Գլխավոր տեղեկություն
Համար
N 855-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.12.2005-15.06.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.721
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2003 թվականի N 855-Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԿԱՄ ԴՐԱՆՑ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության`

ա) «Բազային բժշկական ուսումնարան» պետական ձեռնարկության «Արարատի բժշկական ուսումնարան» դուստր ձեռնարկությունը.

բ) «Բազային բժշկական ուսումնարան» պետական ձեռնարկության «Արմավիրի բժշկական ուսումնարան» դուստր ձեռնարկությունը.

գ) «Երևանի թիվ 1 բազային բժշկական ուսումնարան» պետական ձեռնարկության «Հրազդանի բժշկական ուսումնարան» դուստր ձեռնարկությունը.

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 25.09.03 N 1212-Ն)

ե) «Դիլիջանի բժշկական ուսումնարան» պետական ձեռնարկության «Գավառի բժշկական ուսումնարան» դուստր ձեռնարկությունը:

(1-ին կետը փոփ. 25.09.03 N 1212-Ն)

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության`

ա) «Արարատի բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

բ) «Արմավիրի բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

գ) «Հրազդանի բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 25.09.03 N 1212-Ն)

ե) «Գավառի բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(2-րդ կետը փոփ. 25.09.03 N 1212-Ն, 03.11.05 N 2074-Ն)

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություններ) գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան միջին մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր և ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

գ) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական), հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացումը:

4. Սահմանել, որ պետական կազմակերպություններին`

ա) սեփականության իրավունքով հանձնվում է մինչև 10 մլն դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի.

բ) անհատույց օգտագործման իրավունքով համապատասխանաբար ամրացվում են սույն որոշման 1-ին կետով լուծարված համապատասխան պետական ձեռնարկությունների (կամ դրանց դուստր ձեռնարկությունների) տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

5. Թույլատրել պետական կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, հանրակրթություն և լրացուցիչ կրթություն,

բ) արտադպրոցական դաստիարակություն,

գ) նախապատրաստական դասընթացներ,

դ) մասնագիտական ուսուցման դասընթացներ,

ե) ուսումնաարտադրական, արտադրական գործունեության իրականացում և սպասարկման ծառայությունների մատուցում,

զ) հրատարակչական գործ,

է) սովորողների հանրային սննդի կազմակերպում,

ը) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում,

թ) սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում:

6. Պետական կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պետական ձեռնարկությունների (կամ դրանց դուստր ձեռնարկությունների) լուծարման գործընթացի իրականացումը.

բ) երկամսյա ժամկետում հաստատել պետական կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

գ) մեկամսյա ժամկետում հաստատել պետական կազմակերպությունների կանոնադրությունները և սահմանված կարգով դրանք ներկայացնել պետական գրանցում իրականացնող մարմին.

դ) ապահովել սույն որոշման 1-ին կետի համաձայն լուծարվող պետական ձեռնարկությունների (կամ դրանց դուստր ձեռնարկությունների) կողմից իրականացվող ուսումնական գործընթացի անընդհատությունը և սովորողների` սահմանված կարգով փոխադրումը որոշման 2-րդ կետում նշված ուսումնական հաստատություններ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 11
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.01.2013, N 83-Ն 15.06.2013, N 855-Ն
03.11.2005, N 2074-Ն 29.12.2005, N 855-Ն
25.09.2003, N 1212-Ն 16.10.2003, N 855-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան