ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/1729/05/09 2014 թ.
դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
Դատավորներ` |
Ա. Աբովյան |
Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2014 թվականի նոյեմբերի 28-ին |
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բարսեղ Աղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուրի գյուղական համայնքի ղեկավարի կողմից 02.03.2009 թվականի թիվ ԿԳԵ-20 վարչական ակտը և ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշման համաձայն` պարտավորեցնել Կաթնաջուրի գյուղական համայնքի ղեկավարին իրեն ընդգրկել աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած անoթևան մնացած բնակարանի կարիքավոր ընտանիքների հաշվառման հերթացուցակում:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 18.03.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.12.2013 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.03.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բարսեղ Աղազարյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ և 3-րդ կետերը, գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ, 19-րդ, 27-րդ, 99-րդ, 144-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Բարսեղ Աղազարյանի ընտանիքի կազմի վերաբերյալ 20.11.1990 թվականի տեղեկատվությունը չի կարող հիմք հանդիսանալ բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների հաշվառման հերթացուցակում ընդգրկվելու համար:
Բարսեղ Աղազարյանը հայտարարել է, որ 1982 թվականին ամուսնանալով` կազմել է ընտանիք և իր մորից առանձին վարել տնտեսություն: Սակայն Սեդա Աղազարյանի ներկայացրած փաթեթում առկա Կաթնաջուր համայնքի 1986-1990 թվականների տնտեսությունների գրքում նրա տնտեսությունը բաղկացած է հինգ անձից` ինքը, որդին` Բարսեղ Աղազարյանը, վերջինիս կինը` Գոհար Աղազարյանը և երեխաները` Վարսենիկ և Լաուրա Աղազարյանները. առկա է տնտեսությանը պատկանող մեկ բնակելի տուն` կառուցված 1954 թվականին: Հետևաբար, Բարսեղ Աղազարյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ 1982 թվականից առանձին տնտեսություն համարվելու և առանձին բնակելի տուն ունենալու պարագայում դեռևս Գյուղապետարանի 1981-1985 թվականների տնտեսությունների գրքում Բարսեղ Աղազարյանը պետք է հաշվառված լիներ որպես առանձին տնտեսություն: Գործի քննության ընթացքում հայցվորի կողմից Սեդա Աղազարյանի տնտեսությունից առանձնանալու տարեթիվ է նշվել 1985-1986 թվականները, այլ ոչ թե` 1982 թվականը:
Հետևաբար երկրաշարժի պահին մեկ բնակելի տուն կորցրած հինգ անձից բաղկացած ընտանիքին երկրաշարժի հետևանքով քանդված մեկ բնակելի տան դիմաց մեկ բնակելի տուն հատկացնելու փոխարեն նույն ընտանիքի տարբեր անդամներին երեք անգամ տալով բնակարանային պայմանների բարելավման առանձին իրավունք` պետության վրա արհեստականորեն կդրվի ոչ իրավաչափ պարտավորություն, իսկ տվյալ ընտանիքին կտրամադրվի ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2013 թվականի որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը, իրականացնելով գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչպես նաև ղեկավարվելով գործող օրենսդրության պահանջներով, իրավացիորեն եզրահանգել է, որ 07.12.1988 թվականին` երկրաշարժի պահին Բարսեղ Աղազարյանն իր ընտանիքով առանձնացած է եղել իր մոր` Սեդա Աղազարյանի տնտեսությունից և կազմել է առանձին տնտեսություն. Կաթնաջուր համայնքում թիվ 06052 39-17 կադաստրային ծածկագրով 0,095հա մակերեսով տնամերձ հողամասի վրա ունեցել է բնակելի տուն, որը քանդվել է երկրաշարժի հետևանքով: Հետևաբար, առկա չեն եղել հիմքեր մերժելու Բարսեղ Աղազարյանի հերթացուցակում ընդգրկելու պահանջը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ղեկավարի կողմից 20.11.2002 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Կաթնաջուր գյուղի բնակչուհի Սեդա Աղազարյանի ընտանիքը հողի սեփականաշնորհման ժամանակ` 20.12.1990 թվականի դրությամբ բաղկացած է եղել մեկ անձից` Սեդա Աղազարյանից (հատոր 1-ին, գ.թ. 6):
2) ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ղեկավարի կողմից 20.11.2002 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Կաթնաջուր գյուղի բնակիչ Բարսեղ Աղազարյանի ընտանիքը հողի սեփականաշնորհման ժամանակ` 20.12.1990 թվականի դրությամբ բաղկացած է եղել չորս անձից` ինքը, կինը և երկու դուստրերը (հատոր 1-ին, գ.թ. 8):
3) ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի կողմից Բարսեղ Աղազարյանին ուղղված 02.03.2009 թվականի թիվ ԿԳԵ-20 գրության համաձայն` Կաթնաջուրի գյուղապետարանի 1986-1990 թվականների տնտեսությունների գրքերի համաձայն` 01.01.1986 թվականի դրությամբ Բարսեղ Աղազարյանը մոր` Սեդա Աղազարյանի հետ համարվել է մեկ տնտեսություն և ունեցել է մեկ բնակարան: Այժմ Բարսեղ Աղազարյանի ընտանիքը բաղկացած է մեկ անձից, իսկ Բարսեղ Աղազարյանի նախաերկրաշարժյան բնակարանի դիմաց, որպես երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիք, Կաթնաջուր համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում ընդգրկված է Բարսեղ Աղազարյանի մայրը` Սեդա Աղազարյանը։ Քանի որ վերոհիշյալ տնտեսությունների գրքերում Բարսեղ Աղազարյանը որպես առանձին տնտեսություն հաշվառված չի եղել և Բարսեղ Աղազարյանի անվամբ առանձին բնակարան գրանցված չէ, ուստի ղեկավարվելով ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշմամբ` Բարսեղ Աղազարյանը չի ընդգրկվել Կաթնաջուր համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում (հատոր 1-ին, գ.թ. 11):
4) Գյուղապետարանի կողմից Բարսեղ Աղազարյանի ներկայացուցչին ուղղված 18.12.2008 թվականի թիվ ԿԳԵ-43 գրության համաձայն` Կաթնաջուր գյուղի թիվ 39-17 տնամերձ հողամասը 950քմ մակերեսով գտնվում է Կաթնաջուր գյուղի 5-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 5 հասցեում, հողի վրա կառուցված է անասնագոմ, խորդանոց և հացատուն, գրանցված է Բարսեղ Աղազարյանի անվամբ, իսկ թիվ 39-19 հողամասը 1.000քմ մակերեսով գտնվում է Կաթնաջուր գյուղի 10-րդ փողոցի թիվ 5 տնակ հասցեում, վրան կառուցված է վագոն-տնակ և գրանցված է Սեդա Աղազարյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 13):
5) Գյուղապետարանի կողմից Բարսեղ Աղազարյանի ներկայացուցչին ուղղված 16.12.2009 թվականի թիվ ԿԳԵ-40 գրության համաձայն` Կաթնաջրի գյուղապետարանի 1986-1990 թվականների տնտեսությունների գրքում նշված չէ, թե Բարսեղ և Սեդա Աղազարյանները երբվանից են առանձին տնտեսություն վարում և որ հասցեում: Իսկ 1988 թվականի դեկտեմբերից մինչ օրս Բարսեղ և Սեդա Աղազարյանները փաստացի բնակվում են ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 10-րդ փողոցի թիվ 5 տնակ հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 12):
6) Հայաստանի ազգային արխիվի Սպիտակի տարածքային ներկայացուցչության կողմից Բարսեղ Աղազարյանի ներկայացուցչին ուղղված 29.12.2008 թվականի գրությամբ հայտնվել է, որ նախկին Սպիտակի շրջանի Կաթնաջրի գյուղխորհրդի 1991-1995 թվականների տնտեսական գրքերն արխիվի պահպանմանը չեն հանձնվել, գյուղխորհրդի 1991-1995 թվականների տնտեսական գրքում Սեդա Աղազարյանը գրանցված է մեկ անձով (հատոր 1-ին, գ.թ. 14)։
7) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.08.2002 թվականի թիվ 916854 վկայականի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 060524-4 մատյանի 278 համարի տակ ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի 0,095 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ գրանցվել է Բարսեղ Աղազարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 126-130)։
8) Գյուղապետարանի կողմից 29.10.2011 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Բարսեղ Աղազարյանի 1986-1990 թվականների տնտեսությունների գրքում Բարսեղ Աղազարյանի տնտեսությունը` մոր Սեդա Աղազարյանի տնտեսությունից բաժանվելու վերաբերյալ գրառումն առկա է, սակայն ժամանակի վերաբերյալ գրանցում կատարված չէ (հատոր 2-րդ, գ.թ. 144)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից գործի քննության պահին գործող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ և 3-րդ կետերը սխալ կիրառելու հետևանքով առկա առերևույթ դատական սխալով, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք 1988 թվականի դեկտեմբերի 07-ի երկրաշարժի պահին բնակելի տուն ունենալու փաստը հաստատող որևէ ապացույցի բացակայության պայմաններում քաղաքացին կարող է ունենալ օրենսդրությամբ սահմանված բնակարանային պայմանները բարելավելու իրավունք:
«Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության» կարգի (այսուհետ` Կարգ) 2-րդ կետի համաձայն` բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և տվյալ բնակավայրում հաշվառված ու մշտական բնակություն հաստատած (այդ թվում` երկրաշարժից հետո աղետի գոտու այլ բնակավայրերից տվյալ բնակավայր մշտական բնակության տեղափոխված) այն անձինք ու նրանց ընտանիքի անդամները, որոնց բնակելի տները երկրաշարժի հետևանքով քանդվել կամ 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն ենթակա են քանդման:
Կարգի 3-րդ կետի համաձայն` բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների հաշվառման ժամանակ ընտանիքի կազմը որոշվում է երկրաշարժի պահին տվյալ բնակավայրի տնտեսությունների հաշվառման գրքում գրանցված, ինչպես նաև հաշվառման պահին ընտանիքի փաստացի անդամների թվով` որպես մեկ ընտանիք:
Կարգի 6-րդ կետը սահմանում է, որ անձը դիմումին կից ներկայացնում է`
1) ընտանիքի անդամների անձնագրերի (անչափահաս անդամների` ծննդյան վկայականների) պատճենները.
