«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012075
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 հունվարի 2012 թ. |
թիվ 10-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերում ներդնել սթրես-թեստավորման գործընթացը` որպես ռիսկերի կառավարման գործիք և ապահովել դրա կիրառման արդյունավետությունը և նպատակայնությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իբ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 250-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 16-ի թիվ 40 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 71-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Հավելված 1-ում (Այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) Հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Բանկն իրականացնում է սթրես-թեստավորում առնվազն հետևյալ ռիսկերի գծով.
1) վարկային ռիսկ
2) արտարժութային ռիսկ
3) տոկոսադրույքի ռիսկ
4) գնային ռիսկ
5) իրացվելիության ռիսկ
6) վարակի ռիսկ (Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկի ֆինանսական խնդիրների հնարավոր բացասական ազդեցությունը տվյալ բանկի կապիտալի և (կամ) շահույթի վրա):
2) Հավելվածը լրացնել 18.1-18.10 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«18.1. Վարկային, տոկոսադրույքի, գնային և վարակի ռիսկերի գծով սթրես-թեստավորումն իրականացվում է առնվազն եռամսյակային կտրվածքով, իսկ արտարժութային և իրացվելիության ռիսկերի գծով սթրես-թեստավորումն իրականացվում է առնվազն ամսական կտրվածքով (առաջիկա մեկ տարվա ժամանակային հորիզոնով): Ընդ որում, յուրաքանչյուր ռիսկի գծով սթրես-թեստավորումն իրականացվում է` հիմք ընդունելով բանկի կանխատեսումների վրա հիմնված հիմնական սցենարը, որը ենթարկվում է շոկային ցնցումների` արտացոլելով ծայրահեղ, բայց հավանական իրավիճակների առնվազն երկու մակարդակներ (միջին և խիստ):
18.2. Սթրես-թեստերը կարող են լինել պարզ` զգայունության վերլուծություն` կախված կոնկրետ ռիսկի գործոնի փոփոխությունից և առավել բարդ, որոնք հաշվի են առնում տարբեր ռիսկային գործոնների, այդ թվում` համակարգային, փոխազդեցության արդյունքները: Եթե բանկի կողմից որոշակի ռիսկի գծով սթրես-թեստավորման գործընթացում դիտարկվող իրավիճակը կարող է ազդեցություն ունենալ բանկի գործունեությանն առնչվող այլ ռիսկերի վրա, ապա բանկը պետք է գնահատի ինչպես յուրաքանչյուր ռիսկի գծով ազդեցությունները առանձին-առանձին, այնպես էլ համընդհանուր ազդեցությունը:
18.3. Բացի որոշակի պարբերականությամբ իրականացվող սթրես-թեստերի, բանկերը կարող են իրականացնել նաև միանգամյա սթրես-թեստեր:
18.4. Սթրես-թեստավորման համակարգը պետք է կազմի բանկի ռիսկերի կառավարման գործընթացի մի մասը, նպաստի ռիսկերի կառավարման որակի բարելավմանը, ապահովի ռիսկերի կառավարման լրացուցիչ գործիքներ: Սթրես-թեստերի համար օգտագործվող սցենարները պետք է լինեն ապագային միտված, ծայրահեղ, բայց հավանական և թույլ տան գնահատել բանկի զգայունությունը շոկային իրավիճակների նկատմամբ:
18.5. Բանկի ներքին իրավական ակտերով սահմանվում է, որ բանկի խորհուրդը պատասխանատու է սթրես թեստավորման արդյունավետ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար, իսկ գործադիր մարմինը հաշվետու է սթրես-թեստերի հետևողական իրականացման համար:
18.6. Սթրես-թեստերի օգտագործումը պարտադիր է այն առկա կամ պոտենցիալ ռիսկերը բացահայտելու համար, որոնք չեն բացահայտվի միայն պատմական շարքերի վրա հիմնված ռիսկերի կառավարման վիճակագրական գործիքների օգտագործման դեպքում, երբ պատմական տվյալները չեն ընդգրկում սթրեսային ժամանակահատվածներ: Մասնավորապես, համապատասխան սթրես-թեստավորման պետք է ենթարկվի նոր ներդրվող գործիքների կամ գործառնությունների ռիսկայնությունը:
18.7. Սթրես-թեստերի հիմքում ընկած հիմնական ենթադրությունները, հիմնական սցենարները, սթրես-թեստերի ազդեցության գնահատման համար օգտագործվող հիմնական դատողությունները, ինչպես նաև երևույթների տեղի ունենալու հավանականությունը գնահատելու մեթոդաբանությունը պետք է փաստաթղթավորվեն և շրջանառվեն գործընթացի համար պատասխանատու անձանց միջև: Սթրես-թեստերի արդյունքները պետք է շրջանառվեն բանկի շահագրգիռ ստորաբաժանումների միջև, ինչպես նաև հասանելի լինեն վերահսկող մարմնին:
18.8. Բանկի ներքին իրավական ակտերում պետք է նկարագրվեն սթրես-թեստերի իրականացման սկզբունքները, սթրես-սցենարների որոշման ընթացակարգը, գործընթացի հիմնական պատասխանատուները, սթրես-թեստերի արդյունքների կիրառման եղանակները կառավարչական որոշումների կայացման, ինչպես նաև ռիսկերի կառավարման գործընթացներում: Բանկի ներքին իրավական ակտերով պետք է նաև սահմանվեն սթրես-թեստերի արդյունքները շահագրգիռ ստորաբաժանումներին հասանելի դարձնելու և Կենտրոնական բանկին տրամադրելու ընթացակարգերը:
18.9. Սթրես թեստավորման արդյունքները պետք է ունենան կիրառական նշանակություն, այսինքն` ազդեցություն ունենան ղեկավարության որոշումների կայացման վրա, ներառյալ բանկի խորհրդի և գործադիր մարմնի կողմից կայացվող ռազմավարական որոշումները: Մասնավորապես` սթրես-թեստերը պետք է օգտագործվեն բանկի «ռիսկի ախորժակը» որոշելու կամ առանձին ռիսկերի գծով սահմանաչափեր սահմանելու համար: Սթրես-թեստերի արդյունքները պետք է կիրառվեն նաև երկարաժամկետ բիզնես-պլանների կազմման, ինչպես նաև կապիտալի և իրացվելիության պլանավորման ժամանակ:
18.10. Իրականացված սթրես-թեստերի արդյունքների (ազդեցությունը տնտեսական նորմատիվների մեծության վրա և (կամ) գնահատված վնասի մեծությունը) հիման վրա բանկերը պետք է մշակեն սթրեսային (արտակարգ) իրավիճակների ի հայտ գալու դեպքում բանկի կողմից իրականացվելիք միջոցառումների ծրագրեր: Սթրեսային (արտակարգ) իրավիճակների ծրագրերը պարբերաբար պետք է թարմացվեն և փորձարկվեն` պարզելու համար դրանց արդյունավետությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. հունվարի 26 Երևան |