կատարված վճարը և ներկայացված փաստաթղթերը՝ բացի դիմումից:
17. Ստուգման արդյունքները կարող են բողոքարկման հանձնաժողով բողոքարկվել ստուգման արդյունքների ստացումից հետո 10-օրյա ժամկետում:
18. Բողոքարկման հանձնաժողովն իրավունք չունի իջեցնելու դիմողի գնահատականը:
Եթե բողոքարկման հանձնաժողովը բավարարում է դիմողի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա դիմողի ստացած միավորները համապատասխանաբար ավելացվում են:
19. Դրական միավորներ ստացած անձանց ստուգման մասին փորձագիտական եզրակացությունը նախարարություն մուտք լինելու օրվան հաջորդող 10-oրյա ժամկետում նախարարության կողմից տրվում է որակավորման ստուգման փաստի մասին տեղեկանք (այսուհետ` տեղեկանք):
Տեղեկանքի հիման վրա թարգմանչին տրվում է թարգմանչի որակավորման վկայական, եթե նա որպես թարգմանիչ ընտրվում է որևէ նոտարի կողմից:
Որակավորման վկայական ստանալու համար թարգմանիչը նոտարին պետք է ներկայացնի`
ա) դիմում, որտեղ պետք է նշվեն`
թարգմանչի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում),
այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողը ստացել է տեղեկանք,
դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում),
դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
բ) երկու գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.
գ) անձնագիր.
դ) տեղեկանքի պատճեն.
ե) (ենթակետն ուժը կորցրել է 12.01.06 N 10-Ն):
Սույն կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում թարգմանչին տրվում է որակավորման վկայական:
(19-րդ կետը խմբ. 10.02.05 N 151-Ն, փոփ. 12.01.06 N 10-Ն)
20. Վկայականում նշվում են`
ա) վկայական տվող մարմնի անվանումը.
բ) վկայականի համարը.
գ) վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.
դ) ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
ե) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանությունները.
զ) այն նոտարի կամ նոտարների անունները, ազգանուններն ու նոտարական տարածքները, որոնք թարգմանչին ընտրել են:
Վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի լուսանկարը: Վկայականը վավերացվում է թարգմանչին ընտրած նոտարի ստորագրությամբ և նրա կնիքով:
(20-րդ կետը խմբ. 10.02.05 N 151-Ն, 12.01.06 N 10-Ն)
21. Սույն կարգի համաձայն տեղեկանք տալով` նախարարությունը նոտարներին տեղեկացնում է միայն անձի որակավորման ստուգման փաստի մասին: Նոտարը պարտավոր չէ որպես թարգմանիչ ընտրել իրեն դիմած` տեղեկանք ստացած անձին:
(21-րդ կետը խմբ. 10.02.05 N 151-Ն)
22. Նոտարի կողմից տրված վկայականը չի կարող օգտագործվել այլ նպատակով, որի մասին նշում է կատարվում վկայականում:
(22-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն)
23. Նախարարության կողմից վարվում է տեղեկանք ստացած անձանց գրանցամատյան, որտեղ պետք է նշվեն՝
ա) տեղեկանքի համարը.
բ) տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը.
գ) ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
դ) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) տեղեկանք ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանություններ.
ե) տեղեկանք ստացած անձի բնակության և գործունեության վայրերը.
զ) տեղեկություններ տեղեկանքի վերաձևակերպման և գործողության դադարեցման մասին։
Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, իսկ գրանցամատյանը կնքվում է նախարարության կնիքով։
(23-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն)
24. Վկայականը տրվում է մեկ օրինակով։ Դրա կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում նոտարին և տալիս հայտարարություն զանգվածային լրատվության միջոցներով։
Նոտարը կորած վկայականի կրկնօրինակը դիմողին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 օրվա ընթացքում։
(24-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն)
25. Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը նոտարին է ներկայացնում դիմում՝ վկայականի կրկնօրինակն ստանալու համար։
Նոտարը ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն անձին տալիս է նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող երրորդ օրը։
(25-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն)
26. Վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը։
27. Վկայական ստացած անձի անվան, ազգանվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում նա պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից սկսած 15-օրյա ժամկետում դիմել նոտարին՝ վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր վկայական տալու համար։
Վկայականում փոփոխություններ են կատարվում կամ նոր վկայական է տրվում նաև այն դեպքում, երբ տվյալ անձն անցել է մեկ այլ լեզվի ստուգում, որով վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանություններ։
(27-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն)
28. Վկայականը տրվում է անժամկետ։
29. Վկայական չստացած անձը նոր ստուգում անցնելու համար կարող է դիմել սույն կարգին համապատասխան։
30. Վկայական ստացած անձը նոտարական գործողությունների համար կարող է թարգմանություններ կատարել միայն որպես անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպության աշխատող կամ նոտարի աշխատող։
(30-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն)
31. Վկայականի գործողությունը դադարեցվում է հանձնաժողովի որոշմամբ, եթե՝
ա) վկայական ստացած անձը թարգմանություններ կատարելիս պարբերաբար խախտել է նոտարիատի մասին օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջները.
բ) վկայական ստացած անձը չի պահպանել նոտարական գաղտնիքը կամ դիտավորյալ սխալ թարգմանություն է կատարել.
գ) վկայական ստացած անձի կողմից վկայական ստանալու համար ներկայացվել են կեղծ փաստաթղթեր.
դ) վկայական ստացած անձի դիմումի համաձայն.
ե) վկայական ստացած անձի մահվան դեպքում.
զ) սույն կարգի 19-րդ կետի «ե» ենթակետում նշված նոտարը գրավոր հրաժարվում է տվյալ որակավորման վկայականն ստացած թարգմանչին ընտրելու մասին իր որոշումից` դրա մասին նամակը նախարարություն մուտք լինելու պահից:
(31-րդ կետը լրաց. 10.02.05 N 151-Ն)
32. Վկայականի գործողության դադարեցման վերաբերյալ հարցի քննարկման մասին վկայական ստացած անձին պատշաճ ձևով իրազեկվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին։
Հարցի քննարկմանը վկայական ստացած անձի չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե վկայական ստացած անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում, որը կարող է բավարարվել, եթե նա հարգելի պատճառով չի կարող մասնակցել քննարկմանը։
Նշված հարցը քննարկվում է դռնբաց։
33. Վկայականի գործողության դադարեցման դեպքում նախարարություն է վերադարձվում վկայականը, որը կցվում է ստուգում անցած անձի անձնական գործին։
(33-րդ կետը փոփ. 12.01.06 N 10-Ն)
34. Վկայականի գործողության դադարեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 12.01.06 N 10-Ն, փոփ., լրաց. 07.04.11 N 344-Ն, փոփ. 02.10.14 N 1067-Ն)