2) ամուսնության (ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության) վկայականների պատճենները.
3) 1988 թվականի դեկտեմբերի 07-ի դրությամբ ընտանիքի կազմի, ինչպես նաև տուն ունենալու մասին քաղվածք` համապատասխան բնակավայրի տնտեսությունների հաշվառման գրքից, դրա բացակայության դեպքում` արխիվային տեղեկանք և (կամ) այլ փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է երկրաշարժի պահին տուն ունենալու փաստը.
4) ընտանիքի մահացած անդամների մահվան վկայականների պատճենները.
5) անավարտ շինարարության բնակելի տան և տնամերձ հողամասի սեփականության վկայականի պատճենները.
6) անապահովության համակարգում ընդգրկվածության և ընտանիքի անապահովության մեծության բալային ցուցանիշի մասին տեղեկանք:
Կարգի 9.1-րդ կետի համաձայն` նույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող ընտանիքների ցուցակում ընդգրկելու համար համայնքի ղեկավարը հիմք է ընդունում տվյալ համայնքի ավագանու որոշումը` 1988 թվականի դեկտեմբերի 07-ի դրությամբ ընտանիքի կազմը և բնակելի տուն ունենալու փաստը հաստատելու մասին:
Կարգի 11-րդ կետի համաձայն`դիմումների քննության արդյունքներով մերժվում են այն անձինք, ովքեր`
1) ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն` բացառությամբ նախորդ տարիներին պետական միջոցների հաշվին առանց վարկային միջոցների ներգրավմամբ շինարարությունը սկսած անավարտ շինարարության բնակելի տների.
2) նախորդ տարիներին իրականացված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում օգտվել են բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից.
3) 2004 թվականի հունվարի 01-ից հետո օտարել են բնակարան (բնակելի տուն), որի հետևանքով արհեստականորեն վատթարացրել են իրենց բնակարանային պայմանները.
4) երկրաշարժից հետո հրաժարվել են բնակարանի (բնակելի տան) ժառանգությունից կամ ժառանգության բացման օրվանից սահմանված ժամկետում դիմում չեն ներկայացրել բնակարանի (բնակելի տան) ժառանգման իրավունքի վկայական ստանալու համար.
5) սեփականության իրավունքով իրենց պատկանող` երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տան դիմաց նախկին Հայխնայբանկում բացված իրենց ավանդային հաշիվներին փոխանցված փոխհատուցման միջոցներով կառուցել են բնակելի տուն.
6) չեն ներկայացրել նույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև 9.1-ին կետի համաձայն անհրաժեշտ փաստաթղթեր.
7) ներկայացրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Կարգի վերոնշյալ կետերի վերլուծությունից հետևում է, որ Կարգով սահմանված է բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անoթևան մնացած բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու և բնակարանային առաջնահերթության որոշման չափանիշները: Կարգով սահմանված է, որ բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունքը ծագում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր մինչև երկրաշարժը` 07.12.1988 թվականը, ունեցել են բնակելի տուն, որը երկրաշարժի հետևանքով քանդվել է կամ 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն ենթակա է քանդման: Բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով քաղաքացիների դիմումների քննության արդյունքներով մերժվում են այն անձանց դիմումները, ովքեր չեն ներկայացրել Կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև 9.1-ին կետով պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը, այսինքն` Կարգի վերոնշյալ դրույթներին համապատասխան այն փաստաթղթերը, որոնցով հիմնավորվում է երկրաշարժի պահին բնակելի տուն ունենալու փաստը:
Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
Նույն օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանն անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը:
Վերոնշյալ մեկնաբանությունների հիման վրա անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն անրձանագրում է հետևյալը.
Կաթնաջուրի գյուղապետարանի 1986-1990 թվականների տնտեսությունների գրքում նշված չէ, թե Բարսեղ և Սեդա Աղազարյանները երբվանից են վարում առանձին տնտեսություն և որ հասցեներում: Իսկ 1988 թվականի դեկտեմբերից մինչ օրս Բարսեղ և Սեդա Աղազարյանները փաստացի բնակվում են ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 10-րդ փողոցի թիվ 5 տնակ հասցեում: ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի կողմից Բարսեղ Աղազարյանին ուղղված 02.03.2009 թվականի թիվ ԿԳԵ-20 գրությամբ նշվել է, որ Կաթնաջուրի գյուղապետարանի 1986-1990 թվականների տնտեսությունների գրքերի համաձայն` 01.01.1986 թվականի դրությամբ Բարսեղ Աղազարյանը մոր` Սեդա Աղազարյանի հետ համարվել է մեկ տնտեսություն և ունեցել է մեկ բնակարան: Այժմ Բարսեղ Աղազարյանի ընտանիքը բաղկացած է մեկ անձից, իսկ Բարսեղ Աղազարյանի նախաերկրաշարժյան բնակարանի դիմաց, որպես երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիք, Կաթնաջուր համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում ընդգրկված է Բարսեղ Աղազարյանի մայրը` Սեդա Աղազարյանը։ Այսինքն` տնտեսությունների գրքերում Բարսեղ Աղազարյանը որպես առանձին տնտեսություն հաշվառված չի եղել և Բարսեղ Աղազարյանի անվամբ առանձին բնակարան գրանցված չէ: Հետևաբար Բարսեղ Աղազարյանը չի ընդգրկվել Կաթնաջուր համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս, իսկ Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռն անփոփոխ թողնելիս պատճառաբանել են, որ Գյուղապետարանի կողմից մերժման մասին գրության համար փաստացի որպես իրավական հիմք է ընդունվել Կարգի` իրավահարաբերության ծագման պահին գործող 6-րդ կետի 3-րդ ենթակետը: Կաթնաջուր համայնքի ղեկավարի կողմից 02.03.2009 թվականի թիվ ԿԳԵ-20 մերժման մասին գրության ընդունման պահին փաստացի առկա են եղել Կարգի` տվյալ պահին գործող 6-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը հայցվորին հերթացուցակում որպես մեկսենյականոց բնակարան ստացող անձ հաշվառելու համար։ Այն է` առկա է եղել հայցվորի անձնագիրը, ամուսնալուծության վկայականը, դատարան ներկայացված 1986-1990 թվականների տնտեսական գրքի (Անձնական հաշիվ N 177) 28-րդ տողի և 4-րդ բաժնի գրառումների հիման վրա Գյուղապետարանը հնարավորություն է ունեցել պարզել 07.12.1988 թվականի դրությամբ հայցվորի ընտանիքի կազմը: Առկա է եղել 30.08.2002 թվականի թիվ 916854 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը` ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի թիվ 06052 39-17 կադաստրային ծածկագրով 0,095հա մակերեսով տնամերձ հողամասը հայցվորին սեփականության իրավունքով պատկանելու մասին, հայցվորի անապահովության համակարգում ընդգրկվածության և անապահովության ցուցանիշը հաստատող ընտանիքի սոցիալական անձնագիրը, հայցվորին uեփականության իրավունքով պատկանող երկրաշարժի հետևանքով քանդված բնակելի տան դիմաց նախկին Հայխնայբանկում բացված ավանդային հաշվի գրքույկը։ Տվյալ դեպքում, պատասխանող Գյուղապետարանը չի ապահովել վարչական վարույթով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը և չի բացահայտել գործի բոլոր, այդ թվում` հայցվորի օգտին առկա հանգամանքները։ Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ 07.12.1988 թվականին` երկրաշարժի պահին, Բարսեղ Աղազարյանն իր ընտանիքով (ինքը, կինը և երկու դուստրերը), բաժանված է եղել մոր` Սեդա Աղազարյանի տնտեսությունից և կազմել է առանձին տնտեսություն, ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում թիվ 06052 39-17 կադաստրային ծածկագրով 0,095հա մակերեսով տնամերձ հողամասի վրա ունեցել է բնակելի տուն, որը քանդվել է երկրաշարժի հետևանքով։
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների վերոգրյալ հիմնավորումները և եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Բարսեղ Աղազարյանի կողմից որպես ապացույցներ ներկայացված փաստաթղթերով` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներով, տեղեկանքներով հաստատվում են բացառապես այն հանգամանքները, որ Բարսեղ Աղազարյանը ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուրի համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 18.04.1991 թվականի թիվ 7 որոշման հիման վրա մասնակցել է հողի սեփականաշնորհմանը և Բարսեղ Աղազարյանի ու իր ընտանիքի անդամների անունով գրանցվել են հողամասեր, միաժամանակ, սույն գործում առկա ապացույցներով որևէ կերպ չի հաստատվում այն փաստական հանգամանքը, որ Բարսեղ Աղազարյանի ընտանիքը 07.12.1988 թվականի դրությամբ համարվել է առանձին տնտեսություն և ունեցել է առանձին բնակելի տուն: Վերջիններս նախապայման են աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած և անօթևան մնացած, բնակարանի կարիքավոր ընտանիքների հաշվառման հերթացուցակում ընդգրկվելու համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, որպիսի խախտման արդյունքում առանց որևէ համապատասխան ապացույցի առկայության հաստատված է համարել այն հանգամանքը, որ 07.12.1988 թվականին` երկրաշարժի պահին, Բարսեղ Աղազարյանն իր ընտանիքով (ինքը, կինը և երկու դուստրերը), բաժանված է եղել մոր` Սեդա Աղազարյանի տնտեսությունից և կազմել է առանձին տնտեսություն, ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում թիվ 06052 39-17 կադաստրային ծածկագրով 0,095 հա մակերեսով տնամերձ հողամասի վրա ունեցել է բնակելի տուն, որը քանդվել է երկրաշարժի հետևանքով կամ ենթակա է քանդման:
Վերլուծելով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ հիշատակված իրավական ակտի համապատասխան դրույթները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չեն ապացույցներ, որով կհիմնավորվեին` Կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով և 9.1-րդ կետով սահմանված 07.12.1988 թվականի դրությամբ ընտանիքի կազմի, ինչպես նաև բնակելի տուն ունենալու մասին փաստը, այսինքն` քաղվածք համապատասխան բնակավայրի տնտեսությունների հաշվառման գրքից, դրա բացակայության դեպքում արխիվային տեղեկանք և (կամ) այլ փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է երկրաշարժի պահին բնակելի տուն ունենալու փաստը, իսկ նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում` տվյալ համայնքի ավագանու որոշումը` 07.12.1988 թվականի դրությամբ ընտանիքի կազմի և բնակելի տուն ունենալու փաստը հաստատելու մասին: Այսինքն` սույն գործով Բարսեղ Աղազարյանի կողմից չեն ներկայացվել այնպիսի վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, որով կհաստատվեր վերոգրյալ փաստը: Հետևաբար, Գյուղապետարանը, իրավացիորեն ղեկավարվելով Կարգի վերոնշյալ դրույթներով, 02.03.2009 թվականի թիվ ԿԳԵ-20 գրությամբ, որոշել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անoթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում չընդգրկել Բարսեղ Աղազարյանին։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գյուղապետարանի 02.03.2009 թվականի թիվ ԿԳԵ-20 գրությունն անվավեր ճանաչելու և հայցվորին աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած անօթևան մնացած բնակարանի կարիքավոր ընտանիքների հաշվառման հերթացուցակում ընդգրկելու պահանջների մասին հայցապահանջները ենթակա են մերժման:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.12.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` Բարսեղ Աղազարյանի հայցն ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուրի գյուղապետարանի, երրորդ անձինք ՀՀ Լոռու մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության` ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուրի գյուղական համայնքի ղեկավարի կողմից 02.03.2009 թվականի թիվ ԿԳԵ-20 վարչական ակտն անվավեր ճանաչելու և ՀՀ կառավարության 13.12.2008 թվականի թիվ 1337-Ն որոշման համաձայն` ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուրի գյուղապետարանին պարտավորեցնելու իրեն աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած անօթևան մնացած բնակարանի կարիքավոր ընտանիքների հաշվառման հերթացուցակում ընդգրկելու պահանջների մասին, մերժել:
2. Բարսեղ Աղազարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար պակաս վճարված պետական տուրքի գումար:
Բարսեղ Աղազարյանից հօգուտ ՀՀ քաղաքաշինության նախարարության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
Բարսեղ Աղազարյանից հօգուտ ՀՀ քաղաքաշինության նախարարության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
Բարսեղ Աղազարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար պակաս վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |